fbpx
Բաժիններ

Մերոնք պարզապես «ռմբահարեցին» մրցակիցներին․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Արտերկրի ակումբներում հանդես եկող հայ ֆուտբոլիստները վերջին օրերի ընթացքում մասնակցել են հանդիպումների, որոնց արդյունքներին և տղաների ստացած խաղաժամանակին առաջարկում ենք ծանոթանալ ստորև։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 35-րդ տուր․ «Արսենալ» 2-3 «Քրիստալ Փելաս»․ Հենրիխ Մխիթարյանը մնացել է պահեստայինների նստարանին։ «Զինագործները» 20 թիմի պայքարում եզրափակում են լավագույն հնգյակը, բայց 1 հորիզոնական բարձր գտնվող «Չելսիից» 1 խաղ պակաս են անցկացրել։

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգա, 30-րդ տուր․ «Յան Ռեգենսբուրգ» 1-0 «Մագդեբուրգ»․ Սարգիս Ադամյանը 20-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Հայ ֆուտբոլիստը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 75-րդ րոպեին։ Նա 57-րդ րոպեին նաև դեղին քարտ է ստացել։ Ադամյանի հաշվին 2-րդ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում գրանցված է 11 գոլ և 9 արդյունավետ փոխանցում։ «Յան Ռեգենսբուրգը» 18 թիմի պայքարում 7-8-րդ տեղերն է բաժանում «Սանկտ Պաուլիի» հետ։

Պորտուգալիայի Պրիմերա, 30-րդ տուր․ «Մորեյրենսե» 0-1 «Շավիշ»Գևորգ Ղազարյանը 72-րդ րոպեին աչքի է ընկել արդյունավետ փոխանցումով։ Հարձակողական ոճի կիսապաշտպանը եղել է պահեստայինների թվում և փոխարինման մտել 57-րդ րոպեին։ Ղազարյանը 85-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով։ «Շավիշը» 18 թիմի պայքարում ընթանում է 16-րդ տեղով, ինչը վտանգավոր գոտու սահմաններում է։ Այս թիմին Պրիմերայում տեղը պահպանելու հնարավորություն տվող 15-րդ հորիզոնականից բաժանում է 3 միավոր։

Դանիայի Սուպերլիգա, առաջնության հիմնական փուլն ավարտվել է, և 14 թիմերը բաժանվել են 2 խմբի՝ չեմպիոնական ու հետնապահների, «Հոբրոն» հետնապահների խմբում է, ապրիլի 19-ին (4-րդ տուր) և 22-ին (5-րդ տուր) անցկացրել է 1-ական հանդիպում․ «Ռանդերս» 1-0 «Հոբրո»Էդգար Բաբայանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ «Հոբրո» 3-2 «Վենդսիսել»․ Բաբայանը 34-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ հերթական անգամ մասնակցելով ամբողջ մրցավեճին։ Հայ կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում անցկացրել է 20 խաղ ու խփել 5 գոլ։ «Հոբրոն» հետնապահների B ենթախմբում զբաղեցնում է վերջին՝ 4-րդ հորիզոնականը։ Առաջնության ավարտին 1 տուր է մնացել։ «Հոբրոն» և ենթախմբերի մյուս 3 հետնապահները կանցկացնեն փլեյ-օֆֆ՝ փորձելով վաստակել Սուպերլիգայի հաջորդ առաջնությանը մասնակցելու իրավունք։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր․ «Ուրալ» 2-1 «Ռուբին»․ «Ուրալից» Վարազդատ Հարոյանն անցկացրել է 2-րդ անընդմեջ ամբողջական հանդիպումը։ «Ռուբինից» Խորեն Բայրամյանը նույնպես մասնակցել է ամբողջ մրցավեճին՝ 4-րդ րոպեին դառնալով գոլային փոխանցման հեղինակ։ 27-ամյա կիսապաշտպանը 11-րդ րոպեին նաև դեղին քարտ է ստացել։ «Ուրալը» և «Ռուբինը» 16 թիմի պայքարում բաժանում են 10-11-րդ հորիզոնականները։

