fbpx
Բաժիններ

Ռաֆայել Նազարյան․ «Առաջին խմբում քաոս է տիրում»

Հայաստանի Մ-19 հավաքականն այսօր երկրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել Լիբանանի հասակակից ընտրանու հետ և առավելության հասել 5-0 հաշվով: Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը 2 օր առաջ նույն մրցակցին պարտության էր մատնել 2-0 հաշվով:

Հայ մասնագետը վերջերս է ստանձնել հավաքականի ղեկը՝ փոխարինելով Արթուր Ոսկանյանին: Նազարյանն ավելի վաղ աշխատել է Հայաստանի Մ-21 հավաքականում: Նա հունիսին հեռացել էր «Ուրարտուի» մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարի պաշտոնից, ինչից հետո նշանակվել էր նորաստեղծ «Արագած» ակումբի փոխնախագահ, սակայն այնտեղ աշխատել էր ընդամենը 1 ամիս:

Նազարյանը, որը ներկայումս նաև Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչն է, Հայաստան Մ-19 – Լիբանան Մ-19 հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

Ի՞նչ գնահատական կտաք այսօրվա մրցավեճին։

-Առաջին խաղակեսում լավ հանդես եկանք: Երկրորդ խաղակեսից առաջ մեծ թվով փոփոխություններ կատարեցինք, և խաղակցվածության հետ կապված խնդիրներ եղան: Դա բնական էր, քանի որ ֆուտբոլիստների մեծ մասը միասին չէր խաղացել, տարբեր թիմերից էր եկել: Բայց առաջին խաղակեսից գոհ եմ, թիմը լավ խաղ ցուցադրեց, արագ էր գործում՝ ի տարբերություն Լիբանանի հավաքականի հետ առաջին հանդիպման առաջին խաղակեսի: Մի խոսքով՝ 2 խաղակեսում ենք լավ խաղացել՝ առաջին մրցավեճի երկրորդ խաղակեսում և երկրորդ հանդիպման առաջին խաղակեսում:

Ի՞նչ մակարդակի թիմ եք ստացել հավաքականի նախկին գլխավոր մարզչից:

-Այստեղ փոփոխություններ են կատարվել: Մենք էլ փորձում ենք մեր մտքերը հաղորդել թիմին: Առաջին բանը, որ փորձում եմ կյանքի կոչել, կարգապահությունն է: Երկրորդն էլ այն է, որ աշխատանքը պետք է առավելագույն չափով կատարվի, ես դա պահանջելու եմ՝ անկախ նրանից՝ 1 խաղում կհաղթեն, թե 2: Ես պահանջելու եմ, որովհետև ցույց եմ տալիս կրթական մոտեցում: Այսինքն, ֆուտբոլիստները պետք է կրթվեն: Շատ վատ է, որ 18 տարեկան հասակում խաղում են Առաջին խմբի առաջնությունում:

Ճիշտ է, կազմում հիմա շատ փոփոխություններ են եղել, բայց Ձեր կարծիքով՝ Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում ցուցադրե՞ց իր հնարավորությունների առավելագույնը, թե՞ մեր թիմը կարող էր ավելին անել:

-Չեմ փորձի կարծիք հայտնել: Իհարկե, մրցակիցներն ուժեղ էին, բայց կարծում եմ, որ մեր ֆուտբոլիստների որակները թույլ էին տալիս խաղալու ավելի ագրեսիվ: Ինձ թվում է՝ կար ագրեսիվության պակաս:

Խոսելով այսօրվա հանդիպման մասին՝ կարո՞ղ եք նշել ֆուտբոլիստների, ովքեր առավել շատ տպավորեցին Ձեզ:

-Անուններ նշելու կարիք չկա, որովհետև մոտեցումն այսպես է՝ մենք պետք է թիմային մտածելակերպ ունենանք: Հարձակվողը պետք է դրիբլինգի դիմի, գոլ խփի, պաշտպանը պետք է շատ լավ պաշտպանվի, չթողնի, որ պահեր ստեղծվեն, կիսապաշտպանը պիտի շատ աշխատի․ գործողություններն ու առաջադրանքները տարբեր են: Այնպես որ, առանձնացնելու կարիք չկա: Ֆուտբոլիստներ առանձնացնել սիրում են երկրպագուները, բայց նրանք մշտապես ընդգծում են գոլ խփողներին: Առաջին խաղակեսում հանդես եկած բոլոր ֆուտբոլիստներից էլ գոհ եմ: Իհարկե, երկրորդ 45 րոպեում էլ եղան խաղացողներ, որոնցից գոհ մնացինք, ուղղակի ընդմիջումից հետո խաղի մոդելն էր փոխվել՝ կապված տղաների խաղակցվածության աստիճանի հետ:

