fbpx
Բաժիններ

Արթուր Ոսկանյան․ «Մեզ չի հետաքրքրում՝ մրցակիցների ֆուտբոլիստներն ինչ առաջնություններում են խաղում»

Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը ԵՎՐՈ-2019-ի եզրափակիչ փուլում Իսպանիայի ընտրանու հետ հանդիպումից առաջ մասնակցել է մամուլի ասուլիսի:

«Բոլոր մրցակիցներին ուսումնասիրել ենք: Պորտուգալիայի հետ նախորդ տարի խաղացել ենք, գիտենք՝ ինչ ֆուտբոլ են դավանում: Իսպանիան միշտ նույն՝ կարճ փոխանցումների վրա հիմնված խաղաոճով է խաղում: Իսպանիան խաղաոճով նման է Պորտուգալիային: Նրանք արագ ֆուտբոլիստների հաշվին կարողանում են հարձակման գծում մեկը մեկի դեմ հարց լուծել: Իտալիան ֆիզիկապես ավելի ուժեղ է ու տակտիկապես ավելի հասուն ֆուտբոլ է ցուցադրում:

Արդեն 2 ընկերական խաղ ենք ունեցել՝ մրցելով «Ալաշկերտի» և «Լոռիի» հետ: Տղաները հավատում են իրենց ուժերին, զգում են վստահություն: Մնում է՝ ինչ ցուցադրել են մարզումներին, փոխանցեն նաև խաղերին: Հասկանում ենք՝ գերհզոր հավաքականներ են, բայց մենք տանն ենք խաղում և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաղթանակներ ունենանք:

Երկրպագուների աջակցությունը շատ է պետք: Հուսով եմ՝ շատ երկրպագուներ կան, և տղաները դրանից անպայման կոգևորվեն: Ֆուտբոլասերների ներկայությունն ավելի շատ ուժ կտա ֆուտբոլիստներին:

Ընկերական խաղերը շատ բան տվեցին: «Ալաշկերտի» հետ հավասար պայքար մղեցինք, գոլ խփեցինք, էլի ունեինք վտանգավոր պահեր: «Լոռիի» հետ մրցավեճում նույնպես գոլային պահեր ստեղծեցինք ու լավ հանդես եկանք: Դա ֆուտբոլիստներին վստահություն տվեց, նրանք զգացին՝ կարող են խաղալ տարիքով ավելի հասուն ֆուտբոլիստների հետ: Ինչպես գիտեք, մեր ֆուտբոլիստներից ոչ ոք չի խաղում Բարձրագույն խմբում, ով էլ խաղում է՝ շատ քիչ:

Պաշտպանության կենտրոնում փորձարկեցինք Ռաֆիկ Միսակյանին, որը երևի միակն է, որ Բարձրագույն խմբում խաղալու մեծ փորձ ունի: «Շիրակում» պաշտպանության կենտրոնում լավ հանդիպումներ էր անցկացրել: Ելնելով նրանից, որ Ռաֆիկը վնասվածքի պատճառով տևական ժամանակ էր բաց թողել՝ հենց «Ալաշկերտի» հետ խաղի երկրորդ կեսում նրան փոխարինեցինք: Միսակյանի փոխարեն խաղաց Երջանիկ Ղուբասարյանը, որը Գրանատկինի մրցաշարում նույնպես այդ դիրքում էր հանդես գալիս: Մենք դեռ այդ մրցաշարից սկսած փորձարկումներ ենք կատարել, բայց քանի որ Ղուբասարյանը նաև կիսապաշտպանությունում է լավ խաղում, ցանկացանք մյուս տարբերակն էլ փորձել:

Մենք ունենք Ստյոպա Մկրտչյան, պատանի ֆուտբոլիստ է, 3 տարի փոքր մյուսներից: Նա շատ լավ անցկացրեց Գրանատկինի մրցաշարը, վստահ եմ՝ կարող է ցանկացած խաղում արժանի փոխարինող լինել:

Ինչ վերաբերում է կիսապաշտպանությունում ոչ այդքան վստահ խաղին ու հաճախ հետ փոխանցումներ կատարելուն, ապա շեշտեցի, որ մեր ֆուտբոլիստները փորձ չունեն: Երբ գնդակ են ընդունում, լարվածություն է առաջանում, շտապում են ու հետ փոխանցում կատարում: Այդ վստահությունը չի կարող գալ 1-2 խաղում: Մարզումների ժամանակ հորդորում ենք, որ ավելի հանգիստ կերպով կայացնեն որոշումներ: Համաձայն եմ՝ մեր տղաները հաճախ չեն կարողանում առաջ փոխանցումներ կատարել: Վստահ եմ, որ այս մրցաշարում այդ առումով առաջընթաց կունենանք:

Սարգիս Մարտիրոսյանը 2 խաղ է անցկացրել վնասվածքից ապաքինվելուց հետո: Եթե նրան հանկարծ խաղացնեինք, մեծ ռիսկ կլիներ: Որպեսզի հետագայում խնդիր չունենանք, նա մոտ օրերս կմեկնի Գերմանիա՝ կրկին հետազոտվելու համար: Մարտիրոսյանը կարող է հոկտեմբերից կրկին խաղալ Մ-19 հավաքականում: Նա չի լինի ԵՎՐՈ-2019-ի մեր հայտացուցակում: 24 ֆուտբոլիստի էինք հրավիրել, վերջնական 20-ի անուններն այսօր երեկոյան կհայտարարենք:

Ուշադրություն ենք դարձրել թե՛ տակտիկայի, թե՛ հոգեբանության վրա: Նորից պետք է կրկնեմ՝ մեր ֆուտբոլիստների մեծ մասը խաղում է Առաջին խմբում, անգամ կան խաղացողներ, որ հանդես են գալիս 18 տարեկանների առաջնությունում: Վերջին տարիներին նկատվում է, որ մեր ակումբներում երիտասարդ ֆուտբոլիստներին սկսել են չվստահել, և այդ անվստահությունը փոխանցվել է մեր խաղացողներին: Նրանք էլ չեն հավատում, որ կարող են խաղալ: Բարձրագույն խմբում տարիներ առաջ 18, 19, 20 տարեկան շատ ֆուտբոլիստներ կային: Երբ տարիներ առաջ մասնակցեցինք եզրափակիչ փուլին, հավաքականի բոլոր ֆուտբոլիստներն այդ ժամանակ խաղում էին Բարձրագույն խմբում՝ Էդգար Մանուչարյան և այլն: Նրանք 16, 17 տարեկանից սկսած Բարձրագույն խմբում էին: Այսօր մեր ֆուտբոլիստները չեն խաղում: Հավաքի ընթացքում օրական 2 մարզում ենք անցկացրել՝ տակտիկական ու ֆիզիկական: Ամեն երեկո ունեցել ենք տեսահոլովակների դիտում ու աշխատել ենք նաև հոգեբանական առումով:

Կարելի է շատ վիճել՝ ճի՞շտ էր Բարձրագույն խմբի նոր առաջնությունում մինչև 18 տարեկան ֆուտբոլիստի 4-րդ փոփոխության չեղարկման որոշումը, թե՞ ոչ: Իմ կարծիքով՝ այդ օրենքը մեզ ոչինչ չէր տալիս: Թիմերն այդ փոփոխությունները կատարում էին ժամանակ ձգելու համար, ֆուտբոլիստներին ուղղակի պահում և մտցնում վերջին րոպեներին: Չեմ հիշում ինչ-որ մի թիմի, որը հանդիպման ավարտից 10 րոպեից առաջ պարտվելիս է եղել և երիտասարդ ֆուտբոլիստի մտցրել խաղի ընթացքը փոխելու համար: Դա ձևական էր: Այդ ամենն ազդում էր ֆուտբոլիստի վրա, քանի որ նա, 5 րոպե խաղալով Բարձրագույն խմբում, զրկվում էր Առաջին խմբում ամբողջական հանդիպում անցկացնելու հնարավորությունից: Եթե կարողանայինք ճիշտ օգտագործել այդ կանոնը, այն օգուտ կտար:

Մեզ չի հետաքրքրում՝ մրցակիցների ֆուտբոլիստներն ինչ առաջնություններում են խաղում: Մենք պետք է ցուցադրենք թիմային պաշտպանություն ու հարձակում: Ավելի լավ, որ լավագույններն են խաղալու: Այդուհանդերձ, եկեք չհամեմատենք օրինակ Իսպանիայի մինչև 19 տարեկանների առաջնությունն ու մեր Առաջին խումբը։ Շատ մեծ տարբերություն կա:

Ինչ վերաբերում է կարևոր խաղից առաջ ֆուտբոլիստներին մոտիվացնելուն, ապա մեր պարագայում ամենօրյա է այդ գործընթացը։ Ամեն օր մի բան մտածում ենք նրանց ավելի լավ տրամադրելու համար: Թիմով երեկ դիտել ենք «Движение вверх» ֆիլմը: Մրցաշարի ընթացքում կլինեն հոլովակներ, խոսքեր, որոնք կրկին կմոտիվացնեն մեր տղաներին»,- ասել է Ոսկանյանը:

ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը, որը նույնպես ներկա էր ասուլիսին, Բարձրագույն խմբում մինչև 18 տարեկան ֆուտբոլիստի 4-րդ փոփոխության չեղարկման որոշման հետ կապված հավելել է․ «Այստեղ կար նաև կանոնակարգային խնդիր: ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում, ինչպես գիտեք, թույլատրվում է 3 փոփոխություն կատարել: Եթե շարունակեինք կիրառել 4-րդ փոփոխությունը, ապա Բարձրագույն խմբի առաջնությունը պրոֆեսիոնալ կարգավիճակից կզրկվեր և կդառնար սիրողական»:

Բացման խաղը՝ Հայաստան – Իսպանիա հանդիպումը, տեղի կունենա վաղը՝ հուլիսի 14-ին, և կմեկնարկի ժամը 18:45-ին: Մրցավեճը կայանալու է «Հանրապետական» ստադիոնում:

ԹՈՓ 10․ ԵՎՐՈ Մ19-ի ամենաթանկարժեք ու խոստումնալից ֆուտբոլիստները


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Կուտրոնե․ «Հայաստանի հավաքականը զարմացրեց, բայց կարծում եմ՝ պետք է ավելի շատ գոլեր խփեինք»

Հայաստանում անցկացված ԵՎՐՈ Մ19-ի լավագույն պահերը (տեսանյութ)

Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Լեհաստանի հասակակից ընտրանուն (տեսանյութ)

Ռաֆայել Նազարյան․ «Առաջին խմբում քաոս է տիրում»

Հայաստան Մ-19 – Լիբանան Մ-19 խաղի գոլերը (տեսանյութ)

Հայաստանի Մ19 և Մ17 հավաքականները նոր մարզիչներ ունեն

Հայաստանում փայլելուց հետո «Բարսան» լուրջ հույսեր է կապում իր հարձակվողի հետ

Իսպանիայի Մ19 հավաքականի ֆուտբոլիստները պարգևետրվեցին. VNews-ի ֆոտոշարքը

Բաղձալի հաջողություն, հիասթափության արցունքներ. VNews-ի ֆոտոշարքը ԵՎՐՈ Մ19-ի եզրափակիչից

Իսպանիայի Մ19 հավաքականը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Մխիթարյանը կոչ է անում բոլորին գնալ մարզադաշտ՝ դիտելու ԵՎՐՈ Մ19-ի եզրափակիչը

«Բարսելոնայի» ու Ինիեստայի վերամիավորումը. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Հայաստանի հավաքականին պայքարից դուրս հանած թիմերը եզրափակիչում են․ Սպասելիքներ թեժ խաղից

ԵՎՐՈ Մ19. Իսպանիայի հավաքականը կիսաեզրափակիչում 11-մետրանոցներով հաղթեց ֆրանսիացիներին (տեսանյութ)

ԵՎՐՈ Մ19. Պորտուգալիայի հավաքականը եզրափակիչում է (տեսանյութ)

«Յուվենտուսի» ու Կոնտեի վերամիավորումը. ինչ ֆուտբոլ դիտել այսօր