fbpx
Բաժիններ

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 26-րդ տուրը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստին ըստ VNews.am-ի։

Դարպասապահ՝ Արամ Հայրապետյան («Բանանց»)

Հայրապետյանը հերթական վստահ հանդիպումն անցկացրեց։ «Ալաշկերտը» դեպի «Բանանցի» դարպասը 16 հարված է կատարել, որից միայն 4-ն է եղել դարպասի ուղղությամբ։ Արամն այդ դրվագներում հուսալի գործեց, փրկում էր իր թիմին հատկապես Պրուդնիկովի հարվածներից հետո։ Արդարության համար պետք է նշել, որ Հայրապետյանը «չոր» չէր մնա, եթե մրցակցի հարձակվողը դատարկ դարպասի առջև գտնվելիս զարմանալիորեն շեղ չհարվածեր։ Թեև «Բանանցում» են նաև Ղազարյանն ու Այվազովը, թիմի 1-ին համարի հարցն այս պահին փակ է։

Պաշտպաններ՝ Գևորգ Նռանյան («Գանձասար-Կապան»)

Կապանյան թիմը, գտնվելով խաղային և կադրային ճգնաժամում, հերոսական պայքար մղեց «Լոռիի» հետ մրցավեճում ու պարգևատրվեց մեկ միավորով։ Նռանյանը կրկին խաղում էր պաշտպանության կենտրոնում, իսկ թիմը հիմնականում պաշտպանվում էր։ Գևորգը, դրսևորելով ավագի ու առաջատարի որակներ, առաջնորդեց իր թիմի գործողությունները հետին գծում։ Նա «Լոռիի» հետ խաղում 13 անգամ մտել է մենապայքարի մեջ ու 11-ում հաղթող դուրս եկել (3-ը՝ 2-րդ հարկում), իրականացրած 5 սահանկումներն էլ հաջող են ստացվել։

Անդրանիկ Ոսկանյան («Բանանց»)

Ալբերտ Գաջիբեկովը որակազրկված էր, և Ոսկանյանն իրեն դրսևորելու շանս ստացավ։ Այո՛, «Ալաշկերտը» ստեղծում էր վտանգավոր պահեր, սակայն հակառակը չէր էլ կարող լինել, քանի որ այդ թիմն ուժեղ կազմ ունի։ Ոսկանյանը, ընդհանուր առմամբ, հստակ կատարեց իր պարտականությունները, մղում էր գրագետ դիրքային պայքար։ 7 անգամ մենապայքար է իրականացրել (բոլորն էլ տեղի են ունեցել 2-րդ հարկում)՝ հաղթող դուրս գալով 5 անգամ։

Աշոտ Կարապետյան («Գանձասար-Կապան»)

25-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ առաջնությունում առաջին անգամ ընդգրկվել էր կապանյան թիմի մեկնարկային կազմ։ Նրա և «Գանձասար-Կապանի» մյուս խաղացողների գործողություններում մեծ նվիրվածություն և անձնազոր պայքար նկատվեց։ «Լոռին» ստեղծեց ավելի շատ գոլային պահեր, բայց կապանցիները մեկ բռունցքի պես դիմագրավում էին և իրենք էլ կազմակերպում սուր գրոհներ։ Կարապետյանը հաշվետու մրցավեճում մասնակցել է 19 մենապայքարի՝ 11-ում դուրս գալով հաղթող։ Ժամանակին էր փոխօգնության հասնում խաղընկերներին։

Յուրահատուկ խաղ Արտակ Եդիգարյանի ու Վահագն Այվազյանի համար, իսկ Կոբյալկոն կրկին «կրակում» է

Կիսապաշտպաններ՝ Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»)

Կառլենը մոտ մեկ ամսվա դադարից հետո հայտնվել էր իր թիմի հիմնական կազմում։ «Արարատն» իրականում բազմաթիվ խնդիրներ ստեղծեց «Փյունիկի» համար, փորձում էր սուր հակագրոհել, առաջին խաղակեսում բավականին ակտիվ էր, սակայն «Փյունիկը» չեզոքացնում էր սպառնալիքները։ Մկրտչյանը կենտրոնում դրության տերն էր։ Նրա փոխանցումների ճշգրտությունը գնահատվել է 86%, մասնակցել է 12 մենապայքարի՝ հաղթելով դրանցից 9-ում։ Շատ կարևոր է, որ Կառլենը կամաց-կամաց բարելավի իր ֆունկցիոնալ վիճակը։

Պետրոս Ավետիսյան («Արարատ-Արմենիա»)

«Արարատ-Արմենիայի» անհատ ֆուտբոլիստների կատարողական ավելի բարձր վարպետությունը որոշիչ դեր խաղաց «Արցախի» հետ մրցավեճում։ Ավետիսյանը վերջին 2 խաղում արդեն 3 գոլ է խփել։ Սքանչելի ստացվեց նրա առաջին գոլը հեռու տարածությունից, երկրորդն էլ թիմային հրաշալի կոմբինացիայի արդյունք էր։ Ավետիսյանը մրցակցից խլեց գնդակը թիմի 3-րդ գոլային գրոհի սկզբում։ Այս ֆուտբոլիստը նոր թիմում դառնում է ավելի ունիվերսալ։ Երբեմն խաղում է որպես կենտրոնական ենթահարձակվող, երբեմն էլ՝ տեղափոխվում ձախ կամ աջ եզր։

Արտյոմ Սիմոնյան («Արարատ»)

Անկախ այն խառնաշփոթից, որ այսօր տիրում է «Արարատում», պետք է արժանին մատուցել այս թիմի ֆուտբոլիստներին։ Նրանք «Լոռիի» հետ դրամատիկ խաղում հոգեբանական հզոր որակներ դրսևորեցին, իսկ «Փյունիկի» դեմ հանդիպմանն էլ նույնիսկ մոտ էին հաղթանակին։ Սիմոնյանը, որը կարծես կորցրել է տեղն «Արարատի» հիմնական կազմում, փոխարինման մտավ 56-րդ րոպեին։ Նա վաստակեց 11-մետրանոց հարվածի իրավունք և անձամբ դիպուկ հարված կատարեց։ Սիմոնյանն օգտագործում է իր ներուժի ընդամենը 20-25%-ը։ Ցավալի է։

Կարեն Մելքոնյան («Բանանց»)

Ֆայզուլինը, նկատելով «Ալաշկերտի» հետ հանդիպման առաջին խաղակեսում հարձակման գծի ֆուտբոլիստների պասիվությունը, Մելքոնյանին ընդմիջումից անմիջապես հետո նետեց պայքարի։ Վերջինս իր ներդրումն ունեցավ թիմի խփած 2 գոլերում։ Կարենը նախ վաստակեց 11-մետրանոց հարվածի իրավունք (շատ կասկածելի որոշում էր, բայց դա չի նսեմացնում խաղացողի արժանիքները), ապա անձամբ գրավեց մրցակցի դարպասը։ Մելքոնյանը շատ շարժունակ ֆուտբոլիստ է և միշտ պատրաստ է լավ դիրքերում ստանալու փոխանցումներ։

Էրիկ Վարդանյան («Փյունիկ», տուրի լավագույն ֆուտբոլիստ)

«Արարատ» – «Փյունիկ» խաղը որոշ առումներով հիշեցրեց «Շիրակ» – «Փյունիկ» հանդիպումը։ Ինչպես Գյումրիում, այստեղ էլ Վարդանյանը մտավ փոխարինման և լրջագույն ազդեցություն ունեցավ մրցավեճի ելքի վրա։ Էրիկի գոլն ու գոլային փոխանցումն անչափ արժեքավոր 3 միավոր պարգևեցին «Փյունիկին»։ Կոպիտ սխալներով էին աչքի ընկնում «Արարատի» պաշտպանները, բայց դա կապված էր նաև մրցակցի խաղացողների բուռն ճնշման հետ։ Վարդանյանը կարողանում է վճռել խաղերի ելքերն ամենաբարդ պահերին։

Հարձակվողներ՝ Ժան-Ժակ Բուգուհի («Արարատ-Արմենիա»)

Բուգուհին այս անգամ հանդես եկավ որպես ենթահարձակվող՝ գործելով Կոբյալկոյի թիկունքում։ Վարդան Մինասյանը հաճախ է այսպիսի փոխատեղումներ կատարում։ Բուգուհին լայնածավալ աշխատանք իրականացրեց, կիսապաշտպանության կենտրոնում և եզրերում շատ էր օգնության հասնում թիմակիցներին։ Դարձավ նաև հույժ կարևոր գոլային փոխանցման հեղինակ, երբ Կոբյալկոն մեծացրեց «Արարատ-Արմենիայի» առավելությունը։ Բուգուհին զգալիորեն մեծացրել է իր աշխատանքի ծավալը, ֆունկցիոնալ առումով էլ գերազանց վիճակում է։

Անտոն Կոբյալկո («Արարատ-Արմենիա»)

Նա մեր խորհրդանշական հավաքականների մշտական անդամն է դարձել։ Կոբյալկոն առաջնությունում 6 անընդմեջ խաղում գոլ խփելուց հետո «Շիրակի» հետ դիմակայությունում «հանգստացավ», բայց այս տուրում խոցեց հերթական մրցակցի դարպասը։ Դեսիրեն 12 գոլով մնում է առաջնության լավագույն ռմբարկուն, սակայն Կոբյալկոյի գլխավոր արժանիքը կայունությունն է։ Դժվար է ասել՝ ինչպե՞ս կդասավորվեր նրա կարիերան, եթե Իվայլո Դիմիտրովը մնար ակումբում։ Փաստն այն է, որ վերջինիս հեռանալը «բացեց» Կոբյալկոյի շնչառությունը։

Խորհրդանշական հավաքականում որոշ ֆուտբոլիստների խաղային դիրքեր պայմանական են՝

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Ֆինալդիայի դեմ խաղում՝ ըստ VNews-ի

Պաշտոնական. Երևանի «Արարատն» արտասահմանցի գլխավոր մարզիչ ունի

«Փյունիկն» ընկերական խաղում պարտվեց Մոսկվայի «Դինամոյին»

Օզբիլիս. «Հավաքականում միշտ լավ եմ զգում, իսկ ակումբային մակարդակով վերջին անգամ ֆուտբոլից հաճույք եմ ստացել «Սպարտակում»

«Գանձասար-Կապանը» ոչ-ոքի է խաղացել Հայաստանի պատանեկան հավաքականի հետ (տեսանյութ)

Արամ Հայրապետյան. «Եթե Ֆինլանդիայում էլ այսպես խաղանք, ընդհանրապես շանս չի լինի» (տեսանյութ)

Գոռ Մալաքյանը նույնպես հրավիրվել է Հայաստանի հավաքական

«Փյունիկը» ընկերական հանդիպում կանցկացնի ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբի հետ

Բարձրագույն խմբի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» արդեն ունի այնքան միավոր, ինչքան վաստակել էր նախորդ ամբողջ առաջնությունում

Վադիմ Բորեց․ «Մենք էլ հույս ունենք, որ հնարավոր կլինի կայունության հասնել»

Աշոտ Բարսեղյան․ «Մենք այս ֆուտբոլիստներով չենք կարող շատ բարձր արդյունքներ գրանցել»

Հայկական ակումբների 8 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

«Նոան» 10 հոգով հաղթեց «Գանձասար-Կապանին» (տեսանյութ)

«Նոա» – «Գանձասար-Կապան». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դաժան պայքար, խաղաղ ելք․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Շիրակ» հանդիպումից