Վարդան Բիչախչյանն առաջարկում է վերադառնալ առաջնության անցկացման գարուն-աշուն ձևաչափին - VNews
Բաժիններ

Վարդան Բիչախչյանն առաջարկում է վերադառնալ առաջնության անցկացման գարուն-աշուն ձևաչափին

«Շիրակը» Երևանի ֆուտբոլի ակադեմիայում այսօր ընկերական հանդիպում է անցկացրել «Գանձասար-Կապանի» հետ և հաղթանակ տոնել 2-1 հաշվով: Գյումրեցիների կազմից գոլերի հեղինակներ են դարձել Արտյոմ Գևորգյանը և Ավո Լեյբ Ջունիորը: Վերջինս փորձաշրջան է անցնում թիմում: «Գանձասար-Կապանից» գոլով աչքի է ընկել Գեղամ Հարությունյանը:

Սա «Շիրակի» 3-րդ ընկերական հանդիպումն էր ձմեռային մինչմրցաշրջանի ընթացքում: Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմն ավելի վաղ հաղթանակներ էր տոնել «Փյունիկի» (2-0) ու Երևանի «Լոկոմոտիվի» (3-1) նկատմամբ:

«Շիրակի» գլխավոր մարզիչն այսօրվա մրցավեճից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է թիմի նախապատրաստության մասին, ինչպես նաև անդրադարձել առաջնության անցկացման ձևաչափին:

Ի՞նչ կասեք նախապատրաստական շրջանի ընթացքի մասին: Ամեն ինչ ըստ պլանավորածի՞ է ընթանում:

-Ամեն ինչ մեր պլանավորածով է առաջ գնում: Հունվարի 7-ից սկսել ենք նախապատրաստական հատվածը, այսօր Հայաստանում մեր վերջին ընկերական հանդիպումն անցկացրինք: Վաղը կհանգստանանք, իսկ փետրվարի 3-ից կվերսկսենք մարզումները Գյումրիում: Փետրվարի 7-21-ը հավաք կանցկացնենք Անթալիայում: Այդ հավաքի ընթացքում նախատեսում ենք անցկացնել 4 ընկերական խաղ: Ամեն ինչ մեր պլանավորածով է ընթանում, բացառությամբ նրանից, որ մի քանի ֆուտբոլիստներ այս պահի դրությամբ վնասվածքներ ունեն:

Այսօրվա խաղում ի՞նչ տպավորություն թողեց թիմում փորձաշրջան անցնող Ավո Լեյբ Ջունիորը:

-Եթե այսօրվա դրությամբ գնահատենք, ապա միանշանակ գոհ չենք, բայց որոշում դեռ չենք կայացրել: Բայց եթե ևս 1-2 հանդիպումներում կարողանանք խաղաժամանակ տալ ու հետևել այդ ֆուտբոլիստին, ապա գուցե փոխենք մեր կարծիքը:

Մուսա Փոլ Բակայոկոն թիմի առաջատարներից էր, սակայն հեռացավ ակումբից: Ո՞րն էր պատճառը:

-Պատճառն անձնական էր: Երկկողմանի համաձայնությամբ խզեցինք պայմանագիրը: Ուրիշ պատճառ չկար:

Փորձաշրջան անցնող ֆուտբոլիստը համարյա նույն դիրքում էր հանդես գալիս, ինչ Բակայոկոն: Նրան դիտարկում եք որպես Մուսա Փոլի փոխարինողի՞:

-Տեղյակ եք, որ պայմանագիր ենք ստորագրել Ուրոշ Նենադովիչի հետ: Մեր հարձակվող Մորի Կոնեն այս պահի դրությամբ վնասվածք ունի: Այս պարագայում, երբ Կոնեն չի կարող խաղալ հարձակման կենտրոնում, հենց Ուրոշին ենք դիտարկում այդ դիրքում: Կարծում եմ՝ Կոնեն կմասնակցի արտասահմանյան հավաքին, բայց դժվարանում եմ ասել՝ ինչ ընթացք կունենա վերականգնողական գործընթացը: Համենայն դեպս, կարծես արդեն երրորդ անգամ է կրկնվում այս վնասվածքը: Կփորձենք շտապողականություն չդրսևորել, որպեսզի կարողանանք նրան գոնե առաջնության վերսկսվելու հետ մեկտեղ եթե ոչ մեկնարկային կազմում, ապա որպես փոխարինողի օգտագործել:

Ուրոշ Նենադովիչը վերջին կես տարում պաշտոնական խաղի չի մասնակցել: Նա հիմա ինչպիսի՞ մարզավիճակում է:

-Այսօրվա հանդիպումն էլ ցույց տվեց, որ դժվարություններ կան: Այդ ամենը հիմնականում կապված է նրա ֆիզիկական վիճակի հետ: Հուսով եմ՝ Անթալիայում խաղերի միջոցով կկարողանանք ավելի արագ բարելավել Ուրոշի ֆիզիկական վիճակը:

Նկատելի էր, որ ընկերական հանդիպումներում խաղակեսերից յուրաքանչյուրը տարբեր մարտավարությամբ էիք անցկացնում: Երկրորդ խաղակեսերում, երբ ասպարեզ էր դուրս գալիս Դավիթ Մանոյանը, թիմը փորձում էր ավելի շատ տիրել գնդակին ու գրոհել: Ձեզ, ընդհանուր առմամբ, գոհացնո՞ւմ է թիմի ցուցադրած խաղը:

-Տպավորությունները հակասական են: Եթե «Փյունիկի» հետ հանդիպման որակից գոհ եմ, ապա վերջին 2 խաղերի որակից այդքան էլ գոհ չեմ: Թե՛ առաջին, թե՛ երկրորդ խաղակեսերում սխալների տոկոսը բավականին բարձր է, և երևի 60-70% դեպքերում, երբ տեղի է ունենում գնդակի կորուստ, մենք գնդակը կորցնում ենք բավականին պարզ և հասարակ դրություններում: Այսինքն, մրցակիցը չի ստիպում, որ մենք սխալվենք, սակայն, միևնույնն է, թույլ ենք տալիս այդ սխալը: Կարծում եմ՝ դրա վրա պետք է ուշադրություն դարձնենք, որպեսզի հատկապես պարզ իրավիճակներում նվազագույնի հասցնենք այդպիսի սխալների տոկոսը:

«Շիրակի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Երիտասարդ հարձակվող Լյովա Մրյանն այս ընկերական հանդիպումներում բավականին շատ խաղաժամանակ է ստանում, հասցրել է 2 գոլ խփել: Գո՞հ եք նրա ցուցադրած խաղից և, առհասարակ, առաջընթացից:

-Եթե 3 մրցավեճերում էլ խաղաժամանակ է ստացել, ուրեմն, բնականաբար, գոհ ենք: Մրյանը մեր երիտասարդ խոստումնալից խաղացողներից մեկն է: Նրան վնասվածքները վերջին ժամանակներս անընդհատ խանգարում էին: Այդ վնասվածքները հիմա կարծես արդեն անցյալում են: Հուսով եմ՝ կկարողանա ավելի պնդանալ, լավ ֆիզիկական վիճակ հավաքել: Կարծում եմ՝ բավականին մեծ պոտենցիալ ունի որպես կենտրոնական հարձակվող:

Անկասկած, հետևում եք, թե մյուս թիմերն ինչպես են անցկացնում նախապատրաստական հատվածը, ինչ համալրումներ և կորուստներ են ունենում: Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին: 

