Բիչախչյանի «մաստերկլասը»․ Ինչպես «Շիրակն» օգտվեց «Փյունիկի» խոցելի տեղերից - VNews
Բաժիններ

Բիչախչյանի «մաստերկլասը»․ Ինչպես «Շիրակն» օգտվեց «Փյունիկի» խոցելի տեղերից

«Շիրակը», հաղթելու մշտական ցանկությունից զատ, «Փյունիկին» պարտության մատնելու ևս 2 մեծ շարժառիթ ուներ․ նախ օգոստոսի 25-ին Գյումրիում նշվում էր քաղաքի օրը, իսկ զուտ մարզական պատճառն այն էր, որ «Շիրակը» նախորդ առաջնությունում սեփական հարկի տակ 2 պարտություն էր կրել «Փյունիկից»: Վրեժխնդիր լինելու լավագույն եղանակը հենց տոնական օրը հաղթանակ տոնելն էր:

«Փյունիկը» Գյումրի էր ժամանել նախորդ 4 պաշտոնական հանդիպումից 3-ում պարտություն կրելուց հետո: Եթե «Վուլվերհեմփթոնի» հետ դիմակայությունում գրանցված խոշոր հաշիվները ոչ ոքի համար անսպասելի չէին, ապա «Արարատին» 1-4 հաշվով զիջելը մտահոգվելու առիթ էր տվել: Ալեքսանդր Տարխանովն այս խաղի համար ընտրել էր ավանդական 4-1-4-1 սխեման: Աչքի զարնող միակ հանգամանքն այն էր, որ վնասվածք ունեցող Կառլեն Մկրտչյանի փոխարեն հենակետային գոտում հանդես էր գալիս Արտակ Եդիգարյանը:

Իսկ ահա Վարդան Բիչախչյանը նախապատվությունը տվել էր 4-4-2 կամ 4-4-1-1 սխեմային: Կազմում էլ միակ էական փոփոխությունը Հրայր Մկոյանի վերադարձն էր խաղադաշտ որակազրկման ժամկետի ավարտից հետո: Հստակորեն իմանալով «Փյունիկի» խաղաոճը՝ Բիչախչյանը որոշել էր իր թիմի ելույթը կառուցել ամուր պաշտպանության և հակագրոհների վրա: Պետք է ասել, որ «Շիրակն» ավելի վստահ ու արդյունավետ սովորաբար հանդես է գալիս հենց այն դեպքերում, երբ ստիպված չէ ցուցադրել նախաձեռնողական ֆուտբոլ:

Գյումրեցիները խաղի հենց մեկնարկից հրաժարվեցին գնդակի վերահսկողությունից ու պաշտպանվելիս սկսեցին գործել 4-4-2 սխեմայով: Եզրային կիսապաշտպանները՝ Արման Ասլանյանն ու Ժիրայր Մարգարյանը, մի փոքր ավելի բարձր էին տեղակայվել, քան կենտրոնում հանդես եկող Կարեն Մուրադյանը և Ռուդիկ Մկրտչյանը: Նպատակն այն էր, որ «Փյունիկի» եզրային ֆուտբոլիստները գնդակն ընդունելիս անմիջապես պրեսինգի հանդիպեին «Շիրակի» խաղացողների կողմից: Դա իսկապես ստացվում էր, քանի որ փոխչեմպիոնի եզրայինները տվյալ իրավիճակներում համարյա միշտ հետ փոխանցումներ էին կատարում դեպի կենտրոնական պաշտպանները:

«Փյունիկն» իր գրոհները կառուցում էր առավելապես կենտրոնով՝ Արտակ Եդիգարյանի գործուն մասնակցությամբ: «Շիրակի» հարձակվողները կամ մրցակցի գրոհների ժամանակ առաջին 2 պաշտպանները՝ Մուսա Փոլ Բակայոկոն և Մորի Կոնեն, հիմնականում թույլ էին տալիս, որ գնդակը բաժին հասնի Եդիգարյանին:

Հենց այդ ժամանակ էլ նահանջում էր Էրիկ Վարդանյան-Արտյոմ Սիմոնյան զույգից որևէ մեկն ու փորձում գրոհի շարունակության ուղիներ փնտրել: Սովորության համաձայն՝ կիսապաշտպանություն էր անընդհատ ժամանում նաև հարձակվող Արթուր Միրանյանն ու կա՛մ գնդակ ստանում, կա՛մ էլ իր գործողության միջոցով տարածություն բացում թիմակիցների համար:

«Փյունիկի» խաղն ակնհայտորեն չէր ստացվում: «Շիրակն» անչափ կարգապահ էր գործում պաշտպանվելիս և փակել էր մրցակցի առաջխաղացման գործնականում բոլոր ուղիները: Զգացվում էր, որ Գյումրին ներկայացնող թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստ հստակ գիտի, թե խաղադաշտի որ հատվածն է իր վերահսկողության տակ: Կար թիմային գերազանց շարժում, փոխապահովագրում և այլն: «Փյունիկն» անճարությունից սկսեց դիմել հեռահար հարվածների օգնությանը: Տեղի ունեցավ 2 հարված, որ դյուրին «պատառ» էր Վսևոլոդ Երմակովի համար:

Գյումրեցիները հազվադեպ էին բարձրից պրեսինգի դիմում՝ դա մերթընդմերթ կիրառելով մրցակցի ազատ հարվածների ժամանակ: Սակայն «Շիրակը» խաղային այդ բաղադրիչը նույնպես անթերի էր իրականացնում: «Փյունիկը», որի համար պարտադիր պայման է գրոհները ցածրից կարճ փոխանցումներով սկսելը, տեսնելով մրցակցի անհատական վերահսկողությունը, ստիպված կիրառում էր բարձրից երկար փոխանցումները, որից հետո գյումրեցիները վերադարձնում էին գնդակը:

Տեսնելով այս պատկերը՝ Տարխանովը Սերգեյ Շևչուկին հրահանգեց ավելի շատ տեղափոխվել կենտրոն և այնտեղ աջակցել Սիմոնյանին ու Վարդանյանին: «Փյունիկը» միայն առանց գնդակի ավելի լավ շարժվելով կարող էր պառակտել մրցակցի կանգուն պաշտպանությունը: Եվ դա ինչ-որ պահի ստացվեց:

Ներկայացված դրվագում Սիմոնյանը ստացավ գնդակը, նրան դիմավորեց «Շիրակի» աջ պաշտպան Բոգդան Միլիչիչը, իսկ Շևչուկն այդ ընթացքում կենտրոնից արագացում կատարեց դեպի ձախ կիսապաշտպանի դիրք:

Մուրադյանը, տեսնելով դա, թողեց իրեն վստահված հատվածը և գնաց Շևչուկի հետևից, Միլիչիչը չնկատեց այդ ամենն ու նույնպես ընթացավ այդ մրցակցի ուղղությամբ՝ «կարմիր գորգ» փռելով Սիմոնյանի առջև:

Վերջինիս անցումից և փոխանցումից հետո Միրանյանը նպաստավոր դիրքից չկարողացավ գրավել «Շիրակի» դարպասը: Դա բացառիկ դեպք էր առաջին խաղակեսում, քանի որ «Շիրակը» մնացած անգամներում հուսալի էր գործում նմանատիպ դրվագներում:

Սակայն կուռ պաշտպանությամբ խաղալը Բիչախչյանի միակ մտահղացումը չէր: Նա «Փյունիկի» խոցելի տեղերից օգտվելու կոնկրետ ծրագիր ուներ, որը բաղկացած էր 2 մասից: Առաջին հատվածը, որ հայտնվել էր «Շիրակի» գլխավոր մարզչի ուշադրության կենտրոնում, մրցակցի հենակետային գոտին էր: Բանն այն է, որ «Փյունիկը» գնդակը կորցնելու դեպքում նախընտրում է բարձր պրեսինգ սկսել, որին մասնակցում են հարձակման գծի բոլոր 5 ֆուտբոլիստները: «Փյունիկի» հարձակման և պաշտպանական գծերի միջև նման դեպքերում մնում է բավականին մեծ տարածություն, որը հսկում է միակ հենակետայինը, տվյալ դեպքում՝ Եդիգարյանը: «Կապույտների» այդ խնդրից նախորդ տուրում օգտվեց նաև «Արարատը»:

Սակայն նպատակ կար միակ հենակետայինին նույնպես «դուրս թողնելու» խաղից: Այդ գործառույթը պետք է իրականացներ Մուսա Փոլ Բակայոկոն, որը հիանալիորեն է կարողանում ազատ գոտիներ բացել թիմակիցների համար: Նա հենց այդպես էլ քանիցս գրավեց Եդիգարյանի ուշադրությունը և «կտրեց» «Փյունիկի» խաղային օղակների միջև կապը: «Շիրակի» պաշտպաններին հենց այդ նկատառումով էլ առաջադրանք էր տրվել գրոհները սկսելու դեպի մրցակցի հենակետային գոտի փոխանցումներով:

Ներկայացված դրվագում Բակայոկոն մրցակցի պրեսինգի ժամանակ անում է նույն գործողությունը:

Մարգարյանն էլ, աջից տեղափոխվելով կենտրոն, հայտնվում է հպարտ միայնության մեջ ու սկսում շատ սուր գրոհ:

«Շիրակը» հենց այս ոճով կառուցեց իր առաջին գոլային գրոհը: Սեփական կիսադաշտից փոխանցում կատարողն Աղվան Դավոյանն էր, Բակայոկոն իր հետ «տարավ» Եդիգարյանին:

Վերջինիս թիկունքում անարգել գնդակ ընդունեց իրավիճակը շատ ճիշտ գնահատած Մուրադյանը: Աջ պաշտպան Անտոնիո Ստանկովն այդ ժամանակ աչքի առջև էր պահում Ասլանյանին, ուստի իր դիրքը թողել էր Անտոն Բելովին: Մուրադյանի կողմից փոխանցում հետևեց Կոնեին, որը բարձր վարպետության արդյունքում գրավեց «Փյունիկի» դարպասը:

Բիչախչյանի մյուս մտահղացումը հակագրոհների ժամանակ «Փյունիկի» աջ եզրն օգտագործելն էր, ինչը թիմն ի կատար ածեց գոլային գրոհի դեպքում: Այնտեղ հանդես եկող Ստանկովը նախորդ հանդիպումներում էլ հաճախ էր միանում գրոհներին, սակայն ժամանակին չէր հասցնում նահանջել: «Շիրակը», գոլային գրոհից զատ, ևս մի քանի անգամ սպառնաց մրցակցի դարպասին հենց այդ եզրից ճեղքումներից հետո:

Երկրորդ խաղակեսում, կարելի է ասել, ոչինչ չփոխվեց խաղադաշտում: Տարխանովը ստվերում հայտնված Դենիս Մահմուդովի փոխարեն ասպարեզ դուրս բերեց Ալեքսանդր Գալիմովին, որը նույնպես գործում էր կիսապաշտպանության աջ եզրում: Բայց այդ քայլն էլ տապալվեց: «Փյունիկը» երկար ժամանակ ոչ միայն չէր կարողանում պահ ստեղծել մրցակցի դարպասի մոտ, այլև առհասարակ մոտենալ նրա տուգանային հրապարակին: Փոխչեմպիոնը ոչինչ չէր առաջարկում մրցակցի թիմային խաղի «կծիկը» բացելու համար: Անհատական բարձր վարպետությամբ օժտված Վարդանյանն ու Սիմոնյանն էլ հանդես եկան իրենց հնարավորություններից ցածր:

Իսկ հետո Բիչախչյանը կատարեց մրցակցին վերջնականապես տապալելու համար պահանջվող վերջին քայլը: Նա խաղադաշտ դուրս բերեց թիմի հին ու նոր ֆուտբոլիստ Սոլոմոն Իմե Ուդոյին, սակայն վերջինս պետք է խաղար ոչ թե իր համար ավանդական հենակետայինի դիրքում, այլ հարձակմանը շատ մոտ: Մտահղացումը հետևյալն էր՝ խաղադաշտից հեռացած Ասլանյանի փոխարեն հարձակման ձախ եզրը պետք է զբաղեցներ Բակայոկոն, իսկ Ուդոյին վստահվել էր Կոնեի թիկունքում հանդես գալու պարտականությունը:

Այստեղ կրկին առաջնային է Ստանկովի գործոնը: Վերջինս թիմի՝ գնդակը կորցնելուց հետո պարզապես չէր հասցնում փակել իր խաղային գոտին, իսկ երբեք չհոգնող Բակայոկոն, հայտնվելով նրա եզրում, պետք է հիմնովին «տանջահար աներ» պաշտպանին: Ուդոյից էլ հակագրոհների ժամանակ պահանջվում էր շարժվել «Փյունիկի» հենց աջ պաշտպանի գոտի, քանի դեռ Ստանկովը կփորձեր հասնել այնտեղ կամ էլ փակել Բակայոկոյին: Երկրորդ գոլային գրոհը ձեռնարկվեց հենց այդպիսի գործողության արդյունքում։ Ուդոն, ընդունելով գնդակը նշված հատվածում, մտածելու բավարար ժամանակ ունեցավ և գնդակը փոխանցեց Կոնեին, հենց որին էլ կրկին վիճակված էր թիմի ջանքերը գոլի վերածելը: Ստանկովն այդ ժամանակ էլ բարձր էր տեղակայվել ու հսկում էր Բակայոկոյին, ինչից էլ օգտվեց Ուդոն:

Մոտավորապես նույն ձև էլ կառուցվեց «Շիրակի» երրորդ գոլը: Եթե երկրորդ գոլի ժամանակ խորքից փոխանցում կատարողը Մարկո Պրլևիչն էր, ապա այս անգամ դա արեց մյուս կենտրոնական պաշտպանը՝ Մկոյանը: Նա կենտրոնական շրջագծի հարևանությամբ գտավ Ուդոյին, «Փյունիկի» կիսապաշտպանության կենտրոնում կրկին լիակատար ազատություն էին ստացել Բիչախչյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստները, նիգերիացի խաղացողն էլ որոշեց գնդակը շատ արագ հասցեագրել Կոնեին, որն էլ ամրագրեց «Շիրակի» հաղթանակը: Սոլոմոնը, մտնելով փոխարինման, իր հաշվին 2 «ասիստ» գրանցեց:

«Փյունիկը» փոխարինման մտած Ստանիսլավ Եֆիմովի ջանքերով վերջնամասում ստիպեց մրցակցի պաշտպանությանը վերջապես սխալվելու: Ռուս խաղացողի փոխանցումից հետո Միրանյանը կրճատեց հաշվի տարբերությունը, բայց հանդիպման ելքի հետ կապված վաղուց ոչ ոք այլևս կասկած չուներ՝ 3-1:

  • Տարխանովը մրցավեճից հետո խոստովանեց, որ «Փյունիկի» խնդիրներն առավելապես կապված էին հոգեբանական վիճակի հետ: Այնուամենայնիվ, սա նաև տակտիկական պարտություն էր: Երևանյան թիմը շատ կանխատեսելի էր գրոհում և այդպես պարզապես անհնար էր ճեղքել «Շիրակի» պես ամուր թիմի պաշտպանությունը:
  • Բիչախչյանը, ճիշտ գնահատելով մրցակցի թույլ կողմերը, քաղեց առավելագույնն այդ ամենից: «Շիրակի» ֆուտբոլիստները դրսևորեցին խաղային բարձր կարգապահություն ու մրցակցին թույլ չտվեցին ցուցադրելու իր կոմբինացիոն և սուր ֆուտբոլը: Գյումրեցիների կազմից կարելի է շատերին առանձնացնել, սակայն սա, առաջին հերթին, թիմային հաղթանակ էր, որում իր ավանդն ուներ կոնկրետ գոտում հստակ առաջադրանք իրականացնող յուրաքանչյուր խաղացող:
  • Եթե «Փյունիկն» «Արարատի» հետ հանդիպման առաջին խաղակեսում լավ տեսք ուներ և գրանցված 1-4 հաշիվն այդքան էլ չէր արտացոլում խաղադաշտում տեղի ունեցածը, ապա Գյումրիում կայացած մրցավեճում ամեն ինչ օրինաչափ էր: Հենակետային գոտում զգացվեց Մկրտչյանի բացակայությունը, քանի որ Եդիգարյանի համար դա ամենևին էլ լավագույն դիրքը չէ խաղադաշտում: «Շիրակի» պես հակագրոհային թիմի դեմ 1 հենակետային դուրս բերելը շատ ռիսկային քայլ էր Տարխանովի կողմից, որին 2 ձեռքով կողմ էր Բիչախչյանի թիմը:
  • Վտանգ կա, որ երևանյան թիմի խաղը կարող է ընթեռնելի դառնալ մրցակիցների համար: «Փյունիկը» բոլորի դեմ փորձում է գրեթե նույն ոճով հանդես գալ: Այո՛, գրոհները կառուցելու ուղղությունները և տարբերակները որոշ չափով փոխվում են ըստ մրցակցի, սակայն Տարխանովի կոլեկտիվում կան անհատ կատարողներ, որոնց վնասազերծելու դեպքում մյուս թիմերը շատ մեծ հնարավորություն են ունենում գրանցելու դրական ելք: Ընդ որում, դա կատարվում է ոչ թե անհատական հսկողության, այլ թիմային խիտ պաշտպանությամբ նրանց տարածությունից զրկելու միջոցով: Բացի այդ, թիմում կան լեգեոներներ, որոնք ոչնչով չեն տպավորում և լավ մարզավիճակում չեն, այդ թվում՝ Մահմուդովը, Ստանկովը, Բելովն ու Բուրզանովիչը:
  • «Շիրակը» շատ է սիրում մրցակիցների, որոնց դեմ կարող է խաղալ, այսպես կոչված, «երկրորդ համարով»: Սակայն գյումրեցիներն ունենում են անհարմարություններ այնպիսի թիմերի դեմ հանդիպումներում, երբ արդեն իրենք պետք է լինեն խաղ թելադրողի դերում: Մյուս կողմից, «Շիրակի» գլխավոր խնդիրը նախորդ մրցաշրջանում եղել է գոլային պահերի իրացման շատ ցածր տոկոսը, իսկ հիմա՝ Կոնեի ներկայությամբ, կարող է պատկերն այլ լինել: Թիմը վաղուց էր զգում այդպիսի՝ բարձր արագություն և գոլային հոտառություն ունեցող հարձակվողի կարիք։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Նոան» համալրել է թիմի մարզչական շտաբն ամբողջությամբ

Ռեկորդային մեկնարկ ունեցած և 6 միավորից ոչ իր մեղքով զրկված թիմը․ «Վանի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Տրանսֆերային ձմեռ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Փյունիկն» ընկերական հանդիպում կանցկացնի «Զենիթի» հետ

Հայկական ակումբից 12 ֆուտբոլիստ է հեռացել

Հայ կիսապաշտպանը հեռացել է «Արարատից»

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հեռացավ ղազախական ակումբից

Վահան Բիչախչյան․ «Կարիերայումս երկու աննկարագրելի պահ եմ ունեցել․ մեկը` հավաքականում, մյուսը՝ ակումբում»

Արման Հովհաննիսյանը կխաղա հայկական ակումբում

Հայաստանի լավագույն հարձակվողներից մեկը մոտ է «Նոա» տեղափոխվելուն

Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվեց ռուսական ակումբ

Նորեկն ամենաարդյունավետն էր 11մ հարվածով չպատժված թիմում․ «Ուրարտուի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Մաիլսոն Լիման հայտարարել է «Արարատ-Արմենիայից» հեռանալու մասին

Հայտնի են «Փյունիկի» մրցակիցները ընկերական խաղերում

Հայտնի է՝ որտեղ կկայանա «Փյունիկի» արտասահմանյան հավաքը

«Արարատ-Արմենիան» Եվրոպայի ամենաքիչ գոլ բաց թողած թիմն է․«Ատլետիկոն» ու «Արարատը»՝ լավագույնների թվում