Արամ Բարեղամյանն այսօր պատմություն կերտեց - VNews
Բաժիններ

Արամ Բարեղամյանն այսօր պատմություն կերտեց

«Երևանի» հետ առաջնության 8-րդ տուրի հանդիպումը հիշարժան էր «Ուրարտուի» 31-ամյա ավագ Արամ Բարեղամյանի համար, որը հարազատ ակումբի մարզաշապիկով 173-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ և դարձավ թիմի կազմում Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրը: Բարեղամյանը գերազանցեց Սամվել Մելքոնյանի ռեկորդը, որն «Ուրարտուում» (նախկին «Բանանցում») ՀՀ առաջնություններում 172 խաղ էր անցկացրել:

Մելքոնյանը «Բանանցում» իր վերջին հանդիպումն անցկացրել էր 2011թ.: Այնպես որ 8 տարի պահանջվեց նրա ռեկորդային ցուցանիշը գերազանցելու համար: ՀՀ առաջնություններում 94 խաղի մասնակցած Բարեղամյանն այդ ժամանակ արդեն թիմում չէր: Սակայն, մինչև Բարեղամյանը, թիմի նոր ռեկորդակրի տիտղոսին հավակնում էին ևս երկու ֆուտբոլիստներ, բայց տարբեր պատճառներով դա նրանց չէր հաջողվել:

Մելքոնյանի ցուցանիշին ընդհուպ մոտեցել էր Արարատ Առաքելյանը, որը 2012/13թթ. առաջնության ավարտից հետո ընդամենը մեկ խաղով էր զիջում ռեկորդակրին: Սակայն մրցաշրջանի ավարտից հետո Առաքելյանը հեռացավ թիմից՝ տեղափոխվելով «Գանձասար-Կապան»:

Ռեկորդակրի տիտղոսին հավակնող մյուս ֆուտբոլիստը Գագիկ Դաղբաշյանն էր, որը 2014/15թթ. առաջնության ավարտից հետո «Բանանցում» 163 խաղ էր անցկացրել: Սակայն նա էլ մրցաշրջանի ավարտից հետո հեռացավ թիմից՝ տեղափոխվելով Սլովակիայի «Ռուժոմբերոկ»:

Արամ Բարեղամյանը «Բանանցի» մարզադպրոցի սան է և իր ֆուտբոլային կարիերան սկսել է հենց հարազատ ակումբում: Բարձրագույն խմբում նրա նորամուտը կայացել է 2005թ. մայիսի 17-ին «Փյունիկի» հետ խաղում: Թիմի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Հովհաննես Զանազանյանը 77-րդ րոպեին 17-ամյա պատանուն խաղադաշտ դուրս բերեց Գեորգի Փուրցելաձեի փոխարեն:

Այդ մրցաշրջանում Բարեղամյանը մասնակցեց թիմի անցկացրած 25 հանդիպումներից 17-ին՝ բոլոր խաղերում էլ դուրս գալով փոխարինման: Օգոստոսի 4-ին «Շիրակի» հետ Գյումրիում կայացած խաղում պատանի ֆուտբոլիստը բացեց գոլերի հաշիվը Բարձրագույն խմբում:

«Բանանցում» Արամ Բարեղամյանը հանդես եկավ մինչև 2010թ.՝ դառնալով թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը: 2007թ. նա թիմակիցների հետ պատվո շրջան կատարեց ՀՀ գավաթով՝ դառնալով եզրափակիչ խաղում «Արարատի» դարպասը խփված 3 գոլերից մեկի հեղինակը: Թիմում հանդես գալու տարիներին Արամ Բարեղամյանը 3 անգամ արժանացել է արծաթե, մեկ անգամ՝ բրոնզե մեդալների:

2011թ. առաջնությունում Արամ Բարեղամյանը հանդես եկավ «Ուլիսում»՝ թիմակիցների հետ նվաճելով երկրի չեմպիոնի տիտղոսը: 2013/14թթ. մրցաշրջանը Բարեղամյանն անցկացրեց «Արարատում», այնուհետև երկու տարի կրեց «Ալաշկերտի» մարզաշապիկը, որի կազմում 2015/16թթ. առաջնությունում իր կարիերայում երկրորդ անգամ ոսկե մեդալի արժանացավ:

Մրցաշրջանի ավարտից հետո արդեն զգալի փորձ ունեցող Բարեղամյանը 5-ամյա ընդմիջումից հետո վերադարձավ հարազատ կոլեկտիվ, որի կազմում մեկական անգամ դարձավ առաջնության արծաթե և բրոնզե մրցանակակիր: Ներկայումս նա «Ուրարտուի» ամենափորձառու ֆուտբոլիստն է, որը Բարձրագույն խմբում իր կարիերայի ընթացքում 297 խաղ է անցկացրել:

Առաջիկայում Բարեղամյանին ևս երկու հաճելի իրադարձություն է սպասում: Եվս երկու խաղ, և 31-ամյա Բարեղամյանը կգերազանցի «Ուլիսի» նախկին հարձակվող Արտյոմ Ադամյանի տարիքային ռեկորդը, որն այդ տարիքում Բարձրագույն խմբում 298 խաղ է անցկացրել: Իսկ արդեն հաջորդ խաղում «Ուրարտուի» ավագը կհամալրի 300 խաղի սահմանագիծը հատած սակավաթիվ ֆուտբոլիստների ցանկը:

VNews.am-ը ներկայացնում է «Ուրարտուում» ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով լավագույն տասնյակի ցուցանիշները.

Ֆուտբոլիստներ Խաղ Մրցաշրջաններ
1.Արամ Բարեղամյան 173 2005-2010, 2016/17-2019/20
2.Սամվել Մելքոնյան 172 2003-2007, 2009-2011
3.Արարատ Առաքելյան 171 2002-2007, 2010-2012/13
4.Գագիկ Դաղբաշյան 163 2007-2014/15
5.Վալտեր Պողոսյան 146 2009-2016/17
6.Վահագն Այվազյան 146 2013/14-2019/20
7.Սարգիս Կարապետյան 145 2006-2012/13
8.Ստեփան Ղազարյան 141 2007-2012/13, 2015/16-2018/19
9.Արսեն Բալաբեկյան 134 2006-2011
10.Հովհաննես Համբարձումյան 130 2008-2013/14

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին՝ ԲԽ-ում նոր փոփոխությունների առաջարկներով

Էլ ե՞րբ էր եղել, որ միանգամից 3 թիմեր առաջնության ավարտից 2 տուր առաջ հավակնեին Հայաստանի չեմպիոնի կոչմանը

4 ֆուտբոլիստներ հեռացել են «Ուրարտուից»

Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը

Արմեն Սանամյան․ «Փորձում ենք եղած ֆուտբոլիստներով ու այս ֆիզիկական վիճակով բարելավել թիմի խաղը և հաղթանակներ տոնել»

«21 գոլը ռեկորդ է նույնիսկ ինձ համար». Երեք տարի անընդմեջ լավագույն ռմբարկու ճանաչվող Մորի Կոնեն

Վադիմ Բորեց․ «Լավ է, որ բնավորություն դրսևորեցինք, բայց մեզ նաև խաղային որակ է պետք» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան․ «Ժամանակ չկա․ պիտի շատ արագ հասկանամ իմ թիմի հնարավորությունները» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» չհաղթեց ԲԽ-ում 4-րդ անընդմեջ խաղում. VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտի» հետ հանդիպումից

Բարձրագույն խմբի 3 ակումբ ապահովել է իր տեղը եվրագավաթային խաղարկությունում

Գոլազուրկ ոչ-ոքի․ «Արարատ-Արմենիան» մնաց 2-րդ տեղում (տեսանյութ)

5 ֆուտբոլիստ հեռացավ «Փյունիկից»

Ազարովի ֆանտաստիկ գոլը հաղթանակ պարգևեց «Նոային» «Արարատի» դեմ խաղում (տեսանյութ)

Չեմպիոնը շանս է ստանում վերադառնալու. «Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Շիրակը» չի կարողանում պահել չեմպիոնական տեմպը. Գոլազուրկ ոչ-ոքի «Լոռիի» հետ

Տապանը՝ լեռան վրա. «Նոա» – «Արարատ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում