fbpx
Բաժիններ

Աստղերը բացակայում են, 39-ամյա Կասպարովի վերադարձը․ Խաշմանյանի հրապարակած հայտացուցակի հետքերով

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորման Փուլ 9 տուր

15 Նոյեմբեր 2019 - 21:00

0

Հայաստան

1

Հունաստան

0 - 1 Դիմիտրիս Լիմնիոս - 34`

Հայաստանի ազգային հավաքականը Հունաստանի հետ տնային և Իտալիայի հետ արտագնա հանդիպումներով կավարտի ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլը: Ընտրանու նոր գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը շատ կարճ ժամանակ ուներ կողմնորոշվելու հայտացուցակի հարցում: Հայ մասնագետն այս առումով ամենևին էլ նախանձելի իրավիճակում չէ:

Տարբեր վնասվածքների պատճառով բացակայում են Հենրիխ Մխիթարյանը, Մարկոս Պիզելին (ինչպես հայտնի դարձավ հետագայում, նա ավարտել է իր միջազգային ելույթները), Սարգիս Ադամյանն ու Կառլեն Մկրտչյանը, «Փյունիկի» վերջին հանդիպումներին ընտանեկան խնդիրների պատճառով չի մասնակցել և, հետևաբար, չի հրավիրվել նաև Արաս Օզբիլիսը: Մեր ազգային թիմի մարզիչներն առանց այդ էլ ֆուտբոլիստների ընտրության շատ նեղ շրջանակ ունեն, հիմա էլ զրկվել են կարևոր այս խաղացողներին հայտացուցակում ընդգրկելու հնարավորությունից:

Գևորգ Կասպարովի երկար սպասված վերադարձը

Այս անգամ հավաքական է հրավիրվել ոչ թե 4 դարպասապահ, ինչպես ընդունված էր նախկին մարզչական շտաբի օրոք, այլ 3: Միանգամից աչքի է զարնում այն հանգամանքը, որ ազգային թիմում է բազմափորձ Գևորգ Կասպարովը: Տարօրինակ էր, թե 39-ամյա ֆուտբոլիստը մինչ այս ինչու չէր արժանանում հավաքականի մարզիչների ուշադրությանը: Նա, չնայած տարիքին, շարունակում է պահպանել լավ մարզավիճակ և կայուն խաղային պրակտիկա է ստանում «Գանձասար-Կապանում»: Կասպարովի օրինակը ցույց է տալիս, որ ֆուտբոլիստը նաև այդ տարիքում կարող է լինել ազգային հավաքականի անդամ, եթե ունենա բարձր պրոֆեսիոնալիզմ ու աշխատասիրություն: Դժվար է ասել՝ Խաշմանյանը կգնա՞ ռիսկի և կտա՞ նրան խաղալու հնարավորություն, թե՞ ոչ, բայց Կասպարովի միայն ներկայությունը հավաքականում ինքնին արդեն կարևոր է:

Դարպասապահներից հավաքականում են նաև Արամ Հայրապետյանն ու Արսեն Բեգլարյանը: «Ուրարտուի» ֆուտբոլիստը չափազանց անվստահ անցկացրեց ընտրանու վերջին հանդիպումները, սակայն չպետք է մոռանալ, թե նա ինչպես է հանդես եկել մինչ այդ: Համենայն դեպս, այս դիրքում ներկայումս մեծ ընտրություն չունենք, ուստի Հայրապետյանի ներկայությունը լիովին տրամաբանական է: Իսկ ահա Բեգլարյանը բելառուսական «Դնյապրոյում» ամբողջապես զրկված է խաղային պրակտիկայից: Նա վերջին անգամ հանդիպման է մասնակցել օգոստոսի 30-ին, իսկ մնացած բոլոր խաղերում մնացել պահեստայինների նստարանին:

Երիտասարդ դարպասապահներից չի հրավիրվել Հենրի Ավագյանը, որի հետ մեծ հույսեր էր կապում Արմեն Գյուլբուդաղյանցը: 23-ամյա ֆուտբոլիստը դեռ չի կարողանում տեղ վաստակել «Ալաշկերտի» մեկնարկային կազմում: «Լոռիի» հիմնական դարպասապահ Վարդան Շահատունին տեղ չի գտել ո՛չ ազգային, ո՛չ էլ երիտասարդական հավաքականի հայտացուցակում: Նա, ճիշտ է, վերջին խաղերում աչքի է ընկել որոշ սխալներով, բայց հարկավոր է նկատի ունենալ, որ սա 21-ամյա ֆուտբոլիստի ընդամենն առաջին մրցաշրջանն է Բարձրագույն խմբում: Նա վանաձորյան թիմում մրցակցությունում հաղթում է արտասահմանցի 2 դարպասապահի, և եթե շարունակի կատարելագործվել, առաջիկայում դժվար թե անտեսվի ընտրանու մարզչական շտաբի կողմից:

Ազգային հավաքականի դուռը մոտ ապագայում կարող է թակել նաև երիտասարդական հավաքականի դարպասապահ Սևակ Ասլանյանը, որն իրեն շատ լավ է դրսևորել Մ-21 ընտրանու վերջին 2 մրցավեճում: Նա էլ պիտի ձեռք բերի կայունություն, ինչպես նաև փորձի դառնալ «Փյունիկի» հիմնական դարպասապահը:

Աբրահամ Խաշմանյանի՝ վայրիվերումներով լի մարզչական ուղին

Կամոն վերադարձել է, իսկ Հարոյանը չի խաղա հույների դեմ

Հույների հետ մրցավեճին որակազրկման պատճառով չի մասնակցի Վարազդատ Հարոյանը: Հաշվի առնելով, որ պաշտպանությունը մեր ամենախոցելի խաղային դիրքերից մեկն է՝ փորձառու պաշտպանի բացակայությունը միանշանակ զգալ է տալու: Այդ դիրքի համար հրավիրվել են «Ալաշկերտի» ներկայացուցիչներ Հայկ Իշխանյանը և Տարոն Ոսկանյանը, շվեդական «Գյոթեբորգից» Անդրե Չալըշըրը, ինչպես նաև «Արարատ-Արմենիայից» Արթուր Դանիելյանը, որն առաջին անգամ է միացել ազգային հավաքականին:

Թվում է՝ այս պահին ամենաօպտիմալն Իշխանյան – Չալըշըր դուետն է, բայց այս զույգը խաղակցված չէ, իսկ դա կենտրոնական պաշտպանների պարագայում անչափ կարևոր հանգամանք է: Չի բացառվում, որ Խաշմանյանը ստեղծված իրավիճակում նախապատվություն տա Ոսկանյանին, որովհետև վերջինս մարզչի ամենավստահելի ֆուտբոլիստներից մեկն էր «Ալաշկերտում»: Այս դիրքի համար ընտրություն կատարելիս առանցքային կարող է լինել այն փաստը, որ Իշխանյանն ու Ոսկանյանը թիմակիցներ են և իրար հաստատապես ավելի լավ կհասկանան խաղադաշտում: Եթե Իշխանյանը հավաքականում անցկացրած բոլոր մրցավեճերում էլ որոշակի խաղամակարդակից ցածր հանդես չի եկել ու հիմնականում հուսալի տեսք է ունեցել, ապա Ոսկանյանն աչքի է ընկել որոշ անվստահ գործողություններով, ուստի հերթական շանսը ստանալու դեպքում պետք է ցուցադրի իր լավագույն որակները: Նա ունի անհրաժեշտ բոլոր տվյալները, պարզապես պիտի հաղթահարի այն լարվածությունը, որ նրա գործողություններում նկատվում է ազգային թիմի մարզաշապիկը կրելիս:

