fbpx
Բաժիններ

Արժանի 5 ֆուտբոլիստ, որ չի հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը երեկ հրապարակել է ընտրանու ամբողջական հայտացուցակը՝ նախատեսված ԵՎՐՈ2020-ի ընտրական փուլում Իտալիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանիների հետ հանդիպումների համար:

Ընտրանու առանցքային ֆուտբոլիստները, բացառությամբ վնասվածք ստացած Մարկոս Պիզելիի և առանց ակումբի մնացած Արաս Օզբիլիսի ու Յուրա Մովսիսյանի, հրավիրվել են հավաքական: Հայտացուցակի հետ կապված կան տարակարծություններ, բայց պետք է հաշվի առնել, որ մարզչական շտաբը խաղացողներին ընտրելիս հաշվի է առել նաև կոնկրետ մրցակիցների գործոնն ու նրանց առանձնահատկությունները:

Այնուամենայնիվ, VNews.am-ն առանձնացրել է Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող 5 ֆուտբոլիստի, որ իր ներկայիս մարզավիճակով արժանի էր հրավեր ստանալու ընտրանուց:

Գևորգ Կասպարով («Գանձասար-Կապան»)

Բարձրագույն խմբի առաջնության ամենատարեց մասնակից, 39-ամյա Կասպարովը հերթական անգամ անտեսվել է մարզչական շտաբի կողմից: Տարիքը՝ տարիք, բայց ֆուտբոլում ամենակարևորն ու որոշիչը ոչ թե անձնագրում նշված թիվն է, այլ ցուցադրած խաղը: Կասպարովը շարունակում է պահպանել գերազանց մարզավիճակ ու լավագույններից մեկն է մեր առաջնությունում: Նա հավաքականում գուցե չդիտարկվեր որպես հիմնական դարպասապահ, սակայն կարող էր հրավիրվել ու իր հսկայական փորձով օգնել ավելի երիտասարդ գործընկերներին:

Դարպասապահի դիրքում բազմաթիվ խնդիրներ ունենք: Արամ Հայրապետյանը չի մասնակցել «Ուրարտուի» վերջին 3 հանդիպումներին, թեև այդ հանգամանքը նրան դժվար թե խանգարի կրկին լինելու ընտրանու հիմնական դարպասապահը: Անատոլի Այվազովի, Գրիգոր և Արման Մելիքսեթյան եղբայրների մարզավիճակի մասին էլ կարելի է որոշ վերապահումներով խոսել: Այվազովը 1-2 տարի առաջ Հայաստանի ամենահեռանկարային դարպասապահն էր, սակայն մինչև վերջերս «մաշեցնում» էր «Ուրարտուի» պահեստայինների նստարանը:

Թեև 24-ամյա Արման Մելիքսեթյանը բաց է թողել «Նոայի» վերջին 2 մրցավեճը, նա էլ հեռանկարային դարպասապահ է ու թե՛ նախորդ առաջնության երկրորդ հատվածում, թե՛ այս առաջնության սկզբնամասում վստահ խաղ է ցուցադրել: Վերադառնալով Կասպարովի թեմային՝ նա նոր մեկնարկած առաջնությունում մասնակցել է 2 հանդիպման, բաց թողել 4 գոլ, որից 3-ը՝ «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում: Եթե Գևորգն այդ խաղերում բարձր վարպետություն չցուցադրեր, կապանյան թիմն անհամեմատ ավելի շատ գոլեր բաց թողած կլիներ:

Վարդան Շահատունի («Լոռի»)

Շարունակենք դարպասապահների թեման: 21-ամյա Շահատունին նոր մեկնարկած առաջնության հայտնություններից մեկն է ու «Լոռիի» հիմնական դարպասապահը: Մասնակցել է 3 մրցավեճի, բաց թողել 2 գոլ: Տարիքի համեմատ ցուցադրում է բավականին հասուն ֆուտբոլ, դարպասից ելքերի ժամանակ գործում է վստահ, ոտքով էլ լավ է խաղում: Նա էլ կարող էր լինել հավաքականում և փորձ կուտակել՝ մարզվելով փորձառու ֆուտբոլիստների կողքին:

Արմեն Գյուլբուդաղյանցը նախորդ հավաքներին մշտապես հրավիրում էր երիտասարդ դարպասապահ Հենրի Ավագյանին, թեև վերջինս շատ քիչ խաղաժամանակ էր ստանում «Ալաշկերտում»: Նպատակը պարզ էր՝ երիտասարդականի նախկին ֆուտբոլիստի հետ ապագայի հույսեր էին կապվում: Նա հիմա առանց թիմի է, և Շահատունուն էլ նույն տրամաբանությամբ կարելի էր ընդգրկել ընտրանու կազմում: Այս պատմության մեջ ամենազավեշտալին այն է, որ «Լոռիի» հիմնական դարպասապահը չի հրավիրվել նույնիսկ երիտասարդական հավաքական:

Գագիկ Դաղբաշյան («Ալաշկերտ»)

28-ամյա ձախ պաշտպանը չէր մասնակցել հավաքականի նաև նախորդ հավաքին: Խնդիրն այն ժամանակ նրա՝ ԵՎՐՈ2020-ի ընտրական փուլի առաջին հանդիպումներում ցուցադրած ոչ այդքան վստահ խաղն էր, ինչպես նաև ոչ գոհացուցիչ մարզավիճակը: Բայց Դաղբաշյանը նոր առաջնությունը լավ է մեկնարկել և կրկին ցուցադրում է իր լավագույն որակները: Այդ ֆուտբոլիստը մեր ակումբներում հանդես եկող այն եզակի եզրային պաշտպաններից մեկն է, որ հիանալիորեն է միանում գրոհներին, տիրապետում սուր և ճշգրիտ փոխանցումների:

Կամո Հովհաննիսյանին պաշտպանության ձախ եզրում օգտագործելն արդարացրեց իրեն ընտրանու վերջին խաղերում: Դա հաշվի առնելով՝ Դաղբաշյանը դժվար թե տեղ ունենար մեկնարկային կազմում, բայց նրան կարելի էր կիրառել առնվազն որպես պահեստային տարբերակ: Գագիկի փոխարեն հրավիրվել է «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ Արման Հովհաննիսյանը, որը կապանյան թիմում, ձախ պաշտպանի գոտուց զատ, շատ հաճախ հանդես է գալիս նաև որպես եզրային կիսապաշտպան: Նա նոր մրցաշրջանում հասցրել է 1 կարմիր քարտ ստանալ:

Գոռ Մալաքյան («Արարատ-Արմենիա»)

Նրա՝ հայտացուցակում չհայտնվելը հավաքականի մարզչական շտաբի միանշանակ ամենաանակնկալ որոշումն էր: 25-ամյա ֆուտբոլիստը տարատեսակ վնասվածքների ու խնդիրների պատճառով չէր մասնակցել ընտրանու նաև նախորդ հավաքներին, բայց հիմա իրերի դրությունն այլ է: Մալաքյանը տեղ է վաստակել Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ հասած ու խմբային փուլից 1 քայլ հետ մնացած «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմում: Առանց վարանելու կարելի է ասել, որ այս պահին գտնվում է իր կարիերայի լավագույն մարզավիճակում:

Հետաքրքիր է, որ Մալաքյանը 1-2 տարի առաջ հրավիրվում էր հավաքական ու հայտնվում հիմնական կազմում, երբ համեմատաբար ավելի վատ վիճակում էր, քան հիմա: Հենակետային գոտու համար Կառլեն Մկրտչյանի, Արտակ Գրիգորյանի և Ռումյան Հովսեփյանի հրավիրվելը որևէ կասկած չէր հարուցում, սակայն կարծես այդ դիրքում է դիտարկվելու նաև Արտակ Եդիգարյանը: Վերջինս, «Փյունիկում» խաղալով որպես հենակետային, իրեն այդքան էլ լավ չի դրսևորել: Արտակի պարագայում, ըստ ամենայնի, հաշվի է առնվել նրա ունիվերսալությունը:

Արտյոմ Սիմոնյան («Փյունիկ»)

24-ամյա խաղացողը վերջին տարիներին շատ «տանջվեց»՝ փնտրելով իրեն հարմար թիմ, սակայն «Ալաշկերտն» ու «Արարատը» չհամապատասխանեցին Սիմոնյանին: Փոխարենն իդեալական ստացվեց նրա՝ «Փյունիկում» հայտնվելը: Կիսապաշտպանը վերջապես գտավ թիմ, որը հարձակողական ոճի ֆուտբոլ է դավանում, հանդես է գալիս կարճ ու միջին տարածության փոխանցումներով: Ալեքսանդր Տարխանովը նաև որոշակի ազատություն է տվել Սիմոնյանին, նա կարողանում է ազատ ստեղծագործել ու կառավարել խաղը միջին գծում:

Սիմոնյանի հիասքանչ մարզավիճակը պարզորոշ զգացվել է թե՛ եվրագավաթային, թե՛ առաջնության հանդիպումներում: Նրա՝ հավաքականից հրավեր ստանալն ավելի հավանական էր թվում այն բանից հետո, երբ ցավով տեղեկացանք Մարկոս Պիզելիի վնասվածքի մասին: Սիմոնյանը մարզչական կազմի կողմից առնվազն կարող էր դիտարկվել որպես մի ֆուտբոլիստ, որ կմտներ փոխարինման ու անհրաժեշտ ստեղծարարություն կապահովեր հարձակման գծում, երբ լիներ դրա անհրաժեշտությունը:

Այդ դիրքում ընտրություն է կատարվել հօգուտ Հենրիխ Մխիթարյանի, Էրիկ Վարդանյանի և Պետրոս Ավետիսյանի: Ենթահարձակվողի գոտում անհրաժեշտության դեպքում կարող է խաղալ նաև Արմեն Համբարձումյանը: Եթե Մխիթարյանի թեման չի քննարկվում, ապա մյուսների հետ համեմատությամբ կարելի է վստահորեն արձանագրել, որ Սիմոնյանն իր ներկայիս մարզավիճակով առնվազն չի զիջում Բարձրագույն խմբում հանդես եկող 3 ֆուտբոլիստին:

Հ․ Գ․ Արծարծվել են այլ անուններ ևս՝ հանձինս Արտյոմ Խաչատուրովի, Արմեն Մանուչարյանի, Դավիթ Մանոյանի և այլն, սակայն այդ և մյուս դեպքերում հավաքականի մարզիչների ընտրությունը բավականաչափ տրամաբանական է ու ըմբռնելի՝ համեմատելով նրանց հրավիրված խաղացողների հետ: Հուսանք՝ «ընտրյալ» ֆուտբոլիստներն Արմեն Գյուլբուդաղյանցին և նրա օգնականներին թույլ կտան կյանքի կոչելու ծրագրված տակտիկական մոտեցումներն ու հաղթանակների գրավական կդառնան:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ընդամենը 1 խաղ, և Արամ Բարեղամյանը կդառնա «Ուրարտուի» ռեկորդակիրը

Հայաստանը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

Գագիկ Սիմոնյան․ «Ֆուտբոլիստները չհասցրին վերականգնվել նախորդ խաղից հետո» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Հուսով եմ՝ Եվրոպա լիգայի ամեն ինչն արդեն մոռացանք և հետ եկանք Հայաստանի առաջնություն» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» մրցաշրջանի առաջին պարտությունը «պարգևեց» «Արարատին» (տեսանյութ)

«Շիրակն» արգելակել է գերազանց մեկնարկից հետո (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Խաղերը վերլուծելիս հասկանում ենք, որ ամեն ինչ նորմալ է ընթանում, զուտ չենք իրացնում պահերը» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Հավասար արդյունքն արդարացի կլիներ» (տեսանյութ)

Ալեքսանդր Տարխանով․ «Օզբիլիսը դեռ լիարժեք պատրաստ չէ, քանի որ շատ ժամանակ է բաց թողել» (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Տղաները շատ ուժեղ ֆուտբոլ խաղացին» (տեսանյութ)

Վլադ Գոիանը՝ «Երևանը» գլխավորելու մասին․ «Միշտ ցանկացել եմ աշխատել արտասահմանում» (տեսանյութ)

Ինչպես «Ալաշկերտը» «խորտակեց» «Երևանին»․ VNews-ի ֆոտոշարքը

«Փյունիկը» հաղթեց «Գանձասար-Կապանին», Օզբիլիսը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

«Ալաշկերտը» ջախջախեց «Երևանին», «Լոռին» կամային հաղթանակ տոնեց «Ուրարտուի» նկատմամբ (տեսանյութ)