fbpx

«Հոֆենհայմի» փառահեղ ուղին, Ադամյանի ապագա մարզչի մոտեցումներն ու կյանքի դաժան փորձը

Սարգիս Ադամյանը դեռ 2 տարի առաջ հանդես էր գալիս Գերմանիայի 4-րդ Բունդեսլիգայի «Շտայնբախ» ակումբում, իսկ երեկ պայմանագիր է կնքել 1-ին Բունդեսլիգան ներկայացնող «Հոֆենհայմի» հետ։ 15 գոլ և 11 արդյունավետ փոխանցում․ հայ ֆուտբոլիստի՝ 2-րդ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում գրանցած այս ցուցանիշները խելքահան արեցին «Հոֆենհայմին»։ Դե ուրեմն, ավելի մանրամասնորեն անդրադառնանք այն ակումբին, որն իր երկրպագուների բանակը երեկ համալրեց հազարավոր հայերով։

«Հոֆենհայմը» հիմնադրվել է 1899 թվականին, բայց առավել քան համեստ պատմություն ունի։ Այս ակումբը 20-րդ դարի 90-ականների սկզբին սիրողական կարգավիճակ ուներ և ելույթ էր ունենում երկրի 8-րդ դիվիզիոնում։ Նրա առավելագույն արդյունքը եղել էր 5-րդ Բունդեսլիգայում հանդես գալը։ Ամեն ինչ գլխիվայր շրջվեց, երբ 2000 թվականին ակումբն իր վերահսկողության տակ առավ մեծահարուստ Դիտմար Հոպը։

Վերջինս ծննդով հենց Հոֆենհայմ գյուղակից է, որն ունի ընդամենը 3 հազար բնակչություն։ Հոպը ժամանակին նաև խաղացել է ակումբի պատանեկան թիմում։ Նա ահռելի գումարներ ներդրեց «Հոֆենհայմին» հասցնելու այնտեղ, որտեղ այն հիմա է։

Արդյունքներն անմիջապես բարելավեցին։ «Հոֆենհայմն» ընդամենը 2 տարվա ընթացքում ցատկ կատարեց մինչև 3-րդ Բունդեսլիգա՝ 4-րդ և 5-րդ Բունդեսլիգաներում գրավելով 1-ին հորիզոնականը։ Թիմի ղեկը 2006 թվականին ստանձնեց փորձառու Ռալֆ Ռանգնիկը, որը «Շտուտգարտում», «Հանովերում» և «Շալկե-04»-ում աշխատելու փորձ ուներ։ Հոպը մեծ փոփոխություններ մտցրեց նաև տեխնիկական անձնակազմում, հրավիրվեցին փորձառու ֆուտբոլիստներ, դրա հետ մեկտեղ՝ խոստումնալից երիտասարդներ, որոնց թվում էր Սեյադ Սալիհովիչը։

«Հոֆենհայմը» 2006-2008թթ․ հերթական սենսացիան մատուցեց գերմանական ֆուտբոլում։ Թիմը նախ ձեռք բերեց 2-րդ Բունդեսլիգայի ուղեգիր, ապա կրկին շոկի ենթարկեց բոլորին՝ այնտեղ անցկացրած առաջին իսկ մրցաշրջանի արդյունքներով դուրս գալով 1-ին Բունդեսլիգա։

Եթե կարծում եք՝ նրանք այդքանով հանգստացան, ապա չարաչար սխալվում եք։ Ռանգնիկը, խաղը կառուցելով Դեմբա Բա – Չինեդու Օբասի – Վեդադ Իբիշևիչ հարձակման տպավորիչ եռյակի շուրջ, թիմին դարձրեց Գերմանիայի ձմեռային չեմպիոն («Հոֆենհայմը» գլխավորում էր աղյուսակն առաջին խաղաշրջանից հետո)։ Տեղական մամուլն անընդհատ գրում էր «հանդուգն» այս թիմի մասին, որը համարձակվել է «ձեռնոց նետել» «Բավարիային» չեմպիոնական մրցավազքում։

