Հովհաննես Համբարձումյան․ «Աշխատասիրությունն ամենամեծ տաղանդն է» - VNews
Բաժիններ

Հովհաննես Համբարձումյան․ «Աշխատասիրությունն ամենամեծ տաղանդն է»

Ինչպես հայտնի է, «Ուրարտուն» այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Կիպրոսում: Այդ երկրի «Էնոսիս Պարալիմնի» ակումբում է հանդես գալիս «Ուրարտուի» նախկին պաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը: Նա այցելել է այն հյուրանոց, որտեղ հանգրվանել է հայկական ակումբի պատվիրակությունը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Ուրարտուի» մամուլի ծառայության անցկացրած հարցազրույցը Համբարձումյանի հետ:

Եկար հարազատ թիմիդ հյուրանոց ու հանդիպեցիր նախկին թիմակիցներիդ հետ։ Տպավորություններն ինչպիսի՞ն են։

-Կարոտել էի ընկերներիս։ Լավ է, որ կարողացա տեսնել նրանց։ Ինչ էլ լինի, աշխարհի որ անկյունում էլ լինեմ, հարազատ թիմը միշտ մնում է հարազատ։ Երբ հնարավորություն է ընձեռվում հանդիպել նախկին թիմակիցներիս հետ, կամ, երբ լինում եմ Երևանում և «Ուրարտու» գնալու հնարավորություն է ստեղծվում, դա անում եմ մեծ սիրով։

Ի՞նչ հիշողություններ են մնացել «Ուրարտուից»։

-Դրանք շատ են, եթե սկսեմ թվել, ապա հաստատ ժամեր կպահանջվեն։ Լավ, փորձեմ մեկն առանձնացնել․ ամենատպավորիչ հիշողությունը կապված է ակումբում անցկացրած վերջին մրցաշրջանի հետ։ Մենք կարողացանք ակումբի պատմության ընթացքում առաջին անգամ դառնալ Հայաստանի չեմպիոն։ Աննկարագրելի էմոցիաներ էին։ Դա նաև իմ կյանքի կարևորագույն հուշերից է։

Այժմ «Ուրարտուի» ելույթներին հետևո՞ւմ ես։

-Հնարավորության դեպքում, երբ մարզումներ կամ խաղեր չեմ ունենում, հետևում եմ, երկրպագում թիմին։ Կասեմ, որ առաջնության առաջին շրջանում գրանցած արդյունքներն այդքան էլ լավը չեն, բայց պայքարը շարունակվում է, հուսով եմ, որ մրցաշրջանի երկրորդ կեսումը թիմը կբարելավի իր խաղը ու ավելի դրական արդյունքներ կգրանցի։

Ինչպե՞ս են ընթանում գործերդ Կիպրոսում։

-Ամեն ինչ լավ է։ «Էնոսիսի» կազմում վերջին մեկ ամսում ամեն ինչ հաջող է ընթանում, բարելավել ենք թիմի խաղը, եթե այսպես շարունակենք, ապա վստահ եմ, որ կառաջադիմենք մրցաշարային աղյուսակում։ «Ուրարտուի» նման մենք էլ առաջնությունը շատ անհաջող մեկնարկեցինք՝ տևական ժամանակ չէինք կարողանում հաղթել։ Բայց հիմա նոր գլխավոր մարզիչ ունենք, համալրվել ենք նոր ու բարձրակարգ ֆուտբոլիստներով։ Թիմի գործերը շատ լավ են ընթանում։ Վերջին 4 խաղում հաղթել ենք 2 անգամ, իսկ 2 հանդիպում էլ ավարտել ոչ-ոքի։

Վերջին շրջանում շատ էին խոսակցությունները, որ փոխում ես թիմդ, ի՞նչ կասես այդ մասին։

-Խոսակցություններ միշտ լինում են, բայց հստակ առաջարկներ չկան։ Կարող էր այնպես ստացվել, որ հստակ տարբերակներ լինեին, բայց այս պահին ես պայմանագիր ունեմ ու «Էնոսիս» ակումբի ֆուտբոլիստն եմ։ Թե ինչպես կզարգանան իրադարձություններն ապագայում, չեմ կարող ասել։

