fbpx

«Վիզ դրեցինք» և պարտվեցինք, իսկ նրանց կարգն էլ բավական էր հաղթելու համար․ Հայաստանի հավաքականի խաղի հետքերով

Ահռելի մեծ վստահություն սեփական ուժերի նկատմամբ և ֆուտբոլիստների անհատական բարձր վարպետություն․ ահա այս գործոններն էին որոշիչ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի համար Հայաստանի ընտրանուն հաղթելու գործում։ Խաղին անդրադառնանք ավելի մանրամասն։

Արմեն Գյուլբուդաղյանցի մարտավարությունը շատ հստակ էր։ Մեր ընտրանու գլխավոր մարզիչը մրցակցից առաջին 15-20 րոպեում մեծ ճնշում էր ակնկալում, ուստի պաշտպանվելիս տեսնում էինք 4-4-2 կամ 4-4-1-1 տակտիկան՝ առջևում Հենրիխ Մխիթարյանի և Ալեքսանդր Կարապետյանի մասնակցությամբ։ Բայց բոսնիացիներն անակնկալի բերեցին։ Ռոբերտ Պրոսինեչկիի գլխավորած թիմը ոչ միայն նախահարձակ չեղավ, այլև համարյա ընդհանրապես ճնշում չգործադրեց՝ կարծես վստահ լինելով, որ գոլը դեռ գալու է։

Մեկնարկային այդ հատվածը հաջողությամբ հաղթահարեցինք, բայց եթե տանտերերն իսկապես արագ գոլ խփելու նպատակ ունենային, միգուցե չդիմանայինք։ Նման ճնշող մթնոլորտի պարագայում ավելորդ լարվածություն կար հատկապես այն խաղացողների մոտ, որոնք ներկայացնում են հայկական ակումբներ։ Դա առավելապես նկատելի էր Գագիկ Դաղբաշյանի ու Արտակ Գրիգորյանի պարագայում, և ինչ-որ տեղ նորմալ է, որ այդպես է։ Բարձրագույն խմբի խաղերի ժամանակ նման շիկացած մթնոլորտ երբեք չի լինում։

Գիտեինք մրցակցի ուժեղ կողմը, բայց․․․

Բոսնիացիների ստանդարտների վտանգավորությանը տղաները պատրաստ էին, բայց դեմն առնելը բարդ էր։ Մխիթարյանը փորձում էր հնարավորինս զրկել գնդակից Պյանիչին, թեև դա ոչ միշտ էր ստացվում։ Հենակետայիններ Գրիգորյանը և Կառլեն Մկրտչյանը հավաքականում միասին առաջին անգամ էին հայտնվել մեկնարկային կազմում։ Առաջին խաղակեսում կոպիտ սխալներ, որպես այդպիսին, չկային։

Մրցակիցը շատ հնարամիտ էր գործում անկյունայինների ժամանակ։ Ջեկոյի անմիջապես առջևում միշտ հայտնվում էր բոսնիացի խաղացողներից որևէ մեկը և մեր ֆուտբոլիստներին պարզապես թույլ չէր տալիս փակելու «Ռոմայի» հարձակվողին։ Վերջինս այդպես կարողանում էր անկյունայինի իրացումներից հետո բացվել որևէ կողմ ու լարվածություն առաջացնել տուգանային հրապարակում։

Ընդ որում, բոսնիացիները «նախազգուշացրին», ապա նոր դարձան գոլի հեղինակ։ Ջեկոյի՝ անկյունայինի խաղարկմանը հաջորդած հարվածից հետո գնդակը հրաշքով չհայտնվեց դարպասում, անդրադարձ եղավ Վարազդատ Հարոյանից։ Հաջորդ իսկ րոպեին եղավ ևս մեկ անկյունային, ու հաշիվը բացվեց։ Ֆանտաստիկ խաղ անցկացրած Արամ Հայրապետյանը կարծես իր մոտ կանչեց Մկրտչյանին, վերջինս բաց թողեց Ռադե Կրունիչին, և հենց այդ պահին էլ իրացվեց անկյունայինը։ Բոսնիացին բարդ դիրքից փայլուն հարված կատարեց ու բացեց հաշիվը։