«Հոֆենհայմը» ցուցադրում էր ուղղահայաց և հարձակողական ֆուտբոլ, ինչի արդյունքը 17 խաղում խփած 42 գոլերն էին։ Երկրպագուների շրջանում անցկացված քվեարկությունը ցույց էր տվել, որ մոտ 70%-ը ցանկանում էր՝ մրցաշրջանի ավարտին տիտղոսը նվաճեր «Հոֆենհայմը», իսկ «Բավարիայի» օգտին ձայն էր տվել ընդամենը 20%-ը։ Բայց թիմի «վառելիքը» շուտ սպառվեց, և «Հոֆենհայմն» այդ տարի բավարարվեց ընդամենը 7-րդ տեղով, իսկ չեմպիոնական կոչումը բաժին հասավ «Վոլֆսբուրգին»։

Եկավ Բունդեսլիգայի պատմության մեջ ամենաերիտասարդ գլխավոր մարզիչը

Ռանգնիկը, որը «Հոֆենհայմին» 3 տարում «նկուղներից» բարձրացրել էր մինչև 1-ին Բունդեսլիգա, 2011 թվականին հեռացավ իր պաշտոնից։ Դրանից հետո ակումբը 6 մարզչի փոխեց՝ այդ ընթացքում հազիվհազ պահպանելով գրանցումը Բունդեսլիգայում, մինչև 2016 թվականին հղացավ 28-ամյա Յուլիան Նագելսմանին հրավիրելու տարբերակը։ Նա ծնկի խնդիրների պատճառով 20 տարեկանում ավարտել էր ֆուտբոլիստի կարիերան և անցել մարզչական աշխատանքի։ Մարզել պատանեկան թիմեր, «Աուգսբուրգում» եղել Տոմաս Տուխելի օգնականը։

Երբ Նագելսմանը 2016 թվականի փետրվարին գլխավորեց թիմը, «Հոֆենհայմը» 17-րդ տեղում էր աղյուսակում՝ 7 միավորով հետ մնալով փրկություն հանդիսացող 15-րդ հորիզոնականից։ Թիմը Նագելսմանի օրոք խուսափեց Բունդեսլիգային հրաժեշտ տալուց, քանի որ մնացած 14 խաղում տոնեց 7 հաղթանակ։ Իսկ արդեն հաջորդ մրցաշրջանում «Հոֆենհայմը» գրավեց 4-րդ տեղն ու ձեռք բերեց Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության ուղեգիր։ Սակայն դրան հետևեց հիասթափություն, քանի որ Նագելսմանի թիմը որակավորման փլեյ-օֆֆում պարտվեց «Լիվերպուլին»՝ դուրս մնալով պայքարից։

Նագելսմանն այդ ընթացքում ամուր կոլեկտիվ էր ձևավորել, որը պարզապես մարտնչում էր խաղադաշտում։ Երիտասարդ մարզիչն իր առաջին մրցաշրջանում շատ էր դիմում փորձարկումների, բայց հետո հասավ կայունության։«Հոֆենհայմը» հիմնականում հանդես էր գալիս 3-4-3 սխեմայով, որը ենթարկվում էր որոշակի փոփոխությունների՝ ելնելով նրանից, թե ով է մրցակիցը։ Տպավորում էին այս թիմի պրեսինգը և կայծակնային գրոհներն ու հակագրոհները։ Մարզչի գլխավոր արժանիքն էր խաղի ընթացքից բխող անակնկալ իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնելը, թիմի սխեման ու մարտավարությունը վերաձևափոխելը։

Նման նպատակասլացությունը հանգեցրեց նրան, որ «Հոֆենհայմը» 2017/18թթ․ մրցաշրջանն ավարտեց 3-րդ հորիզոնականում։ Նագելսմանին հրավիրում էին Մադրիդի «Ռեալը» և «Բավարիան», բայց նա որոշեց մնալ այն ակումբում, որտեղ մեծ ճնշում չի զգում իր ուսերին և աճում է որպես մարզիչ։ «Հոֆենհայմը», մասնակցելով Չեմպիոնների լիգայի գավաթի այս խաղարկության խմբային փուլին, ենթախմբում գրավեց վերջին տեղը։ Մրցակիցները «Մանչեսթեր Սիթին», «Լիոնն» ու «Շախտյորն» էին։ Նագելսմանի թիմը հաղթանակ չտոնեց՝ գրանցելով 3-ական ոչ-ոքի ու պարտություն։

