fbpx
Բաժիններ

Համբարձումյան. «Կապ չունի՝ Լիխտենշտեյն, Հունաստան, թե Իտալիա. մենք պետք է խաղանք միայն հաղթանակի համար»

«Էնոսիս Պարալիմնիի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը VNews.am-ին տված հարցազրույցում ամփոփել է ակումբային մրցաշրջանը, խոսել «Վարդարում» իր նախկին թիմակից Տիգրան Բարսեղյանի մասին, վերլուծել ընտրանու հեռանկարները, ինչպես նաև կարծիք հայտնել Հայաստանի Բարձրագույն խմբում լեգեոներների լիմիտ մտցնելու թեմայի շուրջ:

«Էնոսիսը» մեծ դժվարությամբ պահպանեց տեղն ուժեղագույնների խմբում: Ինչպե՞ս կամփոփեք Կիպրոսում անցկացրած առաջին մրցաշրջանը:

-Շատ մեծ դժվարությամբ մնացինք Բարձրագույն խմբում: Ակումբն արժանի չէր զբաղեցրած դիրքին, որովհետև ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներով համալրված թիմ ունեինք, քան մրցակիցներից շատերը: Շատ հախուռն էր ստացվել թիմի հավաքագրումը, ժամանակ չէր եղել լավ պատրաստվելու առաջնությանը: Ես այնտեղ գնացի տրանսֆերային պատուհանի վերջին օրը, ինձ հետ միասին նույն օրը ևս 12-16 ֆուտբոլիստ պայմանագիր ստորագրեց, և այդ տղաներով 2 օր հետո հանդիպում ենք անցկացրել: Ես առաջին խաղում գոլային փոխանցում կատարեցի, նորեկներից ևս 2-ը գոլեր խփեցին, բայց չես կարող 2-3 օրում կամ 2-3 շաբաթում հավաքված թիմով առաջնությունում ինչ-որ լուրջ արդյունք գրանցել:

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լիխտենշտեյնի դեմ խաղի համար

Լինում էին խաղեր, երբ մեզ լավ էինք դրսևորում, բայց հանդիպումների ընթացքում զգացվում էր, որ համագործակցությունը լավ մակարդակի վրա չէր: Միշտ խնդիրներ էինք ունենում այդ ամենի պատճառով: Օրերս ուսումնասիրում էի վիճակագրությունը, և հետաքրքիր է, որ թիմերի 90%-ին առաջին խաղակեսերում հաղթել ենք, հիմնականում՝ 1-0 կամ 2-0 հաշիվներով: Երկրորդ խաղակեսերում անկում էր լինում, որովհետև որոշ ֆուտբոլիստներ ֆիզիկապես պատրաստ չէին, որոշները չէին պատկերացնում՝ ուր են եկել: Շատ էին նաև տարեց խաղացողները, ովքեր շուտ էին հոգնում: Խաղերի վերջնամասում միշտ խնդիրների էինք բախվում, գոլեր բաց թողնում: Դրա համար էլ հասանք այն օրվան, որ միայն վերջին տուրի արդյունքով էր որոշվելու՝ մնալո՞ւ ենք Բարձրագույն խմբում, թե՞ ոչ: Լավ է՝ 111-րդ րոպեին գոլ խփեցինք և ի վերջո պահպանեցինք գրանցումը:

Մակեդոնիայում մրցակիցների հայացքներից երևում էր, որ վախենում են «Վարդարից»

Շարունակելո՞ւ եք Ձեր ելույթներն այդ ակումբում:

-Իմ ցանկությամբ նախապես կնքել էի 9 ամսվա պայմանագիր, որի ժամկետն ավարտվել է: Ինձ Հայաստան գալուց առաջ տեղեկացրին, որ, հնարավոր է, նոր առաջարկ կատարեն: Ես ասացի, որ եթե ֆուտբոլիստների ընտրությունը կրկին հապճեպ է կայացվելու, ինչպես նախորդ տարի, մեղմ ասած, լուրջ չեմ ընկալի դա: Նրանք ասացին՝ լուրջ նախագծեր ունեն, նոր հովանավորներ են լինելու և երբ կողմնորոշվեն այդ հարցերում, պաշտոնական առաջարկ կկատարեն: Որ ակումբից ավելի լավ առաջարկ ստանամ, այնտեղ էլ կգնամ, կքննարկեմ նաև «Էնոսիսի» տարբերակը: Ինչքանով ինձ տեղեկացրել են ակումբի ղեկավարները, նրանք ցանկանում են թիմ հավաքել, որը մյուս մրցաշրջանում կպայքարի Եվրոպա լիգայի ուղեգրի համար: Տեսնենք՝ ինչպես կստացվի:

Համբարձումյանը պատմել է Անգլիայի չեմպիոնի կազմ չկայացած տեղափոխության մասին

Ի՞նչ մակարդակի վրա է Կիպրոսի առաջնությունը: Կարո՞ղ եք համեմատել Մակեդոնիայի առաջնության հետ, որտեղ խաղում էիք մինչ Կիպրոս տեղափոխվելը:

-Շատ բարձր մակարդակի առաջնություն է: Երբ նոր էի տեղափոխվում Կիպրոս, մտածում էի՝ առաջնության թիմերը ավելի շատ փորձում են գնդակ վերահսկել, տեխնիկան միակ կարևոր գործոնն է, շատ մենապայքարներ չկան, բայց դա խաբուսիկ էր: Կարծում եմ՝ այս մրցաշարը 2 անգամ ավելի բարձր մակարդակ ունի, քան Մակեդոնիայի առաջնությունը: Բոլոր թիմերը լավ ֆուտբոլ են խաղում, մենապայքարներն ու վազքի արագությունը շատ կարևոր գործոններ են այնտեղ: Եթե կրկին նայենք վիճակագրությանը, տվյալ մրցավեճում միշտ հաղթում էր այն թիմը, որ ավելի շատ ու ավելի արագ էր վազում խաղի ընթացքում:

Ինչ վերաբերում է Մակեդոնիայի առաջնության հետ համեմատությանը, ապա տարբերությունն այն էր, որ այնտեղ թոփ-թիմում էի խաղում: Շատ հանդիպումներից առաջ, երբ խաղադաշտ դուրս գալիս նայում էիր մրցակցի ֆուտբոլիստների հայացքներին, երևում էր, որ եթե նույնիսկ շատ չվազեիր, կհաղթեիր, որովհետև մյուս թիմերը վախենում էին «Վարդարից»: Իսկ Կիպրոսում խաղում եմ միջակ թիմում, որը մեծ պատմություն է ունեցել, սակայն միշտ համարվել է միջակ՝ երբեմն պայքարելով Եվրոպա լիգայի ուղեգրի համար, թեև հաջողություն չի ունեցել: Իսկ Կիպրոսի հատկապես 3-4 թոփ-թիմերի հետ խաղերում զգացել եմ, որ եթե պատրաստ չլինես անմնացորդ նվիրվելու խաղադաշտում, նրանք դեռ հանդիպումից առաջ կարող են հոգեբանորեն հաղթել քեզ:

«Ռեալ Սոսյեդադի» հետ Եվրոպա լիգայի խաղում 90 րոպե վազեցինք առանց գնդակի

«Վարդարի» կազմում 3 անգամ դարձել եք Մակեդոնիայի չեմպիոն: Հիմա դժվար չէ՞ խաղալը մի ակումբում, որի գլխավոր խնդիրը տեղն ուժեղագույնների խմբում պահպանելն է:

-Առաջին հերթին, դու պետք է հոգեբանորեն տրամադրես քեզ: Ես շուտ համակերպվեցի նրան, որ այլևս չի լինելու խաղ, որին կարող ես ամբողջությամբ չնվիրվել կամ հանգիստ լինել՝ հաղթելու ես, որովհետև քո թիմից, քո մարզաշապիկից վախենում են: Ֆուտբոլում նման երևույթներ շատ կան: Ինչքանով տեղյակ եմ՝ առաջնությունում իմ դիրքի լավագույն ֆուտբոլիստների առաջին եռյակում եմ: Թիմի արդյունքները բավարար չէին, բայց գտնում եմ, որ ես վատ չեմ խաղացել: Միգուցե լավ չէր, բայց վատ էլ չէր:

Երկար ժամանակ ակումբակիցներ էիք Տիգրան Բարսեղյանի հետ: Հիմա նա գերազանց է խաղում Ղազախստանում: Ձեր կարծիքով՝ նրա կողմից ճի՞շտ որոշում էր հենց այդ երկիր տեղափոխվելը, երբ կային լուրեր եվրոպական ավելի բարձրակարգ առաջնությունների թիմերի կողմից հետաքրքրության մասին:

-Նրա համար երևի շարժառիթ էր նոր թիմ, նոր առաջնություն տեղափոխվելը: Շատ տեղեկացված չեմ «Կայսարից», բայց, ինչքանով տեղյակ եմ, այն Ղազախստանի առաջատար ակումբներից մեկն է: Իսկ եթե խաղում ես որևէ առաջնության թոփ-թիմում, ապա հնարավոր է, որ հետագայում ավելի առաջ գնաս: Դա Տիգրանի դեպքում չի բացառվում, որովհետև խաղացել եմ նրա հետ ու գիտեմ՝ ինչ պոտենցիալ ունի: Այսպես ասեմ՝ Ղազախստանի առաջնության ամենաուժեղ թիմն «Աստանան» է, բայց Տիգրանն իր ներուժի և ֆուտբոլային որակների շնորհիվ կարող է խաղալ դրանից էլ ավելի բարձրակարգ թիմում: Տեղյակ չեմ՝ ուրիշ ինչ առաջարկներ է ունեցել, ուստի, եթե այդպես է որոշել, ուրեմն եղել են բավարար հիմքեր:

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Լիխտենշտեյնի դեմ՝ ըստ VNews-ի

«Վարդարի» կազմում մասնակցեցիք Եվրոպա լիգայի խմբային փուլին՝ մրցելով «Ռեալ Սոսյեդադի», «Զենիթի» ու «Ռոսենբորգի» հետ: Ի՞նչ հիշողություններ են մնացել այդպիսի բարձր մակարդակի մրցաշարի հանդիպումներից:

-Ամենալավ հիշողությունը ոչ թե խմբային փուլից է, այլ որակավորման փուլից՝ «Ֆեներբախչեի» հետ պատասխան հանդիպումից: Խմբային փուլից հիշում եմ «Ռեալ Սոսյեդադի» հետ մեր հարկի տակ կայացած խաղը, երբ 90 րոպե վազեցինք առանց գնդակի (ժպտում է): Նրանց խաղադաշտում ավելի վատ էր այդ առումով: Բայց եթե ավելի լուրջ, ապա բախտներս չբերեց, քանի որ մրցակիցները հավասար բարձր մակարդակի թիմեր էին, մենք էլ առաջին անգամ էինք մտել խմբային փուլ:

Մենք հիմնականում 12-13 ֆուտբոլիստով էինք հանդես գալիս: Հիշում եմ՝ «Զենիթի» հետ խաղի ժամանակ դադար եղավ, շփվեցի այդ թիմի կիսապաշտպաններից մեկի հետ, ասաց՝ իրենց ասել են, որ մենք երկրորդ խաղակեսում միշտ հոգնում ենք, որովհետև թե՛ առաջնությանը, թե՛ խմբային փուլին մասնակցում ենք 12-13 խաղացողով: Նաև հավելեց՝ երկրորդ խաղակեսում մեզ հաստատ գոլ են խփելու:

Ապացուցել ենք, որ ունենք մարտունակ հավաքական

Խոսենք հավաքականից: Գյուլբուդաղյանցի՝ հավաքականը գլխավորելուց հետո մասնակցել եք միայն Ջիբրալթարի հետ տնային ու Լիխտենշտեյնի հետ արտագնա խաղերին, թեև մինչ այդ մշտապես հիմնական կազմում էիք լինում: Ի՞նչն է խնդիրը, միգուցե Կամո Հովհաննիսյանի լավ մարզավիճա՞կը:

-Գյուլբուդաղյանցը քաջատեղյակ է իմ որակներին, հենց նա է ինձ «Բանանցում» աջ պաշտպանի դիրքում խաղացրել, որովհետև մինչ այդ այդտեղ հանդես չէի գալիս: Նա շատ լավ գիտի՝ կոնկրետ խաղում ինչ հնարավորություն ունեմ թիմին օգուտ տալու: Եթե թողնում է պահեստայինների նստարանին, ուրեմն կարծում է, որ տվյալ մրցավեճում ուրիշ մեկն ավելի շատ բան կառաջարկի հավաքականին, որովհետև յուրաքանչյուր թիմի դեմ հանդիպմանը տարբեր տակտիկայով ես պատրաստվում: Մարզիչը շատ լավ գիտի հավաքականի ֆուտբոլիստների որակները: Մենք հաճախ ենք զրուցում: Ես էլ միշտ լավ ֆունկցիոնալ վիճակում եմ գտնվում, որպեսզի, երբ զգացվի իմ կարիքը, հնարավորինս շատ օգուտ տամ թիմին:

Մենք ունե՞նք մարտունակ հավաքական:

-Իհարկե, ունենք: Ազգերի լիգայում մի քիչ բախտներս չբերեց, որովհետև բոլորի թիմերի շարքում ամենաշատ հարվածներն էինք կատարել դարպասին, ամենաշատ վտանգավոր պահերն էինք ստեղծել, բայց գնդակը կարծես չուզենար հայտնվել դարպասում: Հիմա պետք է հոգեբանական այդ պատնեշը հաղթահարենք, որպեսզի սկսենք գոլեր խփել: Համարյա ամեն խաղում լավ հնարավորություններ ենք ունենում գրավելու մրցակցի դարպասը:

Պետք է սխալներ թույլ չտանք պաշտպանությունում և փորձենք օգտագործել մեր շանսերը հարձակման գծում: Կենտրոնացվածությունը հարկավոր է պահել բարձր մակարդակի վրա, սկսել ավելի լավ խաղալ, և արդյունքները կգան: Ապացուցել ենք, որ ունենք մարտունակ հավաքական:

Եթե հաղթենք Լիխտենշտեյնին, դա պետք է ընդունել որպես հաջողությո՞ւն, թե՞ մեր ընտրանին պարտավոր է 3 միավոր վաստակել նման մակարդակի հավաքականների հետ հանդիպումներում:

-Մեր հավաքականը պետք է փորձի լավ խաղալ ու հաղթել ցանկացած մրցակցի: Հաղթանակները բերում են ոչ միայն լավ արդյունքի, այլև նրան, որ մրցակիցները սկսում են վախենալ քեզանից, դու խաղադաշտ ես դուրս գալիս հաղթողի հոգեբանությամբ: Դրա համար էլ կապ չունի՝ Լիխտենշտեյն, Ջիբրալթար, Հունաստան, թե Իտալիա. մենք պետք է խաղանք միայն հաղթանակի համար: Ոչ թե փորձենք ցուցադրել շատ գեղեցիկ ֆուտբոլ, այլ խաղանք կոնկրետ հաղթանակի նշանաբանով: Մեզ հենց այդ հաղթանակներն են պակասում, որպեսզի վստահություն գա:

Ի՞նչ խնդրահարույց դիրքեր ունենք հավաքականում և ովքե՞ր կարող են փակել դրանք (տեսանյութ)

Եթե վերհիշենք մեր հանդիպումները, մենք ցուցադրած խաղով չենք զիջել մրցակիցների մեծ մասին: Այդ խաղը պարզապես պետք է վերածենք գոլերի, պաշտպանվելիս սխալներ թույլ չտանք, ավելի ուշադիր լինենք ու հաղթենք: Դրանից հետո ամեն ինչ կընկնի իր տեղը: Մենք բոլոր դիրքերում էլ ունենք լավ ֆուտբոլիստներ և չեմ կիսում այն կարծիքը, թե հավաքականի խաղային գոտիների միջև հավասարակշռություն չկա:

Կիպրոսում էլ չկա լեգեոներների լիմիտ, և տեղացի ֆուտբոլիստները պահանջում են սահմանափակում մտցնել

Անկասկած, հետևել եք Հայաստանի առաջնությանը, որտեղ «Արցախում» հանդես է գալիս նաև Ձեր եղբայր Հակոբ Համբարձումյանը: Դրական տեղաշարժ նկատո՞ւմ եք առաջնությունում:

-Առաջին հերթին, շատ լավ է, որ թիմեր են ավելանում: Երբ ժամանակ է լինում, միշտ փորձում եմ հետևել հանդիպումներին: Ավելի շատ թիմեր են սկսել լուրջ պայքար մղել չեմպիոնության համար: Փոփոխություն է նաև այն, որ ֆուտբոլն ավելի արագ ու տեմպային է դարձել, եթե համեմատենք նախորդ տարիների հետ: Դա շատ կարևոր է, որովհետև խաղի դինամիկան հետաքրքրություն է բերում ֆուտբոլի նկատմամբ: Եթե ֆուտբոլիստները «կանգնած» են խաղում, հետաքրքիր չէ:

Շատ ծանոթներ ունեմ, ովքեր մինչ այս երբեք չեն հետաքրքրվել հայկական ֆուտբոլով, իսկ հիմա, ճիշտ է, դեռ չեն այցելում ստադիոն, բայց հետևում են հեռարձակումներին: «Արցախն» ու «Արարատը» հետնապահներ էին, բայց համարյա հավասար պայքար էին մղում առաջատարների հետ: Առաջնությունը դրանով էլ հետաքրքրացել է, որովհետև արդեն բոլորն էլ պայքարում են արդյունքի համար:

Հակոբ Համբարձումյանն ի՞նչ հեռանկար ունի:

-Ամեն ինչ կախված է աշխատասիրությունից: Նա աշխատասեր է, բայց անընդհատ տուժում է վնասվածքներից: Վատն այն է, որ նա թեթև վնասվածք երբեք չի ստանում, միշտ այնպես է լինում, որ 2-3 ամսով բացակայում է խաղադաշտից: Հիմա էլ ստացել է վնասվածք, որ հազարից մեկի հետ է պատահում. գնդակով հարվածել են ականջին, և թաղանթը վնասվել է: Վիրահատության է ենթարկվել, որպեսզի վերականգնեն լսողությունը: Մի քիչ էլ բախտի հարց է: Նա ուժեղ բնավորություն ունի և կկարողանա հաղթահարել այս ամենը: Նրան հարկավոր է 1-2 մրցաշրջան կայուն, առանց վնասվածքների խաղալ Հայաստանի առաջնությունում, որ արդեն ընկնի հունի մեջ:

Հայ մի շարք ֆուտբոլիստների կողմից, որոնց թվում են նաև հավաքականում Ձեր ներկայիս և նախկին խաղընկերները, շարունակում է բարձրացվել լեգեոներների լիմիտի թեման: Լիմիտ մտցնելն անհրաժեշտությո՞ւն է մեր առաջնության համար:

-Պետք է ամեն ինչ մտածված արվի, որպեսզի առաջնության մակարդակը ոչ թե ընկնի, այլ ավելի բարձրանա: Օրինակ՝ Կիպրոսում էլ չկա լիմիտ, և տեղացի ֆուտբոլիստները պահանջում են այդպիսի սահմանափակում մտցնել: Երբ գնացի Մակեդոնիա, այնտեղ էլ լիմիտ չկար, բայց այդ տարվանից սկսեց կիրառվել՝ ընդհանուր թիմում պետք է առավելագույնը 8 լեգեոներ լիներ: 3-4 թիմեր դրանից հետո սկսեցին ավելի լավ լեգեոներների հրավիրել, արդեն չէին փորձում գումարներ խնայել և մատչելի ֆուտբոլիստներ վերցնել: Նրանք մտածում էին՝ եթե թույլատրված է 8 լեգեոներ ունենալ, ապա հրավիրվածները պետք է բարձրակարգ լինեն:

Երբ առավել մեծ գումարներ ներդնելով թիմ ես հրավիրում ուժեղ լեգեոներների՝ երիտասարդները դառնում են ավելի պրոֆեսիոնալ, ինչ-որ բան սովորում են նրանցից: Պետք չէ դրսից հրավիրել այնպիսի խաղացողի, որը տեղացի ֆուտբոլիստից ուժեղ չէ:

Տակտիկա. Ինչպիսի՞ դասավորվածությամբ խաղալ Լիխտենշտեյնի և Հունաստանի դեմ (տեսանյութ)

Իսկ երբ Հայաստանում էիք խաղում, ինչպե՞ս էիք նայում այս հարցին: Երբևէ մտածե՞լ եք, որ լեգեոներները խանգարում են Ձեզ:

-«Բանանցում» այդպիսի խնդիր չեմ ունեցել: Երբ սկսել եմ խաղալ, հիմնականում հայ ֆուտբոլիստներ էին թիմում: Իմ սերնդակիցների բախտն այնքանով բերեց, որ «Բանանցի» քաղաքականությունը մինչ այդ այլ էր, ավելի շատ էին լեգեոներները, իսկ երբ 4-5 ֆուտբոլիստ տեղափոխվեց առաջին թիմ, այդ մոտեցումը փոքր-ինչ փոխվեց: Լեգեոներներ ավելի շատ հրավիրում էին հարձակման գծի համար: Դրա համար այդ հարցը կարող եք տալ հարձակվողներին (ժպտում է):

Ինչքանով հիշում եմ, բոլորն էլ կողմ էին, որ լիմիտ լինի, որպեսզի հայ ֆուտբոլիստը գնահատված լինի: Ինչպես նշեցի, նույնն ասում են նաև կիպրոսցի ֆուտբոլիստները: Տեղացի լավ խաղացողներ կան այնտեղ, բայց նրանցից շատ քչերն են հանդես գալիս երկրի լավագույն թիմերում: Կիպրոսի առաջատար ակումբների այդ խաղացողները ուզած-չուզած վարձավճարով գնում են այլ թիմեր, որպեսզի պրակտիկա ունենան և հրավիրվեն հավաքական:

Արման Աբելյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արտերկրում ելույթ ունեցող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

«Արարատը» կրկնեց վերջին 12 տարիների իր լավագույն արդյունքը, իսկ «Ուրարտուն» հակառեկորդ գրանցեց

Անդրե Չալըշըր. «Հույս ունեմ, որ նորից հնարավորություն կստանամ կրել ազգային հավաքականի մարզաշապիկը»

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հայտացուցակը Հայաստանի ընտրանու դեմ խաղի համար

Մարիո Բալոտելին իր առջև նպատակ է դրել ու պատրաստվում է հասնել դրան

Վադիմ Բորեց․ «Ձգտելու ենք ժամանակի հետ առաջընթաց ունենալ․ հավատում ենք այս տղաներին» (տեսանյութ)

Վարդան Մինասյանը՝ «Նոայի» նկատմամբ հաղթանակի ու «Դյուդելանժի» հետ առաջիկա խաղի մասին (տեսանյութ)

Չեմպիոնի ծանր հաղթանակը եվրոպական ելույթից առաջ․ VNews-ի ֆոտոշարքը «Նոա» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից

«Արարատ-Արմենիան» 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց առաջնությունում (տեսանյութ)

«Նոա» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կմրցեն «Փյունիկը» և խոստումնալից մեկնարկ ունեցած «Արարատը»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 3-րդ տուրին ընդառաջ

Հայ ֆուտբոլիստների վառ խաղը «կուրացնում» է ղազախ երկրպագուներին (տեսանյութ)

Բարձրագույն խմբի 2-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատը» վերջին անգամ այսքան լավ մեկնարկել էր Վարուժան Սուքիասյանի օրոք

Գաել Անդոնյան․ «Եթե հավաքականի մարզչից զանգ ստացած լինեի, կպատասխանեի»

Տիգրան Բարսեղյանը հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Կայսարի» կազմում (տեսանյութ)