fbpx

«Սարգիս Ադամյա՞ն․ չեմ ճանաչում»․ Ի՞նչ ուղի է անցել Մխիթարյանից հետո մեր այսօրվա գլխավոր աստղը

Նա ընդամենը 2 տարի առաջ հանդես էր գալիս Գերմանիայի 4-րդ Բունդեսլիգայում, իսկ Հայաստանի հավաքականի այդ ժամանակվա գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը դժվարությամբ հիշեց Սարգիս Ադամյան անուն-ազգանունով ֆուտբոլիստին, երբ մասնագետին հարց ուղղվեց գերմանաբնակ տղայի՝ ընտրանի հրավիրվելու շանսերի մասին։ Այսօր Ադամյանը հավաքականի ամենաաստղային լեգեոներն է Մխիթարյանից հետո։

Սարգիս Ադամյանը ծնվել է 1993 թվականի մայիսի 23-ին Երևանում։ 4 տարեկան էր, երբ ընտանիքը Գերմանիա մեկնելու և այնտեղ հաստատվելու որոշում կայացրեց։ Փոքրիկը սկսեց գերմանական դպրոց հաճախել, միաժամանակ սեր բոցավառվեց ֆուտբոլի նկատմամբ։ Ադամյանը 12 տարեկան հասակում սկսեց մարզվել համեստ «Նոյբրանդենբուրգ» ակումբում։

2009 թվականին եկավ դեպի պրոֆեսիոնալ կարիերա առաջին լուրջ քայլը կատարելու պահը։ Ադամյանին նկատեցին Ռոստոկի «Հանզայից», որը Գերմանիայում երիտասարդ կադրեր պատրաստող լավագույն ակումբներից մեկն է։ Պատանի խաղացողն ընդգրկվեց Մ17 տարեկանների թիմ, որտեղ հենց սկզբից խոսել տվեց իր մասին։ Ադամյանի առաջին գոլը չուշացավ․ նա հաջողության հասավ Բրեմենի «Վերդերի» հասակակիցների հետ հանդիպմանը, և դա խաղի միակ ու հաղթական գոլն էր։

Ադամյանին հետագայում բավականին «փշոտ» և բարդ ճանապարհ էր սպասվում «Հանզայի» առաջին թիմ հասնելու համար։ Նա փառքով ու պատվով անցավ տարիքային բոլոր խմբերով և 2012/13թթ․ մրցաշրջանում համատեղում էր ակումբի երկրորդ ու առաջին թիմերում ելույթները։ Իսկ մինչ այդ, երբ 17 տարեկան էր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից արդեն փորձում էին կապի դուրս գալ հեռանկարային պատանու հետ և սիրաշահել, որպեսզի միանա մեր Մ19 հավաքականին։ Ապարդյուն։

Պատճառը շատ հստակ էր․ ֆուտբոլիստը ցանկանում էր խուսափել զինծառայության հետ կապված հնարավոր խնդիրներից։ Նա միաժամանակ խոստովանում էր, որ եթե հետագայում նույնիսկ հրավեր լինի Գերմանիայի հավաքականից, անպայման կընտրի իր պատմական երկրի ընտրանին։ Սակայն առայժմ պետք էր սպասել։ Սարգիսն իր հարցազրույցներում նշում էր, որ մեր ազգային հավաքականից տպավորված է Հենրիխ Մխիթարյանով և Էդգար Մանուչարյանով։

Ադամյանը «Հանզայում» 2012/13թթ․ մրցաշրջանում Գերմանիայի 3-րդ Բունդեսլիգայում մասնակցեց 8 հանդիպման։ Հետաքրքիր է, որ այս խաղացողն այդ ժամանակ արդեն պատրաստ էր հանդես գալու Հայաստանի երիտասարդական հավաքականում, որից հրավեր էր ստացել, սակայն հիմա էլ ակումբն էր խոչընդոտ հանդիսանում։ Նա այդպես չօգտվեց 2 հրավերից, բայց սպասված պահը վերջիվերջո եկավ։ Ադամյանը մայիսի 30-ին ոտք դրեց Երևան, առաջին անգամ այն օրվանից հետո, երբ ընտանիքի հետ բռնել էր Գերմանիայի ճանապարհը։

Շատ աղոտ հիշողություններ ունեի Երևանից։ Շատ ուրախ եմ, որ հայրենիքում եմ։ Մեկ ազատ օր ունեինք և բավականին ժամանակ անցկացրի քաղաքի կենտրոնում։ Երևանը շատ գեղեցիկ քաղաք է։

