fbpx
Բաժիններ

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 32-րդ տուրը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 32-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստին ըստ VNews.am-ի։

Դարպասապահ՝ Պողոս Այվազյան («Արարատ»)

Թվում էր՝ Այվազյանը համարյա շանս չունի տեղ ստանալու «Արարատի» մեկնարկային կազմում, քանի որ Պետրուշչենկովը լավ էր կատարում իր պարտականությունները։ Սակայն Տիգրան Եսայանը հայ ֆուտբոլիստին արդեն 2 խաղ է, ինչ ընդգրկում է հիմնական կազմ, և Այվազյանն արդարացնում է սպասելիքները։ Նա այդ ընթացքում 2 գոլ է բաց թողել։ «Բանանցի» հետ հանդիպման մի քանի դրվագներում օգնության հասավ իր թիմին։ Եվ ամենակարևորն այն է, որ հետնապահ «Արարատն» այդ 2 հանդիպումներում պարտություն չի կրել։

Պաշտպաններ՝ Մարկո Պրլևիչ («Շիրակ»)

«Շիրակի» և «Գանձասար-Կապանի» հանդիպումը դիտարժան չես անվանի, ավելի շատ խոտան կար, քան կառուցողական գործողություններ։ Գյումրեցիների պաշտպան Պրլևիչը հատկապես առաջին խաղակեսում իսկական պատնեշ էր դարձել կապանյան թիմի համար, հետ էր մղում թե՛ օդային, թե՛ ներքևից եկած գնդակները։ Նույնկերպ վստահ անցկացրեց նաև երկրորդ 45 րոպեները։ Անկյունայինի խաղարկումից հետո մոտ էր նույնիսկ գոլի հեղինակ դառնալուն։

Մաքսիմ Ժեստոկով («Փյունիկ»)

«Փյունիկի» պաշտպանը գոլի հեղինակ դարձավ 2-րդ խաղում անընդմեջ։ Նա արդեն 5 անգամ է գրավել մրցակիցների դարպասն ընթացիկ առաջնությունում։ Երևանյան թիմը տոնել է 6 անընդմեջ հաղթանակ, այդ ընթացքում բաց թողել ընդամենը 2 գոլ, այն էլ՝ 11-մետրանոց հարվածներով։ Ժեստոկովի և ընկերների կազմած պաշտպանությունը կատարյալ չես անվանի, նույն «Արցախն» էլ հրաշալի պահեր ուներ գոլի հեղինակ դառնալու։ Թիմը Տալալաևի օրոք սովորաբար 3 կենտրոնական պաշտպանով էր խաղում, հիմա՝ 2, և տղաները լավ են հարմարվել։

Կիսապաշտպաններ՝ Կևին Նտիկա Բոնդոմբե («Արարատ»)

«Արարատը» գերազանց հանդես եկավ «Բանանցի» հետ հանդիպմանը։ Ամենատպավորիչը թիմի համարձակությունն էր, ակտիվ խաղը, իսկ «Բանանցն» ակնհայտորեն գերագնահատել էր սեփական ուժերը։ Բոնդոմբեն, որը գարնանային հատվածի սկզբում պաշտպանության կենտրոնում էր խաղում, հիմա հանդես է գալիս որպես հենակետային։ Նա բազմաթիվ դրվագներում խափանեց մրցակցի գրոհները։ Դանդաղաշարժ է, բայց ֆիզիկական տվյալների հաշվին հաճախ հաղթում է մենապայքարներում։

Առաջնությունում ընդամենը 1 թիմ կա, որ անպարտելի է գարնանային հատվածում

Սարգիս Շահինյան («Արարատ»)

Եվս մեկ ֆուտբոլիստ առաջնության չեմպիոնական մրցավազքին կամա, թե ակամա խոչընդոտած թիմից։ Շահինյանի մասին խոսում էր դեռ Խաշմանյանը՝ նշելով, որ այս ֆուտբոլիստն արդարացնում է իր սպասելիքները։ Հիմա Սարգիսը խաղից խաղ կայունացնում է ելույթները։ Եթե Բոնդոմբեն ավելի շատ զբաղված է մրցակցի խաղը «քանդելով», ապա Սարգիսն ունի ստեղծագործական ազատություն։ Դիրքավորվելով կենտրոնում՝ փորձում է որսալ ազատ թիմակիցներին և գրոհներ կազմակերպել։ Առայժմ լավ է ստացվում։

Պետրոս Ավետիսյան («Արարատ-Արմենիա»)

Ավետիսյանն «Ալաշկերտի» հետ հանդիպմանը փոխարինման մտավ 52-րդ րոպեին, երբ թիմը պարտվում էր 0-1 հաշվով։ Եթե «Արարատ-Արմենիան» տանուլ տար խաղը, ապա չեմպիոնության համար պայքարելու շանսերը գործնականում կփոշիանային։ Պետրոսն իր ակտիվությամբ նոր թափ հաղորդեց թիմի գրոհներին։ Նա մեկ հպումով սուր փոխանցումով «կտրեց» «Ալաշկերտի» պաշտպանությունը, և Կոբյալկոն դուրս եկավ հարվածային դիրք։ Հետո եղավ 11-մետրանոց և գոլ։ Ավետիսյանն էլ ուներ գոլ խփելու շանսեր, բայց վրիպեց։

Սերգեյ Շևչուկ («Փյունիկ»)

Շևչուկը, Ալիկ Առաքելյանի բացակայությամբ տեղ զբաղեցնելով «Փյունիկի» գրոհային ձախ եզրում, իրեն առավել քան հարմարավետ է զգում։ «Արցախի» հետ մրցավեճում անկյունայիններից կատարած 2 փոխանցումներով հերթական «ասիստները» գրանցեց իր հաշվին։ Կարևոր մասնակցություն ունեցավ նաև 3-րդ գոլային գրոհին։ Շևչուկը «Փյունիկի» վերջին 5 հանդիպումներում դարձել է 6 արդյունավետ փոխանցման հեղինակ (4-ը՝ անկյունայինից փոխանցումներով)։ 33-ամյա ուկրաինացին ամենաանհրաժեշտ պահին է ձեռք բերել լավ մարզավիճակ։

Անդրեյ Յակովլև («Արարատ»)

Այս ֆուտբոլիստը «Բանանցի» հետ խաղում չափազանց ակտիվ էր ու միտված դեպի մրցակցի դարպասը։ Երբ «Բանանցի» պաշտպան Այվազյանը միանում էր գրոհներին և չէր հասցնում նահանջել, Յակովլևն օգտվում էր մնացած ազատ տարածություններից։ Ձախ եզրով ու կենտրոնով իր անցումներով սպառնում էր մրցակցի դարպասին։ Յակովլևի հարվածից հետո Հայրապետյանը հետ մղեց գնդակը, և Քոչարյանը հասավ հաջողության։ 30-ամյա խաղացողն ինքն էլ 1-2 հիանալի պահ ունեցավ, բայց բախտը չժպտաց վերջինիս։

Հարձակվողներ՝ Անտոն Կոբյալկո («Արարատ-Արմենիա», տուրի լավագույն ֆուտբոլիստ)

Կոբյալկոն որոշիչ խաղում դարձավ «Արարատ-Արմենիայի» կամային հաղթանակի գլխավոր կերտողներից մեկը։ Ընդունելով գնդակը տուգանային հրապարակում՝ Լուիսին թույլ տվեց գրավելու մրցակցի դարպասը։ Կոբյալկոն արդյունավետ փոխանցմանը րոպեներ անց նաև գոլ ավելացրեց՝ անվրեպ իրացնելով իր իսկ վաստակած 11-մետրանոցը։ Մեր առաջնության ամենակայուն հարձակվողը խփած գոլերի քանակը հասցրել է 12-ի։ Այս ագրեսիվ ֆուտբոլիստը, անկասկած, մինչև վերջ կպայքարի նաև լավագույն ռմբարկուի կոչման համար։

Անդրանիկ Քոչարյան («Արարատ»)

