fbpx
Բաժիններ

Տարխանովի անսպասելի որոշումն արդարացրեց իրեն, իսկ դուբլը Միրանյանի միակ արժանիքը չէր

«Փյունիկին» մեկ քայլ է բաժանում Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Վուլվերհեմփթոնի» հետ հավանական դիմակայությունից:

Երևանյան թիմի հաղթանակը «Յաբլոնեցի» նկատմամբ 2-1 հաշվով չես անվանի շոշափելի առավելություն, սակայն սա վատ արդյունք էլ չէ Չեխիա մեկնելուց առաջ: Այս «Փյունիկը» մարտավարական առումով էականորեն տարբերվեց այն «Փյունիկից», որ Ալեքսանդր Տարխանովի օրոք հանդես էր գալիս առաջնությունում և Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում։

Փորձենք հասկանալ՝ որո՞նք էին երևանյան ակումբի հաղթանակի գրավականները Չեխիայի ամենահեղինակավոր թիմերից մեկի հետ մրցավեճում:

Եվս 1 հաղթանակ, և հայկական ակումբները նոր ռեկորդ կսահմանեն եվրագավաթներում

Ամուր թիկունք, հագեցած կենտրոն

Տարխանովը սովորաբար նախընտրում է, որ իր թիմերն ավելի շատ վերահսկեն գնդակն ու լինեն խաղ թելադրողի դերում: Սակայն մրցակիցը «Յաբլոնեցն» էր, և տրամաբանական էր, որ «Փյունիկը» հանդես էր գալու խորքից, առավել ևս, որ դիմակայության առաջին հանդիպումն անցկացնելու էր սեփական հարկի տակ: Բացի այդ, նախապես հայտնի էր, որ չեխական թիմի գլխավոր զենքերից մեկը հակագրոհներն են, և հայկական թիմը, գնդակը զիջելով մրցակցին, նրան փաստորեն զրկում էր դրանք կազմակերպելու հնարավորությունից:

Այս պարագայում կարևոր է առանձնացնել դիրքային մի քանի կարևոր փոփոխություններ: Չկար Կառլեն Մկրտչյանը, և Արտակ Եդիգարյանը փակում էր հենակետային գոտին: Տարխանովի գլխավոր անակնկալն Էրիկ Վարդանյանին հենակետային գոտում օգտագործելն էր: Շատ կարևոր է նաև Արտյոմ Սիմոնյանի գործոնը: Նախորդ խաղերը ցույց էին տվել, որ ստեղծագործ ոճի այդ ֆուտբոլիստը եզրում իրեն այդքան էլ հարմարավետ չի զգում, և այս մրցավեճում նրան տեսանք արդեն կիսապաշտպանական քառյակից մի փոքր առաջ կամ Արթուր Միրանյանի թիկունքում: Այսպիսով, «Փյունիկը» պաշտպանվելիս գործում էր 4-4-1-1 սխեմայով՝ առջևում թողնելով միայն Միրանյանին ու Սիմոնյանին:

«Փյունիկն» իր 2 գոլերը խփեց դիրքային գրոհների արդյունքում: Տարխանովը կատարելագործել է թիմի կառուցողական խաղը, և դա ակներև է Հայաստանի փոխչեմպիոնի ցանկացած գրոհի ժամանակ: Գրագետ էր կազմակերպված նաև խաղն առանց գնդակի: «Յաբլոնեցը» դիրքային գրոհ ձեռնարկելիս նախ հանդիպում էր Միրանյանի պրեսինգին, ապա անմիջապես հետևում էր կիսապաշտպանների հզոր «պոռթկումը», և «Փյունիկն» այդ դեպքերում ֆուտբոլիստների համատեղ ջանքերով խլում էր գնդակը: Չեխերն առաջին խաղակեսում, անկյունայինի խաղարկումից հետո կատարած հարվածից զատ, որևէ այլ պահ չունեցան:

«Փյունիկն» ընդմիջումից հետո չափից ավելի զգուշավոր խաղաց: Մրցակիցն իր գոլը խփեց ստանդարտ խաղարկման արդյունքում, իսկ մնացած դեպքերում գրոհում էր դանդաղ և կանխատեսելի: Փոխարենը, «Փյունիկի» ցանկացած գրոհ և հակագրոհ մեծ սպառնալիք էր «Յաբլոնեցի» համար: Եթե գործեինք ավելի համարձակ, գուցե խփեինք նաև երրորդ գնդակը: Տարխանովը, կառուցելով ամուր պաշտպանական պատնեշ, չէր մոռացել նշված գործոնի մասին, ինչի ապացույցը հարձակվող Ալֆրեդի խաղադաշտ դուրս գալն էր: Բայց գնդակի վերահսկողությունը մրցակցի ձեռքում էր: Միրանյանը վերոնշյալ փոփոխությունից հետո տեղափոխվեց աջ, Ալֆրեդը մնաց հարձակման կենտրոնում, և «Փյունիկի» սխեման պաշտպանվելիս արդեն 4-2-3-1-ն էր:

«Փյունիկի» թիմային պաշտպանությունը շատ համախմբված և հուսալի աշխատեց, և դա էլ այն դեպքում, որ չկար հենակետային գոտու «գեներալը»՝ Կառլեն Մկրտչյանը: Նույն կարգապահությունը պետք է դրսևորել նաև Չեխիայում, որտեղ մրցակիցն անհամեմատ սուր է գրոհելու:

Էրիկ Վարդանյանը՝ գլխավոր ստեղծագործ ուժ

«Փյունիկի» դիրքային գրոհները մեծամասամբ զարգանում էին հենց Վարդանյանի միջոցով: Վերջինս կարողանում էր ճիշտ բացվել, ստանալ գնդակը, 1-2 ֆուտբոլիստի շրջանցել և կառուցել իր թիմի գրոհը: Հենց նրա հրաշալի անցումից սկսվեց «Փյունիկի» առաջին գոլային գրոհը: Էլի եղան դրվագներ, երբ հայկական թիմը մրցակցի կիսապաշտպանների պրեսինգը հաղթահարեց հենց երիտասարդ ֆուտբոլիստի՝ արագ որոշումներ ընդունելու և գործելու կարողության շնորհիվ:

21-ամյա ֆուտբոլիստի՝ հենակետային գոտում հանդես գալը նորամուծություն էր, որը հետագայում գուցե կրկին կիրառվի Տարխանովի կողմից: «Յաբլոնեցը» պատրաստ չէր դրան ու համարյա միշտ չէր հասցնում ճիշտ պահին դիմավորել հայ խաղացողին (որոշ չափով ստացվեց ընդմիջումից հետո): Վարդանյանը ստեղծարար խաղացող է, և երբ մրցակիցն իր կիսադաշտում խիտ է դասավորված, նա կարող է խորքից ստանալ գնդակն ու ոչ ստանդարտ որոշումներով գրոհ սկսել: Առանց գնդակի խաղի առումով դեռ կա բարելավելու տեղ, բայց չմոռանանք, որ սա հոգեհարազատ դիրք չէ Վարդանյանի համար:

Արթուր Միրանյանի ֆենոմենալ խաղը

Միրանյանի 2 գոլերը հարձակվողին բնորոշ հոտառության և ունեցած բարձր վարպետության արդյունք էին: Սակայն ցանկանում ենք ուշադրություն սևեռել նաև մեկ այլ կողմի վրա: Միրանյանն առանց գնդակի կատարեց ահռելի ծավալի աշխատանք, ավելի շատ, քան իր թիմակիցներից որևէ մեկը: Քանի որ, ինչպես նշեցինք, «Փյունիկը» խաղում էր պաշտպանությունից, հարձակվողը հաճախ ինքնուրույն պրեսինգ էր կիրառում մրցակցի 2-3 ֆուտբոլիստների նկատմամբ, երբ նրանք մոտենում էին մեր կիսադաշտին: Եվ գլխավորն այն է, որ մեր հարձակվողն իրոք հասցնում էր նրանց ճնշման ենթարկել, և պրեսինգը տալիս էր իր արդյունքը:

Միրանյանի խաղը կարելի է գերազանց գնահատել ևս մեկ ցուցիչով: Երբ մեր գերհագեցած կիսապաշտպանական կենտրոնի անդամները՝ Վարդանյանը, Եդիգարյանն ու Սիմոնյանը լինում էին հսկողության տակ, հենց Արթուրն էր նահանջում և, ստանալով գնդակը, ընտրում դիրքային գրոհի շարունակություն: Դա մեր թիմի համար կենտրոնում ապահովում էր քանակական առավելություն: Միրանյանն իսկական ժամանակակից հարձակվող է ու իր այս որակների շնորհիվ դառնում է անփոխարինելի ֆուտբոլիստ Տարխանովի գլխավորած կոլեկտիվում:

Կենտրոնական պաշտպանները՝ թիմի կարևորագույն մասնիկներ

Մաքսիմ Ժեստոկովն ու Քրիստի Մարկուն «Փյունիկի» համար առանցքային ֆուտբոլիստներ են ոչ միայն իրենց բուն պարտականությունների լավ կատարման, այլև գնդակի հետ վարվելու կուլտուրայով: Տարխանովը դավանում է ցածրից փոխանցումներով կոմբինացիոն ֆուտբոլ, և մարզչի համար շատ կարևոր է իր թիմում ունենալ, այսպես կոչված, «առաջին փոխանցման» արվեստին տիրապետող պաշտպանների: Ժեստոկովն ու Մարկուն փայլուն են տեսնում խաղադաշտը, նկատում ազատ գոտիներ դուրս եկող թիմակիցներին ու կատարում ճշգրիտ փոխանցումներ, ինչի շնորհիվ «Փյունիկը» կարողանում է հաղթահարել մրցակցի պրեսինգը:

Նրանց այս որակները հիմա շատ ավելի ցայտուն են դրսևորվում, քան Տալալաևի աշխատանքի ժամանակ էր: Այդ մասնագետի օրոք «Փյունիկը» սովորաբար երկար փոխանցումներով էր սկսում իր գրոհները, և Ժեստոկովի ու Մարկուի խաղային առանձնահատկություններն «աչք չէին ծակում»: Շատ կարևոր է, որ այս պաշտպանները մրցակցի՝ իրենց նկատմամբ ճնշման պարագայում չեն լարվում ու վայրկենական կայացնում են օպտիմալ որոշումներ:

Այո՛, որոշ անհատներ առանձնացան իրենց ցուցադրած խաղով, սակայն «Փյունիկի» հաղթանակն առաջին հերթին թիմային լավ ֆուտբոլի արգասիք էր: Հայկական թիմը պատասխան մրցավեճի առաջինից մինչև վերջին րոպեն կենտրոնացած գործելու և խաղային կարգապահությունը պահելու դեպքում կարող է կրկնել նախորդ տարվա սխրանքը՝ հայտնվելով Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Podcast #4. Հայկական ակումբների ելույթները Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում

«Արարատը» կրկնեց վերջին 12 տարիների իր լավագույն արդյունքը, իսկ «Ուրարտուն» հակառեկորդ գրանցեց

Անդրիա Դրագոևիչը հրավիրվել է Մոնտենեգրոյի հավաքական

Ալեքսանդր Տարխանով․ «Վաղուց հետաքրքրություն կա Յուրա Մովսիսյանի նկատմամբ»

Սերգեյ Բոյկո․ «Մեզ ձեռնտու էր «Փյունիկի» հետ հենց հիմա խաղալը»

«Արարատի» խելահեղ մեկնարկը․ 3-րդ «զոհը» «Փյունիկն» էր (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

2 ֆուտբոլիստ լքեց «Փյունիկը»

Կմրցեն «Փյունիկը» և խոստումնալից մեկնարկ ունեցած «Արարատը»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 3-րդ տուրին ընդառաջ

Պատմական նվաճումից զատ․ «Արարատ-Արմենիան» 3 ռեկորդի հեղինակ է դարձել

«Փյունիկը» «գայլերին» 0-4 հաշվով զիջեց նաև պատասխան խաղում (տեսանյութ)

«Փյունիկը» 10 րոպեում 3 գնդակ ընդունեց «Վուլվերհեմփթոնից» (տեսանյութ)

«Վուլվերհեմփթոն» – «Փյունիկ». Առաջին կեսից հետո

«Վուլվերհեմփթոն» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր

«Վուլվերհեմփթոն» – «Փյունիկ» խաղը կցուցադրվի հայկական հեռուստատեսությամբ

«Ուրարտուն» «փլվեց» «Փյունիկի» հետ խաղի վերջնամասում, բայց արժանի չէր 0-3 հաշվով պարտության