fbpx
Բաժիններ

Հայկական 13 թիմում խաղացած ֆուտբոլիստը, 15-ամյա չեմպիոն Մանուչարյանը և այլ բացառիկ ռեկորդներ․ ՄԱՍ 2

VNews.am-ը ֆուտբոլասերներին ներկայացրել էր ՀՀ առաջնությունների մասնակիցների սահմանած անհատական բացառիկ ռեկորդների առաջին մասը: Այսօր կանդրադառնանք անհատական ռեկորդների եզրափակիչ՝ 2-րդ մասին:

Պաշտոնական մրցումներում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրը Սարգիս Հովսեփյանն է, ով «Փյունիկում» և Հայաստանի ազգային հավաքականում ընդհանուր առմամբ 605 հանդիպման է մասնակցել: Հովսեփյանին է պատկանում նաև պաշտոնական մրցումներում միևնույն թիմի կազմում անցկացրած խաղերի քանակով ռեկորդը: Նա «Փյունիկի» կազմում 473 խաղի է մասնակցել: Այդ խաղերից 365-ը Հովսեփյանն անցկացրել է բարձրագույն խմբում, 66-ը՝ ՀՀ գավաթի, 3-ը՝ Սուպերգավաթի, 26-ը՝ եվրագավաթների, 13-ը՝ «Համագործակցության գավաթի» խաղարկություններում: Հովսեփյանի ցուցանիշը դեռ երկար ժամանակ անգերազանցելի կմնա: Գործող ֆուտբոլիստներից լավագույն արդյունքն ունի 38-ամյա Գևորգ Կասպարովը՝ 444 խաղ:

ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով յուրօրինակ ռեկորդակիրը Հովհաննես Թահմազյանն է, ով «Շիրակում» և «Միկայում» ընդհանուր առմամբ 461 հանդիպման է մասնակցել: Նա Հայաստանի առաջին 20 առաջնությունների միակ անփոփոխ մասնակիցն է: Թահմազյանին է պատկանում նաև միևնույն թիմի կազմում ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով ռեկորդային ցուցանիշը: Նա «Շիրակի» կազմում Բարձրագույն խմբում 378 խաղ է անցկացրել: Գործող ֆուտբոլիստներից իր ներկայիս տեմպերով Թահմազյանի ռեկորդը կարող է գերազանցել 23-ամյա փյունիկցի Ալիկ Առաքելյանը, ով Բարձրագույն խմբում 154 խաղ է անցկացրել: Ռեկորդակիր դառնալու համար նրանից առնվազն 11 մրցաշրջան կպահանջվի:

Բոլորից երկար՝ 20 մրցաշրջան Հայաստանի առաջնություններում հանդես են եկել Հովհաննես Թահմազյանը (1992-2011թթ.) և Գևորգ Կասպարովը (1997-2002, 2004-2006, 2008-2019թթ.):

Դարպասապահներից պաշտոնական մրցումներում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրը Գևորգ Կասպարովն է, ով 444 խաղի է մասնակցել: Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի քանակով էլ (327) Կասպարովի ցուցանիշը ռեկորդային է դարպասապահների մեջ: Նա ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունների մասնակից միակ դարպասապահն է, ով հատել է 300 խաղի սահմանագիծը:

ՀՀ առաջնություններում միևնույն թիմի դարպասը բոլորից հաճախ՝ 261 անգամ պաշտպանել է «Շիրակի» դարպասապահ Ռայմոնդ Զադուրյանը:

Լեգեոնականներից պաշտոնական մրցումներում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրը «Միկայի» բրազիլացի պաշտպան Ալեքս Էնրիկե դա Սիլվան է՝ 297: Նա նաև ՀՀ առաջնություններում բոլորից շատ հանդիպումների մասնակցած լեգեոնականն է՝ 230:

Այլազգի դարպասապահներից ռեկորդակիրը ռուսաստանցի Անատոլի Այվազովն է, ով Բարձրագույն խմբում 96 խաղ է անցկացրել:

Մեկ մրցաշրջանում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրներն են փյունիկցի Կամո Հովհաննիսյանը և «Միկայի» կիսապաշտպան Վարդգես Սաթումյանը, որոնք 2012/13թթ. առաջնությունում մասնակցել են բոլոր 42 հանդիպումներին:

«Ղարաբաղի» կիսապաշտպան Սասուն Սարգսյանը 1993թ. մայիսի 20-ին «Ցեմենտի» հետ խաղից մինչև 1999թ. հուլիսի 5-ին «Գյումրիի» հետ կայացած խաղն անընդմեջ մասնակցել է թիմի անցկացրած առաջնության բոլոր 154 հանդիպումներին:

