«Ներկայումս կա հայ որակյալ ֆուտբոլիստների սահմանափակ քանակ»․ Արթուր Սահակյան - VNews
Բաժիններ

«Ներկայումս կա հայ որակյալ ֆուտբոլիստների սահմանափակ քանակ»․ Արթուր Սահակյան

«Նոան» Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության ամենաամուր թիմերից մեկն է: Այն այս պահին զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը և մեծ շանսեր ունի ի վերջո հայտնվելու ուժեղագույն վեցյակում: «Նոան» առաջնության առաջատար «Լոռիին» զիջում է ընդամենը 4 միավորով:

Իգոր Պիկուշչակի գլխավորած թիմը խաղ առ խաղ բարելավում էր իր ելույթները: «Նոան» վերելքով անցկացրեց աշնանային հատվածի հատկապես վերջնամասը՝ անցկացրած 6 հանդիպումներում տոնելով 4 հաղթանակ: Թիմն իր ճանապարհն է շարունակում նաև VBet Հայաստանի գավաթի խաղարկությունում, որտեղ հասել է կիսաեզրափակիչ:

«Նոայի» մոտեցումները բավականին լուրջ են: Ակումբը չի պատրաստվում բավարարվել միայն ընթացիկ արդյունքներով, այլ ցանկանում է արդեն հիմա հիմք դնել ապագայում սեփական կադրեր ունենալու համար: Ծրագիրը երկարաժամկետ է, նպատակները՝ հավակնոտ:

«Նոայի» և հայկական ֆուտբոլի հետ կապված բազմաթիվ հարցերի շուրջ զրուցել ենք ակումբի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանի հետ:

Առաջնությունում այս պահին 6-րդ տեղում եք: Հետաքրքիր է, որ «Նոան» ամենաքիչ գոլն է բաց թողել (14), բայց նաև ցածր արդյունավետություն ցույց տվել (20 գոլ)՝ ավելի շատ գոլ խփելով միայն վերջին 3 հորիզոնականների թիմերից: Ինչպե՞ս կամփոփեք թիմի ելույթները Բարձրագույն խմբի աշնանային հատվածում, նաև VBet Հայաստանի գավաթում:

-Առաջին հատվածը փորձենք հաջող համարել, որովհետև մանավանդ առաջնության վերջնամասում բավականին լավ հանդես եկանք: Կարելի է ասել՝ դիրքերն ավելի ամրապնդեցինք լավագույն վեցյակում: Այժմ 4 միավորի առավելություն ունենք «Փյունիկի» նկատմամբ, որն ամեն կերպ կփորձենք պահպանել ու նաև բարձրանալ ավելի վեր: Ինչ վերաբերում է խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությանը, ապա դրան այս պահին այդքան էլ մեծ կարևորություն չեմ տալիս, քանի որ մենք ավելի շատ մտածում ենք հաղթանակների մասին, ինչ գնով էլ դրանք լինեն: 1-0-ն էլ է հաղթանակ, 3-0-ն էլ, և երկուսն էլ թիմին 3 միավոր են պարգևում:

«Նոայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Իրատեսակա՞ն եք համարում չեմպիոնության համար պայքարելը, թե՞ կարծում եք, որ թիմը դեռ չի հասունացել այդ կոչմանն արժանանալու համար:

-Այնպիսի առաջնություն է, որ չես կարող ասել՝ ինչ կլինի: Չպետք է հեռակա եզրակացություններ անել, մեր գերակա նպատակը Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճելն է: Մենք գոհ կլինենք նաև նրանից, եթե հանդես գանք այդ մրցաշարում, սակայն պետք է ձգտենք նաև հասնելու ամենաբարձր նպատակին:

Թող ապացուցեն, որ արժանի են հիմնական կազմում հանդես գալու

Արդյունքները, իհարկե, կարևոր են, բայց այլ ի՞նչ չափորոշիչներով եք գնահատում մարզչական շտաբի աշխատանքը: Ի՞նչ նշանակություն ունեն թիմի ցուցադրած խաղի որակը, նաև այն, թե ֆուտբոլիստներն անհատապես աճ գրանցո՞ւմ են, թե՞ ոչ:

