fbpx

Բարսեղյանը կրկին «կրակեց», Ղազարյանի թիմը «սուզվեց», Համբարձումյանի թիմն էլ փրկվեց․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Արտերկրի ակումբներում հանդես եկող հայ ֆուտբոլիստները վերջին օրերի ընթացքում մասնակցել են հանդիպումների, որոնց արդյունքներին և տղաների ստացած խաղաժամանակին առաջարկում ենք ծանոթանալ ստորև։

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգա, 34-րդ տուր․ «Յան Ռեգենսբուրգ» 2-2 «Սանդհաուսեն»․ Սարգիս Ադամյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, 13-րդ րոպեին ստացել դեղին քարտ։ Սա հայ ֆուտբոլիստի վերջին խաղն էր «Յան Ռեգենսբուրգում», որի կազմում ավարտված առաջնությունում մասնակցել է 33 հանդիպման (բոլոր դեպքերում եղել է մեկնարկային կազմում)՝ դառնալով 15 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ։ «Յան Ռեգենսբուրգը» 18 թիմի պայքարում հանգրվանել է 8-րդ հորիզոնականում։ Հարկավոր է նշել, որ իրենց ակտիվում այդքան միավոր են գրանցել նաև «Հոլշտայն Կիլը», «Սանկտ Պաուլին» ու «Արմինիա Բիլֆիլդը»։ Ադամյանը նոր մրցաշրջանից հանդես կգա 1-ին Բունդեսլիգան ներկայացնող «Հոֆենհայմում»։

Պորտուգալիայի Պրիմերա, 34-րդ տուր․ «Տոնդելա» 5-2 «Շավիշ»Գևորգ Ղազարյանը խաղացել է մրցավեճի սկզբից մինչև վերջ ու մասնակցություն ունեցել իր թիմի 2 գոլային գրոհներին։ Արդեն հայտնի է, որ 31-ամյա ֆուտբոլիստը հեռացել է «Շավիշից»՝ երկկողմ համաձայնությամբ խզելով պայմանագիրն ակումբի հետ։ Հայ խաղացողն ավարտված առաջնությունում խաղադաշտ է մտել 19 անգամ (11 դեպքում՝ հիմնական կազմում) ու դարձել 3 գոլի հեղինակ։ «Շավիշը» 18 թիմի պայքարում գրավել է 16-րդ տեղը և լքել ուժեղագույնների մրցաշարը։ «Շավիշից» 3 միավոր ավելի է վաստակել փրկություն հանդիսացող 15-րդ հորիզոնականը զբաղեցրած «Տոնդելան», հենց որին էլ թիմը պարտվել է վերջին տուրում։

Դանիայի Սուպերլիգա, ուժեղագույնների խմբում մնալու համար պայքարողների կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում․ «Վեյլե» 0-2 «Հոբրո» (լր․ ժ․)․ Էդգար Բաբայանն ամբողջական խաղ է անցկացրել։ Առաջին խաղակեսում նրա խախտումից հետո 11մ հարված է նշանակվել «Հոբրոյի» դարպասին, բայց մրցակիցը վրիպել է։ Դիմակայության առաջին մրցավեճում «Վեյլեն» հաղթել էր 1-0 հաշվով, բայց «Հոբրոն» սեփական հարկի տակ հիմնական ժամանակում առավելության է հասել նույն հաշվով, ևս 1 գոլ խփել է լրացուցիչ ժամանակում։ Բաբայանի թիմը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կմրցի 1-ին դիվիզիոնի ներկայացուցչի հետ ու կփորձի պահպանել տեղն ուժեղագույնների խմբում։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր․ «Օկժետպես» 1-2 «Կայսար»Տիգրան Բարսեղյանը 10-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ բացելով հանդիպման հաշիվը։ Նա մասնակցել է ամբողջ մրցավեճին։ 25-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում անցկացրած վերջին 3 խաղում 4 անգամ գրավել է մրցակիցների դարպասը։ «Կայսարը» 12 թիմի պայքարում 2-3-րդ տեղերն է բաժանում «Տոբոլի» հետ։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր․ «Ժետիսու» 1-1 «Ակտոբե»․ Կամո Հովհաննիսյանը մրցավեճին մասնակցել է սկզբից մինչև վերջ։ Նա խաղադաշտ է դուրս եկել առաջնության բոլոր 11 հանդիպումներում՝ մշտապես լինելով «Ժետիսուի» մեկնարկային կազմում։ Այս թիմը զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 29-րդ տուր․ «Ուրալ» 2-2 «Լոկոմոտիվ Մոսկվա»․ Վարազդատ Հարոյանը եղել է պահեստայինների թվում ու փոխարինման մտել 76-րդ րոպեին։ 26-ամյա խաղացողն «Ուրալի» վերջին 4 պաշտոնական մրցավեճում 1 անգամ է մասնակցել ամբողջ հանդիպմանը, 1 անգամ փոխարինման է մտել, ևս 2 դեպքում մնացել պահեստայինների նստարանին։ Եկատերինբուրգցիներն առաջնության ավարտից 1 տուր առաջ 16 թիմի պայքարում 11-րդ հորիզոնականում են։