Փյունիկցի Արթուր Յուսպաշյանը 2009թ. նոյեմբերի 1-ից մինչև 2012թ. հուլիսի 29-ն ընկած ժամանակահատվածում առանց փոխարինման, անընդմեջ մասնակցել է թիմի անցկացրած առաջնության բոլոր 72 հանդիպումներին:

Բարձրագույն խմբում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը «Լոռիի» խաղացող Կորյուն Բաբայանն է, ով նորամուտը նշել է 14 տարեկան 239 օրականում՝ 2001թ. հուլիսի 1-ին մասնակցելով «Դինամոյի» հետ հանդիպմանը:

Իսկ ամենատարեց ֆուտբոլիստն Ազատ Մանգասարյանն է, ով իր վերջին հանդիպումը ՀՀ առաջնություններում անցկացրել է 46 տարեկան 119 օրականում՝ 1994թ. մայիսի 5-ին Գորիսի «Զանգեզուրի» կազմում մասնակցելով «Լոռիի» հետ մրցավեճին:

Ամենաերիտասարդ դարպասապահը կամերունցի Ապուլա Բետեն է, ով 2002թ. հուլիսի 10-ին Կապանի «Լեռնագործի» հետ խաղում 16 տարեկան 23 օրականում նորամուտն է նշել «Փյունիկում»:

Ամենատարեց դարպասապահը Ռոբերտ Պալյանն է, ով իր վերջին հանդիպումը ՀՀ առաջնություններում անցկացրել է 40 տարեկան 94 օրականում՝ 1992թ. նոյեմբերի 4-ին ՀՄՄ-ՖԻՄԱ-ի հետ կայացած խաղում պաշտպանելով «Կանազի» դարպասը:

Ամենաերիտասարդ լեգեոնականը կամերունցի Բալեպ Բա Նդումբուկն է, ով 2003թ. մայիսի 31-ին Կապանի «Լեռնագործի» հետ կայացած խաղում «Փյունիկի» կազմում նորամուտը նշել է 15 տարեկան 219 օրականում:

Ամենատարեց լեգեոնականը «Միկայի» ռուս պաշտպան Սերգեյ Գոռլուկովիչն է, ով 2002թ. մայիսի 5-ին «Շիրակի» հետ կայացած խաղում 40 տարեկան 168 օրական էր:

Ամենատարեց այլազգի դարպասապահը վրացի Սոսո Գրիշիկաշվիլին է, ով 2010թ. հունիսի 19-ին «Գանձասարի» հետ խաղում «Միկայի» դարպասը պաշտպանել է 36 տարեկան 176 օրականում:

Հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը Հովհաննես Թահմազյանն է, ով «Շիրակի» և «Միկայի» կազմերում ընդհանուր առմամբ արժանացել է 19 տիտղոսի: Թահմազյանը 3 անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, 7 անգամ դարձել է արծաթե, 3 անգամ՝ բրոնզե մրցանակակիր, 2 անգամ պատվո շրջան է կատարել ՀՀ գավաթով, 4 անգամ՝ Սուպերգավաթով: Նա նաև ՀՀ առաջնությունների ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է՝ 13 անգամ դառնալով մրցանակակիր:

Առավել հաճախակի՝ 10 անգամ չեմպիոնի տիտղոսին է արժանացել «Փյունիկի» նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը: Նա 7 տարի շարունակ (2004-2010թթ.) դարձել է Հայաստանի չեմպիոն, ինչը ևս ռեկորդային արդյունք է: Հովսեփյանը չեմպիոնի տիտղոսին արժանացած ամենատարեց ֆուտբոլիստն է: 2010թ. նա ոսկե մեդալի է արժանացել 38 տարեկանում:

Հայաստանի ամենաերիտասարդ չեմպիոնը 15-ամյա Էդգար Մանուչարյանն է, ով 2002թ. «Փյունիկում» իր առաջին պարգևն է ստացել:

Հայկական ակումբները գլխավորած մարզիչներից ամենատիտղոսակիրն Անդրանիկ Ադամյանն է: 1992-2004թթ. անփոփոխ գլխավորելով «Շիրակը»՝ Ադամյանն իր սաների հետ 13 տիտղոս է նվաճել: Նրա գլխավորությամբ «Շիրակը» 3 անգամ հռչակվել է երկրի չեմպիոն, 5 անգամ դարձել է արծաթե, 2 անգամ՝ բրոնզե մրցանակակիր, 3 անգամ էլ պատվո շրջան է կատարել Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթով: Անդրանիկ Ադամյանը նաև ՀՀ առաջնությունների ամենատիտղոսակիր մարզիչն է՝ «Շիրակին» 10 անգամ դարձնելով մրցանակակիր:

Առավել հաճախ՝ 4 անգամ (2004, 2008-2010թթ.) իր գլխավորած թիմին՝ «Փյունիկին» չեմպիոնական բարձունքի է հասցրել Վարդան Մինասյանը:

Բոլորից հաճախ՝ 8 անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն է արժանացել Հենրիխ Մխիթարյանը: Նա միակն է, ով դափնեկիր է դարձել 7 տարի շարունակ (2011-2017թթ.):

Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացած ամենատարեց ֆուտբոլիստը Սարգիս Հովսեփյանն է, ով 2008թ. մրցանակը ստացել է 36 տարեկանում:

Լավագույնի տիտղոսին արժանացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Էդգար Մանուչարյանն է, ով 2004թ. 17 տարեկանում է դափնեկիր դարձել:

Թիմից թիմ տեղափոխությունների քանակով յուրօրինակ ռեկորդակիրը Հայկ Նարիմանյանն է: ՀՀ Բարձրագույն խմբի առաջնություններում Նարիմանյանը հասցրել է 1995-2006թթ. կրել 13 թիմերի («Կոտայք-2», «Երևան», «Կոտայք», «Էրեբունի-ՀՄՄ», «Ղարաբաղ», «Զվարթնոց», «Սպարտակ», «Բանանց», «Արաքս», «Միկա», «Արարատ», «Լեռնագործ» Երևան, «Ուլիս») մարզաշապիկները՝ ընդհանուր առմամբ անցկացնելով ընդամենը 192 խաղ: Առավել երկար՝ երկու մրցաշրջան (1999-2000թթ.) նա հանդես է եկել «Զվարթնոցում»՝ մասնակցելով առաջնության 40 խաղի:

ՀՀ առաջնություններում դարպասն անառիկ պահած խաղերի քանակով ռեկորդակիրը Գևորգ Կասպարովն է, ով անցկացրած 327 հանդիպումներից 117-ում գոլ բաց չի թողել:

Մեկ մրցաշրջանում դարպասն առավել հաճախ անառիկ է պահել շիրակցի Արթուր Հովհաննիսյանը, ով 1992թ. առաջնության 30 խաղերից 21-ում գոլ բաց չի թողել: Նրան է պատկանում նաև առաջնության մեկնարկից դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով (681) ռեկորդային ցուցանիշը, որ գրանցվել է 1992թ.:

2002թ. «Շիրակի» դարպասապահ Ռայմոնդ Զադուրյանը 755 րոպե շարունակ դարպասն անառիկ է պահել:

Մեկ մրցաշրջանում բոլորից հուսալի է գործել «Փյունիկի» դարպասապահ Արմեն Ավագյանը, ով 1996/97թթ. առաջնությունում միջինը մեկ խաղում բաց է թողել ընդամենը 0,29 գոլ (5 գոլ 17 խաղում):

ՀՀ առաջնություններում միջինը մեկ խաղում բաց թողած գոլերի քանակով լավագույն արդյունքն ունի Ապուլա Բետեն: Նա 2002-2005թթ. «Փյունիկի» կազմում անցկացրած 58 խաղում բաց է թողել 31 գոլ կամ միջինը մեկ խաղում՝ 0,53 գնդակ:

Յուրօրինակ ռեկորդակիր է «Արարատի» նախկին դարպասապահ Արմեն Պետրոսյանը, ով 12 խաղում հանդես է եկել որպես դաշտային ֆուտբոլիստ ու դարձել է 4 գոլի հեղինակ:

Մեկ մրցաշրջանում դարպասն անառիկ պահած խաղերի քանակով առավել հաճախ՝ 6 անգամ (1993, 1994, 1995, 1998, 1999, 2001թթ.) առաջնության ամենահուսալի դարպասապահ է ճանաչվել Հարություն Աբրահամյանը:

Մեկ մրցաշրջանում անխոցելիության գործակցով (միջինը մեկ խաղում բաց թողած գոլերի քանակով) առավել հաճախ՝ 3-ական անգամ առաջնության ամենահուսալի դարպասապահ են ճանաչվել «Միկայի» դարպասի նախկին պահապան Ֆելիքս Հակոբյանը (2001, 2006, 2007թթ.) և փյունիկցի Գոռ Մանուկյանը (2012/13, 2015/16, 2016/17թթ.):

«Շիրակի» նախկին հարձակվող Անդրանիկ Բարիկյանը հայկական ֆուտբոլում յուրօրինակ ռեկորդակիր է ստացած դեղին և կարմիր քարտերի ընդհանուր քանակով: Պաշտոնական 356 հանդիպումներում նա 10 անգամ հեռացվել է խաղադաշտից, 99 անգամ էլ արժանացել է դեղին քարտի: Ընդ որում 85 անգամ (6 կարմիր, 79 դեղին քարտ) Բարիկյանը մրցավարների կողմից պատժվել է ՀՀ առաջնություններում անցկացրած 291 հանդիպումներում, ինչը ևս տխուր ռեկորդ է: Միայն իր կարիերայի սկզբում՝ 1998թ. «Շիրակ-2»-ում խաղալիս Բարիկյանը ոչ մի անգամ մրցավարների ուշադրությանը չի արժանացել:

Դարպասապահներից ՀՀ առաջնությունների յուրօրինակ ռեկորդակիրը «Ցեմենտում», «Լեռնագործում», «Սպարտակում», «Միկայում» և «Արարատում» ընդհանուր առմամբ 177 խաղ անցկացրած Գառնիկ Հովհաննիսյանն է, ով 3 անգամ հեռացվել է խաղադաշտից, 17 անգամ էլ զգուշացվել է:

Մեկ մրցաշրջանում ստացած քարտերի քանակով յուրատեսակ ռեկորդ է սահմանել սերբ պաշտպան Գորան Օբրադովիչը, ով 2012/13թթ. առաջնությունում «Գանձասարում» անցկացրած 39 հանդիպումներում 2 անգամ հեռացվել է խաղադաշտից, 11 անգամ՝ զգուշացվել:

Դարպասապահներից մեկ մրցաշրջանում առավել շատ՝ 5-ական քարտեր են ստացել Դմիտրի Վորոբյովը («Բանանց», 2003թ.), Գառնիկ Հովհաննիսյանը («Արարատ», 2007թ.), Մարտիկ Մկրտումյանը («Կիլիկիա», 2008թ.), Նորայր Աբրահամյանը («Շիրակ», 2009թ.) և Գևորգ Կասպարովը («Միկա», 2012/13թթ.):

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Պատմական նվաճումից զատ․ «Արարատ-Արմենիան» 3 ռեկորդի հեղինակ է դարձել

Հայ ֆուտբոլիստների վառ խաղը «կուրացնում» է ղազախ երկրպագուներին (տեսանյութ)

Վարդան Մինասյանի և Ռոժդի Աշենտեի մամուլի ասուլիսը «Սաբուրթալոյի» հետ խաղից առաջ (տեսանյութ)

«Արսենալը» պաշտոնապես ներկայացրեց 3-րդ մարզաշապիկը (լուսանկարներ)

Մխիթարյանը վատագույնն էր «Արսենալի» կազմում. Football.London-ի գնահատականը

«Արսենալը» հաղթանակով մեկնարկեց ԱՊԼ-ում, Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

«Նյուքասլ» – «Արսենալ». Առաջին կեսից հետո հաշիվը չի բացվել

«Արսենալի» մեկնարկային կազմը «Նյուքասլի» հետ խաղում

«Սոչիի» սեփականատեր․ «Մտածում եմ Մխիթարյանին այստեղ հրավիրելու մասին»

Մխիթարյան. «Պատրաստ ենք մեկնարկել ԱՊԼ-ի նոր մրցաշրջանում»

Մխիթարյան. «Տրանսֆերային շշուկները երբեմն ինձ ծիծաղեցնում են»

Ո՞վ է ավելի դիպուկ՝ Մխիթարյա՞նը, թե՞ Կոլաշինացը (տեսանյութ)

Վարդան Մինասյան. «Բան չի փոխվել. պայքարելու ենք հաղթանակի համար» (տեսանյութ)

Բարձրագույն խմբի 1-ին տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Մխիթարյանի ու Օբամեյանգի գործողությունները «Բարսելոնայի» դեմ խաղում (տեսանյութ)

Վարդան Մինասյան. «Ես շատ ավելի մեծ ճնշումների տակ եմ աշխատել» (տեսանյութ)