2013 թվականի հունիսի 6․ Ադամյանը երիտասարդականում նշեց իր դեբյուտը «Եվրո-2015»-ի ընտրական փուլում Իսլանդիայի Մ21 հավաքականի հետ կայացած տնային խաղում, որում Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը պարտվեց 1-2 հաշվով, Սարգիսը Դավիթ Հակոբյանի փոխարեն խաղադաշտ մտավ 57-րդ րոպեին։ Ադամյանը նույնիսկ այդքան քիչ ժամանակում հասցրեց «խելքահան անել» ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին, ու ֆուտբոլիստը հենց հաջորդ օրը՝ հունիսի 7-ին, հայտավորված էր արդեն երկրի գլխավոր թիմի կազմում։

Ահա այդպիսի անմոռանալի պահ էր Ադամյանի կարիերայում։ Ընդ որում, նա հայտավորվեց 2 խաղի, որոնք երբեք չեն ջնջվի հայ երկրպագուների հիշողությունից․ խոսքը Մալթայի հավաքականից կրած պարտության և դանիացիների նկատմամբ ջախջախիչ հաղթանակի մասին է։ Գերմանաբնակ հայ տղան պահեստայինների նստարանից լուռ հետևեց այդ ամենին, արեց իր հետևություններն ու վերադարձավ Գերմանիա։

Ադամյանը «Հանզայի» կազմում չհայտավորվեց հուլիսի 14-ին «Բավարիայի» հետ կայացած ընկերական-բարեգործական խաղին, որը, ի դեպ, Պեպ Գվարդիոլայի համար առաջին հանդիպումն էր մյունխենյան թիմի ղեկին։ Մրցավեճից ստացված ամբողջ հասույթը փոխանցվեց «Հանզային», որը ֆինանսական լուրջ խնդիրներ ուներ։

Իր ակումբում թե՛ եզրային ենթահարձակվողի, թե՛ հարձակվողի դիրքում հանդես եկող Սարգիսին մշտական խաղային պրակտիկա էր պետք։ Նա 2014 թվականի հունվարին որոշեց հետքայլ կատարել կարիերայում՝ միանալով 4-րդ Բունդեսլիգայի «Նոյշտրելից» ակումբին։ Վերջինս նույնիսկ այդ մակարդակում միջակի համբավ ուներ ու չէր էլ պայքարում ավելի բարձր դիվիզիոնում հայտնվելու համար։ Ադամյանն այս ակումբում ուղիղ 2 տարի անցկացրեց՝ մասնակցած 55 խաղում դառնալով 13 գոլի հեղինակ։

Ես խաղային դիրքի առումով նախապատվություն չունեմ․ հաճույքով եմ խաղում հարձակման բոլոր գոտիներում։

Հաջորդ կանգառը նույն 4-րդ Բունդեսլիգայի «Շտայնբախն» էր։ Սա Ադամյանի համար նոր շանս էր՝ ցույց տալու իր որակները։ Հայ խաղացողը 2015/2016թթ․ առաջնության երկրորդ հատվածում 14 խաղի մասնակցեց և 2 գոլ խփեց։ Նա աստիճանաբար հաստատեց իր տեղը հիմնական կազմում։ Ընդ որում, չի կարելի թերագնահատել նույնիսկ 4-րդ Բունդեսլիգայի մակարդակը, որտեղ թիմերը շատ ավելի հզոր են, քան կարող է թվալ առաջին հայացքից։

Ադամյանն այդ ժամանակ արդեն «դուրս էր գրվել» երիտասարդական հավաքականից։ Նա վերոնշյալ շրջափուլում մասնակցեց 5 հանդիպման։ Նշեց նորամուտն ազգային հավաքականում՝ մասնակցելով Դանիայի ընտրանու հետ «Մունդիալ-2014»-ի ընտրական փուլի երևանյան մրցավեճի երկրորդ խաղակեսին։ Այդ խաղում պարտվեցինք նվազագույն հաշվով։ Ադամյանը հանդիպումից հետո ասաց․

Իմ խաղն այնքան էլ լավ չստացվեց։ Կարող եմ ավելի լավ հանդես գալ։ Երիտասարդական հավաքականում և ազգայինում խաղալը շատ տարբեր են, այստեղ շատ ավելի բարդ է։ Ցանկանում եմ խաղալ ու օգտակար լինել հավաքականին։

Ադամյանը 2014 թվականի մարտին 3 րոպե անցկացրեց խաղադաշտում Ռուսաստանի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը, ինչից հետո տևական ժամանակ անուշադրության մատնվեց։ Այդ ժամանակ հավաքականում մրցակցությունն առավելապես հարձակման գծում ահռելի մեծ էր։ Ադամյանի համար, հանդես գալով Գերմանիայի ցածր լիգաներում, գործնականում անհնար էր մրցակցել Յուրա Մովսիսյանի, Արթուր Սարկիսովի, Արաս Օզբիլիսի, Մարկոսի, Գևորգ Ղազարյանի և մյուսների հետ։

