«Այդ երկրում ամբողջ մարզադաշտը հոտնկայս ծափահարում էր մեզ»․ Կամո Հովհաննիսյանի ամենաուշագրավ մտքերը - VNews
Բաժիններ

«Այդ երկրում ամբողջ մարզադաշտը հոտնկայս ծափահարում էր մեզ»․ Կամո Հովհաննիսյանի ամենաուշագրավ մտքերը

Կամո Հովհաննիսյանն այն ֆուտբոլիստներից է, ովքեր խաղերին միշտ տրվում են անմնացորդ նվիրվածությամբ: Նա սիրում է պայքարել ամեն մետրի և սանտիմետրի համար, խաղադաշտը միշտ լքում է ուժասպառ, որովհետև այնտեղ է թողնում իր ամբողջ ուժն ու էներգիան:

27-ամյա ֆուտբոլիստը հայաստանյան ամբողջ կարիերան անցկացրել է «Փյունիկում», որտեղ նվաճել է բոլոր հնարավոր մրցանակները՝ 3 անգամ դառնալով Հայաստանի չեմպիոն, 5 անգամ՝ գավաթակիր, 3 անգամ՝ սուպերգավաթակիր: Տարբեր պատճառներով ուշացավ նրա՝ արտասահման տեղափոխությունը: 2017թ․ մրցաշրջանն անցկացրեց բելառուսական «Տորպեդո-Բելազում», որտեղ իր ակտիվում գրանցեց 4 գոլ ու 3 արդյունավետ փոխանցում:

Հաջորդ 2 տարիներին հանդես եկավ ղազախական «Ժետիսուում»՝ դառնալով 7 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նա իր թիմերում հանդիսացել է հիմնական կազմի ֆուտբոլիստ և ունեցել առանցքային դերակատարություն: Հայ խաղացողն իր կարիերայում հերթական առաջընթացը գրանցեց՝ օրերս պայմանագիր կնքելով Ղազախստանի ուժեղագույն թիմերից մեկի՝ «Կայրաթի» հետ:

Դժվար է կոնկրետ նշել, թե Կամոն որ դիրքի ֆուտբոլիստ է: Իր ակումբներում խաղացել է պաշտպանության 2 եզրում էլ, հաճախ ելույթ ունեցել նաև որպես եզրային կիսապաշտպան: Ազգային հավաքականում էլ ելույթները սկսեց պաշտպանության ու կիսապաշտպանության աջ եզրում հանդես գալով, իսկ վերջին շրջանում կատարում է արդեն ձախ պաշտպանի պարտականություն: Նա իրեն համարյա հավասարաչափ լավ է դրսևորում նշված բոլոր դիրքերում:

Հովհաննիսյանը հասցրել է արդեն 50 հանդիպում անցկացնել Հայաստանի ազգային հավաքականի կազմում, կատարել 5 արդյունավետ փոխանցում: Նա իր հրթիռային արագությանը տարիների ընթացքում գումարել է նաև խաղային գրագիտությունը: Հասցնում է ոչ միայն լավ միանալ գրոհներին, այլև ըստ արժանվույն կատարել պաշտպանությունում իր հիմնական գործառույթները:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հովհաննիսյանի՝ իր հարցազրույցներում հնչեցրած ամենահետաքրքիր և ամենաուշագրավ մտքերը: Օգտագործվել են հատվածներ «Ֆուտբոլ Պլյուս», «Ֆուտբոլ 365», ArmFootball.com, Armsport․am, News.am պարբերականներին, բելառուսական Tribuna․com կայքին, «Տորպեդո-Բելազի» պաշտոնական կայքին տված հարցազրույցներից, նախախաղյա ասուլիսներից ու հետխաղյա ճեպազրույցներից:

«Ֆուտբոլը միայն գործ չէ, այն իմ հաճույքն է, իմ սիրած զբաղմունքը»:

«Դպրոցական տարիներին իմ ամենասիրելի առարկաներից մեկը ռուսաց լեզուն էր»:

«Մեծացել եմ Բելառուսում: Հայրս ժամանակին ծառայել է Կրիչևում, հետո ընդունվել Մոգիլյովի մեքենաշինական ինստիտուտ: Որոշ ժամանակ անց վերադարձել է Հայաստան ու ծանոթացել մորս հետ: Ընտանիքով տեղափոխվել ենք Բելառուս: Հայրս Մոգիլյովում սեփական խանութ ուներ, իսկ հետո Ժոդինոյում օգնում էր քույրերին աշխատեցնելու «Գուրման» սրճարանը»:

«Հենց Ժոդինոյում սկսեցի հաճախել մանկապարտեզ, հետո զրոյական դասարան: Չնայած իմ բոլոր քմահաճույքներին՝ ինձ սիրում էին: Միշտ խնդրում էին, որ հայերեն խոսեմ»:

«Շատ պայծառ մանկություն եմ ունեցել, չնայած այն Հայաստանում չի անցել»:

«Հայաստան վերադառնալը հորս որոշումն էր: Նա կարծում էր, որ մենք պարտավոր ենք ապրել հայրենիքում: Ըստ նրա՝ միայն այդպես կարող ես պահպանել քո ազգային ավանդույթները և հայ մնալ»:

«Հայրս պրոֆեսիոնալ մարզիկ չի եղել, բայց լրջորեն զբաղվել է բռնցքամարտով և մեզանում սերմանել սպորտով զբաղվելու ցանկությունը»:

«Արագությունս բնածին է, թեև նախքան ֆուտբոլը մի քանի ամիս մարմնամարզության եմ հաճախել»:

«Մինչև 7 տարեկան հասակը Բելառուսում եմ եղել: Հորաքրոջս տղան այն ժամանակ ֆուտբոլ էր պարապում, նրա հետ իջնում էինք բակ խաղալու: Առաջին ֆուտբոլային քայլերս նրա հետ եմ արել: Հետո, երբ վերադարձանք Հայաստան, հորաքրոջս ամուսինն ինձ ու եղբորս տարավ Շենգավիթի մանկապատանեկան դպրոց: Այնտեղ մի տարի պարապեցի, հետո տեղափոխվեցի «Փյունիկի» դպրոց»:

«Երբ մարզվում էի Շենգավիթի մարզադպրոցում, տատիկս ասաց, որ «Փյունիկում» ծանոթ ունի, և կարելի է դիմել նրան, որպեսզի տեղափոխվեմ այդ ակումբ: Արդյունքում 15 տարի անցկացրի «Փյունիկում»»:

«Շատ լավ է տպավորվել «Փյունիկի» մանկապատանեկան դպրոցում առաջին պարապմունքը: «Նաիրի» մարզադաշտում էինք պարապում: Լիքը երեխաներ կային, ու այդ օրը պետք է որոշվեր՝ ով է լավ, ով՝ վատ: Ու պետք է առանձնացնեին 1992թ․-ի և 93թ․-ի ծնվածներին: Անմոռանալի օր էր ինձ համար»:

«Փոքրուց ինձ համար խոչընդոտ չի հանդիսացել ընտանիքը մասնագիտության ընտրության հարցում: Իսկ հիմա մեր ողջ ընտանիքն է ապրում ֆուտբոլով: Իմ առաջին խորհրդատուն հայրս է: Ինչ էլ լինի, նա միշտ իմ կողքին է»:

«Ես և եղբայրս ծնվել ենք մեկ տարվա տարբերությամբ, բայց նույն օրն ու նույն ժամին» (Կամոյի եղբայրը «Փյունիկի» և Հայաստանի Մ-21 հավաքականի նախկին հարձակվող Հովհաննես Հովհաննիսյանն է, որը վնասվածքների պատճառով վաղաժամ ավարտել է կարիերան):

«Հարձակվող չեն դառնում, հարձակվող ծնվում են: Հովհաննեսն ի ծնե հարձակվող է: Նա դաշտում նաև միշտ սևագործ աշխատանք է կատարել: Հովհաննեսը Հայաստանում լավագույն հարձակվողներից մեկն էր, ով կարող էր ավելի մեծ բարձունքների հասնել, եթե վնասվածքները չլինեին»:

«Եղբայրս այս աշխարհում ինձ ամենամոտ մարդն է»:

«Մանկուց հենց սկսեցի խաղալ, միշտ հարձակվող եմ եղել: Բայց երբ եկա Մ-17 հավաքական, ինձ միանգամից տեղափոխեցին պաշտպանության գոտի՝ սկզբում ձախ պաշտպան էի, հետո՝ աջ: Ընթացքում սովորեցի այդ դիրքերին»:

«Որ եզրում է ինձ համար ավելի հարմար խաղա՞լը․ ես այնքան եմ հանդես եկել աջ և ձախ պաշտպանների դիրքերում, կիսապաշտպանությունում, որ տարբերություն չեմ զգում: Աջ և ձախ պաշտպանների գործառույթները, ընդհանուր առմամբ, նույնն են: Կա միայն աշխատող ոտքի տարբերությունը, որը փորձում եմ բարելավել: Այսօրվա ֆուտբոլում պետք է ունիվերսալ լինել»:

«Եթե ինձ նույնիսկ ասեն, որ պետք է լինեմ թիմի դարպասապահը, ես կխաղամ այդ դիրքում: Ինձ համար կարևոր է միայն այն, թե որտեղ է ինձ տեսնում մարզիչը, և որ դիրքում կարող եմ օգտակար լինել թիմին»:

«Եթե ինձ հարցնեն՝ որ դիրքի ֆուտբոլիստ եմ, ինքս էլ կդժվարանամ պատասխանել»:

«Տեսնելով Սարգիս Հովսեփյանի աշխատասիրությունը՝ չես կարող դու էլ նրա պես աշխատասեր չլինել: Նրա, նաև Ռոման Բերեզովսկու նման ֆուտբոլիստների կողքին մարզվելով՝ կարող ես անընդհատ ու ամեն վայրկյան ինչ-որ բան սովորել»:

«Հայաստանում իմ ամենասիրելի մարզիչներից մեկը՝ Ռաֆայել Նազարյանը, ինձ մի առիթով ասաց․ «Աշխատասիրության, նվիրվածության և համեստության շնորհիվ ամեն ինչի էլ կարելի է հասնել»: Ես էլ ամեն ինչ անում եմ դրանց հասնելու համար: Ամեն ինչում էլ դժվարություններ կան, բայց պետք է անես առավելագույնը, որպեսզի հաղթահարես»:

«Հայաստանում շատ մարզիչների մոտ եմ պարապել՝ Արմեն Սանամյան, Գարիկ Հովհաննիսյան, Ռաֆայել Նազարյան, Վարդան Մինասյան․․․ բոլորից էլ շատ բան եմ սովորել»:

«20 տարեկան հասակում փորձաշրջան անցա Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ալանիայում», որի գլխավոր մարզիչը Վալերի Գազաևն էր: Նա ասաց, որ լավ տպավորություն եմ թողել, գոհ է մնացել իմ արագությունից, աշխատասիրությունից, բայց թիմը նախավերջին տեղում էր, և իրենց տվյալ պահին փորձառու ֆուտբոլիստներ էին պետք»:

«Մարզիկի համար ամենավատ բանը, որ կարող է պատահել, վնասվածքն է»:

««Փյունիկում» բոլորին սովորեցնում են պրոֆեսիոնալիզմ: Ինչ գիտեմ ֆուտբոլի վերաբերյալ, ամեն ինչ «Փյունիկում» եմ սովորել»:

««Փյունիկի» առաջին թիմում հանդես են գալիս ակումբի դպրոցի կամ ամենատաղանդավորները, կամ ամենաաշխատասերները»:

«Այնտեղ խաղացած լեգեոներներից կառանձնացնեմ Սեզար Ռոմերոյին: Շատ լավ ֆուտբոլիստ էր, շատ գոլեր էր խփում: Հուժկու հարվածների էր տիրապետում: Նրա ժամանակ մեր բոլոր ստանդարտները մրցակիցների համար վերածվում էին 11-մետրանոցների»:

«Նախքան «Տորպեդո-Բելազ» տեղափոխվելը գրեթե ոչ մի տեղեկություն չունեի այդ ակումբի մասին: Միայն գիտեի, որ այնտեղ ժամանակին խաղացել է հայ հարձակվող Նորայր Գյոզալյանը»:

«Բելառուսական և հայկական ֆուտբոլների տարբերությունը զգացի «Տորպեդո-Բելազում» հենց առաջին մարզման ժամանակ: Բելառուսում ուժային պայքարը շատ է, արագություններն այլ են»:

«Բելառուսից հեռանալուց հետո միայն «Ալաշկերտից» առաջարկ ունեի և պայմանագիր կնքեցի այդ ակումբի հետ: Դրանից մեկ օր անց զանգահարեցին ու հրավիրեցին «Ժետիսու»: Շնորհակալ եմ Բագրատ Նավոյանին, որ հասկացավ իրավիճակը և թույլ տվեց տեղափոխվելու արտասահման: Ես այդ պահին չէի նայում հարցի ֆինանսական կողմին, քանի որ դրսում խաղալու այլ տարբերակ չունեի»:

«Դիմացկունություն, աշխատասիրություն ու որակ․ այս հատկանիշները պետք են ցանկացած ֆուտբոլիստի, որը ցանկանում է խաղադաշտում 90 րոպե պայքարել»:

«Հաճելի է գոլեր խփելը և գոլային փոխանցումներ կատարելը, բայց ես դրա վրա չեմ կենտրոնանում»:

«Ես բոլոր խաղերին տրամադրվում եմ 100%-ով, իսկ անհաջող գործողությունների համար կան պատճառներ և բացատրություններ»:

«Չէի ցանկանա հանդես գալ Իրանի առաջնությունում: Կարծում եմ՝ այդ երկրում չեմ կարողանա ապրել»:

«Հոգեբանորեն շատ դժվար է պարտությունից հետո վերականգնվելը: Ոչ ոք չի խոսում հանդերձարանում, հացը կուլ չի գնում, գիշերը նույնիսկ չես կարողանում քնել, բայց ինչ-որ պահի հասկանում ես, որ այդ ամենն արդեն անցյալում է, պետք է դասեր քաղել և առաջ շարժվել»:

«Հայաստանում մտածելակերպն այնպիսին է, որ մենք չենք սիրում շատ վազել, մեզ դուր է գալիս ավելի շատ լինել գնդակով: Հայաստանում շատ են տաղանդավոր խաղացողները, և եթե նրանց վրա պատանեկան տարիքից անհրաժեշտ ուշադրություն դարձնեն, նրանք կարող են լավ ֆուտբոլիստներ դառնալ: Բայց շատերը մեծանում են և, ցավոք, կորում տեսադաշտից, դառնում սովորական խաղացողներ»:

«Ֆուտբոլիստի առաջին քննադատը հենց ինքն է: Անձամբ ես դիտում եմ իմ մասնակցությամբ խաղերի տեսագրությունները, հասկանում՝ ինչ սխալներ ունեի և փորձում դրանք հետագայում շտկել»:

«Յուրաքանչյուր թիմի դեմ էլ հակախաղ կա»:

«Ես փոքրուց երկրպագել եմ Մադրիդի «Ռեալին»: Սակայն չեմ կարող չհավանել նաև «Բարսելոնայի» խաղը: Այնպես չէ, որ ֆանատիզմով եմ տառապում: Այդ թիմերի մասնակցությամբ խաղերին մոտենում եմ ավելի շատ ուսուցողական տեսանկյունից»:

«Ինձ համար բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ եղել և մնում է Ռոնալդինյոն: Կրիշտիանու Ռոնալդուն էլ իմ ամենասիրած խաղացողներից մեկն է»:

«Աջ պաշտպաններից համակրում եմ Դանի Կարվախալի խաղը: Նա, ֆուտբոլային լեզվով ասած, «Տիզ» է: «Կպչում» է հարձակվողին ու պոկ չի գալիս: Դա ինձ դուր է գալիս: Միշտ աշխատում է, նրան հոգնելուց չեմ տեսել»:

«Եթե մի բան անում ես, պետք է անես լավ»:

«Յուրաքանչյուր մարդ, եթե ձգտում ունի, կարող է հասնել իր ուզածին»:

«Ցանկացած հաղթանակ նպաստում է նրան, որ ֆուտբոլիստը զարգացնի հաղթողի հոգեբանությունը»:

«Փոքր տարիքից, ֆուտբոլից զատ, սիրել եմ բիլյարդ, մեծ թենիս: 8 տարեկան հասակում ֆուտբոլի հետ զուգահեռ ցանկանում էի գնալ բիլյարդի, բայց ինձ ասացին․ «Դու դեռ փոքր ես, արի մի քանի տարի հետո»: Տարիներ անց, իհարկե, զբաղվում էի ֆուտբոլով, իսկ բիլյարդ խաղում եմ զուտ ինձ համար»:

«Հանգիստ եմ բնավորությամբ, ակումբներում զվարճանալն ինձ համար չէ, նախընտրում եմ լռություն․ մարզումից տուն, հանգստանալ, կարելի է դուրս գալ զբոսնելու ընկերների հետ, եթե լինում է նման հնարավորություն»:

«Ես միայն ծանր ռոք ու ջազ չեմ լսում, մնացած ամեն ինչ էլ լսում եմ»:

«Սիրածս ֆիլմը Լեոնարդո դի Կապրիոյի մասնակցությամբ «Սկիզբն» է: Ես սիրում եմ գլուխկոտրուկ ֆիլմեր: Ամեն ժանրի ֆիլմեր էլ նայում եմ՝ պատմական, ֆանտաստիկ, իսկ մելոդրաման կարող է վերջին տարբերակը լինել»:

«Հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստ հասկացությունը հարաբերական է: Հավաքականում հանդես են գալիս նրանք, ովքեր տվյալ պահին գտնվում են լավ մարզավիճակում և պատրաստ են 100 ու ավելի տոկոսով ներգրավվելու խաղի մեջ»:

«Բոլորն ասում են՝ ընկերական խաղերը փորձարկումների համար են: Բայց ես չեմ ուզում ընկերական հանդիպումները զուտ ընկերական ընդունել: Կարծում եմ՝ ընկերական խաղերում էլ պետք է ձգտես հաղթել, որպեսզի այդ բնավորությունը քո մեջ ձևավորվի»:

«Հենրիխ Մխիթարյանն առաջին հերթին լավ անձնավորություն է ու հետո միայն բարձրակարգ ֆուտբոլիստ: Նա միշտ եղել ու մնում է աշխատասեր և շատ համեստ անձնավորություն: Երբ խաղադաշտում ինչ-որ բան այնպես չի ընթանում, խորհուրդներ կտա, կօգնի»:

«Մարկոս Պիզելին հիանալի ինտելեկտի տեր ֆուտբոլիստ է, իսկ որպես մարդ է՛լ ավելի լավն է: Միշտ ուրախ է, դրական ու կամեցող: Միանշանակ է, որ նրան Հայաստանում միշտ կհիշեն որպես լավագույններից մեկի»:

«Ֆուտբոլասերը հավաքականից միշտ պետք է հաղթանակ պահանջի: Մարզիչը, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը նույնպես պետք է հաղթանակ պահանջեն: Ֆուտբոլիստներն էլ պետք է նույն պահանջն ունենան իրենցից: Ֆուտբոլիստները հասկանում են, որ եթե չեն հաղթել, ապա մեղավորն իրենք են»:

«Բնական է, որ մարդիկ հավաքականի պարտություններից հետո առաջինը մարզչին են մեղադրում: Բայց հիմա որ մեկիս էլ նշանակեն հավաքականի գլխավոր մարզիչ, կողքից հայտնվելու է մեկը, ով ինչ-որ հարցերի շուրջ այլ կարծիքներ է ունենալու: Հարկավոր է մարզչին ժամանակ տալ, որպեսզի նա բացատրի ֆուտբոլիստներին իր ուզածը: Ժամանակ է պետք, որ արդյունքներ լինեն»:

«Ինձ համար ամենահիշարժան հանդիպումն աշխարհի 2014թ․ առաջնության ընտրական փուլում Դանիայի հավաքականի հետ արտագնա խաղն է: 4-0 հաշվով հաղթանակ տարանք: Այդ օրն ամբողջ մարզադաշտը հոտնկայս ծափահարում էր մեզ»:

«Մեր հավաքականն Իսպանիան կամ Բրազիլիան չէ, որ կարողանա դուրս գալ խաղադաշտ և հաղթել խաղամակարդակի հաշվին: Մենք դա փոխարինում ենք այլ հատկանիշներով: Մեզ մոտ հավատն ավելի շատ դերակատարություն ունի, քան խաղամակարդակը: Երբ ամբողջ թիմով խաղում ես մեկ նպատակի՝ հաղթանակի, մեկը մյուսին փոխօգնության հասնելու համար, արդյունք անպայման լինում է»:

«Ֆրանսիայի հավաքականն ամենաբարձրակարգ թիմն է, որի դեմ խաղացել եմ: Այդ ընտրանու դեմ 2 հանդիպում ենք անցկացրել»:

«Եկեք հիմա ես ձեզ հարցնեմ, ի՞նչ տպավորություն ունեք: Այս անգամ դժգոհելու բան կա՞» (ժպտալով դիմեց լրագրողներին Հունաստանի հավաքականի նկատմամբ Աթենքում տոնած հաղթանակից հետո):

«Ես միշտ ասում եմ՝ այն խաղից առաջ, որ լարվածություն չի լինում, այդ խաղից հաճույք չես կարող ստանալ: Այդ լարվածությունն ինչ-որ առումով պետք է՝ իհարկե ոչ շատ, չափավոր»:

«Եթե հավաքական է հրավիրվել իմ խաղային դիրքի մեկ այլ ֆուտբոլիստ, ապա մենք, իհարկե, մրցակցելու ենք տեղի համար: Բայց մենք հավաքական ենք գալիս մեկ նպատակի՝ մրցակցին հաղթելու համար, և դա միավորում է մեզ»:

«Պաշտպաններն ավելի շատ սիրում են հարձակվել, քան պաշտպանվել: Եթե մարզումները դիտեք, կտեսնեք, որ պաշտպանները միշտ հաղթում են հարձակվողներին: Եվ, ընդհանրապես, պաշտպանվելն այնքան հաճելի չէ, որքան հարձակվելը»:

«Երեխաներին խորհուրդ կտամ ունենալ սիրելի խաղացողներ, որովհետև ամեն մեկից կարելի է ինչ-որ բան սովորել: Բայց պետք չէ նմանվել ինչ-որ մեկին: Թող ամեն ոք իր ուրույն ոճն ունենա, որպեսզի ուրիշները ձգտեն նմանվել իրենց»:

«Եթե դու նվիրվես ֆուտբոլին, ապա այն քեզ մի քանի անգամ ավելի շատ բան կտա»:

«Ես երազանք, որպես այդպիսին, չունեմ: Ես ամեն ինչ նպատակ եմ դարձնում, որ կարողանամ հասնել դրանց»:

Ավելի վաղ ձեր ուշադրությանն էինք ներկայացրել նաև Մարկոս Պիզելիի, Յուրա Մովսիսյանի, Արաս Օզբիլիսի, Ռոբերտ Արզումանյանի, Գևորգ Ղազարյանի և Էդգար Մալաքյանի հնչեցրած ամենաուշագրավ մտքերը:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Իմ մայրը». Տիգրան Բարսեղյան (տեսանյութ)

«Իմ մայրը». Վարազդատ Հարոյան (տեսանյութ)

ՀՖՖ. Գևորգ Ղազարյանը կոտրվածք չի ստացել

Ղազախստանի սուպերգավաթ․ Ուդոյի «Շախտյորը» 3-րդ տեղի համար խաղում պարտվել է Հովհաննիսյանի «Կայրաթին» (տեսանյութ)

Օտար ափերում. 5 հայ երիտասարդներ, որոնց աստղը կարող է փայլել

Բաբայանի «Տոբոլը» Ղազախստանի Սուպերգավաթի եզրափակիչում է (տեսանյութ)

Չորս պատճառ, թե ինչու են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները փոխել իրենց թիմերը

Նոբել Առուստամյանն ասել է, թե որ հավաքականում կխաղա Արսեն Զախարյանը

Պետրոս Ավետիսյան․ «Հուսով եմ՝ «Նոայում» հաջող հանդես գալու դեպքում կրկին կհրավիրվեմ հավաքական»

Աղվան Պապիկյան․ ով համոզեց վերադառնալ Հայաստան և ինչ ծրագրեր ունի Կապառոսի գլխավորությամբ

Գեղամ Ղադիմյանը՝ «Կայսարի» ֆուտբոլիստ

Խոակին Կապառոսը Վիսենտե դել Բոսկեի ու Դիեգո Ֆոռլանի հետ միջազգային համաժողովի կմասնակցի

Սպերցյան. «Հպարտ եմ, որ խաղալու եմ Հայաստանի ազգային հավաքականում»

Տիգրան Բարսեղյան. «Երկրպագուները կսիրեն նրան»

«Ամերիկյան նվերներից մինչև բարձրակարգ մարզահագուստ». Հայաստանի հավաքականի շապիկների պատմությունը

ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը