fbpx
Բաժիններ

Ալեքսանդր Տարխանով․ «Վաղուց հետաքրքրություն կա Յուրա Մովսիսյանի նկատմամբ»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում «Արարատից» կրած պարտությունից հետո (1-4) պատասխանել է լրագրողների հարցերին․

-1-4 հաշիվը երևի թե տպավորություն է ստեղծում, թե մրցակիցը մեծ առավելություն է ունեցել: Սակայն, կարծում եմ, մեծ առավելությունը մեր կողմն էր: Նաև բավականաչափ պահեր ստեղծեցինք, սակայն գոլ չխփեցինք: Բացի այդ, ինքներս մեր դարպասին գոլեր «բերեցինք»: Կարծում եմ՝ ինչ-որ տեղ կար հոգնածություն, քանի որ կարճ հատվածում 3-4 շատ դժվարին հանդիպում էինք անցկացրել, այդ թվում՝ մեծ ուժեր էինք ծախսել անգլիացիների հետ 2 մրցավեճում: Հենց դրա հետ կապված էլ հոգնածություն նկատվեց:

Միրանյանը, երբ պահեր ունեցել է, գոլեր է խփել, իսկ այսօր 4-5 դրվագում կարող էր հասնել հաջողության, այդ թվում՝ 1-1 հաշվի ժամանակ շատ լավ հնարավորություն ստեղծեց ինքն իր համար, սակայն մրցակցի դարպասը չգրավեց։ Ստանկովի սխալը խաղավերջում հանգեցրեց գոլի: Հանդիպման վերջնամասում սխալներ էինք թույլ տալիս, ինչի շնորհիվ մրցակիցը կարողանում էր հակագրոհել:

Էրիկ Վարդանյանի բացակայությունը որքանո՞վ ազդեց թիմի ցուցադրած խաղի վրա։

-Նա առաջատար է, ու բացակայությունը, իհարկե, զգալ տվեց: Երիտասարդ տղա է, սխալ է թույլ տվել, բայց 5 խաղից բաղկացած որակազրկումը շատ է նրա համար: Նա լավ տեսք ունի խաղադաշտում: Կարծում եմ՝ կհրավիրվի ազգային հավաքական Իտալիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղերի համար: Էրիկին պետք է թույլ տան մասնակցել այդ հանդիպումներից առաջ կայանալիք գոնե վերջին 2 մրցավեճին: Նա լավ ֆուտբոլիստ է: Թիմի առաջատարն է, ոչ ստանդարտ և ստեղծարար խաղացող է: Նա պետք է մեզ ու նաև, կարծում եմ, հավաքականին:

«Փյունիկը» նախորդ առաջնության փոխչեմպիոնն է, իսկ «Արարատը» զբաղեցրել է վերջին հորիզոնականը: Նման խաղ սպասո՞ւմ էիք այս մրցակցից:

-«Արարատի» կազմը հիմա ամբողջովին փոխվել է: Եկել են որակյալ ֆուտբոլիստներ: Իհարկե, այն լավ թիմ է: Նրանք այսօր լավ խաղացին: Ընդհանրապես, բոլոր թիմերն էլ շատ ավելի գրագետ են նախապատրաստվում «Փյունիկի» հետ հանդիպումներին: Մրցակիցները հիմնականում փորձում են ամբողջ թիմով պաշտպանվել ու շեշտը դնել հակագրոհների վրա: Ֆուտբոլիստներին հանդիպումից առաջ կարգադրություններ տալիս ներկայացրել էինք, թե ինչպես է պետք անել, որպեսզի մրցակցին հակագրոհելու հնարավորություն չտայինք, սակայն մեր կողմից սխալները շատ եղան:

«Արարատի» գլխավոր մարզիչ Սերգեյ Բոյկոն կարծիք հայտնեց, որ ժամանակակից ֆուտբոլում կարևորը ոչ թե գնդակի վերահսկումն է, այլ գոլեր խփելը: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ՝ հաշվի առնելով, որ «Փյունիկը» փորձում է շատ վերահսկել գնդակը:

-(Ծիծաղում է՝ խմբ․) Ես նույնպես կարծում եմ, որ կարևորը գոլերն են: Բայց մենք փորձելու ենք որքան հնարավոր է շատ տիրել գնդակին: Նրանց հետ դեռ հանդիպում ունենք անցկացնելու, կտեսնենք՝ ով է ճիշտ (ժպտում է՝ խմբ․): Բայց պետք է նշել, որ նրանք այդ գոլերը խփեցին ոչ թե ինչ-որ կոմբինացիաների արդյունքում, այլ հենց մենք նրանց համար ստեղծեցինք դրանք: Աշխարհի բոլոր առաջնություններում էլ չեմպիոն են դառնում այն թիմերը, որոնք ավելի լավ են վերահսկում գնդակը: Սա մեր առաջնության դեռ սկիզբն է, տեսնենք՝ վերջն ինչպիսին կլինի:

Հաշվի առնելով, որ «Փյունիկն» առաջին խաղակեսում լավ հանդես եկավ, համարո՞ւմ եք սա Ձեր մարզչական կարիերայի ամենաանհեթեթ պարտություններից մեկը:

-Իհարկե, ցավալի է, որովհետև մենք պետք է հաղթեինք: Ոչ միայն վերահսկում էինք գնդակը, այլև շատ պահեր ստեղծում, ուղղակի չկարողացանք դրանք իրացնել:

«Փյունիկը» համարյա միշտ խաղում է 1 հենակետայինով, որը սովորաբար Կառլեն Մկրտչյանն է: Այդպես հանդես գալը վտանգավոր չէ՞ այսպես հակագրոհող մրցակիցների հետ հանդիպումներում:

-Տարբերություն չկա: Կարևորը ոչ թե քանակն է, այլ որակը: Այսօր կենտրոնում ունեցանք թերացումներ: Եֆիմովն այդքան էլ լավ հանդես չեկավ, Արտակ Եդիգարյանն էլ հաջող չմտավ խաղի մեջ, ակտիվություն չմտցրեց հարձակման գծում: Արտյոմ Սիմոնյանը լավ հանդիպում անցկացրեց՝ ոչ միայն գոլ խփելով, այլև շատ պահեր ստեղծելով թիմակիցների համար:

Շշուկներ կան, որ Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել «Փյունիկ»: Հնարավո՞ր է իրադարձությունների այդպիսի զարգացումը:

-Դեռ չեմ կարող ոչինչ ասել: Վաղուց հետաքրքրություն կա նրա նկատմամբ, բայց առայժմ հանգիստ ենք և խաղաղ:

Լեգեոներներից Անտոնիո Ստանկովը, Դենիս Մահմուդովը և Ստեֆեն Ալֆրեդը համապատասխանո՞ւմ են թիմի պահանջներին:

-Կարծում եմ՝ երկուսը համապատասխանում են: Ստանկովը և՛ պաշտպանությունում է լավ խաղում, և՛ հաջող միանում գրոհներին: Իսկ Մահմուդովը հասկանում է՝ իրենից ինչ է պահանջվում: Վատ տեսք չունի խաղադաշտում:

Ի՞նչ նորություններ կան Ալիկ Առաքելյանի և Էդգար Մանուչարյանի ապաքինման գործընթացից:

-Էդգարը վիրահատությունից հետո վերականգնողական գործընթացն անցկացնում է Հոլանդիայում: Իսկ Ալիկի հետ կապված հստակ դեռ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ նա որոշ ժամանակ սկսեց մարզվել, բայց հետո կրկին ցավեր առաջացան:

Սերգեյ Բոյկո․ «Մեզ ձեռնտու էր «Փյունիկի» հետ հենց հիմա խաղալը»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արմեն Պետրոսյան․ «Խաղերը վերլուծելիս հասկանում ենք, որ ամեն ինչ նորմալ է ընթանում, զուտ չենք իրացնում պահերը» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Հավասար արդյունքն արդարացի կլիներ» (տեսանյութ)

Ալեքսանդր Տարխանով․ «Օզբիլիսը դեռ լիարժեք պատրաստ չէ, քանի որ շատ ժամանակ է բաց թողել» (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Տղաները շատ ուժեղ ֆուտբոլ խաղացին» (տեսանյութ)

Վլադ Գոիանը՝ «Երևանը» գլխավորելու մասին․ «Միշտ ցանկացել եմ աշխատել արտասահմանում» (տեսանյութ)

«Փյունիկը» հաղթեց «Գանձասար-Կապանին», Օզբիլիսը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

«Ալաշկերտը» ջախջախեց «Երևանին», «Լոռին» կամային հաղթանակ տոնեց «Ուրարտուի» նկատմամբ (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ինտրիգներով լի արարատյան դերբին՝ չեմպիոնի և առաջատարի միջև․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 7-րդ տուրին ընդառաջ

Պաշտոնական․ «Երևանը» նոր գլխավոր մարզիչ ունի

Անսպասելի․ Հրաժարական է տվել Բարձրագույն խմբի առաջատարի գլխավոր մարզիչը

Բարձրագույն խմբի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» անորսալի է, «Գանձասար-Կապանն» էլ չի գտնում «Շիրակին» հաղթելու բանաձևը

Գեորգի Չելիձե․ «Ամեն խաղում ապացուցում ենք, որ «Արարատը» չեմպիոնության հավակնորդ է» (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Մեր ֆուտբոլիստները չափից շատ էմոցիոնալ էին, պետք էր ավելի սառնասիրտ խաղալ» (տեսանյութ)

Գագիկ Սիմոնյան․ «Այսօր ամենակարևորն այն էր, որ միավոր չկորցնեինք» (տեսանյութ)