fbpx

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 25-րդ տուրը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստին ըստ VNews.am-ի։

Դարպասապահ՝ Արսեն Սիուկաև («Լոռի»)

Օգնեն Չանչարևիչն այս տուրում միակ դարպասապահն էր, որ կարողացավ սեփական դարպասն անառիկ պահել։ Բայց «Ալաշկերտի» դարպասապահն առանձնապես ծանրաբեռնված չէր «Արցախի» հետ խաղում, ինչը չի կարելի ասել Սիուկաևի մասին՝ խոսելով «Փյունիկի» հետ մրցավեճի վերաբերյալ։ Նա շարունակում է իր վստահ ելույթները «Լոռիում», այս խաղում մի քանի անգամ փայլուն գործեց, իսկ գոլն էլ բաց թողեց 11-մետրանոցից։ Վանաձորյան թիմը գարնանային հատվածում անցկացրած 5 հանդիպումներում բաց է թողել ընդամենը 3 գոլ։

Պաշտպաններ՝ Էդվարդ Կպոդո («Բանանց»)

Այսօր խորհրդանշական հավաքականում կկիրառենք 5 պաշտպանով մարտավարությունը։ «Բանանցի» համար ծանր էր դասավորվում «Գանձասար-Կապանի» հետ հանդիպումը, և Կպոդոյի գոլն անկյունայինի խաղարկումից հետո իսկական փրկություն էր այդ առումով։ «Բանանցը» հետագայում միայն հերոսական ջանքերի գնով «պոկեց» հաղթանակը։ Կպոդոն ու պաշտպանությունում նրա թիմակիցները լավ աշխատանք կատարեցին, համենայն դեպս, այն դեպքերում, երբ կապանյան թիմը փորձում էր որոշակի ակտիվություն դրսևորել։

Հայկ Իշխանյան («Լոռի»)

«Փյունիկը», սովորության համաձայն, շատ հաճախ էր դիմում օդային փոխանցումների օգնությանը, բայց «Լոռիի» պաշտպաններն այդ տեսանկյունից որևէ խնդիր չունեցան։ Եթե չհաշվենք 1-2 անհամաձայնությունները, Իշխանյանն ու Խաչատուրովը, ընդհանուր առմամբ, զսպում էին մրցակցի գրոհները։ Իշխանյանն ուշադրության արժանացավ նաև նրանով, որ սկիզբ դրեց «Լոռիի» 2 գոլային գրոհներին՝ խորքից հասցեագրելով հաշվենկատ փոխանցումներ։ Հայ պաշտպանն օժտված է «առաջին փոխանցում» լավ կատարելու հմտությամբ։

Գևորգ Նռանյան («Գանձասար-Կապան»)

Մի՛ զարմացեք՝ պաշտպանությունում տեսնելով Նռանյանին։ Հանգամանքներն այնպես էին դասավորվել, որ կապանյան թիմը, հայտնվելով կադրային վատթարագույն վիճակում, ստիպված էր Գևորգին տեղակայել պաշտպանության կենտրոնում։ Նա պատվով կատարեց այդ առաքելությունը, կարծես հոգեհարազատ դիրքում էր։ Նռանյանին սովոր էինք տեսնել հարձակման կենտրոնում, հետո սկսեց խաղալ որպես ենթահարձակվող, որոշ ժամանակ անց՝ հենակետային, հիմա էլ՝ պաշտպան։ Դուք կռահեցիք՝ որն է նրա հաջորդ խաղային դիրքը։

Դմիտրի Գուզ («Արարատ-Արմենիա»)

Պաշտպանները դարձել են այս թիմի փրկիչները։ «Ալաշկերտի» հետ խաղում «Արարատ-Արմենիային» պարտությունից փրկեց Խոզինի դիպուկ հարվածը, այս անգամ էլ այդ պատասխանատվությունը ստանձնեց Գուզը։ «Արարատ-Արմենիան», որն առաջնության ամենահուսալի պաշտպանությունն ունի (15 գոլ է բաց թողել), վերջին 2 պաշտոնական խաղում արդեն 4 գնդակ է ընդունել։ Այդուհանդերձ, այդ գոլերը ծնվել են հատկապես կիսապաշտպանության անփույթ սխալներից, գավաթային մրցավեճում էլ մեղքի բաժին ուներ դարպասապահ Չուպիչը։

