fbpx
Բաժիններ

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 34-րդ տուրը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 34-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստին ըստ VNews.am-ի։

Դարպասապահ՝ Գևորգ Կասպարով («Գանձասար-Կապան»)

Կապանյան թիմի ելույթն այնքան տպավորիչ էր, որ նրա բոլոր ֆուտբոլիստներն էլ կարող էին հայտնվել խորհրդանշական հավաքականում։ «Արջերը» խփած առաջին գոլից հետո թիմային ամուր պաշտպանություն էին կառուցել, և գործը հազվադեպ էր հասնում դարպասապահին։ Բայց մեր առաջնության ամենատարեց ֆուտբոլիստը հարկ եղած դեպքում ցուցադրում էր իր վարպետությունը։ Կարելի է հիշատակել Կասպարովի կրկնակի սեյվը Կոբզարի և Ուդոյի հարվածներից հետո։

Պաշտպաններ՝ Դավիթ Տերտերյան («Գանձասար-Կապան»)

21-ամյա ֆուտբոլիստը հիանալի աշխատանք կատարեց պաշտպանության աջ թևում։ Նա կասեցնում էր մրցակցի խաղացողների առաջխաղացումները։ Տերտերյանը գերազանց տիրապետում է սահանկումների արվեստին, որոնք կիրառելիս սովորաբար զերծ է մնում կանոնները խախտելուց։ «Գանձասար-Կապանը» «Բանանցի» դեմ խաղում գործեց 1 բռունցքի պես։ Կապանյան թիմի երիտասարդ խաղացողներին հետին գծում օգնում է նաև Նռանյանի ներկայությունը, որը պաշտպանական օղակի «հրամանատարն» է։

Դմիտրի Գուզ («Արարատ-Արմենիա»)

Նրա և Խոզինի համագործակցությունը պաշտպանության կենտրոնում հիմնականում բեղմնավոր է լինում։ «Արարատ-Արմենիային» «Շիրակի» հետ հույժ կարևոր խաղում հաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը։ «Շիրակն» անճարությունից շատ դեպքերում գրոհները զարգացնում էր մրցակցի տուգանային հրապարակ կատարած երկար փոխանցումներով, բայց այդպիսի փորձերն անարդյունավետ էին, քանի որ Գուզը երկրորդ հարկի «արքան» էր։ Նա նման պահերին կարողանում էր արագորեն վերադասավորել մարմինն ու չեզոքացնել վտանգը։

Դենիս Թումասյան («Ալաշկերտ»)

34-ամյա ֆուտբոլիստն «Արցախի» հետ հանդիպման վերջնամասում վերածվել էր կենտրոնական հարձակվողի՝ հերթապահելով մրցակցի տուգանային հրապարակում։ Թումասյանին ի վերջո հաջողվեց գրավել դարպասն ու ոչ-ոքի կորզել «Ալաշկերտի» համար։ Վերջինս առաջնության գարնանային հատվածում ավելի լավ է խաղում պաշտպանությունում, ու դա նաև Թումասյանի շնորհիվ է։ Միաժամանակ ընդգծենք, որ նա դեռ չի գտնվում իր լավագույն մարզավիճակում ու երբեմն աչքի է ընկնում անզգուշությամբ։

Ընդամենը 2 թիմ է Գյումրիում հաղթել «Շիրակին», իսկ Դենիս Թումասյանն «Ալաշկերտի» ռեկորդակիրն է

Կիսապաշտպաններ՝ Արթուր Գրիգորյան («Արցախ»)

«Արցախի» ավագն ու հենակետայինն այդ թիմի առանցքային օղակն է։ Գրիգորյանը խաղադաշտում կատարած իր աշխատանքի ծավալով լավագույններից մեկն է Հայաստանում։ «Ալաշկերտի» հետ խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ, բայց դա ավելի է արժևորվում նրանով, որ հենց Գրիգորյանն էր սեփական կիսադաշտից սկսել իր թիմի հակագրոհը։ «Քանդող» և ստեղծագործող հենակետային է։ Կարևոր է այն, որ Արթուրը կարողանում է գրոհի ստեղծման տարբերակ գտնել նաև այն ժամանակ, երբ մրցակիցը ճնշող պրեսինգի է դիմում։

Գևորգ Օհանյան («Գանձասար-Կապան»)

Եթե Օհանյանի մուսան գալիս է, այդ օրը «Գանձասար-Կապանի» խաղին ներկա գտնվող երկրպագուների ժամանցն ապահոված է լինում։ Այս ֆուտբոլիստը միշտ աչքի է ընկնում ոչ ստանդարտ գործողություններով, մրցակցի համար անսպասելի լուծումներով։ 27-ամյա խաղացողի գոլը «Բանանցի» դարպասը շքեղ ստացվեց և ի ցույց դրեց Օհանյան-ֆուտբոլիստի որակների ամբողջ ներկապնակը։ Նա այս մրցավեճում ակտիվորեն մասնակցեց նաև պաշտպանությանը։

Բակար Բալդե («Գանձասար-Կապան», տուրի լավագույն ֆուտբոլիստ)

Բալդեին ոչ թե պաշտպանության, այլ կիսապաշտպանության ձախ թևում խաղացնելը լիովին արդարացրեց իրեն։ Նա դարձավ 2 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Առաջին գոլի ժամանակ օգտվեց «Բանանցի» պաշտպանության աջ թևում առաջացած դատարկությունից և, հրթիռային արագություն զարգացնելով, դիպուկ հարված կատարեց։ Երկրորդ գոլի դեպքում էլ վարպետորեն օգտվեց մրցակցի սխալից։ Բալդեն իդեալական ֆուտբոլիստ է կապանյան թիմի՝ արագ և սուր հակագրոհների վրա հիմնված մարտավարության համար։

