fbpx
Բաժիններ

Ադամյանը «Հոֆենհայմի» մարզչի տակտիկական «սուպերզենքն» է․ Թիմի և Սարգսի էվոլյուցիայի մասին

Այն բանից հետո, ինչ Հենրիխ Մխիթարյանը հեռացել էր Դորտմունդի «Բորուսիայից», Գերմանիայի Բունդեսլիգան անհետացել էր հայ շարքային երկրպագուի տեսադաշտից: Առ այսօր արդիական է այն միտքը, որ հենց այդ թիմում իր մարզավիճակի գագաթնակետին հասավ հայ կիսապաշտպանը, քանի որ «Բորուսիան» լքելուց հետո բախվեց տարատեսակ խնդիրների: Քանի դեռ Մխիթարյանը փորձում է հաստատվել Իտալիայում, Գերմանիայում իր մասին է խոսել տալիս Սարգիս Ադամյանը: Նա ընդամենը 2 տարվա ընթացքում 4-րդ Բունդեսլիգայից հասավ գլխավոր Բունդեսլիգա, բայց այդքանով կանգ չառավ: Փորձենք պարզել՝ ինչ է իրենից ներկայացնում ներկայիս «Հոֆենհայմը», և դրանում ինչ դերակատարություն ունի հայ խաղացողը:

Եվ այսպես, «Հոֆենհայմն» առաջնությունում կայացած 21 տուրից հետո վաստակել է 33 միավոր ու զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: Բունդեսլիգայում այս տարի կա չեմպիոնական պայքար (համենայն դեպս, առայժմ), իսկ եվրագավաթային տեղերի համար միշտ է անողոք մրցակցություն ընթացել: Բունդեսլիգայի խաղերն առանձնանում են ծայրաստիճան անկանխատեսելիությամբ: Աղյուսակում թիմերի խտության մասին է վկայում այն, որ 8-րդ տեղը զբաղեցնող «Ֆրայբուրգի» և լավագույն եռյակը եզրափակող Դորտմունդի «Բորուսիայի» միջև կա ընդամենը 7 միավորի տարբերություն: «Հոֆենհայմը» լավ շանսեր ունի եվրագավաթային գոտում հայտնվելու համար:

Շրյոդերը շարունակում է Նագելսմանի գործը

Սկսենք ընդհանուր թիմի ելույթներից: «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչն Ալֆրեդ Շրյոդերն է, որը եվրոպական հրաշքի հեղինակ «Այաքսը» մարզող Էրիկ տեն Հագի օգնականն էր: Շատ է խոսվում, որ Շրյոդերը տակտիկական տեսանկյունից անչափ կարևոր դերակատարություն է ունեցել այդ թիմի հաջողության գործում: Բայց նա նոր անձնավորություն չէր «Հոֆենհայմում»: Հոլանդացին այնտեղ նախ եղել է Հուբ Ստևենսի, ապա Յուլիան Նագելսմանի օգնականը: Նախքան «Հոֆենհայմ» վերադառնալը որպես գլխավոր մարզիչ աշխատել էր ընդամենը մեկ մրցաշրջան՝ 2014/15թթ․ մրցաշրջանում գործունեություն ծավալելով հոլանդական «Տվենտեում»:

Ակնհայտ է, որ Շրյոդերն առայժմ փնտրտուքների մեջ է օպտիմալ մեկնարկային կազմի և խաղային սխեմայի առումով: Պետք է հասկանալ, որ Նագելսմանի հեռանալու հետ մեկտեղ մի ամբողջ ժամանակաշրջան է հեռացել: Բունդեսլիգայի ամենաերիտասարդ գլխավոր մարզիչն իր համարձակ և ժամանակակից տակտիկական մոտեցումներով «Հոֆենհայմին» հասցրել էր ահռելի մեծ բարձունքների, հենց նրա օրոք թիմն առաջին անգամ իր պատմության մեջ նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Բացի այդ, Շրյոդերի համար խնդիր էր այն, որ նախորդ մրցաշրջանից հետո թիմից հեռացել էին առանցքային մի քանի ֆուտբոլիստներ՝ Կերեմ Դեմիրբայը, Նադիեմ Ամիրին (2-ն էլ տեղափոխվել են «Բայեր»), Նիկո Շուլցը («Բորուսիա Դորտմունդ»), Ժոելինտոնը («Նյուքասլ»), Ադամ Շալայը («Մայնց») և Ռիս Նելսոնը (վերադարձել է «Արսենալ»):

