fbpx
Բաժիններ

1 տարի ֆուտբոլ չխաղաց և ամիսներ անց հրավիրվեց հավաքական. Ընտրանու հայտացուցակի հետքերով

Հազիվ էին հանդարտվել դժգոհությունները հավաքականի նախորդ խաղերից հետո, և ընտրանին կրկին գործի մեջ է լինելու: Բոլորը, ինչպես միշտ, նախօրոք լավատես են, կենտրոնանում են լուսավոր կետերի վրա և սպասում, որ տղաները վերջապես կարդարացնեն սպասելիքները:

Հիմա հասկանանք՝ ով ինչ մարզավիճակում է ժամանել հավաքական և որ խաղային դիրքերն են խնդրահարույց:

Արամը «զավթել» է տեղը մեկնարկային կազմում

Դարպասապահի դիրքը միշտ քննարկումների առիթ է տվել, բայց Արամ Հայրապետյանի հատկապես վերջին ելույթները ստիպեցին կենտրոնանալ այլ գոտիների վրա: Եվ խոսքը միայն բոսնիացիների ու ֆինների հետ հանդիպումների մասին չէ: Արամը երբ դուրս է եկել խաղադաշտ, առնվազն լավ տպավորություն է թողել և ակնառու սխալներ նրա կողմից չեն եղել: Եթե արտառոց ոչինչ չլինի, նա առաջիկա խաղերում էլ տեղ կզբաղեցնի դարպասում:

Երբեմնի ամենահեռանկարային դարպասապահներից Արսեն Բեգլարյանը «մաշեցնում» էր բելառուսական միջակ «Դնյապրոյի» պահեստայինների նստարանը, բայց մասնակցեց վերջին 3 հանդիպումներին, բաց թողեց 6 գոլ ու ստացավ հավաքականի հրավերը: Այս դարպասապահը պետք է պայքարի իր կարիերան փրկելու համար, բայց նրա գլխավոր խնդիրը հոգեբանության մեջ է: Նա «Ալաշկերտում» և հավաքականում մի քանի անհաջող խաղերի հետևանքով ձեռք բերած բարդույթավորությունը դեռ չի հաղթահարել:

Երիտասարդ Հենրի Ավագյանը սկսել է ավելի հաճախ խաղալ «Ալաշկերտում», սակայն դեռ չի հանդիսանում թիմի հիմնական դարպասապահը: Նրա ներգրավածությունը հավաքականում անհրաժեշտություն է, քանի որ հույսեր կան ապագայի վերաբերյալ:

Հայկական ֆուտբոլի կտրուկ թռիչքը, որի հետևից դեռ պետք է հասցնել

Գրիգոր Մելիքսեթյանը «Լոռիի» հետ նախավերջին խաղում կոպիտ սխալով աչքի ընկավ: Պետք չէ ֆիքսվել այդ դրվագի վրա, բայց մյուս հանդիպումներում էլ նա իր հնարավորություններից փոքր-ինչ ցածր հանդես եկավ: Այսօր Գևորգ Կասպարովն ավելի արժանի է հրավիրվելու հավաքական, բայց մնում է անտեսված, թեև ֆուտբոլային պատկառելի տարիքում 17 խաղ է անցկացրել առաջնությունում և 8 մրցավեճում դարպասն անառիկ պահել: Չմոռանանք նաև Գրիգորի եղբորը՝ «Արցախի» 23-ամյա դարպասապահ Արման Մելիքսեթյանին, որը բավականին վստահ խաղաց առաջնությունում և ապագայում գուցե արժանանա հավաքական հրավիրվելու պատվին:

Չալըշըրի հարսանիքի հետևանքները, նաև թարմություն՝ ձախ եզրում

Նախ Անդրե Չալըշըրի մասին, որի կարիք շատ ունենք: Շվեդական «Գյոթեբորգի» առանցքային խաղացողը կբացակայի, քանի որ այս օրերին է նշանակված նրա հարսանիքը: Սա այդքան էլ պրոֆեսիոնալ մոտեցում չէ պաշտպանի կողմից: Ոչ ոք չի առարկում, որ ընտանիքը ֆուտբոլից կարևոր է, բայց արարողությունը հանուն հավաքականի կարելի էր այլ օր նշանակել և ընտրանուն ծանր իրավիճակում չդնել: Վերջիվերջո, Մխիթարյանն էլ է պատրաստվում ամուսնանալ, բայց դա կանի միայն հավաքականի խաղերից հետո: Ինչևէ, սա ֆուտբոլիստի որոշումն է:

Վարազդատ Հարոյանը մասնակցել է «Ուրալի» վերջին 6 մրցավեճից 3-ին: Ո՞վ կխաղա նրա կողքին: Այս պահին ամենաիրականը «Լոռիի» պաշտպան Հայկ Իշխանյանի թեկնածությունն է: Հարոյանն ու Իշխանյանն ունեն հավաքականում պաշտպանության կենտրոնում միասին խաղալու փորձ: Բացի այդ, Հայկը լավ 6 ամիս է անցկացրել վանաձորյան ակումբում: Նա ուժեղ է հատկապես երկրորդ հարկում, չի զիջում մենապայքարների ժամանակ: Գրոհները սկսելիս առաջին փոխանցման ճիշտ տարբերակ է կարողանում գտնել: Կա փոքր-ինչ դանդաղաշարժության խնդիր, բայց ունենք այն, ինչ ունենք:

Տարոն Ոսկանյանը նույնպես կարող էր դիտարկվել այդ դիրքում, բայց նա «Ալաշկերտում» էլ վերջերս ավելի հաճախ խաղում է պաշտպանության աջ թևում: Այնտեղ, շատ հավանական է, հանդես կգա Կամո Հովհաննիսյանը, որը հրաշալի մարզավիճակում է: Նա անսասան տեղ ունի «Ժետիսուի» հիմնական կազմում ու նաև ռմբարկուական հատկանիշներ է ցուցադրում՝ արդեն 3 գոլ խփելով ընթացիկ առաջնությունում: Այս դիրքում ունենք նաև Հովհաննես Համբարձումյանին: Գյուլբուդաղյանցը Ջիբրալթարին պարտվելուց հետո այդպես էլ չի վերադառնում այս երկուսին միաժամանակ հիմնական կազմ ընդգրկելու տարբերակին:

Համբարձումյանը պատմել է Անգլիայի չեմպիոնի կազմ չկայացած տեղափոխության մասին

Կամոն իր թիմում խաղում է նաև պաշտպանության և կիսապաշտպանության ձախ թևում, ուստի մարզիչն այս անգամ միգուցե փորձի համատեղել նրանց: Եթե՝ ոչ, ապա Կամոյի տեղը կասկած չի հարուցում, որովհետև նա հավաքականում էլ վերջերս շատ լավ տպավորություն է թողել: Իր շանսին կսպասի նաև «Փյունիկի» աջ պաշտպան Արմեն Մանուչարյանը, որը գարնանային հատվածի սկզբում ավելի լավ մարզավիճակում էր գտնվում: Նա ունիվերսալ է և կարող է փակել նաև պաշտպանության կենտրոնը:

Ամենաքննարկվողներից է ձախ պաշտպանի դիրքը: Ընտրություն է կատարվել Նարեկ Պետրոսյան-Գագիկ Դաղբաշյան-Արման Հովհաննիսյան եռյակից, և նախապատվությունը տրվել է «Գանձասար-Կապանի» պաշտպանին: Պետրոսյանի ելույթները դեռ վերջնականապես համոզիչ չեն, իսկ Դաղբաշյանի դեպքում երևի թե ազդեցություն է ունեցել նրա ցուցադրած խաղը հավաքականի վերջին 2 հանդիպումներում: Ինչ վերաբերում է Հովհաննիսյանին, ապա վնասվածքները նրան շատ են խանգարել, և հիմա վերջապես պատրաստ է: Նա գուցե այնքան լավ չի միանում գրոհներին, ինչքան Դաղբաշյանը, բայց զուտ պաշտպանական գործառույթների տեսանկյունից առավել հուսալի է: «Գանձասար-Կապանում» առանցքային ֆուտբոլիստ է, ի տարբերություն «Արարատ-Արմենիայի», որտեղ համարյա չէր խաղում:

Վերջապես առատ ընտրություն ունի հավաքականի մարզչական շտաբը

Եթե նախորդ հավաքի ժամանակ հենակետայինների սակավություն կար, ապա Գյուլբուդաղյանցի ձեռքի տակ հիմա 5 այդպիսի խաղացող կա՝ Կառլեն Մկրտչյան, Ռումյան Հովսեփյան, Արմեն Համբարձումյան, Արտակ Գրիգորյան ու նաև Արտակ Եդիգարյան, քանի որ ունիվերսալ այս ֆուտբոլիստը հավաքականում հենց այս դիրքում է դիտարկվում:

Շատ ուրախալի է Համբարձումյանի հրավիրվելու փաստը, որովհետև նա արդեն հաղթում է մրցակցությունը նաև Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» կազմում, և այս խնդրահարույց դիրքում մեզ պետք է այսպիսի խաղացողը: Մկրտչյանն իր ընդհանուր տվյալներով գերազանցում է բոլոր հենակետայիններին, բայց չունի նախկին ֆունկցիոնալ վիճակը, և դա ակնհայտ է: Հովսեփյանը Տալալաևի հեռանալուց հետո «Փյունիկում» մշտապես խաղում է: Ռումյանը երբեմն ունենում է փոխանցումների խոտան, ավելի քիչ, քան Արտակ Գրիգորյանը, բայց վերջինս գերազանցում է Հովսեփյանին գնդակ խլելու տեսանկյունից:

Հայաստանի հավաքականը սկսել է մարզական հավաքը (լուսանկարներ)

Համբարձումյանն իր մեջ ամփոփում է Հովսեփյանի և Գրիգորյանի դրական որակները: Խլելու հարցում այնքան «գիշատիչ» չէ, ինչքան «Փյունիկի» և «Ալաշկերտի» նշված խաղացողները, բայց անչափ խելացի ֆուտբոլիստ է, զգում է տարածությունները, ժամանակին է բաժանվում գնդակից և պատասխանատու կամ պարզ իրավիճակներում հազվադեպ է սխալ թույլ տալիս:

Հենակետային գոտում մեծ մրցակցություն է ծավալվել, ու դա միայն դրական է: Մյուս կողմից, չմոռանանք, որ սրանք պաշտոնական խաղեր են, իսկ այստեղ մարզիչը չի կարող շատ փորձարկումներ կատարել: Թե՛ 30-ամյա Մկրտչյանը, թե՛ 27-ամյա Հովսեփյանը, թե՛ 31-ամյա Գրիգորյանը, թե՛ 29-ամյա Եդիգարյանն այդ առումով ունեն առավելություն, քանի որ թիկունքում կա հավաքականում հանդես գալու բավականին մեծ փորձ, ուստի 25-ամյա Համբարձումյանի համար հեշտ չի լինելու տեղ վաստակել հիմնական կազմում:

1-ին Բունդեսլիգա տեղափոխված տղայի փոխարեն՝ պրակտիկա չունեցող խաղացող

Արաս Օզբիլիսի խաղային որակների մասին խոսելն ավելորդ է, բայց նա մարտից այս կողմ որևէ խաղի չի մասնակցել «Վիլլեմ II-ից» հեռացվելուց հետո: Հասկանալի է, նա չէր հրավիրվի, եթե Սարգիս Ադամյանը ցավալի վնասվածք ստացած չլիներ:

Խնդիրն այն է, որ սա նմանատիպ առաջին դեպքը չէ: Հրայր Մկոյանն ընդհանրապես չէր խաղում իր թիմում, հրավիրվեց հավաքական, Ջիբրալթարի դեմ հիմնական կազմում էր, և հենց նրա խախտումից հետո նշանակվեց ճակատագրական 11-մետրանոցը: Նախորդ անգամ հրավիրվեց ակումբ չունեցող Յուրա Մովսիսյանը: Սկզբում մտածում էինք՝ մի 15-20 րոպե կարող է խաղալ, բայց հետո պարզվեց՝ նույնիսկ չի մարզվում: Նման երևույթը խրախուսելի չէ, նույնիսկ եթե խոսքը Հայաստանի հավաքականում հետք թողած խաղացողի մասին է, ու պետք է հրավիրվեն նրանք, ովքեր տվյալ պահին ամենաշատն են պատրաստ օգնելու ազգային թիմին: Հուսանք՝ Օզբիլիսն անհատապես այնքան լավ է մարզվել, որ գոնե ինչ-որ չափով պատրաստ է խաղերին և թեկուզ փոխարինման մտնելով կօգնի թիմակիցներին, չէ՞ որ փայլուն վարպետություն ունի:

«Հարցաթերթիկ». Ղազարյանը և Համբարձումյանը պատասխանում են բազմապիսի հարցերի (տեսանյութ)

