fbpx
Բաժիններ

Կասպարովը նոր նվաճման հասավ․ ավելի վերև «մագլցելու» համար պետք է շրջանցել Արարատ Հարությունյանին

Բարձրագույն խմբի 30-րդ տուրը՝ 10 փաստով

Առաջնության 30-րդ տուրում գրանցված արդյունքները չափազանց սրեցին ոսկե մեդալների համար մղվող պայքարը՝ ավելի խճճելով իրավիճակը չեմպիոնական մրցավազքում: Իսկ ահա «Լոռին» ոչ միայն վերջնականապես դուրս մնաց չեմպիոնական մրցավազքից, այլև խիստ հարցականի տակ դրեց Եվրոպա լիգայի ուղեգրի նվաճման հնարավորությունը, եթե վանաձորցիներին չհաջողվի դառնալ Հայաստանի գավաթակիր:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք հաղթեցին 3 խաղում, պարտվեցին մեկում: Առաջնությունում անցկացված 120 հանդիպումներում դաշտի տերերը 45 հաղթանակ են տոնել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 42 անգամ, 33 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

4 խաղում 13 գոլ խփվեց: Առաջնության մեկնարկից անցկացված 120 հանդիպումներում 269 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,24 գոլ մեկ խաղում:

Վարդան Մինասյան․ «Այսօր ձախողվեցինք․ ոչ ոք չէր ասում՝ բոլորին պիտի հաղթենք, այսպիսի խաղեր լինում են» (տեսանյութ)

2․ «Արարատ-Արմենիայի» անպարտելի 12 խաղերի տպավորիչ շարքն ընդհատվեց: Այդ հանդիպումներում Վարդան Մինասյանի սաները 32 միավոր էին վաստակել, 32 անգամ գրավել էին մրցակիցների դարպասը, բաց էին թողել ընդամենը 8 գնդակ: Նախորդ պարտությունն «Արարատ-Արմենիան» կրել էր անցյալ տարվա նոյեմբերի 11-ին՝ Գյումրիում նվազագույն հաշվով զիջելով «Շիրակին»: «Արարատ-Արմենիան» զիջեց առաջատարի դիրքը, որը վերջին անգամ զբաղեցրել էր 26-րդ տուրից հետո:

«Արարատ-Արմենիան» Բարձրագույն խմբում խոշոր հաշվով առաջին պարտությունը կրեց՝ առաջին անգամ մեկ խաղում 4 գոլ բաց թողնելով: Մինչ այդ թիմը միայն երկու խաղում՝ «Փյունիկի» և «Բանանցի» հետ մրցավեճում էր 3 գոլ բաց թողել՝ պարտվելով 1-3 հաշվով:

3․ «Փյունիկն» Ալեքսանդր Տարխանովի օրոք 3-րդ հաղթանակը տոնեց, որը 4-րդ անընդմեջն էր առաջնությունում: Փյունիկցիները կրկին հաջող հանդես եկան մրցակցի հարկի տակ՝ հյուրընկալվելիս տոնելով 10-րդ հաղթանակը: Մրցակիցների դաշտում անցկացրած 14 հանդիպումներում «Փյունիկը» 33 միավոր է վաստակել՝ ցույց տալով լավագույն արդյունքը: Երկարատև ընդմիջումից հետո «Փյունիկը» կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Ընթացիկ առաջնությունում փյունիկցիներն առաջին հորիզոնականը զբաղեցրել էին 3-6-րդ և 10-րդ տուրերում:

Ալեքսանդր Տարխանով․ «Մեր թիմը չեմպիոնության հավակնորդ է, բայց նույնը կարելի է ասել նաև «Արարատ-Արմենիայի», «Ալաշկերտի» ու «Բանանցի» մասին» (տեսանյութ)

4․ Առաջնության լավագույն ռմբարկուի տիտղոսի հավակնորդներ Ջոնել Դեսիրեն ու Անտոն Կոբյալկոն հերթական գոլերը խփեցին 11մ հարվածով: Դեսիրեն «Արցախի» հետ 4-րդ խաղում էլ դարձավ գոլի հեղինակ: Ընթացիկ առաջնությունում Դեսիրեի խփած 14 գոլերից ուղիղ կեսը գրանցվել է «Արցախի» հետ հանդիպումներում: «Լոռիի» հարձակվողը գերազանցեց նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Արտակ Եդիգարյանի ցուցանիշը, որը 13 գնդակով էր արժանացել «Ոսկե խաղակոշիկին»։

Անտոն Կոբյալկոն առաջնությունում 11-րդ գոլը խփեց՝ 3-րդ անընդմեջ խաղում դաշտից չհեռանալով առանց գոլի: Նա շրջանցեց Իվայլո Դիմիտրովին և դարձավ «Արարատ-Արմենիայի» լավագույն ռմբարկուն: Վերջին 12 հանդիպումներում Կոբյալկոն 10 գոլ է խփել: Այդ ընթացքում միայն «Շիրակին» և «Բանանցին» է հաջողվել մեկական խաղում դարպասն անառիկ պահել Կոբյալկոյի հարվածներից: Գոլերից 8-ը Կոբյալկոն խփել է առաջնության գարնանային հատվածում, ինչը լավագույն արդյունքն է:

5․ Ուրոշ Նենադովիչն առաջնության գարնանային հատվածում վերջապես բացեց գոլերի հաշիվը՝ խփելով ընթացիկ մրցաշրջանում 6-րդ գնդակը: Այդ գոլն «Ալաշկերտի» կազմում պաշտոնական մրցումներում Նենադովիչի օգտին գրանցված 21-րդ գնդակն էր, որի շնորհիվ սերբ հարձակվողը դարձավ թիմի ամենաարդյունավետ լեգեոնականը՝ մեկ գնդակով գերազանցելով Հեբեր Արաուխոյի ռեկորդային ցուցանիշը: Գոլերից 18-ը Նենադովիչը խփել է ՀՀ առաջնություններում, 3-ը՝ եվրագավաթների մրցաշարերում:

Արթուր Պետրոսյան․ «Այս պահին պետք է ավելի շատ մտածենք գավաթի եզրափակիչի, քան «Բանանցի» հետ առաջնության խաղի մասին» (տեսանյութ)

6․ Ալաշկերտցի Նիկիտա Տանկովն ու շիրակցի Արտյոմ Գևորգյանն առաջին գոլերը խփեցին Բարձրագույն խմբում: Տանկովը դարձավ «Ալաշկերտում» գոլ խփած 2-րդ ամենաերիտասարդ լեգեոնականը՝ Գևորգ Կասպարովի դարպասը գրավելով 22 տարեկան 214 օրականում: Ռեկորդակիրը Դարկո Վուչիչն է, որն «Ալաշկերտում» գոլերի հաշիվը բացել էր 2014թ. 22 տարեկան 186 օրականում:

7․ Արցախցի Էդգար Մովսեսյանը բացեց գոլերի հաշիվը Բարձրագույն խմբում, իսկ նրա թիմակից Յուրի Գարեգինյանն առաջին գոլը խփեց «Արցախում»: Մովսեսյանը գոլի հեղինակ դարձավ 20 տարեկան 234 օրականում: «Արցախում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Ակմալ Բախտիյարովն է, որն աչքի էր ընկել 20 տարեկան 140 օրականում:

Սևադա Արզումանյան․ «Ես հավատում էի այս ֆուտբոլիստներին, և եկավ օրը, որ նրանք իմ հավատն արդարացրին» (տեսանյութ)