Բոսնիացիները կարող էին պատժվել իրենց մտածելակերպի համար

Արմեն Գյուլբուդաղյանցն ամենալայնածավալ աշխատանքի բեռը դրել էր Գևորգ Ղազարյանի վրա։ Ձախ պաշտպան Գագիկ Դաղբաշյանն ամբողջ խաղի ընթացքում ոչ մի անգամ չմիացավ գրոհներին, թեև սովորաբար անում է հակառակը։ Նրան հրահանգ էր տրվել չլքել խաղային դիրքը, իսկ գրոհները զարգանում էին Կամո Հովհաննիսյանի աջ եզրով։ Դաղբաշյանը մրցակցի առաջխաղացման ժամանակ դառնում էր 3-րդ կենտրոնական պաշտպանը, իսկ նրա գոտին փակելու կամ Գագիկին օգնելու համար պարտավոր էր նահանջել Ղազարյանը։

Դա հետաքրքիր մտահղացում էր, բայց չհաջողեց։ Եկեք արդար գտնվենք, այսօր Ղազարյանը ֆիզիկական առումով պատրաստ չէ նման ծավալի աշխատանք կատարելու։ Մրցակիցը շատ հաճախ հենց ձախ եզրից էր գրոհում և ամեն անգամ ինչ-որ բան քաղել է գրոհներից․ կա՛մ հետևել է փոխանցում դեպի տուգանային հրապարակ, կա՛մ վաստակել են անկյունայինի իրավունք։ Դաղբաշյանն էլ, որը սովոր է միշտ միանալ գրոհներին, իրեն անհարմարավետ էր զգում նոր գործառույթ կատարելիս։

Խաղին նախորդած օրերին յուրատեսակ հանգստություն էր նկատվում մրցակցի ճամբարում։ Շարքային երկրպագուները նույնպես կասկած չունեին, որ իրենց թիմը հաղթելու է։ Առաջին խաղակեսն էլ ցույց տվեց, որ այս ընտրանին առանց որևէ շտապողականության հասնում է արդյունքի։ Սակայն «մազ էր մնացել», որ նման վերաբերմունքը չարկատակ խաղար դաշտի տերերի հետ։

Երկրորդ խաղակեսի մեկնարկային 5 րոպեն անցավ, և մեր հավաքականը բացվեց։ Ղազարյանն արդեն փոքր-ինչ մոռացել էր պաշտպանողական գործառույթի մասին և անչափ ակտիվ էր իր եզրում։ Բոսնիացիներին իրենց ինքնավստահության համար պատժելու լավագույն առիթը Մխիթարյանի դրվագն էր։ Էդգար Բաբայանը շատ լավ դիրքում էր և կարելի էր նրան փոխանցել գնդակը, թեև այդ դեպքում էլ երաշխավորված չէր, որ գոլ կլիներ։ Հենրիխն իր ստացած դիրքից հաճախ է դիպուկ հարվածներ կատարել, բայց սա այդ դեպքը չէր։

Հաղթում է նա, ով օգտվում է մյուսի սխալներից

Ի դեպ, մեր ավագի մասին։ Մխիթարյանը բացառիկ նվիրվածությամբ հանդես եկավ։ Միայն թե խաղադաշտում հաճախ է «կարոտում» «Արսենալի» բարձրակարգ թիմակիցներին։ Պարզ զգացվում է, որ Հենրիխը խաղադաշտում ավելի արագ է կայացնում որոշումներ, «կարդում» իրավիճակները, քան թիմակիցները։ Տարիներ առաջ այս առումով հեշտ էր Մարկոսի, Արաս Օզբիլիսի կամ Յուրա Մովսիսյանի հետ խաղալը, քանի որ տվյալ պահին խաղամակարդակների տարբերությունն ահռելի չէր։ Վերջին տարիներին միայն Մարկոսն էր պահպանում նշաձողը։

Միանշանակ է, որ Գյուլբուդաղյանցը փոփոխություններով ազդեց խաղի ընթացքի վրա, նկատվեց աշխուժություն հատկապես Բալեկյանի կողմից։ Կարապետյանի համար 60-65 րոպե խաղալը «ծովից ծով» էր, ֆիզիկապես այլևս չէր դիմանում։ «Կորած-մոլորված» Սարգիս Ադամյանի փոխարեն Էդգար Բաբայանին խաղադաշտ մտցնելն էական փոփոխություն մտցրեց դասավորությունում։ Ղազարյանը գնաց աջ եզր, Բաբայանը տեղավորվեց ձախում։ Նա այդտեղ շատ ավելի քիչ էր օգնության հասնում Դաղբաշյանին, քան անում էր Գևորգը։