Գերմանական թիմն իսկական ճակատամարտ տվեց հատկապես «Մանչեսթեր Սիթիին»։ Անգլիացիները վերահսկում էին գնդակը, իսկ «Հոֆենհայմը» շնչահեղձ անող պրեսինգի ու ռեակտիվ հակագրոհների միջոցով սպառնում էր Գվարդիոլայի թիմին։ 2 մրցավեճում էլ «Սիթին» հաղթեց 2-1 հաշվով, բայց հատկանշականն այն է, որ այդ 2 դեպքում էլ հենց «Հոֆենհայմն» էր բացել հաշիվը։

Գերմանիայում սիրում են տրանսֆերների ու տարբեր գործարքների մասին նախապես հայտարարել։ Այդպես էր նաև Նագելսմանի պարագայում, և նրա՝ ակումբից 2018/19թթ․ մրցաշրջանից հետո հեռանալու մասին բոլորը դեռ նախորդ տարվա հունիսից են տեղյակ։ Երիտասարդ մարզիչը կգլխավորի հավակնոտ «Լեյպցիգը»։ Բունդեսլիգայի այս առաջնության ավարտին 1 տուր է մնացել, «Հոֆենհայմը» 8-րդ տեղում է և տեսական շանսեր ունի մտնելու Եվրոպա լիգա։

«Հոֆենհայմն» այս մրցաշրջանում, կարելի է ասել, գերմանական «Շիրակն» էր։ Ինչո՞ւ, որովհետև ոչ-ոքիներ խաղալու «մասնագետ» է։ «Հոֆենհայմի» չափ ոչ-ոքիներ (12) Բունդեսլիգայում գրանցել է միայն «Ֆրայբուրգը»։ Թիմը ծայրահեղ անկայուն խաղաց։ Ազդեց նաև զուգահեռաբար Չեմպիոնների լիգային մասնակցելը։ Այդուհանդերձ, եթե նույնիսկ չհայտնվեն Եվրոպա լիգայում, Նագելսմանի ընդհանուր աշխատանքն ակումբում պետք է 10+ գնահատել, քանի որ «Հոֆենհայմը» նրա օրոք միջակից վերածվեց բարձր տեղերի համար պայքարելու հավակնություն ունեցող թիմի։

«Սարգիս Ադամյա՞ն․ չեմ ճանաչում»․ Ի՞նչ ուղի է անցել Մխիթարյանից հետո մեր այսօրվա գլխավոր աստղը

Ո՞վ է փոխարինելու Նագելսմանին և լինելու Ադամյանի մարզիչը

Դուք տպավորվա՞ծ եք այս մրցաշրջանի «Այաքսով»։ Պիտի որ դրական պատասխան տաք։ Իսկ ո՞վ է այս «Այաքսի» գլխավոր «ճարտարապետը»։ Տրամաբանական է, որ առաջինը պետք է առանձնացվի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի գործոնը։ Այո՛, վերջինս կարևոր մասնիկ է, բայց այսօրվա ֆուտբոլում գլխավոր մարզիչն ինքն իրենով ոչինչ չի կարող անել, նրան բարձրակարգ շտաբ և ուժեղ օգնականներ են պետք։ Տեն Հագն ունի այդպիսի օգնական՝ հանձին Ալֆրեդ Շրոյդերի։ Վերջինս «Հոֆենհայմի» հետ 3 տարվա պայմանագիր է կնքել։

Նա նոր մարդ չէ գերմանական այս ակումբում։ Շրոյդերը մինչև Ամստերդամ մեկնելը 3 տարի աշխատել է այստեղ որպես գլխավոր մարզչի օգնական։ Սկզբում օգնում էր Հուբ Ստևենսին, իսկ հետո միացավ Յուլիան Նագելսմանի շտաբին։ Բայց, ինչպես պնդում են Գերմանիայում, Շրոյդերն ավելին էր Նագելսմանի համար, քան պարզապես օգնականը։ Նա մարզումների ժամանակ մանրակրկտորեն աշխատում էր թիմի պաշտպանական գործողությունների կազմակերպման վրա։