Հրայր Մկոյան («Ալաշկերտ»)

Այս պաշտպանն էլ կարծես լավ մարզավիճակ է ձեռք բերել ու մշտապես խաղում է «Ալաշկերտում»։ Առաջնության առաջատարի կազմում մեծ մրցակցություն կա, ուստի հիմնական կազմում ընդգրկվելն արդեն որոշակի պարգևատրություն է յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար։ Գավաթային նախորդ խաղում դառնալով աներևակայելի գոլի հեղինակ՝ Հրայրն այս անգամ էլ լավ գործեց պաշտպանությունում, հասցնում էր «կարդալ» «Արցախի» ֆուտբոլիստների մտահղացումները։

Կիսապաշտպաններ՝ Պապե Աբդու Կամարա («Բանանց»)

Իլշատ Ֆայզուլինը Կամարային համարյա մշտապես խաղադաշտ է դուրս բերում այն ժամանակ, երբ անհրաժեշտ է ամրապնդել միջին գիծն ու պահպանել հաղթական հաշիվը։ Այդպես էր նաև «Գանձասար-Կապանի» հետ խաղում։ 75-րդ րոպեին, երբ Կամարան մտավ պայքարի մեջ, «Բանանցն» արդեն հաղթում էր նվազագույն հաշվով։ Բայց այս անգամ լրիվ այլ սցենար ստացվեց։ Կամարան 1-1 հաշվի ժամանակ, երբ հանդիպման ավարտին հաշված վայրկյաններ էին մնացել, հեռու տարածությունից անկասելի հարվածով 3 միավոր պարգևեց իր թիմին։

Թիմ, որը «գլխացավանք» է դարձել «Արարատ-Արմենիայի» համար

Արման Ասլանյան («Շիրակ»)

Հերթական ֆուտբոլիստը, որ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ բարձրացրել է իր խաղամակարդակը։ Նախորդ շրջանում մշտական պահեստային համարվող Ասլանյանն այսօր առանցքային դեր ունի «Շիրակում»։ Նա նախորդ խաղում գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո այս անգամ էլ աչքի ընկավ «ասիստով», նաև սկիզբ դրեց գյումրեցիների երկրորդ գոլային գրոհին՝ համառության հաշվին խլելով գնդակը Շաղոյանից։ Ասլանյանը սառնասիրտ է գրոհների եզրափակիչ հատվածում, առանց գնդակի էլ նույնքան արդյունավետ է։

Գուստավո Մարմենտինի («Ալաշկերտ»)

Խաղային որոշակի ճգնաժամի մեջ գտնվող «Ալաշկերտը» մեծ դժվարությամբ հաղթեց «Արցախին»։ Չեմպիոնը հատկապես առաջին խաղակեսում ակտիվորեն օգտագործում էր գրոհների աջ եզրը, որտեղ Մարմենտինին էր։ Նրա անցումները երբեմն ստացվում էին, երբեմն՝ ոչ։ Իսկ գոլային գրոհի ժամանակ նա և Պրուդնիկովը դիրքերով փոխվել էին, ու Գուստավոն, հայտնվելով հարվածային դիրքում, ոչ մի շանս չթողեց Մելիքսեթյանին։ Այս հաղթանակն օգնեց «Ալաշկերտին» վերադառնալու իր ամենացանկալի վայրը՝ առաջին հորիզոնական։

Հարձակվողներ՝ Ջոնել Դեսիրե («Լոռի», տուրի լավագույն ֆուտբոլիստ)

