fbpx

Անմոռանալի օր Գեղամ Հարությունյանի և Վբեյմարի համար, «Արարատ-Արմենիայի» ռեկորդային ցուցանիշը

Բարձրագույն խմբի 27-րդ տուրը՝ 10 փաստով

27-րդ տուրի հանդիպումներով ավարտվեց առաջնության 3-րդ շրջանը: Առաջատարների մրցավեճում գրանցված ոչ-ոքին պահպանեց ոսկե մեդալների համար պայքարում հաստատված լարված մթնոլորտը: «Լոռին» էլ «Ալաշկերտի» նկատմամբ տոնած անչափ կարևոր հաղթանակով ոչ միայն նպաստեց Արամ Ոսկանյանի պաշտոնանկությանը, այլև ընդհուպ մոտեցավ առաջատար քառյակին:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Դաշտի տերերն ու հյուրերը մեկական հաղթանակ տոնեցին, 2 խաղ ավարտվեց ոչ-ոքի: Առաջնությունում անցկացված 108 հանդիպումներում դաշտի տերերին հաջողությունն ուղեկցել է 38 անգամ, հյուրերը 39 հաղթանակ են տոնել, 31 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

4 խաղում ընդամենը 4 գոլ խփվեց: Կրկնվեց առաջնության 1-ին, 14-րդ և 22-րդ տուրերի ամենացածր արդյունավետության տխուր ռեկորդը: Առաջնության մեկնարկից անցկացված 108 հանդիպումներում 234 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,16 գոլ մեկ խաղում:

2․ «Արարատ-Արմենիան» 10-րդ անընդմեջ խաղում անպարտելի մնաց՝ գերազանցելով «Բանանցի» և «Ալաշկերտի» ռեկորդային ցուցանիշը, որոնց 9-ական անպարտելի խաղերի շարք էր հաջողվել: Այդ հանդիպումներում Վարդան Մինասյանի սաները 8 հաղթանակ են տոնել՝ միայն 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին անգամ «Արարատ-Արմենիան» խաղադաշտից պարտված է հեռացել անցյալ տարվա նոյեմբերի 11-ին՝ Գյումրիում 0-1 հաշվով զիջելով «Շիրակին»:

3․ «Շիրակը» 4-րդ անընդմեջ խաղն ավարտեց ոչ-ոքի: Առաջնության 24 հանդիպումներից ուղիղ կեսում «Շիրակի» օգտին ոչ-ոքի է գրանցվել, որից 7-ը՝ գոլազուրկ: Շիրակցիներն «Արցախի» հետ առաջնության 3-րդ խաղում էլ սեփական դարպասն անառիկ պահեցին:

4․ «Գանձասար-Կապանն» ընթացիկ առաջնությունում 3-րդ անգամ պարտության մատնեց «Արարատին»՝ տոնելով գարնանային հատվածում իր առաջին հաղթանակը: Հետաքրքիր է, որ առաջնությունում էլ կապանցիներն իրենց անդրանիկ հաղթանակը տարել էին հենց «Արարատի» նկատմամբ մեկնարկային 7-րդ խաղում:

Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 5 հանդիպումներն էլ ավարտվել են «Գանձասար-Կապանի» հաղթանակով: Այդ հանդիպումներում կապանցիները 16 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել ընդամենը 2 գնդակ: Վերջին հաղթանակը գանձասարցիների նկատմամբ «Արարատը» տոնել է անցյալ տարվա մարտի 1-ին Դավիթ Մինասյանի խփած միակ գոլի շնորհիվ, որը ներկայումս խաղում է «Գանձասար-Կապանում» և Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 100-րդ հանդիպումն անցկացրեց:

5․ «Արարատն» առաջնության գարնանային հատվածում արդեն 5-րդ պարտությունը կրեց, որը 250-րդն էր Բարձրագույն խմբում: Արդեն 7 խաղ արարատցիները հաղթանակ չեն տոնել՝ վաստակելով ընդամենը 2 միավոր: Վերջին անգամ «Արարատը» հաղթանակի բերկրանքը վայելել է անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով «Ալաշկերտի» նկատմամբ:

6․ Գեղամ Հարությունյանը գոլով նշեց Բարձրագույն խմբում 150-րդ խաղի հոբելյանը: Այդ գոլը «Գանձասար-Կապանի» կազմում պաշտոնական մրցումներում Հարությունյանի խփած 38-րդ գնդակն էր: Նա դարձավ պաշտոնական մրցումներում թիմի լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Արթուր Քոչարյանի ցուցանիշը: Նախորդ մրցաշրջանում Գեղամ Հարությունյանը դարձել էր Բարձրագույն խմբում կապանցիների բոլոր տարիների լավագույն ռմբարկուն՝ կրկին գերազանցելով Քոչարյանի ռեկորդը:

7․ «Բանանցի» պաշտպան Ալբերտ Գաջիբեկովը բացեց գոլերի հաշիվը Հայաստանի առաջնությունում: Նա ընդգրկվեց թիմի կազմում գոլ խփած ամենատարեց լեգեոնականների տասնյակում՝ «Արարատ-Արմենիայի» դարպասը գրավելով 31 տարեկան 57 օրականում: Ռեկորդակիրը Յուրի Դուդնիկն է, որը 2005թ. «Բանանցում» գոլի հեղինակ է դարձել 36 տարեկան 313 օրականում:

8․ Վբեյմար Անգուլոն Բարձրագույն խմբում 99-րդ խաղն անցկացրեց և դարձավ «Գանձասար-Կապանի» կազմում ՀՀ առաջնություններում առավել շատ հանդիպումների մասնակցած լեգեոնականը: Նա գերազանցեց Լուբամբո Մուսոնդայի ցուցանիշը, որը գանձասարցիների մարզաշապիկով 98 անգամ էր խաղադաշտ դուրս եկել: «Արարատի» հետ հանդիպումը կապանցիների կազմում Վբեյմար Անգուլոյի պաշտոնական 116-րդ խաղն էր: Այդ ցուցանիշով էլ նա գերազանցեց Մուսոնդային:

9․ «Բանանցի» նիգերիացի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: Նրա ցուցանիշը ռեկորդային է ընթացիկ առաջնության մասնակից լեգեոնականների մեջ: Ուդոն դարձավ ՀՀ առաջնություններում 100 խաղի սահմանագիծը հատած ընդամենը 10-րդ լեգեոնականը: Ռեկորդակիրը «Միկայի» նախկին պաշտպան, բրազիլացի Ալեքս Էնրիկե դա Սիլվան է, որը ՀՀ առաջնություններում 230 խաղի է մասնակցել:

10․ Շիրակցի Վսևոլոդ Երմակովն ընթացիկ առաջնությունում 13-րդ անգամ դարպասն անառիկ պահեց, ինչը լավագույն արդյունքն է դարպասապահների մեջ: Երմակովն ընդգրկվեց մեկ մրցաշրջանում դարպասն անառիկ պահած խաղերի քանակով լեգեոնական դարպասապահների լավագույն տասնյակում: Ցանկը գլխավորում է «Գանձասար-Կապանի» նախկին դարպասապահ Լևան Բուբուտեիշվիլին, որը 2011թ. առաջնության 28 հանդիպումներից 17-ում դարպասն անառիկ է պահել:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Վանաձորի «Լոռին» նոր դարպասապահ ունի

13 ֆուտբոլիստ միացել է «Արարատին»

«Լոռին» իսպանացի նորեկ ունի

Պաշտոնական. «Արարատ-Արմենիայի» շարքերը համալրել է հոլանդացի կիսապաշտպան

2 բրազիլացի ֆուտբոլիստ համալրել է «Լոռիի» կազմը

ՊՍՎ-ի սանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»

Արամ Բարեղամյանին 7 խաղ է բաժանում «Բանանցի» պատմության կարևոր էջը թարմացնելուց

Հակոբ Համբարձումյանը՝ «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ

«Արարատի» ավագն ավարտում է ֆուտբոլիստի կարիերան

«Լոռին» 2 տարվա պայմանագիր է ստորագրել կոլումբացի կիսապաշտպանի հետ

«Ալաշկերտի» հարձակվողը փորձաշրջան կանցնի ուկրաինական ակումբում

«Արարատ-Արմենիայի» բոլոր գոլերը «Սպուտնիկի» հետ մրցավեճում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» ջախջախիչ հաշվով հաղթանակ է տոնել ընկերական խաղում

Այս տարի էլ կարող ենք զարմացնել Եվրոպային․ Դրա համար հիմքեր կան

«Արարատ-Արմենիան» ժամանել է Բելառուս և առաջին մարզումն անցկացրել (տեսանյութ)