Բարձրագույն խմբի տասնամյակի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի - VNews
Բաժիններ

Բարձրագույն խմբի տասնամյակի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

VNews.am-ը վերջին օրերին ձեր ուշադրությանն է ներկայացրել եվրոպական թոփ-5 առաջնությունների՝ Պրեմիեր լիգայի, Լա Լիգայի, Բունդեսլիգայի, Ա Սերիայի և Լիգա-1-ի ավարտվող տասնամյակի խորհրդանշական հավաքականները: Հիմա հերթը Բարձրագույն խմբինն է, որի որակական մակարդակը զգալիորեն բարձրացել է տասնամյակի երկրորդ հատվածում:

Պաշտպանություն

Դարպասապահի դիրքում ընտրությունն ամենահեշտն էր: Գևորգ Կասպարովը 39 տարեկան հասակում մնում է մեր առաջնության ամենակայուն դարպասապահը: Նա վերջին տասնամյակում պաշտպանեց «Միկայի», «Ալաշկերտի» և «Գանձասար-Կապանի» դարպասները: «Ալաշկերտում», դարպասապահի դիրքում իր մրցակցի համեմատ լինելով շատ ավելի լավ մարզավիճակում, անարդարացիորեն չէր հայտնվում մեկնարկային կազմում, իսկ հիմա կապանյան թիմում խաղային պրակտիկայի պակաս չունի: Նրա բարձր խաղամակարդակի խոսուն վկայությունն այն է, որ վերջերս երկարատև դադարից հետո կրկին հրավեր ստացավ ազգային հավաքականից: Այս տասնամյակում 2-ական անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր: Նա 21-րդ մրցաշրջանն է անցկացնում ԲԽ-ում, ինչը բացարձակ ռեկորդ է: Բազում այլ ռեկորդներ ևս պատկանում են Կասպարովին:

Պաշտպանության կենտրոնում Վարազդատ Հարոյանը և Դիդյե Բորիս Կադիոն են: «Փյունիկի» կազմում այս տասնամյակում 2 անգամ Հայաստանի չեմպիոն և 4 անգամ գավաթակիր հռչակված Հարոյանը մինչև 2016 թվականը հանդես եկավ հարազատ ակումբում, ինչից հետո սկսեց ելույթներն արտասահմանում: Նա վաղուց հասունացել էր այդ քայլը կատարելու համար: Հարոյանը և Տարոն Ոսկանյանը տասնամյակի սկզբում հիանալի դուետ էին կազմել երևանյան թիմի պաշտպանության կենտրոնում: Իսկ Բորիսը հայտնի է «Շիրակում» ու «Փյունիկում» իր ելույթներով: Գյումրեցիների կազմում Հայաստանում նվաճել է հնարավոր բոլոր տիտղոսները: Նա մեր առաջնությունում երբևէ հանդես եկած լավագույն լեգեոներներից մեկն է: Ֆիզիկական ուժը, երկրորդ հարկում գերազանց խաղը, ճիշտ դիրք ընտրելու կարողությունը և մյուս հմտությունները բնորոշում են Բորիսին: Նա մի քանի տպավորիչ մրցաշրջաններ անցկացրեց Հայաստանում:

Պաշտպանության ձախ եզրում Գագիկ Դաղբաշյանն է, աջ թևում՝ Կամո Հովհաննիսյանը: Դաղբաշյանը տասնամյակի առաջին հատվածն անցկացրեց «Ուրարտուում», հետո տեղափոխվեց Սլովակիա ու 2016-ին միացավ «Ալաշկերտին», որտեղ խաղում է մինչ օրս: Այս ֆուտբոլիստը 3 անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն (1 անգամ «Ուրարտուում», 2՝ «Ալաշկերտում»), 1 անգամ նվաճեց գավաթը, 3 անգամ՝ սուպերգավաթը: Դաղբաշյանը կարողանում է գործել իր եզրի ամբողջ երկայնքով՝ նաև շատ լավ միանալով գրոհներին: Նա այդ 2 թիմում էլ մշտապես համարվել է հիմնական կազմի ֆուտբոլիստ: Հովհաննիսյանն էլ Հայաստանում նվաճեց բոլոր հնարավոր տիտղոսները, իսկ արտասահման տեղափոխությունը փոքր-ինչ ձգձգվեց: Կամոն «Փյունիկում» հաճախ խաղում էր նաև կիսապաշտպանության աջ թևում: Բարձր արագության և խաղային ինտելեկտի հաշվին թե՛ սրություն էր ստեղծում իր եզրում, թե՛ հասցնում նահանջել թիկունք:

Տարվա խոսք, հրաժեշտ, նորամուծություն և այլն․ 2019-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով

Կիսապաշտպանություն

Հենակետայինի գոտին վստահել ենք Արտակ Գրիգորյանին, որն այս տասնամյակում 4 թիմ փոխեց՝ հանդես գալով «Ուլիսում», «Գանձասար-Կապանում», «Միկայում» ու «Ալաշկերտում»: Նա այս ընթացքում 4 անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն (1 անգամ՝ «Ուլիսում», 3՝ «Ալաշկերտում»): Գրիգորյանը հենց վերջինիս կազմում ելույթներով դուրս եկավ նոր մակարդակի վրա: Փորձառու ֆուտբոլիստը մի քանի տարի շարունակ Հայաստանի լավագույն հենակետայինն էր՝ բոլորից առաջ անցնելով մրցակցից գնդակ խլելու քանակով: Այդ ընթացքում ամրապնդվեց նաև ազգային հավաքականում: Նրա հետ միասին «Ալաշկերտում» փայլուն հաջողությունների հասավ նաև Արտակ Եդիգարյանը, որն իրեն դրսևորեց նոր՝ ավելի վառ գույներով: Մինչ այդ հիմնականում խաղալով պաշտպանության եզրերում՝ Եդիգարյան-կրտսերը տեղ զբաղեցրեց «Ալաշկերտի» կիսապաշտպանության ձախ եզրում ու աչքի ընկավ նաև ռմբարկուական հատկանիշներով:

Եդիգարյանը 2016/17թթ․ առաջնությունում 13 գոլ խփեց և լավագույն ռմբարկուի կոչումը կիսեց Միհրան Մանասյանի հետ, իսկ արդեն հաջորդ տարի 13 գոլը բավական եղավ «Ոսկե խաղակոշիկը» նվաճելու համար: «Ալաշկերտը» բազմիցս է հաղթել հենց Եդիգարյանի հեռահար թնդանոթային հարվածների օգնությամբ, նա տիրապետում է նաև շատ լավ փոխանցումների: Հետաքրքիր է, որ այս խաղացողը տասնամյակը սկսեց «Փյունիկում» ու, նաև ձեռք բերելով եվրոպական փորձ (հանդես եկավ «Մետալուրգ Դոնեցկում», «Ժալգիրիսում»), կրկին վերադարձավ այնտեղ: Բարձրագույն խմբի վերջին տարիների լավագույն լեգեոներներից էր Լուբամբո Մուսոնդան: Նա հայաստանյան կարիերան սկսեց «Ուլիսում», սակայն անուն հանեց «Գանձասար-Կապանում»՝ դառնալով երկրի փոխչեմպիոն ու գավաթակիր: Բոլոր մրցակիցները գիտեին, որ եթե ցանկանում էին կապանյան թիմի դեմ խաղում գոնե ոչ-ոքիի հույս ունենալ, ապա, առաջին հերթին, պետք է չեզոքացնեին զամբիացի այս ֆուտբոլիստին: Խելահեղ արագություն, տեխնիկա, դրիբլինգ․․․ նա հենց այս որակների շնորհիվ սիրվեց հայ ֆուտբոլասերների կողմից:

115 հայ, 129 լեգեոներ․ Ուշագրավ 10 փաստ՝ Բարձրագույն խմբի աշնանային հատվածից

Հարձակում

Մեր եռյակը հետևյալն է՝ Հեբեր Արաուխո-Միհրան Մանասյան-Սեզար Ռոմերո: Բարձրագույն խումբն այս տասնամյակում հրաշալի շատ հարձակվողների տեսավ, ուստի ընտրությունը բարդ էր: Առաջին հերթին առանձնացնենք Մանասյանին, որը մի քանի տարի շարունակ կայուն բարձր արդյունավետություն ցուցադրեց: Նա 2013-2019թթ․ 4 անգամ եղել է լավագույն ռմբարկուների ցուցակի ուժեղագույն եռյակում՝ այդ ընթացքում 3 անգամ դառնալով ամենաարդյունավետ ֆուտբոլիստ (2 դեպքում 2 ֆուտբոլիստ հավասար քանակի գոլեր է խփել): Մանասյանը Բարձրագույն խմբում մրցակիցների դարպասն ամենաշատը գրաված խաղացողն է մրցաշարի ներկայիս մասնակիցների շարքում (79 գոլ): Հայ հարձակվողի հետ միասին մեր խորհրդանշական հավաքականում տեղ է զբաղեցրել Հեբեր Արաուխոն, որը Մանասյանի հետ կողք կողքի ելույթ է ունեցել «Ալաշկերտում»: Նա ընդամենը 1 մրցաշրջան անցկացրեց Բարձրագույն խմբում՝ 2015/16թթ․ առաջնությունում խփելով 16 գոլ ու Մանասյանի հետ կիսելով լավագույն ռմբարկուի կոչումը:

«Ալաշկերտն» այդ առաջնությունում նվաճեց չեմպիոնական կոչումը: Միանգամից պարզ դարձավ, որ բրազիլացին իր որակներով ունակ է խաղալու ավելի բարձրակարգ ակումբում: Ռմբարկուական փայլուն տվյալներ ունեցող հարձակվողը հետագայում «Ռիեկայի» կազմում դարձավ Խորվաթիայի փոխչեմպիոն, իսկ հիմա ՄԼՍ-ը ներկայացնող «Նյու Յորք Սիթիի» կազմում է: Ամենակարևորը՝ շատ բարձր արդյունավետություն է ցույց տալիս նաև նման ուժեղ ակումբներում, ինչն ապացուցում է իր բարձր կարգը: Սեզար Ռոմերոն նույնպես մեկ տպավորիչ մրցաշրջան անցկացրեց Հայաստանում: Նա 2014/15թթ․ առաջնությունում 21 անգամ գրավեց մրցակիցների դարպասն ու «Շիրակի» հարձակվող Ժան-Ժակ Բուգուհիի հետ կիսեց լավագույն ռմբարկուի կոչումը: Ռոմերոյի գոլերը շատ օգնեցին «Փյունիկին» այդ տարի դառնալու Հայաստանի չեմպիոն: Ի տարբերություն Հեբերի՝ ամերիկացի հարձակվողի հետագա կարիերան լավ չդասավորվեց, նա տարիներ անց նույնիսկ տեղափոխվեց «Ալաշկերտ», բայց արդեն նման չէր ինքն իրեն: Նա հիմա թիմ էլ չունի և 2018-ի նոյեմբերից հետո ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել:

Մարզիչ

Այստեղ ընտրությունը բարդ էր, քանի որ թե՛ Աբրահամ Խաշմանյանը, թե՛ Վարդան Բիչախչյանն ունեին արժանիքներ համարվելու տասնամյակի լավագույն մարզիչ: Գյումրեցի մասնագետը տրամադրության տակ եղած կազմից միշտ կարողանում էր քաղել առավելագույնը, դարձավ Հայաստանի չեմպիոն, կրկնակի գավաթակիր ու սուպերգավաթակիր: Բայց Խաշմանյանն իր ֆուտբոլիստների հետ միասին «Ալաշկերտին» մտցրեց հայկական ֆուտբոլի «էլիտա»: Թիմի հետ 2 անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն, նվաճեց երկրի գավաթը և սուպերգավաթը: 2017/18թթ․ առաջնության չեմպիոնական թիմն էլ Խաշմանյանն էր պատրաստել, թեև վերջնամասում արդեն նա չէր գլխավոր մարզիչը: 2011-ին էլ «Գանձասար-Կապանի» ղեկին դարձավ առաջնության 3-րդ մրցանակակիր: Այո՛, անհաջող էր «Արարատ» վերադարձը, սակայն դա չի ստվերում հայ մասնագետի՝ այս տասնամյակում գրանցած մեծ հաջողությունները։

Պահեստայիններ․ Գրիգոր Մելիքսեթյան, Տարոն Ոսկանյան, Հովհաննես Համբարձումյան, Սոլոմոն Իմե Ուդո, Լամին Լի Յորո, Ուրոշ Նենադովիչ, Ժան-Ժակ Բուգուհի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մելիքյանի առաջին հաղթանակն «Ալաշկերտում», որը պարգևեց եվրագավաթի ուղեգիր․ VNews-ի ֆոտոշարքը «Լոռիի» դեմ խաղից

«Ալաշկերտ» – «Լոռի» խաղում հայտնի դարձավ Եվրոպա լիգայի վերջին ուղեգրի տիրակալի անունը (տեսանյութ)

Խաղ՝ Եվրոպա լիգայի ուղեգրի համար․ «Ալաշկերտ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Գուշակեք մրցաշրջանը՝ ըստ մրցաշարային աղյուսակի. VNews-ի Quiz-ը

Վադիմ Բորեց․ «Չենք խախտել արդար խաղի կանոնները․ արեցինք այն, ինչ պետք էր» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» խաղավերջում հաղթանակ է կորզում և դառնում միանձնյա առաջատար (տեսանյութ)

«Նոան» խոշոր հաշվով հաղթեց «Շիրակին» և գլխավորում է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տուր, որում թիմերը ոչ թե խաղալու են, այլ մարտնչելու․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 27-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանի» 7 ֆուտբոլիստ խզել է պայմանագիրը թիմի հետ

Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին՝ ԲԽ-ում նոր փոփոխությունների առաջարկներով

Էլ ե՞րբ էր եղել, որ միանգամից 3 թիմեր առաջնության ավարտից 2 տուր առաջ հավակնեին Հայաստանի չեմպիոնի կոչմանը

4 ֆուտբոլիստներ հեռացել են «Ուրարտուից»

Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը

Արմեն Սանամյան․ «Փորձում ենք եղած ֆուտբոլիստներով ու այս ֆիզիկական վիճակով բարելավել թիմի խաղը և հաղթանակներ տոնել»