«Հոֆենհայմի» ավագ Կևին Ֆոգտը հիշում է․ «Մարզումները շատ զվարճալի էին անցնում։ Վազում էի հարձակվողի ուղղությամբ, որպեսզի խլեի գնդակը, և զգում էի, որ թիկունքումս շնչում է Ալֆրեդը։ Հետո նա բացում էր նոութբուքը և ինձ մի քանի րոպե շարունակ տրամադրում տեղեկատվություն․ ինչպես էր պետք բացվել, թիմակիցներից ում է պետք փոխանցում կատարել, որտեղ ստանալ գնդակը և այլն։ Այդ ամենը որոշ ժամանակ անց սկսեց նյարդայնացնել, հոգնեցի նրանից ու նրա ուղղումներից, բայց դրանք ինձ վերջնական արդյունքում շատ օգնեցին, և ես սկսեցի ավելի լավ կարդալ մրցակիցների մտահղացումները»։

Շրոյդերն իր հերթին նշում է․ «Գերմանիայում աշխատելու ժամանակ հետաքրքիր մարտահրավեր ունեի՝ մտածել հոլանդական 4-3-3 սխեմայի գերմանական տարբերակը և այն դարձնել ավելի ռացիոնալ, որպեսզի խաղացողները միանգամից փակեին բոլոր գոտիները և կարողանային ակտիվորեն մասնակցել պրեսինգին մրցակցի կիսադաշտում։ Այդ գաղափարի մասին հայտնեցի Յուլիանին, և նրան դա դուր եկավ։ Կարծում եմ՝ մեզ մոտ վատ չստացվեց։ Ինչպե՞ս դա հասկացա․ ինձ կանոնավոր սկսեցին զանգահարել հոլանդացի մարզիչներ, որոնց ես նույնիսկ չէի ճանաչում, և դիմեցին մեր մարզումները դիտելու խնդրանքով»։

Ալֆրեդը ցանկանում էր ավելի մոտ լինել իր ընտանիքին, ուստի 1 տարի առաջ ընդունեց «Այաքսին» միանալու և Էրիկ տեն Հագին օգնելու առաջարկը։

Շրոյդերն ասում է․ «Այստեղ՝ «Այաքսում», մարզումային գործընթացն անցկացնում ենք այնպես, ինչպես դա անում էինք «Հոֆենհայմում»։ Բոլոր դժվարին առաջադրանքները և խնդիրները, այդ թվում՝ թեորիան, դրված են շաբաթվա սկզբում։ Որքան մոտ է հանդիպումը, այդքան քիչ ենք մենք ծանրաբեռնում ֆուտբոլիստներին և յուրաքանչյուր շաբաթ փորձում ենք փոխել մարզումային գործընթացը, որպեսզի բոլորին հետաքրքրական լինի։ Ավտոմատիզմը ֆուտբոլային մարզումների գլխավոր թշնամին է»։

«Այաքսի» եվրոպական ֆուրորն իրականություն չէր դառնա, եթե չլինեին թիմի մարզիչների հնարամիտ գաղափարները։ Հիմնականում երիտասարդներով համալրված «Այաքսը» պայթուցիկ ուժ է, և տղաների ներքին բոցավառությունն ու ֆունկցիոնալ գերազանց վիճակը թույլ են տալիս մարզիչներին կիրառելու տակտիկական ամենաբարդ լուծումները։ Դրանցից մեկը հետևյալն է՝ երբ մրցակիցը գնդակով է, պետք է նրա կիսադաշտում այնպես դիրքավորվել, որ, օրինակ՝ Մադրիդի «Ռեալի» յուրաքանչյուր խաղացողից առավելագույնը 2 մետր հեռավորության վրա լինի հոլանդական թիմի 1 ֆուտբոլիստ։ Այդպես մրցակիցը կա՛մ կկորցնի գնդակը, կա՛մ էլ երկար փոխանցումով դուրս կգա պաշտպանությունից՝ այդպիսով կրկին հայտնվելով գնդակն «Այաքսին» զիջելու վտանգի տակ։ Այդպես էր գործում նաև «Հոֆենհայմը»։

Շրոյդերին առաջարկվել էր «Լեյպցիգում» դառնալ Նագելսմանի օգնականը, գերմանական ակումբը պատրաստ էր նույնիսկ փոխհատուցում վճարել։ Բայց հոլանդացին որոշեց վերադառնալ «Հոֆենհայմ»՝ արդեն գլխավոր մարզչի կարգավիճակով, որտեղ կմարզի Սարգիս Ադամյանին։ Շրոյդերը գլխավոր մարզչի պաշտոնում վերջին անգամ աշխատել է «Տվենտեում» 2014/15թթ․ մրցաշրջանում, երբ թիմը չհաղթահարեց Եվրոպա լիգայի որակավորման փուլի արգելքը և առաջնությունում գրանցեց անբավարար արդյունք՝ գրավելով 10-րդ հորիզոնականը։

