fbpx
Բաժիններ

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 30-րդ տուրը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստին ըստ VNews.am-ի։

Դարպասապահ՝ Վսևոլոդ Երմակով («Շիրակ»)

Ռուս ֆուտբոլիստն այս առաջնության արդեն 15 հանդիպումներում անառիկ է պահել սեփական դարպասը։ Դրան է նպաստել նաև այն հանգամանքը, որ «Շիրակը» մրցաշարի ամենակազմակերպված ու բարձր կարգապահությամբ պաշտպանվող թիմերից մեկն է։ Այդուհանդերձ, «Արարատն» առաջին խաղակեսում առնվազն 3 գերազանց պահ ուներ բացելու հաշիվը, 2 դեպքում փայլատակեց Երմակովը՝ մեծ դժվարությամբ փրկելով իր թիմին։ Դարպասապահը հիանալիորեն «սրբագրում» էր թիմակիցների սխալները։

Պաշտպաններ՝ Արմեն Մանուչարյան («Փյունիկ»)

Տալալաևը Մանուչարյանին տեսնում էր կենտրոնական պաշտպանի դիրքում, իսկ Տարխանովն Արմենին վերադարձրել է ակունքներ՝ պաշտպանության աջ թև։ Ինչպես և ամբողջ թիմը, նա էլ դրականորեն աչքի ընկավ «Արարատ-Արմենիայի» հետ խաղում, նաև երկրորդ գոլի դրվագում շատ լավ համագործակցեց Մուհամեդի հետ՝ կրնկի փոխանցումով նրան հասցեագրելով գնդակը։ Մանուչարյանն իրեն այսպես դրսևորեց մի մարզչի թիմի դեմ խաղում, որը նրան հավաքականի հիմնական կազմում տեղ էր վստահել Լիխտենշտեյնի հետ մրցավեճում։

Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ»)

Տարոնը բավականին վստահ հանդիպում անցկացրեց։ Լավ կատարելով իր անմիջական գործառույթները՝ կարողանում էր նաև խորքից սկսել թիմի գրոհները՝ գնդակը հիմնականում ուղարկելով եզրերում գտնվող թիմակիցներին։ «Ալաշկերտի» պաշտպանները կարծես վերջնականապես հարմարվել են 3 կենտրոնականով մարտավարությանը, որը կիրառվում է Խաշմանյանի վերադարձից հետո։ «Գանձասար-Կապանն» իր նախորդ հանդիպումներում շատ ավելի հաճախ էր սպառնում մրցակիցների դարպասին, քան չեմպիոնի հետ մրցավեճում էր։

Կիսապաշտպաններ՝ Յուրի Գարեգինյան («Արցախ»)

Գարեգինյանը, զարմանալիորեն առանց հսկողության մնալով տուգանային հրապարակում, գլխի դիպուկ հարվածով հույժ կարևոր գոլ խփեց «Արցախի» համար «Լոռիի» հետ հանդիպմանը։ Դա կամային հաղթանակի սկիզբն էր։ Գարեգինյանն Արթուր Գրիգորյանի բացակայությամբ կիսապաշտպանության կենտրոնից նահանջել էր հենակետային գոտի ու իրեն այնտեղ հարմարավետ էր զգում։ Գնդակ էր մատակարարում առջևի գծի խաղացողներին՝ նաև օգտվելով «Լոռիի» կիսապաշտպանների ու հարձակվողների միջև հաճախ առաջացող ազատ գոտիներից։

Կասպարովը նոր նվաճման հասավ․ ավելի վերև «մագլցելու» համար պետք է շրջանցել Արարատ Հարությունյանին

Ռումյան Հովսեփյան («Փյունիկ»)

Հովսեփյանը Տարխանովի օրոք կամաց-կամաց հավաքում է հին մարզավիճակը։ Փոխանցումների խոտանն աստիճանաբար պակասում է, սկսում է նաև ավելի հաճախ հաղթող դուրս գալ մենապայքարներում՝ օգտագործելով ֆիզիկական տվյալները։ Գերազանցապես հենց Ռումյանի շնորհիվ հաջողվեց չեզոքացնել մրցակցի վտանգավոր ֆուտբոլիստներից Պետրոս Ավետիսյանին, որին Հովսեփյանն աչալրջորեն հսկում էր։ Ռումյանը «Բանանցում» խաղալիս շատ ավելի մեծ ազատություն էր ստանում խաղադաշտում, իսկ «Փյունիկում» այլ իրականություն է։

Ջոել Դամահու («Ալաշկերտ»)

«Ալաշկերտի» հենակետայինը մասնակցություն ունեցավ «դեղինների» 2 գոլային գրոհներին, որոնք թիմի համար ապահովեցին այդքան թանկարժեք 3 միավորը։ Առաջին դրվագում առանցքային էր Դամահուի հաղթանակն օդային պայքարում, իսկ երկրորդում այս ֆուտբոլիստը ցուցադրեց խաղադաշտը և թիմակիցների շարժումները լավ տեսնելու կարողությունը՝ մրցակցի պաշտպանների արանքով հիանալի փոխանցում կատարելով Նենադովիչին։ 32-ամյա խաղացողն «Ալաշկերտի» ձմեռային սելեկցիայի եզակի լուսավոր կետերից մեկն է։

Էրիկ Վարդանյան («Փյունիկ»)

Վարդանյանը մեծ հաճույքով էր օգտվում «Արարատ-Արմենիայի» հենակետայինների թողտվություններից։ Էրիկն իր խաբուսիկ և գրագետ գործողություններով նաև անձամբ էր ստիպում մրցակիցներին սխալվել։ «Փյունիկը» շատ հաճախ հենց կենտրոնից էր կազմակերպում գրոհները, իսկ Վարդանյանը կարողանում էր ճիշտ դիրքավորվել ու փոխանցում ստանալ թիմակիցներից։ Դե իսկ սեփական կիսադաշտում գնդակը խլելը և երկար տարածությունից բաղկացած ուղերթը գոլով եզրափակելը «Փյունիկի» հաղթանակի «ամենայուղոտ» կետերից մեկն էր։

Ուսման Մուհամեդ («Փյունիկ»)

Մուհամեդի գոլն ընդմիջումից անմիջապես հետո հատկապես հոգեբանական առումով անգնահատելի էր «Փյունիկի» համար։ Նա դրանից ընդամենը 2 րոպե անց իր հաշվին նաև «ասիստ» գրանցեց։ Մանուչարյանի հետ պատ խաղարկելով՝ հաշվենկատ փոխանցումով գնդակը «նստեցրեց» Միրանյանի գլխին։ «Փյունիկի» 3 անընդմեջ հաղթանակների շարքը Տարխանովի օրոք տպավորիչ է, բայց միայն ժամանակը ցույց կտա՝ այդ հաղթարշավը մարզչական փոփոխությանը մշտապես հաջորդող էմոցիոնալ պոռթկո՞ւմ է, թե՞ ճիշտ աշխատանքի արդյունք։

Մուսա Փոլ Բակայոկո («Շիրակ»)

Բակայոկոն իր գոլով ու արդյունավետ փոխանցումով օգնեց «Շիրակին» հաղթելու «Արարատին» և վերջապես եզրափակելու 6 անընդմեջ ոչ-ոքիներից բաղկացած «անիծյալ» շարքը։ Թեպետ «Արարատը» դեռ առաջին խաղակեսում կարող էր «Շիրակին» «կաթվածի հասցնել», եթե հարվածներն անչափ նպաստավոր դիրքերից դիպուկ լինեին։ «Շիրակում» այսօր մատների վրա կարելի է հաշվել լեգեոներների, և եթե Բակայոկոն այնտեղ է, ապա համապատասխանում է թիմի պահանջներին։ Նա գոլի հեղինակ դարձավ «Շիրակի» 2-րդ անընդմեջ խաղում։

Հարձակվողներ՝ Ուրոշ Նենադովիչ («Ալաշկերտ», տուրի լավագույն ֆուտբոլիստ)

«Ալաշկերտի» մարզիչներն Ուրոշին արդեն օգտագործել են հարձակման բոլոր դիրքերում, բայց այս անգամ նա «ձուկը ջրում» էր՝ գործելով Տանկովի թիկունքում։ Նենադովիչն ահռելի աշխատանք կատարեց խաղադաշտում, մանևրեց, ինչքան կարող էր։ «Ալաշկերտի» դիրքային գրոհների ժամանակ մոտենում էր միջին գծի խաղացողներին և, ստեղծելով քանակական առավելություն ու ճիշտ բացվելու հաշվին մնալով առանց հսկողության, զարգացնում թիմի գրոհները։ Ուրոշը նման աշխատասիրության համար պարգևատրվեց վերջնամասում խփած գոլով։

Նիկիտա Տանկով («Ալաշկերտ»)

Այստեղ, անկասկած, կարող էր լինել նաև Արթուր Միրանյանը, որը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ։ Բայց Տանկովի թեկնածությունն այս դեպքում ավելի «ռոմանտիկ» է, նա իր շանսին սպասել էր մոտ 1 ամիս։ Նիկիտան մինչ այս հանդիպումը վերջին անգամ խաղադաշտ էր դուրս եկել մարտի 30-ին։ Առաջին անգամ էր մեկնարկային կազմում։ Եվ նա, խաղալով «ատամները սրած», օգտվեց իր շանսից՝ դառնալով գոլի հեղինակ։ Տանկովը Պրուդնիկովի անվստահ ելույթների ֆոնին կարող է «զավթել» կենտրոնական հարձակվողի գոտին։

Խորհրդանշական հավաքականում որոշ ֆուտբոլիստների խաղային դիրքեր պայմանական են՝

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


2 ֆուտբոլիստ լքեց «Փյունիկը»

Վադիմ Բորեց․ «Ձգտելու ենք ժամանակի հետ առաջընթաց ունենալ․ հավատում ենք այս տղաներին» (տեսանյութ)

Վարդան Մինասյանը՝ «Նոայի» նկատմամբ հաղթանակի ու «Դյուդելանժի» հետ առաջիկա խաղի մասին (տեսանյութ)

Չեմպիոնի ծանր հաղթանակը եվրոպական ելույթից առաջ․ VNews-ի ֆոտոշարքը «Նոա» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից

«Արարատ-Արմենիան» 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց առաջնությունում (տեսանյութ)

«Նոա» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Խաշմանյանը բարկացած էր․ «Երբեք չեմ խաբի ինքս ինձ․ մենք չեմպիոն դառնալու ներուժ չունենք» (տեսանյութ)

«Ալաշկերտը» հաղթեց «Ուրարտուին» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Նման խաղերում պետք է կարողանանք հաղթել խոշոր հաշվով»․ Մամուլի ասուլիս «Շիրակ» – «Երևան» հանդիպումից հետո

«Շիրակը» Գյումրիում 3 միավոր վաստակեց Բարձրագույն խմբի նորեկի հետ խաղում (տեսանյութ)

«Շիրակ» – «Երևան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կմրցեն «Փյունիկը» և խոստումնալից մեկնարկ ունեցած «Արարատը»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 3-րդ տուրին ընդառաջ

Պատմական նվաճումից զատ․ «Արարատ-Արմենիան» 3 ռեկորդի հեղինակ է դարձել

«Փյունիկը» «գայլերին» 0-4 հաշվով զիջեց նաև պատասխան խաղում (տեսանյութ)

«Փյունիկը» 10 րոպեում 3 գնդակ ընդունեց «Վուլվերհեմփթոնից» (տեսանյութ)