Վերադառնանք ակումբային կարիերային, որտեղ Սարգիսի համար բեկումնային դարձավ 2016/17թթ․ մրցաշրջանը։ Ադամյանին հիմնականում վստահվում էր հարձակման կենտրոնը, և հայ տղան հերթով «ռմբակոծում» էր բոլորի դարպասները։ Նա անցկացրած 33 խաղում իր հաշվին գրանցեց 16 գոլ և 5 արդյունավետ փոխանցում՝ ճանաչվելով 4-րդ Բունդեսլիգայի տվյալ գոտու 3-րդ լավագույն ռմբարկու։

Հայաստանում այս ընթացքում հիշեցին Ադամյանի մասին՝ նրա հավանական վերադարձի թեմայով հարց ուղղելով այդ ժամանակվա գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին։ Վերջինս նախ չմտաբերեց այդ ֆուտբոլիստին, ապա պարզաբանեց նրա խաղին չհետևելու պատճառը։

Պետրոսյանն այս խոսքերից 5 ամիս անց Ադամյանին հրավիրեց հավաքական, երբ վերջինս ազգային ընտրանու ճամբարում չէր եղել ավելի քան 3 տարի։ Ինչպես գյումրեցի մասնագետն էր ասում, Սարգիսը «բարձրացավ», ընդ որում՝ 2 քայլ։ Հայ ֆուտբոլիստը, որը «Շտայնբախի» կազմում անցկացրած 47 մրցավեճում դարձել էր 23 գոլի ու 9 արդյունավետ փոխանցման հեղինակ, համալրեց 2-րդ Բունդեսլիգայի նորեկ «Յան Ռեգենսբուրգի» շարքերը՝ կնքելով 2 տարվա պայմանագիր։ «Շտայնբախի» մարզական տնօրենն ասաց․

Սա մեծ կորուստ է մեզ համար, բայց Սարգիսն արդեն հասունացել է և պատրաստ է ավելի բարձրակարգ առաջնությունում հանդես գալու համար. մենք դա հասկանում ենք։

Սա ֆանտաստիկ որոշում էր Ադամյանի համար, ինչու ոչ՝ նաև «Յան Ռեգենսբուրգի»։ Վերջինս համալրվեց մեծ ունիվերսալով, որն այստեղ շատ ավելի հաճախ խաղում է որպես ձախ/աջ ենթահարձակվող, թեև կարող է փակել նաև հարձակման կենտրոնը։ «Յան Ռեգենսբուրգի» մարզիչները նրան պարզապես «փայփայում» են, քանի որ Սարգիսը խաղադաշտում ահռելի մեծ ծավալի աշխատանք է կատարում, հաջողությամբ օգնում է պաշտպաններին։ Նրա գլխավոր զենքն են դարձել եզրից սուր և կտրող փոխանցումները, մեկը մեկի դեմ պայքարում մրցակիցներին ապակողմնորոշելը։

«Յան Ռեգենսբուրգը» նախորդ մրցաշրջանում մինչև վերջ մաքառեց 1-ին Բունդեսլիգայի ուղեգրի համար, սակայն երթի վերջնամասում պայքարը տանուլ տվեց՝ հանգրվանելով 5-րդ տեղում։ Ադամյանը 5 անգամ գրավեց մրցակիցների դարպասները, բայց անփոխարինելի խաղացող էր իր թիմի համար։ Նա խաղադաշտ դուրս եկավ 34 խաղից 33-ում՝ 32 դեպքում լինելով մեկնարկային կազմում․․․

Դե իսկ ընթացիկ մրցաշրջանում ամեն ինչ առավել քան տեսանելի է․ մասնակցել է 26 խաղից 25-ին և բոլոր դեպքերում էլ եղել է հիմնական կազմում։ Առաջնության ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկն է՝ 10 գոլ, 7 գոլային փոխանցում։ Լիարժեք ամրապնդվել է նաև հավաքականում, որի լեգեոներներից շատերը, Ադամյանի վիճակագրության համեմատությամբ, հիմնականում չնչին դերեր ունեն իրենց ակումբներում։

Ես շատ բան եմ սովորում՝ մարզվելով Մխիթարյանի կողքին։ Նա միշտ հանգիստ է աշխատում գնդակի հետ և նրա տեխնիկան ապշեցուցիչ է։ Հենրիխը որպես անձնավորություն շատ բաց է, պատրաստ օգնելու և շատ նորմալ տղա է։

Իհարկե, դժվար կլինի Մխիթարյանի պես փայլել 1-ին Բունդեսլիգայում, բայց փաստ է, որ գերմանական մամուլն ավելի ու ավելի հաճախ է խոսում Ադամյանի մասին։ Այդ խոսակցությունները թափ առան «Յան Ռեգենսբուրգի»՝ հեղինակավոր «Համբուրգի» նկատմամբ 5-0 հաշվով հաղթանակից հետո, որում հայ խաղացողը հեթ-տրիք ձևակերպեց։ Գերմանական պարբերականներից մեկը գրեց․

