fbpx
Բաժիններ

Մեր անսարք «ավտոբուսը»․ Հայաստան – Հունաստան խաղի տակտիկական մանրամասները

1․ Աբրահամ Խաշմանյանը հրաժարվել էր հավաքականի համար վերջին տարիներին համարյա ավանդական դարձած 4-2-3-1 սխեմայից և ընտրել 5-4-1 դասավորությունը, որը խաղի ընթացքում վերածվում էր նաև 5-3-2-ի ու 3-6-1-ի: Հայ մասնագետը 3 կենտրոնական պաշտպանով գործելու տարբերակը հաճախ օգտագործում էր իր նաև ակումբային կարիերայի ընթացքում: Պաշտոնական հանդիպումներում առաջին անգամ մեկնարկային կազմում էր հայտնվել Էրիկ Վարդանյանը, կենտրոնական պաշտպանների եռյակում Հայկ Իշխանյանի ու Անդրե Չալըշըրի կողքին գործում էր Տարոն Ոսկանյանը: Կազմի հետ կապված մնացած ամեն ինչ լիովին կանխատեսելի էր: Հաշվի առնելով առաջատար մի շարք ֆուտբոլիստների բացակայությունը՝ նորանշանակ գլխավոր մարզիչն ընտրել էր գերպաշտպանողական մարտավարություն, ինչին ականատես եղանք հատկապես առաջին խաղակեսում, ինչպես նաև երկրորդ խաղակեսի մի շարք հատվածներում:

Հունաստանի հավաքականը, որտեղ վերջին շրջանում մի շարք նոր ֆուտբոլիստներ են հայտնվել, թիմն էլ արդեն ձեռք է բերել յուրահատուկ խաղային ձեռագիր, կիրառում էր 4-2-3-1 սխեման: Հույները շեշտը դրել էին գնդակի արագ վերահսկողության, ցածրից ու կարճ և միջին տարածության փոխանցումներով գրոհներ ձեռնարկելու վրա: Դիրքային գրոհների ժամանակ եզրայիններից որևէ մեկը բավականին բարձր էր տեղակայվում, ինչի շնորհիվ տվյալ դիրքում գտնվող եզրային կիսապաշտպանը տեղափոխվում էր կենտրոն: Արդյունքն այն է, որ Հունաստանի ընտրանին թե՛ եզրերում, թե՛ կենտրոնում անընդհատ ստանում էր քանակական առավելություն։

2․ Նախ մի փոքր համեմատություն թիմերի՝ Աթենքում կայացած մրցավեճի հետ: Արմեն Գյուլբուդաղյանցն այն ժամանակ հանկարծակիի բերեց մրցակցին՝ առաջին 15-20 րոպեում կիրառելով բարձր պրեսինգ: Այդ մտահղացումը հիանալի աշխատեց, քանի որ մերոնք ոչ միայն զսպում էին մրցակցի գրոհները, այլև կայծակնային հակագրոհներ ձեռնարկում: Դրա արդյունքում արագորեն բացեցինք հաշիվը: Ի հակադրություն դրան՝ Երևանում մեր հավաքականը պրեսինգի նույնիսկ նշույլ ցույց չտվեց՝ հենց սկզբից փակվելով սեփական կիսադաշտում: Մյուս կողմից, այս անգամ էլ կարող էինք տեսնել այդ պրեսինգը, եթե խաղադաշտում լինեին Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը և Սարգիս Ադամյանը: Խաղային այս բաղադրիչում էլ շատ կարևոր է «Ռոմայի» ֆուտբոլիստի գործոնը, քանի որ հիմնականում նա է ընտրում այն ճիշտ պահը, երբ թիմը պետք է սկսի պրեսինգի դիմելու գործընթացը: Այս մրցավեճում տեսանք, որ նմանատիպ պարտականություններ էր փորձում կատարել Տիգրան Բարսեղյանը, սակայն նա սովորաբար ուշ էր արձագանքում իրավիճակներին: Խաշմանյանը հենց այդ կորուստների առկայության հետևանքով էլ նախընտրեց ռիսկի չգնալ, ու ընտրանին գնդակը կամովին զիջեց մրցակցին:

3․ Անմիջապես նկատվեց, որ մեր դիրքային պաշտպանությունում ինչ-որ բան այն չէ: Հասկանալի էր, որ եզրայիններ Կամո Հովհաննիսյանը և Հովհաննես Համբարձումյանը հյուրերի դիրքային հարձակումների ժամանակ նահանջում էին պաշտպանություն, սակայն եթե առաջինին անընդհատ օգնում էր Էրիկ Վարդանյանը, ապա երկրորդն ակնհայտորեն մենակ պիտի փակեր այդ եզրը: Այդպիսով, մեր պաշտպանությունում ստեղծվեց անհավասարակշիռ վիճակ: Բարսեղյանը գործում էր Ալեքսանդր Կարապետյանի հետ համարյա կողք կողքի ու հազվադեպ էր նահանջում պաշտպանություն: Հիշենք նույն Աթենքում կայացած մրցավեճը․ Բարսեղյանը ֆանտաստիկ աշխատանք կատարեց պաշտպանությունում՝ չմոռանալով հարձակման գծում իր գործառույթների մասին: Իսկ այս անգամ հավասարակշռություն առհասարակ չկար:

Աբրահամ Խաշմանյանը 10-րդ մարզիչն է, որ պարտությամբ է նշել նորամուտը Հայաստանի հավաքականում

Համբարձումյանին աջ եզրում երբեմն օգնում էր Ռումյան Հովսեփյանը, բայց նա դա անում էր հատվածաբար, քանի որ շատ հոգսեր ուներ նաև խաղադաշտի կենտրոնում: «Կայսարի» ֆուտբոլիստի դիրքի շուրջ նման քայլի դիմելու նպատակը գուցե այն էր, որ հնարավոր հակագրոհների ժամանակ Բարսեղյանն արդեն բարձր տեղակայված լիներ և ավելի մեծ սպառնալիք ստեղծեր մրցակցի համար, սակայն, միևնույնն է, ռիսկը մեծ էր: Միաժամանակ շատ մեծ պատասխանատվություն էր դրվել Հովհաննեսի ուսերին: Եվ հույներից շատ ժամանակ չպահանջվեց մեր պաշտպանությունում առկա այդ բացթողումը նկատելու համար: Գոլային գրոհն էլ սկսվեց հենց այդտեղից: Մեր աջ եզրում ստեղծվեց 1-ն ընդդեմ 2-ի իրավիճակ, Համբարձումյանը երկար մտածեց՝ փակի իր կողքին գտնվող խաղացողի՞ն, թե՞ գնա մրցակցին դիմավորելու: Ի վերջո, ընթացավ մրցակցի ուղղությամբ, սակայն վերջինս արդեն բավականին երկար ժամանակ էր ունեցել ամեն ինչ գնահատելու համար: Գնդակը փոխանցեց կենտրոն, իսկ մնացածն էլ հույներն արեցին առավել քան բարձր վարպետությամբ:

4․ Իսկ հիմա ամենակարևոր թեմաներից մեկի մասին: Մեր հավաքականը խաղադաշտի կենտրոնում լիակատար ջախջախման ենթարկվեց մրցակցի կողմից: Այստեղ կա թե՛ մարզիչների, թե՛ ֆուտբոլիստների մեղքի բաժինը: Նախ, Խաշմանյանը, ընտրելով 3 կենտրոնական պաշտպանով սխեման, քաջ գիտակցում էր, որ կենտրոնում ունենալու ենք մեկ ֆուտբոլիստ պակաս, ինչը հեշտացնելու է գնդակն առանց այդ էլ փայլուն վերահսկող հույների գործը: Անընդհատ նկատվում էր, որ կենտրոնում ստեղծվում է 1-ն ընդդեմ 2-ի կամ 2-ն ընդդեմ 3-ի իրավիճակ, օրինակ՝ Հովսեփյանը կոնկրետ խաղային դրվագում չէր կողմնորոշվում՝ որ ֆուտբոլիստին փակել, քանի որ մյուս մրցակիցն այդ դեպքում մնալու էր առանց հսկողության:

Աբրահամ Խաշմանյանի մամուլի ասուլիսը Հայաստան – Հունաստան (0-1) խաղից հետո

Մյուս կողմից, քանակական առումով զիջելն էլ կարելի էր փոխհատուցել, եթե մեր հենակետայիններն ավելի արագ արձագանքեին մրցակցի ֆուտբոլիստների տեղաշարժերին: Ցավոք, այդպես չէր: Հույները թե՛ գնդակով, թե՛ առանց գնդակի իրենց գործողություններով ակնհայտորեն գերազանցում էին մերոնց: Կար խաղաոճ, որը բավականին հղկվել էր հյուրընկալվող թիմի մարզչական շտաբի կողմից: Մրցակիցը հենց թիմային արագությամբ գերազանցեց մեր հավաքականին:

Խաշմանյանը ծրագիր ուներ նաև մրցակցին կենտրոնում քանակական առավելություն չտալու համար: Երբ հյուրերը մոտենում էին խաղադաշտի կենտրոնին, կենտրոնական պաշտպանների եռյակից Ոսկանյանն անմիջապես շարժում էր առաջ և վերածվում հենակետայինի: Պետք է ասել, որ այդ մտահղացումը հատվածներով աշխատեց, քանի որ Տարոնը զգաց առաջ ընթանալու պահն ու ճիշտ ժամանակին փակեց մոտակա մրցակցին:

Հովհաննես Համբարձումյան․ «Վերջին փոխանցումն ու գոլն էին պակասում, որ հավասարեցնեինք հաշիվը» (տեսանյութ)

Սակայն այդ տարբերակը հետագայում ձախողվեց մի պարզ պատճառով․ հույները մեր կիսադաշտում գտնվող ֆուտբոլիստների անընդհատ տեղաշարժի հաշվին կենտրոնում այնքան արագ էին խաղարկում գնդակը և այն տեղափոխում եզրերից որևէ մեկը, որ Ոսկանյանն ուղղակի չէր կարող հասցնել գնալու հենակետային գոտի, քանի որ ազատ կմնար իր բուն հսկողության տակ գտնվող հատվածը:

5․ Խաշմանյանից հստակ հանձնարարություն կար մշտապես օգտագործելու եզրերը: Մերոնք գրոհում կամ հակագրոհում էին հիմնականում աջ եզրով, որտեղ Համբարձումյանն ու Բարսեղյանն էին: Այդ ամենը նույնպես պարզ բացատրություն ուներ: Նախ, չկար Մխիթարյանը և կենտրոնով պաշտպանությունից հարձակում անցնել ուղղակի չէր ստացվի: Մեր 2 հենակետայիններն էլ խաղ կառուցելու ունակություններ չեն դրսևորում ու համարյա միշտ նախընտրում են հետ փոխանցում կատարել, այլ ոչ թե առաջ ուղարկել գնդակը կամ սրող փոխանցում իրականացնել: Տվյալ իրավիճակներում մեզ կարող էր օգնել, բայց դա չէր անում Վարդանյանը, որին կանդրադառնանք քիչ անց:

Իսկ հիմա Համբարձումյանի և Բարսեղյանի մասին: Եթե մեր հավաքականն այս խաղում գոնե փորձել է ինչ-որ բան ստեղծել հարձակման գծում, ապա դա եղել է հենց այս ֆուտբոլիստների համագործակցության արդյունքում: Հովհաննեսը մերթընդմերթ լավ ճեղքումներ էր կատարում աջ եզրում, իսկ Տիգրանը՝ դիմում դրիբլինգի կամ հեռահար հարվածներ կատարում: Բայց դա էլ ոչ թե մարզչական ինչ-որ միջամտության արդյունք է, այլ նրա հետևանք, որ նշված խաղացողները միասին երկար ժամանակ խաղացել են «Վարդարում» ու միմյանց հասկանում են կես խոսքից: Այո՛, Բարսեղյանը հարձակման գծում սպառնալիքներ ստեղծեց Հունաստանի ընտրանու համար, սակայն պաշտպանվելիս նրա գործողությունները դժվար է գոհացուցիչ համարել: Տիգրանի՝ այս խաղում զբաղեցրած դիրքի մասին արդեն նշեցինք: Հավելենք, որ նա եթե նույնիսկ մտնում է պայքարի մեջ գնդակը խլելու համար, դեպքերի մեծամասնությունում աչքի է ընկնում կոշտ և կոպիտ խաղով: 26-ամյա ֆուտբոլիստն այս մրցավեճում գնդակի համար պայքարի մեջ է մտել 25 անգամ ու հաղթող դուրս եկել ընդամենը 4 դեպքում:

Գրոհներ կառուցելու մյուս եղանակը Հայկ Իշխանյանի՝ խորքից կատարած բարձրից փոխանցումներն էին: «Ալաշկերտի» պաշտպանն «առաջին փոխանցման» արվեստին լավ է տիրապետում, և նրա ուղարկած գնդակների հասցեատերը հիմնականում Ալեքսանդր Կարապետյանն էր: Սակայն վերջինս էլ վստահ չխաղաց և պարտվեց մասնակցած 24 մենապայքարից 17-ում: Դիրքային գրոհների ժամանակ ամենաբարդը հենց կենտրոնական պաշտպանների խնդիրն էր: Գնդակը հենակետայիններին փոխանցելու իմաստ չկար, ռիսկային էր այն նաև Արամ Հայրապետյանին հասցեագրելը, որովհետև նա ոտքով լավ չի խաղում և լավագույն դեպքում գնդակն անհասցե կարող է ուղարկել առաջ: Ահա այսպիսի իրավիճակի առկայության պատճառով էլ մեր թիմի կողմից ամբողջ հանդիպման ընթացքում չտեսանք գեթ մեկ նորմալ դիրքային գրոհ:

Ի դեպ, Իշխանյանը մենապայքարների առումով կրկին գերազանց դրսևորեց իրեն՝ գնդակի համար պայքարի մեջ մտնելով 8 անգամ և հաղթելով դրանցից 7-ում: Փոխարենը, անվստահ հանդիպում անցկացրեց Կամո Հովհաննիսյանը: Բաց թողած գոլի դրվագում հենց նա չկարողացավ վնասազերծել Դիմիտրիս Լիմնիոսին: Բացի այդ, հաճախ էր կորցնում գնդակն իր եզրով անցումներ ձեռնարկելիս (5 անգամ դիմել է դրիբլինգի, 4-ը՝ անհաջող): Բոլորն են ապշում Հովհաննիսյանի ունեցած արագությունից, նա պարզապես ռեակտիվ է, սակայն ունի մի թերություն: Մրցակցին շրջանցելուց, տուգանային հրապարակի մատույցներում հայտնվելուց հետո նա ոչ միշտ է ճիշտ որոշումներ կայացնում: «Ժետիսուի» արդեն նախկին ֆուտբոլիստը կա՛մ հապաղում է, կա՛մ էլ ի վերջո կատարում փոխանցում, սակայն ոչ լավագույն դիրքում գտնվող թիմակցին։ Այդ ամենը շտկելու դեպքում Կամոն, անկասկած, պատրաստ կլինի հանդես գալու ավելի բարձրակարգ ակումբներում: Միաժամանակ սա չի նշանակում, թե որևէ կոնկրետ ֆուտբոլիստ էր մեղավոր հույներից կրած պարտության մեջ, քանի որ իրականում բոլորն էլ իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան:

6․ Նման մարտավարությամբ հանդես եկող Հայաստանի հավաքականում Վարդանյանն ուղղակի տեղ չուներ: Մեր ընտրանին հազվադեպ էր լինում գնդակով, իսկ Էրիկն իր որակները կարող է ցույց տալ այն ժամանակ, երբ թիմը փորձում է կառուցողական ֆուտբոլ խաղալ: 21-ամյա ֆուտբոլիստը, ինչպես և ամբողջ թիմը, զբաղված էր պաշտպանվելով: Խաշմանյանը խաղից հետո հայտարարեց, որ Վարդանյանին հանձնարարություն էր տրվել գործելու թե՛ ձախ եզրում, թե՛ կենտրոնում: Բնական է՝ ձախից պետք է խաղար այն ժամանակ, երբ մեր թիմը պաշտպանվում էր, իսկ գրոհելիս տեղափոխվեր կենտրոն: Մի քանի անգամ տեսանք այդ ամենը, սակայն դաշտի տերերն այնքան հազվադեպ էին լինում գնդակով, որ այս կիսապաշտպանն իր լավագույն որակները ցուցադրելու հնարավորություն չէր ստանում: Էրիկն արդյունավետ է այն ժամանակ, երբ խաղը եթե ոչ ամբողջովին, ապա գոնե մասամբ կառուցում ես նրա շուրջ: Նման խաղաոճի պայմաններում ձախ եզրից շատ ավելի օգտակար կարող էր լինել սուր անցումների տիրապետող ու արագաշարժ Էդգար Բաբայանը, սակայն տարօրինակ է, որ նրան այդպես էլ չտեսանք խաղադաշտում:

Արտակ Գրիգորյան․ «Այն հույսով եմ, որ հաստատ լավ է լինելու» (տեսանյութ)

7․ Կար տպավորություն, որ մեր մարզչական շտաբը չուներ «պլան Բ»: Այսինքն, ի՞նչ էինք անելու, եթե մրցակիցը բացեր հաշիվը: Առաջին խաղակեսում ոչինչ չփոխվեց: Տեղաշարժ եղավ ընդմիջումից հետո: Համբարձումյանը և Հովհաննիսյանն ավելի բարձր տեղակայվեցին իրենց եզրերում, գնդակը սկսեցինք ավելի շատ վերահսկել, սակայն դա եղավ ոչ թե մեր ջանքերի շնորհիվ, այլ նրա հետևանքով, որ հույներն այդպես ցանկացան: Սակայն դա էլ անչափ կարճ տևեց: Մրցակիցը, երկրորդ խաղակեսի մեկնարկային 5-10 րոպեների ընթացքում ավելի խորքից խաղալով, հասկացավ, որ դա կարող է վտանգավոր լինել: Ուստի վերադարձրեց նախաձեռնությունն ու հանդիպման թելը մինչև վերջ էլ պահեց իր ձեռքում: 0-1 հաշիվը նույնիսկ չի համապատասխանում խաղի ընթացքին: Հույներն ավելի դիպուկ լինելու դեպքում կարող էին հաղթել նվազագույնը 2-0 կամ 3-0 հաշվով, ու, արդարացի լինենք, դա լիովին կհամապատասխաներ այն ամենին, ինչ մենք տեսանք խաղադաշտում:

8․ Իսկ ինչո՞ւ այնպես ստացվեց, որ Հունաստանի հավաքականը երկրորդ խաղակեսում այդքան շատ գոլային պահեր ստեղծեց: Մեր եզրայինների՝ բարձր տեղակայվելու հետևանքով պաշտպանությունում նոր բացեր առաջացան: Եթե առաջին խաղակեսի մասին խոսելիս առանձնացրինք աջ եզրը, ապա ընդմիջումից հետո «աղետալի» իրավիճակ էր արդեն ձախ եզրում: Կենտրոնական պաշտպանները կարծես չէին հասկանում, թե Կամոյի առաջխաղացման պարագայում ո՞վ պետք է փակեր նրա դիրքը: Առաջին խաղակեսում առավելապես այդ եզրում հանդես եկող Էրիկը տեղափոխվել էր կենտրոն, նրա փոխարեն խաղադաշտ մտած Արթուր Սարկիսովն էլ այդտեղ էր գործում:

Եթե ուշադրություն դարձնենք, մրցակիցը երկրորդ խաղակեսում իր ստեղծած 4-5 գերազանց պահերն էլ զարգացրել է հենց ձախով, ներառյալ նաև այն դրվագը, երբ այդ եզրից հետևած փոխանցումից հետո տուգանային հրապարակում գտնվող ֆուտբոլիստը չգրավեց դատարկ դարպասը:

9․ Անարդյունավետ էին նաև մարզչական շտաբի կատարած փոփոխությունները: Երկրորդ խաղակեսի մեկնարկում, երբ փոքրիկ ճնշում էինք գործադրում, Վարդանյանը վերջապես հայտնվել էր իրեն հոգեհարազատ դիրքում ու փորձում էր այնտեղ գնդակ ստանալ: «Սոչիի» ֆուտբոլիստի կողմից կար ինչ-որ ակտիվություն, բայց Խաշմանյանը որոշեց հենց նրա փոխարեն 59-րդ րոպեին փոխարինման մտցնել Սարկիսովին: Եթե նույնիսկ պետք է Էրիկը հեռանար, ապա ինչո՞ւ Սարկիսով: Ակնհայտ էր, որ մեր խնդիրը խաղադաշտի կենտրոնում էր, մենք ուղղակի չէինք կարողանում անցնել պաշտպանությունից հարձակման, իսկ դա նշանակում է, որ միջին գծում պետք էր գնդակ պահող ֆուտբոլիստ, որը կկառուցեր թիմի դիրքային գրոհները: Տվյալ իրավիճակում ավելի օգտակար կլիներ Պետրոս Ավետիսյանը կամ թեկուզ Արտյոմ Սիմոնյանը, որոնք ունեն փոխանցումների կուլտուրա: Նույն Արտակ Եդիգարյանն էլ կարող էր խաղադաշտում գտնվող հենակետայիններից ավելի լավ կառավարել գնդակը: Նման որոշման հետևանքը եղավ այն, որ խաղադաշտում ոչինչ չփոխվեց: Սարկիսովն աչքի ընկավ միայն խաղից դուրս վիճակից խփած գոլով: Հենց դրանով էր պայմանավորված այն, որ հույներից մեծ ջանքեր չպահանջվեցին կրկին տարածքային առավելություն ստանալու համար:

Հատվածներով դիմում էինք պրեսինգի, սակայն գործում էինք թափթփված: Նույն Սարկիսովը դրվագներից մեկում չէր հասցրել միանալ պրեսինգին, հույներն էլ առանց հսկողության մնացած ֆուտբոլիստ ունենալու շնորհիվ շատ հանգիստ դուրս եկան պաշտպանությունից:

Ինչպես Հայաստանի հավաքականը մեկնեց ու ժամանեց Իտալիա (տեսանյութ)

Շատ ուշացան մեր մյուս 2 փոփոխությունները: Նախ խաղադաշտ դուրս եկավ Արտակ Եդիգարյանը: Հիմա արդեն կարող էինք հույս ունենալ, որ հեռահար հարվածներ կկատարի ոչ միայն Բարսեղյանը, այլև Եդիգարյանը: Ի՞նչ արած, վտանգ ստեղծելու ուրիշ եղանակ պարզապես չունեինք: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ մարզչական շտաբը միայն 83-րդ րոպեին հրաժարվեց 3 կենտրոնական պաշտպանով տակտիկայից, երբ Տարոն Ոսկանյանի փոխարեն խաղադաշտ մտավ Ավետիսյանը: Վերջինս ժամանակ էլ չունեցավ ինչ-որ բան անելու համար:

10․ Իհարկե, մեզանից ոչ ոք էլ հրաշքի ակնկալիք չուներ: Գիտեինք, որ Խաշմանյանը «կախարդական փայտիկ» չունի: Գիտեինք մեր կորուստների մասին, գիտեինք, որ նրանցից ոչ մեկին էլ այսօր հավասարազոր փոխարինող չունենք: Եվ հետո, ֆուտբոլիստներից մի քանիսն էլ մրցավեճից հետո հավաստիացրին, որ Հունաստանի այս հավաքականը զգալիորեն ավելի ուժեղ էր, քան այն թիմը, որին հաղթեցինք Աթենքում: Իրոք, մրցակիցը տպավորեց: Հույներն այդ երեկո շատ ուժեղ էին մեզնից, մինչդեռ նրանց կազմից էլ բացակայում էին առաջատար որոշ ֆուտբոլիստներ:

Բայց այստեղ կա մի «բայց»: Մենք հատկապես առաջին խաղակեսում չափազանց երկչոտ հանդես եկանք: Եթե ոչ այդքան կազմակերպված պաշտպանություն ունենալու դեպքում խաղադաշտի կենտրոնն այդքան մեծահոգաբար հանձնում ես մրցակցին, ապա պետք է պատրաստ լինես նման սցենարի: Հունաստանի ներկայիս ընտրանուն հենց դա էլ պետք էր: Խաշմանյանը հանդիպումից հետո ընդգծեց, որ որակի խնդիր կար: Նա, անկասկած, լիովին ճիշտ է: Բայց, միևնույնն է, կա տպավորություն, որ մենք նույնիսկ այդ կազմով կարող էինք ավելին անել հույների հետ մրցավեճում: Խաշմանյանին երկար ու ծանր աշխատանք է սպասվում, իսկ մինչ այդ դեռ պետք է խաղալ իր վերջին 10 հանդիպումներում նույնքան հաղթանակ տոնած և վերելք ապրող Իտալիայի հավաքականի հետ: «Սկուադրա Աձուրան» բացահայտ ֆավորիտ է, մեր խաղային խնդիրներն էլ մի քանի օրում չեն լուծվի, ուստի առաջին հորիզոնական է դուրս գալիս հոգեբանական գործոնը: Մինչև հաջորդ տարվա սեպտեմբեր այլևս չենք ունենալու պաշտոնական խաղ, հետևաբար՝ պետք է այս շրջափուլն ավարտել հնարավորինս դրական նոտայի վրա:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ԵՎՐՈ 2020-ի փլեյ-օֆֆ փուլից կկիրառվի VAR համակարգը

Ազգերի լիգա 2020-21․ Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի 4-րդ զամբյուղում է

«Հիմա չպետք է մտածենք փողի մասին․ Տիգրանը թող այնպիսի թիմում խաղա, որ հետագայում միանա ավելի հզոր թիմի»․ Աշոտ Բարսեղյան

Մխիթարյան-200․ Հենրիխի համար հոբելյանական էր «Վերոնայի» դեմ խաղում խփած գոլը

Մահվան խումբը «կրակ» է․ Տեղի ունեցավ ԵՎՐՈ 2020 խմբային փուլի վիճակահանությունը

Այսօր տեղի կունենա ԵՎՐՈ 2020-ի վիճակահանությունը. Բոլոր զամբյուղներն ու խմբերը

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկնիշային աղյուսակում կրկին նահանջել է

Գևորգ Ղազարյանի կոշտ պատասխանը՝ Աբրահամ Խաշմանյանին

Խաշմանյան. «Իմ հայտարարությունն ուղղված չի եղել հավաքականին կամ որևէ ֆուտբոլիստի»

Գյումրիում հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկում է կազմակերպվել (տեսանյութ)

#Exclusive. Հենրիխ Մխիթարյանի մեծ հարցազրույցը VNews-ին՝ շուտով (տեսանյութ)

Հայտնի են Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի զույգերը, որոնք կխաղարկեն ԵՎՐՈ 2020-ի 4 ուղեգիր

Արամ Հայրապետյանը Եվրո 2020-ի ընտրական փուլում՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

«Չեմ պատկերացնում, թե ինչպես աշխատել այդ մարզչի հետ». Հարոյանը՝ Խաշմանյանի մասին

ՈւԵՖԱ-ն հրապարակել է ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի թոփ 100 ֆուտբոլիստների ցանկը

Դե Բրույնեն՝ ԵՎՐՈ 2020-ի վիճակահանության մասին. «Դա պարզապես խայտառակություն է»