fbpx
Բաժիններ

Վարդան Մինասյանը 3-րդ մարզիչն է, որ 2 տարբեր թիմերի ղեկին դարձել է Հայաստանի չեմպիոն

Որոշ ընդմիջումից հետո մարզչական գործունեությունը վերսկսած Վարդան Մինասյանի վերադարձն ակումբային ֆուտբոլ նշանավորվեց փառահեղ նվաճմամբ: Առաջնության 10-րդ տուրից ստանձնելով Բարձրագույն խմբի նորեկ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնը՝ Վարդան Մինասյանն իր սաներին առաջին իսկ փորձից չեմպիոնական բարձունքին հասցրեց: Դա փորձառու մասնագետի մարզչական հարուստ կարիերայում չեմպիոնական 5-րդ տիտղոսն էր, ինչը ռեկորդային ցուցանիշ է հայկական ֆուտբոլում:

Երբ Վարդան Մինասյանը Վադիմ Սկրիպչենկոյից ստանձնեց «Արարատ-Արմենիայի» ղեկը (9-րդ տուրում թիմի գլխավոր մարզչի պարտականությունները կատարել էր Արտակ Օսեյանը), Բարձրագույն խմբի նորեկն անցկացրած 9 հանդիպումներում վաստակած 12 միավորով ընթանում էր 5-րդ հորիզոնականում՝ 6 միավորով զիջելով աղյուսակը գլխավորող «Փյունիկին»:

Պատմության մեջ երկրորդ անգամ է նորաստեղծ թիմը հռչակվում Հայաստանի չեմպիոն

Փորձառու մասնագետին կարճ ժամանակահատվածում հաջողվեց կարգավորել թիմի խաղը, կայունացնել կազմն ու մրցաշարային աղյուսակում վեր բարձրանալ: «Արարատ-Արմենիան» հատկապես գերազանց ելույթներ ունեցավ գարնանային հատվածում՝ 15 հանդիպումներում վաստակելով 35 միավոր՝ ցույց տալով լավագույն արդյունքն առաջնության երկրորդ մասում:

Առաջնության ընթացքում Վարդան Մինասյանի սաները 7 անընդմեջ հաղթանակ տոնեցին, 12 խաղ շարունակ անպարտելի մնացին: Առաջնության վերջնագծում էլ տոնելով 4 անընդմեջ հաղթանակ՝ «Արարատ-Արմենիան» արժանիորեն նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը:

Սամվել Դարբինյանից ու Վարուժան Սուքիասյանից հետո Վարդան Մինասյանը դարձավ 2 թիմերի չեմպիոնական բարձունքին հասցրած 3-րդ մարզիչը: Մինասյանի մարզչական նախորդ բոլոր հաջողությունները կապված էին «Փյունիկի» հետ, որը նրա օրոք 4 անգամ էր արժանացել ոսկե մեդալների:

Վարդան Մինասյան. «Արժանիորեն հաղթեցինք՝ թե՛ այս խաղը, թե՛ առաջնությունը» (տեսանյութ)

Առաջին հաջողությանը Վարդան Մինասյանը հասել է 2004թ. 30 տարեկանում՝ դառնալով Հայաստանի չեմպիոն թիմ պատրաստած ամենաերիտասարդ մարզիչը: Այդ ցուցանիշը մինչ օրս չի գերազանցվել:

Մրցաշրջանի սկզբում նա թիմի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցայի օգնականն էր: Վերջինս առաջնության 8-րդ տուրից հետո հեռացավ «Փյունիկից»: Նրա փոխարեն թիմի ղեկը ստանձնած Վարդան Մինասյանի նորամուտը գլխավոր մարզչի պաշտոնում պարզապես գերազանց ստացվեց: «Փյունիկը» 9-րդ տուրից սկսած 16 անընդմեջ հաղթանակ տոնեց, ինչը ՀՀ առաջնություններում մինչ օրս չգերազանցված ռեկորդ է:

Խորեն Հովհաննիսյանից հետո, որը 1990-ականներին «Փյունիկում» խաղացող-մարզչի կարգավիճակում էր, Մինասյանը 2-րդն էր, որ չեմպիոնի տիտղոսին արժանացել էր թե որպես ֆուտբոլիստ, թե որպես գլխավոր մարզիչ: Հաջորդ 3 մրցաշրջաններում Վարդան Մինասյանը կրկին գլխավոր մարզիչների օգնականն էր: Իսկ ահա 2008թ. առաջնության 12-րդ տուրից փոխարինելով պաշտոնանկ արված Արմեն Գյուլբուդաղյանցին՝ Վարդան Մինասյանը գլխավոր մարզչի պաշտոնում չեմպիոնական 2-րդ բարձունքը նվաճեց: Այդ տարի «Փյունիկը» չեմպիոնի տիտղոսին արժանացավ «Արարատի» հետ բավականին թեժ մրցապայքարում` «ոսկե» խաղում հաղթելով 2-1 հաշվով:

Առաջին տիտղոսը. «Արարատ-Արմենիայի» չեմպիոնական տոնախմբությունը (ֆոտոշարք)