Շվեդիայի Բարձրագույն խումբ, 10-րդ տուր․ «Գյոթեբորգ» 0-0 «Համարբյու»․ Անդրե Չալըշըրը 10-րդ անընդմեջ մրցավեճում ընդգրկված է եղել իր թիմի մեկնարկային կազմ, ամբողջությամբ մասնակցել է վերոնշյալ խաղին։ «Գյոթեբորգը» 16 թիմի պայքարում 4-6-րդ տեղերն է կիսում «Յուրգորդենի» ու «Համարբյուի» հետ։

Լյուքսեմբուրգի Բարձրագույն խումբ, 26-րդ տուր․ «Պրոգրես Նիդերկորն» 3-0 «Ռումելանժ»․ Ալեքսանդր Կարապետյանը, որը նախորդ տուրում դարձել էր գոլի հեղինակ, նաև ստացել կարմիր քարտ, վերոնշյալ հանդիպումը բաց է թողել որակազրկման պատճառով։ 31-ամյա հարձակվողն ավարտված առաջնությունում մասնակցած 24 խաղում գոլով աչքի է ընկել 11 անգամ։ «Պրոգրես Նիդերկորնը» 14 թիմի պայքարում առաջնությունն ավարտել է 4-րդ հորիզոնականում, հավասար միավորներ է վաստակել նաև «Դիֆերդանժը»։ «Պրոգրեսը» հաջորդ մրցաշրջանում չի մասնակցի եվրագավաթներին։

Կիպրոսի Բարձրագույն խումբ, առաջնության հիմնական փուլն ավարտվել էր, և մասնակից 12 թիմերը բաժանվել էին 2 ենթախմբերի՝ չեմպիոնական ու հետնապահների, «Էնոսիս Պարալիմնին» 2-րդ խմբում էր, 10-րդ տուր․ «Էնոսիս Պարալիմնի» 3-2 «Ալկի Օրոկլինի»․ Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է ամբողջ խաղին, 76-րդ րոպեին ստացել դեղին քարտ։ «Էնոսիսը» 6 թիմի պայքարում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականն ու պահպանել տեղն ուժեղագույնների խմբում։ Հարկ է նշել, որ «Էնոսիսի» հետ հավասար միավորներ են վաստակել նաև «Դոխան» ու «Ալկի Օրոկլինին», բայց Համբարձումյանի թիմը, լրացուցիչ ցուցանիշներով զիջելով առաջինին, գերազանցել է երկրորդին։

Արգենտինայի գավաթի խաղարկություն, 1-ին փուլ․ «Ատլետիկո Հուրական» 2-0 «Յունիոն Սունշալես» (Արգենտինայի 3-րդ դիվիզիոն)․ Նորբերտո Բրիասկո Բալեկյանն ամբողջությամբ մասնակցել է խաղին։ «Ատլետիկո Հուրականը» պայքարը կշարունակի հաջորդ փուլում։

Բելառուսի Բարձրագույն խումբ, 8-րդ տուր․ «Իսլոչ» 3-0 «Վիտեբսկ»․ Գրիգոր Աղեկյանը մնացել է պահեստայինների նստարանին։ 23-ամյա հարձակվողը մասնակցել է «Իսլոչի» վերջին 4 պաշտոնական հանդիպումներից ընդամենը 1-ին՝ փոխարինման մտնելով «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ի հետ մրցավեճի վերջին վայրկյաններին։ «Իսլոչը» 16 թիմի պայքարում 2-4-րդ հորիզոնականներն է բաժանում Սոլիգորսկի «Շախտյորի» և ԲԱՏԵ-ի հետ։ Առաջատար «Դինամո Բրեստն» այս 3 թիմերին գերազանցում է 2-ական միավորով։

