fbpx

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 33-րդ տուրը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 33-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստին ըստ VNews.am-ի։

Դարպասապահ՝ Արման Մելիքսեթյան («Արցախ»)

Մելիքսեթյան եղբայրները կրկին դեմ հանդիման էին դուրս եկել, և այս անգամ էլ հաղթեց Մելիքսեթյան-կրտսերի թիմը։ «Արցախը» «Գանձասար-Կապանի» հետ խաղում բուռն մեկնարկից և խփած գոլից հետո հիմնականում զբաղված էր պաշտպանվելով։ Ծանրաբեռնված էր աշխատում նաև Մելիքսեթյանը, որին հաջողվեց դարպասն անառիկ պահել։ Հիշարժան է հատկապես Ադամյանի հարվածը մոտ 4 մետրից, երբ գոլն անխուսափելի էր թվում, բայց դարպասապահը գերբնական ջանքերի շնորհիվ հեռացրեց գնդակը դարպասային գծի վրայից։

Պաշտպաններ՝ Գագիկ Դաղբաշյան («Ալաշկերտ»)

Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը կարծես «տառապում» էր խաղադաշտում «Շիրակի» հետ հանդիպման առաջին 45 րոպեներին։ Գրոհներում չկար սրություն, սխալներն էլ անհաշվելի էին։ Պատկերը փոխվեց կատարված փոփոխություններից հետո։ Ինչ վերաբերում է Դաղբաշյանին, ապա նա դարձավ գոլային փոխանցման հեղինակ՝ հրաշալիորեն նկատելով աջ եզրից տուգանային հրապարակ ներխուժող Մարմենտինիին։ Այդպիսի փոխանցումները շատ հատուկ են այս պաշտպանին, որը վերջին շրջանում մարզավիճակի անկում ուներ։

Ռաֆայել Սաֆարյան («Արարատ»)

Եթե «Արարատը» մինչև վերջին տուրերը ցանկալի մրցակից էր բոլորի համար, ապա հիմա այս թիմը պայթյունավտանգ է դարձել։ «Արարատն» առավել համախմբված և մեկ բռունցքի պես է խաղում հատկապես պաշտպանությունում։ Թիմը որոշ հանդիպումներում հանդես է գալիս 5 պաշտպանով, բայց «Լոռիի» դեմ մրցավեճում ընտրվել էր 4 պաշտպանով սխեման։ Սաֆարյանն աջ եզրում չեզոքացնում էր մրցակցի գրոհները։ Թեև մրցակցի խաղացողներն ավելի արագաշարժ էին, Սաֆարյանը նրանց գերազանցում էր առավելապես դիրքի ճիշտ ընտրության շնորհիվ։

Մագոմեդ Աբիդինով («Արարատ»)

«Արարատի» պաշտպանության կենտրոնում էլ հաստատվել էր Աբիդինովի գերակայությունը։ Ռուս 30-ամյա ֆուտբոլիստը երկար ժամանակ անտեսվածի կարգավիճակում էր, նա ընդամենը 3 հանդիպման է մասնակցել ընթացիկ առաջնությունում։ Աբիդինովը, ստանալով իր շանսը, մեղմ ասած, չհիասթափեցրեց։ Դիրքային պայքարում գրագետ էր գործում, երկրորդ հարկում հիմնականում հաղթող էր դուրս գալիս, արդյունավետ էին նաև սահանկումները։ Արդյունքում, «Արարատը» վերջին 10 խաղում առաջին անգամ անառիկ պահեց իր դարպասը։

Արգիշտի Պետրոսյան («Արցախ»)

«Արցախն» ընտրել էր 5 պաշտպանով սխեման, ու Պետրոսյանը գործում էր կենտրոնում, թեև ըստ անհրաժեշտության կարող էր խաղալ նաև եզրերում։ Պաշտպանը, ստանդարտի խաղարկումից հետո կատարելով գլխի դիպուկ հարված, հաղթանակ պարգևեց «Արցախին» կապանցիների հետ հանդիպմանը։ Նրա խփած գոլից հետո խաղի ընթացքը կտրուկ փոխվեց։ Թեև կապանյան թիմը ճնշում էր մրցակցին, «Արցախի» դարպասն անառիկ մնաց։ Երևանյան թիմն այս հաղթանակով ապահովագրեց իրեն վերջին հորիզոնական իջնելուց։

Կիսապաշտպաններ՝ Սարգիս Շահինյան («Արարատ»)

Շահինյանն առանձնացավ նույն որակներով, ինչ ցուցադրել էր նաև «Բանանցի» հետ մրցավեճում։ «Արարատն» առաջին խաղակեսում ավելի շատ էր գրոհում, իսկ ընդմիջումից հետո շեշտը դրել էր հակագրոհների վրա։ Շահինյանը, լինելով գնդակով, կարողանում է կառավարել խաղը և կազմակերպել գրոհները։ Երբ գնդակը մրցակցի մոտ է, նրան ժամանակին է դիմավորում, հաճախ հաղթում մենապայքարներում։ «Լոռին», Շահինյանից և ընկերներից դիմադրության հանդիպելով խաղադաշտի կենտրոնում, գրոհները ստիպված սկսում էր երկար փոխանցումներով։

«Արարատ-Արմենիայի» ռեկորդներից մեկը մնաց «անսասան», իսկ մյուսը գերազանցեց «Բանանցը»

Բենիկ Հովհաննիսյան («Արցախ»)