Ի՞նչ ծրագրեր ունես։ Ցանկանո՞ւմ ես շարունակել ելույթներդ Կիպրոսում։

-Առաջնության ավարտի հետ մեկտեղ՝ ավարտվում է նաև իմ պայմանագիրը։ Երբ գա այդ ժամանակը, կսկսեմ մտածել այդ մասին։

Կիպրոսի առաջնության մասին ի՞նչ կասես։ Ի՞նչ ֆուտբոլ են գերադասում խաղալ։

-Մակարդակի տեսանկյունից իմ սպասելիքներից բարձր ֆուտբոլ են խաղում։ Կիպրոսի առաջնությունը դասվում է այն առաջնությունների շարքին, որտեղ մրցաշարային աղյուսակում զբաղեցրած տեղը որևէ նշանակություն չունի։ Ոչ մի խաղի ընթացքում չի զգացվում՝ այն թիմը առաջատարն է, իսկ մյուսը՝ հետնապահը։ Գերադասում են վերահսկել գնդակը։ Երբ մրցակիցը խլում է գնդակը, հնարավոր է՝ ստիպված լինես 5 րոպե անդադար վազել՝ այն հետ խլելու համար։ Տեմպն էլ բավականին բարձր է։

Նորից հիշենք «Ուրարտուում» անցկացրած տարիները։ Ակումբի ակադեմիան որքանո՞վ կարևոր եղավ քո կարիերայի համար։

-Այդ ակադեմիան ինձ սովորեցրեց ֆուտբոլային այբուբենը։ Գնդակին հպվելուց մինչև գոլ խփել սովորել եմ այդ ակադեմիայում։ Այն ֆուտբոլիստ դաստիարակելու հրաշալի դարբնոց է։ Հիմա ամեն ինչ ավելի լավ է։ Ստեղծված են բոլոր պայմանները, մնում է միայն քրտնաջան մարզվել։

Որպես ակադեմիայի սան, որը խաղացել է ակումբի գլխավոր թիմում, ազգային հավաքականում նաև արտասահմանում, ի՞նչ խորհուրդ կտաս ակադեմիայի սաներին, ի՞նչ է պետք անել՝ ֆուտբոլում հաջողության հասնելու համար։

-Պետք է աշխատասեր լինել, մարզումների ընթացքում անհրաժեշտ է գործել ուժերի առավելագույնի չափով․ դա ամենակարևորն է։ Աշխատասիրությունն ամենամեծ տաղանդն է։ Եթե ունեք նպատակ, ապա աշխատեք դրան հասնելու համար։ Վստահ եմ՝ կստացվի։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բարձրագույն խմբի 19-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Բարձրագույն խմբի 19-րդ տուրի լավագույն 3 գոլերը (տեսանյութ)

Արսեն Պետրոսյան․ «Բոլոր օղակներում պետք է բարելավվենք, որպեսզի «Նոայի» դեմ խաղին ավելի պատրաստ ներկայանանք» (տեսանյութ)

Պայքար ավելի շատ պատվի, քան 3 միավորի համար․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Գանձասար-Կապան» խաղից

Հակոբ Հակոբյանի գոլը միակն ու հաղթականն էր «Ուրարտու» – «Գանձասար-Կապան» խաղում (տեսանյութ)

«Ուրարտու» – «Գանձասար-Կապան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Մեկնարկում է առաջնության որոշիչ հատվածը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 19-րդ տուրին ընդառաջ

«Արարատը» հաղթեց 300-րդ անգամ, Իշխանյանի և Բադոյանի հոբելյանական խաղերը

Արսեն Պետրոսյան․ «2 թիմերի համար էլ դժվար էր դադարից հետո միանգամից մտնել խաղային ռիթմի մեջ» (տեսանյութ)

«Արարատը» նվազագույն հաշվով հաղթեց «Ուրարտուին» (տեսանյութ)

«Արարատ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ուրարտուն» հանդես կգա ակցիայով «Արարատի» հետ խաղում (լուսանկար)

Չեմպիոնի և փոխչեմպիոնի սկզբունքային խաղը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ 18-րդ տուրին ընդառաջ

Արսեն Բեգլարյանը ընկերական խաղում ապշեցուցիչ կրկնակի սեյվ է կատարել (տեսանյութ)

Հայաստանի առաջնությունների թիմային բացառիկ ռեկորդները

Բարձրագույն խմբի 6 ակումբ կստանա ԵՎՐՈ 2020 «Ակումբային մասնակցության վճարները»