fbpx
Բաժիններ

Արամ Բարեղամյանին 7 խաղ է բաժանում «Բանանցի» պատմության կարևոր էջը թարմացնելուց

«Բանանցի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը շարունակում է ամփոփել ՀՀ 27-րդ առաջնությունում թիմերի ելույթները: Այսօր կանդրադառնանք բրոնզե մրցանակակիր «Բանանցին»:

1․ «Բանանցն» իր պատմության մեջ 6-րդ անգամ արժանացավ բրոնզե մեդալների (նախկինում՝ 1992, 1993, 2002, 2004, 2005թթ.)՝ 12-րդ անգամ դառնալով ՀՀ առաջնությունների մրցանակակիր:

27-րդ առաջնությունում անցկացրած 32 հանդիպումներում «Բանանցը» վաստակեց 52 միավոր (+14=10-8, 43-35): Դա հնարավոր միավորների 54,1 տոկոսն է: «Բանանցը» 8 միավորով հետ մնաց 2-րդ տեղը զբաղեցրած «Փյունիկից»:

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Հիշեցնենք, որ 2017/18թթ. առաջնությունում «Բանանցը» 6 թիմերի մրցավեճում զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը՝ 30 հանդիպումներում վաստակելով 44 միավոր (+11=11-8, 42-34),  ինչը հնարավոր միավորների 48,8 տոկոսն է:

2․ Առաջնությունում «Բանանցը» հանդես եկավ 2 մարզիչների գլխավորությամբ: Մեկնարկային 2 հանդիպումներում («Շիրակ»՝ 0-0, «Արցախ»՝ 0-1) թիմի ղեկին Արամ Ոսկանյանն էր, որին փոխարինեց Իլշատ Ֆայզուլինը: Նրա գլխավորությամբ «Բանանցը» 30 հանդիպումներում 51 միավոր վաստակեց (+14=9-7, 43-34): Դա հնարավոր միավորների 56,6 տոկոսն է:

Իլշատ Ֆայզուլինը դարձավ օտարերկրացի 5-րդ մարզիչը, որին հաջողվեց «Բանանցին» մրցանակակիր դարձնել: Մինչ այդ թիմի հետ հաջողության էին հասել ռուսաստանցի Նիկոլայ Կիսելյովը (2006թ.՝  արծաթ), բուլղարացի Նիկոլայ Կոստովը (2007թ.՝ արծաթ), մակեդոնացի Ստևիցա Կուզմանոսկին (2010թ.՝ արծաթ) և սլովակ Ժոլտ Հոռնյակը (2013/14թթ.՝ չեմպիոն):

3․ Առավել հաջող «Բանանցը» հանդես եկավ 1-ին (+5=1-2, 14-9) և 3-րդ (+4=4-0, 14-5) շրջաններում՝ 8 հանդիպումներում վաստակելով 16 միավոր, ինչը հնարավոր միավորների 66,6 տոկոսն է: Իսկ ահա 2-րդ (+3=1-4, 6-11) և 4-րդ (+2=4-2, 9-10) շրջաններում «Բանանցը» վաստակեց 10 միավոր, ինչը հնարավոր միավորների 41,6 տոկոսն է:

Առաջնության աշնանային հատվածը «Բանանցն» ավարտել էր 2-րդ հորիզոնականում՝ անցկացրած 17 հանդիպումներում վաստակելով 29 միավոր (+9=2-6, 24-20): Դա հնարավոր միավորների 56,8 տոկոսն է: «Բանանցը» 4 միավորով հետ էր մնացել առաջատար «Ալաշկերտից»:

Առաջնության գարնանային հատվածի 15 հանդիպումներում «Բանանցը» 23 միավոր վաստակեց (+5=8-2, 19-15), ինչը հնարավոր միավորների 51,1 տոկոսն է:

«Փյունիկի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Սեփական դաշտում անցկացրած 16 հանդիպումներում «Բանանցի» օգտին 28 միավոր գրանցվեց (+8=4-4, 23-18), ինչը հնարավոր միավորների 58,3 տոկոսն է: Դա առաջնությունում երկրորդ արդյունքն է «Ալաշկերտից» հետո: Սեփական հարկի տակ «Բանանցը»  պարտվել է «Լոռիին» (1-3), «Արարատ-Արմենիային» (0-3, 0-1) և «Գանձասար-Կապանին» (0-5):

Հյուրընկալվելիս «Բանանցի» ավարն ավելի քիչ էր. անցկացրած 16 հանդիպումներում թիմի օգտին գրանցվեց հնարավոր միավորների 50 տոկոսը (+6=6-4, 20-17): Դա 3-րդ արդյունքն է մասնակից թիմերի մեջ: Մրցակցի հարկի տակ «Բանանցին» հաջողվել է հաղթանակներ տոնել «Արարատի» (4-2, 1-0), «Արարատ-Արմենիայի» (3-1), «Լոռիի» (3-1, 3-1) և «Գանձասար-Կապանի» (2-1) նկատմամբ:

Մրցակիցներից «Բանանցն» առավել հաջող խաղաց առաջնության հետնապահ «Արարատի» դեմ՝ 4 խաղում վաստակելով 10 միավոր, մնալով անպարտելի: Իսկ ահա «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպումներում «Բանանցն» ամենացածր արդյունքը գրանցեց՝ վաստակելով ընդամենը 4 միավոր: «Շիրակը» միակ թիմն էր, որի հետ մրցավեճում «Բանանցն» այդպես էլ գոլ բաց չթողեց՝ վաստակելով 6 միավոր:

4․ Առաջնության աշնանային հատվածում «Բանանցը» 5 անընդմեջ հաղթանակ տոնեց, նաև թիմին 9 անպարտելի խաղերի տպավորիչ շարք հաջողվեց: Այդ հանդիպումներում մրցակիցներից միայն «Շիրակին» հաջողվեց մեկ միավոր վաստակել: Դրան հաջորդեցին 4 անընդմեջ պարտություններն ու 449 րոպե տևած գոլային երաշտը:

Թիմի այդ «սև» շրջանին հաջորդեց 13 անպարտելի խաղերի ռեկորդային շարքը (6 հաղթանակ, 7 ոչ-ոքի), որով գերազանցվեց «Արարատ-Արմենիայի» լավագույն ցուցանիշը: Բայց առաջնության վերջնագծի հաջորդ 5 խաղերում «Բանանցին» այդպես էլ չհաջողվեց գեթ մեկ հաղթանակ տոնել՝ վաստակելով ընդամենը 3 միավոր:

32 հանդիպումներից 10-ում «Բանանցը» դարպասն անառիկ պահեց, 11 խաղում էլ թիմի ֆուտբոլիստներին չհաջողվեց գրավել մրցակիցների դարպասը:

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

 «Բանանցի» ֆուտբոլիստները խոշոր հաշվով 2 հաղթանակ տոնեցին («Շիրակ»՝ 4-0, «Արցախ»՝ 3-0), կրեցին այդ կարգի 3 պարտություն («Գանձասար Կապան»՝ 0-3, 0-5, «Արարատ-Արմենիա»՝ 0-3):

5․ «Բանանցի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 7 հարված, որից իրացվել է 6-ը: Թիմն ընդամենը 11մ 2 հարվածի իրավունք է ստացել, որոնք անվրեպ են իրացրել Վալմերսոն Գարսիա Պրայան ու Արամ Բարեղամյանը՝ խոցելով համապատասխանաբար Ալեքսանդր Կոնովի («Լոռի») և ալաշկերտցի Օգնեն Չանչարևիչի պաշտպանած դարպասները:

«Բանանցի» դարպասին նշանակված 5 հարվածներից դիպուկ են իրացվել 4-ը: Փյունիկցի Էրիկ Վարդանյանը, գանձասարցի Ալեքս Քրիստիան Ջունիորը և «Արարատ-Արմենիայի» ռմբարկու Անտոն Կոբյալկոն գրավել են Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասը, իսկ «Լոռիի» լեգեոնական Ուգոչուկվու Իվուն խոցել է Անատոլի Այվազովի դարպասը: Իսկ ահա Արամ Հայրապետյանի դարպասին ալաշկերտցի Արտակ Եդիգարյանի կատարած 11մ հարվածը բարձր է ստացվել:

6․ «Բանանցի» ֆուտբոլիստներն արդյունավետությամբ 3-րդ ցուցանիշը գրանցեցին՝ զիջելով «Արարատ-Արմենիային» և «Փյունիկին»: Խփված 43 գոլերի հեղինակներ դարձան «Բանանցի» 16 ֆուտբոլիստներ, ինչպես նաև փյունիկցի Վիտալի Ստեժկոն և շիրակցի Արթուր Ամիրյանը՝ գրավելով սեփական դարպասը: Նաթանիել Ասամոան, Միխայիլ Սոլովյովը, Ադամու Աբդուլահին, Պապե Աբդու Կամարան, Ալբերտ Գաջիբեկովը, Ալեքսանդր Գլիշիչը և Եվգենի Կոբզարը բացեցին գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում: Իսկ Իգոր Ստանոևիչը, Սոլոմոն Իմե Ուդոն, Էրիկ Պետրոսյանը և Վարդան Պողոսյանն առաջին գոլերը խփեցին «Բանանցի» կազմում:

Առաջնության աշնանային հատվածում բոլորից արդյունավետ գործեց Վալմերսոն Գարսիա Պրայան՝ դառնալով 5 գոլի հեղինակ: 24-ամյա Վալմերսոնը 2018թ. օրացուցային տարում առաջնության հանդիպումներում խփած գոլերի քանակով (9) գերազանցեց «Բանանցի» նախկին լեգեոնական Դենիրան Օրտեգայի տարիքային ռեկորդը, որը 2010թ. այդ տարիքում 7 գնդակ էր խփել:

Թեև Վալմերսոնը ձմռանը հեռացավ թիմից, սակայն նրա արդյունքը գերազանցել ոչ մեկին չհաջողվեց: «Բանանցի» ավագ Վահագն Այվազյանն ու թիմի նորեկ Ալեքսանդր Գլիշիչը կրկնեցին Վալմերսոնի ցուցանիշը և նրա հետ բաժանեցին լավագույն ռմբարկուի դափնին:

Podcast #1. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2018/19 մրցաշրջանի ամփոփում

7․ Անցյալ տարվա օգոստոսի 25-ին «Արարատի» դարպասը Էդվարդ Կպոդոյի խփած գնդակը «Բանանցի» հոբելյանական՝ 1100-րդ գոլն էր Բարձրագույն խմբում:

Այս տարվա մայիսի 4-ին գրավելով «Լոռիի» դարպասը՝ Արամ Բարեղամյանն ընդգրկվեց «Բանանցում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: Դանիլո Ռյաբենկոյի դարպասը նա խոցեց 31 տարեկան 118 օրականում՝ տասնյակից դուրս մղելով Արմեն Սահակյանին (31 տարեկան 112 օրական): Այդ ցանկը գլխավորում է «Բանանցի» ներկայիս մարզիչներից մեկը՝ Կարեն Սիմոնյանը, որն իր վերջին գոլը թիմի կազմում խփել է 2007թ. 36 տարեկան 341 օրականում:

Ալբերտ Գաջիբեկովը (31 տարեկան 57 օրական), Էդվարդ Կպոդոն (29 տարեկան 103 օրական) և Նաթանիել Ասամոան (28 տարեկան 251 օրական) ընդգրկվեցին «Բանանցում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականների տասնյակում: Իսկ Վելատ Կագրոն (19 տարեկան 276 օրական) ընդգրկվեց «Բանանցում» հանդես եկած ամենաերիտասարդ լեգեոնականների տասնյակում:

8․ «Բանանցի» դարպասը պաշտպանեցին 3 դարպասապահներ: Հիմնական ծանրաբեռնվածությունն ընկած էր Արամ Հայրապետյանի վրա, որն անցկացրած 25 հանդիպումներում 29 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,16 գոլ), 7 անգամ դարպասն անառիկ պահեց: «Չոր» խաղերի քանակով Հայրապետյանը կրկնեց նախորդ առաջնությունում «Բանանցում» ցույց տված իր լավագույն արդյունքը (21 խաղից):

Առաջնության գարնանային հատվածում 33-ամյա Հայրապետյանը 12 խաղերից 3-ում դարպասն անառիկ պահեց ու գերազանցեց Ստեփան Ղազարյանի տարիքային ռեկորդը: Վերջինս անցյալ տարի թիմում անցկացրած 2 խաղերից մեկում էր «չոր» դուրս եկել:

Արամ Հայրապետյանն ընդգրկվեց «Բանանցում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում (32 տարեկան 189 օրական)՝ ցանկից դուրս թողնելով 1994թ. թիմում իր վերջին խաղը 32 տարեկան 165 օրականում անցկացրած Մուրադ Անգթյանին:

Հայկական ֆուտբոլի կտրուկ թռիչքը, որի հետևից դեռ պետք է հասցնել

5 խաղում դարպասի պաշտպանությունը վստահվել էր Անատոլի Այվազովին, որը նույնքան գոլ բաց թողեց, 2 անգամ դարպասն անառիկ պահեց: ՀՀ առաջնություններում դարպասն անառիկ պահած խաղերի ընդհանուր քանակով (42) Այվազովը դարձավ յուրօրինակ ռեկորդակիր այլազգի դարպասապահների մեջ: Նա գերազանցեց «Արարատում» և «Բանանցում» հանդես եկած Նենադ Ռադաջայի ցուցանիշը, ով 41 խաղում էր դարպասն անառիկ պահել:

34-ամյա Ստեփան Ղազարյանն ընդամենը 2 անգամ պաշտպանեց թիմի դարպասը՝ բաց թողնելով մեկ գոլ, մեկ անգամ դարպասն անառիկ պահելով:

9․ Առաջնությունում «Բանանցում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը 34-ամյա Ստեփան Ղազարյանն էր: Ամենաերիտասարդը 17-ամյա Նարեկ Գրիգորյանն էր, ով թիմի կազմում նորամուտը նշել էր նախորդ առաջնության գարնանային հատվածի մեկնարկային խաղում 16 տարեկան 260 օրականում:

«Բանանցի» հնաբնակներից 31-ամյա Արամ Բարեղամյանը թիմի ներկայիս կազմի ֆուտբոլիստներից բոլորից շատ՝ 166 խաղ է անցկացրել հարազատ ակումբի մարզաշապիկով Բարձրագույն խմբում: Այդ ցուցանիշով նա «Բանանցի» ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում շրջանցեց Գագիկ Դաղբաշյանին (163 խաղ) և եզրափակեց լավագույն եռյակը: Բարեղամյանին ընդամենը 7 խաղ է մնացել ՀՀ առաջնություններում «Բանանցի» ռեկորդակիրը դառնալու համար: Իսկ առայժմ «Բանանցում» անցկացրած խաղերի քանակով Բարեղամյանին գերազանցում են Սամվել Մելքոնյանը՝ 172, և Արարատ Առաքելյանը՝ 171:

Արամ Բարեղամյանը «Բանանցի» ներկայիս ֆուտբոլիստներից նաև ամենափորձառուն էր ՀՀ առաջնություններում իր կարիերայի ընթացքում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով՝ 290: Առաջնության աշնանային հատվածի ավարտից հետո նրա հաշվին Բարձրագույն խմբում 276 խաղ էր գրանցված և այդ ցուցանիշով նա գերազանցել էր «Ուլիսի» նախկին հարձակվող Արտյոմ Ադամյանի տարիքային ռեկորդը, որը 30 տարեկանում ՀՀ առաջնություններում բոլորից շատ խաղ էր անցկացրել (274):

«Բանանցում» անցկացրած խաղերի քանակով էլ (166) 31-ամյա Բարեղամյանը գերազանցեց Ստեփան Ղազարյանի տարիքային ռեկորդը, որն այդ տարիքում թիմի կազմում բոլորից շատ՝ 126 խաղի էր մասնակցել: Ղազարյանն էլ նոր ռեկորդ սահմանեց թիմում հանդես եկած 34-ամյա ֆուտբոլիստների մեջ՝ գերազանցելով Կարեն Սիմոնյանի ցուցանիշը (53 խաղ):

«Բանանցի» ավագ Վահագն Այվազյանը ՀՀ առաջնություններում ակումբի մարզաշապիկով անցկացրած խաղերի թիվը հասցրեց 144-ի և ընդգրկվեց թիմի բոլոր տարիների ամենափորձառու ֆուտբոլիստների տասնյակում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը:

Այս տարի էլ կարող ենք զարմացնել Եվրոպային․ Դրա համար հիմքեր կան

10․ Առաջնության հանդիպումներում «Բանանցի» մարզաշապիկը կրեցին 30 ֆուտբոլիստներ, որոնցից 16-ը լեգեոնականներ էին: 16 ֆուտբոլիստներ՝ Անատոլի Այվազովը, Նաթանիել Ասամոան, Իգոր Ստանոևիչը, Սոլոմոն Իմե Ուդոն, Միխայիլ Սոլովյովը, Էրիկ Պետրոսյանը, Ադամու Աբդուլահին, Իլյա Գուլտյաևը, Պապե Աբդու Կամարան, Ալբերտ Գաջիբեկովը, Ալեքսանդր Գլիշիչը, Վելատ Կագրոն, Իլյա Դամաշկանը, Եվգենի Կոբզարը, Անդրանիկ Ոսկանյանն ու Վարդան Պողոսյանը նորամուտը նշեցին «Բանանցում»:

Առաջնության հանդիպումներում «Բանանցի» ֆուտբոլիստները 69 անգամ զգուշացվել են, Բորիսլավ Յովանովիչը, Սոլոմոն Իմե Ուդոն և Ռոբերտ Դարբինյանը մեկական անգամ հեռացվել են խաղադաշտից: Առավել հաճախ՝ 9 անգամ դեղին քարտի է արժանացել Վահագն Այվազյանը:

VNews.am-ը ներկայացնում է «Բանանցի» ֆուտբոլիստների ցուցանիշները 27-րդ առաջնությունում:

Ֆուտբոլիստներ Խաղ Գոլ Զ (Հ)
1. Արամ Բարեղամյան 30 4 3
2. Սոլոմոն Իմե Ուդո 28 2 6 (1)
3. Վահագն Այվազյան 27 5 9
4. Էդվարդ Կպոդո 27 3 4
5. Հակոբ Հակոբյան 25 4
6. Արամ Հայրապետյան 25 – 29 2
7. Նարեկ Պետրոսյան 23 3
8. Կարեն Մելքոնյան 22 4 3
9. Իգոր Ստանոևիչ 22 3 3
10. Պապե Աբդու Կամարա 22 1 2
11. Նաթանիել Ասամոա 17 2 3
12. Ադամու Աբդուլահի 17 1 1
13. Վալմերսոն Գարսիա Պրայա 15 5 1
14. Միխայիլ Սոլովյով 15 1 1
15. Ալբերտ Գաջիբեկով 14 1 4
16. Ալեքսանդր Գլիշիչ 13 5 2
17. Եվգենի Կոբզար 12 2 1
18. Բորիսլավ Յովանովիչ 11 4 (1)
19. Արթուր Ավագյան 11 3
20. Ռոբերտ Դարբինյան 11 5 (1)
21. Իլյա Դամաշկան 11
22. Վելատ Կագրո 10 1
23. Իլյա Գուլտյաև 9 3
24. Էրիկ Պետրոսյան 8 1
25. Անդրանիկ Ոսկանյան 5 1
26. Անատոլի Այվազով 5 – 5
27. Արամ Լոռեցյան 3
28. Վարդան Պողոսյան 2 1
29. Ստեփան Ղազարյան 2 – 1
30. Նարեկ Գրիգորյան 2

 Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Պաշտոնական. Երևանի «Արարատն» արտասահմանցի գլխավոր մարզիչ ունի

Բարձրագույն խմբի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» արդեն ունի այնքան միավոր, ինչքան վաստակել էր նախորդ ամբողջ առաջնությունում

Վադիմ Բորեց․ «Մենք էլ հույս ունենք, որ հնարավոր կլինի կայունության հասնել»

Աշոտ Բարսեղյան․ «Մենք այս ֆուտբոլիստներով չենք կարող շատ բարձր արդյունքներ գրանցել»

Հայկական ակումբների 8 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

«Նոան» 10 հոգով հաղթեց «Գանձասար-Կապանին» (տեսանյութ)

«Նոա» – «Գանձասար-Կապան». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դաժան պայքար, խաղաղ ելք․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Շիրակ» հանդիպումից

Իլշատ Ֆայզուլին․ «Սա ամենացավալի միավորն է, որ վաստակել ենք այստեղ»

Վարդան Բիչախչյան․ «Մենք ավելի մոտ էինք հաղթանակին»

Դավիդ Կամպանյա․ «Ցույց տվեցինք՝ ավելի լավ թիմ ենք, քան «Փյունիկը»

Ալեքսանդր Տարխանով․ «Խայտառակ մրցավարություն էր»

Արմեն Ադամյան․ «Արարատ-Արմենիան» մեզ գերազանցեց միայն գոլային պահերի ավելի լավ իրացմամբ»

Վարդան Մինասյան․ «Գոռ Մալաքյանը հիմա երևի լավագույն մարզավիճակում է այն պահից, ինչ աշխատում եմ նրա հետ»

Գոլառատ ոչ-ոքի «Ուրարտու» – «Շիրակ» խաղում (տեսանյութ)