-Մարզչական շտաբի աշխատանքը գոհացնում է: Դրա մասին են վկայում թիմի ելույթները, մանավանդ՝ տարվա վերջին հատվածում: Երբ սկսվեց մրցաշրջանը, տվյալ պահին հանդես եկող ֆուտբոլիստները թիմին էին միացել Թբիլիսիում կայացած հավաքի երկրորդ հատվածից, եղան նաև խաղացողներ, որոնք մեր շարքերը համալրեցին օգոստոսին, 1-2-ն էլ՝ սեպտեմբերի սկզբնամասում: Այդ ժամանակ բավականին դժվար էր մարզչի համար, որովհետև ֆուտբոլիստները ֆունկցիոնալ տարբեր վիճակներով էին միացել թիմին, և կային ֆունկցիոնալ պատրաստվածության ու խաղակցվածության խնդիրներ: Այդ ամենը կայունացավ մրցաշրջանի ընթացքում, հատկապես՝ երկրորդ խաղաշրջանում: Թիմը ձեռք բերեց հատուկ խաղային ձեռագիր, որով մենք, կարծում եմ, տարբերվում ենք առաջնության մյուս մասնակիցներից: Մեր խաղակցվածությունը, խաղային ձեռագիրն առանձնանում են, իսկ ֆուտբոլիստների խաղում նկատում ենք ահռելի աճ:

Այս պահին 2 նորեկ ունեք: Այլ համալրումներ սպասվո՞ւմ են, և եթե՝ այո, ապա ո՞ր խաղային դիրքերում:

-Սպասում ենք ևս 2-3 համալրման: Մոտ օրերս կհայտարարենք մեկի մասին: Մյուս երկուսին սպասում ենք Թուրքիայում: Հույս ունենք՝ նրանք կարդարացնեն մեր սպասելիքները, քանի որ բավականին ժամանակ հետևել ենք նրանց խաղերին և այժմ ցանկանում ենք գործի մեջ տեսնել: Ինչ վերաբերում է խաղային դիրքերին, ապա այս պահին ունենք ձախ պաշտպանի խնդիր, քանի որ մեր հիմնական ձախ պաշտպան Վիտալի Զապրուդսկիխը վնասվածք ստացավ նախապատրաստական շրջանում: Ունենք նաև առջևի գծում հանդես եկող ֆուտբոլիստի խնդիր: Կցանկանայինք ևս մեկ որակյալ հարձակվող ունենալ՝ եզրային կամ կենտրոնական: Մեր ֆուտբոլիստներն ունիվերսալ են: Օրինակ՝ Մաքսիմ Մայրովիչը հանդես էր գալիս ինչպես կենտրոնում, այնպես էլ եզրում: Դմիտրի Լավրիշչևն էլ ԲԿՄԱ-ի դեմ ընկերական խաղում տեղաշարժվեց եզր:

Թիմից 5 ֆուտբոլիստ է հեռացել, որից 4-ը՝ հայ: Արթուր Ստեփանյանը վարձավճարով է տեղափոխվել «Վան», իսկ մյուսներն այլևս ակումբի խաղացողներ չեն: Ինչո՞ւ հրաժարվեցիք Դավիթ Մանոյանից, Արման Մելիքսեթյանից և Էդգար Մովսեսյանից:

-Դավիթ Մանոյանն այն ֆուտբոլիստն է, որն անընդհատ ցանկանում է խաղալ: Նա այլևս երիտասարդ չէ, որպեսզի սպասի իր շանսը ստանալուն: Նա միգուցե զգում էր, որ չի կարողանում հարմարվել ակումբին, մենք էլ զգում էինք, որ ունենալ Դավթի պես ֆուտբոլիստ և նրան նստեցնել պահեստայինների նստարանին, ճիշտ չէ: Համատեղ որոշման եկանք՝ Մանոյանի նման խաղացողը, որը լավ կարիերա է ունեցել, չմնա պահեստայինների նստարանին: Ավելի լավ է՝ այնպիսի ակումբ տեղափոխվի, որտեղ կլինի թիմի առաջատարը:

Արման Մելիքսեթյանի հեռանալու պատճառը եղել է խաղային պրակտիկայի բացակայությունը: Խնդրանքով դիմել է մեզ, որպեսզի խզենք աշխատանքային պայմանագիրը, և տեղափոխվի այնպիսի ակումբ, որտեղ խաղաժամանակ կստանա:

Ինչ վերաբերում է Էդգար Մովսեսյանին, ապա մենք չենք ցանկացել հրաժարվել այդ ֆուտբոլիստից: Ինքն է ուզել հեռանալ թիմից: Մենք չենք ուզում մեր կազմում ունենալ այնպիսի խաղացողի, որը չի ցանկանում լինել ակումբում: Իսկ ինչ վերաբերում է նրա վերջին հարցազրույցին, որում ասել էր․ «Ինձ ասացին՝ ես թիմում կմնամ, բայց իմացա, որ տոմսերս հետ են վերադարձվել»: Ես ներկա եմ եղել այն խոսակցությանը, որում մարզիչը նրան նոր խաղային դիրք առաջարկեց, որպեսզի հանդես գա աջ պաշտպանի դիրքում: Մարզիչն այնպես էր բացատրել իր որոշումը, որ տեսնում է՝ ֆուտբոլիստն այդ դիրքում իր հետագա կարիերայում կարող է ավելի մեծ նվաճումների հասնել: Ֆուտբոլիստին առաջարկ է արվել խաղալու այդ դիրքում, որպեսզի Թուրքիայում դրա հետ կապված արդեն փորձարկումներ կատարվեին: Սակայն խաղացողը կտրուկ հրաժարվեց և հայտնեց, որ չի ցանկանում մնալ ակումբում: Եվ եթե ֆուտբոլիստը չի ցանկանում խաղալ այստեղ, ապա մենք էլ չենք ուզում ունենալ նման խաղացողի: Այստեղ նրան ակումբից հեռացնել-չհեռացնելու հարց չի եղել: Նա ուզեց հեռանալ, և մենք խնդիր չտեսանք՝ ասելով, որ կարող ես ամեն պահի հեռանալ: Մենք չենք կարող աշխատանքներ տանել այնպիսի ֆուտբոլիստի հետ, որը չի ցանկանում հանդես գալ մեր թիմում: Այդ իսկ պատճառով էլ որոշեցինք Մովսեսյանին հավաքի չտանել, բայց ակումբից հեռանալը նրա ու նրա ընտանիքի ցանկությունն էր:

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Նոայի» կազմում աշնանային հատվածի խաղերին մասնակցել է 23 ֆուտբոլիստ, որից 14-ը՝ լեգեոներ: Հիմա, փաստորեն, էլ ավելի պակասեց հայ խաղացողների թիվը: Ի՞նչն է պատճառը: Կա հայ որակյալ ֆուտբոլիստների պակա՞ս, որոնք կարող են լուրջ խնդիրներ լուծել, թե՞ պարզապես մարզչական շտաբը նախընտրում է շեշտը դնել լեգեոներների, հիմնականում՝ ռուսների վրա:

-Սկսեմ նրանից, որ առաջնությունում չկա լեգեոներների որոշակի լիմիտ: Մարզիչը կոնկրետ ուղղվածություն չունի՝ արտասահմանացի, թե տեղացի ֆուտբոլիստներ: Ինչ վերաբերում է հայ ֆուտբոլիստներին, ապա մենք, ինչո՞ւ ոչ, ցանկանում ենք համալրվել նաև մեր ակադեմիայի խաղացողներով: Երբ թիմը հավաքից վերադառնա, նրան կմիանան 16-ամյա, 17-ամյա 2-3 պատանի խաղացողներ: Ինչո՞ւ ոչ, կփորձենք արդեն երիտասարդներին էլ մոտեցնել առաջին թիմին: Հայ ֆուտբոլիստներով էլ կարելի է արդյունք ստանալ, սակայն հարցն այն է, թե ինչպիսի՞ հայ ֆուտբոլիստների մասին է խոսքը: Կնշեմ, որ ներկայումս կա հայ որակյալ ֆուտբոլիստների սահմանափակ քանակ:

«Նոայից» վերջին կես տարում հավաքականներից հրավերներ են ստացել 4 ֆուտբոլիստներ: Արման Մելիքսեթյանը հրավիրվել էր ազգային, Էդգար Մովսեսյանը, Էդգար Գրիգորյանը և Հովհաննես Նազարյանը՝ երիտասարդական ընտրանիներ: Առաջին երկուսը, որոնք միասին ընդամենը 9 հանդիպման են մասնակցել ընթացիկ առաջնությունում, այլևս թիմում չեն, Գրիգորյանն անցկացրել է ընդամենը 2 մրցավեճ, իսկ Նազարյանն առհասարակ ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել․․․

-Թող ապացուցեն, որ արժանի են հիմնական կազմում հանդես գալու, և կստանան խաղաժամանակ:

Հովհաննես Նազարյանը նախորդ առաջնությունում էլ հանդես էր գալիս թիմում (այն ժամանակ՝ «Արցախ») և բավականին լավ տպավորություն էր թողնում:

-Մենք նախորդ առաջնության արդյունքներով զբաղեցրինք 8-րդ հորիզոնականը, իսկ այս մրցաշրջանում մեր խնդիրները բավականին բարձր են: Ունենք նոր ֆուտբոլիստներ, կա ավելի մեծ մրցակցություն և մեկնարկային կազմում հայտնվելը հեշտ բան չէ:

Կան հայ ֆուտբոլիստներ, որոնք կարգապահական խնդիրներ ունեն

Դուք նույնպես ֆուտբոլիստի կարիերա եք ունեցել: Երբևէ բախվե՞լ եք խնդրի՝ կապված նրա հետ, որ մարզիչը հավասարապես չի վերաբերվել հայ և լեգեոներ խաղացողներին:

-Հնարավոր է, որ լինի, սակայն ես չեմ փորձի նման թեմայի շուրջ կիսվել իմ կարծիքներով: Ես մեր ակումբում նման բան չեմ նկատել, սակայն իմ կարիերայի ընթացքում նկատել եմ նման երևույթներ: Մարզիչն ապահովում է արդյունք և նրանից է կախված ֆուտբոլիստների ընտրությունը: Մենք չենք խառնվում մեր մարզչի գործողություններին: Սակայն ակումբում բոլոր ֆուտբոլիստներն ունեն հավասար իրավունքներ և չկա մի խաղացող, որը որևէ արտոնություն ունի: Բոլորը հավասար են:

«Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը վերջերս հայտարարել էր, որ երբ եկավ թիմ, անմիջապես հասկացավ, որ հայ ֆուտբոլիստները պրոֆեսիոնալիզմի հետ կապված որոշակի խնդիրներ ունեն: Դուք շատ լավ եք ծանոթ հայկական ֆուտբոլի ներքին խոհանոցին: Ըստ Ձեզ՝ իրո՞ք կա նման խնդիր, և եթե՝ այո, ապա՝ որո՞նք են դրա պատճառները:

-Իհարկե, կա նման խնդիր, որովհետև տարբեր ակումբներից եկած ֆուտբոլիստներ են և տարբեր ֆուտբոլային դաստիարակություն են ստացել: Կան խաղացողներ, որոնք իրենց տվյալներով վատ ֆուտբոլիստներ չեն, բայց կարգապահական խնդիրներ ունեն: Այսինքն, նախկինում, որտեղ հանդես են եկել, նրանց կարգապահության վրա քիչ աշխատանք է տարվել: Ֆուտբոլիստներ կան, որ տարբեր խաղային մոդելներում ունեն իրենց թերացումները, մարզիչն էլ նկատում է դա: Շատ ֆուտբոլիստներ, ինչպես նշեցիք, կարգապահական, տակտիկական խնդիրներ ունեն: Ֆուտբոլիստներին հիմնական մարզումներից հետո որոշակի ժամանակ է տրվում, լրացուցիչ մարզումներ են անցկացվում, որոնց ընթացքում աշխատում են փոխանցումների որակի վրա և այլն, իսկ դա պետք է արվեր դեռ մանկապատանեկան ֆուտբոլում: Այդ ամենը գումարվում է իրար: Ամեն ֆուտբոլիստ իր խնդիրներն ունի՝ սննդակարգ, ավելորդ քաշ․․․ Ավելորդ քաշն արդեն կարգապահական խախտում է:

Նման խնդիր միայն հայ ֆուտբոլիստնե՞րն են ունեցել, թե՞ լեգեոներները նույնպես:

-Հիմնականում հայերը (ժպտում է՝ խմբ․):

115 հայ, 129 լեգեոներ․ Ուշագրավ 10 փաստ՝ Բարձրագույն խմբի աշնանային հատվածից

Ծրագրերում կա՞ 2-րդ թիմ ունենալու նպատակ:

-Իհարկե, կա: Ձեր կողմից նշված ֆուտբոլիստները չունեն խաղային պրակտիկա: Ունենք խաղացողներ, որոնք վնասվածքներ են ստանում, նրանց ևս հարկավոր է խաղային պրակտիկա, որպեսզի որոշ ժամանակ անց կրկին միանան առաջին թիմին: Բացի այդ, երկրորդ թիմում արդեն կունենանք այնպիսի ֆուտբոլիստներ, որոնց կփորձենք մոտեցնել առաջին թիմին: Այսինքն, մենք կունենանք ապագա: Կփորձենք ունենալ մեր ակադեմիան, որի կադրերով էլ կհամալրենք առաջին թիմի ռեզերվը: Նրանք էլ հետագայում կհամալրեն արդեն մեր առաջին թիմը, և ըստ դրա, ինչո՞ւ ոչ, լավ կլինի, եթե ֆուտբոլիստներ տանք հավաքականներին: Մեր ծրագրերի մեջ մտնում է այն, որ երկրորդ թիմ ունենանք արդեն հաջորդ մրցաշրջանում:

Նոր՝ ավելի լայն ծավալի ներդրումային ծրագիր ենք ներկայացրել ՀՖՖ

Առաջնության ներկայիս ձևաչափը դժգոհություններ է առաջացրել որոշ ակումբների շրջանում: Իհարկե, եթե «Երևանը» դուրս մնա առաջնությունից, բարդություններ կլինեն, բայց չե՞ք կարծում՝ նաև այս ձևաչափի շնորհիվ է, որ մրցաշարում հիմա նման լարվածություն կա:

-Ի սկզբանե ճիշտ չեմ համարել նման ձևաչափը, քանի որ թիմերը, որոնք հանդես են գալիս եվրաասպարեզում, շուտ են սկսում նախապատրաստական ընթացքը և բավականին հոգնած ֆոնով են ներկայանում առաջնության սկզբնամասին: Այդ պարագայում հնարավոր է, որ նրանք անկումներ ունենան: Նրանք այդ խնդիրները շտկելու հնարավորություն են ունենում առաջնության արդեն երկրորդ հատվածում: Նաև հնարավոր է՝ որոշ թիմեր սխալ սելեկցիա կատարեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հնարավոր են վնասվածքներ մրցաշրջանի ընթացքում: Թիմը կարող է հայտնվել, օրինակ՝ 7-րդ հորիզոնականում, սակայն մաթեմատիկական հաշվարկներով հնարավորություն ունենա նաև դառնալու չեմպիոն: Այդ մասին է վկայում նաև աղյուսակի ներկայիս դրությունը:

Ինչ վերաբերում է այս մրցաշրջանին, ապա «Երևանից» բացի մյուս բոլոր թիմերը մրցունակ են: Չկա խաղ, որում կա 100%-անոց ֆավորիտ: Գրեթե բոլոր հանդիպումներում 50-50 հարաբերակցությունն է: Ցանկալի կլինի, որ ձևաչափը փոփոխվի: Դա պետք է համաձայնեցնեն արդեն ՈՒԵՖԱ-ի հետ, ինչը, կարծում եմ, մի քիչ լուրջ խնդիր է: Մենք չենք վախենում մրցակցությունից, կապ չունի՝ 6-րդ հորիզոնականո՞ւմ ենք, թե՞ ոչ: Նույն հաջողությամբ կարող էինք լինել 7-րդը կամ 8-րդը: Եթե «Երևանը» դադարեցնի մասնակցությունը Բարձրագույն խմբին, 9 թիմով, եթե՝ ոչ, ապա 10 թիմով ցանկալի կլինի 4 շրջանով ընդհանուր շարունակել առաջնությունը:

Ակումբը պաշտոնապես հայտարարել էր, որ հաջողվել է համաձայնության գալ գերմանական ակումբներից մեկի հետ բացառիկ համագործակցության վերաբերյալ, և որ այն անմիջական մասնակցություն կունենա «Նոայի» ապագա ակադեմիայի փիլիսոփայության ու հայեցակարգի մշակման գործում: Ո՞ր ակումբի մասին է խոսքը և ե՞րբ կյանքի կկոչվի ակադեմիա ունենալու գաղափարը:

-Մեր մարզական տնօրեն Հայկ Հովակիմյանը մեկնել էր Գերմանիա և Հոլանդիա ու այնտեղ հանդիպումներ ունեցել գերմանական «Շալկե», «Վոլֆսբուրգ», «Քյոլն», հոլանդական «ՊՍՎ Էյնդհովեն» ակումբների ներկայացուցիչների հետ, ու մենք մինչ այժմ համագործակցության եզրեր ենք փնտրում: Այդուհանդերձ, այդ ամենը պրակտիկայում կկիրառենք այն ժամանակ, երբ ունենանք մեր սեփական ակադեմիան: Այս պահին համաձայնություն ունենք «Քյոլնի» հետ: Մեր ներկայացուցիչներն առաջիկայում պատրաստվում են այցելություններ կատարել նաև չեխական «Սպարտա», «Սլավիա», ինչպես նաև հունգարական «Հոնվեդ» ակումբներ: Ինչ վերաբերում է ակադեմիա ունենալու ժամկետներին, ապա նախ պետք է լուծել տարածքի հարցը: Կարծում եմ՝ այդ հարցն ամենաուշը մեկ ամսից լուծված կլինի: Այդ ժամանակ էլ հստակ կասենք ակադեմիա ունենալու ժամանակահատվածը:

Նաև հայտարարել էիք, որ ակումբը ներդրումային ծրագիր է ներկայացրել և ցանկանում է իր տրամադրության տակ վերցնել նախկին «Միկա» մարզադաշտը: Հստակություն կա՞ այդ առումով:

-Ժամանակին հանդիպել էինք ֆեդերացիայի նախկին ղեկավարի հետ, ինչից հետո ներդրումային ծրագիր էինք ներկայացրել ֆեդերացիա: Ֆեդերացիան այն հանձնել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանին: Վերջինս անհասկանելի կերպով հայտարարեց, թե որևէ ծրագիր չի ներկայացվել: Այդուհանդերձ, գրեթե 2 շաբաթ առաջ ներկայացրել ենք նոր՝ ավելի լայն ծավալի ներդրումային ծրագիր, քան նախկինում էր: Ներկայացրել ենք ՀՖՖ, որտեղից ծրագիրը կրկին պետք է ուղարկվի նախարարություն, և կսպասենք պատասխանի: Կարծում եմ՝ չպետք է մերժել այնպիսի մարդկանց, որոնք ցանկանում են մեծ ծավալի ներդրումներ կատարել մեր հանրապետությունում:

Բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը (տեսանյութ)

Չենք սահմանափակվում Բարձրագույն խմբով, ինչպես նաև եվրոպական մրցասպարեզների որակավորման փուլերով

Կան տեղեկություններ, որ պատրաստվում եք հիմնել նաև բասկետբոլային թիմ: Իրականությանը համապատասխանո՞ւմ են այդ լուրերը:

-Այո, այդպիսի բան էլ կա ներդրումային ծրագրում: Եթե «Միկայի» տարածքը մեզ տրամադրվի, ապա ինչո՞ւ ոչ: Մարզահամալիրի մարզադահլիճն այդ դեպքում կօգտագործենք մեր բասկետբոլային թիմի համար: Չէի ասի, թե բասկետբոլային թիմ ունենալը կախված է մեր՝ «Միկան» վերցնել-չվերցնելուց: Այս ամենը դեռ նախնական փուլում է: Հանդիպումներ են եղել ֆեդերացիայի և VBet Ա-Լիգայի ղեկավարի հետ: Քննարկումներ են եղել հեռանկարները հասկանալու, այդ մարզաձևում ծավալուն ներդրումներ կատարելու առումով: Հիմա մենք ակնկալում ենք որոշակի պատասխան ֆեդերացիայից: Հարցն այնպես է դրված, որ «Նոան» չի ուզում ուղղակի ունենալ թիմ: Ինչպես ֆուտբոլում, այստեղ էլ նայում ենք, թե հեռանկարները որոնք են: Ուզում ենք հասկանալ՝ ենթադրենք՝ մեկնարկում ենք VBet Ա-Լիգայում, իսկ հետո ո՞ւր պետք է գնանք, ինչպե՞ս պետք է գնանք և այլն: Սահմանափակվում ենք Ա-Լիգայո՞վ, թե՞, ենթադրենք՝ ուզում ենք միջազգային մրցաշարերի մասնակցել: Հիմա այդ տարբերակներն են քննարկվում, թե որ ուղղությամբ ենք շարժվելու: Դա շատ լուրջ քննարկում է, և մենք ակնկալում ենք, որ այստեղ որոշակի պարզություն կմտնի առաջիկայում: Շատ հավանական է, որ այդ ծրագիրը կլինի հաջորդ տարվանից: Թիմ դեռ չենք ձևավորում, հստակություն լինելու դեպքում արդեն կոնկրետ աշխատանքներ կկատարվեն, քանի որ կա ցանկություն: Ակնկալիքները մեծ են:

Ո՞րն է ակումբի հեռահար նպատակը ֆուտբոլում:

-Մենք չենք սահմանափակվում Հայաստանի Բարձրագույն խմբով, ինչպես նաև եվրոպական մրցասպարեզների որակավորման փուլերով: Պետք է շատ առաջ շարժվենք, որովհետև նպատակները բավականին մեծ են, և դրա համար աստիճանաբար ավելի մեծ ռեսուրսներ են ներդրվում: Որքան ռեսուրս է ներդրվում, այնքան նպատակն ու պահանջը մեծանում են:

Ընտրվել եք ՀՖՖ Մասսայական ֆուտբոլի հանձնաժողովի փոխնախագահ: Ի՞նչ գործառույթներ ունեք այդ պաշտոնում և ի՞նչ ծրագրեր եք պատրաստվում կյանքի կոչել:

-Կոմիտեի նշանակումից անմիջապես հետո ժամանակ չենք կորցրել և հանդիպել ենք կոմիտեի նախագահի հետ: Քննարկել ենք մեզ հետաքրքրող բավականին շատ հարցեր: Դրանից հետո հրավիրել ենք կոմիտեի նիստ, ծանոթացել նախկին աշխատանքներին: Մեզ են ներկայացվել ծրագրերը, որոնք դեռ վերջնական փուլին չեն հասել, բայց որոնք ընթացքի մեջ են: Փորձում ենք հասնել նաև ռազմավարության այն կետերին, որոնք դրված են ֆեդերացիայի առջև: Այժմ ավելի ենք կենտրոնացել մասսայական ֆուտբոլի զարգացման վրա: Փորձում ենք տարբեր ենթակետերով զարգացում տալ հարցերին: Կան նաև անավարտ աշխատանքներ, որոնք կփորձենք ավարտին հասցնել: Նաև հանդես կգանք նոր ծրագրերով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Նոայի» ֆանտաստիկ քամբեքը, ամենագոլառատ եզրափակիչն ու ամենաերկարատև 11մ հարվածաշարը

Իգոր Պիկուշչակն արտասահմանցի 5-րդ մասնագետն է, որ իր թիմի հետ դարձել է VBet Հայաստանի գավաթակիր

Լուիս Օգանան՝ գավաթի եզրափակիչների ամենաարագ գոլերի հեղինակների տասնյակում

Վադիմ Բորեց․ «Ոչ մի գրող չէր կարողանա նման սցենար գրել․ երկրպագուներն այս եզրափակիչը երկար կհիշեն» (տեսանյութ)

Արթուր Սահակյան․ «Նոան» այս տիտղոսից հետո ավելի մոտիվացված կլինի հասնելու ավելի բարձր նվաճումների» (տեսանյութ)

Յուրի Գարեգինյան․ «Այսօր էլ ցույց տվեցինք մեր բնավորությունն ու թիմային խաղը» (տեսանյութ)

Եզրափակիչ, որը երբեք չի մոռացվի․ VNews-ի ֆոտոշարքը «Նոա» – «Արարատ-Արմենիա» մեգադրամատիկ խաղից

Թրիլերն ավարտվեց. «Նոան»՝ VBET Հայաստանի գավաթակիր (տեսանյութ)

VBET գավաթի եզրափակիչ. «Նոա» – «Արարատ-Արմենիա». Նախախաղային քննարկում, ուղիղ եթեր (տեսանյութ)

Բարձրագույն խմբի 27-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Լոռի» – «Արարատ» հանդիպումը չի կայանա. ֆուտբոլիստներից մեկի՝ COVID-19 թեստը դրական է

Հակոբ Սիմիդյանը և Դենիս Ջորկաեֆը՝ ՀՖՖ նախագահի խորհրդականներ

Եզրափակիչի մասնակից թիմերից միայն 2 ֆուտբոլիստ է երբևէ դարձել VBet Հայաստանի գավաթակիր․ «Նոա» – «Արարատ-Արմենիա» խաղին ընդառաջ

Արմեն Մելիքբեկյանը բաց նամակով դիմել է «Շիրակի» երկրպագուներին

«Լոռիի» դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով, ևս երեք ֆուտբոլիստներ բարձր ջերմություն ունեն

VBET-ը ներկայացնում է Հայաստանի առաջնության հունիս ամսվա 5 լավագույն գոլերը (տեսանյութ)