Կիպրոսի Բարձրագույն խումբ, առաջնության հիմնական փուլն ավարտվել էր, և մասնակից 12 թիմերը բաժանվել էին 2 ենթախմբերի՝ չեմպիոնական ու հետնապահների, «Էնոսիս Պարալիմնին» 2-րդ խմբում էր, 7-րդ տուր․ «Էնոսիս Պարալիմնի» 2-2 «Անորտոսիս»․ Հովհաննես Համբարձումյանը բացակայել է իր թիմի հայտացուցակից, քանի որ նախորդ տուրում կարմիր քարտ էր ստացել։ Առաջնությունն ավարտվել է։ «Էնոսիսը» հետնապահների խմբում հանգրվանել է նախավերջին՝ 5-րդ տեղում, և հաջորդ մրցաշրջանը կանցկացնի 1 մակարդակ ցածր առաջնությունում։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր․ «Տոբոլ» 0-0 «Ժետիսու»Կամո Հովհաննիսյանը եղել է հիմնական կազմում ու փոխարինվել 75-րդ րոպեին։ «Ժետիսուն» 12 թիմի պայքարում եզրափակում է լավագույն հնգյակը։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր․ «Կայսար» 0-0 «Օրդաբասի»․ Տիգրան Բարսեղյանը, որն ակումբի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել է թիմի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, մասնակցել է ամբողջ հանդիպմանը, 62-րդ րոպեին զգուշացվել դեղին քարտով։ «Կայսարը» զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

Բելառուսի Բարձրագույն խումբ, 4-րդ տուր․ «Սլուցկ» 1-3 «Իսլոչ»Գրիգոր Աղեկյանը մրցավարի կողմից ավելացված ժամանակի 3-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը՝ խփելով իր առաջին գոլը նոր առաջնությունում։ 23-ամյա հարձակվողը եղել է պահեստայինների թվում և փոխարինման մտել 89-րդ րոպեին։ «Իսլոչը» 16 թիմի պայքարում 4-5-րդ տեղերն է կիսում ԲԱՏԵ-ի հետ։

Շվեդիայի Բարձրագույն խումբ, 4-րդ տուր․ «Գյոթեբորգ» 3-1 «Հելսինգբորգ»․ Անդրե Չալըշըրը մասնակցել է ամբողջ խաղին։ «Գյոթեբորգը» 16 թիմի պայքարում 4-6-րդ հորիզոնականներն է բաժանում «Սիրիուսի» և «Հելսինգբորգի» հետ։

Լյուքսեմբուրգի Բարձրագույն խումբ, 21-րդ տուր․ «Պրոգրես Նիդերկորն» 0-2 «Դյուդելանժ»․ Ալեքսանդր Կարապետյանն ամբողջական մրցավեճ է անցկացրել։ «Պրոգրես Նիդերկորնը» 14 թիմի պայքարում եզրափակում է լավագույն հնգյակը, և նրան Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության ուղեգիր տվող 3-րդ հորիզոնականից բաժանում է 4 միավոր։

Արգենտինայի Սուպերլիգայի գավաթի խաղարկություն, 1/16 եզրափակիչ փուլ, պատասխան հանդիպում․ «Ատլետիկո Հուրական» 0-0 «Սան Լորենցո» (առաջին խաղը նույնպես ավարտվել էր այս հաշվով, լրացուցիչ ժամանակում գոլ չի գրանցվել, իսկ 11-մետրանոց հարվածաշարում 4-3 հաշվով հաղթել է «Սան Լորենցոն»)․ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 66-րդ րոպեին։ «Ատլետիկո Հուրականը» դուրս է մնացել հետագա պայքարից։