Ինչպես ասաց Արթուր Պետրոսյանը, սա Դեսիրեի լավագույն խաղն էր առաջնության այս հատվածում։ Մրցաշարի լավագույն ռմբարկուն «Փյունիկի» հետ անչափ կարևոր մրցավեճում իր հաշվին գրանցեց գոլ և գոլային փոխանցում։ Նա գնդակը ստանալուց հետո հնարամտորեն խաբս տվեց մրցակցի 3 խաղացողների ու նկատեց Սանդիին, որն էլ բացեց հաշիվը։ Իսկ երկրորդ գոլը հակագրոհի արդյունք էր, որի ժամանակ Դեսիրեն օգտագործեց իր խելահեղ արագությունը, իսկ Դրագոևիչի հետ մեն-մենակ մնալու պահին՝ սառնասրտությունը։

Դավիթ Ղանդիլյան («Շիրակ»)

«Շիրակի» (այս առաջնությունում ռեկորդային՝ 11 անգամ ոչ-ոքի է խաղացել) հարձակվողն իր թիմում լավագույններից մեկն էր «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպմանը։ Ղանդիլյանն այս խաղում դարձավ գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ։ «Շիրակը», ինչպես միշտ, կազմակերպված ու միահամուռ պաշտպանություն էր կառուցել, իսկ Ղանդիլյանը հայտնվում էր համարյա յուրաքանչյուր հատվածում և փորձում խլել գնդակը։ Տպավորություն կար, որ այս հարձակվողի ուժերն անսպառ են, քանի որ մեկ վայրկյան անգամ կանգ չէր առնում։

Խորհրդանշական հավաքականում որոշ ֆուտբոլիստների խաղային դիրքեր պայմանական են՝

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Չեմպիոնության խելահեղ մրցավազքի մասնակիցները պայքարելու են գավաթի եզրափակիչ դուրս գալու համար․ Պատասխան խաղերին ընդառաջ

«Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը և Հարությունյանի 3-րդ վրիպումը 11մ նշակետից

Դարպասապահ Նռանյանը և «Փյունիկի» ծանրագույն հաղթանակը․ VNews-ի ֆոտոշարքը «Գանձասար-Կապան» – «Փյունիկ» խաղից

Գևորգ Նռանյան․ «Շատ անսովոր էր դարպասապահի դիրքում, բայց ամեն ինչ անում էի թիմին փրկելու համար» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Փշաքաղվում եմ իմ ֆուտբոլիստների մասին խոսելիս․ ուրախ եմ, որ նման թիմի մարզիչ եմ» (տեսանյութ)

Ալեքսանդր Թարխանովը՝ դրամատիկ խաղի, իր պայմանագրի ժամկետի և Ռոբերտ Արզումանյանի՝ թարգմանչի աշխատանքի մասին (տեսանյութ)

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստը ծանր վնասվածք է ստացել

Կարմիր քարտ և գոլ վերջին վայրկյաններին․ «Փյունիկը» հաղթանակ կորզեց «Գանձասար-Կապանի» դեմ խաղում (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Փյունիկ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Բոլոր թիմերն օրացույցի առումով հավասար վատ պայմաններում են․ թիմերի մոտ թարմություն չեմ տեսնում» (տեսանյութ)

Արթուր Պետրոսյան․ «Ես չեմպիոնության անուն ոչ մի անգամ չեմ տվել․ քառյակում հայտնվելը մեզ համար շատ լավ արդյունք կլինի» (տեսանյութ)

Տիգրան Եսայան․ «Նպատակն ամեն հանդիպմանը հաղթանակի համար խաղալը և վերջին տեղից խուսափելն է» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Չգիտեմ՝ ինձնից առաջ ինչ մեկնարկային կազմ է եղել․ 3 օրում ինչ տեսել եմ, այդպես էլ կազմը որոշել եմ» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» շանս չթողեց «Լոռիին», «Շիրակի» 13-րդ ոչ-ոքին (տեսանյութ)

Խաշմանյանի հաղթական վերադարձը․ «զոհը» նրա նախկին թիմն էր՝ «Արարատը» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Լոռի», «Շիրակ» – «Բանանց»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)