Դավիթ Մինասյան («Գանձասար-Կապան»)

Մինասյանն այս տուրում «Ասիստների արքա» անվանակարգի հաղթողն է։ 26-ամյա ֆուտբոլիստը «Բանանցի» հետ խաղում իր հաշվին 3 գոլային փոխանցում գրանցեց՝ 2 անգամ գնդակ մատակարարելով Բալդեին, 1 անգամ էլ՝ Հարությունյանին։ Այս ցուցանիշն արդեն բավական է Մինասյանի ներկայությունը խորհրդանշական հավաքականում հիմնավորելու համար, բայց դա դեռ ամենը չէ։ Մինասյանը նաև արդյունավետ կերպով օգնում էր աջ եզրային պաշտպան Տերտերյանին, խափանում մրցակցի գրոհները։

Էրիկ Վարդանյան («Փյունիկ»)

Մրցավարական կոպիտ սխալով նշանավորված հանդիպման առաջին խաղակեսը տխուր պայքարում անցավ, բայց ամեն ինչ փոխվեց, երբ ընդմիջումից անմիջապես հետո «մարտադաշտ» ներխուժեց Վարդանյանը։ Նա հեռահար հարվածով դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ, նաև գոլային փոխանցում հասցեագրեց Կոնատեին։ Դե՛ իսկ Էրիկի խելահեղ անցումն ու չնշանակված 11-մետրանոցն արդեն պատմության սեփականությունն են։ Փաստն այն է, որ «Փյունիկը» խաղ առ խաղ ավելի մեծ կախում է ձեռք բերում Վարդանյանից։

Հարձակվողներ՝ Ջոնել Դեսիրե («Լոռի»)

Մրցավարությանը վերաբերող դրվագները ստվերեցին նաև Դեսիրեի գերազանց խաղը։ Առաջնության լավագույն ռմբարկուն դուբլ ձևակերպեց ու ապացուցեց, որ հրաշալի հարձակվող է։ Ջոնելը գտել էր «Փյունիկի» պաշտպանության աքիլլեսյան գարշապարը և 2 գոլն էլ խփեց միևնույն տրամաբանությամբ, այն է՝ տեղ զբաղեցնելով կենտրոնական պաշտպան Ստեժկոյի ու աջ պաշտպան Հակոբյանի մեջտեղում՝ այդպիսով գնդակն ընդունելով հարմարավետ դիրքում։ «Փյունիկի» պաշտպանության այդ բացթողումներից Դեսիրեն քաղեց առավելագույնը։

Գեղամ Հարությունյան («Գանձասար-Կապան»)

Եվս 1 ներկայացուցիչ «Գանձասար-Կապանից»։ Հարությունյանն էլ կապանյան թիմի խաղային անթերի մեխանիզմի բաղադրիչներից մեկն էր։ Դարձավ գոլի հեղինակ։ Թիմի 2-րդ գոլի կայացման գործում Գեղամը մեծ դերակատարություն ունեցավ, բայց ոչ թե եզրափակիչ հարվածով կամ արդյունավետ փոխանցումով, այլ նրանով, որ նահանջել էր սեփական տուգանային հրապարակ ու մրցակցի ստանդարտի խաղարկումից հետո գլխով հեռացրեց գնդակը։ Հարությունյանը ներդաշնակ էր թիմի հետ ու, ինչպես միշտ, առանց գնդակի շատ էր աշխատում։

Խորհրդանշական հավաքականում որոշ ֆուտբոլիստների խաղային դիրքեր պայմանական են՝

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Մեր մյուս դրոշը Երևանում է». «Վուլվերհեմփթոնի» երկրպագուների հնարամիտ քայլը (լուսանկար)

«Լոռին» պայմանագիր է ստորագրել վրացի երիտասարդ ֆուտբոլիստի հետ

«Արարատ-Արմենիան» բարելավեց իր ռեկորդային ցուցանիշները

Լուիս Օգանա. «Առանց երկրպագուների չէինք հասնի այս արդյունքին» (տեսանյութ)

Պատմության կերտման ճանապարհին. VNews-ի ֆոտոշարքն «Արարատ-Արմենիա» – «Դյուդելանժ» խաղից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Արարատ-Արմենիայի» հաղթանակին

Գեորգի Պաշով. «Շնորհակալություն երկրպագուներին, նրանք այսօր փառահեղ էին» (տեսանյութ)

Գոռ Մալաքյան. «Էմոցիաներն աննկարագրելի են» (տեսանյութ)

Պողոս Գալստյան. «Կար վստահություն, որ այսօր հաղթելու ենք ու տոն ենք պարգևելու հայ ժողովրդին» (տեսանյութ)

Անտոն Կոբյալկո. «Բնավորության հաշվին հաղթանակ կորզեցինք» (տեսանյութ)

Պետրոս Ավետիսյան. «2-1-ը շատ վտանգավոր հաշիվ է» (տեսանյութ)

Վարդան Մինասյան. «Ամենակարևոր բանը, որ ինձ գոհացրեց, իմ թիմի բնավորությունն էր» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» խաղավերջում գոլ է խփում և հաղթում «Դյուդելանժին» (տեսանյութ)

1-1. «Դյուդելանժը» հավասարեցնում է հաշիվը (տեսանյութ)

1-0. «Արարատ-Արմենիան» առավելությունը վերածում է գոլի (տեսանյութ)

«Արարատ»-Արմենիայի» մեկնարկային կազմը «Դյուդելանժի» հետ խաղում