Բելառուսի Բարձրագույն խումբ, 8-րդ տուր․ «Սլուցկ» 2-2 «Դնյապրո»Արսեն Բեգլարյանն ընթացիկ առաջնությունում առաջին անգամ հայտնվել է «Դնյապրոյի» մեկնարկային կազմում և մասնակցել ամբողջ հանդիպմանը։ «Դնյապրոն» 11-14-րդ տեղերն է կիսում «Գոմելի», «Սլուցկի» ու «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ի հետ։

Բելառուսի Բարձրագույն խումբ, 8-րդ տուր․ «Էներգետիկ-ԲԳՈՒ» 3-3 «Մինսկ»․ Հայկ Մուսախանյանը 26-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը՝ բացելով հանդիպման հաշիվը։ 21-ամյա ֆուտբոլիստը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 53-րդ րոպեին։ Նա ընթացիկ առաջնությունում դարձել է արդեն 3 գոլի հեղինակ։ «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ն 11-14-րդ հորիզոնականներն է բաժանում «Գոմելի», «Սլուցկի» ու «Դնյապրոյի» հետ։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 29-րդ տուր․ «Ենիսեյ» 2-2 «Դինամո Մոսկվա»․ Արթուր Սարկիսովը վնասվածքի պատճառով բաց է թողել Կրասնոյարսկը ներկայացնող թիմի հերթական հանդիպումը։ «Ենիսեյը» զբաղեցնում է վերջին՝ 16-րդ հորիզոնականը, և, անկախ վերջին տուրի արդյունքից, կնահանջի 1 դիվիզիոն ցածր՝ Ռուսաստանի Ազգային լիգա։

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 35-րդ տուր․ «Բելասիցա» 0-1 «Ռաբոտնիչկի»Դավիթ Մանոյանը եղել է պահեստայինների թվում ու փոխարինման մտել 72-րդ րոպեին։ 28-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 16 հանդիպման՝ 11 անգամ լինելով մեկնարկային կազմում։ «Ռաբոտնիչկին» 10 թիմի պայքարում եզրափակում է լավագույն քառյակը։ Եվրոպա լիգայի ուղեգիր տվող 3-րդ հորիզոնականից, որն այս պահին զբաղեցնում է «Ակադեմիա Պանդևը», «Ռաբոտիչկիին» բաժանում է 11 միավոր։

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, առաջնության հիմնական փուլն ավարտվել է, ու 12 թիմերը բաժանվել են 2 խմբերի՝ չեմպիոնական և հետնապահների, «Արսենալ Կիևը» 2-րդ խմբում է, 7-րդ տուր․ «Վորսկլա» 2-0 «Արսենալ Կիև»Գեղամ Կադիմյանը, լինելով պահեստայինների թվում, փոխարինման է մտել 61-րդ րոպեին, իսկ նրա թիմակից Արթուր Ավագիմյանը բացակայել է հայտացուցակից։ «Արսենալը» 6 թիմի պայքարում այս պահին 5-րդ տեղում է և պետք է մասնակցի ևս 3 մրցավեճի։ 4-րդ ու 5-րդ հորիզոնականներ զբաղեցրած թիմերը մասնակցելու են փլեյ-օֆֆի՝ պայքարելով տեղն ուժեղագույնների խմբում պահպանելու համար։

Սլովակիայի Մ19 առաջնություն, 30-րդ տուր․ «Ռուժոմբերոկ» Մ19 0-1 «Զեմպլին Միխալովցե» Մ19Արմեն Հովհաննիսյանը 52-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Նա եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել խաղի վերջին վայրկյաններին։ Նրա թիմակից Էրիկ Ազիզյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին։ «Զեմպլին Միխալովցե» Մ19-ը 12 թիմի պայքարում ընթանում է 9-րդ հորիզոնականով։

Բելգիայի Բարձրագույն խումբ, առաջնության հիմնական փուլն ավարտվել էր, ու 16 թիմերը բաժանվել էին 2 խմբերի՝ չեմպիոնական և Եվրոպա լիգայի ուղեգրի համար պայքարողների, «Էուպենը» 2-րդ խմբում էր, 10-րդ տուր․ «Սպորտինգ Շառլերոյի» 2-0 «Էուպեն»Իվան Յագանը կրկին բացակայել է իր թիմի հայտացուցակից։ Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել ապրիլի 3-ից ի վեր։ Նույնիսկ կան լուրեր, որ նա այլևս «Էուպենի» ճամբարում չէ։ «Էուպենն» առաջնության այս հատվածի A ենթախմբում գրավել է նախավերջին՝ 5-րդ տեղը, ու չի պայքարի Եվրոպա լիգայի ուղեգրի համար։

Կոլումբիայի Պրիմերա Բ (հզորությամբ 2-րդ առաջնություն), հիմնական փուլում առաջին 8 տեղեր զբաղեցրած թիմերը բաժանվել են 2 ենթախմբի, որոնց հաղթողները ձեռք են բերելու Պրիմերա Ա-ի ուղեգիր, 3-րդ տուր․ «Բոյակա Չիկո» 1-0 «Դեպորտես Քուինդիո»․ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատն ամբողջական խաղ է անցկացրել։ «Բոյակա Չիկոն» B խմբում 4 թիմի պայքարում 2-րդ տեղում է և առաջատար «Դեպորտիվո Պերեյրայից» հետ է մնում 3 միավորով։

Ռումինիայի 2-րդ դիվիզիոն, 36-րդ տուր․ «Պետրոլուլ» 1-0 «Պոլի Տիմիշոարա»․ Էդգար Մալաքյանը չի մասնակցել հանդիպմանը։ Նա խաղադաշտ դուրս չի եկել ապրիլի 14-ից ի վեր։ «Պետրոլուլը» 20 թիմի պայքարում եզրափակում է լավագույն եռյակը։ Առաջնության ավարտին մնացել է 2 տուր։ «Պետրոլուլը» 2-րդ հորիզոնական բարձրանալու հնարավորություն չունի, ուստի, եթե պահպանի 3-րդ տեղը, կմասնակցի փլեյ-օֆֆի՝ փորձելով ձեռք բերել ուժեղագույնների խմբի ուղեգիր։

Մոլդովայի Բարձրագույն խումբ, 10-րդ տուր․ «Կոդրու Լոզովա» 1-2 «Սֆինտուլ Գեորգե»Գարեգին Կիրակոսյանը եղել է պահեստայինների թվում ու փոխարինման մտել 56-րդ րոպեին, ստացել դեղին քարտ։ «Սֆինտուլ Գեորգեն» 8 թիմի պայքարում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Շերիֆին» զիջելով 5 միավորով։

Հոլանդիայի 2-րդ դիվիզիոն (հզորությամբ 3-րդ առաջնություն), 33-րդ տուր․ «Կատվեյկ» 1-2 «Շևենինգեն»․ Նորայր Ասլանյանը մասնակցել է ամբողջ խաղին։ Առաջնության ավարտին 1 տուր է մնացել։ «Կատվեյկը» 18 թիմի պայքարում եզրափակում է լավագույն հնգյակը։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 29-րդ տուր․ «Ռուբին» 0-0 «Անժի»․ Խորեն Բայրամյանը եղել է հիմնական կազմում ու փոխարինվել 62-րդ րոպեին։ «Ռուբինը» եզրափակում է լավագույն տասնյակը։

Ռուսաստանի Ազգային լիգա (հզորությամբ 2-րդ առաջնություն), 37-րդ տուր․ «Լուչ» 1-0 «Ֆակել»Դավիթ Արշակյանը, հայտավորված լինելով պահեստայինների նստարանին, հանդիպմանը ներգրավել է 60-րդ րոպեից։ 24-ամյա հարձակվողն այս առաջնությունում ընդամենը 7 հանդիպման է մասնակցել (2-ը՝ մեկնարկային կազմում)՝ առայժմ չբացելով գոլերի հաշիվը։ «Ֆակելը» 20 թիմի պայքարում 17-րդ տեղում է։

Ռուսաստանի Ազգային լիգա (հզորությամբ 2-րդ առաջնություն), 37-րդ տուր․ «Չերտանովո» 2-1 «Խիմկի»Արշակ Կորյանը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 69-րդ րոպեին։ 23-ամյա ֆուտբոլիստը դուբլի հեղինակ էր դարձել «Տամբովի» հետ նախորդ տուրում կայացած մրցավեճում։ Կորյանն այս առաջնությունում բաց է թողել «Խիմկիի» ընդամենը 1 հանդիպում՝ 28 դեպքում լինելով մեկնարկային կազմում։ Ընթացիկ մրցաշարի ավարտին 1 տուր է մնացել։ «Խիմկին» 9-11-րդ հորիզոնականներն է կիսում «Ռոտորի» ու «Կրասնոդար-2»-ի հետ։

Ռուսաստանի Ազգային լիգա (հզորությամբ 2-րդ առաջնություն), 37-րդ տուր․ «Սոչի» 0-0 «Շիննիկ»Իշխան Գելոյանը, լինելով պահեստայինների նստարանին, փոխարինման է մտել ընդմիջումից անմիջապես հետո։ 26-ամյա հարձակվողն առաջնությունում մասնակցություն է ունեցել 29 խաղի (23-ը՝ հիմնական կազմում) և դարձել 7 գոլի հեղինակ։ «Շիննիկը» զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

Ռուսաստանի Ազգային լիգա (հզորությամբ 2-րդ առաջնություն), 37-րդ տուր․ «Կրասնոդար-2» 0-0 «Արմավիր»․ «Կրասնոդար-2»-ից Էդուարդ Սպերցյանը եղել է հիմնական կազմում, 52-րդ րոպեին ստացել դեղին քարտ ու փոխարինվել 66-րդ րոպեին՝ խաղադաշտում իր տեղը զիջելով Հարություն Գրիգորյանին։ «Արմավիրից» Էդուարդ Լուսիկյանը, լինելով պահեստայինների թվում, խաղադաշտ է մտել 84-րդ րոպեին։ «Արմավիրի» գլխավոր մարզիչն Արսեն Պապիկյանն է։ «Կրասնոդար-2»-ը 11-րդ տեղում է, «Արմավիրը»՝ 16-րդ։

Ուրուգվայի Բարձրագույն խումբ, 13-րդ տուր․ «Պլասա Կոլոնիա» 1-2 «Լիվերպուլ»․ Խոակին Բոգոսյանը մասնակցել է ամբողջ խաղին։ 31-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում մասնակցություն է ունեցել 11 մրցավեճի (7 անգամ եղել է մեկնարկային կազմում)՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ «Պլասա Կոլոնիան» ընթանում է նախավերջին՝ 15-րդ հորիզոնականով։

Ֆրանսիայի առաջնություն, 37-րդ տուր․ «Մոնպելյե» 1-1 «Նանտ»․ «Մոնպելյեի» գլխավոր մարզիչը հայազգի Միշել Տեր-Զաքարյանն է։ Թիմը վերջին 3 հանդիպումներում 1 հաղթանակ է տոնել՝ գրանցելով 2 ոչ-ոքի։ Առաջնության ավարտին 1 տուր է մնացել։ «Մոնպելյեն» 20 թիմի պայքարում եզրափակում է լավագույն հնգյակը, բայց 4-րդ տեղ բարձրանալ չի կարող, ուստի անմասն կմնա եվրագավաթների խաղարկություններից։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Կայսարը» Ղազախստանի գավաթի եզրափակիչում է. Բարսեղյանը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյանի ցնցող գոլը տուգանայինից (տեսանյութ)

Գևորգ Ղազարյանի ծառայությունները առաջարկվում են մի շարք ղազախական ակումբների

Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ է դարձել «Աստանայի» դեմ խաղում (տեսանյութ)

Արսեն Բեգլարյանի և Գրիգոր Աղեկյանի թիմերի մրցավեճում հաջողության հասավ «Դնյապրոն»

Հայտնի է «Հոֆենհայմի» մրցակիցը Գերմանիայի գավաթի խաղարկության 1-ին փուլում

Ֆրանսիայի առաջնության 1-ին տուրի խաղացանկը

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է, Ադամյանինը՝ զգալիորեն բարձրացել

Տիգրան Բարսեղյան. «Հաջողություն էր, որովհետև բոլորս հավատում էինք» (տեսանյութ)

Առաջին գոլերն ու առաջին հաղթանակը հույների հետ մրցավեճում. Հունաստան-Հայաստան հանդիպումը՝ 10 փաստով

Հունաստան – Հայաստան․ Մեր ֆուտբոլիստների գնահատականները

Գևորգ Ղազարյան․ «Առաջադրանք կար լինել նույնքան ագրեսիվ, ինչքան Լիխտենշտեյնի հետ էինք» (տեսանյութ)

Գևորգ Ղազարյանը ճանաչվել է Հունաստան – Հայաստան հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Գևորգ Ղազարյան. «Առաջիկա խաղն ընդունում ենք որպես սովորական հանդիպում, որում հարկավոր է 3 միավոր վաստակել» (տեսանյութ)

Գևորգ Ղազարյանի գոլն ամենաարագն էր հավաքականի տնային հանդիպումներում

Մխիթարյանի 600-րդ խաղն ու հավաքականի 50-րդ հաղթանակը․ 10 փաստ Հայաստան – Լիխտենշտեյն խաղից