Մինչև 2011թ. առաջնության ավարտը Մինասյանը գլխավորեց «Փյունիկը», որը ևս 2 անգամ չեմպիոն հռչակվեց, մեկ անգամ էլ բավարարվեց արծաթե մեդալներով: Բացի առաջնությունում գրանցած հաջողություններից, Մինասյանի գլխավորությամբ փյունիկցիները դարձել են նաև կրկնակի գավաթակիրներ ու քառակի սուպերգավաթակիրներ:

Այնպես որ հերթական տիտղոսը 12-րդն է Մինասյանի մարզչական կարիերայում: Այդ ցուցանիշով նա զիջում է միայն հանրապետության վաստակավոր մարզիչ, բանիմաց ու բազմափորձ մասնագետ Անդրանիկ Ադամյանին, որը 1992-2004թթ. անփոփոխ գլխավորելով «Շիրակը», թիմին 13 տիտղոսի է արժանացրել: Ադամյանի օրոք գյումրեցիները 3 անգամ նվաճել են ՀՀ չեմպիոնի տիտղոսը, 5 անգամ արժանացել են արծաթե մեդալների, 2 անգամ դարձել են բրոնզե մրցանակակիրներ, 3 անգամ էլ պատվո շրջան են կատարել Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթով:

VNews.am-ը ներկայացնում է այն մարզիչների ցանկը, որոնց գլխավորած թիմերը նվաճել են Հայաստանի չեմպիոնի տիտղոսը:

Մարզիչներ Չեմպիոն Ակումբ Մրցաշրջան         
1.Վարդան Մինասյան 5 «Փյունիկ»

«Արարատ-Արմենիա»

2004, 2008-2010թթ.

2018/19թթ.

2.Անդրանիկ Ադամյան 3 «Շիրակ» 1992, 1994, 1999թթ.
3.Խորեն Հովհաննիսյան 3 «Փյունիկ» 1992, 1995/96, 1996/97թթ.
4.Վարուժան Սուքիասյան 3 «Արաքս»

«Ալաշկերտ»

1998, 2000թթ.

2017/18թթ.

5.Սամվել Դարբինյան 2 «Երևան»

«Փյունիկ»

1997թ.

2001թ.

6.Աբրահամ Խաշմանյան 2 «Ալաշկերտ» 2015/16, 2016/17թթ.
7.Արմեն Սարգսյան 1 «Արարատ» 1993թ.
8.Օսկար Լոպես 1 «Փյունիկ» 2002թ.
9.Միխայ Ստոյկիցա 1 «Փյունիկ» 2003թ.
10.Հենկ Վիսման 1 «Փյունիկ» 2005թ.
11.Սամվել Պետրոսյան 1 «Փյունիկ» 2006թ.
12.Արմեն Գյուլբուդաղյանց 1 «Փյունիկ» 2007թ.
13.Սևադա Արզումանյան 1 «Ուլիս» 2011թ.
14.Վարդան Բիչախչյան 1 «Շիրակ» 2012/13թթ.
15.Ժոլտ Հոռնյակ 1 «Բանանց» 2013/14թթ.
16.Սարգիս Հովսեփյան 1 «Փյունիկ» 2014/15թթ.

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը Ֆինլանդիա – Հայաստան խաղից հետո (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Ֆինալդիայի դեմ խաղում՝ ըստ VNews-ի

Ուղիղ. Արմեն Գյուլբուդաղյանցի և Տիգրան Բարսեղյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ)

«Փյունիկն» ընկերական խաղում պարտվեց Մոսկվայի «Դինամոյին»

Օզբիլիս. «Հավաքականում միշտ լավ եմ զգում, իսկ ակումբային մակարդակով վերջին անգամ ֆուտբոլից հաճույք եմ ստացել «Սպարտակում»

Գոռ Մալաքյանը նույնպես հրավիրվել է Հայաստանի հավաքական

«Փյունիկը» ընկերական հանդիպում կանցկացնի ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբի հետ

Բարձրագույն խմբի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» արդեն ունի այնքան միավոր, ինչքան վաստակել էր նախորդ ամբողջ առաջնությունում

Հայկական ակումբների 8 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

Դավիդ Կամպանյա․ «Ցույց տվեցինք՝ ավելի լավ թիմ ենք, քան «Փյունիկը»

Ալեքսանդր Տարխանով․ «Խայտառակ մրցավարություն էր»

Արմեն Ադամյան․ «Արարատ-Արմենիան» մեզ գերազանցեց միայն գոլային պահերի ավելի լավ իրացմամբ»

Վարդան Մինասյան․ «Գոռ Մալաքյանը հիմա երևի լավագույն մարզավիճակում է այն պահից, ինչ աշխատում եմ նրա հետ»

11-մետրանոցներով լի խաղ Վանաձորում, «Արարատ-Արմենիան» էլ ընդհատեց «Ալաշկերտի» հաղթարշավը (տեսանյութ)

«Լոռի» – «Փյունիկ», «Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)