Իսկ եթե Խաշմանյանը որոշի փոքր-ինչ ռիսկի գնալ, ապա կարող է վստահել Դանիելյանին: Վերջինս ունիվերսալ ֆուտբոլիստ է ու կարող է հանդես գալ պաշտպանության թե՛ կենտրոնում, թե՛ աջ եզրում: Նա երիտասարդական հավաքականի վերջին 2 մրցավեճում Ալբերտ Խաչումյանի հետ միասին գործում էր պաշտպանության կենտրոնում և գերազանց տպավորություն թողեց՝ նույնիսկ դառնալով գոլի հեղինակ: Սակայն «Արարատ-Արմենիայում» Վարդան Մինասյանը նրան տեսնում է պաշտպանության աջ եզրում, իսկ խաղացողն արդարացնում է սպասելիքները: Դանիելյանը 3 անընդմեջ հանդիպումներում եղել է գործող չեմպիոնի մեկնարկային կազմում ու այս պահին մրցակցությունում հաղթում է Բուլղարիայի հավաքականի անդամ Գեորգի Պաշովին: Չի բացառվում, որ այս ֆուտբոլիստը Հունաստանի ընտրանու հետ խաղից հետո կրկին միանա երիտասարդականին, որը, ինչպես և ազգային հավաքականը, մրցավեճ է անցկացնելու Իտալիայում:

Հիանալի է այն փաստը, որ շարք է վերադարձել «Ժետիսուի» արդեն նախկին պաշտպան Կամո Հովհաննիսյանը: Այս դիրքի համար է հրավիրվել նաև «Գանձասար-Կապանից» Արման Հովհաննիսյանը: Երիտասարդ ձախ պաշտպաններից տեսականորեն կարող էին հրավեր ստանալ նաև «Ուրարտուից» Նարեկ Պետրոսյանը և «Շիրակից» Ժիրայր Մարգարյանը, ովքեր իրենց թիմերի հիմնական կազմերի ֆուտբոլիստներ են: Մարգարյանն Աղվան Դավոյանի բացակայության պայմաններում վերջին շրջանում կրկին խաղում էր իր հարազատ ձախ պաշտպանի դիրքում ու ձեռք էր բերել բավականին լավ մարզավիճակ: Երկուսն էլ ելույթներն ավելի կայունացնելու դեպքում շանս կունենան առաջիկայում արժանանալու հավաքականի մարզիչների ուշադրությանը։ Աջ եզրում կիպրական «Էնոսիսից» Հովհաննես Համբարձումյանն է, որը նույնպես առանցքային ֆուտբոլիստ է մեր ընտրանու համար:

Աղբյուր․ Խաշմանյանը Մխիթարյանին հրավիրել է հավաքականին աջակցելու, սակայն Հենրիխը մերժել է

Որոշակի դադարից հետո հավաքականին է միացել նաև «Փյունիկից» Արմեն Մանուչարյանը, որը նույնպես դասվում է ունիվերսալ ֆուտբոլիստների շարքին: Ընտրանու կազմում դեռ Վարդան Մինասյանի գլխավորությամբ խաղացել է պաշտպանության ձախ եզրում, բայց նրա հաստիքային դիրքը հենց աջ պաշտպանի գոտին է: Հետաքրքիր է, որ Մանուչարյանը «Փյունիկում» Սուրեն Չախալյանի գլխավորությամբ վերջին շրջանում ելույթ է ունենում կիսապաշտպանության կենտրոնում, այնտեղ, որտեղ նրան երբեմն օգտագործում էր նաև Անդրեյ Տալալաևը: Պետք է ասել, որ 24-ամյա ֆուտբոլիստն այդ դիրքում լավ տպավորություն է թողնում՝ հիմնականում կատարելով մրցակցի առաջխաղացումները կասեցնողի պարտականություններ:

Վարդանյանը կարող է շանս ստանալ, Խաշմանյանի «սիրելի» ֆուտբոլիստի հրավերը

Հենակետային գոտում կրկին խնդիրներ ունենք: Չկա Մկրտչյանը, փոխարենը հավաքականում են «Ալաշկերտից» Արտակ Գրիգորյանն ու բուլղարական «Արդայից» Ռումյան Հովսեփյանը: Խաշմանյանը հավաքական չի հրավիրել «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանին, որը նույնքան լավ մարզավիճակում չէ, ինչքան 1-2 ամիս առաջ, բայց, միևնույնն է, կարող էր օգտակար լինել ազգային թիմին: Գրիգորյանին և Հովսեփյանին մրցակցություն կառաջարկի «Փյունիկից» Արտակ Եդիգարյանը: Վերջինս երևանյան թիմում դիտարկվում է հենց հենակետայինի դիրքում, ու պետք է ընդգծել, որ եթե սկզբնական հատվածում կային բարդություններ, ապա հիմա Եդիգարյանը խաղ առ խաղ ավելի վստահ ֆուտբոլ է ցուցադրում տվյալ գոտում: Այս ֆուտբոլիստն էլ մեծ ունիվերսալ է և անհրաժեշտության դեպքում կարող է փակել նաև պաշտպանության ու կիսապաշտպանության եզրերը:

Ենթահարձակման ձախ եզրում կիպրական ԱԵԼ-ից Գևորգ Ղազարյանը և դանիական «Հոբրոյից» Էդգար Բաբայանն են, ովքեր իրենց թիմերում կարևոր ֆուտբոլիստներ են: Վերջինս հավաքականին միանալուց առաջ նույնիսկ դարձել է գոլի հեղինակ: Ղազարյանն այս անգամ երևի թե կրկին հնարավորություն կունենա հանդես գալու հոգեհարազատ դիրքում, քանի որ նախորդ խաղերը ցույց տվեցին, որ նա կենտրոնական ենթահարձակվողի գոտում իրեն այդքան էլ հարմարավետ չի զգում ու չի ցուցադրում իր լավագույն որակները: Աջ եզրում ղազախական «Կայսարից» Տիգրան Բարսեղյանն է, որը նույնպես ընտրանուն միանալուց առաջ շքեղ գոլ է խփել: Բացի այդ, Տիգրանը հավաքականի սակավաթիվ լուսավոր կետերից էր ազգային թիմի վերջին հանդիպումների ժամանակ:

Երկարատև դադարից հետո կրկին հրավիրվել է «Ենիսեյից» Արթուր Սարկիսովը: Թեև մենք նրան հավաքականում ավելի շատ տեսել ենք կենտրոնական հարձակվողի դիրքում, բայց 32-ամյա ֆուտբոլիստն իր ակումբում սովորաբար խաղում է եզրերում, ավելի հաճախ՝ աջ թևում: Նաև դրանով է պայմանավորված, որ Սարկիսովը հիմա գոլերի առումով ցածր արդյունավետություն ունի և Ազգային լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 17 խաղում ընդամենը 1 գոլ է խփել: Հասկանալի է՝ լավ օրից չէ, որ մարզչական շտաբը կրկին զգացել է Սարկիսովի կարիքը, քանի որ ընտրության հնարավորությունը բավականին քիչ է: Մյուս կողմից, նրա պես արագաշարժ ֆուտբոլիստը թիմին կարող է շատ օգնել հատկապես փոխարինման մտնելիս՝ հարձակման գծին թարմություն հաղորդելու նկատառումով: Ծանր վնասվածքից ապաքինվել ու խաղադաշտ է վերադարձել «Փյունիկի» կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը: Նա նախքան վնասվածքը լավագույններից մեկն էր մեր առաջնությունում և կանոնավոր կերպով հրավիրվում էր երկրի գլխավոր թիմ: Նա էլ, երբ աստիճանաբար մարզավիճակ հավաքի, կարող է մեծ օգուտ տալ ընտրանուն:

Հայտնի է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը

«Սոչիի» նորաթուխ կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի՝ հավաքականի մեկնարկային կազմում հայտնվելն ավելի հավանական էր թվում Արմեն Գյուլբուդաղյանցի օրոք, սակայն դա կարող է տեղի ունենալ արդեն Աբրահամ Խաշմանյանի աշխատանքի ժամանակահատվածում: Վարդանյանը Մխիթարյանի, Մարկոսի և Օզբիլիսի բացակայության պայմաններում հատկապես հույների հետ տնային հանդիպմանը կարող է կատարել կենտրոնական ենթահարձակվողի պարտականությունները: «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստն իր տեխնիկական որակներն ի ցույց դնելու հնարավորություն կստանա երևի թե հենց այդ մրցավեճում, քանի որ մենք այնտեղ, բնական է, ավելի հարձակողական ֆուտբոլ ենք խաղալու, քան Իտալիայում: Բացի այդ, հիմա, ընդհանուր առմամբ, կորցնելու բան չունենք, և կարելի է շանս ընձեռել 21-ամյա կիսապաշտպանին:

Այդ դիրքի ֆուտբոլիստներ են նաև «Արարատ-Արմենիայից» Պետրոս Ավետիսյանն ու «Փյունիկից» Արտյոմ Սիմոնյանը: Ավետիսյանը եվրագավաթային հանդիպումներից հետո որոշ ժամանակ խաղային ճգնաժամում էր, սակայն այժմ կամաց-կամաց ցուցադրում է իրեն բնորոշ ֆուտբոլը՝ գործող չեմպիոնի կազմում կապող օղակ հանդիսանալով կիսապաշտպանության և հարձակման գծերի միջև: Բավականին անակնկալ էր Սիմոնյանի՝ հավաքական հրավիրվելը: Նա, ի տարբերություն հուլիս-օգոստոս ամիսների, հիմա զգալիորեն վատթարացրել է մարզավիճակն ու նույնիսկ կադրային լուրջ խնդիրներ ունեցող «Փյունիկում» վերջին 3 մրցավեճում չի ընդգրկվել հիմնական կազմում: Դժվար է ասել՝ ինչն է նման անկման պատճառը, սակայն Սիմոնյանի որակների հետ կապված ոչ ոք կասկածներ չունի: Այս ֆուտբոլիստին յուրահատուկ կերպով է վստահում նաև Խաշմանյանը, որի օրոք Արտյոմը խաղացել է «Ալաշկերտում», իսկ այն բանից հետո, երբ մասնագետը միացել էր «Արարատին», նույն ուղղությամբ էր շարժվել նաև կիսապաշտպանը:

Գոլեր չխփող հարձակվողը և գոլեր խփող հարձակվողը

Քանի որ Բարսեղյանը և Սարկիսովը, ըստ ամենայնի, կդիտարկվեն աջ ենթահարձակվողի դիրքում, կենտրոնական հարձակվողի գոտու համար էլ կմնա 2 թեկնածու՝ «Սոչիից» Ալեքսանդր Կարապետյանն ու «Գանձասար-Կապանից» Գեղամ Հարությունյանը: Կարապետյանը հավաքականի վերջին մրցավեճերում, մեղմ ասած, իր հնարավորություններից ցածր հանդես եկավ, օգտակար չէր նույնիսկ երկրորդ հարկում: Նա այդ խաղերից հետո իր թիմում հայտավորվել է 3 հանդիպման՝ միայն 1 դեպքում մտնելով փոխարինման և 2 անգամ մնալով պահեստայինների նստարանին: 31-ամյա հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 12 հանդիպումներից ընդամենը 1-ում է եղել հիմնական կազմում, իսկ մրցաշարում, ընդհանուր առմամբ, 2 գոլ է խփել: Մյուս կողմից, երբ նրա խաղը ստացվում է, լրջագույն խնդիրներ է ունենում նույնիսկ Իտալիայի հավաքականի պաշտպանությունը:

