fbpx

Յուրան՝ ՅՈՒՐԱհատուկ կարգավիճակում․ Առաջին տպավորությունները հավաքականի հայտացուցակից

5 դարպասապահ, առանց խաղային պրակտիկայի առաջատարներ (նրանցից մեկը՝ նաև առանց ակումբի), Գերմանիայում «ֆուրոր իրականացնող» ֆուտբոլիստ․․․ Արմեն Գյուլբուդաղյանցը երեկ հրապարակեց ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիտների ցուցակը։ Փորձենք հասկանալ՝ ինչն էր սպասելի, ինչը՝ անսպասելի այս ընտրության մեջ։

Աղետալի իրավիճակ, նաև անարդարություն՝ դարպասապահների առումով

Դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին 5 տղաներից առաջիկա 2 օրերի ընթացքում կընտրի 3-ին ու մյուսներին տուն կճանապարհի։ Պարզապես անցանկալի իրավիճակում ենք։ Արսեն Բեգլարյանը «Լուչում» այս տարի պաշտոնական խաղ դեռ չի անցկացրել, քանի որ Բելառուսի առաջնությունը մեկնարկելու է մարտի 29-ին։ Գրիգոր Մելիքսեթյանը «Գանձասար-Կապանում» փոխատեղումներով է խաղում Գևորգ Կասպարովի հետ և «քչից-շատից» նորմալ մարզավիճակում է։

Այնքան տխուր իրադրությունում ենք, որ Արամ Հայրապետյանին վնասվածքից ապաքինվելուց հետո մեկ խաղի մասնակցելն էլ բավարար եղավ հավաքական հրավիրվելու համար։ Հենրի Ավագյանն էլ օգտվեց այն հանգամանքից, որ «Գանձասար-Կապանի» հետ մրցավեճում կարմիր քարտ ստացավ Օգնեն Չանչարևիչը, ու հայ երիտասարդ դարպասապահը հայտնվեց խաղադաշտում։ Նա այդ և «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճերում ընդհանուր 2 գոլ բաց թողեց։ Ավագյանը մինչ այդ չէր մասնակցել ընթացիկ առաջնության ոչ մի հանդիպման։ Այնուամենայնիվ, գոնե որպես երրորդ դարպասապահ առավել նպատակահարմար է հավաքականի «կյանքին» սովորեցնել հենց Ավագյանին: Այս օրերի ստացած փորձը երիտասարդական հավաքականն «ավարտած» դարպասապահին հետագայում պետք կգա:

Ամենատարօրինակը Անատոլի Այվազովի հրավերն է։ Նա մեկ տարի առաջ հանդիսանում էր Հայաստանի ամենահեռանկարային դարպասապահներից մեկը, կարծում էինք՝ շուտով արտերկիր կտեղափոխվի։ Սակայն, այս պահին նա Հայաստանում պարտվել է մրցակցությունը առնվազն 2 դարպասապահի՝ Արամ Հայրապետյանին ու Ստեփան Ղազարյանին։ Ինչքանո՞վ է արդարացի հավաքական հրավիրել գեթ մեկ րոպե չխաղացած ֆուտբոլիստին և անտեսել, օրինակ, «Արցախի» դարպասապահ Արման Մելիքսեթյանին, որը մրցակցությունում հաղթում է լեգեոներ Սամուր Ագամագոմեդովին ու հուսալի խաղ ցուցադրում։

Պաշտպանությունում ընտրության հնարավորություն ունենք

Անհանգստացնում է այն փաստը, որ Վարազդատ Հարոյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում այս տարի ընդամենը 5 րոպե է անցկացրել խաղադաշտում։ Այդ ամենով հանդերձ, նա մնում է մեր հավաքականի կարևորագույն մասնիկներից մեկը։ Անդրե Չալըշըրը Շվեդիայում գավաթային խաղերի է մասնակցել, Կամո Հովհաննիսյանն ու Հովհաննես Համբարձումյանն էլ խաղային պրակտիկայի խնդիր չունեն։

Սպասելի էր «Փյունիկի» պաշտպան Արմեն Մանուչարյանի հրավերը, որը նախորդ ամիսների ընթացքում մեծ առաջընթաց է գրանցել, դարձել է բազմակողմանի և մեծ ծավալի աշխատանք կատարող ֆուտբոլիստ։ Նա «Փյունիկում» վերջին 2 տուրում խաղաց պաշտպանության կենտրոնում, և թիմը գոլ բաց չթողեց։ Նրան Արմեն Գյուլբուդաղյանցը կարող է օգտագործել նաև պաշտպանության եզրերում, կիսապաշտպանությունում։

