fbpx
Բաժիններ

Ինչպես Գյուլբուդաղյանցը «հող նախապատրաստեց» բոսնիացիների մարզչի հրաժարականի համար

Թեև պարտվել էինք Իտալիայի հավաքականին, վստահություն կար, որ Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ մրցավեճում մեզ համար միայն հաղթանակն է լինելու ընդունելի արդյունք: Եթե մենք մի ամբողջ խաղակես 10 հոգով մարտնչել էինք «Սկուադրա Աձուրայի» դեմ ու միայն խաղավերջում 2 գոլ բաց թողել, ապա բոսնիացիների հետ հանդիպմանը կարող էինք պայքարել ավելիի համար:

Արմեն Գյուլբուդաղյանցի ընտրած մեկնարկային կազմը տարակարծությունների տեղիք տվեց: Նախորդ հանդիպման համեմատ կատարվել էր 3 փոփոխություն․ չկար որակազրկված Ալեքսանդր Կարապետյանն ու նրա փոխարեն հիմնական կազմում էր հայտնվել Սարգիս Ադամյանը: Եթե հենակետային գոտում Արտակ Գրիգորյանի փոխարեն Ռումյան Հովսեփյանի հայտնվելը կանխատեսելի էր, ապա Անդրե Չալըշըրին պահեստայինների նստարանին թողնելն ու պաշտպանության կենտրոնում Հայկ Իշխանյանին վստահելը դժվար էր կանխագուշակել: «Գյոթեբորգի» պաշտպանը վատ հանդես չեկավ իտալացիների դեմ, բայց «Ալաշկերտի» ֆուտբոլիստն էլ հույների հետ արտագնա խաղում էր լավ տպավորություն թողել: Բացի այդ, բոսնիացիները շատ վտանգավոր պետք է լինեին երկրորդ հարկում, իսկ Իշխանյանն այդ առումով ավելի օգտակար կարող էր լինել հավաքականին:

Մեր ընտրանու գլխավոր մարզիչը հետաքրքիր «գունազարդում» էր տվել հարձակման գծին: Գծագրված սխեման ժամանակ առ ժամանակ փոփոխվում էր՝ դառնալով 4-3-3 կամ 4-4-2: Կար տպավորություն, որ վերջապես եկել է Արթուր Միրանյանի՝ հիմնական կազմում հայտնվելու ժամանակը, առավել ևս, որ չէր լինելու Կարապետյանը: Սակայն մարզիչը որոշեց ոչ թե նմանօրինակ պարզ լուծում գտնել, այլ մի իսկական գլուխկոտրուկ հնարել մրցակցի համար: Գևորգ Ղազարյանը և Սարգիս Ադամյանն անընդհատ փոխվում էին դիրքերով, ու եթե մեկնարկային րոպեներին հարձակման կենտրոնում առաջինն էր, ապա հետո՝ երկրորդը, և այդպես նաև ընդմիջումից հետո: Քանի որ մեր հարձակման գծի ֆուտբոլիստները հիանալի էին կազմակերպում այդ տեղաշարժը, և ամեն ինչ սահուն էր ընթանում, Ռոբերտ Պրոսինեչկիի գլխավորած թիմը մրցակցի արագ գրոհների ժամանակ չէր հասցնում վերլուծել՝ ում պետք է փակի և ինչպես: Կար ևս մեկ անակնկալ, որը կներկայացնենք քիչ անց:

Առհասարակ, լավ է, որ Հենրիխ Մխիթարյանը տեղակայվել էր հարձակման կենտրոնին շատ մոտ և ստիպված չէր անընդհատ նահանջելու, ինչպես հաճախ է եղել հավաքականում․ Հովսեփյանի ներկայությունը հենակետային գոտում այդ առումով զգալ տվեց: Մերոնք այս խաղը սկսեցին այնպես, ինչպես Իտալիայի հավաքականի հետ հանդիպումը, այսինքն՝ բարձր պրեսինգով, ճնշումով ու ագրեսիվությամբ: Դա գուցե անակնկալ էր մրցակցի համար, որովհետև մենք Սարաոևոյում ավելի շատ դիրքային պաշտպանություն էինք իրականացնում, և պրեսինգ լինում էր խաղադաշտի միայն որոշ հատվածներում: Այդ ամենը կարող էր չարկատակ խաղալ Հայաստանի ընտրանու հետ, որովհետև Էդին Ջեկոն դրվագներից մեկում մեն-մենակ էր մնացել Արամ Հայրապետյանի դիմաց, ու միայն դարպասաձողն օգնության հասավ մեր թիմին: Գործեց ֆուտբոլային չգրված օրենքը: Ինչպես իտալացիների հետ խաղում էր, այս անգամ էլ հաջողվեց արագ գոլ խփել, սակայն եթե այն դեպքում մենք օգտագործեցինք հակագրոհը, ապա այստեղ խոսքը դիրքային գրոհի մասին է: Խելահեղ հանդիպում անցկացրած Հովհաննես Համբարձումյանը գնդակը թողեց Տիգրան Բարսեղյանին, որն էլ «կլորն» ուղարկեց տուգանային հրապարակ: Հենց այստեղ էլ անդրադառնանք մեր մարզչական շտաբի պատրաստած մյուս «ծուղակին»:

Այնպես էր ծրագրված, որ Մխիթարյանն ու Ադամյանը գրոհների եզրափակիչ հատվածում պետք է միասին և համարյա կողք կողքի հայտնվեին մրցակցի տուգանային հրապարակում՝ այդպիսով խուճապի մատնելով «ախոյանին»: Քանի որ երկուսն էլ չափից դուրս գրագետ և առանց գնդակի լավ շարժվող ֆուտբոլիստներ են, կկարողանային ապակողմնորոշել բոսնիացիներին ու արդյունքի հասնել: Մի քանի անգամ ականատես եղանք այդպիսի իրավիճակների:

Եվ առաջին գոլային գրոհը հենց այդպես իրագործվեց: Հենրիխը և Սարգիսը միմյանց կրկին շատ մոտ էին կանգնած, «Հոֆենհայմի» խաղացողը գնդակն իր ոտքերի արանքով թողեց «Ռոմայի» նորեկին, որն էլ մնացյալն արեց բարձր վարպետությամբ ու բացեց հաշիվը:

Բոսնիացիների մարտավարությունում որևէ փոփոխություն չէր եղել, եթե այս հանդիպումը համեմատենք Սարաևոյում կայացած մրցավեճի հետ: Նրանց բոլոր գրոհները զարգանում էին Միրալեմ Պյանիչի միջոցով, և գլխավոր նպատակը խորքից բարձրից փոխանցումներ կատարելն էր հարձակման գծի ֆուտբոլիստների, հիմնականում՝ Էդին Ջեկոյի ուղղությամբ: Հյուրերը կիրառում էին նաև դեպի մեր պաշտպանների թիկունք կատարվող փոխանցումները, որոնք իրենց մեջ մեծ վտանգ էին պարունակում: Խաղի սկզբում Ջեկոյի վտանգավոր հարվածով ավարտված գրոհը հենց այդպես էր ստեղծվել:

Մրցակցին հաջողվեց գոլ բաց թողնելուց ընդամենը 10 րոպե անց հավասարեցնել հաշիվը: Այդ դրվագում հրաշալի խաղաց Ամեր Գոյակը, որն անհատական վարպետության հաշվին խաբս տվեց Համբարձումյանին և գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ: Այնտեղ անհամաձայնություն եղավ պաշտպանների ու դարպասապահի միջև, բայց փոխանցումն այնպիսի հետագծով էր կատարվել, որ պաշտպանների համար բարդ էր վերադասավորվելը, ուստի Հայրապետյանը պետք է ընդառաջ դուրս գար ու հեռացներ գնդակը:

Հավասար հաշվի պայմաններում երկուստեք բավականին ագրեսիվ և արագ ֆուտբոլ էր ընթանում: Դաշտի տերերը փորձում էին կոմպակտ խաղալ պաշտպանությունում և ավելի շատ ապավինել արագ հակագրոհներին: Թիմը պաշտպանվում էր 4-4-2 սխեմայով:

Այս պարագայում պաշտպանության աջ եզրին հաճախ օգնության էր հասնում Տիգրան Բարսեղյանը, իսկ ձախին՝ Սարգիս Ադամյանը, թեև նա ու Ղազարյանը կրկին փոխվում էին դիրքերով: Հավաքականի 3-րդ անընդմեջ մրցավեճում գոլային փոխանցման հեղինակ դարձած Բարսեղյանն առաջին խաղակեսում, ի տարբերություն նախորդ հանդիպման, հասցնում էր փակել իր գոտին, թեև երբեմն սխալվում էր մրցակցի կիսադաշտում, ինչի պատճառով բոսնիացիները հակագրոհում էին (խաղի ընթացքում 17 անգամ կորցրել է գնդակը):

Ուշագրավ լուծում էր նաև այն, որ մեր հավաքականը գրոհում էր գերազանցապես աջ եզրով: Դա հերթական «թակարդն» էր մրցակցի համար: Թող զարմանալի չթվա, որ ռեակտիվ Հովհաննիսյանն այս մրցավեճում հազվադեպ էր միանում գրոհներին: Մրցակիցը, իհարկե, ուսումնասիրած կլիներ Կամոյին և նրա նկատմամբ ուշադիր գործելու ծրագիր կունենար: Հետևաբար, ձախ պաշտպանը համարյա չէր գնում առաջ, իսկ Համբարձումյանը, գրոհներին աջակցելու թույլտվություն ստանալով մարզչից, փայլեց լավագույն կողմերով, ինչը ցույց կտա դիմակայության նաև հետագա ընթացքը: Հյուրերը հաստատ չէին սպասում նման զարգացման՝ հաշվի առնելով ոչ միայն Կամոյի գործոնը, այլև այն, որ Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու պաշտպանության ձախ եզրում գործում էր և Համբարձումյանի ու Բարսեղյանի առաջխաղացումներին պետք է դիմագրավեր աստղային Կոլաշինացը:

Այդուհանդերձ, առաջին խաղակեսի երկրորդ հատվածում մենք կրկին խնդիրներ ունեցանք: Ինչու՝ կրկին, որովհետև նույն պատկերն էր նաև Իտալիայի հավաքականի հետ խաղում: Ինչքան էլ ասենք, թե այդ մրցավեճում կարմիր քարտը վճռորոշ էր, միևնույնն է, մինչ դա էլ իտալացիները բացահայտ առավելություն ունեին ու անդադրում գրոհներ էին կազմակերպում: Բոսնիացիների դեպքում էլ ճնշումը մեծ էր: Դրվագներից մեկում փրկօղակ հանդիսացավ Հայրապետյանը, մյուսում էլ հարվածային դիրքում Ջեկոն էր, բայց բախտի բերմամբ կամ պատահմամբ շեղ հարվածեց: Սա ահազանգ էր: Ընդմիջումը եղավ ճիշտ ժամանակին, քանի որ մրցակցի գոլը հասունանում էր:

Երկրորդ խաղակեսի մեկնարկը կրկին ընդգծեց այն հստակ խաղաոճը, որ ձեռք է բերել Հայաստանի հավաքականը: Թե՛ առաջին, թե՛ երկրորդ խաղակեսերի մեկնարկում փորձում ենք «շնչահեղձ անել» մրցակցին ու արագորեն հաջողության հասնել:

Տղաները գրոհներն անցկացնում էին շատ մեծ ուժերով: Ադամյան-Ղազարյան-Բարսեղյան եռյակից զատ, մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում էին նաև Մխիթարյանը, եզրայիններ Հովհաննիսյանը և Համբարձումյանը, հենակետայիններ Կառլեն Մկրտչյանն ու Հովսեփյանը ևս: Այսինքն, մեծ շրջափակման մեջ էին առել մրցակցին:

Մխիթարյանի փոխանցումից հետո հարվածային դիրքում հայտնվեց Ադամյանը, սակայն նպաստավոր դիրքից վրիպեց: Այդուհանդերձ, ճնշումը տվեց իր արդյունքը, կատարյալ աշխատեց Հովսեփյան-Համբարձումյան-Մխիթարյան կոմբինացիան: Ռումյանի հաշվենկատ փոխանցումը որոշիչ էր, ու նաև դրա համար էր Գյուլբուդաղյանցը հենց նրան դուրս բերել խաղադաշտ․ Հովսեփյանը շատ ստեղծարար հենակետային է և լավ է տեսնում խաղադաշտն ու ֆիքսում թիմակիցների շարժումները (փոխանցումների ճշգրտությունն այս հանդիպմանը՝ 96%):

Ցավոք, շատ արագ էլ գոլ ընդունեցինք: Փաստորեն, 2 դեպքում էլ գոլ բաց թողեցինք մեր պաշտպանության աջ եզրից, սակայն եթե առաջին դեպքում Համբարձումյանն ուներ մեղքի որոշակի բաժին, ապա այս դեպքում գոլային փոխանցում կատարած Կոլաշինացին պարտավոր էր փակել Բարսեղյանը, որն ուշացումով նահանջեց և ոչինչ չկարողացավ անել: Մեր պաշտպանության կենտրոնը նույնպես հերթական վրիպումը թույլ տվեց:

Եկավ հանդիպման ամենաբարդ ժամանակահատվածը: Բոսնիացիների ճնշումը մեծացավ, գոլային պահերն էլ հաջորդում էին իրար: Ակնհայտ էր, որ Իտալիայի դեմ 90 րոպե խաղացած և այս մրցավեճում էլ պարզապես անհավանական ֆուտբոլ ցուցադրած Մկրտչյանը, ինչ-որ տեղ նաև Հովսեփյանն արդեն հոգնել էին, ու մրցակիցն էլ իր գրոհները շատ հեշտությամբ զարգացնում էր մեր հենց հենակետային գոտու միջոցով:

Գյուլբուդաղյանցը չէր շտապում փոփոխություններ կատարելու հարցում, ամեն ինչ պետք էր շատ մանրակրկտորեն հաշվարկել: Հենց այդ դժվարին պահին պետք է երևար մեր գլխավոր մարզչի՝ խաղի վրա ազդելու և որոշիչ փոփոխություն կատարելու որակները:

Ինչպես նա հետագայում նշեց, այդ պահին փորձում էին հասկանալ՝ հենակետայիններից ով է ավելի շատ հոգնել, որպեսզի դիմեին փոփոխության: Ի վերջո, հեռացավ Մկրտչյանը, և թարմ ուժերով խաղադաշտ մտավ Արտակ Գրիգորյանը: Դա Գյուլբուդաղյանցի շախմատային քայլն էր: «Ալաշկերտի» ֆուտբոլիստն իրեն հատուկ ագրեսիվ ոճով ներգրավեց հանդիպմանը և ընդամենը 2 րոպե անց կենտրոնում խլեց գնդակը մրցակցից՝ սկիզբ դնելով մեր երրորդ գոլային գրոհին: Հերթական գլուխգործոցն արարեց Մխիթարյանը, իսկ Համբարձումյանը խփած գոլով պարգևատրվեց այս խաղում իր կատարած անասելի մեծ աշխատանքի համար (հաղթել է մասնակցած 10 մենապայքարից 7-ում):

Ուշագրավ է, որ դեռ մինչև երրորդ գոլը նախապատրաստվել էր Էրիկ Վարդանյանի փոփոխությունը, ինչը նշանակում էր՝ մեր թիմն այդ խաղում պայքարում էր միայն ու միայն հաղթանակի համար, և Գյուլբուդաղյանցը պատրաստվում էր «զոհաբերել» մյուս հենակետայինին՝ Հովսեփյանին: Եթե մեր մարզիչն իմանար, որ թիմը խփելու է երրորդ գոլը, Էրիկին գուցե չմտցներ խաղադաշտ, սակայն ֆուտբոլիստն այդ պահին արդեն ասպարեզ մտնելու շեմին էր, ուստի նրան հետ ուղարկելը մի փոքր սխալ կլիներ և կարող էր հոգեբանական լուրջ հարված դառնալ երիտասարդ ու շնորհաշատ խաղացողի համար․ Վարդանյանը վաղուց էր սպասում այդ շանսին:

Մեր հավաքականն այդքանով չբավարարվեց ու խփեց նաև չորրորդ գնդակը: Սլացիկ հակագրոհ, և փառահեղ հաղթանակն արդեն պատմության սեփականությունն է՝ 4-2:

  • Թիմային խաղով կերտված հաղթանակներում հերոսներ սովորաբար չեն առանձնացվում, ուստի պետք է բոլորին էլ հատ-հատ անդրադառնալ: Արամ Հայրապետյանը, Իլշատ Ֆայզուլինի թեթև ձեռքով «Ուրարտուում» հայտնվելով պահեստայինի դերում, հավաքականում շարունակում է փրկչի դեր կատարել: Նա բոսնիացիների հետ մրցավեճում էլ մեծապես նպաստեց մեր հաղթանակին: Արամին ոչ մի դեպքում չես անվանի իդեալական դարպասապահ՝ սկսած դարպասից ելքերի որակով մինչև ոտքով խաղ, բայց նա այդ ամենը փոխհատուցում է անսահման նվիրվածությամբ, հայրենասիրությամբ և «ինքնապատռվելու» հոգեբանությամբ:
  • Միգուցե չենք սխալվի, եթե ասենք՝ Հովհաննես Համբարձումյանն անցկացրեց իր կարիերայի լավագույն հանդիպումը: Դա կարելի էր նշել նույնիսկ այն դեպքում, եթե նա գոլի հեղինակ դարձած չլիներ: Հովհաննեսը խփեց գոլ, կատարեց արդյունավետ փոխանցում, առանցքային մասնակցություն ունեցավ մյուս 2 գոլային գրոհներին: Անձնուրաց ֆուտբոլ ցուցադրեց։
  • Կառլեն Մկրտչյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ, անկախ մարզավիճակից կամ ունեցած ցավերից, անգնահատելի ֆուտբոլիստ է մեր հավաքականի համար: Խաղադաշտում իրենց հայտնվելն արդարացրին նաև Հովսեփյանը և Ադամյանը: Լավ մակարդակի վրա հանդես եկան Կամո Հովհաննիսյանն ու նրա փոխարեն խաղադաշտ մտած Արման Հովհաննիսյանը: Մխիթարյանի մասին լռում ենք․ նա այդ օրն աներևակայելի էր:
  • Հատկապես երկրորդ խաղակեսի ընթացքում թվում էր, թե Բարսեղյանին կամ Ղազարյանին արդեն փոխարինելու ժամանակն է, բայց մարզիչները համբերություն դրսևորեցին և պարգևատրվեցին: «Կայսարի» ֆուտբոլիստն առանցքային դերակատարություն ունեցավ վերջին 2 գոլային գրոհների ժամանակ, ԱԵԼ-ի խաղացողն էլ՝ չորրորդ գոլի դեպքում:
  • Եթե չհաղթեինք, պաշտպանության բացերի մասին ավելի շատ կխոսվեր: Փաստն այն է, որ մենք անընդհատ գոլեր ենք բաց թողնում եզրային փոխանցումներից հետո: Ընդհանուր առմամբ, Վարազդատ Հարոյանի և Հայկ Իշխանյանի ելույթը կարելի է դրական գնահատել: Մեր պաշտպանները միշտ ամենաքննադատվողների շարքում են, բայց առայժմ չի եղել դեպք, որ նույն Իշխանյանը վատ հանդիպում անցկացրած լինի հավաքականում: Այնուամենայնիվ, Հարոյանն էլ խաղից հետո ընդունեց, որ հետագա հաջողությունների համար պետք է աշխատեն այդ թերությունների ուղղությամբ:
  • Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականն ընտրական փուլում մինչ այս անցկացրած հանդիպումներում 7 գոլ էր բաց թողել, բոլորն էլ՝ երկրորդ խաղակեսերում: Մեր թիմը, հաշվի առնելով այդ փաստը, հիմնական ագրեսիվությունը դրսևորեց հենց ընդմիջումից հետո, և արդյունքն այն էր, որ մեր 4 գոլերից 3-ը խփեցինք հենց երկրորդ խաղակեսում: Ի դեպ, Պրոսինեչկին այս պարտությունից հետո հրաժարական տվեց ու հեռացավ զբաղեցրած պաշտոնից:
  • Իսկ մարզչական հաղթանակն ակնառու էր: Դեռ մի կողմ թողնելով տակտիկական բոլոր գործողությունները՝ խոսենք հոգեբանության մասին: Հայկական ակումբները և տարբեր տարիքային հավաքականները միշտ տառապել են բաց թողած գոլից հետո ընկճվելու «սինդրոմով»: Այս հավաքականն այդ խնդիրը չունի: Մենք բոսնիացիների հետ խաղում 2 անգամ առաջ էինք անցել հաշվի մեջ, 2 դեպքում էլ արագորեն գոլ ընդունել, սակայն դրանից մարտական ոգին չէր տուժել: Այդ հոգեբանությունը հենց մարզիչների աշխատանքի արդյունքն է: Ներկայիս հավաքականն ունի բնավորություն․ դա ամենակարևորն է:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Եղբա՛յր, բում նորամուտ էր»․ Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