Հայաստան – Հունաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են

Հայտացուցակից բացակայում է «Փյունիկի» հարձակվող Արթուր Միրանյանը: Նա վերջերս է ապաքինվել վնասվածքից ու հասցրել է մասնակցել իր թիմի 2 մրցավեճի: Խաշմանյանն ընտրություն է կատարել հօգուտ «Գանձասար-Կապանի» հարձակման առաջատար Գեղամ Հարությունյանի, որն այս պահին ավելի լավ մարզավիճակում է: Նա անցկացրած վերջին 6 պաշտոնական խաղում դարձել է 4 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: Պետք է նշել, որ Կարապետյանն ու Հարությունյանը խաղաոճերով իրար բավականին նման հարձակվողներ են, մինչդեռ Միրանյանի ներկայությունը մարզչական շտաբի համար կապահովեր բազմազանություն ու կտար մանևրելու հնարավորություն: Ամեն դեպքում, եթե մարզիչների կողմից ընտրված խաղաոճը թույլ տա Հարությունյանին ցույց տալու իր լավագույն որակները, ապա հավաքականը դրանից միանշանակ կշահի: Հայաստանի Բարձրագույն խմբում քիչ կան Գեղամի պես խաղացողներ, ովքեր ահռելի մեծ ծավալի աշխատանք են կատարում և ոչ միայն լավ են եզրափակում գրոհները, այլև մասնակցում են դրանց կառուցմանն ու կարող են հաշվենկատ փոխանցումներով հարվածային դիրք դուրս բերել նաև խաղընկերներին: Հարությունյանը նաև լավ է պրեսինգի ենթարկում մրցակցի պաշտպաններին, ինչը պակաս կարևոր հանգամանք չէ:

Հ․ Գ․ Թեև առաջիկա հանդիպումները մրցաշարային առումով շատ բան չեն որոշում, այդուհանդերձ, Խաշմանյանի գլխավորած հավաքականը փորձելու է քաղել առավելագույնը: Այս մասնագետը միշտ աչքի է ընկել ամենաբարձր նպատակներին ձգտելով, ուստի հիմա դժվար թե փոփոխություն լինի: Անկախ ամենից, Խաշմանյանին բարդ աշխատանք է սպասվում: Հավաքականն ունեցել և ունենալու է կադրային խնդիրներ, իսկ քանի դեռ գլխավոր մարզիչը ֆուտբոլիստների շատ փոքրաթիվ խմբից է ընտրում հավաքականին միացողներին, բարձր արդյունքներ ակնկալելը խրթին է։ Մարզիչը պետք է հնարավորություն ունենա ընտրանի հրավիրելու, իրոք, լավագույններին, այլ ոչ թե անընդհատ փակելու առաջացած բացերը՝ հաճախ հույսը դնելով պահանջվող խաղամակարդակին չհամապատասխանող խաղացողների վրա:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ազգերի լիգա 2020-21․ Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի 4-րդ զամբյուղում է

«Հիմա չպետք է մտածենք փողի մասին․ Տիգրանը թող այնպիսի թիմում խաղա, որ հետագայում միանա ավելի հզոր թիմի»․ Աշոտ Բարսեղյան

Մխիթարյան-200․ Հենրիխի համար հոբելյանական էր «Վերոնայի» դեմ խաղում խփած գոլը

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկնիշային աղյուսակում կրկին նահանջել է

Գևորգ Ղազարյանի կոշտ պատասխանը՝ Աբրահամ Խաշմանյանին

Խաշմանյան. «Իմ հայտարարությունն ուղղված չի եղել հավաքականին կամ որևէ ֆուտբոլիստի»

Գյումրիում հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկում է կազմակերպվել (տեսանյութ)

#Exclusive. Հենրիխ Մխիթարյանի մեծ հարցազրույցը VNews-ին՝ շուտով (տեսանյութ)

Արամ Հայրապետյանը Եվրո 2020-ի ընտրական փուլում՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

«Չեմ պատկերացնում, թե ինչպես աշխատել այդ մարզչի հետ». Հարոյանը՝ Խաշմանյանի մասին

Վարազդատ Հարոյանն ու Կամո Հովհաննիսյանը հոբելյաններ նշեցին իտալացիների հետ մղձավանջային խաղում

Խայտառակ վերջաբան. Հայաստանի հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունն ու ամենագոլառատ խաղը

Ռոբերտո Մանչինի. «Ցավում եմ Հայաստանի մարզչի համար»

Արյունահեղություն Սիցիլիայում. Իտալիա – Հայաստան խաղի ֆոտոշարքը

Բոնուչի. «Սա նոր ժամանակաշրջանի սկիզբ է Իտալիայի համար»

Մանչինչի. «Պաշտոնական խաղում ամեն օր չէ, որ 9 գոլ ես խփում»