fbpx

Ցնցող ցուցանիշներ Մարկոսից, Մանուչարյանից, Արա Հակոբյանից․․․ Անհատական բացառիկ ռեկորդներ Բարձրագույն խմբից

VNews.am-ը ֆուտբոլասերներին ներկայացրել էր հայկական ակումբների սահմանած թիմային բացառիկ ռեկորդները: Այսօր կանդրադառնանք անհատական ռեկորդներին՝ ներկայացնելով դրանց առաջին մասը:

Հայկական ֆուտբոլի լավագույն ռմբարկուն Արսեն Ավետիսյանն է, ով պաշտոնական մրցումներում 236 գոլ է խփել: Նա նաև Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է, ով «Փյունիկում», «Արարատում», «Զվարթնոցում» և «Գանձասարում» խաղալիս ընդհանուր առմամբ 197 գոլ է խփել: Պաշտոնական մրցումներում Ավետիսյանի ցուցանիշը կփորձի գերազանցել Հենրիխ Մխիթարյանը, ով 195 գոլի հեղինակ է դարձել: Իսկ ահա ՀՀ առաջնություններում խփած գոլերի քանակով Ավետիսյանի ռեկորդը դժվար թե երբևէ գերազանցվի:

Այլազգի ֆուտբոլիստներից բոլորից արդյունավետ է գործել բրազիլացի Մարկոս Պիզելին, ով հայկական ակումբներում և Հայաստանի հավաքականում անցկացրած պաշտոնական մրցումներում 97 գոլի հեղինակ է դարձել: Մարկոսը նաև ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստն է՝ խփելով 75 գնդակ: Մարկոսի ռեկորդները ևս երկար կյանք կունենան:

Միևնույն թիմի կազմում բոլորից շատ գոլեր է խփել փյունիկցի Արսեն Ավետիսյանը՝ 154:

Այլազգի ֆուտբոլիստներից միևնույն թիմի կազմում խփած գոլերի քանակով ռեկորդակիրը Մարկոս Պիզելին է, ով «Արարատում» 44 անգամ գրավել է մրցակիցների դարպասները:

Մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է Արա Հակոբյանին, ով 2003թ. առաջնությունում «Բանանցի» կազմում 45 գնդակ է խփել: Հակոբյանի ռեկորդը ևս հավերժների դասին է պատկանում:

Այլազգի ֆուտբոլիստներից մեկ մրցաշրջանում առավել արդյունավետ է գործել Մարկոս Պիզելին, ով 2007թ. «Արարատում» 22 գոլ է խփել:

Օրացուցային մեկ տարում պաշտոնական մրցումներում խփած գոլերի քանակով յուրօրինակ ռեկորդակիրներն են Արման Քարամյանն (2002թ., «Փյունիկ») ու Արա Հակոբյանը (2003թ., «Բանանց»), որոնք դարձել են 50-ական գոլի հեղինակ:

1993թ. առաջնությունում «Բանանցի» հարձակվող Աշոտ Բարսեղյանն աչքի է ընկել աննախադեպ բարձր արդյունավետությամբ՝ անցկացրած 10 խաղում խփելով 20 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2 գնդակ): ՀՀ առաջնությունների միջին արդյունավետությամբ էլ Աշոտ Բարսեղյանը յուրօրինակ ռեկորդակիր է: Նա 1992-1993թթ. անցկացրած 43 խաղում խփել է 54 գնդակ, միջինը մեկ խաղում՝ 1,25 գոլ:

Առաջնության մեկ խաղում առավելագույն քանակի գոլեր է խփել արարատցի Վահե Յաղմուրյանը, ով 1992թ. հունիսի 11-ին 8 անգամ գրավել է Սևանի «Աղթամարի» դարպասը: Յաղմուրյանի ցուցանիշը նույնիսկ կրկնելն անհավանական է:

Լեգեոնականներից մեկ խաղի արդյունավետության ռեկորդը պատկանում է իվուարցի հարձակվող Ժան-Ժակ Բուգուհիին, ով 2015թ. ապրիլի 19-ին «Շիրակի» կազմում «Բանանցի» հետ խաղում ֆուտբոլային պոկերի հեղինակ է դարձել:

ՀՀ առաջնություններում միևնույն թիմի դարպասը բոլորից հաճախ գրավել են Նշան Էրզրումյանն ու Միհրան Մանասյանը՝ խփելով 20-ական գնդակ: Էրզրումյանը «Կիլիկիայում» և «Արարատում» խաղալիս 10-ական անգամ գրավել է «Շիրակի» դարպասը: Մանասյանն էլ «Արարատի» ահ ու սարսափն է: «Ալաշկերտի» կազմում նա 17 գոլ է խփել արարատցիներին, 2 անգամ աչքի է ընկել «Գանձասար-Կապանում», մեկ անգամ էլ «Արարատի» դարպասը գրավել է իր կարիերայի սկզբում «Փյունիկում» խաղալիս՝ բացելով գոլերի հաշիվը Բարձրագույն խմբում:

Այլազգի ֆուտբոլիստներից միևնույն թիմի դարպասը բոլորից հաճախ գրավել է բրազիլացի Մարկոս Պիզելին: Նա «Արարատում» (12 գոլ) և «Փյունիկում» (7 գոլ) խաղալիս «Կիլիկիայի» հետ հանդիպումներում դարձել է 19 գոլի հեղինակ:

Մեկ թիմի կազմում խաղալիս միևնույն թիմի դարպասը խփած գոլերի քանակով յուրօրինակ ռեկորդակիրը նախկին շիրակցի Անդրանիկ Բարիկյանն է, ով առաջնության հանդիպումներում 19 անգամ գրավել է «Արարատի» դարպասը:

Այլազգի ֆուտբոլիստներից մեկ թիմի կազմում խաղալիս միևնույն թիմի դարպասը բոլորից հաճախ գրավել է բրազիլացի Մարկոս Պիզելին: Նա «Արարատում» 12 գոլ է խփել «Կիլիկիային»:

ՀՀ առաջնություններում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Էդգար Մանուչարյանն է: 2002թ. օգոստոսի 16-ին «Փյունիկի» կազմում «Արցախի» դարպասը նա գրավել է 15 տարեկան 209 օրականում: 15 տարեկանում գոլի հեղինակ են դարձել նաև նախկին փյունիկցիներ Բալեպ Բա Նդումբուկը (15 տ. 231 օր., 2003թ.) և Հայկ Գևորգյանը (15 տ. 276 օր., 1992թ.):

Գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը Ռոբերտ Հարությունյանն է, ով 1994թ. ապրիլի 19-ին «Կանազի» կազմում 41 տարեկան 185 օրականում գրավել է «Կոտայքի» դարպասը: ՀՀ առաջնություններում 41 տարեկանում գոլի հեղինակ են դարձել նաև Էդուարդ Հարությունյանն (1992թ.՝  «Կոտայք», 41 տարեկան 125 օրական) ու Էդիկ Ասոյանը (1992թ.՝ «Նաիրի», 41 տարեկան 66 օրական):

ՀՀ առաջնություններում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ լեգեոնականը կամերունցի Բալեպ Բա Նդումբուկն է, ով 2003թ. հունիսի 12-ին «Փյունիկի» կազմում «Միկայի» դարպասը գրավել է 15 տարեկան 231 օրականում:

Գոլ խփած ամենատարեց լեգեոնականը ռումինացի Վիրգին Մարշավելան է: Նա 2011թ. մայիսի 1-ին «Գանձասարի» կազմում «Բանանցի»  դարպասը գրավել է 37 տարեկան 52 օրականում:

Փոխարինման դուրս գալիս առավել արդյունավետ է գործել Սեմյոն Մուրադյանը՝ խփելով 21 գնդակ: Դա ՀՀ առաջնություններում Մուրադյանի խփած ընդհանուր գոլերի (33) 63,6 տոկոսն է:

Մեկ մրցաշրջանում փոխարինման դուրս գալիս խփած գոլերի քանակով էլ յուրօրինակ ռեկորդակիրը Սեմյոն Մուրադյանն է, ով 2012/13թթ. առաջնությունում «Միկայում» 15 անգամ գրավել է մրցակիցների դարպասները: Ընդ որում այդ մրցաշրջանում նա «Շիրակի» և «Բանանցի» հետ հանդիպումներում փոխարինման դուրս գալիս դարձել է դուբլի հեղինակ:

Ուշագրավ ռեկորդ է սահմանել Հայկ Հակոբյանը, ով, 2002թ. սեպտեմբերի 24-ին «Բանանցի» կազմում ընդմիջումից անմիջապես հետո խաղադաշտ մտնելով, դարձել է «Լոռիի» դարպասը խփած 3 գոլի հեղինակ: Այդ խաղում «Բանանցը» հաղթել է 10-0 հաշվով:

Առավել հաճախ՝ 17-ական անգամ մեկ խաղում 3 և ավելի գոլերի հեղինակ են դարձել Արա Հակոբյանն ու Արսեն Ավետիսյանը՝ ֆուտբոլային փոքրիկ հրաշքներ գործելով: Այդ խաղերում Հակոբյանը դարձել է 57 գոլի հեղինակ, Ավետիսյանը՝ 56: Արան 12 անգամ մեկ խաղում խփել է 3 գոլ, 4 անգամ՝ 4, մեկ անգամ էլ՝ 5 գնդակ: Արսենը 12 անգամ մեկ խաղում 3 գնդակ է խփել, 5 անգամ էլ դարձել է ֆուտբոլային պոկերի հեղինակ:

Այլազգի ֆուտբոլիստներից առավել հաճախ՝ 2-ական անգամ մեկ խաղում 3 և ավելի գոլերի հեղինակ են դարձել ռուսաստանցի Անդրեյ Բուլանովը (2001թ.՝ «Միկա»), բրազիլացի Մարկոս Պիզելին (2007թ.՝ «Արարատ», 2009թ.՝ «Փյունիկ») և իվուարցի Ժան-Ժակ Բուգուհին (2014/15թթ.՝ «Շիրակ»):

Մեկ մրցաշրջանում ֆուտբոլային փոքրիկ հրաշքների քանակով յուրօրինակ ռեկորդակիրն Արա Հակոբյանն է, ով 2003թ. առաջնությունում 9 անգամ մեկ խաղում 3 և ավելի գնդակ է խփել (7 անգամ՝ 3 գոլ, մեկական անգամ՝ 4 և 5 գնդակ)՝ այդ հանդիպումներում իր օգտին ընդհանուր առմամբ գրանցելով 30 գոլ: Նա այդ մրցաշրջանում ևս մեկ տպավորիչ նվաճման հասավ՝ 4 խաղ անընդմեջ նվազագույնը խփելով 3-ական գնդակ («Շիրակ»՝ 4 գոլ, «Արաքս», «Կոտայք», «Լեռնագործ»՝ 3-ական):

Արդյունավետ խաղերի յուրօրինակ շարքի հեղինակ է Արա Հակոբյանը: 2003թ. նա «Բանանցում» առաջնության 11 անընդմեջ հանդիպումներում (5-15-րդ տուրեր) դաշտից չի հեռացել առանց գոլի՝ ընդհանուր առմամբ խփելով 24 գնդակ: Այդ մրցաշրջանում Արան մեկ այլ տպավորիչ ցուցանիշ էլ է գրանցել: Առաջնության 5-20-րդ տուրերում նա ընդհանուր առմամբ 37 գոլի հեղինակ է դարձել՝  խաղադաշտից առանց գոլի հեռանալով միայն «Փյունիկի» հետ կայացած 16-րդ տուրի մրցավեճում, որում «Բանանցը» մրցակցին զիջել է 0-2 հաշվով՝ կրելով այդ ընթացքում իր միակ պարտությունը:

Արդյունավետ խաղերի մեկ այլ տպավորիչ շարքի հեղինակ է Նշան Էրզրումյանը: 2006թ. առաջնությունում նա «Կիլիկիայում» 4 խաղ անընդմեջ գոլի հեղինակ դառնալուց հետո բաց է թողել իր թիմի հաջորդ 4 հանդիպումները, այնուհետև տեղափոխվելով «Արարատ»՝ 8 խաղ անընդմեջ դաշտից չի հեռացել առանց գոլի: Փաստորեն, Էրզրումյանն իր անցկացրած 12 անընդմեջ հանդիպումներում էլ գոլի հեղինակ է դարձել՝ ընդհանուր առմամբ 18 անգամ գրավելով մրցակիցների դարպասները:

ՀՀ առաջնություններում առավել հաճախ՝ 28 անգամ 11մ հարված է կատարել Արա Նիգոյանը՝ դիպուկ իրացնելով դրանցից 26-ը (92,8 տոկոսը):

10 և ավելի 11մ հարված կատարած ֆուտբոլիստներից 100 տոկոսանոց դիպուկությամբ աչքի են ընկել Հովհաննես Թումբարյանը (12-ից՝ 12) և ռումինացի պաշտպան Մարիան Տուդոր Զեչիուն (10-ից՝ 10):

Մեկ մրցաշրջանում առավել հաճախ և հաջող 11մ հարվածներն իրացրել է արարատցի Կարեն Բարսեղյանը: Նա 1999թ. 11մ բոլոր 11 հարվածներն էլ հասցրել է նպատակին:

1994թ. հունիսի 25-ին շիրակցի Հարություն Վարդանյանը դիպուկ է իրացրել Ստեփանակերտի «Երազանքի» դարպասը նշանակված 11մ 3 հարվածներն էլ: 1999թ. հոկտեմբերի 17-ին «Գյումրիի» հետ խաղում ռեկորդային այդ ցուցանիշը կրկնել է «Երևանի» հարձակվող Վարազդատ Ավետիսյանը:

ՀՀ առաջնություններում դարպասապահներից առավել հաճախ՝ 9 անգամ 11մ հարվածները հետ է մղել Վահան Շմավոնյանը: Նրա պաշտպանած դարպասին բոլորից շատ՝ 41 11մ հարված է նշանակվել, որից իրացվել է 29-ը:

Մեկ մրցաշրջանում առավել հաճախ՝ 3-ական անգամ 11մ հարված են հետ մղել Հարություն Աբրահամյանը («Արարատ», 1992թ.), Գարեգին Նաջարյանը («Բանանց», 1992թ.), Արա Աբրահամյանը (ՀՄՄ-ՖԻՄԱ, 1992թ.), Բագրատ Ստեփանյանը («Քասախ», 1992թ.), Վահան Շմավոնյանը («Կանազ», 1993, 1994թթ.), Վաղարշակ Շահնազարյանը («Վան», 1994թ.), Վլադիմիր Մալկովը («Ուլիս», 2010թ.) և Արամ Հայրապետյանը («Արարատ», «Բանանց», 2016/17թթ.):

2001թ. նոյեմբերի 28-ին «Լոռիի» հետ առաջնության խաղում «Արարատի» դարպասապահ Գեորգի Խաչատրյանը հետ է մղել իր դարպասին նշանակված 11մ  2 հարվածներն էլ՝ հաղթող դուրս գալով Գագիկ և Վիլեն Հարությունյանների հետ մենամարտում:

Մեկ մրցաշրջանում բոլորից շատ 11մ հարված է նշանակվել Մարտունու «Ալաշկերտի» դարպասապահ Կամո Մոսոյանի պաշտպանած դարպասին: Վերջինս 1992թ. առաջնությունում 13 անգամ մենամարտի է բռնվել մրցակիցների հետ և միայն մեկ անգամ է հաղթող դուրս եկել՝ հետ մղելով 11մ հարվածը:

Առաջնության մեկ խաղում առավել հաճախ՝ 3-ական անգամ 11մ հարված է նշանակվել Սպարտակ Գաբրիելյանի («Երազանք», 1994թ., բոլորն էլ իրացվել են), Կարեն Բաբայանի («Կիլիկիա», 1999թ., իրացվել է 2-ը), Հովհաննես Հովհաննիսյանի («Գյումրի», 1999թ., բոլորն էլ իրացվել են) և Գևորգ Պրազյանի («Արարատ», 2009թ., իրացվել է 2-ը) պաշտպանած դարպասներին:

Առավել հաճախ` 3-ական անգամ առաջնության ամենաարդյունավետ ֆուտբոլիստներ են ճանաչվել Արսեն Ավետիսյանը («Փյունիկ», 1994թ.՝ 39 գոլ, 1995թ.՝ 12, 1996/97թթ.՝ 24), Արա Հակոբյանը («Դվին», 1998թ.՝ 20, «Արաքս», 2000թ.՝ 21, «Բանանց», 2003թ.՝ 45), Մարկոս Պիզելին («Արարատ», 2007թ.՝ 22, 2008թ.՝ 17, «Փյունիկ», 2010թ.՝ 16) և Միհրան Մանասյանը («Ալաշկերտ», 2013/14թթ.՝ 17, 2015/16թթ.՝ 16, 2016/17թթ.՝ 13):

Լավագույն ռմբարկուի տիտղոսին արժանացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Էդգար Մանուչարյանն է, ով 2004թ. 17 տարեկանում 21 գոլով փյունիկցի իր խաղընկերոջ՝ Գալուստ Պետրոսյանի հետ դարձել է ամենաարդյունավետը:

Ամենատարեցն Արթուր Քոչարյանն է, ով 35 տարեկանում «Ուլիսում» 15 գնդակով դարձել է 2009թ. առաջնության լավագույն ռմբարկու:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Դեսիրեն Մարկոսին ու ևս 3 լեգեոների է զիջում ԲԽ-ի 1 մրցաշրջանում խփած գոլերի քանակով

«Փյունի՞կ», թե՞ «Արարատ-Արմենիա»․ ա՛յս է խնդիրը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 35-րդ տուրին ընդառաջ

Ընդամենը 2 թիմ է Գյումրիում հաղթել «Շիրակին», իսկ Դենիս Թումասյանն «Ալաշկերտի» ռեկորդակիրն է

«Փյունիկն» իր առաջիկա մրցակցին արդեն 2 անգամ պարտվել է առաջնությունում․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 34-րդ տուրին ընդառաջ

«Արարատ-Արմենիայի» ռեկորդներից մեկը մնաց «անսասան», իսկ մյուսը գերազանցեց «Բանանցը»

Կարող է գործնականում վճռվել չեմպիոնության հարցը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 33-րդ տուրին ընդառաջ

Առաջնությունում ընդամենը 1 թիմ կա, որ անպարտելի է գարնանային հատվածում

«Կմենամարտեն» առաջատարներից 2-ը, մյուս 2-ը կխաղան հետնապահների հետ․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 32-րդ տուրին ընդառաջ

Սա գավաթային առաջին եզրափակիչն էր, որ գրանցված միակ դարպասի գրավումն ինքնագոլ էր

«Ալաշկերտի» 3 ֆուտբոլիստ՝ Հայաստանի քառակի գավաթակիր

Աբրահամ Խաշմանյանի յուրօրինակ հեթ-տրիկը հայկական ֆուտբոլում

«Ալաշկերտի» 7 ֆուտբոլիստ գավաթակրի կոչում ունի, «Լոռիում»՝ ընդամենը 1 խաղացող․ Գավաթի եզրափակիչին ընդառաջ

Բարեղամյանը հայ գործող ֆուտբոլիստներից ընդամենը 3-ին է զիջում պաշտոնական խաղերի քանակով

«Կայսարը» հաղթեց Մարկոսի «Ակտոբեին», Տիգրան Բարսեղյանը շքեղ գոլի հեղինակ դարձավ (տեսանյութ)

Առաջատարների համար եկել է ամենապատասխանատու պահը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 31-րդ տուրին ընդառաջ

Կասպարովը նոր նվաճման հասավ․ ավելի վերև «մագլցելու» համար պետք է շրջանցել Արարատ Հարությունյանին