Այս անգամ էլ մրցակիցը գոլ խփելուց առաջ մի «չաղլիկ» ազդանշան տվեց։ Դարպասաձողին հարվածը և Արամ Հայրապետյանի փրկությունները պետք է հուշեին, որ բոսնիացիները մեր փոքրիկ ճնշումից զգաստացել են։

Այս անգամ ընդգծվեց Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի խաղացողների անհատական վարպետությունը։ Նրանք երկրորդ գոլի դրվագում հմտորեն օգտվեցին Գրիգորյանի կոպիտ սխալից և եզրից փոխանցումը վերածեցին գոլի։ Դաղբաշյանը քիչ ավելի ձախ էր կանգնած եզրային նետման ժամանակ, և նա ինչպե՞ս պատկերացներ, որ «Ալաշկերտում» իր թիմակիցը գնդակը «կնվիրի» մրցակցին։ Նման մակարդակի խաղերում վճռորոշ են դառնում հենց այդպիսի վրիպումները։

Ի դեպ, հեռարձակումից դուրս է մնացել, որ Գյուլբուդաղյանցն Օզբիլիսին նախատեսել էր փոխարինման մտցնել դեռ 0-1 հաշվի ժամանակ։ Բայց, «թարսի պես», մինչ Արասը կարգի էր բերում հանդերձանքը, մրցակիցը կրկնապատկեց հաշիվը, և միայն դրանից հետո Օզբիլիսը խաղադաշտ մտավ Ղազարյանի փոխարեն։ Հետո կրճատեցինք հաշվի տարբերությունը, բայց արդեն ուշ էր միավորի հույսեր փայփայելու համար։

Մի քանի հետևություններ՝

  • Մեր հավաքականում ամենալավ տպավորությունը թողեցին Արամ Հայրապետյանը, Անդրե Չալըշըրը (բավականին լավ դիմագրավեց Էդին Ջեկոյին) և, իհարկե, Հենրիխ Մխիթարյանը։ Որոշ վերապահումներով միգուցե առանձնացնենք նաև Կամո Հովհաննիսյանին։
  • Մարզչական ձեռագիրը նկատելի էր, գործողությունները՝ հասկանալի։ Առաջին 2 փոփոխությունները հասան նպատակին, բայց Օզբիլիսին Ղազարյանի փոխարեն պետք էր ավելի շուտ դուրս բերել խաղադաշտ։ Գլխավոր մարզիչը խաղից առաջ ասաց, որ Արասը լավ մարզավիճակում է, իսկ մրցավեճի ավարտից հետո նշեց՝ նրան ուշ պայքարի նետելը տակտիկական քայլ էր։ Օզբիլիսն այն տղան է, որ կարող էր 20 րոպեում կարևոր հարցեր լուծել խաղադաշտում։

  • Գյուլբուդաղյանցն ավելորդ վստահություն ունի Գևորգ Ղազարյանի և Կառլեն Մկրտչյանի նկատմամբ։ Հայ մասնագետը ժամանակին ահռելի մեծ ազդեցություն է ունեցել այս տղաների կարիերայի ու զարգացման գործում, բայց հիմա պետք է կտրուկ լինել նաև նրանց նկատմամբ։ Ղազարյանը ներկայիս մարզավիճակով պատրաստ չէր անընդհատ վերուվար անել իր եզրով, ինչից էլ խոտան առաջացավ, իսկ Մկրտչյանը նույնիսկ «Փյունիկում» Բարձրագույն խմբի հանդիպումներում 90 րոպե չի խաղում։ Կառլենն ամենաշատ տարածություն հաղթահարած ֆուտբոլիստն է եղել մեր հավաքականում, սակայն դա որակի մասին դեռ չի խոսում։ Մկրտչյանը հաճախ էր ուշանում կամ կորցնում դիրքը։
  • Բոսնիացիները քիչ պահեր ստեղծեցին, բայց հաղթեցին․ սա բարձր կարգի նշան է։ Նրանք սառնասիրտ էին ու իրենց ուժերին վստահ։ Խաղի թելը կորցրել էին երկրորդ խաղակեսի մեկնարկային 10-15 րոպեի ընթացքում, բայց մենք այդ «թելը» վերցրինք ու կրկին տվեցինք նրանց ձեռքը։ Բացի այդ, այդ ընտրանու լեգեոներներից շատերը թոփ-առաջնություններում են խաղում, կար խաղամակարդակների տարբերություն։

