fbpx
Բաժիններ

Եթե մենք մի քանի րոպե ավելի շուտ կատարեինք 3-րդ փոփոխությունը, հրաշք գործելը շատ իրատեսական կլիներ

Հայաստանում տիրող եվրոպական ֆուտբոլի շունչը տեղափոխվեց ազգային հավաքականի հարթություն: Պատմության սեփականությանը հանձնելով եվրագավաթային մրցաշրջանը, որն արգասաբեր էր մեր ակումբների համար՝ ըմբոշխնեցինք Հայաստան – Իտալիա մրցավեճը: Դատելով խաղի ընթացքից ու արդյունքից՝ սա «բարոյական պարտություն» էր, բայց եկեք ավելի խորաթափանց հայացք գցենք հանդիպման վրա:

Արմեն Գյուլբուդաղյանցը մեկնարկային կազմի հետ կապված որևէ անակնկալ չէր մատուցել: Նա, ընտրելով 4-2-3-1 սխեման, Հունաստանի հավաքականի հետ հաղթական խաղի համեմատ ընդամենը 1 փոփոխություն էր կատարել, և նախորդ հավաքն իր հարսանիքի պատճառով բաց թողած Անդրե Չալըշըրը կրկին հանդես էր գալու առաջին րոպեից: Ենթահարձակվողի գոտու եզրերում Գևորգ Ղազարյանը և Տիգրան Բարսեղյանն էին, հարձակման կենտրոնն էլ վստահվել էր Ալեքսանդր Կարապետյանին:

Ինչ վերաբերում է Ռոբերտո Մանչինիին, ապա նա էլ փորձարկումների չէր դիմել ու նախապատվությունը տվել էր 4-3-3 սխեմային: Ֆուտբոլիստների ընտրության հարցում էլ ամեն ինչ նախապես կանխատեսելի էր, միակ ինտրիգը կապված էր կենտրոնական հարձակվողի դիրքի հետ: Իտալացի մասնագետն ի վերջո ընտրություն կատարեց Անդրեա Բելոտիի օգտին, ու ժամանակը ցույց տվեց, որ չսխալվեց:

Եվ այսպես, Հայաստանի հավաքականը մեկնարկային 10-15 րոպեի ընթացքում հզոր պրեսինգ էր կիրառում, և ակնհայտ էր, որ այդպիսով հետապնդում է արագ գոլ խփելու խնդիր: Իտալացիների համար դա կարծես «սառը ցնցուղի» պես մի բան էր, նրանք մրցակցից չէին սպասում նման համարձակ ու ագրեսիվ խաղ: Եվ այս պարագայում կարևորն այն է, որ մենք ոչ միայն կանխում էինք իտալացիների՝ կիսադաշտն անցնելու փորձերը, այլև կազմակերպում վտանգավոր հակագրոհներ:

Սպառնալից հարվածներ կատարեցին Կարապետյանն ու Տիգրան Բարսեղյանը: Հասկանալու համար, թե որքան մեծ էր մեր թիմի ճնշումը, հերիք է հետևել միայն Տիգրանի հարվածով ավարտված գրոհին: Երբ նա գնդակով էր, Իտալիայի հավաքականի տուգանային հրապարակում և դրա մատույցներում կար մեր թիմի 8 ֆուտբոլիստ: Ցավոք, Բարսեղյանը որոշեց հարվածել, այն էլ՝ շատ թույլ, մինչդեռ ձախից առանց հսկողության էր մնացել Գևորգ Ղազարյանը:

Արդեն գոլի «բույր» էր գալիս, և Կարապետյանը 11-րդ րոպեին բացեց հաշիվը: Բարսեղյանը, օգտվելով մրցակցի սխալից, անձամբ կազմակերպեց այդ արդյունավետ հակագրոհը: Հարկ է ընդգծել, որ մեր հարձակվողը ոչ այդքան նպաստավոր դիրքից ուղղակի հրաշալի հարված կատարեց, որն անորսալի էր Ջանլուիջի Դոնարումայի համար: Մեկնարկը ստացված էր: Բայց մերոնք խփած գոլից հետո հատվածներով էին գործարկում այն պրեսինգը, որ կար հանդիպման սկզբնամասում: Նպատակն ակներև էր՝ հարկավոր էր հավասարաչափ բաշխել ուժերը, ինչպես նաև հնարավորինս նվազեցնել բարձր պրեսինգի հետևանքով հետին գծում շատ բացեր առաջացնելու հավանականությունը, չէ՞ որ Իտալիայի հավաքականն ուշ թե շուտ «արթնանալու» էր:

«Սկուադրա Աձուրան» աստիճանաբար գտավ իր խաղն ու տիրեց բացահայտ առավելությանը: Ընդգծվեց նաև այն, թե հյուրերն ինչպես են փորձելու ճեղքել հայկական «ջոկատի» պաշտպանությունը: Իտալացիները նախապես հայտարարված 4-3-3-ի փոխարեն գրոհում էին 3-4-3 սխեմայով: Եվ այստեղ ամենակարևորը հետևյալն է՝ Մանչինիի թիմն ուրվագծել էր դաշտի տերերի կիսադաշտի կոնկրետ հատված, որը պաշարելով պետք է մասնատեր մեր պաշտպանական հենակետերը․ խոսքը Հայաստանի հավաքականի պաշտպանության աջ եզրի մասին է, որտեղից իտալացիները զարգացրին առաջին խաղակեսում ձեռնարկած գրոհների մոտ 80-90%-ը: Բայց աշխարհի քառակի չեմպիոնները մշակել էին այդ հատվածը ջլատելու հատուկ ռազմավարություն ևս:

Նոմինալ ձախ պաշտպան Էմերսոնն իր թիմի դիրքային գրոհների ժամանակ վերածվում էր այդ եզրում գործող կիսապաշտպանի կամ հարձակվողի: Աջ պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին ստացել էր իր եզրով առաջ չշարժվելու հրահանգ և անընդհատ գտնվում էր 2 կենտրոնական պաշտպանների կողքին: Հայաստանի հավաքականը պարզապես հանկարծակիի եկավ պաշտպանության աջ եզրում մրցակցի առաջացրած անսպասելի կուտակումներից: Թեև Հովհաննես Համբարձումյանն ու Բարսեղյանը համագործակցության խնդիր չունեին, քանի որ միասին ոչ վաղ անցյալում նույն ակումբում էին հանդես գալիս, նրանք հիմնականում չէին հասցնում կանխարգելել իտալացիների առաջխաղացումները:

Աջ եզրում ունեցած խնդիրները բազմաթիվ գործոններով խառնեցին մեր ընտրանու մարզչական անձնակազմի պլանները: Բարսեղյանն արդեն ստիպված էր շատ ավելի հետ քաշված գործել, որպեսզի Համբարձումյանը եզրում չմնար 2 մրցակցի դեմ: Եվ երբ մեր հավաքականը որոշում էր պրեսինգի դիմել, իտալացի 1 ֆուտբոլիստ մշտապես ազատ էր մնում, հենց որին էլ ի սկզբանե կոչված էր վերահսկելու ղազախական «Կայսարի» ռմբարկուն:

Իտալիայի հավաքականն այդ եզրից ճեղքումների շնորհիվ սկսեց մեկը մյուսի հետևից վտանգավոր պահեր ստեղծել, դեպքերից մեկում անհավանական փրկության հեղինակ դարձավ Արամ Հայրապետյանը: Իտալացիները վերջնականապես վերագտան իրենց խաղն ու մեծ թեթևությամբ էին կազմակերպում գնդակի տեղաշարժը: Էմերսոնի հետ ձախ եզրում գործում էր Ֆեդերիկո Կիեզան, որն առանց գնդակի իր աշխատանքով ուղղակի հոգնատանջ արեց հատկապես Համբարձումյանին: Իտալացի այդ ֆուտբոլիստը և հակադարձ եզրում գործող Ֆեդերիկո Բերնարդեսկին ժամանակ առ ժամանակ փոխվում էին եզրերով, որպեսզի ճնշումն էլ ավելի մեծ լիներ մեր պաշտպանության աջ եզրի ուղղությամբ: Վերոնշյալ 2 խաղացողները մեր ֆուտբոլիստներին ապակողմնորոշում և թիմակիցների համար տարածություն էին բացում, այսպես կոչված, կիսաեզրերում՝ աջ եզրայինի ու կենտրոնական պաշտպանի միջև գոյություն ունեցող տարածությունում կատարած տեղաշարժերի շնորհիվ:

Ընդ որում, իտալացիները կարողանում էին գրոհների ժամանակ քանակական առավելություն ստեղծել այդ եզրում: Էմերսոնին ու Կիեզա/Բերնարդեսկիին միանում էր կա՛մ Մարկո Վերատին, կա՛մ Ժորժինյոն: Այդ դուետից նրան, ով կներխուժեր եզր, պետք է փակեր արդեն մեր հենակետային Արտակ Գրիգորյանը, բայց եթե խաղի սկզբնամասում դա փորձառու ֆուտբոլիստին համարյա հաջողվում էր, ապա հետագայում նա բացահայտորեն չէր հասցնում անչափ խելացի ու արագ մտածող կիսապաշտպանների հետևից:

Իտալացիները հրաշալիորեն էին կատարում նաև գնդակը խաղադաշտի մի եզրից մյուսը տեղափոխելու գործառույթը: Եթե մեր պաշտպանության աջ եզրում սրություն էր ապահովվում քանակական առավելություն ստեղծելու, ցածրից փոխանցումների և արագության հաշվին, ապա ձախ եզրում պատկերն այլ էր: Ժորժինյոյի կամ Վերատիի կողմից հաճախ բարձրից փոխանցումներ էին հետևում դեպի Կամո Հովհաննիսյանի կամ կենտրոնական պաշտպաններից մեկի թիկունք: Գրոհելու այդպիսի եղանակը բնորոշ է հատկապես բոսնիացիներին, երբ խորքից նմանատիպ փոխանցումներ է կատարում Միրալեմ Պյանիչը: Այդուհանդերձ, իտալացիներին այդպիսի գործողությունները համարյա ոչինչ չտվեցին:

Եվ Իտալիայի հավաքականը հաշիվը հավասարեցրեց մեր կողմից այդքան մատնանշված աջ եզրից սկսած գրոհի շնորհիվ: Բարսեղյանի՝ անընդհատ Համբարձումյանին օգնելը ևս մեկ հարցում առավելություն տվեց մրցակցին: Կենտրոնական պաշտպան Ալեսիո Ռոմանյոլին կարողանում էր ստանալ գնդակը և իր առջև ունենում էր առաջ շարժվելու անհրաժեշտ տարածություն, ինչից հետո գրոհի ճիշտ շարունակություն էր ընտրում: Հենց դա աշխատեց առաջին գոլի դեպքում:

Ռոմանյոլիի սկսած գրոհի արդյունքում Էմերսոնը ձեռնունայն թողեց Բարսեղյանին, և Բելոտին, օգտվելով Անդրե Չալըշըրի դիրքային սխալից, հավասարեցրեց հաշիվը: Թվում էր՝ թե՛ խաղի ընթացքը, թե՛ գրանցված գոլը տանելու էին նրան, որ Իտալիայի հավաքականը շուտով արդեն առաջ էր անցնելու հաշվի մեջ: Իրավիճակն էլ ավելի վատթարացավ, երբ Կարապետյանը կասկածելի հանգամանքներում կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից: Թիմերը գնացին ընդմիջման:

Աբրահամ Խաշմանյանը վերջերս կարծիք էր հայտնել, որ 10 հոգով մնացող թիմին հաղթելը սովորաբար ավելի դժվար է դառնում, քանի որ այն վերածվում է ավելի համախմբված ու տրամադրված կոլեկտիվի: Հաշվի առնելով նաև այն, որ Գյուլբուդաղյանցը մեծ մոտիվատոր է և ունի կարևոր պահերին ճիշտ խոսքեր գտնելու ձիրք, երկմտանք չէր առաջացնում այն, որ մեր հավաքականն ընդմիջումից հետո ոչ թե անձնատուր է լինելու, այլ մաքառելու է խաղադաշտում: Առաջ ընկնենք ու արձանագրենք, որ այդպես էլ եղավ:

Իտալացիները սպասելի ճնշումով սկսեցին երկրորդ խաղակեսը: Նրանք աստիճանաբար մեծացնում էին սպառնալիքները մեր դարպասի ուղղությամբ: Մանչինին, ավելի հարձակողական դարձնելով իր թիմի խաղը, աջ պաշտպան Ֆլորենցիին նույնպես հրահանգել էր ակտիվորեն միանալ գրոհներին, ինչը տեղի չէր ունենում մինչև ընդմիջում: Գյուլբուդաղյանցը ճիշտ ժամանակին արձագանքեց: Կատարվեց 2 թիրախային փոփոխություն: Մեր եզրայինները՝ Ղազարյանը և Բարսեղյանը, դեղին քարտեր ունեին, մարզիչը որոշեց փոխարինել հենց Տիգրանին: Ամեն ինչ պարզ էր՝ իտալացիների գլխավոր թիրախը, ինչպես նշեցինք, մեր պաշտպանության աջ եզրն էր, ուստի Սարգիս Ադամյանը պետք է ամրապնդեր այդ դիրքը: Ուժասպառ եղած և սխալների քանակը շատացնող Գրիգորյանի փոխարեն էլ խաղադաշտ մտավ Ռումյան Հովսեփյանը: Պաշտպանվելիս գործում էինք 4-2-3 սխեմայով՝ կեղծ 9 համարի դերը վստահելով Հենրիխ Մխիթարյանին:

Այս փոփոխությունները կատարելապես տվեցին իրենց արդյունքը: Իտալիայի հավաքականը հետագա 15-20 րոպեների ընթացքում զբաղված էր միայն առանց վտանգի գնդակ գլորելով: Ադամյանի՝ խաղադաշտ դուրս գալով այլևս խոցելի չէր նաև մեր աջ եզրը, քանի որ Սարգիսը տակտիկապես շատ ավելի գրագետ ֆուտբոլիստ է, քան Բարսեղյանը, և նրանից պակաս վտանգավոր չէ նաև հակագրոհների ժամանակ: Իսկ իտալացիների դեպքում կար հետևյալ խնդիրը՝ նրանք չափից դուրս շատ էին թուլացել Կարապետյանի կարմիր քարտից հետո։ Քանի որ մինչ այդ մեծ առավելություն ունեին և դրա արդյունքում գոլ էին խփել, մտածել էին՝ հայերը 10 հոգով մնալու դեպքում կպառակտվեին ու մեծ ջանքեր գործադրել պետք չէր լինի հաղթանակ տոնելու համար: Նրանց սպասումները չարդարացան:

Ոչ միայն բավականին լավ էինք պաշտպանվում, այլև գերազանց հակագրոհներ կազմակերպում: Դրվագներից մեկում Հենրիխ Մխիթարյանը եթե հասցներ փոխանցում կատարել Ադամյանին, ապա վերջինս մեն-մենակ էր մնալու դարպասապահի դիմաց։ Էլ չենք խոսում Կամո Հովհաննիսյանի փառահեղ անցումների մասին: Փառահեղը՝ փառահեղ, բայց այստեղ էլ մի խնդիր կա: Ինչպես խաղից հետո ասաց Մանչինին, Կամոն իր արագության շնորհիվ շատ մեծ տարածություններ էր անցնում, բայց վերջնական արդյունքում իրական սպառնալիք չէր ստեղծում մրցակցի համար: Իտալացի մասնագետը երևի չհիշեց, բայց անցումներից մեկը կարող էր գոլով ավարտվել, երբ հարվածային դիրքում Մխիթարյանն էր: Այնուամենայնիվ, Հովհաննիսյանը պետք է կարողանա իր արագացումներից հետո X կետ հասնելու դեպքում նաև ճիշտ վերջաբան ընտրել, որպեսզի այդչափ ջանքերն ինչ-որ արդյունքի հանգեցնեն:

Կամոն իրավիճակներից մեկում կրկին որևէ մրցակցի չնկատեց իր ճանապարհին, բայց վատն այն է, որ թիմակցին էլ «անուշադրության մատնեց»: Նա արդեն պետք է փոխանցում կատարեր աջից լիակատար ազատության մեջ մնացած Ղազարյանին, բայց, չգիտես ինչու, որոշեց, որ բոլորին պետք է «մաքրեր» իր ճանապարհից ու հարվածային դիրք դուրս գար:

Մանչինին թարմացրեց հարձակման գիծը՝ մարտադաշտ նետելով Լորենցո Պելեգրինիին և Ստեֆանո Սենսիին: Այդ ընթացքում եզրերով փոխվում էին Ադամյանն ու Ղազարյանը: Սարգիսը Կամոյի ակտիվության րոպեների ընթացքում հայտնվեց ձախ եզրում: Դա երևի թե այն նկատառումով էր, որ խաղին լավ ներգրաված Ադամյանը հակագրոհների ժամանակ հասցներ Հովհաննիսյանի հետևից, ու գրոհներից մեկն ի վերջո ավարտեին դարպասի գրավումով:

Մեր եզրայինները վերջին 15 րոպեներին կրկին փոխվեցին դիրքերով, և այստեղ կարծես ճակատագրական իրադարձություն տեղի ունեցավ:

Ամեն ինչ նորմալ էր ընթանում, մարզչի առաջին 2 փոփոխությունները տեղին էին և արդարացրին իրենց, բայց ակնհայտ էր այն, որ շատ է հոգնել նաև Ղազարյանը: Դեռ ունեինք 1 փոփոխության հնարավորություն: Եթե Գևորգի փոխարեն վերջում ասպարեզ դուրս գար Էդգար Բաբայանը և ակտիվորեն աջակցեր «հոգնածություն» հասկացության հետ երբեք չառերեսված Կամոյին, ամեն ինչ գուցե կարգին մնար: Բայց այդպես չեղավ: Իտալիայի հավաքականն իր երկրորդ ու երրորդ գոլերը խփեց մեր հենց ձախ եզրից, որտեղ գործում էր Ղազարյանը:

Նա երկրորդ գոլային գրոհի սկզբնամասում պրեսինգի էր դիմել, մի կերպ հասցրել էր նահանջել պաշտպանություն, բայց չէր կարողացել գոնե ինչ-որ չափով խանգարելու գոլային փոխանցում կատարած Լեոնարդո Բոնուչիին:

Երրորդ գոլի դրվագում էլ Գևորգը չհասցրեց փոխարինման մտած Սենսիի հետևից, գրոհն էլ ավարտին հասցրեց Բելոտին, որը դուբլ ձևակերպեց: Կոնկրետ այս պարագայում իր մեղքի բաժինն ուներ նաև ոչ պակաս հոգնած Կառլեն Մկրտչյանը, քանի որ նա էլ շատ իներտ գործեց, գումարած՝ գնդակը դարպասաձողից անդրադարձվելուց հետո ուղղակի պատահականորեն դիպչեց Հայրապետյանին ու հայտնվեց դարպասում:

Եվ միայն այդ գոլից 2 րոպե անց Ղազարյանը փոխարինվեց, ու խաղադաշտ մտավ Բաբայանը: Այո՛, ոչ ոք չի հերքում, որ իտալացիները վարպետությամբ գերազանցում էին մեր թիմին, և դա ուշ թե շուտ կարող էր նրանց համար արդյունք ապահովել, սակայն վերջին փոփոխությունը չուշացնելը գուցե մեզ օգներ գրանցելու առնվազն ոչ-ոքի, ինչին այդքան մոտեցել էինք:

  • Դժվար է ասել՝ ինչպես կընթանար հանդիպումը, եթե Կարապետյանը մնար խաղադաշտում: Գուցե ամեն ինչ ավելի վատ ընթացք ունենար, քանի որ, ինչպես նշեցինք, 10 հոգով մնալը համախմբեց մեր տղաներին, իսկ իտալացիներին հոգեբանորեն թուլացրեց:
  • Մեր հավաքականի պաշտպանության կենտրոնի ելույթն էլ հակասական տպավորություն թողեց: Չալըշըրն ու Հարոյանը որոշ դրվագներում շատ վստահ խաղացին, բայց մի քանի դեպքերում էլ կոպիտ սխալներ թույլ տվեցին, որոնցից 2-ը մրցակցի գոլերով ավարտվեց: Մյուս կողմից, Իտալիայի հավաքականի պես մրցակցի հետ խաղում ուղղակի անհնար է 90 րոպե ոչ մի սխալ թույլ չտալ: Լավն այն է, որ Հարոյանը և Չալըշըրը շատ լավ են փոխլրացնում միմյանց: Պաշտպանական այս զույգը պայծառ ապագա ունի հավաքականում:
  • Այս հանդիպումը ևս մեկ անգամ հաստատեց մեր ընտրանու ձգտումների՝ իրատեսական լինելը: Չնայած պարտությանը, բոլորը վստահ են, որ Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը միայն հաղթանակի համար է պայքարելու բոսնիացիների հետ մրցավեճում: Այդ հանդիպումը մարտավարական և այլ առումներով էականորեն տարբերվելու է իտալացիների հետ խաղից, ուստի հետաքրքիր կլինի տեսնել, թե մեր մարզչական շտաբն ինչ լուծումներ է հրամցնելու մրցակցին:
  • Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ առաջիկա մրցավեճը պարզորոշ ցույց կտա՝ մեր ներկայիս հավաքականը որքանով է պատրաստ պայքարելու խմբում 2-րդ տեղը գրավելու համար: Մարզիչներն իրենց որոշումներով, ֆուտբոլիստներն էլ իրենց խաղով պիտի ապացուցեն, որ ունեն հավատ և ներուժ այդ առաքելության համար: Մինչ այդ պետք է վերականգնվել ֆիզիկապես․ ժամանակ ընդհանրապես չկա, իսկ մեր ֆուտբոլիստներից շատերի համար «Սկուադրա Աձուրայի» հետ այս հանդիպումն առավել քան հոգնատանջ էր: Մի նկատառում ևս․ հաղթանակներից հետո վերականգնվելը միշտ էլ ավելի հեշտ է, քան պարտություններից հետո, ուստի հայ խաղացողներից կրկնակի ջանքեր են պահանջվելու:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հայաստանը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

«Եղբա՛յր, բում նորամուտ էր»․ Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

Որ երբեք չմոռացվի… Հայաստանի հավաքականի խելացնոր խաղերը Իտալիայի և Բոսնիայի դեմ (ֆոտոպատմություն)

Ֆինլանդիա – Հայաստանի խաղի տոմսերի վաճառքը սկսված է

ՈւԵՖԱ-ն ցույց է տվել Հենրիխ Մխիթարյանի գոլը Բոսնիայի դարպասը բոլոր անկյուններից (տեսանյութ)

ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլը հատեց հասարակածը. ի՞նչ պատկեր ստացվեց խմբերում

Մխիթարյանը, Համբարձումյանը և Ռոնալդուն՝ ԵՎՐՈ2020-ի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Ֆրանսիան «խաթարեց» Անդորրայի անդորրը, Թուրքիան նույնպես վերելքի ուղին է բռնել (տեսանյութ)

Ռոնալդուի պոկերը հաղթանակ պարգևեց Պորտուգալիայի հավաքականին (տեսանյութ)

Անգլիան և Կոսովոն միասին 8 գոլ խփեցին, Չեխիան էլ վստահ հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Ինչ էր կատարվում Հայաստանի հավաքականի հանդերձարանում բոսնիացիների նկատմամբ հաղթանակից հետո (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականը PES 2020-ում (նկար)

Podcast #5. «Մեռնեմ ձեր սրտին». Հայաստանի հավաքականը՝ Իտալիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի դեմ

Հայրապետյանը ԵՎՐՈ 2020 ընտրական փուլի ամենաշատ սեյվ արած 3 դարպասապահներից մեկն է

Ինչպես Գյուլբուդաղյանցը «հող նախապատրաստեց» բոսնիացիների մարզչի հրաժարականի համար

Բոնուչին արձագանքել է Ալեքսանդր Կարապետյանի մեղադրանքներին