fbpx

Ամբիցիաների հեղափոխություն «Արարատում», Եվրոպա դուրս գալու խելացնոր պայքար 9 թիմի միջև

Գլխավոր ինտրիգներն առաջնության գարնանային հատվածի համար

Դռները բացե՛ք, Հայաստանի առաջնությունն է վերադառնում։ Աշնանային հատվածի ավարտից մինչև գարնանային շրջանի սկիզբը մի ամբողջ հավերժություն էր թվում։ Բոլոր 9 թիմն էլ այս ընթացքում անցկացրել են արտասահմանյան հավաքներ։ Դա ևս մեկ անգամ փաստում է, որ ակումբները ոչինչ չեն խնայել լավ նախապատրաստության համար։

Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության գարնանային հատվածի մեկնարկից առաջ առանձնացրել ենք 5 ինտրիգ, որոնք ստիպում են անհագուրդ ցանկությամբ սպասել անկանխատեսելի և հաճախ որևէ տրամաբանության չենթարկվող մրցաշարին։

«Ալաշկերտը» կշարունակի՞ «միստիկ» հաղթանակների շարքը

Առաջատար «Ալաշկերտը» և մյուս ակումբներն իրականում բավականին խիտ են դասավորված։ Սակայն Արամ Ոսկանյանի գլխավորած թիմը կայունություն է ձեռք բերել, և եթե հաշվի չառնենք «Արարատից» կրած անակնկալ պարտությունը, ապա «Ալաշկերտն» իրեն վստահ է զգում առաջնությունում։ Երևանյան թիմի մոտ սարսափելի շատ էին նվազագույն առավելությամբ հաղթանակները (10 հաղթանակից 9-ում)։ «Ալաշկերտն» առաջատար թիմերի շարքում ամենաքիչ գնդակ խփած թիմերից մեկն է՝ ընդամենը 20 գոլ։

Ակումբը թիրախային սելեկցիա է իրականացրել՝ հիմնականում ուժեղացնելով հարձակման գիծը։ Հրավիրվել են բրազիլացի Գլաուսիոն, ռուսներ Ալեքսանդր Պրուդնիկովն ու Նիկիտա Տանկովը։ Պաշտպանությունը համալրել է Դենիս Թումասյանը, որն ակամայից վերածվել է հավաքականի թեկնածուի։ Մանուչարյանն այս պարագայում, ըստ ամենայնի, ավելի շատ կգործի 10 համարի դիրքում, իսկ Նենադովիչը՝ աջ եզրից։ «Ալաշկերտը» կրկին երկար պահեստայինների նստարան ունի, իսկ դա չեմպիոն դառնալու գլխավոր նախապայմաններից մեկն է։

Ո՞վ կկարողանա ընդհատել «Ալաշկերտի» եռամյա հեգեմոնիան

Հիմնական թեկնածուները 3-ն են՝ «Բանանց», «Փյունիկ», «Արարատ-Արմենիա»։ Այս թիմերից ամենակայուն տեսքն ուներ «Բանանցը», որը, ճիշտ է, ընկերական համարյա բոլոր խաղերում պարտվել է։ Առաջատարներից հեռացել է Վալմերսոնը, մնացած ֆուտբոլիստները մնացել են։ «Բանանցից» ու «Փյունիկից» սպասելու ենք, որ առաջնության ընթացքում լինի նաև հայ գոնե մի քանի ֆուտբոլիստների խաղամակարդակի աճ։ Եթե դա չի լինելու, ապա այս ակումբները թող չհպարտանան իրենց մարզադպրոցներով, որոնք նորմալ կադր են տալիս 4-5 տարին մեկ։

«Արարատ-Արմենիան» կորցրել է իր և առհասարակ առաջնության լավագույն ռմբարկու Իվայլո Դիմիտրովին, իսկ նրա փոխարեն Յուրա Մովսիսյանին սպասելը, փաստորեն, իմաստազուրկ էր։ Շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե Պետրոս Ավետիսյանն իրեն ինչպես կդրսևորի այստեղ։ Այս ֆուտբոլիստի կարիերան վերջին ժամանակներս ինչ-որ խոչընդոտների է հանդիպել, որոնք Պետրոսը պետք է փորձի հաղթահարել։ Կազմի տեսանկյունից «Արարատ-Արմենիան» այսօր ամենաիրական թեկնածուն է «Ալաշկերտի» հետ պայքարելու գործում։

Աբրահամ Խաշմանյանը և իր հավակնոտ «Արարատը»

Այո՛, Խաշմանյանն ասել է, որ «Արարատի» գլխավոր նպատակը հաջորդ մրցաշրջանում Եվրոպա դուրս գալն է։ Բայց հիմա էլ թիմից կան ակնկալիքներ։ Հայաստանի ամենալեգենդար ակումբն ունի բոլորից շատ՝ 14 նորեկ, որոնցից ընդամենը 4-ն են տեղացիներ։ Թիմը զգալիորեն համալրվել է և բոլոր «անցքերը» կարծես փակվել են, սակայն այդքան շատ նորեկների ներկայությունն էլ բարդ խնդիր է Խաշմանյանի համար։ Վերջինս այսպիսի երևույթի նախորդ տարվա սկզբում բախվել է «Ալաշկերտում», երբ միանգամից 16 ֆուտբոլիստ էր միացել թիմին։

«Ալաշկերտի» այդ սելեկցիան, ինչպես հետագայում է պարզվել, ձախողված էր։ «Արարատը» նույնիսկ նախկին կազմով կարողացել է հաղթանակներ տոնել «Ալաշկերտի» և «Փյունիկի» նկատմամբ, իսկ հիմա նման հաջողությունները, ըստ ամենայնի, պետք է ավելի պարբերական բնույթ կրեն։ Վարազդատ Հարոյանի գովասանքի խոսքերը թիմի հասցեին «Ուրալ» – «Արարատ» ընկերական հանդիպումից հետո նույնպես շատ բանի մասին են վկայում։ «Արարատը» հիմա 8-րդ տեղում է և արդեն մարտահրավեր է նետել մրցակիցներին։

Արթուր Պետրոսյանի արկածները Վանաձորում

Մեծ է հավանականությունը, որ Պետրոսյանն ընդամենը կես տարի կաշխատի «Լոռիում»։ Համենայն դեպս, նրա խոսքերից կարելի է այդպես եզրակացնել։ «Լոռին» գլխավորելը նոր և միգուցե արտասովոր փորձություն է այս մասնագետի համար։ Արմեն Ադամյանը լավ ժառանգություն է թողել։ Վանաձորյան թիմն առաջնության սկզբնամասում «հոշոտում» էր բոլորին, բոլոր մարզասերները միաձայն պնդում էին, որ «Լոռիի» ցուցադրած ֆուտբոլը մի նոր մշակույթ է հայկական իրականությունում։ Բայց դա սկիզբն էր, իսկ հետո եղան խնդիրներ։

Կազմի խորություն չունենալը չար կատակ է խաղացել «Լոռիի» հետ, որը նահանջել է 5-րդ հորիզոնական։ Թիմը վերջին 7 պաշտոնական հանդիպումներում գեթ մեկ հաղթանակ չի տոնել։ Հիմա կորիզը համարյա նույնն է մնացել, սակայն Պետրոսյանն ունի ընտրության ավելի մեծ հնարավորություններ։ Նա պետք է փորձի ֆուտբոլիստների մեջ սերմանել նույն եռանդը, որ կար մրցաշրջանի սկզբում։ Զգացվում էր, որ թիմում նաև հրաշալի մթնոլորտ է, խաղացողները մտերիմ ընկերներ են։ Իսկ այդ ամենը պակաս կարևոր չեն, քան տակտիկան ու մնացած բաները։

Կլինե՞ն հայ ֆուտբոլիստներ, որոնք «կգայթակղեն» արտասահմանյան ակումբների

Այս թեմայով արդեն շատ է խոսվել։ Ինչքան էլ մեզ հետաքրքրի առաջնության մրցակցայնությունը և այս կամ այն տեղի համար պայքարը, ամենից շատ ցանկանում ենք, որ հայ ֆուտբոլիստներից գոնե մի քանիսը որակական ցատկ կատարեն։ Բարեբախտաբար, հիմա այնպես է, որ եթե դու 2-3 ամիս կայուն ֆուտբոլ ցուցադրես, անմիջապես կգրավես այլ ակումբների ուշադրությունը։ Միաժամանակ, դա երբեք չպետք է ինքնանպատակ դառնա, քանի որ արտերկիր պետք է գնալ միայն Հայաստանում արդեն ինչ-որ բան ցույց տալուց հետո։

Հարց է՝ Գրիգոր Աղեկյանը կկարողանա՞ ամրապնդվել բելառուսական «Իսլոչում», թե՞ ոչ։ Միևնույնն է, դա պետք է օրինակ լինի մյուսների համար, որ քրտնաջան աշխատանքի դեպքում իրենք էլ կարող են «չվել» այլ երկրներ։ Հիմա մեր թիմերում կան երիտասարդ տաղանդավոր խաղացողներ, սակայն արդեն նույնիսկ ձանձրալի է այդ մասին խոսելը։ Հեռանկարային լինելն ամենահեշտ բանն է, սպասումներն արդարացնելը՝ ամենաբարդը։ Հետևաբար, ակնկալում ենք, որ գոնե 2-3 ֆուտբոլիստ կայուն լավ խաղամակարդակ ցույց կտան։

Հ․ Գ․ Չենք մոռացել, որ Վարդան Բիչախչյանը պետք է փորձի գլուխ հանել «Շիրակի» բավականին թույլ կազմից, «Գանձասար-Կապանը» տխրել է Ալեքսի և Մուսոնդայի հեռանալու, ուրախացել՝ Գեղամ Հարությունյանի վերադարձով, իսկ «Արցախի»՝ ձմեռային հատվածի տրանսֆերները համոզիչ չեն թվում։ Քանի որ դադարը երկար է եղել, կանխատեսումներ անելը բարդ է։ Թիմերն ամեն ինչ պետք է ցուցադրեն պաշտոնական խաղերում։ Հայաստանում քիչ ստադիոններ կան, որ նրանց գրկաբաց սպասում են, բայց դա խոսելու արդեն այլ թեմա է։

Արման Աբելյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Խաշմանյանն ընդդեմ «Արարատի», նաև հերթական «ոսկե» խաղը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 28-րդ տուրին ընդառաջ

Տարխանով. «Հայաստանը ֆուտբոլային երկիր է, այնտեղի պայմանները հրաշալի են»

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 27-րդ տուրը

Սևադա Արզումանյան․ «Մենք ցանկանում ենք հարգանք ձեռք բերել առաջնության մյուս թիմերի կողմից» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյանը՝ «Շիրակի»՝ ոչ-ոքիներ այդքան հաճախ գրանցելու պատճառների և այլ թեմաների մասին (տեսանյութ)

Անմոռանալի օր Գեղամ Հարությունյանի և Վբեյմարի համար, «Արարատ-Արմենիայի» ռեկորդային ցուցանիշը

«Արարատի 2-ի» դարպասապահը մահացել է հրազենային կրակոցներից

Երկուշաբթին խաղաղ էր Բարձրագույն խմբում. 2 հանդիպումներն էլ ավարտվեցին ոչ-ոքի արդյունքներով (տեսանյութ)

«Շիրակ» – «Արցախ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Բանանց»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Մեր նորեկները երևի չեն հասկացել՝ ուր են եկել․ գիտեին՝ թերագնահատելով կարող են ֆուտբոլ խաղալ Հայաստանում» (տեսանյութ)

Արթուր Պետրոսյան․ «Երկրպագուների ներկայությունն էլ օգնեց, որ տղաները 90 րոպե կենտրոնացած խաղան» (տեսանյութ)

Գեղամ Հարությունյանի գոլն առաջին հաղթանակը պարգևեց «Գանձասար-Կապանին» գարնանային հատվածում (տեսանյութ)

Շիլաշփոթ՝ մրցաշարային աղյուսակում․ «Լոռին» հաղթեց «Ալաշկերտին» ու ավելի խճճեց ամեն ինչ (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Արարատ»․ Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)