Պարո՛ն Ադամյան, Դուք պատրաստվում եք մնա՞լ «Յան Ռեգենսբուրգում»․․․ Ադամյանը ոչ միայն այս խաղում, այլև մրցաշրջանում իր ելույթների շնորհիվ սկսել է հետաքրքրել հայտնի մի քանի ակումբների։ Նրա պայմանագիրը գործում է մինչև 2021 թվականը, բայց ակումբներն արդեն սկսել են թակել Սարգիսի դուռը։ 2-րդ Բունդեսլիգան չպետք է վերջնական հանգրվան լինի 25-ամյա այս ֆուտբոլիստի համար։ Ադամյանը թիրախային ֆուտբոլիստ է գլխավոր Բունդեսլիգայում։

Ադամյանը նույնպես տպավորված էր այդ հրաշալի խաղից, և դրա համար մեկ այլ պատճառ էլ կար․

Դա շատ յուրահատուկ հանդիպում էր ինձ համար։ Ընտանիքս հենց Համբուրգ քաղաքից է և ներկա էր խաղին։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ մենք 5-0 հաշվով կհաղթենք «Համբուրգին»։ Հիանալի փորձ էր։

Ֆուտբոլիստն ապագայի հարցում որևէ շտապողականություն չունի։ Համենայն դեպս, հարցազրույցների ժամանակ դուրս չի գալիս այն ընդունված ձևաչափից, որ նման դեպքերում կիրառվում է ֆուտբոլիստների շրջանում։

Ինձ Ռեգենսբուրգում շատ լավ եմ զգում ընկերուհուս հետ միասին։ Այս ակումբին լավ ապագա է սպասվում։

Ամեն ինչ Ադամյանի ձեռքերում (կամ ոտքերում) է։ Գերմանիայում կարևոր ֆուտբոլիստ լինելու համար պետք է չափից դուրս կարգապահ լինես խաղադաշտում, ամբողջությամբ նվիրվես թիմին։ Այնտեղ անհատ դրիբլյորները տեղ չունեն։ Ադամյանը, թվում է, լիովին տեղավորվում է գերմանական այս փիլիսոփայության մեջ։ Արտասահմանում մեր ֆուտբոլիստների մեկումեջ պոռթկումների ֆոնին Սարգիս Ադամյանի կայուն խաղը հույս է տալիս, որ Հայաստանում 1-ին Բունդեսլիգան շուտով կրկին դառնալու է թոփ-թեմա։

Արման Աբելյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Սարգիս Ադամյանը՝ գոլային փոխանցման հեղինակ․ «Ռեգենսբուրգը» բացեց խաղի հաշիվը

Արկադի Անդրեասյան․ «Լսել եմ՝ Գյուլբուդաղյանցին Մխիթարյանի ասելով են նշանակել հավաքականի մարզիչ» (տեսանյութ)

«Հայաստանից Տաջիկստան տեղափոխվելը հետքայլ չեմ համարում»․ Ռուսլան Կորյանը՝ նոր ակումբի և հավաքականի մասին

«Դիեգո Ռոսի Մարաշլյանի հարցը այս պահին փակ է». Արմեն Մելիքբեկյան

Հավաքականի 3 անդամ գոլ խփեց, Հարոյանն էլ հիշեցրեց իր մասին․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

«Յան Ռեգենսբուրգը» ոչ-ոքի խաղաց, Սարգիս Ադամյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Սարգիս Ադամյանը կրկին դարձավ գոլի հեղինակ՝ հավասարեցնելով հաշիվը (տեսանյութ)

Սարգիս «Ադամանդի» 8-րդ «ասիստը», Ղազարյանը վերջապես խաղաց․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

«Փյունիկ» – «Լոռի» հանդիպումն ընդհատվեց երկրպագուների ակցիայի հետևանքով (տեսանյութ)

Սարգիս Ադամյանի «մկրատ» գոլային փոխանցումը և «Յան Ռեգենսբուրգի» հաղթանակը (տեսանյութ)

Արթուր Վանեցյան. «Ազգային հավաքականի գլխավոր մարզչի փոփոխություն չի նախատեսվում» (տեսանյութ)

Արամ Հայրապետյան. Մոռացված տղայից մինչև հավաքականի փրկիչ (տեսանյութ)

Հավաքականի անդամների մի մասը խաղում է, մյուս մասը՝ «նստում»․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

«Յան Ռեգենսբուրգը» ոչ-ոքի է խաղացել, Սարգիս Ադամյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը

Ինչո՞ւ եք զայրանում, հավաքականի առջև որևէ խնդիր դրված չէ

ՖԱՖ-ի երթը՝ Հայաստան – Ֆինլանդիա խաղից առաջ (տեսանյութ)