fbpx
Բաժիններ

10 տարի է՝ հավաքականը չունի հայաստանցի կենտրոնական հարձակվող․ Այդ ինչպե՞ս

Երբ այս կամ այն հարթակում խոսք է գնում Հայաստանի ազգային հավաքականի թույլ օղակների մասին, մեծամասնությունը, առաջին հերթին, մատնանշում է դարպասապահի դիրքը կամ պաշտպանական գիծը: Դա կարելի է օրինաչափ համարել, քանի որ այդպիսի մտածողությունը բնորոշ է ոչ միայն հայկական ֆուտբոլային հասարակությանը: Հետին գծի խաղացողների վրա միշտ էլ պատասխանատվության ավելի մեծ բեռ է դրված, նրա անդամներից յուրաքանչյուրի ցանկացած սխալ կարող է ճակատագրական լինել: Բայց շատերը մոռանում են, որ այսօրվա ֆուտբոլում պաշտպանության համար պատասխանատու է ոչ միայն այդ քառյակը կամ հնգյակը, այլ ամբողջ թիմը, քանի որ ներկայումս կարելի է հաջողության հասնել միայն կազմակերպված թիմային գործողությունների արդյունքում:

Վերջին տարիներին սուր է դրված նաև դարպասապահի հարցը: Երբ այդ դիրքի որևէ ֆուտբոլիստ այս ընթացքում 1 կամ 2 լավ մակարդակի խաղ էր անցկացնում, անմիջապես հնչում էին կարծիքներ, որ գտել ենք Ռոման Բերեզովսկու փոխարինողին: Այդ դերում մի պահ Արսեն Բեգլարյանն էր, որն ուներ/ունի որակներ, սակայն դրանք զարգացնել չի կարողանում: Մի քանի հանդիպումներում վստահ ելույթներով աչքի ընկավ Արամ Հայրապետյանը, սակայն նա էլ վճռորոշ պահերին շատ կոպիտ սխալներ թույլ տվեց: Մեկ բան պարզ է՝ ով էլ լինի դարպասին կանգնած անձնավորությունը, նրա վրա լինելու է ամենամեծ ճնշումը:

Բայց եթե այս և մյուս խաղային դիրքերում մենք որոշակի հավասարակշռություն ունենք հայաստանցի ու սփյուռքից հրավիրված հայազգի խաղացողների քանակի միջև, ապա ի՞նչ կասեք կենտրոնական հարձակվողի դիրքի մասին: Այդ գոտին համալրելու մեր միակ հույսը սփյուռքն է եղել վերջին տասնամյակում: Հայկական ակումբները գուցե մոռացել են՝ ինչպես է պետք պատրաստել այնպիսի հարձակվողների, որոնք օգտակար կլինեն թիմերին, հետո էլ՝ ազգային հավաքականին:

Սիրելի Ձմեռ Պապ… Ինչ սպասել հայկական ֆուտբոլից 2020 թվականին

Եվ այսպես, մենք հավաքականում 21-րդ դարի առաջին տասնամյակի հատկապես երկրորդ հատվածում կենտրոնական հարձակվողի դիրքում տեսնում էինք հիմնականում Արման Քարամյանին, Արա Հակոբյանին, Սամվել Մելքոնյանին և Արամ Հակոբյանին: Նրանք փոփոխական հաջողություններով ելույթ են ունեցել հարձակման կրակագծում: Դրանից քիչ առաջ էլ ունեցել ենք կրկին հայաստանցիներ՝ Արթուր Պետրոսյան, Արմեն Շահգելդյան․․․ Իսկ արդեն տասնամյակի վերջին շրջանում, երբ ընթանում էր «Մունդիալ-2010»-ի ընտրական փուլը, սկսեցին խաղաժամանակ ստանալ Հովհաննես Գոհարյանը, Եղիա Յավրույանն ու Ռոբերտ Զեբելյանը, որոնք հայաստանցիներ չէին:

Դրանից հետո եկավ Յուրա Մովսիսյանի ժամանակաշրջանը, որը բեղմնավոր էր թե՛ նրա, թե՛ հավաքականի համար: Ամերիկյան ֆուտբոլային դպրոցն անցած խաղացողը դարձավ «Ոսկե սերնդի» անդամներից մեկը, փայլեց ամենավառ գույներով, բայց այն պահից սկսած, ինչ հայտնի պատճառներով սկսեց չհրավիրվել ընտրանի, մենք բախվեցինք լուրջ խնդիրների: Նախքան այն, երբ Մովսիսյանն Ազգերի լիգայի մրցաշարի ժամանակ 2018 թվականին վերադարձավ հավաքական, այնտեղ հանդես եկան բացառապես այնպիսի կենտրոնական հարձակվողներ, որոնք հայկական ֆուտբոլային դպրոցի սաներ չեն՝ Արթուր Սարկիսով, Ռուսլան Կորյան, Սարգիս Ադամյան, Ալեքսանդր Կարապետյան, Նորբերտո Բրիասկո Բալեկյան, Վարդան Պողոսյան, Դավիթ Արշակյան, Մաուրո Գևգեոզյան: Միտումը շարունակվեց նաև անցած տարի, երբ Յուրան կրկին չէր հրավիրվում ընտրանի (արդեն զուտ մարզական պատճառներով), իսկ նրա տեղը բավականին մեծ հաջողությամբ զբաղեցրեց Կարապետյանը:

Այսպիսով, հավաքականը նախորդ տասնամյակում անցկացրել է պաշտոնական ու ընկերական 84 հանդիպում: Ներկայացնում ենք, թե որ ֆուտբոլիստն այդ ընթացքում քանի անգամ է կենտրոնական հարձակվողի դիրքում մեկնարկային կազմում դուրս եկել խաղադաշտ:

Յուրա Մովսիսյան՝ 35 հանդիպում
Ալեքսանդր Կարապետյան, Արթուր Սարկիսով՝ 8-ական
Ռուսլան Կորյան՝ 6
Տիգրան Բարսեղյան, Էդգար Մանուչարյան՝ 5-ական
Սարգիս Ադամյան՝ 3
Նորբերտո Բրիասկո Բալեկյան՝ 2
Վարդան Պողոսյան, Դավիթ Արշակյան, Մաուրո Գևգեոզյան, Հովհաննես Գոհարյան՝ 1-ական

Նշված ֆուտբոլիստներից հայաստանցիներ են միայն Տիգրան Բարսեղյանն ու Էդգար Մանուչարյանը, սակայն չի կարելի ասել, թե նրանք տիպիկ կենտրոնական հարձակվողներ են կամ նրանց հիմնական խաղային դիրքը հենց այդ գոտին է: Երկուսն էլ մասնավորապես հավաքականում տվյալ դիրքում խաղացել են անհրաժեշտությունից ելնելով: Թե՛ Տիգրանը, թե՛ Էդգարն ավելի շատ եզրային խաղացողներ են, որոնք ունեն իրենց խաղային առանձնահատկությունները:

Թոփ-15 ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները 2019-ի դեկտեմբերի դրությամբ՝ ըստ Transfermarkt-ի

Եվս 8 մրցավեճում գործել ենք, այսպես կոչված, «կեղծ 9 համարով», երբ հանդես ենք եկել առանց ընդգծված կենտրոնական հարձակվողի: Տվյալ պարագայում ամենաբարձրը սովորաբար տեղակայվել են կա՛մ Մարկոս Պիզելին, կա՛մ Հենրիխ Մխիթարյանը:

Իսկ հիմա անդրադառնանք այն հարձակվողներին, որոնք չեն եղել մեկնարկային կազմում, սակայն գոնե փոխարինման են մտել: Հավաքականում 8 հանդիպման է մասնակցել Նորայր Ասլանյանը (միայն 1-ը՝ պաշտոնական)՝ բոլոր դեպքերում էլ դուրս գալով փոխարինման: 1 անգամ էլ հանդես գալու հնարավորություն է ստացել Արթուր Միրանյանը՝ պայքարին ներգրավվելով երկրորդ խաղակեսում: Եվ այս 2 ֆուտբոլիստներն էլ հայկական ֆուտբոլային դպրոցի սաներ չեն․․․

Հայաստանցի միակ կենտրոնական հարձակվողը, որ այս ընթացքում կարող էր խաղալու հնարավորություն ստանալ, Գեղամ Հարությունյանն էր: Բանն այն է, որ նա 6 անգամ հայտնվել է ազգային հավաքականի մրցավեճերի (4-ը՝ պաշտոնական) հայտացուցակում, սակայն այդպես էլ իրեն դրսևորելու շանս չի ստացել: Ընդ որում, Գեղամի մասին էլ այս առումով պետք է վերապահումով խոսել, քանի որ նա արդեն պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում է սկսել հանդես գալ հարձակման կենտրոնում, երբ «Ուլիսի» գույներն էր պաշտպանում, իսկ մինչ այդ նույն թիմում խաղացել է պաշտպանությունում և կիսապաշտպանությունում:

Իսկ ի՞նչ իրավիճակ է Բարձրագույն խմբի առաջնությունում: Առհասարակ հայերից նախորդ տասնամյակում ամենաարդյունավետը եղել է Միհրան Մանասյանը (75 գոլ նախորդ տասնամյակում), որը 3 անգամ ճանաչվել է Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկու (2 դեպքում կիսել է այդ կոչումն այլ ֆուտբոլիստների հետ): Նա 2016 թվականին մասնակցել էր ազգային և երիտասարդական հավաքականների ստուգողական հանդիպմանը, սակայն հետագայում վստահության չարժանացավ ընտրանու մարզիչների կողմից: Տարբեր մրցաշրջաններում լավագույն ռմբարկուների եռյակում հայտնված հարձակվողներ Նարեկ Բեգլարյանը, Նորայր Գյոզալյանը, Սեմյոն Մուրադյանը, Գևորգ Նռանյանը, Սարգիս Բալոյանը և Անդրանիկ Քոչարյանը նույնպես տեղ չեն գտել երկրի գլխավոր թիմի կազմում: Գեղամ Հարությունյանին էլ, որը նախորդ տասնամյակում 48 գոլ է խփել ներքին առաջնությունում, արդեն անդրադարձանք:

Պատահական չէ, որ վերջին տարիներին մեծ քանակությամբ գոլեր խփելու անհրաժեշտություն չի եղել լավագույն ռմբարկու ճանաչվելու համար: Օրինակ՝ կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը 2016/17 և 2017/18թթ․ առաջնություններում եղել է ամենաարդյունավետը (1-ին դեպքում հավասար քանակի գոլեր է խփել նաև Միհրան Մանասյանը)՝ մրցաշրջաններից յուրաքանչյուրում հաջողության հասնելով 13-ական անգամ:

Պատկերը գնալով ավելի տխուր է դառնում: Բարձրագույն խմբի նախորդ առաջնության լավագույն ռմբարկուների եռյակում ոչ միայն հայաստանցի, այլև առհասարակ հայ ֆուտբոլիստ չկար: Ավելին, լավագույն 20-ի ցանկում ընդամենը 3 հայ հարձակվող էր հայտնվել (Գեղամ Հարությունյան՝ 8 գոլ, Միհրան Մանասյան՝ 7, Արթուր Միրանյան՝ 5), որից 2-ն են հայաստանցի (Հարությունյան, Մանասյան): Ինչ վերաբերում է ընթացիկ առաջնությանը, ապա այստեղ լավագույն 20-ի շարքում այս պահին ընդամենը 1 հայ կենտրոնական հարձակվող կա՝ Միրանյանը, որը 6 անգամ է գրավել մրցակիցների դարպասները: «Երևանում» 3 գոլ խփած Աբրահամ Պորտուգալյանը հիմնականում գործում է կա՛մ եզրից, կա՛մ կենտրոնական հարձակվողի թիկունքում:

12 ֆուտբոլիստ, որ նախորդ տասնամյակում ամենաշատ գոլն է խփել Բարձրագույն խմբում

Պատկերն ամբողջացնելու համար նշենք, որ երիտասարդական հավաքականն էլ նախորդ տասնամյակում «պասիվ» է եղել ազգային ընտրանուն ֆուտբոլիստներ, մասնավորապես՝ հարձակվողներ մատակարարելու հարցում: Այդ ճանապարհը հաջողությամբ է անցել գերմանական ֆուտբոլային դպրոցի սան Սարգիս Ադամյանը, իսկ մյուս հարձակվողները՝ Վիուլեն Այվազյանը, Գևորգ Կարապետյանը, Գևորգ Բադալյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սարգիս Բալոյանը, Գրիգոր Աղեկյանը, Էրիկ Պետրոսյանը, Ռոբերտ Մինասյանը հանդես չեն եկել երկրի գլխավոր թիմի կազմում: Այս պարագայում նույնպես չենք տարանջատել հայ/հայաստանցի, որովհետև պատկերը 2 դեպքում էլ նույնն է:

Ազգային հավաքականն այս պահին էլ հիմնված է սփյուռքի ներկայացուցիչների վրա: Ընդ որում, Ալեքսանդր Կարապետյանը (32 տարեկան) և Արթուր Սարկիսովը (33 տարեկան, հիմա ավելի շատ եզրից է խաղում) ֆուտբոլային առումով արդեն բավականին հասուն տարիքում են: Համեմատաբար երիտասարդներից հավաքական հրավիրվողների թվում է ուկրաինական ֆուտբոլային դպրոցի սան, 24-ամյա Արթուր Միրանյանը: Այս իրավիճակին կարող է «միջամտել» Մ-21 հավաքականի ներկայիս հարձակվող Արմեն Հովհաննիսյանը, որը սլովակական «Զեմպլինի» գլխավոր թիմի կազմում արդեն 2 գոլ է խփել Սլովակիայի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում (6 խաղի է մասնակցել, բոլոր դեպքերում էլ մտել փոխարինման): Ամեն ինչ ցույց կտա ժամանակը:

Բնականաբար, ինչպես այս, այնպես էլ մյուս խաղային դիրքերում պետք է շարունակենք ապավինել սփյուռքի օգնությանը: Անդրե Չալըշըրը, Սարգիս Ադամյանը, Էդգար Բաբայանը, Ալեքսանդր Կարապետյանն ու մյուսները կարևոր խաղացողներ են մեր հավաքականի համար: Հարկավոր է փնտրել և գտնել ուրիշների նույնպես, որոնք կկարողանան օգնել մեր ոչ միայն ազգային, այլև մյուս տարիքային ընտրանիներին: Սակայն, այդ ամենով հանդերձ, մեր ակումբները՝ ղեկավարների և մարզիչների գլխավորությամբ, պետք է մտածեն սեփական կադրեր պատրաստելու մասին: Ընդ որում, խոսքը ոչ միայն հարձակվողների, այլև մյուս խաղային դիրքերի ներկայացուցիչների մասին է:

Միայն այդ դեպքում կունենանք կրթված, պատրաստ խաղացողների, որոնք հայկական թիմում մրցակցությունում արժանիորեն կհաղթեն նույն դիրքի համար հրավիրված լեգեոներին և հետո էլ տեղ կգտնեն հավաքականում: Եթե լավ կադրեր ունեցանք, նրանք ավտոմատ կերպով կունենան իրենց տեղերը թիմերում և այդպես ակումբներում հավասարակշռություն կլինի հայերի ու լեգեոներների միջև:

Եվ ամփոփենք հենց հարձակվողների թեմայով: Ֆուտբոլն առաջ է գնում, կենտրոնական հարձակվողը խաղադաշտում այսօր կատարում է շատ ավելի բազմաբնույթ գործառույթներ, քան զուտ գոլ խփելն է: Այո՛, մրցակցի դարպասը գրավելը, ինչպես սիրում են ասել հարձակվողները, իրենց «աշխատանքն» է, բայց բարձրակարգ մարզիչներն իրենց թիմեր այդ դիրքի խաղացողներ հրավիրելիս մի շարք այլ հանգամանքներ էլ են հաշվի առնում: Լուիս Սուարեսը, Կարիմ Բենզեման ու Ռոբերտո Ֆիրմինոն, գոլեր խփելուց զատ, մասնակցում են նաև թիմային աշխատանքին: Նրանցից է սկսվում թիմային պաշտպանությունը, հարկ եղած դեպքում նրանք պետք է սկսեն պրեսինգը, նրանք պետք է նահանջեն կիսապաշտպանություն, երբ թիմը դիրքային գրոհ է կազմակերպում և հարկավոր է միջին գոտում թվային առավելություն ապահովել՝ գրոհը շարունակելու համար, և այլն, և այլն․․․ Եթե այս տասնամյակում էլ ունակ չենք լինելու պատրաստելու որակյալ ֆուտբոլիստների, ապա ազգային հավաքականից ոչինչ չպետք է պահանջենք:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Թվեք Բարձրագույն Խմբի առաջնության ռմբարկուների հնգյակները 2006 թվականից սկսած. VNews-ի Quiz-ը

Պաշտոնական․ «Նոան» պորտուգալացի նորեկ ունի

Ռեկորդներ, որ կարող են սահմանվել ԲԽ-ի գարնանային հատվածում

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Սարգիս Ադամյան. «Այս մրցաշրջանում այլևս չեմ խաղա»

Ինչպես է դասավորվել ԲԽ թիմերի գլխավոր մարզիչների ֆուտբոլիստի կարիերան Հայաստանում

Դավիթ Յուրչենկո. «Չափազանց ուրախ եմ, որ հանդես եմ գալու Հայաստանի ազգային հավաքականում»

Հավակնոտ ակումբ, որի նպատակը ԲԽ ուղեգիր նվաճելն է. «Վանը» պատրաստ է մրցաշրջանի երկրորդ հատվածին (տեսանյութ)

Դավիթ Յուրչենկոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Պաշտոնական. «Երևան ՖԱ-ն» այլևս հանդես չի գա ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020 մրցաշրջանում

Հայաստանի հավաքականի դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում

Պաշտոնական․ «Նոան» հայտարարել է երկու տրանսֆերի մասին

Պաշտոնական․ «Լոռին» ուրուգվայցի ձախ պաշտպան է ձեռք բերել

Պաշտոնական․ Արտակ Ալեքսանյանը հեռացել է «Արարատից»

«Արարատն» ընկերական խաղում հաղթել է ռուսական թիմին

«Փյունիկը» հաղթեց ղազախական թիմին, «Լոռին» ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ներկայացուցչի հետ (տեսանյութ)