Որ երբեք չմոռացվի… Հայաստանի հավաքականի խելացնոր խաղերը Իտալիայի և Բոսնիայի դեմ (ֆոտոպատմություն)

Պրոսինեչկիի հրաժարականը չի ընդունվել

Ֆինլանդիա – Հայաստանի խաղի տոմսերի վաճառքը սկսված է

ՈւԵՖԱ-ն ցույց է տվել Հենրիխ Մխիթարյանի գոլը Բոսնիայի դարպասը բոլոր անկյուններից (տեսանյութ)

ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլը հատեց հասարակածը. ի՞նչ պատկեր ստացվեց խմբերում

Մխիթարյանը, Համբարձումյանը և Ռոնալդուն՝ ԵՎՐՈ2020-ի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Ֆրանսիան «խաթարեց» Անդորրայի անդորրը, Թուրքիան նույնպես վերելքի ուղին է բռնել (տեսանյութ)

Ռոնալդուի պոկերը հաղթանակ պարգևեց Պորտուգալիայի հավաքականին (տեսանյութ)

Անգլիան և Կոսովոն միասին 8 գոլ խփեցին, Չեխիան էլ վստահ հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Ինչ էր կատարվում Հայաստանի հավաքականի հանդերձարանում բոսնիացիների նկատմամբ հաղթանակից հետո (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականը PES 2020-ում (նկար)

Podcast #5. «Մեռնեմ ձեր սրտին». Հայաստանի հավաքականը՝ Իտալիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի դեմ

Հայրապետյանը ԵՎՐՈ 2020 ընտրական փուլի ամենաշատ սեյվ արած 3 դարպասապահներից մեկն է

Բոնուչին արձագանքել է Ալեքսանդր Կարապետյանի մեղադրանքներին

Հենրիխ Մխիթարյանի անհատական վիճակագրությունը Բոսնիայի հետ խաղում