-Հավատացեք՝ չեմ էլ հետևում, թե ով ինչպես է նախապատրաստվում: Ավելի շատ կենտրոնացած եմ մեր թիմի վրա, քանի որ մի բան է՝ թիմը նախապատրաստական շրջանում ում հետ պայմանագիր կնքեց, ով թիմից հեռացավ, ինչպես անցկացրեց ընկերական խաղերը, այլ բան է արդեն առաջնության ընթացքում ցուցադրած խաղը, տեսքը և ներուժը: Հետևաբար, այս պահին չեմ էլ հետևում: Առաջնության այս հատվածում մնացել է անցկացնել 3 հանդիպում, ինչից հետո լավագույն վեցյակը կձևավորվի, դրա հետ մեկտեղ արդեն պատկեր կունենանք, թե որ թիմն ինչ պոտենցիալ ունի ու ինչի համար է պայքարելու:

Բարձրագույն խմբի առաջնության անցկացման ձևաչափը համարյա միշտ քննարկումներ է առաջացնում: Ի՞նչ կարծիքի եք՝ այս ձևաչափն արդարացնո՞ւմ է իրեն:

-Միանշանակ կողմ եմ ձևաչափի փոփոխմանը: Այս աշուն-գարուն ձևաչափը բացարձակապես չի արդարացնում իրեն: Համենայն դեպս, եթե փորձեմ «Շիրակի» խաղերով կամ մարզումային գործընթացով վերլուծություն անել, ապա բացարձակապես չի համապատասխանում մեր առաջնությանը: Մենք մինչև դեկտեմբերի 2-ը խաղ անցկացրինք՝ վերջին 10 օրը չունենալով լիարժեք մարզումային գործընթաց, քանի որ դաշտերը սառած էին, հնարավոր չէր մարզվել, կար վնասվածքների վտանգ, և այլն, և այլն: Նույնը նաև փետրվարին: Ամսի 29-ին խաղ էր նշանակված: Ամբողջ դեկտեմբեր, հունվար ամիսներին ձյուն չեկավ, միգուցե այդ նորման փետրվարին չափից ավելի լինի, ինչի հետևանքով խնդիր ունենանք տնային հանդիպումն անցկացնելու հետ կապված: Կարծում եմ՝ ճիշտ կլինի անցումային առաջնություն կազմակերպել: Մյուս առաջնությանը երևի թե կարող ենք 10-12 թիմի մասնակցություն ապահովել: Ես այսպես եմ պատկերացնում՝ կարելի է օգոստոսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում 2 շրջանով առաջնություն կազմակերպել, 10 թիմի դեպքում յուրաքանչյուր թիմ 18 խաղ կանցկացնի, 12 թիմի դեպքում՝ 22 խաղով հանգիստ կարելի է առաջնություն կազմակերպել և հաջորդ տարի վերադառնալ արդեն գարուն-աշուն ձևաչափին: Իսկ եթե համեմատական անցկացնենք, կտեսնենք, որ մեր թիմերը բացարձակ ոչինչ չեն կորցնում տարեկան ցիկլով խաղերի քանակի հետ կապված: Մենք անցած տարի, եթե չեմ սխալվում, 18 հանդիպում ենք անցկացրել օգոստոսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Եթե փորձենք նշածս ձևաչափով անցումային առաջնություն կազմակերպել, ապա հանգիստ կարելի է 18 մրցավեճ անցկացնել, որոշվեն չեմպիոնը, մրցանակային տեղերը զբաղեցրածները, որոնք հաջորդ տարի կմասնակցեն եվրագավաթներին: Երբ անցնենք գարուն-աշուն ձևաչափին, ֆեդերացիան արդեն կորոշի՝ նոր առաջնությունը սկսել մարտին, ապրիլի սկզբին կամ այլ ժամանակահատվածում: Կարծում եմ՝ ձևաչափը փոխելը միանշանակ ճիշտ կլինի:

Ձևաչափը խնդիրներ է առաջացնում միայն խաղադաշտերի՞ հետ կապված, թե՞ այլ հանգամանքներ էլ կան, որոնք մտահոգիչ են:

-Նախ, դաշտերի հետ է կապված: Երկրորդը՝ անցկացնում ես 15 խաղ, գնում ես արձակուրդ: Այսինքն, պատրաստում ես ֆուտբոլիստին, զգում ես, որ նա խաղ առ խաղ մարզավիճակ է հավաքում, արդեն մոտենում է մարզավիճակի գագաթնակետին, սակայն միանգամից գնում ենք արձակուրդ, և թիմը 3 ամիս հանգստանում է: Նորից վերադառնում ես, նորից պատրաստում ես, նորից 10 խաղ անցկացնելուց հետո մարզավիճակ է ձեռք բերում ու կրկին գնում արձակուրդ: Կնշեմ նաև այն հանգամանքը, որ մայիսին է վերջանում առաջնությունը, իսկ այն թիմերը, որոնք պետք է մասնակցեն եվրագավաթներին, ուզեն, թե չուզեն, թիմին կարճ հանգիստ են տրամադրում: Դրանից հետո սկսում են նախապատրաստական շրջանը, նաև այդ ժամանակ առաջանում են ընկերական հանդիպումների հետ կապված խնդիրներ: Իսկ եթե խաղանք գարուն-աշուն ձևաչափով, թիմն առաջնությունում 10-12 խաղ անցկացնելուց հետո է մոտենալու եվրագավաթներին: Դա էլ դրական հանգամանք է: Նաև եթե աշնանը որոշվի՝ ով է չեմպիոնը, ովքեր՝ մրցանակակիրները, տվյալ թիմը, իմանալով, որ ամռանը մասնակցելու է եվրագավաթներին, կարող է ձմեռային ամբողջ նախապատրաստական հատվածում նորմալ համալրել կազմը, որպեսզի մարտից նոր առաջնությունում խաղա արդեն այդ կազմով, հղկի խաղակցվածությունը՝ այդպես պատշաճ կերպով կարողանալով մասնակցել եվրագավաթներին:

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Շիրակը» համակարգիչներով է ապահովել տեղի դպրոցներին

Երևանի ազգային հավաքական. Ինչու Հայաստանի մարզերում ֆուտբոլիստներ չեն ծնվում

Ովքեր են հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները

Հայաստանի առաջնության վերսկսման մի քանի հավանական սցենար կա

Հայկական ակումբները ստացել են ՈւԵՖԱ-ի «համերաշխության վճարները»

Ովքեր են հայկական ֆուտբոլի տիտղոսակիր մարզիչները

Թվեք Ֆուտբոլի Հայաստանի առաջնության մասնակից բոլոր թիմերը՝ 1992 թվականից սկսած. VNews-ի Quiz-ը

«Նոան» տարբերվող ֆուտբոլ է խաղում, ափսոս, առանց հայ ֆուտբոլիստների․ Թիմի տակտիկական գաղտնիքները

ՀՖՖ աշխատանքային խումբը կապի մեջ կլինի ՈՒԵՖԱ-ի աշխատանքային խմբի հետ՝ ԲԽ հետագա անցկացման ժամկետները և ձևաչափը մշակելու համար

«Շիրակի» բժիշկը օգնում է պայքարել կորոնավիրուսի դեմ

Հայաստանի առաջնությունը ու VBET գավաթի խաղարկությունը հետաձգվեցին

Նվազագույն հաշիվ գրանցվեց նաև VBet Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ մյուս խաղում (տեսանյութ)

Բարձրագույն խմբի 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Մինասյանը և Բիչախչյանը հետաքրքիր լուծումներ առաջարկեցին միմյանց․ ինչը դարձավ վճռորոշ նրանց թիմերի դիմակայությունում

«Արարատ-Արմենիան» ընթանում է նախորդ տարվա չեմպիոնական գրաֆիկի զգալի գերազանցմամբ

«Արարատ» – «Լոռի»․ 2 կարմիր քարտ, բայց առանց դարպասի գրավման (տեսանյութ)