fbpx
Բաժիններ

Այս տարի էլ կարող ենք զարմացնել Եվրոպային․ Դրա համար հիմքեր կան

Չնայած եղած բոլոր խնդիրներին՝ հայկական ակումբներն առնվազն կարող են կրկնել «Փյունիկի» և «Ալաշկերտի» նախորդ տարվա հաջողությունները:

Եվրագավաթային խաղերն ավանդաբար այն փուլն են, երբ հայկական ակումբային ֆուտբոլի վրա բազմաթիվ աչքեր են սևեռվում, նույնիսկ եթե այդ աչքերն այդքան էլ ուշադիր չեն հետևում Բարձրագույն խմբին: Ավարտված մրցաշրջանն այդ առումով տարբերվեց: Բարձրագույն խմբի նկատմամբ հետաքրքրությունն աճեց հիմնականում 2 հատվածում․ այն պահին, երբ միանգամից 4 թիմ խելահեղ պայքար էր մղում չեմպիոնության համար, և վերջնամասում՝ մրցավարությունից դժգոհության ու «Արարատ-Արմենիայի» նվաճած ոսկե մեդալների կապակցությամբ:

Եվրագավաթների վիճակահանության արդյունքները բավականին բարեհաջող էին մեզ համար: Իհարկե, «Արարատ-Արմենիային» կարող էր բաժին հասնել համեմատաբար թույլ մրցակից, բայց դա կլիներ պայմանական, քանի որ Չեմպիոնների լիգայի որակավորման նույնիսկ 1-ին փուլում «անցանելի» մրցակից դժվար թե գտնվեր: Շվեդական ԱԻԿ-ը հարուստ պատմություն ունի՝ լինելով երկրի 13-ակի չեմպիոն ու 14-ակի փոխչեմպիոն: Ի դեպ, Շվեդիայի առաջնությունն ընթացքի մեջ է, և դա լրացուցիչ առավելություն է «Արարատ-Արմենիայի» մրցակցի համար:

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

ԱԻԿ-ը 2-3-րդ տեղերն է բաժանում «Յուրգորդենի» հետ և առաջատար «Մալմյոյին», որը 1 խաղ ավելի է անցկացրել, զիջում է 6 միավորով: Շվեդիայի առաջնությունը բարձր խաղամակարդակ ունի, ու ԱԻԿ-ը, անկասկած, ֆավորիտ է այս դիմակայությունում: Ինչ ընթացք էլ ունենան հանդիպումները, սա մեծ փորձ կլինի եվրագավաթներին առաջին անգամ մասնակցող «Արարատ-Արմենիայի» համար: Ակումբը դեռ պետք է ավանդույթներ ստեղծի, ինչի մասին հաճախ է խոսում Վարդան Մինասյանը: Այդուհանդերձ, նրա գլխավորած թիմը, չնայած կազմի որոշակի կորուստներին, կարող է լուրջ դիմադրություն ցույց տալ մրցակցին: Թիմն առաջնությունում աչքի է ընկել տակտիկական ճկունությամբ, Մինասյանն էլ հակագրոհային ֆուտբոլին լավագույնս տիրապետող մասնագետներից է Հայաստանում:

Եթե այստեղ նույնիսկ ոչինչ չստացվի, հոգ չէ, քանի որ «Արարատ-Արմենիան», ինչպես «Ալաշկերտը» նախորդ տարի, հանդես կգա Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում: Չեմպիոնը տվյալ պարագայում կարող է մրցել կա՛մ Կոսովոյի, կա՛մ Ջիբրալթարի ներկայացուցչի հետ: Այսպիսի ընթացքի դեպքում որակավորման 3-րդ փուլ հասնելը լիովին իրատեսական կլինի:

Վիճակահանությունը բարեհաճ է գտնվել նաև «Փյունիկի» ու «Ալաշկերտի» նկատմամբ՝ պարգևելով Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող մրցակիցների: «Շկուպին» 10 թիմի պայքարում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, «Մակեդոնիան»՝ 6-րդ: Վերջինս հասել է նաև գավաթի խաղարկության եզրափակիչ: «Շկուպին» ու «Մակեդոնիան» թիմեր են, որոնց շրջանցելը «Փյունիկի» և «Ալաշկերտի» ուժերի սահմաններում է: Եթե մեր ակումբային ֆուտբոլը թեկուզ չնչին քայլ է կատարել առաջ, ապա մենք (մակեդոնական թիմերին քննադատելու միտում չունենք) պետք է հաղթահարենք այս արգելքները:

«Փյունիկի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

«Բանանցին» ավելի բարդ մրցակից է սպասվում: Սերբական ֆուտբոլը ցանկացած տեսանկյունից գերազանցում է մակեդոնականին, և այստեղ հայկական ակումբից ավելի մեծ ջանքեր կպահանջվեն: «Չուկարիչկին» Սերբիայի առաջնության հիմնական փուլում 4-րդ տեղն է զբաղեցրել՝ լավագույն եռյակը եզրափակած «Պարտիզանի» հետ ունենալով հավասար միավորներ: Ուժեղագույն 8 թիմերի առանձին մրցաշարում «Չուկարիչկին» կրկին հանգրվանել է 4-րդ հորիզոնականում, սակայն, քանի որ 3-րդ տեղը գրավել է գավաթակիր «Պարտիզանը», նվաճել է եվրոպական ուղեգիր։

Արդեն ավանդույթի է վերածվել այն, որ հայկական ակումբները եվրագավաթներից առաջ ոչ թե ուժեղացնում են իրենց կազմը, այլ թուլացնում և փորձում ինչ-որ չափով փակել առաջացած բացերը: Դա երևույթ է, որը պետք է նախապես կանխեն ակումբների ղեկավարները՝ պայմանագրերն այնպես կազմելով, որ թիմի հնարավոր ուժեղագույն կազմը ներկայանա եվրագավաթներին։ Մյուս կողմից, այստեղ կա ֆուտբոլիստի գործոնը: Եթե պայմանական 27-ամյա խաղացողը (առավել ևս՝ հայ) հաջող մրցաշրջանից հետո ֆինանսապես շատ լավ առաջարկ է ստացել ու հեռանալու ցանկությամբ դիմել ակումբին, վերջինիս համար ծայրահեղ բարդ է չընդառաջելը: Եթե հեռանում է առանցքային 1-2 խաղացող, կարելի է նորմալ համարել, բայց երբ թիմը լքում է այդպիսի 5-6 ֆուտբոլիստ, այդ ամենն արդեն լուրջ հարված է ակումբին:

Թիմերն արձակուրդից վերադառնալուց հետո հիմա հավաքների և ընկերական խաղերի միջոցով փորձում են վերադարձնել մարզավիճակը: Բնականաբար, հնարավոր չէ օպտիմալ մարզավիճակ հավաքել մինչ եվրագավաթները: Գարուն-աշուն տարբերակին վերադառնալը տեսականորեն կարող է օգնել, քանի որ ֆուտբոլիստները եվրոպական հանդիպումների նախաշեմին ընկած չեն լինի խաղային ռիթմից, առաջատարներն էլ կգտնվեն թիմերում: Այդպիսով, դեկտեմբերին չեմպիոն դարձած թիմը կփորձի պահպանել իր լավագույն ֆուտբոլիստներին, ձմռանը համալրել կազմը, առաջնության առաջին հատվածում խաղակցվածության լավ մակարդակի հասնել ու հունիսին կազմուպատրաստ ներկայանալ եվրագավաթներին: Սա տեսլականներից մեկն է:

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Իսկ ներկայի համար լավագույն օրինակը նախորդ մրցաշրջանի «Փյունիկն» է: Անդրեյ Տալալաևը գործնականում ամբողջությամբ փոխեց թիմի կազմը մրցաշարին ընդառաջ, սակայն «Փյունիկը» Եվրոպա լիգայում պատմական հաջողության հասավ: Ցուցադրած ֆուտբոլը միգուցե դիտարժան չէր, սակայն Տալալաևը թիմային կարգապահության ու կոնկրետ մրցակցի դեմ խաղը ճիշտ կառուցելու շնորհիվ բարձր արդյունքներ գրանցեց: Նա ֆուտբոլիստներին ստիպեց առանց գնդակի ահռելի ծավալի աշխատանք կատարել: Այս՝ ձեռքի տակ եղած խաղացողներից առավելագույնը քամելու օրինակը հիմա պետք է վարակիչ լինի հայկական մյուս ակումբների և, իհարկե, կրկին «Փյունիկի» համար:

Կասեք՝ այդ դեպքում ինչո՞ւ Տալալաևի «Փյունիկը» Բարձրագույն խմբում նույն մակարդակի վրա հանդես չեկավ  (նրա օրոք՝ 11 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 8 պարտություն): Պատճառը շատ պարզ է՝ առաջնությունն այլ մոտեցում է պահանջում, այնտեղ հաջողություն գրանցելու համար ամենակարևոր գործոնը կայունությունն է, ինչը Բարձրագույն խումբ 2018/19-ի վերջնամասում ցույց տվեց Տարխանովի «Փյունիկը» (8 մրցավեճ, 6 հաղթանակ, 2 ոչ-ոքի): Իսկ եվրագավաթային 1 փուլում հարկավոր է ընդամենը 2 խաղ անցկացնել ու ճիշտ տակտիկայի, տրամադրվածության և մոտեցման շնորհիվ ցանկացած թիմ կարող է գերազանցել ավելի բարձր կարգ ունեցող մրցակցին: Այս փուլերում անչափ կարևոր է մրցակցին լավ ուսումնասիրելը և նրան դիմագրավելը՝ օգտվելով դիմացինի թույլ կողմերից:

Այս մրցաշրջանում ամեն ինչ հուսադրող է նաև մարզչական տեսանկյունից: Վարդան Մինասյանն ու Աբրահամ Խաշմանյանը հայ լավագույն մասնագետներից են, Ալեքսանդր Տարխանովը մեծ և հաջող ճանապարհ անցած մարզիչ է, Իլշատ Ֆայզուլինն էլ առաջնությունում լավ աշխատանք է կատարել: Նրանց խնդիրը, տակտիկական գործոններից զատ, կլինի նաև թիմերին հաղթողի հոգեբանություն ներշնչելը: Հաճախ է եղել, երբ հայկական թիմերը, խաղը դեռ չսկսած, «պարտվել» են՝ ընկրկելով անուններով ավելի զորեղ մրցակիցների առջև: Մինչդեռ մրցավեճերի ընթացքը ցույց է տվել, որ բոլորի հետ էլ կարելի է մրցակցել, առավել ևս հիմա, երբ ունենք նախորդ տարվա փորձը:

Հայկական ֆուտբոլի կտրուկ թռիչքը, որի հետևից դեռ պետք է հասցնել

«Փյունիկի» և «Ալաշկերտի» եվրագավաթային հաջողություններում մեծ էր նաև երկրպագուների գործոնը: Հայկական ակումբները տնային խաղերն ընդունելու վայրերի հետ կապված լուրջ խնդիրների էին բախվել, բայց դա արդեն այլ պատմություն է: Եվրագավաթներում լավ ելույթները կմեծացնեն հետաքրքրությունը նաև Բարձրագույն խմբի առաջիկա առաջնության նկատմամբ: Փորձը ցույց է տալիս, որ ամեն ինչ կախված է գրանցված արդյունքներից: Բարձրագոչ խոսքերը երկրպագուների՝ թիմերի կողքին կանգնած լինելու անհրաժեշտության մասին իրականում անիմաստ են: Պայմանական «Ալաշկերտի» կամ «Արարատ-Արմենիայի» երկրպագուն, անկախ ամեն ինչից, աջակցելու է իր թիմին, իսկ ստադիոն եկած շարքային ֆուտբոլասերը համակրում է ոչ թե «Փյունիկին» կամ «Բանանցին», այլ հայկական ֆուտբոլին, սպասում նրա վերելքին, ուստի մեծ հավատ է առաջանում միայն այն պարագայում, երբ թիմերը հասնում են թեկուզ որոշակի արդյունքների, առնվազն՝ խաղադաշտում ջանք չեն խնայում դրա համար:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

Բարձրագույն խմբի 7-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Կարիուսի կոպիտ սխալը նորից դարձել է բոլորի քննարկման թեման (տեսանյութ)

«Ռոման» խոշոր հաշվով հաղթեց առանց Մխիթարյանի, մյուս արդյունքները (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Ռոման» հաղթում է, Մխիթարյանը՝ սպասում, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Արսենալն» ու «Սևիլիան» հաղթանակով մեկնարկեցին, «Լացիոն» պարտվեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ռոմա» – «Բաշակշեհիր». Մեկնարկային կազմեր

Ընդամենը 1 խաղ, և Արամ Բարեղամյանը կդառնա «Ուրարտուի» ռեկորդակիրը

4 գոլ հավակնում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում լավագույնը դառնալուն (տեսանյութ)

«Այնտրախտ» – «Արսենալ». Մեկնարկային կազմեր

Եվրոպա լիգայի հաղթողի հիմնական հավակնորդները՝ ըստ բուքմեյքերների

Տուխել. «Նեյմարի, Մբապեի ու Կավանիի բացակայությունը կարող է օգտակար լինել թիմին»

Վիճակագրություն, որը «բացառում» է «Ռեալի»՝ Չեմպիոնների լիգան հաղթելը

Կուրտուա. «Ժամանակ չունեի արձագանքելու համար»

Զագրեբի «Դինամոն» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Ատալանտայի» դարպասը, «Լոկոմոտիվը» դրսում հաղթեց «Բայերին» (տեսանյութ)

«Յուվենտուսը» 2-0-ից հետո չկարողացավ հաղթել «Ատլետիկոյին», «Բավարիան» տնային խաղում վստահ էր (տեսանյութ)