Ի՞նչ «դժոխքի» միջով է անցել Ադամյանի ապագա մարզիչը

2006 թվականին 33-ամյա կիսապաշտպան Ալֆրեդ Շրոյդերի 6-ամյա աղջկա մոտ ախտորոշվեց ուղեղի ուռուցք։ «Ֆեյենորդը» ֆուտբոլիստին ազատեց մարզումներից, և Ալֆրեդը համարյա ամբողջ օրն անցկացնում էր հիվանդանոցում փոքրիկի կողքին՝ ակումբ ժամանելով միայն խաղերի օրերին։ Նման ապրելակերպի պատճառով շուտով հենց Շրոյդերին անհրաժեշտ եղավ բժիշկների օգնությունը։ Նա ծանր վնասվածք ստացավ, 3 վիրահատության ենթարկվեց ու 1,5 տարի մնաց առանց ֆուտբոլի։ Մտերիմները երկտում էին՝ կկարողանա՞ Ալֆրեդը հաղթահարել այս ամենը։ Դստեր կյանքը փրկել չհաջողվեց։

Բայց Ալֆրեդն ուժեղ հոգեբանություն դրսևորեց․ «Սկզբնական հատվածում ես Անուկի գերեզմանին էի այցելում շաբաթական 2-3 անգամ։ Կինս ասում էր, որ այդքան հաճախ պետք չէ գնալ, բայց ինձ այդպես ավելի հանգիստ էի զգում։ Այդ ցավալի փորձը կոփեց ինձ, հատկապես՝ որպես մարզչի։ Սկսեցի ավելի լավ հաղորդակցվել ֆուտբոլիստների և հարազատներիս հետ, հարթեցնել վեճերն ու անհամաձայնությունները։ Ես հիշում եմ այդ 1,5 տարին, երբ աղջիկս մահացավ ձեռքերիս մեջ, ու հասկանում, որ հիմա ինձ արգելված է բողոքել որևէ խնդրի պատճառով։ Ես այլևս խնդիր չունեմ»։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Բարսեղյանը կրկին «կրակեց», Ղազարյանի թիմը «սուզվեց», Համբարձումյանի թիմն էլ փրկվեց․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Սարգիս Ադամյանն արժանացել է «Յան Ռեգենսբուրգի» լավագույն ռմբարկուի մրցանակին

Սարգիս Ադամյանն իր վերջին հանդիպումն է անցկացրել «Յան Ռեգենսբուրգում»

Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմը» հաջորդ մրցաշրջանում եվրագավաթներին չի մասնակցի

Ինչ տեսք կարող է ունենալ «Հոֆենհայմի» մեկնակային կազմը Սարգիս Ադամյանի հետ (նկար)

Ադամյան․ «Մխիթարյանն ինձ շնորհավորեց և ասաց, որ շատ կարևոր քայլ եմ կատարել»

«Հոֆենհայմի» սպորտային տնօրեն. «Սարգիսը գրավեց մեր ուշադրությունը իր արտառոց արագությամբ»

Սարգիս Ադամյան. «Երազում եմ հաղթել Բունդեսլիգան, «Հոֆենհայում» կան բոլոր պայմանները»

Որքան է արժեցել Սարգիս Ադամյանի տրանսֆերը «Հոֆենհայմին»

Պաշտոնական. Սարգիս Ադամյանը՝ Բունդեսլիգայում

Սարգիս Ադամյանը դուբլ գրանցեց «Քյոլնի» դեմ խաղում (տեսանյութ)

Ադամյանը գրավեց «Քյոլնի» դարպասը (տեսանյութ)

Սարգիս Ադամյանի ծառայություններով հետաքրքրված է «Հոֆենհայմը» և ռուսական ակումբներ

«Ռեգենսբուրգը» պարտվեց, Սարգիս Ադամյանը խփեց իր թիմի միակ գոլը (տեսանյութ)

Հերթական բեղմնավոր շաբաթը մերոնց կողմից․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Ադամյանը գոլային փոխանցումին նաև գոլ ավելացրեց, բայց «Ռեգենսբուրգը» պարտվեց գոլառատ խաղում (տեսանյութ)