8․ Ընթացիկ առաջնության ամենատարեց մասնակից, 38-ամյա Գևորգ Կասպարովը Բարձրագույն խմբում 330-րդ խաղն անցկացրեց և ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում շրջանցեց Արսեն Ավետիսյանին՝ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը: Գործող ֆուտբոլիստների մեջ Կասպարովի ցուցանիշը լավագույնն է: ՀՀ առաջնությունների պատմության մեջ Կասպարովից ավելի շատ հանդիպումների են մասնակցել Հովհաննես Թահմազյանը՝ 461, Տիգրան Դավթյանը՝ 409, Սարգիս Հովսեփյանը՝ 365, Արթուր Քոչարյանը՝ 357, և Արարատ Հարությունյանը՝ 336:

9․ Գոռ Մալաքյանը Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: «Արարատ-Արմենիայի» ներկա կազմի ֆուտբոլիստների մեջ դա լավագույն արդյունքն է:

Ուսման Մուհամեդ․ «Տալալաևի օրոք պաշտպանողական ֆուտբոլ էինք խաղում, հիմա՝ հարձակողական»

10․ Վսևոլոդ Երմակովն ընթացիկ առաջնությունում 15-րդ անգամ դարպասն անառիկ պահեց: «Շիրակի» դարպասապահն ընդգրկվեց ՀՀ առաջնությունների պատմության մեջ մեկ մրցաշրջանում դարպասն անառիկ պահած խաղերի քանակով լավագույն տասնյակում: Հետաքրքիր է, որ այդ ցանկը գլխավորում է «Շիրակի» նախկին դարպասապահ Արթուր Հովհաննիսյանը, որը ներկայումս թիմում մարզում է Երմակովին: Նա 1992թ. առաջնության 30 հանդիպումներից 21-ում դարպասն անառիկ է պահել: Երմակովը կրկնեց նախկին շիրակցի Արթուր Հարությունյանի ցուցանիշը, որը 2012/13թթ. առաջնության 41 հանդիպումներից 15-ում գոլ բաց չէր թողել:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Տարխանով․ «Ֆուտբոլիստների վրա ինչ-որ դատարկություն է իջել, նրանց աչքերում կրակ չէի տեսնում»

Վարդան Բիչախչյան․ «Գործեցինք չափից դուրս կարգապահ և հակագրոհների վրա «բռնեցինք» «Փյունիկին»

«Երևանը» մաքառեց, բայց չեմպիոնը սպասելի հաղթանակ տոնեց․ VNews-ի ֆոտոշարքը «Երևան» – «Արարատ-Արմենիա» խաղից

Գեորգի Ղազարյան․ «Հիմա մի քիչ դժվար է ասել՝ «Երևանն» ինչի է հավակնելու այս առաջնությունում․ աշխատելու ենք հաղթել ամեն խաղում» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Մեզ պետք չէր ավելորդ էմոցիա ծախսել․ այդ էմոցիաները պետք է պահեինք ամսի 29-ի խաղի համար» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» հաղթեց և բարձր տրամադրությամբ կմեկնի Լյուքսեմբուրգ (տեսանյութ)

«Շիրակը» Մորի Կոնեի հեթ-տրիկի շնորհիվ հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

«Երևան» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Շիրակ» – «Փյունիկ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Նանա Անտվի․ «Ինքս ինձ ասել էի, որ Հայաստանում 1 տարի լավ հանդես գալուց հետո կկարողանայի ավելի ուժեղ թիմ տեղափոխվել»

Պաշտոնական․ Էստոնիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

Աշոտ Բարսեղյան․ «Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք դեռ շատ հաղթանակներ ենք ունենալու» (տեսանյութ)

Իլշատ Ֆայզուլինը՝ «Ուրարտուի» խնդիրների և Արամ Հայրապետյանին խաղադաշտ դուրս չբերելու մասին (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Բարձրագույն խմբում բոլորն էլ հավասարազոր թիմեր են»

«Հայկական որոշ թիմեր իսպանական ֆուտբոլի բարձր մակարդակում կկարողանային լավ հանդես գալ»․ Դավիդ Կամպանյա

«Ուրարտուն» ու «Գանձասար-Կապանը» մեկական գոլ փոխանակեցին (տեսանյութ)