Քոչարյանի գոլի շնորհիվ «Արարատը» ոչ-ոքի կորզեց «Բանանցի» հետ մրցավեճում։ 25-ամյա հարձակվողը գոլ չէր խփել «վաղնջական ժամանակներից», ավելի կոնկրետ՝ 2018 թվականի նոյեմբերի 25-ից ի վեր։ Չմոռանանք, որ հենց նա էր 11-մետրանոց վաստակել «Արցախի» հետ նախորդ հաղթական խաղում։ Քոչարյանը վերադարձրել է տեղը հիմնական կազմում և աչքի է ընկնում արդյունավետ գործողություններով։ «Արարատն» «արթնացավ» առաջնության միայն վերջնամասում, բայց դեռ կհասցնի «փչացնել» մի քանի մրցակիցների կյանքը։

Ալեքսանդր Պրուդնիկով («Ալաշկերտ»)

Թեև «Ալաշկերտը» չպահպանեց հաղթանակը և գործնականում դուրս մնաց չեմպիոնական մրցավազքից, Պրուդնիկովին չառանձնացնել չի կարելի։ Նրա՝ ընթացքից զարմանահրաշ հարվածը հեռու տարածությունից այս առաջնության լավագույն գոլի գլխավոր թեկնածուն է։ Ինչպես և ցանկացած գոլի դեպքում, այստեղ էլ դարպասապահն ուներ մեղքի բաժին, բայց Պրուդնիկովի հարվածը շատ շքեղ ստացվեց։ Բարդ բնավորությամբ այս հարձակվողն առաջնությունում 3 գոլ է խփել, և դա, իհարկե, գոհացուցիչ լինել չի կարող։

Խորհրդանշական հավաքականում որոշ ֆուտբոլիստների խաղային դիրքեր պայմանական են՝

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


ԱԻԿ-ն առաջնությունում վստահ հաղթանակ է տոնել «Արարատ-Արմենիայի» հետ խաղից առաջ

Էդգար Մալաքյան․ «Մի քանի տարի անց այլևս չեն լինի հայ ֆուտբոլիստներ, եթե երիտասարդներին շարունակեն շանս չտալ»

Մանուչարյանը 15 տարի անց կրկին գոլ խփեց եվրագավաթներում, «Բանանցի» հերթական ֆիասկոն

Սեկուլիչ․ «Կարծում եմ՝ կհաղթենք նաև մրցակցի հարկի տակ»

«Մակեդոնիայի» մարզիչ․ «Եթե մեր թիմն այդքան սխալներ թույլ չտար, ավելի լավ արդյունքի կհասնեինք»

Հայկ Իշխանյան․ «Չեմ ուզում՝ այս հանդիպման հաշիվը հիշելով մասնակցենք պատասխան խաղին» (տեսանյութ)

Արտակ Գրիգորյան․ «Եթե պատասխան խաղում մի պահ թուլանանք, անպայման կպատժվենք» (տեսանյութ)

Բագրատ Նավոյան․ «Խոստանում եմ, որ անպայման հաղթանակով ենք հետ գալու պատասխան խաղից» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյանի մամուլի ասուլիսն «Ալաշկերտ» – «Մակեդոնիա» հանդիպումից հետո (տեսանյութ)

«Ալաշկերտի» հաղթական մեկնարկը Եվրոպա լիգայի այս խաղարկությունում. VNews.am-ի ֆոտոշարքը

Խաշմանյան․ «Ոչ պարտադիր գոլ բաց թողեցինք անփութության հետևանքով»

«Ալաշկերտ» – «Մակեդոնիա». Հանդիպման տեսությունը (տեսանյութ)

Խաղ-թրիլեր Գյումրիում. Ինչպես «Փյունիկը» քանդեց իր իսկ հյուսած կծիկը (ֆոտոշարք)

«Ալաշկերտը» հաղթեց «Մակեդոնիային» և լուրջ հայտ ներկայացրեց հաջորդ փուլ դուրս գալու համար (տեսանյութ)

Ալեքսանդր Տարխանովի մամուլի ասուլիսը «Փյունիկ» – «Շկուպի» հանդիպումից հետո (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Մակեդոնիա». Երևանյան թիմը հաշիվը դարձնում է 3-1 (տեսանյութ)