Օզբիլիսի մարզավիճակն այս պահին իսկական առեղծված է: Լավ է, որ այդ դիրքում շատ տարբերակներ ունենք: Գևորգ Ղազարյանը վերջերս վերադարձրել էր տեղը «Շավիշի» հիմնական կազմում, աչքի էր ընկնում արդյունավետ գործություններով, Տիգրան Բարսեղյանը դարձել է ղազախական թիմերի «գլխացավանքը», Էդգար Բաբայանն էլ տպավորիչ ելույթներ է ունենում Դանիայում:

Մտքում պահելով Հենրիխ Մխիթարյանին՝ նշենք, որ ենթահարձակվողի դիրքում նրա կողքին կարող են հանդես գալ նաև երիտասարդ խաղացողներ Էրիկ Վարդանյանն ու Պետրոս Ավետիսյանը: Նրանք որոշակիորեն կայուն մրցաշրջան անցկացրին Հայաստանում, ու հիմա ժամանակն է, որ իրենց խոսքն ասեն նաև հավաքականում: Չկա Մարկոս Պիզելին, և սա շատ լավ շանս է այդ տղաների համար: Նրանք մարզչին պետք է համոզեն, առաջին հերթին, մարզումների ժամանակ, որպեսզի նա կասկածներ չունենա այդ ֆուտբոլիստներին վստահելու վերաբերյալ: Այս անգամ բացակայում է վնասվածք ունեցող Ալիկ Առաքելյանը, որը վաղուց սպասում է հավաքականում գոնե 1 ամբողջական խաղակես անցկացնելուն:

Արթուր Միրանյանի ֆեմոնենը

Չի բացառվում, որ Բարսեղյանը խաղա հարձակման կենտրոնում: Դեռ Արթուր Պետրոսյանի ժամանակ է փորձարկվել այդ տարբերակը, քանի որ Տիգրանը «Վարդարում» էլ այդ դիրքում արդյունավետ էր գործում: Հավաքականում դա այդքան էլ լավ չաշխատեց, նկատելի էր, որ այս ֆուտբոլիստը գրոհային աջ եզրում իրեն ավելի հարմարավետ էր զգում:

Արթուր Միրանյանն ամբողջ 2018 թվականը ֆուտբոլ չխաղալուց հետո վերադարձավ «Փյունիկ» և ավարտված առաջնությունում 15 խաղում 5 գոլ խփեց: Սա նախ խոսում է երբեմնի շատ խոստումնալից ֆուտբոլիստի տաղանդի ու կամային որակների մասին, ապա նրա, որ մրցակցության պակաս կա հավաքականի հատկապես հարձակման գծում: 23-ամյա Միրանյանն այս կես տարում մեծ աշխատասիրություն դրսևորեց: Նա բավականին բազմաֆունկցիոնալ հարձակվող է՝ գոլային հոտառությամբ, արագաշարժ և շատ է տարածություններ բացում նաև կիսապաշտպանների համար:

Հենրիխ Մխիթարյանին նվիրված նամականիշ մարվեց և դրվեց շրջանառության մեջ (տեսանյութ, լուսանկարներ)

Ալեքսանդր Կարապետյանը Լյուքսեմբուրգում նախկինի պես չի «ռմբահարում» մրցակիցների դարպասները: Վերջին 10 խաղում ընդամենը 2 գոլ է խփել: Ու հիշելով նաև հավաքականում նրա վերջին ելույթները՝ տպավորություն կա, որ 31-ամյա ֆուտբոլիստը խաղային անկում ունի: Նա, վերջին տարիներին այդքան արդյունավետ խաղալով Լյուքսեմբուրգում, վաղուց պետք է հեռացած լիներ այնտեղից, այլապես արդեն չկա համապատասխան շարժառիթ:

Տվյալ իրավիճակում կարող էր շանս ստանալ նաև «Գանձասար-Կապանի» հարձակվող Գեղամ Հարությունյանը: Նա առաջնության 15 մրցավեճում հաջողության հասավ 8 անգամ: Գեղամն էլ դեռ կայունության խնդիր ունի, թեև դարձել է ավելի բազմապրոֆիլ հարձակվող: Հարությունյանը պայթյունավտանգ է հատկապես երկրորդ հարկում գործելիս, առանց գնդակի էլ մեծ օգուտ է տալիս թիմին խաղադաշտի բոլոր հատվածներում: Առջևում ունենալով այսպիսի խաղացողի՝ հավաքականը կունենար գրոհ զարգացնելու ևս 1 այլընտրանքային տարբերակ, այն է՝ հեռահար փոխանցումները նրա ուղղությամբ:

