fbpx
Բաժիններ

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 35-րդ տուրը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 35-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստին ըստ VNews.am-ի։

Դարպասապահ՝ Օգնեն Չանչարևիչ («Ալաշկերտ»)

Այս տուրում 9 դարպասապահից ընդամենը 1-ին՝ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Աբակումովին հաջողվեց դարպասն անառիկ պահել։ Բայց «Արցախի» գրոհները չեմպիոնության հավակնորդի հետ մրցավեճում սակավաթիվ էին, ուստի Աբակումովը հիմնականում անգործության էր մատնված։ Իսկ Չանչարևիչը «Բանանցի» հետ խաղի հատկապես վերջին 15-20 րոպեներին աշխատում էր մեծ ծանրաբեռնվածությամբ։ Նա հրաշալի սեյվեր գրանցեց Գաջիբեկովի ու Ստանոևիչի հարվածներից հետո, իսկ բաց թողած գոլի դրվագում մրցակցին անդրադարձն օգնեց։

Պաշտպաններ՝ Հայկ Իշխանյան («Լոռի»)

Իշխանյանին գարնանային հատվածի սկզբում պաշտպանության կենտրոնում ընկերակցում էր Խաչատուրովը, իսկ վերջին խաղերում դա անում է Մենսահը։ Հայ պաշտպանն իր նախկին թիմի՝ «Գանձասար-Կապանի» հետ մրցավեճում վստահ հանդես եկավ։ Հաղթեց մենապայքարների մեծ մասում, այդ թվում՝ երկրորդ հարկում։ Կրկին փորձում էր թիկունքից երկար փոխանցումներով գրոհի նետել Դեսիրեին։ Կասկած չկա՝ Իշխանյանը կհրավիրվի հավաքական, հատկապես այն պարագայում, որ Չալըշըրը չի միանալու ընտրանուն։

Արթուր Դանիելյան («Արարատ-Արմենիա»)

21-ամյա ֆուտբոլիստն արդեն 3 խաղ անընդմեջ ընդգրկվում է թիմի մեկնարկային կազմ, և հատկանշական է, որ «Արարատ-Արմենիան» այդ բոլոր հանդիպումներում հաղթել է՝ բաց թողնելով ընդամենը 1 գոլ։ Ունիվերսալ պաշտպանը, որին Վարդան Մինասյանն այժմ դիտարկում է պաշտպանության աջ եզրում, խաղից խաղ ավելի լավ տպավորություն է թողնում։ Պաշտպանությունում հուսալի գործելուց զատ աչքի է ընկնում նաև հարձակմանը սրություն հաղորդելով։ Նա խաղային որոշ գործոններ շտկելու դեպքում կարող է ամրապնդվել հիմնական կազմում։

Կիսապաշտպաններ՝ Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»)

Փորձառու Մկրտչյանը գոլի հեղինակ դառնալու հաճույքը վերջին անգամ ճաշակել էր 2017 թվականի նոյեմբերի 29-ին, ընդ որում՝ կրկին «Հանրապետական» ստադիոնում և կրկին «Արարատի» հետ հանդիպմանը։ Ինչ վերաբերում է 2019 թվականին խփած գոլին, ապա «Փյունիկը» մինչ այդ 32 րոպե չէր կարողանում բացել «Արարատի» հետ խաղի հաշիվը։ Կառլենը վերահսկում էր խաղադաշտի կենտրոնը։ Մկրտչյանն այլևս չի վերադարձնի տարիներ առաջ ունեցած մարզավիճակը, բայց նա ունի վարպետություն, որը տարիների հետ չի կորչում։

Դեսիրեն Մարկոսին ու ևս 3 լեգեոների է զիջում ԲԽ-ի 1 մրցաշրջանում խփած գոլերի քանակով

Արթուր Եդիգարյան («Ալաշկերտ»)

