fbpx

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 24-րդ տուրը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստին ըստ VNews.am-ի։

Դարպասապահ՝ Արամ Հայրապետյան («Բանանց», տուրի լավագույն ֆուտբոլիստ)

Հայրապետյանը հավաքականից գերազանց մարզավիճակով է միացել թիմին։ Եթե չլիներ նրա վստահ խաղը, ապա «Բանանցը» ոչ թե կտխրեր «Փյունիկի» հետ ոչ-ոքիի պատճառով, այլ այդ մեկ միավորը կհամարեր ձեռքբերում։ Հայրապետյանը հանդիպման ընթացքում անհաշվելի դրվագներում օգնության հասավ «Բանանցին»։ Նա որսում կամ հետ էր մղում մոտ, միջին և հեռու տարածություններից բոլոր հարվածները։ Ֆուտբոլիստները վնասվածքներից հետո սովորաբար ուշ են լավ մարզավիճակ հավաքում, իսկ Արամի դեպքում եղավ ճիշտ հակառակը։

Արամ Հայրապետյան. Մոռացված տղայից մինչև հավաքականի փրկիչ (տեսանյութ)

Պաշտպաններ՝ Վահագն Այվազյան («Բանանց»)

Արամի թիմակիցը նույնպես խորհրդանշական հավաքականում է։ Վահագնի շլացուցիչ գոլերի մասին բոլորս էլ արդեն քաջատեղյակ էինք։ Նրա հերթական շքեղ գոլն ամբողջությամբ փոխեց մրցակցի խաղաքարտերը։ Շատ քիչ չբավականացրեց, որ Այվազյանի գոլը դառնար հաղթական։ Այդուհանդերձ, նա պետք է բարելավի իր խաղը պաշտպանությունում։ Ալիկ Առաքելյանը բազմաթիվ խնդիրներ առաջադրեց Վահագնին, հատկապես երկրորդ խաղակեսում։ Նաև չմոռանանք, որ «Փյունիկի» գոլային գրոհը զարգացավ հենց Այվազյանի եզրից։

Վարդան Արզոյան («Արարատ»)

Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմում հայ ֆուտբոլիստները կրկին կարևոր դեր են ստանձնում։ «Արարատը» «Լոռիի» հետ հանդիպման երկրորդ խաղակեսում կերպարանափոխվեց ու ոչ-ոքի կորզեց։ Հենց Արզոյանի գեղեցիկ գոլը նոր սրություն հաղորդեց դիմակայությանը։ Ի դեպ, նա այս տարի առաջին խաղն էր անցկացնում «Արարատի» կազմում։ Սակայն Արզոյանն էլ պաշտպանությունում չի տպավորում հուսալիությամբ։ Մեղքի մեծ բաժին ուներ «Լոռիի» հատկապես առաջին գոլում, երբ նրան շրջանցելուց հետո Անտվին բացեց հաշիվը։

Նանա Կվամե Անտվի («Լոռի»)

Այս խորհրդանշական հավաքականում բոլորը ռմբարկու-պաշտպաններ են։ Անտվին նույնպես դարձավ գոլի հեղինակ՝ հեռահար «կրակոցով» գրավելով «Արարատի» դարպասը։ Ոչ միայն նա, այլև «Լոռին» առհասարակ առաջին խաղակեսում ագրեսիվ ու արդյունավետ էր գործում, սակայն չպահպանեց 2 գոլի առավելությունը։ Անտվին նույնպես թերացավ անմիջական պարտականությունները կատարելիս, քանի որ Արզոյանի գոլի դրվագում նրա եզրն ամբողջությամբ բաց էր մնացել։ Հենց այդ գնդակն էլ բեկումնային դարձավ «Արարատի» համար։

«Լոռիում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, «Արցախի» «ամենասիրելի» մրցակիցը

Կիսապաշտպաններ՝ Կարեն Մուրադյան («Շիրակ»)

Մուրադյանն աստիճանաբար ավելի լավ տեսքով է ներկայանում բոլորին։ Հենակետային գոտում հավուր պատշաճի կատարեց իր աշխատանքը։ Հիմնականում հաջողվում էր չեզոքացնել «Ալաշկերտի» ֆուտբոլիստների ստեղծած սպառնալիքները։ Մուրադյանի մարզավիճակը և խաղադաշտում ներկայությունը նաև այնքանով են կարևոր, որ Կարենի հարևանությամբ հանդես են գալիս երիտասարդ խաղացողներ Ռուդիկ Մկրտչյանն ու Ռաֆիկ Միսակյանը, որոնք նույնպես զգալիորեն կայունացրել են իրենց խաղը։

Ռումյան Հովսեփյան («Փյունիկ»)

Հովսեփյանը, մտնելով փոխարինման և գրավելով նախկին թիմի՝ «Բանանցի» դարպասը, «Փյունիկին» փրկեց պարտությունից։ Այդ մեկ միավորը չափազանց արժեքավոր էր «կապույտների» համար։ Ինչ վերաբերում է Ռումյանին, ապա նա ոչ մի կերպ չի կարողանում վերադարձնել այն մարզավիճակը, որ ուներ «Բանանցում» նախորդ մրցաշրջանում։ Հովսեփյանն այս տարի առայժմ ոչ մի անգամ չի եղել «Փյունիկի» հիմնական կազմում, հասցրել է խաղալ նույնիսկ երկրորդ թիմում։ Խոտանը մեծ է նրա գործողություններում։ Այս գոլը միգուցե փոխի ամեն ինչ։

Արտակ Եդիգարյան («Ալաշկերտ»)