Արտյոմ Խաչատուրովն ու Հայկ Իշխանյանը միասին 3 խաղ են անցկացրել «Լոռիում», վանաձորյան թիմն այդ հանդիպումներում դարպասն անառիկ է պահել։ Հավաքականում մեկնարկային կազմում տեղին կարող է հավակնել հատկապես Խաչատուրովը, որը շատ հզոր է օդային մենամարտերում, իսկ կոնկրետ բոսնիացիների հետ մրցավեճում մեզ պետք կգա այդպիսի խաղացողը։ Ինչ վերաբերում է Իշխանյանին, ապա նրա փոխարեն կարող էր ընտրանի հրավիրվել նաև «Բանանցի» պաշտպան Անդրանիկ Ոսկանյանը, որն իր որակներով առնվազն չի զիջում Հայկին։

Մխիթարյանը միգուցե հիշի հին ու բարի խաղային դիրքը

Հավաքականի մարզչական շտաբի համար հաճելի գլխացավանք կլինի կիսապաշտպանական գծից ընտրություն կատարելը։ Հենրիխ Մխիթարյանի և Սարգիս Ադամյանի տեղը մեկնարկային կազմում քննարկելը տարօրինակ կլիներ։ Բայց այստեղ հարց է առաջանում․ եթե Ադամյանը խաղա աջ ենթահարձակվողի դիրքում, ապա ինչպե՞ս վարվել Արաս Օզբիլիսի հետ։ Լա՛վ, Արասն էլ թող ձախից խաղա, ինչպես իր ակումբում էր (դա՝ որոշ ժամանակ առաջ, քանի որ առաջնության վերջին 4 խաղին չի մասնակցել), իսկ Գևորգ Ղազարյա՞նը։ Ի դեպ, նա էլ խաղային պրակտիկայի խնդիր ունի։

Այս ամենին գումարում ենք, որ Դանիայում գոլերով և արդյունավետ փոխանցումներով աչքի է ընկնում Էդգար Բաբայանը, Ալիկ Առաքելյանն այսօր, անկասկած, Բարձրագույն խմբում ամենալավ մարզավիճակում գտնվող հայ ֆուտբոլիստն է, Պետրոս Ավետիսյանն էլ «տաքուկ անկյուն» է գտել «Արարատ-Արմենիայում»․ տարբերակներն ավելանում են։ Թեև պետք է հիշել Վարդան Մինասյանի այն խոսքերը, որ Պետրոսը ֆունկցիոնալ առումով դեռ ավելացնելու շատ տեղ ունի։ Պատահական չէ, որ 23-ամյա խաղացողը «Ալաշկերտի» հետ սկզբունքային հանդիպմանը փոխարինվեց արդեն 54-րդ րոպեին։

Հենակետային գոտին փակելու գլխավոր թեկնածուներն Արտակ Գրիգորյանը և կամաց-կամաց հին ահեղ տղային հիշեցնող Կառլեն Մկրտչյանն են։ Բայց հաշվի առնելով, թե ենթահարձակվողների դիրքում ինչքան մեծ ընտրություն ունենք, չի բացառվում, որ Արմեն Գյուլբուդաղյանցը դիմի հին և փոքր-ինչ մոռացված մեթոդին՝ Մխիթարյանին իջեցնելով կիսապաշտպանության կենտրոն։

Մենք բոսնիացիների դեմ խորքից ենք խաղալու, ուստի փոքր-ինչ ռիսկային կլինի Օզբիլիսին մեկնարկային կազմ ընդգրկելը։ Վերջինս գնդակով կախարդական է, առանց գնդակի՝ պակաս էֆեկտիվ։ Ղազարյանն այդ առումով ավելի շահեկան վիճակում է, քանի որ նա կարողանում է նահանջել ու մեծ ծավալի աշխատանք կատարել, ինչպես և Ադամյանն ու, իհարկե, Մխիթարյանը։ Մյուս կողմից, Օզբիլիսը մեծագույն տաղանդ է ու, լինելով խաղադաշտում, նույնիսկ մեկ հնարամիտ գործողությամբ կարող է խաղի ելք վճռել։

Յուրան մեզ պետք է, բայց՝ ոչ հիմնական կազմում

Յուրա Մովսիսյանը, բնականաբար, պետք է լիներ հավաքականում։ Մենք պարզապես չունենք այդ որակներով մեկ այլ հարձակվողի, ուստի ստիպված ենք գրկաբաց ընդունել նույնիսկ առանց ակումբի մնացած «Գլադիատորին»։ Մյուս կողմից, Յուրան դժվար թե լինի մեկնարկային կազմում։ Նորից նշենք, որ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ խաղում մեր ֆուտբոլիստները պետք է առանց գնդակի շատ քրտնեն, իսկ Յուրայի ֆիզիկական վիճակը դա թույլ չի տա։ Նա երևի խաղադաշտ դուրս կգա վերջին 20-25 րոպեի ընթացքում։ Հենց սկզբից խաղալու համար միգուցե դիմենք արտասովոր արտաքինով տղայի՝ Ալեքսանդր Կարապետյանի օգնությանը։