  • Գյուլբուդաղյանցը, որը միշտ հայտնի է եղել երիտասարդ ֆուտբոլիստների նկատմամբ իր վստահությամբ, շարունակում է ռիսկի չդիմել այդ առումով։ Ալիկ Առաքելյանին հայտացուցակից դուրս թողնելն անսպասելի որոշում էր։ Ոչ ոք չի սպասում, որ մենք ԵՎՐՈ-ի եզրափակիչ փուլ ենք դուրս գալու, ուստի պետք է երիտասարդ խաղացողներին գոնե որոշակի խաղաժամանակ տալ։ Նրանք անպայման կոգևորվեն։ Հավաքականի մեկնարկային կազմում 11 ֆուտբոլիստից 8-ի տարիքը տատանվում է 28-32-ի միջև։ Ժամանակակից ֆուտբոլի տեմպերի պարագայում սա շատ բարձր տարիք է։ Երբ Գյուլբուդաղյանցը գլխավորեց հավաքականը, բոլորը համակարծիք էին՝ էլ ո՞վ, եթե ոչ այս մասնագետը պետք է թարմություն հաղորդի ընտրանու կազմին։
  • Եվ թերևս ամենակարևորը․ Վարազդատ Հարոյանն ու Կամո Հովհաննիսյանը խաղից հետո խոսեցին հավատի պակասի մասին, որ կարող ենք հաղթանակ տոնել նման մրցակիցների նկատմամբ։ Հոգեբանությունը ֆուտբոլում ամենակարևորն է։ Մենք, իհարկե, չունենք հաղթողի հոգեբանություն, և փաստ է, որ ներքին վախով ենք մոտենում համարյա յուրաքանչյուր երկրի հավաքականի հետ խաղին։ Դա նկատել ենք նաև Մ17, Մ18, Մ19 և Մ21 ընտրանիներում։ Սա շատ խորքային հարց է, որը կապված է ոչ թե կոնկրետ ֆուտբոլիստների, այլ ազգային մտածողության հետ։ Այդ հոգեբանությունն արմատախիլ անելու համար երևի թե տարիներ/տասնամյակներ են պետք։

Արման Աբելյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ռումյան Հովսեփյան․ «Մոտ օրերս նորություններ կլինեն»

Դավիթ Մանոյանը՝ «Ռաբոտնիչկիից» հեռանալու պատճառների մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին

Ռոբերտ Արզումանյան․ «Հավաքականի համար վերջին հաղթանակները շատ կարևոր էին հատկապես հոգեբանական առումով»

«Հիմա Հայաստանի հավաքականից պետք է ավելին պահանջել»․ Դել Բոսկեն պատասխանեց հայ լրագրողների հարցերին

Մխիթարյանի ու Բեթիի հարսանեկան պարը՝ հանրահայտ Ալ Բանոյի կատարման ներքո (տեսանյութ)

Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել իր և Բեթիի պսակադրությունից (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի պսակադրությունը (լուսանկարներ)

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է (լուսանկար)

Վարդան Մինասյան. «Ազգային հավաքականի ֆուտբոլիստների աչքերում կրկին «կրակ» կար» (տեսանյութ)

Ալեքսանդր Կարապետյան. «Ռասինգի» հետ պայմանագիր չեմ կնքել»

Ֆուտբոլիստ նաև մեր թիմից. ԵՎՐՈ 2020-ի 3-4-րդ տուրերի խորհրդանշական հավաքականն ըստ Vivaro Fantasy-ի (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը բարձրացել է 9 հորիզոնականով ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է, Ադամյանինը՝ զգալիորեն բարձրացել

Տիգրան Բարսեղյան. «Հաջողություն էր, որովհետև բոլորս հավատում էինք» (տեսանյութ)

Մեկ բառով՝ ուրախություն. ՀՖՖ-ն բացառիկ կադրեր է ներկայացրել (տեսանյութ)