Բելառուսի Բարձրագույն խումբ, 4-րդ տուր․ «Մինսկ» 0-0 «Դնյապրո»Արսեն Բեգլարյանը 4-րդ անընդմեջ խաղում մնացել է պահեստայինների նստարանին։ «Դնյապրոն» իր ակտիվում գրանցել է ընդամենը 1 միավոր ու 14-16-րդ հորիզոնականներն է կիսում «Գորոդեյայի» և «Սլուցկի» հետ։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր․ «Սպարտակ Մոսկվա» 2-0 «Ենիսեյ»Արթուր Սարկիսովը եղել է պահեստայինների թվում ու փոխարինման մտել 59-րդ րոպեին, սակայն արդեն հաջորդ րոպեին ձգել է մկանը և լքել խաղադաշտը։ «Ենիսեյը» չի ունեցել փոփոխություն կատարելու հնարավորություն և մրցավեճն ավարտել է 10 հոգով։ Արդեն հայտնի է, որ 32-ամյա հարձակվողը բաց կթողնի մոտ 3 շաբաթ։ «Ենիսեյը» վերջին՝ 16-րդ հորիզոնականում է, ու նրան փրկություն հանդիսացող 14-րդ տեղից բաժանում է 8 միավոր։

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 29-րդ տուր․ «Սիլեքս» 1-0 «Ռաբոտնիչկի»Դավիթ Մանոյանն առաջնության 7-րդ անընդմեջ մրցավեճում ընդգրկված է եղել մեկնարկային կազմ։ Նա հաշվետու խաղում փոխարինվել է 68-րդ րոպեին։ «Ռաբոտնիչկին» 10 թիմի պայքարում 4-5-րդ տեղերն է կիսում «Շկուպիի» հետ։

Բելգիայի Բարձրագույն խումբ, առաջնության հիմնական փուլն ավարտվել է, ու 16 թիմերը բաժանվել են 2 խմբերի՝ չեմպիոնական և Եվրոպա լիգայի ուղեգրի համար պայքարողների, «Էուպենը» 2-րդ խմբում է, 5-րդ տուր․ «Էուպեն» 1-1 «Սինտ-Տրույդեն»․ Իվան Յագանն այս անգամ ևս բացակայել է Կլոդ Մակելելեի գլխավորած թիմի հայտացուցակից։ Հայ կիսապաշտպանը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել ապրիլի 3-ին՝ փոխարինման մտնելով «Վեստերլոյի» հետ հանդիպմանը։ «Էուպենն» առաջնության այդ հատվածի A ենթախմբում 6 թիմի պայքարում 5-6-րդ տեղերն է բաժանում «Բերշոտ-Վիլրիյկի» հետ։

Արգենտինայի Պրիմերա Բ (հզորությամբ 2-րդ առաջնություն), 25-րդ տուր․ «Տեմպերլեյ» 1-1 «Պլատենսե»․ Մաուրո Գևգեոզյանը, որը նախորդ հանդիպմանը դարձել էր գոլի հեղինակ, այս անգամ բացակայել է «Տեմպերլեյի» հայտացուցակից։ «Տեմպերլեյը» 25 թիմի պայքարում ընթանում է 14-րդ հորիզոնականով։

Մոլդովայի Բարձրագույն խումբ, 6-րդ տուր․ «Զիմբրու» 1-2 «Սֆինտուլ Գեորգե»Գարեգին Կիրակոսյանը 31-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ է դարձել՝ ապահովելով իր թիմի կամային հաղթանակը։ 23-ամյա կիսապաշտպանը մասնակցել է ամբողջ խաղին։ Սա հայ ֆուտբոլիստի առաջին գոլն էր Մոլդովայի առաջնությունում։ «Սֆինտուլ Գեորգեն» 8 թիմի պայքարում 3-4-րդ հորիզոնականներն է բաժանում «Սպերանտա Նիսպորենիի» հետ։

Ամերիկյան ՄԼՍ, Արևմտյան Կոնֆերենցիա, 9-րդ տուր․ «Լոս Անջելես» 4-1 «Սիեթլ Սաունդերս»․ Դիեգո Ռոսի Մարաշլյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին։ Նա ընթացիկ առաջնությունում անցկացրած 9 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։ «Լոս Անջելեսը» 12 թիմի պայքարում գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ հետապնդող «Լոս Անջելես Գելեքսիին» գերազանցելով 4 միավորով։

