fbpx
Բաժիններ

Մինասյանը թողեց հավաքականը ճանապարհի կեսին, իսկ հիմա հավակնոտ նախագծի գլխավոր դեմքն է

«Արարատ-Արմենիայի» մուտքը հայկական ֆուտբոլ նման էր հետևյալին․ անծանոթ մեկը ոտքով հարվածում է Ձեր տան դռանը, և երբ Դուք բացում եք ու տեսնում նրան, այդ մեկը ծայրահեղ վստահությամբ ասում է, որ շուտով զավթելու է բնակարանը։ Բանն այն է, որ այդ «պարոնը» կարծես իր խոսքի տերն է լինելու։

«Արարատ-Արմենիան» հավակնոտ նախագիծ է, որի գլխավոր ուղղությունը թիմը եվրագավաթներ դուրս բերելն է։ Ակումբի ղեկավարները գիտակցեցին, որ դա «Արարատ Մոսկվայով» անելը Ռուսաստանում անհամեմատ ավելի բարդ է, քան Հայաստանում՝ մեկ այլ թիմով։

Մեծ դժգոհություններ են եղել ու կան նաև անվանման հետ կապված։ Ասում են՝ Հայաստանում պետք է միայն մեկ Արարատ լինի, բայց եկեք այս հարցին այլ տեսանկյունից նայենք․ հիասքանչ է, որ մեր առաջնությունում այժմ կա թեժ դիմակայություն՝ արարատյան դերբին։ 2 թիմն էլ իրենց «պատռում» են խաղադաշտում, միայն թե հաղթեն, և դա հատկապես վերաբերում է իսկական «Արարատին»։ Պատահական չէ, որ վերջինս առաջնության մեկնարկային 16 խաղում ընդամենը մեկ հաղթանակ էր տոնել՝ մեծ շարժառիթի հաշվին հաղթելով սկզբունքային մրցակցին։

«Արարատ-Արմենիան» առաջնության մեկնարկից առաջ լիովին նոր թիմ էր հավաքել, «խճճված» կազմ։ Նոր գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոն միայն վերջին պահին ստանձնեց թիմի ղեկը։ Վերջինս «ձգեց» ընդամենը 8 տուր։ Այս մասնագետը գլուխ չէր հանում քաոսային իրավիճակից, երբ ֆուտբոլիստները չափազանց շատ էին, ընթանում էին պաշտոնական խաղեր, իսկ փորձարկումների համար ամենաանհարմար պահն էր։ Թիմը ոչինչ չէր անում, բացի աննպատակ օդային փոխանցումներից դեպի բարձրահասակ հարձակվողները։

Հետո ակումբի ղեկավարության մտքում պայծառ միտք ծագեց․ Վարդան Մինասյանը հեռացել է Հայաստանի հավաքականից, ինչո՞ւ նրան չվստահել թիմի ղեկը։ Այդ ժամանակ դժվար էր հավատալ, որ Մինասյանն ընտրանու ղեկին ձախողվելուց հետո կցանկանար արագորեն վերսկսել մարզչական աշխատանքը։ Բայց՝ ստացվեց։

11 լավագույնները․ Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

Մինասյանը հենց սկզբից հայտարարեց, որ առայժմ փորձելու է ծանոթանալ տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներին, իսկ հետո կգան արդյունքները։ Սկիզբը ծանր էր, նույնիսկ ավելի խրթին, քան կարող էր պատկերացնել Հայաստանի հավաքականի պատմության ամենահաջողակ մարզիչը։ Թիմն արարատյան դերբիում 3 միավոր վաստակելուց հետո 4 մրցավեճ անընդմեջ չէր հաղթում (2-ական ոչ-ոքի ու պարտություն)։ Արարատցիներն այդ ընթացքում նույնիսկ գոլ չխփեցին։

Հետո ամեն ինչ ընկավ տեղը։ Մինասյանի գլխավորած թիմը ձմեռային հանգստի գնաց 3 անընդմեջ հաղթանակով՝ այդ մրցավեճերում խփելով 7 գնդակ։ Անսպասելի ու միաժամանակ չքնաղագեղ էր հատկապես առաջատարներից մեկի՝ «Բանանցի» նկատմամբ 3-0 հաշվով հաղթանակը, ինչը վերջնականապես եկել էր հաստատելու մեկ միտք․ Մինասյանին հաջողվել է կողմնորոշվել թիմի մեկնարկային կազմի, մարտավարության և այլ հարցերում, և նա դա արել է, երբ առաջնությունն ընթացքի մեջ էր ու ամենաթեժ փուլում էր։

Մինասյանն այդ ժամանակ հրաժարվել էր իր սիրելի 4-2-3-1 մարտավարությունից։ Այս մարզիչը միշտ ասում է, որ գնդակի վերահսկողությանն առաջնային դեր է տալիս, սակայն նա այդ պահին պետք է հարմարվեր ձեռքի տակ եղած ֆուտբոլիստներին։ Առջևում ունենալով Իվայլո Դիմիտրովի ու Անտոն Կոբյալկոյի պես ռմբարկու-հսկաների՝ Մինասյանը նրանց միաժամանակ էր դուրս բերում խաղադաշտ։ Թիմակիցներն էլ ամեն հարմար պահի նրանց էին հասցեագրում գնդակը։ Դիմիտրով-Կոբյալկո «գիշատիչ» դուետն առավել քան արդյունավետ էր։

Թիմում ֆուտբոլիստների քանակը սովորականից շատ էր, իսկ դա վնասից բացի որևէ օգուտ չի կարող տալ։ Ակումբը ձմեռային դադարի ընթացքում բաժանվեց 11 խաղացողից, որոնց մեծ մասը խաղերի ժամանակ նույնիսկ պահեստայինների նստարանին չէր հայտնվում։ Ամենաառանցքայինը, իհարկե, առաջնության լավագույն ռմբարկու Իվայլո Դիմիտրովի հեռանալն էր։

Պետրոսի ու Գրիգորի առակը․ Ուղեցույց երիտասարդ ֆուտբոլիստների համար, որ «բանտարկված» չմնան Հայաստանում

Կիպրոսում կայացած մեկամսյա ուսումնամարզական հավաքը պտղաբեր էր, ակումբի սելեկցիան՝ թիրախային։ «Արարատ-Արմենիան» համալրեցին Հայաստանի ուժեղագույն լեգեոներներից 2-ը՝ Ալեքս Ջունիորը և Ժան-Ժակ Բուգուհին։ Որսացին պահն ու պայմանագիր կնքեցին նաև Պետրոս Ավետիսյանի հետ։ Հենակետային գոտում ցնցող տպավորություն է թողնում Պորտուգալիայի առաջնությունից տեղափոխված Կոջո Ալֆոնսը։

Նույնիսկ ընկերական խաղերի արդյունքները կարող էին շատ բան հուշել։ «Արարատ-Արմենիան» 1-0 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ուրալի» նկատմամբ, մի՞թե դա խոսուն չէ։ Եթե ոմանց մոտ դեռ կասկածներ կային երևանյան թիմի մարտունակության վերաբերյալ, ապա առաջնության մեկնարկային խաղերն ամեն ինչ տեղը դրեցին։ «Արարատ-Արմենիան» 4-1 հաշվով հաղթեց «Արարատին», 3-0 հաշվով՝ «Փյունիկին»։ Այսինքն, արդեն 5 անընդմեջ հաղթանակ։

Վարդան Մինասյանը կարողացել է վերադառնալ իր նախընտրելի տակտիկական դասավորությանը։ Թիմի մոտ հիանալի է ստացվում հանդիպման ընթացքից ելնելով մարտավարությունը փոխելը, դրանից խաղի որակը չի տուժում։ Մինասյանի թիմը պետք եղած ժամանակ վերահսկում է գնդակը, սակայն եթե մրցակիցները սկսում են ճնշում գործադրել, ռիսկի չեն դիմում։ Կենտրոնական պաշտպանների կողմից անմիջապես հետևում են երկար փոխանցումներ դեպի Բուգուհին։ Մրցակցի ճնշումն այդ պարագայում որևէ արդյունք չի տալիս։

Հենակետային գոտում Ալեքսեյ Պուստոզյորովի կողքին հիանալի է հարմարվել Ալֆոնսը, որը համարյա իդեալական համալրում է մեր առաջնության մակարդակով։ Կենսական նշանակություն ուներ նաև Ավետիսյանի գալը, քանի որ «Արարատ-Արմենիան» ուներ նման կրեատիվ/ստեղծարար ֆուտբոլիստի կարիք։ Երբ հիմնական մարտավարությունը չի աշխատում, Պետրոսը կարող է մեկ փոխանցումով կամ գործողությամբ ինքնուրույն ստեղծել վտանգավոր պահ։ Ապացույցը «Փյունիկի» հետ վերջին հանդիպումն էր։

Ամբիցիաների հեղափոխություն «Արարատում», Եվրոպա դուրս գալու խելացնոր պայքար 9 թիմի միջև

Մինասյանի համար շատ կարևոր է նաև անսպառ ճնշումը մրցակցի պաշտպանության վրա։ Նախորդ խաղերի ընթացքում, երբ արարատցիները հաշվի մեջ առջևում էին, մասնագետն էականորեն թարմացնում էր առջևի գիծը։ «Արարատի» հետ մրցավեճում փոխարինման մտան Ավետիսյանը, Գոնսալեսը (որպես կիսապաշտպան), Կոբյալկոն ու Շաղոյանը։ «Փյունիկի» հետ հանդիպմանը երկրորդ խաղակեսից ներգրավեցին Կոբյալկոն ու Համբարձումյանը։ Այս տղաները կարողանում էին ակտիվ շարժման շնորհիվ օգնել թե՛ պաշտպանությանը, թե՛ հարձակմանը։

«Արարատ-Արմենիան» պաշտպանվելիս գործում է հիմնականում 4-4-1-1 կամ 4-4-2 մարտավարությամբ։ Իսկ եթե առջևի այդ 2-ը թարմ վիճակում են, ապա գործերն ավելի լավ են։ Մեծ են նաև արագ հակագրոհելու շանսերը։ «Արարատի» հետ խաղում հակագրոհների արդյունքում գոլեր խփեցին Բուգուհին և Ավետիսյանը, իսկ «Փյունիկի» հետ մրցավեճում նման կերպ հաջողության հասավ Կոբյալկոն։ «Արարատ-Արմենիան» դարձել է անկանխատեսելի թիմ, որի մարտավարական փոփոխությունները խաղի ժամանակ բարդ է գուշակել։

Մինասյանը հավաքականի ղեկին հաջող շրջափուլերի ժամանակ էր դեռ ապացուցել, որ հակագրոհային ֆուտբոլը նույնպես հիանալի է պատկերացնում։ Թիմի կազմը հավասարակշռված է։ Դարպասապահ Աբակումովը հուսալի է, պաշտպանական քառյակը՝ կենտրոնականներ Խոզինի ու Գուզի գլխավորությամբ, թույլ է տալիս նվազագույն սխալներ (թիմը վերջին 5 խաղում 2 գոլ է բաց թողել), մնացած գոտիներում էլ համագործակցությունը լավ մակարդակի վրա է։

«Արարատ-Արմենիան» «Ալաշկերտին» «ձեռնոց նետելու» ամենաիրական թեկնածուն է այսօր չեմպիոնական պայքարում։ Թիմերին 4 միավոր է բաժանում։ Հիմա «Արարատ-Արմենիայի» համար ամենապատասխանատու պահն է։ Եթե թիմը հասավ կայունության, ապա կարելի կլինի մինչև վերջ պայքարել տիտղոսի համար, և դա կնշանակի, որ վերջին հաջողությունները զուտ պոռթկում չէին։ Այս ակումբը հաղթանակների պատմություն չունի, իսկ «Ալաշկերտում» շատ լավ գիտեն չեմպիոնություն տանող ճանապարհը։

«Արարատ-Արմենիայի» գլխավոր հաղթաթուղթը կարող է դառնալ Վարդան Մինասյանը, որը որպես մարզիչ ռեկորդային՝ 4 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն։ Հիմա ժամանակները փոխվել են, դա անելը շատ ավելի բարդ է դարձել, սակայն չեմպիոնական ուղուն ծանոթ մասնագետ ունենալը պլյուս է արարատցիների համար։ Այո՛, այս թիմում շատ են լեգեոներները, բայց նրանք եղանակ են ստեղծում առաջնությունում։ «Արարատ-Արմենիան» մեկ առավելություն էլ ունի՝ «Արարատ» լեգենդար բառը, որը մեր ֆուտբոլում «հաղթանակ» բառի հոմանիշն է։

Արման Աբելյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Կմրցեն «Փյունիկը» և խոստումնալից մեկնարկ ունեցած «Արարատը»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 3-րդ տուրին ընդառաջ

Պատմական նվաճումից զատ․ «Արարատ-Արմենիան» 3 ռեկորդի հեղինակ է դարձել

Անտոն Կոբյալկո. «Խաղում էինք ոչ միայն «Արարատ-Արմենիայի», այլ ամբողջ Հայաստանի համար» (տեսանյութ)

Պետրոս Ավետիսյան. «Արեցինք այն, ինչը դեռ ոչ ոք չէր արել, բայց մեր նպատակը միայն սա չէ»

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Սաբուրթալոյին» և նվաճեց Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր (տեսանյութ)

ԳՈՈՈՈԼ. «Արարատ-Արմենիան» երկրորդ գնդակն է ուղարկում «Սաբուրթալոյի» դարպասը (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» առաջին կեսից հետո հաղթում է «Սաբուրթալոյին» (տեսանյութ)

ԳՈՈՈԼ. Կոբյալկոն բացում է հաշիվը «Սաբուրթալոյի» դեմ խաղում (տեսանյութ)

«Սաբուրթալո» – «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր

Եվրոպական հրաշքի սպասումով. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Հայտնի է՝ որ թիմի հետ է մրցելու «Արարատ-Արմենիա» – «Սաբուրթալո» զույգի հաղթողը (տեսանյութ)

Վարդան Մինասյանի և Ռոժդի Աշենտեի մամուլի ասուլիսը «Սաբուրթալոյի» հետ խաղից առաջ (տեսանյութ)

Բարձրագույն խմբի 2-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատը» վերջին անգամ այսքան լավ մեկնարկել էր Վարուժան Սուքիասյանի օրոք

Աշոտ Բարսեղյան․ «Գեղամ Հարությունյանին փոխարինելու համար մի ֆուտբոլիստի էինք հրավիրել, բայց նա քանի օր է՝ խնդիրներ ունի» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Ափսոսում եմ, որ այսպիսի գոլեր ենք բաց թողնում ու պարտվում․ թիմի համար մի քիչ դժվար է» (տեսանյութ)