Մարկոսի տրանսֆերը PR քայլ չէ «Արարատ-Արմենիայի» կողմից․ Պիզելին շատ է պետք Հայաստանի չեմպիոնին - VNews
Բաժիններ

Մարկոսի տրանսֆերը PR քայլ չէ «Արարատ-Արմենիայի» կողմից․ Պիզելին շատ է պետք Հայաստանի չեմպիոնին

Մարկոս Պիզելին 8,5 տարի անց վերադարձավ Հայաստանի Բարձրագույն խումբ: 35-ամյա ֆուտբոլիստն ընտրություն կատարեց ոչ թե հօգուտ «Արարատի», որտեղ սկսել էր իր հայաստանյան կարիերան, կամ «Փյունիկի», որի կազմում 2 անգամ դարձել էր Հայաստանի չեմպիոն, այլ «Արարատ-Արմենիայի»: Այդուհանդերձ, 35-ամյա ֆուտբոլիստի՝ կարիերան Հայաստանում շարունակելու որոշումն ամենևին էլ «թոշակի անցնելու» նախապատրաստություն չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Այս տեղափոխությունից մեծապես կշահեն և՛ Մարկոսը, և՛ Հայաստանի գործող չեմպիոնը:

Նախ իրավիճակը դիտարկենք ամենահայ բրազիլացու տեսանկյունից: Նա նախորդ տասնամյակում բազմաթիվ երկրներում դեգերումներից հետո վերջապես հաստատվել էր Ղազախստանում, որտեղ «Ակտոբեի» առաջատարներից մեկն էր: Բայց այդ ակումբը տարբեր պատճառներով դադարեց ամենաբարձր հորիզոնականների համար պայքարող թիմ լինելուց ու նախորդ առաջնությունն ավարտեց վերջին տեղում՝ լքելով Պրեմիեր լիգան: Պիզելին էլ դեռ 2018 թվականի հոկտեմբերին կայացած Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա մրցավեճում ծանր վնասվածք ստանալուց հետո 2019-ին մասնակցեց ներքին առաջնության ընդամենը 11 հանդիպման: Սթափ գնահատելով իրավիճակը՝ որոշեց ավարտել մրցելույթներն ազգային հավաքականում և կենտրոնանալ ակումբային գործերի վրա:

Բնական է՝ այս տարիքի ֆուտբոլիստը, որը նաև արդեն հաճախ է վնասվածքներ ստանում, դժվար թե շատ, ինչպես նաև շահավետ առաջարկներ ունենար արտերկրից: Իսկ Հայաստանում նրան շատ լավ են ճանաչում: Անկախ «Ակտոբեի» անկայուն մրցելույթներից, Մարկոսը 2018 թվականից ի վեր, ինչ վերադարձել էր այդ ակումբ, հրաշալի խաղ էր ցուցադրել: Նա, Պրեմիեր լիգայում ընդհանուր առմամբ մասնակցելով 35 խաղի, իր ակտիվում է գրանցել 20 գոլ ու 12 արդյունավետ փոխանցում: «Արարատ-Արմենիան» Հայաստանի գուցե ամենահավակնոտ ակումբն է և կարող էր բավարարել Մարկոսի թե՛ ֆինանսական, թե՛ զուտ մարզական պահանջները: Այստեղ նա հանդես կգա շատ ավելի մրցունակ Բարձրագույն խմբում, քան այն մինչ նրա՝ «Փյունիկից» հեռանալն էր, ինչպես նաև մեծ շանս կունենա ելույթ ունենալու եվրագավաթներում: Կարևոր հանգամանք է նաև այն, որ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչը Պիզելիի հնարավորություններին քաջատեղյակ Վարդան Մինասյանն է: Անկասկած, նրա գործոնը նույնպես վճռորոշ է եղել այս տեղափոխությունը կյանքի կոչելու հարցում:

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

«Արարատ-Արմենիան» գուցե նույնիսկ ավելի շատ կշահի այս տրանսֆերից: Թիմը, ամենայն հավանականությամբ, կմտնի ուժեղագույն վեցյակ և կպայքարի չեմպիոնության համար: Արդյունքների տեսանկյունից այս պահին գուցե ամեն ինչ նորմալ է: Չեմպիոնն այս առաջնությունում անցկացրած 15 հանդիպումներում 8 հաղթանակ է տոնել, գրանցել 3 ոչ-ոքի ու վաստակել 27 միավոր՝ առաջատար «Լոռիից» հետ մնալով 1 միավորով: Սակայն ցուցադրած խաղի տեսանկյունից հարցերը բավականին շատ են: Դրա պատճառը, առաջին հերթին, այն նշաձողն է, որ սահմանել է Վարդան Մինասյանի գլխավորած թիմը: Առանցքային է այն, որ փոխվել է մրցակիցների մոտեցումն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ, ինչը բնական է: Այսօր հայաստանյան ցանկացած թիմի մարզչական շտաբ լավագույնս է նախապատրաստվում չեմպիոնի հետ մրցավեճերին՝ փորձելով օգտագործել նրա թույլ կողմերը: Դրա ամենացայտուն դրսևորումները տեսել ենք հակագրոհային ֆուտբոլ դավանող «Լոռիի» (1-ական հաղթանակ և ոչ-ոքի նրա դեմ խաղերում), «Շիրակի» ու «Գանձասար-Կապանի» կատարմամբ (1-ական հաղթանակ), իսկ անկայուն մրցաշրջան անցկացնող «Ուրարտուին» հաջողվել է 2 ոչ-ոքի գրանցել:

Մինասյանը տարվա վերջին հանդիպումից հետո կարծիք հայտնեց, որ թիմը հոգեբանորեն այդպես էլ չհանգստացավ եվրագավաթներից հետո: Միանշանակ այդպես է, քանի որ ամենևին հեշտ չէ մեկ քայլ հետ մնալը Եվրոպա լիգայի խմբային փուլից, առավել ևս, երբ հաղթել էիր դիմակայության առաջին խաղում, իսկ վերջնական արդյունքում պարտվելը միայն 11-մետրանոց հարվածաշարով: Բայց խնդիրը միայն դա չէր: Ունենալով բավականին հզոր կազմ՝ մարզչական շտաբը չէր կարողանում նրանից քաղել առավելագույնը: «Արարատ-Արմենիան» այս մրցաշրջանի առաջին հատվածում այդպես էլ առաջխաղացում չունեցավ դիրքային գրոհներ կազմակերպելու առումով: Իսկ եթե համարյա բոլոր մրցակիցները գնդակը քեզ են հանձնում ու ստիպում գործել նախաձեռնությամբ, ապա խաղային այդ գործոնը պետք է հասցնել շատ ավելի լավ մակարդակի: Դա այն երևույթն է, երբ խաղադաշտում իսկապես զգացվում է թիմերից մեկի գերիշխանությունն ու դոմինանտությունը:

Մինասյանն այս կապակցությամբ նշել էր․ «Մենք ամեն ինչ ճիշտ ենք անում մինչև տուգանային հրապարակ հասնելը: Այնտեղ պետք է անհատական խաղ, բայց մեզ մոտ դա չի ստացվում: Հնարավոր է՝ ինչ-որ տեղ ֆուտբոլիստների որակից է, ինչ-որ տեղ՝ մարզումներով պետք է ուղղենք: Նրանք պետք է կայացնեն որոշում, թե ինչ պետք է անեն տուգանային հրապարակի մատույցներում: Մեզ անհատական խաղն է պակասում, այդ որակն է պակասում՝ վերջին փոխանցում, վերջին հարված: Անցած մրցաշրջանում մրցակիցները մեր դեմ ուրիշ կերպ էին խաղում, իսկ հիմա, բացի «Փյունիկից», մյուս թիմերը մեր դեմ հանդիպումներում խորը պաշտպանություն են տանում»:

Իսկ եվրագավաթներում այդպես չէր: Այնտեղ «Արարատ-Արմենիան» ինքն էր հարմարվում մրցակիցներին ու փորձում օգտագործել նրանց թույլ կողմերը, հիմնականում՝ հակագրոհների միջոցով: Միակ բացառությունը երևի թե Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» հետ դիմակայությունն էր: Կառուցելով կոմպակտ պաշտպանություն և հատվածաբար էլ կիրառելով հաջող բարձր պրեսինգ՝ «Արարատ-Արմենիան» հասնում էր ցանկալի արդյունքի: Դա այն մարտավարությունն է, որով Մինասյանը մեծ հաջողությունների էր հասել նաև Հայաստանի հավաքականի ղեկին:

Այս թիմն իրականում ունի ֆուտբոլիստ, որը պատասխանատու է գրոհների եզրափակիչ փուլում ստեղծարար գործողությունների համար: Պետրոս Ավետիսյանը շատ լավ է դիրք ընտրում մրցակցի պաշտպանական գոտիների միջև և գրոհների եզրափակիչ փուլում սովորաբար գտնում գրոհի շարունակության ոչ ստանդարտ տարբերակ: Նա նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում իր անվան դիմաց գրանցեց 6 գոլ ու 4 արդյունավետ փոխանցում, սկսեց խաղաժամանակ ստանալ նաև Հայաստանի հավաքականում, հետո էլ 3 գոլ խփեց եվրագավաթներում՝ լինելով թիմի առաջատարներից մեկը: Նա գուցե ոչ միշտ էր լավագույնս մասնակցում թիմային պաշտպանությանը (Մինասյանը «Սաբուրթալոյի» և «Դյուդելանժի» դեմ արտագնա խաղերում Ավետիսյանի փոխարեն վստահել էր Արմեն Համբարձումյանին, որն ավելի լավ է գործում առանց գնդակի), բայց սովորաբար հավուր պատշաճի էր իրականացնում իր գլխավոր գործառույթները: Այդուհանդերձ, «Դյուդելանժի» հետ պատասխան հանդիպման 11-մետրանոց հարվածաշարում վրիպելուց հետո ինչ-որ բան փոխվեց: Կա որոշակի խաղային անկում, ինչն արտացոլվում է նաև վիճակագրության մեջ․ ընդամենը 3 գոլ և 1 արդյունավետ փոխանցում ընթացիկ առաջնությունում անցկացրած 13 հանդիպումներում:

Հնարավոր է՝ Մարկոսի ժամանումը նշանակում է, որ Ավետիսյանը չի շարունակի ելույթները թիմում: Նրանք նմանատիպ պարտականություններ կատարող ֆուտբոլիստներ են, և նրանց՝ խաղադաշտում միաժամանակ գտնվելը կխախտի թիմային հավասարակշռությունը խաղադաշտում: Վաղուց հասունացել է պահը, որ Պետրոսն ուժերը փորձի արտասահմանում: Նա այսօր՝ հունվարի 7-ին, նշում է ծննդյան 24-րդ տարեդարձը: Մինչ օրս այդ տեղափոխությանը խանգարել են մի շարք հանգամանքներ: Փորձը ցույց է տալիս՝ եթե հայ ֆուտբոլիստը ներքին առաջնությունում սկսում է խաղալ կայուն հաջողությամբ, ապա պիտի առաջքայլ կատարի, այլապես, երկար մնալով այստեղ ու բաց թողնելով հեռանալու ճիշտ պահը, հետընթացի նշաններ է ցույց տալիս: Գուցե այդ նոր թիմը չունենա «Արարատ-Արմենիայի» խաղամակարդակը, բայց կներկայացնի ավելի ուժեղ առաջնություն, ինչը կնպաստի խաղացողի աճին:

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Վերադառնանք Մարկոսին: Նրա ներկայությամբ թիմը միանշանակ ավելի լավ կզարգացնի իր դիրքային գրոհները, ավելի անկանխատեսելի կդառնա մրցակիցների համար: Պիզելին միշտ է աչքի ընկել այդպիսի որակներով, չմոռանանք նաև նրա ապշեցուցիչ հեռահար հարվածների մասին: Իսկ «Արարատ-Արմենիան» առաջնության առաջին հատվածում չափից դուրս շատ էր օգտագործում երկար օդային փոխանցումները, որոնք հասցեագրվում էին կա՛մ Անտոն Կոբյալկոյին, կա՛մ Լուիս Օգանային: Թիմն այդպես հաճախ էր կորցնում գնդակը: Եզրային ենթահարձակվողներ Ֆուրջել Նարսինգը, Մաիլսոն Լիման ու Զաքարիա Սանոգոն էլ այս ընթացքում այդքան արդյունավետ չէին, ինչքան եվրագավաթների ժամանակ: Նույնը վերաբերում է նաև աջ պաշտպան Գեորգի Պաշովին, որը նախկինում միշտ հիանալի էր միանում գրոհներին, սակայն մրցաշրջանի ընթացքում նույնիսկ կորցրեց տեղը մեկնարկային կազմում: Ինչպես նշել էր Մինասյանը, ֆուտբոլիստները հաջողությամբ հասնում են տուգանային հրապարակի մատույցներ, խնդիրը շարունակությունն է, իսկ այդ «հասնելը» մինչ օրս ստացվել է հիմնականում հենակետային Ալֆոնսե Կասե Կոջոյի շնորհիվ: Այս ֆուտբոլիստը կառավարում է թիմի գրոհի տեմպը, ընտրում համապատասխան շարունակություն: Նա, ինչպես նաև Գոռ Մալաքյանը, տիրապետում են նաև դեպի մրցակցի պաշտպանների թիկունք հաշվենկատ փոխանցումների:

Ավետիսյանը հաճախ էր նահանջում, առանց գնդակի տեղաշարժի հաշվին փորձում գնդակ ստանալ: Սակայն մրցակից թիմերի մարզիչները պատրաստ էին նաև այդ սցենարին: Պետրոսի՝ առջևի գծի «ուղեղի» նկատմամբ հաճախ կիրառվում էր անհատական հսկողություն, ինչի շնորհիվ հաջողվում էր հնարավորինս վնասազերծել նրան: Լավագույն օրինակը ցուցադրեց «Լոռիի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան: Նա սովորաբար ընտրում է 3 կենտրոնական պաշտպանով սխեմա, իսկ չեմպիոնի դեմ մրցավեճում նախապատվություն տվեց 4 պաշտպանով ու 2 հենակետայինով գործելուն: Այդ որոշումն անակնկալի բերեց մրցակցին: Հենց այդպես էլ Ավետիսյանը լիովին «դուրս բերվեց» խաղից, «Արարատ-Արմենիան» պարտվեց 0-2 հաշվով՝ չստեղծելով գեթ մեկ գոլային պահ:

Մարկոսը երևանյան թիմին կարող է օգնել նաև «կեղծ 9 համարի» դիրքում: Նախորդ առաջնությունում 15 գոլ խփած Կոբյալկոն ընթացիկ մրցաշարում հաջողության է հասել ընդամենը 4 անգամ, Օգանան էլ 3 գոլ է խփել: Ամբողջ խնդիրն այն է, որ նրանք նույն ոճի հարձակվողներ են: Երկուսն էլ շատ ագրեսիվ ու վտանգավոր են տուգանային հրապարակում, փայլուն են խաղում երկրորդ հարկում, բայց մանևրելու հարցում մեծ բացթողումներ ունեն: Եթե Օգանան գոնե ինչ-որ չափով կարողանում է նահանջել, թվային առավելություն ստեղծել մրցակցի հենակետային գոտու հատվածում ու տարածություն բացել եզրայինների ներխուժումների համար, ապա Կոբյալկոն շատ է կաղում խաղային այդ գործոնում: Իսկ եթե քո մրցակիցը խիտ պաշտպանությամբ հանդես եկող թիմ է, ապա անպայման կունենաս դժվարություններ:

Մինասյանը հանդիպումների ընթացքում նման խնդրի բախվելու դեպքում սովորաբար ընտրում էր հետևյալ տարբերակը՝ մարզիչը ծանրաբեռնում էր մրցակցի տուգանային հրապարակը՝ գործելով 2 կենտրոնական հարձակվողով (Կոբյալկո, Օգանա), և անընդհատ բարձրից փոխանցումներ էին հետևում նրանց ուղղությամբ: Իսկ «Ալաշկերտի» հետ մրցավեճի մի հատվածում «Արարատ-Արմենիան» խաղում էր առանց հիմնական կենտրոնական հարձակվողի, քանի որ այդ դիրքը վստահվել էր եզրային ենթահարձակվող Սանոգոյին: Չեմպիոնը դրա շնորհիվ մի քանի պահ ստեղծեց մրցակցի դարպասի մոտ, բայց վերջնամասում վերադարձավ իր համար ավանդական տարբերակի, երբ Սանոգոյին փոխարինեց Օգանան: «Ալաշկերտն» այդ խաղում հաղթեց 2-1 հաշվով:

Խաղային այդ բաղադրիչում կարևոր դերակատարություն կունենար Ժան-Ժակ Բուգուհին, սակայն նա արդեն տևական ժամանակ բացակայում է վնասվածքի պատճառով: Մինասյանն էլ ունի Մարկոսին «կեղծ 9 համարի» դիրքում օգտագործելու փորձ, երբ ֆուտբոլիստն այդ պարտականությունը կատարեց Ազգերի լիգայի շրջանակում Լիխտենշտեյնի հավաքականի դեմ խաղում և հրաշալի գոլ խփեց: Բայց Մարկոսին այդ դիրքում օգտագործելը կարելի է համարել միայն պահեստային տարբերակ: Ակնհայտ է, որ «Արարատ-Արմենիային» նոր հարձակվող է պետք, որը կհամապատասխանի ժամանակակից ֆուտբոլի չափորոշիչներին, այսինքն՝ կկատարի ավելի մեծ ծավալի աշխատանք ու կնպաստի նաև թիմի դիրքային գրոհների զարգացմանը:

Բարձրագույն խմբի տասնամյակի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Հայկական ակումբներին բուռն տրանսֆերային պատուհան է սպասվում: Դեռ կլինեն փոփոխություններ, եկողներ և հեռացողներ, բայց «Արարատ-Արմենիայի» դեպքում «կորիզը» հաստատապես կպահպանվի: Առաջիկա ամիսները մեծ մարտահրավեր են լինելու նաև Վարդան Մինասյանի համար: Նա թիմի հետ արդեն հասել է հաջողությունների, բայց հիմա պետք է փորձի նրան բարձրացնել նոր մակարդակի: Եթե մրցակիցները սկսել են այլ կերպ ընկալել այս թիմին, ապա վերջինս էլ պիտի որոշ չափով փոխի իր մոտեցումները: Եթե պրեսինգի հետ կապված հարցերը շատ չեն, ապա դիրքային գրոհների առումով առաջընթաց գրանցելն այժմ հույժ կարևոր է: Դա աշխատատար գործընթաց է: Կոմբինացիաներով ու գրոհներ կառուցելու ամենատարբեր եղանակներով ֆուտբոլ մշակելը շատ ավելի խրթին է, քան պաշտպանողական ոճով գործելը։ Առաջիկա հավաքները կարող են ծառայել այդ նպատակին: Մոտակա ամիսները պատասխան կտան այն հարցին՝ արդյոք ակումբի ձգտումների ու թիմի ցուցադրած խաղի մակարդակի աճը հավասարաչափ է ընթանում, թե ոչ: Մարկոսը տվյալ հարցի լուծման համար իդեալական տարբերակ է, միայն թե վնասվածքները կրկին չխանգարեն «Մաեստրոյին»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ԲԽ առաջին ակումբը, որտեղ խաղացին լեգեոներներ․ Լուծարված «Երևանի» հետքը հայկական ֆուտբոլում

Մեկ ակումբի ֆուտբոլիստներ․ Ովքեր են «200-ի ակումբի» 21 անդամները

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կորոնավիրուսի ստուգման թեստ է հանձնել

Կայացել է ՀՖՖ Գործկոմի նիստը. Ակումբներին է փոխանցվելու հովանվորչական գումարները

Ովքեր են հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները

Հայաստանի առաջնության վերսկսման մի քանի հավանական սցենար կա

Հայկական ակումբները ստացել են ՈւԵՖԱ-ի «համերաշխության վճարները»

Մարկոս․ «Հիմա մեր հավաքականի ամենամեծ երկրպագուն եմ»

Ովքեր են հայկական ֆուտբոլի տիտղոսակիր մարզիչները

Թվեք Ֆուտբոլի Հայաստանի առաջնության մասնակից բոլոր թիմերը՝ 1992 թվականից սկսած. VNews-ի Quiz-ը

«Նոան» տարբերվող ֆուտբոլ է խաղում, ափսոս, առանց հայ ֆուտբոլիստների․ Թիմի տակտիկական գաղտնիքները

ՀՖՖ աշխատանքային խումբը կապի մեջ կլինի ՈՒԵՖԱ-ի աշխատանքային խմբի հետ՝ ԲԽ հետագա անցկացման ժամկետները և ձևաչափը մշակելու համար

Հայաստանի առաջնությունը ու VBET գավաթի խաղարկությունը հետաձգվեցին

Օգանան ընդամենը 9 ամսական էր, երբ Կասպարովը նորամուտը նշեց ՀՀ գավաթի մրցաշարում

Արմեն Պետրոսյան․ «Լավ կպատրաստվենք երկրորդ խաղին․ պայքարելու ենք մինչև վերջ» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Այսօր ստեղծած գոլային պահերի քանակը կբավականացներ մի քանի հանդիպման համար» (տեսանյութ)