Կապված մրցակցի հետ՝ ֆուտբոլիստների գործողություններում կա՞ր զգոնության կամ տրամադրվածության պակաս:

-Դա կար առաջին մրցավեճի առաջին խաղակեսում, ագրեսիվ չէին խաղում, պրեսինգը միասին չէին կատարում, շարժումները կիսատ էին անում: Իսկ եթե շարժումները կիսատ են անում, մենք չենք կարող խաղալ այն ֆուտբոլը, որ ցանկանում ենք: Ուզում ենք ցուցադրել ուղղահայաց ֆուտբոլ, իսկ դրա համար հարկավոր է դրսևորել ագրեսիվություն:

Ձեր գլխավորած ԲԿՄԱ-ից շատ ֆուտբոլիստներ կան նաև Մ-19 հավաքականում: Այդ գործոնը որքանո՞վ է օգնում խաղակցվածության առումով:

-Կօգնի այնքանով, որ միասին ավելի շատ կխաղան մինչև նոյեմբեր, երբ կմեկնարկի Եվրոպայի առաջնության որակավորման փուլը: Ֆուտբոլիստները, իրար հետ շատ խաղալով, սկսում են իրար ավելի լավ հասկանալ, իսկ երբ աշխատում են արդեն մշակված տակտիկական սխեմաներում, թիմի խաղն ամեն առումով արագանում է։ Խոսքը թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում խաղի մասին է: Իհարկե, օգուտ կա: Բայց ֆուտբոլիստների այս խումբը 3 ամիս հետո ավարտելու է ելույթները Մ-19 հավաքականում: Մեր նպատակն այն է, որ այստեղից որքան հնարավոր է շատ ֆուտբոլիստներ գնան Մ-21 հավաքական: ԲԿՄԱ-ն կնպաստի նրան, որ ֆուտբոլիստները կայուն խաղաժամանակ ունենան ու քանի որ խաղալու են կողք կողքի, խաղակցվածությունը բարձր մակարդակի վրա կհասնի: Մի քիչ ուշացված է, բայց, ամեն դեպքում, լավ է․ գոնե 3 ամիս կա:

Ձեր աշխատանքային ուղին վերջին շրջանում բավականին հաճախ է փոխվում: «Ուրարտուում» էիք, հետո տեղափոխվեցիք «Արագած», հիմա էլ գլխավորում եք ԲԿՄԱ-ն ու Մ-19 հավաքականը: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Առաջին խմբի որ թիմին նայում ես՝ ռուս և ուկրաինացի 30, 31, 32 տարեկան ֆուտբոլիստներ կան: Եթե այլազգի հարգարժան ներդնողները փորձում են Հայաստանում ֆուտբոլը զարգացնել, ես բացարձակապես չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ են այդպես գործում, նպատակը 30 տարեկան լեգեոներին խաղացնելն է ու հետո նրա տրանսֆերը վաճառե՞լը: Ո՞ւմ են ուզում զարգացնել, 29-30 տարեկան իրենց հայրենակից ֆուտբոլիստների՞ն: Հետո ի՞նչ պետք է անեն՝ տրանսֆերները վաճառեն Կիևի «Դինամոյին» կամ Մոսկվայի «Դինամոյի՞ն»: Դա, կարծում եմ, անտրամաբանական է:

«Ուրարտուից» հեռանալու հետո կապված ի՞նչ կասեք:

-«Ուրարտուն» ուրիշ ճանապարհ է ընտրում, ես՝ ուրիշ:

Ֆեդերացիան հիմա որոշակի լիմիտ է սահմանել արտասահմանցի ֆուտբոլիստների քանակի հետ կապված: Դա բավարար կլինի՞, որ ակումբները փոխեն իրենց քաղաքականությունը:

-Եթե Բարձրագույն խմբում լիմիտը հասկանալի պատճառներով զգուշավոր է, թիմերից շատերը չունեն մանկապատանեկան դպրոցներ, պետք է զարգացնեն, սկսեն աշխատել այդ ուղղությամբ, ապա Առաջին խմբում ես միանշանակ դեմ եմ լեգեոներների այսպիսի հոսքին: Հաշիվները տեսեք՝ 2-8, 7-1, 10-0, 9-0․․․ ի՞նչ օգուտ դրանից․ ոչ մի օգուտ: Առաջին խմբում 18-ի փոխարեն թող լինի 12 թիմ, բայց մեր ֆուտբոլիստներն ավելի շատ խաղան: Ֆուտբոլիստին կարող է զարգացնել միայն խաղալը: Եթե մեկը կասի, թե մենք ֆուտբոլիստների քանակի պակաս ունենք, այս ունենք, այն ունենք․․․ այո՛, դա էլ կա, բայց 18-ը կարելի է սարքել 12, 12-ն էլ սարքել 10: Հիմա 18 թիմ է, բայց ես համոզված եմ, որ թիմերից 4-ը ձմռանը կարող է չշարունակել ելույթները: 18-ը կդառնա 14: Ավելի լավ չէ՞ ներքևից բարձրանալ:

Չե՞ք կարծում, որ Առաջին խմբի թիմերի՝ լեգեոներներ հրավիրելու շարժառիթներից մեկն էլ այն է, որ գրավեն 1-ին հորիզոնականն ու դուրս գան Բարձրագույն խումբ:

-Ես չեմ ասում՝ պետք է լիովին կրճատել լեգեոներների քանակը: Առաջին խմբի գրանցման հայտացուցակում ձևաչափը հիմա 10+20 է՝ 10 ՀՀ քաղաքացի, 20-ն էլ կարող է լինել արտասահմանցի: Դա ինձ համար աբսուրդ է: Թող լեգեոներների քանակը 10 լիներ, այդպես էլ կարող էին դուրս գալ Բարձրագույն խումբ։ Թող հավասար պայմաններ լինեն: 33-34 տարեկան ուկրաինացին այստեղ ի՞նչ օգուտ է տալիս մեզ․ ոչ մի օգուտ: Ենթադրենք՝ դուրս եկան Բարձրագույն խումբ․ չունեն և չեն հիմնում մանկապատանեկան դպրոցներ, ի՞նչն է նպատակը: Դուրս եկաք Բարձրագույն խումբ, հետո՞: Մարդ, երբ ինչ-որ գործ է կատարում, միշտ պետք է հասկանա՝ գնում է A կետից B կետ, հետո ի՞նչ է սպասվում իրեն: Երևի մտածում են՝ սկսենք, հետո կասենք՝ կներեք, չենք կարող, ֆինանսական խնդիրներ ունենք և կասենք ցտեսություն: Կարծում եմ՝ Առաջին խմբում քաոս է տիրում:

Էդգար Մալաքյան․ «Մի քանի տարի անց այլևս չեն լինի հայ ֆուտբոլիստներ, եթե երիտասարդներին շարունակեն շանս չտալ»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայաստանի Մ19 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Թուրքիայից

«Խեղված ճակատագրեր». Ֆուտբոլիստներ, որոնք վնասվածքից հետո այդպես էլ չվերադարձան իրենց մակարդակին

Առաջին խմբում պայմանավորված խաղի դեպք է բացահայտվել

Կուտրոնե․ «Հայաստանի հավաքականը զարմացրեց, բայց կարծում եմ՝ պետք է ավելի շատ գոլեր խփեինք»

21 գոլ՝ Առաջին խմբի 10-րդ տուրի մեկնարկային 3 խաղում (տեսանյութ)

«Էսպանյոլի» կիսապաշտպանը եվրագավաթներում գոլ խփած առաջին չինացին է

Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Լեհաստանի հասակակից ընտրանուն (տեսանյութ)

Սամվել Դարբինյանը հեռացել է «Տորպեդոյի» գլխավոր մարզչի պաշտոնից

«Սևանը» նշանակումից մոտ 1 ամիս անց բաժանվել է գլխավոր մարզչից

«Ուրարտու-2»-ը հաղթեց չեմպիոնին, «Ալաշկերտ-2»-ը և «Արարատ-2»-ը ջախջախեցին մրցակիցներին․ Առաջին խմբի 4-րդ տուրի արդյունքները (տեսանյութ)

Հայաստան Մ-19 – Լիբանան Մ-19 խաղի գոլերը (տեսանյութ)

«Լոկոմոտիվը» տուգանվել է 2 միլիոն 300 հազար դրամով

Հայաստանի Մ19 և Մ17 հավաքականները նոր մարզիչներ ունեն

2 թիմ 3-ական հաղթանակի շնորհիվ գլխավորում է աղյուսակը․ Առաջին խմբի 3-րդ տուրի արդյունքները (տեսանյութ)

Ծեծկռտուքի պատճառով անավարտ է մնացել «Վան» – «Լոկոմոտիվ» հանդիպումը

«Մակարավանքը» չի մասնակցի Հայաստանի առաջին խմբի առաջնությանը և գավաթի խաղարկությանը