«Շիրակը», որն իրեն բնորոշ թիմային պաշտպանությունն էր կառուցել, գրոհելու բավականին քիչ շանսեր թողեց «Ալաշկերտին»։ Եղած պահերն էլ կազմակերպվում էին Եդիգարյանի շնորհիվ, որը ձախ թևում ելույթ էր ունենում մեծ ակտիվությամբ։ Դարձավ գոլային փոխանցման հեղինակ՝ «ասիստ» հրամցնելով եղբորը՝ Արթուրին։ Դրվագներից մեկում կտրող շատ լավ փոխանցում հասցեագրեց Մանուչարյանին, բայց գրոհի վերջնամասում Պրուդնիկովն անբացատրելի կերպով վրիպեց։ Արտակը տվյալ խաղում լավագույնն էր «Ալաշկերտի» կազմում։

Էմիլ Եղիազարյան («Արցախ»)

«Արցախն» իր առաջին հաղթանակը տոնեց Սևադա Արզումանյանի գլխավորությամբ։ Երևանյան թիմի առաջին գոլը ծնվեց Եղիազարյանի սքանչելի փոխանցման շնորհիվ։ Էմիլը մեկ փոխանցումով «կտրեց» մրցակցի հենակետային գոտին ու պաշտպանությունը, Էդուարդ Ավագյանն էլ դիպուկ հարվածով եզրափակեց գրոհը։ Եղիազարյանն ակտիվ էր իր եզրում։ Եթե ավելի հաճախ և ավելի արդյունավետ օգնի նաև թիմի պաշտպանությանը, ապա առավել կարևոր ֆուտբոլիստ կդառնա «Արցախի» համար։

Զավեն Բադոյան («Արարատ»)

Զավենն առողջական խնդիրների պատճառով նույնպես բացակայում էր գարնանային հատվածի մեկնարկում։ «Լոռիի» հետ հանդիպման ընդմիջմանը նա երևի գերբնական ուժ տվող ինչ-որ հաբ խմեց ու մտավ խաղադաշտ։ Զավենն իր հաշվին գրանցեց 2 արդյունավետ փոխանցում։ Տպավորիչ էր հատկապես երկրորդը, երբ կենտրոնում շրջանցեց մրցակցի 2 ֆուտբոլիստի և նրբանկատորեն գրոհի նետեց Սարգիս Մեթոյանին։ Բադոյանը, Սարգիս Շահինյանը, նաև Արտյոմ Սիմոնյանը կարող են «Արարատի» «ուղեղը» դառնալ միջին գծում։

Հարձակվողներ՝ Սարգիս Մեթոյան («Արարատ»)

«Արարատի» առաջին թիմում Մեթոյանի հետ կապված հույսեր կարծես չէին կապում։ Նա տարին սկսեց Առաջին խմբի առաջնությունում, որտեղ անցկացրած 3 խաղում դարձավ 5 գոլի հեղինակ։ Այս հարձակվողը «Լոռիի» հետ մրցավեճում իր թիմին փրկեց պարտությունից՝ անհարմար դիրքից գնդակն ուղարկելով Սիուկաևի պաշտպանած դարպասի հեռավոր անկյունը՝ մինչ այդ էլ ձեռնունայն թողնելով Հայկ Իշխանյանին։ Սարգիսը շատ օգտակար էր գործում նաև առանց գնդակի։ Մեթոյանը կարծես «ձեռնոց է նետում» Անդրանիկ Քոչարյանին։

Արամ Մուրադյան («Շիրակ»)

Մուրադյանը վնասվածք ուներ և առաջին անգամ խաղադաշտ մտավ 2019 թվականի ընթացքում։ Մտավ ու չեմպիոն «Ալաշկերտի» հետ խաղում ոտքի հիանալի հարվածով խփեց «Շիրակի» պատասխան գոլը։ Արամը լավ հնարավորություն ուներ նույնիսկ հաղթանակ պարգևելու Գյումրու թիմին, սակայն նպաստավոր դիրքից վրիպեց։ 23-ամյա ֆուտբոլիստն այս առաջնությունում մասնակցել է 15 խաղի և 3 գոլ խփել։ «Շիրակն» արդյունավետության առումով լուրջ խնդիր ունի, խփած գոլերի քանակով գերազանցում է միայն 2 հետնապահներին։

Խորհրդանշական հավաքականում որոշ ֆուտբոլիստների խաղային դիրքեր պայմանական են՝

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Վանաձորի «Լոռին» նոր դարպասապահ ունի

13 ֆուտբոլիստ միացել է «Արարատին»

Ռումյան Հովսեփյանը նոր ակումբ ունի

«Լոռին» իսպանացի նորեկ ունի

2 բրազիլացի ֆուտբոլիստ համալրել է «Լոռիի» կազմը

Արամ Բարեղամյանին 7 խաղ է բաժանում «Բանանցի» պատմության կարևոր էջը թարմացնելուց

«Արարատի» ավագն ավարտում է ֆուտբոլիստի կարիերան

«Լոռին» 2 տարվա պայմանագիր է ստորագրել կոլումբացի կիսապաշտպանի հետ

«Ալաշկերտի» հարձակվողը փորձաշրջան կանցնի ուկրաինական ակումբում

Այս տարի էլ կարող ենք զարմացնել Եվրոպային․ Դրա համար հիմքեր կան

Արտյոմ Սիմոնյան. «Փյունիկը» պետք է հաղթահարի առաջին փուլը» (տեսանյութ)

Ստանկով․ «Փյունիկ» տեղափոխությունն առաջընթաց էր, քանի որ այն բարձրակարգ ակումբ է»

Իսպանացի մասնագետը համալրել է «Լոռիի» մարզչական շտաբը

«Փյունիկը» 3 համալրում ունի

Էմիլ Եղիազարյանը կարիերան կշարունակի «Գանձասար-Կապանում»