Խորհրդանշական է ստացվել, որ Մկրտչյանը և Եդիգարյանը՝ ազգային հավաքականի «ոսկե» ժամանակների հենակետայինները, միասին են հայտնվել տուրի լավագույնների թիմում։ «Ալաշկերտը» «Բանանցի» հետ խաղում իշխում էր միջին գծում՝ հնարավորինս փակելով մրցակցի գրոհների զարգացման ճանապարհները։ «Դեղինները» հատկապես առաջին 60-70 րոպեի ընթացքում մեծ առավելություն ունեին։ Եդիգարյանն աչքի ընկավ խաղադաշտում կատարած մեծ ծավալի աշխատանքով, որը, ինչն ամենակարևորն է, ծառայեց թիմային շահերին։

Արտակ Եդիգարյան («Ալաշկերտ»)

Եդիգարյան եղբայրները գործում էին կողք կողքի։ Արտակը, ինչպես հայտնի է, ունիվերսալիզմի մարմնացումն է և խաղում է այնտեղ, որտեղ թիմն ամենաշատն է զգում նրա կարիքը։ Եդիգարյանը քանիցս հեռահար «կրակոցներ» իրականացրեց, Արամ Հայրապետյանը մի քանի անգամ ստիպված էր գործի անցնել։ Արտակը դարձավ գոլային փոխանցման հեղինակ՝ գնդակը հասցեագրելով Մանուչարյանին։ Եթե Եդիգարյանի թնդանոթային հարվածներից գոնե 1-ը նպատակին հասներ, ապա «Ալաշկերտը» հաղթանակած կհեռանար խաղադաշտից։

Վարդան Պողոսյան («Բանանց»)

Ֆայզուլինը հաստատ ինչ-որ կանխազգացում ուներ, երբ «Ալաշկերտի» հետ հանդիպման 79-րդ րոպեին փոխարինման էր մտցնում Պողոսյանին։ Բանն այն է, որ այս խաղացողը «Բանանցի» կազմում մինչ այդ ընդամենը 5 րոպե էր անցկացրել Բարձրագույն խմբում ու զրկված էր խաղային պրակտիկայից։ Բայց Պողոսյանին այս կարճ ժամանակն էլ բավական էր հերոսանալու համար։ Նա վերջին վայրկյաններին գրավեց «Ալաշկերտի» դարպասը, ինչի շնորհիվ «Բանանցը» մրցաշարային աղյուսակում պահպանեց 3-րդ հորիզոնականը։

Էդգար Մանուչարյան («Ալաշկերտ»)

Շարունակում ենք ուշադրության կենտրոնում պահել «Ալաշկերտ» – «Բանանց» հանդիպումը։ Մանուչարյանն անցկացրեց «Ալաշկերտում» իր երևի թե լավագույն խաղը։ Նա շեշտակի հարվածով ցնցող գոլի հեղինակ դարձավ, մինչդեռ դարպասապահը գնդակի ընթացքի ժամանակ հայտնվել էր հանդիսատեսի կարգավիճակում։ Ընդ որում, այդ գրոհը խորքից հենց 32-ամյա ֆուտբոլիստն էր սկսել։ Մանուչարյանը ևս 1 դեպքում կարող էր գոլ խփելու հիանալի հնարավորություն ստանալ, եթե թիմակիցը նկատեր, որ նա առանց հսկողության է մնացել։

Սերգեյ Շևչուկ («Փյունիկ»)

«Փյունիկի» գրոհների վերջնամասում ամենաառանցքային ֆուտբոլիստը Շևչուկն է։ Հենց նրան է վերապահվում վերջին փոխանցումը կատարելու իրավունքը, և պետք է ասել, որ խաղացողը սովորաբար կարողանում է ճիշտ գնահատել թիմակիցների ու մրցակիցների դիրքը՝ գնդակն ուղղորդելով ցանկալի ուղղությամբ։ «Փյունիկի»՝ «Արարատի» հետ խաղում խփած 2 գոլերն էլ ծնվել են Շևչուկի եզրային փոխանցումներից հետո, առաջին դեպքում՝ ձախ եզրից, երկրորդ դեպքում՝ աջից։ Շևչուկը հիանալի անցկացրեց գարնանային հատվածը։