Հայտացուցակից դուրս է մնացել Նորբերտո Բրիասկո Բալեկյանը: Պարզ չէ՝ որն է խնդիրը, բայց փորձը ցույց է տալիս, որ Հարավային Ամերիկայից հրավիրվող ֆուտբոլիստները, ժամանելով հավաքական, պարզապես չեն հասցնում հարմարվել ժամային գոտուն և իրենց լավագույն որակները ցույց չեն տալիս: Բալեկյանը մեզ կարող էր օգնել հատկապես փոխարինման մտնելով ու խաղը սրելով, սակայն զրկված ենք նաև այդ տարբերակից, մինչդեռ այս ֆուտբոլիստը մշտական խաղային պրակտիկա ունի Արգենտինայի առաջատար ակումբներից մեկում՝ «Ատլետիկո Հուրականում»:

Հ. Գ. Եվրոպական այսպիսի խաղերը միշտ ապացուցում են, որ պայմանական ֆուտբոլիստի ելույթները Բարձրագույն խմբի առաջնությունում ոչ միշտ է պետք չափանիշ համարել, սա լրիվ այլ մակարդակ է: Զգացվում է արագությունների, վարպետության և այլ գործոնների տարբերություն: Մենք պետք է հասնենք նրան, որ մեր առաջնության լավագույնները մեծ քանակությամբ, բայց նաև ճիշտ ժամանակին գնան արտերկիր, որպեսզի դրանից շահի նաև հավաքականը: Այդպիսի զարգացումը ձեռնտու է բոլոր կողմերին՝ բացի առաջնությունից, սակայն դրա մակարդակն էլ բարձրանում է որոշակի քանակի լեգեոներների շնորհիվ, որոնց կողքին խաղալով աճում են տեղացիները:

Արման Աբելյան


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Հոֆենհայմը» հաղթեց, Սարգիս Ադամյանը փոխարինվեց երկրորդ խաղակեսում (տեսանյութ)

«Հոֆենհայմի» մեկնարկային կազմը «Շալկեի» դեմ խաղում

Արմեն Գյուլբուդաղյանցը միակն էր, որի օրոք հավաքականը հասել է խփած և բաց թողած գնդակների դրական տարբերության

Ադամյանը մարզվել է ընդհանուր խմբում (լուսանկար)

Հայ երկրպագուներն ամենուր են. Ինչպիսի աջակցություն ուներ հավաքականը վերջին խաղերին (տեսանյութ)

Պաշտոնական. Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է տվել

Podcast #7. Ցտեսություն, ԵՎՐՈ 2020. Հայաստանի հավաքականի սարսափելի ելույթների ամփոփումը

Թվեք Հենրիխ Մխիթարյանի բոլոր գոլերը Հայաստանի հավաքականի կազմում. VNews-ի Quiz-ը

Առանց ավագի, առաջնորդի, ուղեղի ու գոլահարի. Հայաստանի հավաքականում [շատ] «բան չի փոխվել»

Ռոբերտ Արզումանյան․ «Ֆեդերացիայի նախագահն ինչո՞վ է զբաղված․ բացատրություն եմ պահանջում»

Տակտիկական սխալներ, ոչ նպատակային փոփոխություններ․ Ֆինլանդիա – Հայաստան խաղի մարտավարական կողմը

Ֆինլանդիայի հավաքականը միակ թիմն է, որի դարպասն այս ընտրական փուլում չհաջողվեց գրավել

Թվել Հայաստանի հավաքականի մարզիչներին՝ ըստ իրենց հաղթանակների քանակի. VNews-ի Quiz-ը

France Football-ը ծավալուն հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի ու հայկական ֆուտբոլի մասին

Անավարտ ճամփորդություն ու գորշ խաղ. Ֆինլանդիա-Հայաստան խաղը լուսանկարներով

«Մեր երազանքները խաշվեցին ֆիննական բաղնիքում»․ Մեր հավաքականի ֆուտբոլիստների գնահատականը Ֆինլանդիայի հետ խաղում