26-ամյա Հովհաննիսյանը մեր առաջնության ամենաօժտված ֆուտբոլիստներից մեկն է։ Նրա՝ խաղադաշտը տեսնելու և մրցակցի պաշտպանության խոցելի հատվածները նկատելու կարողությունն «աչք է ծակում» ցանկացած մրցավեճում։ Իսկ «Գանձասար-Կապանի» հետ խաղում կատարեց գոլային փոխանցում, ահռելի աշխատանք իրականացրեց պաշտպանությունում։ Ավելացված 4-րդ րոպեին էլ, երբ արդեն պետք է ուժասպառ եղած լիներ, հրաշալի անցում կազմակերպեց, բայց Գարեգինյանը նրա փոխանցումից հետո նպաստավոր դիրքից վրիպեց։

Ռազմիկ Հակոբյան («Արարատ»)

Տիգրան Եսայանը Հակոբյանին խաղադաշտ դուրս բերեց երկրորդ խաղակեսի հենց սկզբում։ Նպատակն այն էր, որ այս ֆուտբոլիստն անհրաժեշտ սրություն ապահովեր «Արարատի» հակագրոհների ժամանակ։ Փոփոխությունն արդարացրեց իրեն, քանի որ Հակոբյանը խփեց երևանյան թիմի հաղթական գոլը։ Գրոհը հենց Ռազմիկը սկսեց, որից հետո, շարժվելով առաջ, գերազանց փոխանցում ստացավ Զավեն Բադոյանից։ «Արարատը» վերջին 3 խաղում 7 միավոր է վաստակել, ինչը, անխոս, տպավորիչ է։

Գուստավո Մարմենտինի («Ալաշկերտ»)

Ինչպես և ամբողջ թիմը, Մարմենտինին էլ «Շիրակի» հետ հանդիպման մեծ մասում իր հնարավորություններից ցածր էր հանդես գալիս։ Նա փորձում էր աջ եզրից վտանգավոր անցումներ ձեռնարկել, սակայն դրանք, որպես կանոն, ոչնչի չէին հանգեցնում։ Բայց Մարմենտինիին 1 պահն էլ բավական եղավ խաղի ելքը վճռելու համար։ Ստանալով Դաղբաշյանի հաշվենկատ փոխանցումը՝ բրազիլացին անարգել գրավեց դարպասը։ Այդ դրվագում ձախողվեց «Շիրակի» ձախ պաշտպան Աղվան Դավոյանը, որը պարզապես չհասավ Մարմենտինիի հետևից։

Կարեն Մելքոնյան («Բանանց», տուրի լավագույն ֆուտբոլիստ)

Այն, որ Ֆայզուլինը 20-ամյա ֆուտբոլիստին մեկնարկային կազմ ընդգրկեց «Փյունիկի» հետ բախտորոշ հանդիպմանը, արդեն խոսում է նրա նկատմամբ ունեցած վստահության մասին։ Ընթացիկ առաջնությունում 19 խաղի մասնակցած ֆուտբոլիստն իրեն հիանալի դրսևորեց և բավականին շատ տհաճություններ պատճառեց «Փյունիկի» պաշտպաններին։ Մելքոնյանը գոլի դրվագում ճարպկության և տեխնիկայի հաշվին անգործության մատնեց մրցակցի 3 պաշտպանի ու սուր անկյան տակ խոցեց Դրագոևիչի պաշտպանած դարպասը։

Հարձակվող՝ Արթուր Միրանյան («Փյունիկ»)

Միրանյանը վերջին 4 մրցավեճում դարձել է 3 գոլի հեղինակ։ 23-ամյա հարձակվողը գոլային դրվագում օգտվեց Ռոբերտ Դարբինյանի սխալից ու հասավ հաջողության։ Շատ կարևոր է, որ Միրանյանը միշտ պայքարում է մինչև վերջ և ունի հարձակվողին բնորոշ գոլային հոտառություն։ Նա ակնհայտորեն բարելավել է նաև ֆունկցիոնալ վիճակը, քանի որ հիմա կարողանում է խաղադաշտում մեծ ծավալի աշխատանք կատարել, այդ թվում՝ լինել հարձակման եզրերում ու նաև նահանջել։

Խորհրդանշական հավաքականում որոշ ֆուտբոլիստների խաղային դիրքեր պայմանական են՝

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արամ Բարեղամյանին 7 խաղ է բաժանում «Բանանցի» պատմության կարևոր էջը թարմացնելուց

«Արարատի» ավագն ավարտում է ֆուտբոլիստի կարիերան

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Ալաշկերտի» հարձակվողը փորձաշրջան կանցնի ուկրաինական ակումբում

Այս տարի էլ կարող ենք զարմացնել Եվրոպային․ Դրա համար հիմքեր կան

Արտյոմ Սիմոնյան. «Փյունիկը» պետք է հաղթահարի առաջին փուլը» (տեսանյութ)

Ստանկով․ «Փյունիկ» տեղափոխությունն առաջընթաց էր, քանի որ այն բարձրակարգ ակումբ է»

«Փյունիկը» 3 համալրում ունի

Էմիլ Եղիազարյանը կարիերան կշարունակի «Գանձասար-Կապանում»

Դենիս Թումասյանը հեռացել է «Ալաշկերտից» և արդեն նոր ակումբ ունի

Հայտնի են «Ալաշկերտի» կանանց թիմի մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում

«Արարատը» կխաղա «Հանրապետական» մարզադաշտում

Հայկ Իշխանյանը հեռանում է «Լոռիից»

«Փյունիկը» Տարխանովի օրոք մնաց անպարտելի՝ համարյա հասնելով չեմպիոնության

«Փյունիկը» 3 ստուգողական խաղ կանցկացնի Սլովենիայում

Հայտնի են հայկական 3 թիմերի եվրագավաթային հանդիպումների վայրերը