Զավեն Բադոյան («Արարատ»)

Բադոյանն էլ առաջին խաղակեսի միջնամասում հեռու տարածությունից շեշտակի հարված կատարեց, բայց Դրագոևիչը փրկեց իր թիմին։ Դա պետք է դաս լիներ «Փյունիկի» ֆուտբոլիստների համար, որ Զավենին նման ազատություն չպետք է տալ։ Կրկին տվեցին։ Այս ֆուտբոլիստը րոպեներ անց ձախ եզրից մի փոքր տեղափոխվեց կենտրոն ու տպավորիչ գոլի հեղինակ դարձավ։ Նա միշտ աչքի է ընկնում խաղընկերներին հարվածային դիրք դուրս բերող ճշգրիտ փոխանցումներով։ Բադոյանը բարձր մակարդակով անցկացրեց առաջնության վերջնամասը։

Հարձակվող՝ Անտոն Կոբյալկո («Արարատ-Արմենիա», տուրի լավագույն ֆուտբոլիստ)

Կոբյալկոն ինքնուրույն վճռեց «Արցախի» հետ շատ կարևոր դիմակայության ելքը՝ իր հաշվին գրանցելով դուբլ։ 7-րդ րոպեին խփած գոլը շատ հեշտացրեց «Արարատ-Արմենիայի» խնդիրը։ Ռուս հարձակվողը 2-րդ գոլը կյանքի կոչեց 11-մետրանոց հարվածով, ընդ որում՝ հենց նրա նկատմամբ էին խախտել կանոնները։ Կոբյալկոն գոլային 2 դրվագում էլ «տանջեց» պաշտպան Նազարյանին։ Գոլահար խաղացողն այնպիսի մարզավիճակում է, որ բոլորը մոռացել են թիմից հեռացած Դիմիտրովի ու վնասվածք ունեցող Բուգուհիի բացակայությունների մասին։

Խորհրդանշական հավաքականում որոշ ֆուտբոլիստների խաղային դիրքեր պայմանական են՝

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Փյունիկը» երկարաձգել է պայմանագիրը Սևակ Ասլանյանի հետ

«Փյունիկի» մարզիչները վերապատրաստում են անցնում «Վալենսիայում»

«Մոնակոյի» նախկին ֆուտբոլիստը՝ «Արարատում»

Podcast #8. Բարձրագույն խմբի աշնանային հատվածի ամփոփում (տեսանյութ)

«Ալաշկերտն» իր առաջին ձեռքբերումն է կատարել ձմռանը

«Արարատն» առաջին համալրումն է կատարել ձմռանը

«Ալաշկերտը» խզել է պայմանագրերը 7 ֆուտբոլիստների հետ

«Փյունիկը» դժգոհ է ՀՖՖ-ի որոշումից. ակումբի հայտարարությունը

Թովմաս Գրիգորյան․ «Արմեն Մելիքբեկյանին առաջարկել եմ երկուշաբթի օրվանից գնալ արձակուրդ»

5 ֆուտբոլիստ հեռացել է «Փյունիկից»

Թովմաս Գրիգորյան. «Լոռիի» դեպքում նվիրատվություն չի լինելու, այլ հստակ գործարք»

Բարձրագույն խմբի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Փյունիկ» ՖԱ-ն ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է Արսեն Աղաջանյանի թեկնածությունը

«Գանձասար-Կապանից» շուրջ 2,5 տարի պահանջվեց «Շիրակին» ԲԽ-ում հաղթելու համար

Մխիթարյան-200․ Հենրիխի համար հոբելյանական էր «Վերոնայի» դեմ խաղում խփած գոլը

Ջոնել Դեսիրեն ԲԽ-ի պատմության մեջ միակ լեգեոներն է, որին հաջողվել է պենտա-տրիկի հեղինակ դառնալ