Սլովակիայի Մ19 առաջնություն, 25-րդ տուր․ «Զեմպլին Միխալովցե» Մ19 1-2 «Նիտրա» Մ19․ Արմեն Հովհաննիսյանը 90-րդ րոպեին 11մ հարվածով հասել է հաջողության։ Նա և Էրիկ Ազիզյանը մասնակցել են ամբողջ հանդիպմանը։ Ի դեպ, Հովհաննիսյանն ապրիլի 17-ին «Զեմպլինի» առաջին թիմի կազմում խաղադաշտ էր դուրս եկել «Ժիլինայի» հետ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում (0-2)՝ փոխարինման մտնելով 78-րդ րոպեին։ «Զեմպլինի» գլխավոր թիմը դուրս է մնացել պայքարից։ Ինչ վերաբերում է Մ19 կազմին, ապա այն 12 թիմի պայքարում 9-10-րդ տեղերն է բաժանում «Սենիցա» Մ19-ի հետ։

Կոլումբիայի Պրիմերա Բ (հզորությամբ 2-րդ առաջնություն), 13-րդ տուր․ «Վալեդուպար» 0-1 «Բոյակա Չիկո»Ժոաո Ժորդի Մոնրո Արարատն ամբողջական հանդիպում է անցկացրել։ «Բոյակա Չիկոն» 16 թիմի պայքարում 2-5-րդ հորիզոնականներն է կիսում «Դեպորտիվո Պերեյրայի», «Դեպորտես Քուինդիոյի» և «Բարանկիլյայի» հետ։

Հոլանդիայի 1-ին դիվիզիոն (հզորությամբ 2-րդ առաջնություն), 36-րդ տուր․ «Թոփ Օս» 1-0 «Գոու Ըհեյդ Իգլս»Գոռ Աղբալյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 85-րդ րոպեին։ 21-ամյա կիսապաշտպանը, ընթացիկ առաջնությունում հայտավորված լինելով իր թիմի մի շարք հանդիպումների, մասնակցել է ընդամենը 3 խաղի։ Աղբալյանը, ընդհանուր առմամբ, ստացել է 175 րոպե խաղաժամանակ։ «Գոու Ըհեյդ Իգլսը» 20 թիմի պայքարում շարունակում է եզրափակել լավագույն եռյակը։

Հոլանդիայի 2-րդ դիվիզիոն (հզորությամբ 3-րդ առաջնություն), 30-րդ տուր․ «Բարենդրեխտ» 1-1 «Կատվեյկ»․ «Կատվեյկից» Նորայր Ասլանյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 65-րդ րոպեին։ «Բարենդրեխտից» 22-ամյա հարձակվող Քրիստիան Դաբաղյանը եղել է պահեստայինների նստարանին ու փոխարինման մտել 75-րդ րոպեին։ «Կատվեյկը» 18 թիմի պայքարում 5-6-րդ տեղերն է կիսում «Կոնինկլիյկեի» հետ, իսկ «Բարենդրեխտը» եզրափակում է աղյուսակը։

Ռուսաստանի Ազգային լիգա (հզորությամբ 2-րդ առաջնություն), 32-րդ տուր․ «Ֆակել» 1-3 «ԲՄԱ-Խաբարովսկ»․ Դավիթ Արշակյանն ընդգրկված է եղել մեկնարկային կազմ և փոխարինվել առաջին խաղակեսի ավարտից անմիջապես հետո։ «Ֆակելը» 20 թիմի պայքարում 15-16-րդ հորիզոնականներն է բաժանում «Բալթիկայի» հետ։

