fbpx

Ջևան Չելոյանց․ «Ծափահարում եմ Հայաստանի առաջնության խաղային օրացույցը կազմողներին»

«Բանանց» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցը «Գանձասար-Կապանից» կրած պարտությունից հետո (0-5) հարցազրույց է տվել VNews.am-ի և «Ֆուտբոլ Պլյուս» շաբաթաթերթի լրագրողներին ու անդրադարձել ուշագրավ թեմաների։

0-5 հաշվով պարտության մասին

«Առաջին հերթին, ուզում եմ շնորհավորել «Գանձասար-Կապանին» հաղթանակի կապակցությամբ։ Նրանք շատ լավ խաղ անցկացրին։ Իմ տեսած խաղերից սա նրանց լավագույն ելույթն էր, հատկապես առաջին կեսում։ Իսկ ինչո՞ւ պարտվեցինք, որովհետև ուղղակի չէինք վերականգնվել։ 2 օր առաջ մրցել էինք «Փյունիկի» հետ։ Խաղացել էինք շոգ եղանակին, անցկացրել լարված խաղ։ Տղաները ուղղակի չէին վերականգնվել։ Այս խաղից հետո մտա հանդերձարան, ասացի, որ սա իրենց պարտությունը չէ, հանգստացրի, ինչպես կարող էի։ Ես անկեղծորեն համարում եմ, որ սա տղաների պարտությունը չէ»։

Իլշատ Ֆայզուլինի մասին

«Իլշատ Ֆայզուլինը լավագույն մարզիչն է Հայաստանի առաջնությունում, համենայն դեպս, նրանց համար, ովքեր հասկանում են ֆուտբոլից։ Բնականաբար, այս պարտության ամբողջ պատասխանատվությունը նա պետք է իր վրա վերցներ։ Բայց նա չի պարտվել։ Տեսանելի էր, որ ֆուտբոլիստները հոգնած էին, չէին վերականգնվել։ Բոլոր նրանք, ովքեր հասկանում են ֆուտբոլից, գիտեն, թե ինչ է նշանակում մեկ օր ավելի վերականգնվելը»։

Խաղային օրացույցի մասին

«Ծափահարում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր կազմում են Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության խաղային օրացույցը։ Նա, ով կազմում է՝ ինչ-որ մեկին երկրպագում է, դա ամենավատն է։ Վատն այն չէ, որ նա «Բանանցին» չի երկրպագում, այլ այն, որ նա ինչ-որ մեկին երկրպագում է։ Դա վատ է։ Ես չեմ ցանկանում ինչ-որ մեկի վրա բարդել այս անհաջողությունը։ Բայց ֆուտբոլն ընդամենը խաղ է։ Ցավոք սրտի, ինչ-որ մեկը մտածում է այլ կերպ, և ես դա տեսնում եմ»։

Կիսաեզրափակիչում «Լոռիի» հետ չխաղալու մասին

«Ես հասկանում եմ, որ սպորտային տեսանկյունից, հնարավոր է, ճիշտ չվարվեցի, ես իմ տղաներին զրկեցի պարգևավճարից, որը նրանք գրեթե վաստակել էին։ Բայց նրանք բոլորը համաձայնվեցին ինձ հետ, երբ ես բացատրեցի նրանց, թե ինչո՞ւ եմ այդպես վարվել։ Բոլորը համաձայնվեցին ու ասացին՝ այո, փողն ընդամենը փող է, իսկ տղամարդ դու կամ լինում ես, կամ չես լինում։ Որպես մանկավարժ՝ ես ճիշտ եմ վարվել, բայց որպես ֆուտբոլային ակումբի ղեկավար՝ ոչ։ Ես դա ընդունում եմ»։

Մրցավարության մասին

«Եթե նկատել եք, ես երբեք մրցավարների մասին վատը չեմ խոսել։ Նույնը նաև Ռուսաստանում։ Հնարավոր է, որ մրցավարները բարձր կամ ցածր որակավորում ունեն։ Բայց դա որակավորում է, որը բարելավվում է սովորելով, փորձով ու շատ ու շատ այլ գործոններով։ Բոլորը մարդիկ են, մրցավարները՝ նույնպես։ Նրանք նույնպես սխալվում են։ Ես նրանց վերաբերվում եմ այնպես, ինչպես վերաբերվում եմ։ Իմ ներսում կարող եմ դժգոհ լինել, բայց երբեք չեմ ասի մրցավարների հասցեին այն, ինչ ասում են երկրպագուները։ Բայց ես ուրիշ բան եմ տեսնում, որ մրցավարը կանխակալ մոտեցում ունի, տրամադրված է ինչ-որ հստակ արդյունքի վրա։ Այ թե ինչումն է խնդիրը։ Նման մարդը ֆուտբոլում աշխատելու իրավունք չունի»։

