fbpx
Բաժիններ

Նոր մեկնարկի շեմին․ Ամենաուշագրավ թվերն ու փաստերը հայկական ակումբների եվրագավաթային անցյալից

Այսօր կայանալիք Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի «Արարատ-Արմենիա» ԱԻԿ հանդիպումով հայկական ակումբները կսկսեն իրենց ելույթները ֆուտբոլի եվրագավաթների 2019/20թթ. հերթական խաղարկությունում:

 «Արարատ-Արմենիան» նորամուտը կնշի եվրագավաթներում

Հայաստանի նորընծա չեմպիոնը նորամուտն է նշելու եվրագավաթներում: «Արարատ-Արմենիան» կդառնա եվրագավաթներին մասնակցած հայկական 17-րդ ակումբը և 9-րդ թիմը, որը Հայաստանը կներկայացնի Չեմպիոնների լիգայի մրցաշարում:

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը Բարձրագույն խումբ 2018/19-ում՝ 10 փաստով

Հետաքրքիր է, որ մինչ օրս եվրագավաթներին մասնակցած հայկական ակումբներից միայն «Ալաշկերտին» է հաջողվել նորամուտը նշել հաջորդ փուլի ուղեգրի նվաճմամբ: Դա տեղի է ունեցել 2015/16թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում: «Ալաշկերտը» նաև միակ հայկական թիմն է, որը Չեմպիոնների լիգայի մրցաշարում էլ նորամուտը նշել է հաջորդ փուլի ուղեգրի նվաճմամբ:

Մեկնարկի դուրս եկող հայկական 4 ակումբներից «Արարատ-Արմենիային» է բաժին հասել ամենադժվարին մրցակիցը: Ի դեպ, հենց ԱԻԿ-ն էլ մեր մրցակիցներից միակն է, որ նախկինում եվրագավաթներում մրցել է հայկական ակումբների հետ:

2015/16թթ. Եվրոպա լիգայի մրցաշարի որակավորման 2-րդ փուլում ԱԻԿ-ը մրցել է «Շիրակի» հետ և երկու հանդիպումներում էլ հաղթել է միևնույն 2-0 հաշվով:

Շվեդիայի առաջնությունն ընթացքի մեջ է: ԱԻԿ-ն առաջնությունում իր վերջին հանդիպումն անցկացրել է հուլիսի 6-ին՝ հյուրընկալվելիս Չինեդու Օբասիի խփած միակ գոլի շնորհիվ հաղթելով «Կալմարին»: 15 հանդիպումներում վաստակած 28 միավորով ԱԻԿ-ն ընթանում է 3-րդ հորիզոնականում՝ 6 միավորով հետ մնալով առաջատար «Մալմյոյից», որի հետ նախորդ տուրում սեփական հարկի տակ անցկացրած հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի:

 «Փյունիկը»՝ մակեդոնական թիմերի ահ ու սարսափ

Եվրոպա լիգայի մրցաշարում մեր թիմերի մրցակիցներն առաջին անգամ են մրցելու հայկական ակումբների հետ: Հուլիսի 11-ին կայանալիք հանդիպումներում առաջինը մրցասպարեզ դուրս կգա «Փյունիկը», որը Գյումրիում կհյուրընկալի Հյուսիսային Մակեդոնիայի «Շկուպիին»: Խաղը կսկսվի ժամը 17:30-ին: «Շկուպին» երկրի նախորդ առաջնությունում 10 թիմերի մրցավեճում 48 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Հարկ է նշել, որ «Փյունիկը» եվրագավաթներում մակեդոնական թիմերի հետ մրցակցության զգալի փորձ ունի և իրավամբ համարվում է նրանց ահ ու սարսափը: Մինչ օրս փյունիկցիները մրցել են մակեդոնական 3 թիմերի («Պոբեդա», «Տետեքս», «Վարդար») հետ և հաղթահարել են նրանց արգելքը:

«Փյունիկի» ելույթների ամփոփումը Բարձրագույն խումբ 2018/19-ում՝ 10 փաստով

Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը՝ «Փյունիկը», 19 անգամ հանդես գալով եվրագավաթներում, հայկական թիմերից առավել հաճախ՝ 7 անգամ հաջողությամբ հաղթահարել է առաջին փուլի արգելքը: Իսկ անցյալ տարի փյունիկցիներին վերջապես հաջողվեց նաև 2-րդ փուլի արգելքը հաղթահարել:

Իսկ ահա «Ալաշկերտն» առաջին անգամ է մրցավեճի բռնվելու Մակեդոնիայի ներկայացուցչի հետ՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալելով «Մակեդոնիային»: Այդ հանդիպումը սկսվելու է ժամը 19-ին: «Մակեդոնիան» երկրի նախորդ առաջնությունում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը և հանդես է եկել գավաթի եզրափակչում:

«Ալաշկերտը» 5-րդ տարին անընդմեջ հանդես կգա եվրագավաթներում: Առաջին 3 խաղարկություններում ալաշկերտցիները մշտապես հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել:

«Ալաշկերտի» ելույթների ամփոփումը Բարձրագույն խումբ 2018/19-ում՝ 10 փաստով

«Բանանցը» 13-րդ անգամ է մեկնարկի դուրս գալու եվրագավաթների խաղարկություններում: Առայժմ միայն մեկ անգամ՝ 2005/06թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում է «Բանանցի» ֆուտբոլիստներին հաջողվել հաղթահարել առաջին փուլի արգելքը՝ երկու խաղերի ընդհանուր արդյունքով առավելության հասնելով Թբիլիսիի «Լոկոմոտիվի» նկատմամբ (2-3, 2-0):

Եվրոպա լիգայի մրցաշարում հայկական թիմերից հենց «Բանանցին» է ավելի ուժեղ մրցակից բաժին հասել: Իլշատ Ֆայզուլինի սաները մրցելու են սերբական «Չուկարիչկիի» հետ, որն առաջնությունում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Անկասկած, սերբական ֆուտբոլի խաղամակարդակն ավելի բարձր է մակեդոնականից:

«Բանանցի» ելույթների ամփոփումը Բարձրագույն խումբ 2018/19-ում՝ 10 փաստով

Աննախադեպ արդյունք եվրագավաթներում

Եվրոպական գավաթների մրցաշարերի մասնակցության 25-ամյա պատմության մեջ հայկական ակումբների համար ամենահաջողը նախորդ մրցաշրջանն էր, որը նշանավորվեց նոր նվաճմամբ: Առաջին անգամ հայկական թիմերին հաջողվեց հասնել մինչև Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլ: Ընդ որում նման հաջողության հասան միանգամից երկու ակումբներ՝ «Ալաշկերտն» ու «Փյունիկը»:

«Ալաշկերտն» այդ հաջողությանը հասավ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում շոտլանդական «Սելթիկին» պարտվելուց հետո (0-3, 0-3) Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում Չեռնոգորիայի «Սուտյեսկայի» արգելքը հաղթահարելու շնորհիվ (1-0, 0-0): Ընդ որում այդ ամենին թիմը հասավ խփած ընդամենը մեկ գոլի շնորհիվ:

Ավելի ծանրակշիռ էր «Փյունիկի» հաջողությունը, որն Անդրեյ Տալալաևի գլխավորությամբ Եվրոպա լիգայի մրցաշարում հաջորդաբար հաղթահարեց մակեդոնական «Վարդարի» (1-0, 2-0) և ղազախական «Տոբոլի» (1-2, 1-0) արգելքներն ու հայկական թիմերից առաջինը որակավորման 3-րդ փուլի ուղեգիր նվաճեց: Այդ փուլում էլ «Փյունիկն» արժանապատիվ ելույթ ունեցավ և մոտ էր իսրայելական «Մաքաբիի» արգելապատնեշը հաղթահարելուն (0-0, 1-2)՝ ի տարբերություն «Ալաշկերտի», որը ռումինական «Կլուժի» հետ երկու հանդիպումներում էլ պարտվեց (0-2, 0-5)՝ սեփական դարպասը 7 անպատասխան գնդակ ընդունելով:

Իսկ մինչև նախորդ մրցաշրջանը, հայկական ակումբների համար ամենահաջողը 2015/16թթ. խաղարկությունն էր: Առաջին անգամ միանգամից 3 թիմեր՝ «Փյունիկը», «Շիրակն» ու «Ալաշկերտը», հաջողությամբ հաղթահարել էին առաջին փուլի արգելքը և հաջորդ փուլի ուղեգիր էին նվաճել: Ընդ որում առաջին փուլի մեկնարկային հանդիպումներում մեր 4 ակումբներից և ոչ մեկը չէր պարտվել՝ տոնելով 3 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի, ինչը ևս աննախադեպ արդյունք էր:

Dinamo Tbilisi defeated Alashkert in the first leg match in UCL Q2

2-րդ փուլի հանդիպումներում էլ նախորդ մրցաշրջանների համեմատ առաջընթաց էր գրանցվել: Եթե մինչ այդ 2-րդ փուլում անցկացված 26 հանդիպումներում մեր թիմերից միակ հաղթանակը տոնել էր «Միկան», ապա 2015թ. այդ փուլում իրենց առաջին հաղթանակները տարան «Փյունիկն» ու «Ալաշկերտը»:

Թվեր և փաստեր

Եվրագավաթներում մեր ակումբների ելույթների ընդհանուր վիճակագրությունը բավական տխուր է: Անցկացրած 232 հանդիպումներում Հայաստանի ներկայացուցիչները տոնել են ընդամենը 42 հաղթանակ, 40 խաղ ավարտել են ոչ-ոքի, 150-ում պարտվել են: Մեր ֆուտբոլիստները խփել են 161 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 438 գնդակ:

Եվրագավաթներում խփած 161 գոլերի հեղինակներ են դարձել մեր թիմերի 108 ֆուտբոլիստներ, ինչպես նաև ԲԱՏԷ-ի խաղացող Ռիոսը՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը:

Բոլորից արդյունավետ է գործել շիրակցի Արարատ Հարությունյանը՝ խփելով 5 գոլ: 4-ական գնդակ են խփել Արամ Հակոբյանն ու Արսեն Ավետիսյանը: 3-ական գոլի հեղինակ են դարձել Արմեն Սանամյանը, Արմեն Շահգելդյանը, Ռաֆայել Նազարյանը, Արման Քարամյանը, Արշակ Ամիրյանը, Ֆոֆանա Բեկոն, Վիուլեն Այվազյանը, Ժան-Ժակ Բուգուհին, Նորայր Գյոզալյանը և Ուրոշ Նենադովիչը:

VNews.am-ը ներկայացնում է հայկական թիմերի ցուցանիշները եվրագավաթների մրցաշարերում:

Թիմեր Խ Հ Ո Պ Գ Մ %
1. «Փյունիկ» 54 15 10 29 50-93 55 33,9
2. «Շիրակ» 38 6 9 23 27-65 27 23,6
3. «Ալաշկերտ» 18 5 5 8 13-27 20 37
4. «Միկա» 26 3 8 15 14-39 17 21,7
5. «Բանանց» 26 4 3 19 18-56 15 19, 2
6. «Արարատ» 22 4 2 16 15-42 14 21,2
7. «Կոտայք» 4 2 0 2 4-8 6 50
8. «Գանձասար-Կապան» 12 2 0 10 8-27 6 16,6
9. «Զվարթնոց» 2 1 0 1 3-6 3 50
10. «Ուլիս» 8 0 2 6 1-11 2 8,3
11. «Էրեբունի-ՀՄՄ» 2 0 1 1 1-7 1 16,6
12. «Կիլիկիա» 2 0 0 2 1-8 0 0
13. «Լեռնագործ» 2 0 0 2 1-9 0 0
14. «Սպարտակ» 4 0 0 4 0-8 0 0
15. «Ցեմենտ» 6 0 0 6 3-15 0 0
16. «Երևան» 6 0 0 6 2-17 0 0

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Երկրպագուները շշեր են նետել խաղադաշտ «Շկուպիի»՝ կարմիր քարտ ստանալուց հետո (տեսանյութ)

«Փյունիկը» հաղթեց «Շկուպիին» և կմրցի չեխական թիմի դեմ (տեսանյութ)

«Շկուպի» – «Փյունիկ». Մակեդոնական թիմը կրճատում է հաշվի տարբերությունը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Փյունիկը» վստահորեն հաղթում է «Շկուպիին» (տեսանյութ)

«Շկուպի» – «Փյունիկ». Միրանյանը երկրորդ գնդակն է ուղարկում մրցակցի դարպասը (տեսանյութ)

Եվրոպա լիգա. «Ալաշկերտը» կմրցի Բուխարեստի «Ստյաուայի» հետ

«Շկուպի» – «Փյունիկ». Արտակ Եդիգարյանը սուպերգոլով առաջ է մղում «Փյունիկին» (տեսանյութ)

«Շկուպի» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր

«Ալաշկերտը» երկու խաղերի արդյունքում «Մակեդոնիային» հաղթեց 6-1 հաշվով (տեսանյութ)

«Ալաշկերտի» մեկնարկային կազմը «Մակեդոնիայի» հետ խաղում

«Արարատ-Արմենիայի» մրցակիցը ԵԼ-ի 2-րդ որակավորման փուլում ու հանդիպումների ժամանակացույցը

Իլյա Անտոնով. «Մենք պարտվեցինք ոչ թե ամբողջ խաղը, այլ 2-րդ կեսի առաջին 15 րոպեները» (տեսանյութ)

Վարդան Մինասյան. «Մեր հակահարձակումը լավ չստացվեց» (տեսանյութ)

Ֆուտբոլիստ, որը հայկական ակումբների «դահիճն» է դարձել եվրագավաթներում

«Արարատ-Արմենիան» պարտվեց ԱԻԿ-ին և լքում է պայքարը Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» կրճատում է հաշվի տարբերությունը՝ 1-3 (տեսանյութ)