Ռուսաստանի Ազգային լիգա (հզորությամբ 2-րդ առաջնություն), 32-րդ տուր․ «Խիմկի» 3-0 «Կրասնոդար-2»․ «Խիմկիից» Արշակ Կորյանը 52-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը՝ գրանցելով ընթացիկ առաջնությունում իր 3-րդ գոլը։ 23-ամյա ֆուտբոլիստը, լինելով հիմնական կազմում, փոխարինվել է 64-րդ րոպեին։ «Կրասնոդար-2»-ից ամբողջ խաղին է մասնակցել 20-ամյա կիսապաշտպան Հարություն Գրիգորյանը, նա 8-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով։ Այս թիմերը հարևաններ են մրցաշարային աղյուսակում․ «Կրասնոդար-2»-ը 10-րդ հորիզոնականում է, «Խիմկին»՝ 11-րդ։

Ռուսաստանի Ազգային լիգա (հզորությամբ 2-րդ առաջնություն), 33-րդ տուր․ «Շիննիկ» 1-0 «Տյումեն»․ Իշխան Գելոյանը, որն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 27 հանդիպման և դարձել 7 գոլի հեղինակ, հայտավորված չի եղել այս խաղին։ «Շիննիկն» ընթանում է 7-րդ հորիզոնականով։

Ուրուգվայի Բարձրագույն խումբ, 10-րդ տուր․ «Դեֆենսոր Սպորտինգ» 4-1 «Պլասա Կոլոնիա»Խոակին Բոգոսյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ 31-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 9 անգամ (5-ը՝ մեկնարկային կազմում) և դարձել 1 գոլի հեղինակ։ «Պլասա Կոլոնիան» 16 թիմի պայքարում 13-15-րդ հորիզոնականներն է բաժանում «Դեֆենսոր Սպորտինգի» ու Մոնտեվիդեոյի «Ռիվեր Փլեյթի» հետ։

Ֆրանսիայի առաջնություն, 33-րդ տուր․ «Ստրասբուրգ» 1-3 «Մոնպելյե»․ «Մոնպելյեի» գլխավոր մարզիչը հայազգի Միշել Տեր-Զաքարյանն է։ «Մոնպելյեն» 20 թիմի պայքարում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ռոման» հաղթեց վերջին վայրկյաններին Ջեկոյի խփած գոլով, Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

«Բոլոնիա» – «Ռոմա». Առաջին կեսից հետո հաշիվը չի բացվել, Մխիթարյանը մեկնարկային կազմում է

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Բոլոնիայի» դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի

Հենոն «Ռոմայում»․ Մեր ավագի 3 հնարավոր խնդիրները Իտալիայի մայրաքաղաքում | Fergie Time #5

Զանիոլո․ «Մխիթարյանը տպավորել է ինձ իր համեստությամբ ու իրեն չխնայելու ոգով»

Ֆոնսեկան պատասխանել է «որքա՞ն խաղաժամանակ կստանա Մխիթարյանը «Բոլոնիայի» դեմ խաղին» հարցին

Մխիթարյանն ու խաղընկերները ժամանել են Բոլոնյա (տեսանյութ)

«Ռոմայի» հայտացուցակը «Բոլոնիայի» դեմ խաղի համար (տեսանյութ)

«Արսենալը» շնորհավորել է ՀՀ անկախության օրը (նկար)

Մխիթարյանի վարկանիշը FIFA20-ում

ՀՀ – 28. Լա՞վ գիտեք Բարձրագույն Խմբի ռեկորդները. VNews-ի Quiz-ը

«Արսենալն» ու «Սևիլիան» հաղթանակով մեկնարկեցին, «Լացիոն» պարտվեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության պաշտոնական հայտարարության տեսանյութի շնորհիվ ևս մեկ երեխա է գտնվել

«Այնտրախտ» – «Արսենալ». Մեկնարկային կազմեր

Եվրոպա լիգայի հաղթողի հիմնական հավակնորդները՝ ըստ բուքմեյքերների

Մխիթարյանը մեկնարկում է Եվրոպա լիգայում իր նոր երթը «Ռոմայի» հետ