Մրցավարների նշանակման մասին

«Ինձ դուր չի գալիս, որ մրցավարներին իմանում ենք միայն խաղի օրը։ Այդ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի 1 շաբաթ առաջ, իսկ եթե 3-4 օրվա ընթացքում 1 խաղ է, ապա այդ պարագայում մրցավարի մասին պետք է իմանանք խաղից գոնե 3-4 օր առաջ։ Հայտնե՛ք ֆեդերացիային, որ այդպես են աշխատում ամբողջ աշխարհում։ Մենք միայն խաղի օրն իմացանք, թե ով է սպասարկելու գավաթի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը «Լոռիի» հետ։ Իսկ ես Ռուսաստանից հատուկ ժամանել էի, հետո էլ ուղևորվել էի Վանաձոր այդ խաղին ներկա լինելու համար։ Մտածում եք, որ ինձ համար հե՞շտ էր տղաներին ասել, որ չենք խաղալու։ Իհարկե, ո՛չ։ Ես կորցրի ժամանակս, կորցրի այն հաճույքը, որը ենթադրում էի, որ պետք է ստանամ, պարզապես չդիտեցի ֆուտբոլը, որը ես շատ-շատ եմ սիրում»։

Գևորգ Եղոյանի մասին

«Եթե մեր խաղին գլխավոր մրցավար նորից նշանակեն Գևորգ Եղոյանին, ապա մենք նորից չենք խաղա։ Ես հիմա չեմ խոսում նրա մրցավարական որակավորման մասին, դա թող Նալբանդյանը որոշի։ Բայց եթե նա նորից նշանակվի մեր խաղին, ապա մենք չենք խաղալու»։

Հայկական ֆուտբոլի գլխավոր սխալի մասին

«Ես գուցե մի փոքր առաջ եմ անցնում ժամանակից, բայց կարծում եմ, որ մեծագույն սխալը, որ թույլ է տրվել հայկական ֆուտբոլում, այն է, որ ֆուտբոլն անվճար է։ Երբ գնում եք կինոթատրոն, տոմս գնո՞ւմ եք․ իհարկե։ Այդ դեպքում ինչո՞ւ եք ֆուտբոլ նայելու անվճար գնում։ Ես առաջին հերթին ինքս ինձ խոսք եմ տվել, որ երբ լուսավորության հարցը լուծեմ և կարգի բերեմ խոտածածկը, կսկսենք վաճառել տոմսեր։ Ես ամեն ինչ արել եմ, ինքս ինձ տված խոսքն էլ կատարել եմ։ Նոր մրցաշրջանից մեր տնային խաղերը լինելու են վճարովի։ Այլ հարց է, որ տոմսերն արժենալու են այնքան, որքան դրանց տպագրական ծախսն է։ Դրանք շահույթի գումարներ չեն։ Երկրպագուին, ինչպես և ֆուտբոլիստին, պետք է դաստիարակել։ Մեր դպրոցում 1000 երեխա է մարզվում, որոնցից, տա Աստված, 10-ը ֆուտբոլ խաղան, բայց մյուս 990-ը պոտենցիալ երկրպագուներ են, գումարած նրանց ծնողները, եղբայրներն ու քույրերը, բարեկամները։ Պետք է դաստիարակել նաև երկրպագուներին ու դա անել ճիշտ ձևով»։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Պարգևատրվեցին ֆուտբոլային մրցաշրջանի մրցանակակիրները. VNews-ի ֆոտոշարքը

Պաշտոնական. Արտակ Դաշյանը վերադարձավ «Բանանց»

«Բանանցը» հրաժեշտ է տվել Արթուր Ավագյանին

Հայկական ֆուտբոլի կտրուկ թռիչքը, որի հետևից դեռ պետք է հասցնել

Դմիտրի Աբակումովը կստանար «Ոսկե ձեռնոց» մրցանակը, եթե Հայաստանում այն խաղարկվեր

ՈւԵՖԱ-ն հրապարակել է ակումբների թարմացված վարկանիշային աղյուսակը

«Բանանցից» 3 ֆուտբոլիստ է հեռացել, «Փյունիկը» լքել է ևս 1 խաղացող

Արամ Ոսկանյանը՝ Խաշմանյանի դժգոհությունների, մրցավարության ցածր որակի պատճառի և այլ թեմաների մասին

Հայ ֆուտբոլիստների կանխատեսումները Չեմպիոնների լիգայի եզրափակիչի վերաբերյալ

Պատմության մեջ երկրորդ անգամ է նորաստեղծ թիմը հռչակվում Հայաստանի չեմպիոն

«Արարատ-Արմենիան»՝ Հայաստանի չեմպիոն

2 ժամից կորոշվի Հայաստանի չեմպիոնը (մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում)

Արամ Ոսկանյան. «Ալաշկերտը» կդառնար Հայաստանի չեմպիոն, եթե ես ու օգնականներս մնայինք ակումբում»

Երևանում օդը «կանգ կառնի», քանի որ գերկարևոր խաղ կա. Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 36-րդ տուրին ընդառաջ

«Բանանցի» սեփականատեր Ջևան Չելոյանցի և գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինի ասուլիսը (տեսանյութ)

«Բանանցն» աննախադեպ երկարաժամկետ պայմանագիր ստորագրեց Իլշատ Ֆայզուլինի հետ