Իսկ ապագայի համար նշենք, որ Մովսիսյանը պետք է լուծի ակումբային կարիերայի հարցերը։ Եթե նա հավաքականի մյուս խաղերի ժամանակ էլ լինի առանց ակումբի, ավելի լավ է՝ հրավիրվի երիտասարդ հարձակվող Գրիգոր Աղեկյանն ու ստանա իր շանսը։ Այս պարագայում շատ բան է կախված նաև հենց Գրիգորից, որը պետք է ամրապնդվի բելառուսական «Իսլոչում»։

Հավանական է նաև Ադամյանի՝ հարձակման կենտրոնում հայտնվելը։ Տիգրան Բարսեղյանի տարբերակն էլ դժվար թե ընտրվի, քանի որ վերջինս տվյալ դիրքում իրեն այդքան էլ հարմարավետ չի զգում ու պակաս արդյունավետ է։ Զարմանալի է Արթուր Սարկիսովի բացակայությունը, որը «Ենիսեյում» մշտապես խաղում է։ ԲԽ-ից կարելի էր դիտարկել «Գանձասար-Կապանի» ներկայացուցիչ Գեղամ Հարությունյանի թեկնածությունը։ Վերջինս մրցակցի համար անչափ վտանգավոր է տուգանային հրապարակում, քանի որ կարողանում է դիրքային ճիշտ պայքար մղել ու երկրորդ հարկում սպառնալից է։

Հավաքական երկրորդ անգամ հրավիրված Նորբերտո Բրիասկո Բալեկյանն էլ առայժմ առեղծվածային կերպար է։

Եվ ուրեմն

Եթե Ազգերի լիգայում Գյուլբուդաղյանցը մինչև վերջ ստիպված եղավ հետևել մաթեմատիկական հրաշքի հույսին, ապա այս ընտրական փուլում նա խնդիր ունի վերջնականապես բացահայտել, թե որն է իր առջև դրված խնդիրը՝ գնալ արդյունքի հետևից, թե վերջապես դառնալ այն մարզիչը, ով համարձակություն կգտնի իր վրա վերցնել սերնդափոխության ծանր բեռը: Այո, այսօր կազմում ունենք մի քանի երիտասարդներ, բայց արդյոք նրանք գոնե մի քանի րոպե խաղաժամանակ կստանան ու նրանց շուրջ փորձ կարվի ինչ-որ բան կառուցել: Թե՞ կսպասենք մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր, երբ ԵՎՐՈ-2020-ի շանսերը վերջնականապես կփոշիանան, ու հետո նոր ժամանակ կգտնենք երիտասարդների մասին մտածելու:

Արման Աբելյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ռումյան Հովսեփյան․ «Մոտ օրերս նորություններ կլինեն»

Դավիթ Մանոյանը՝ «Ռաբոտնիչկիից» հեռանալու պատճառների մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին

Ռոբերտ Արզումանյան․ «Հավաքականի համար վերջին հաղթանակները շատ կարևոր էին հատկապես հոգեբանական առումով»

«Հիմա Հայաստանի հավաքականից պետք է ավելին պահանջել»․ Դել Բոսկեն պատասխանեց հայ լրագրողների հարցերին

Մխիթարյանի ու Բեթիի հարսանեկան պարը՝ հանրահայտ Ալ Բանոյի կատարման ներքո (տեսանյութ)

Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել իր և Բեթիի պսակադրությունից (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի պսակադրությունը (լուսանկարներ)

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է (լուսանկար)

Վարդան Մինասյան. «Ազգային հավաքականի ֆուտբոլիստների աչքերում կրկին «կրակ» կար» (տեսանյութ)

Ալեքսանդր Կարապետյան. «Ռասինգի» հետ պայմանագիր չեմ կնքել»

Հայաստանի հավաքականը բարձրացել է 9 հորիզոնականով ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է, Ադամյանինը՝ զգալիորեն բարձրացել

Տիգրան Բարսեղյան. «Հաջողություն էր, որովհետև բոլորս հավատում էինք» (տեսանյութ)

Մեկ բառով՝ ուրախություն. ՀՖՖ-ն բացառիկ կադրեր է ներկայացրել (տեսանյութ)

Արժանապատիվ ֆուտբոլը հաղթանակներ է բերում. Հայաստանի հավաքականի թեժ հունիսը