Թիմում առաջացած բացերը լրացնելու համար էր կատարվել նաև Ադամյանի տրանսֆերը: Սակայն, ընդհանուր առմամբ, դժվար է ասել, թե «Հոֆենհայմին» այդ և դրան հաջորդած ձմեռային պատուհանի ընթացքում հաջողվեց լիարժեք փոխարինողներ գտնել հեռացածներին: Շրյոդերը որոշեց ձեռքի տակ ունեցած ռեսուրսներից քաղել առավելագույնը: Նա Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում խաղաժամանակ է հատկացրել միանգամից 28 ֆուտբոլիստների, ինչն արդեն խոսում է այն մասին, որ Շրյոդերը փորձում է հնարավորություն տալ հնարավորինս շատ խաղացողների: Բունդեսլիգայի մասնակից թիմերից միայն մեկն է խաղադաշտ դուրս բերել ավելի շատ ֆուտբոլիստների («Վերդեր», 29):

Շրյոդերը գուցե ցանկանում էր, որ «Հոֆենհայմն» ունենար «Այաքսի» խաղաոճը կամ դրա որոշ բաղադրիչներ: Բայց թիմը հիմա փոքր-ինչ այլ տեսք է ստացել: Շրյոդերը դեռ չունի նաև հստակ խաղային սխեմա, որը կփոխվի միայն ժամանակ առ ժամանակ, այլ ոչ թե համարյա ամեն մրցավեճում: «Հոֆենհայմը» Բունդեսլիգայի այս առաջնությունում արդեն իսկ օգտագործել է 10 խաղային սխեմա (դա ամենաբարձր ցուցանիշն է առաջնության թոփ-10 թիմերի շարքում «Լեյպցիգի» հետ միասին): Մրցաշրջանի մեկնարկում առավելապես կիրառվում էին 4-1-4-1 և 4-2-3-1 սխեմաները, իսկ վերջին շրջանում թիմն անցել է 3 կենտրոնական պաշտպանով սխեմաների՝ 3-4-2-1 ու 3-1-4-2: Նմանատիպ՝ 3 կենտրոնական պաշտպանով սխեմաների հաճախ նախապատվություն էր տալիս նաև Նագելսմանի գլխավորած «Հոֆենհայմը»:

Ինչ ճանապարհ է անցել Սարգիս Ադամյանը մինչև Մանուել Նոյերին 2 անգամ տխրեցնելը (տեսանյութ)

«Մենք սիրում ենք խնդիրներ ստեղծել թոփ-թիմերի համար»

Սա Շրյոդերի միտքն է, և դրանում ճշմարտության տոկոսը շատ բարձր է: «Հոֆենհայմը» ներկայումս հակագրոհային թիմի համբավ ունի: Թիմը սովորաբար խնդիրներ է ունենում այն թիմերի դեմ խաղերում, որոնք նախընտրում են նախաձեռնությունը զիջել «Հոֆենհայմին»: Վերջինս այս առաջնությունում կրել է 8 պարտություն, և հատկանշական է, որ այդ հանդիպումներից 7-ում ունեցել է տարածքային առավելություն (միակ բացառությունը «Ֆրայբուրգի» դեմ մրցավեճն է եղել): Փոխարենը գերազանց են ստացվում հակագրոհները, որոնցից «Հոֆենհայմն» առավելագույնն է քաղում: Մրցակցի թողած ազատ տարածություններից օգտվելը թիմի «մասնագիտացումն» է: Շրյոդերի թիմն առայժմ աչքի չի ընկնում բարձր պրեսինգով, դա շատ հազվադեպ է կիրառվում, փոխարենը միջին գծում պահպանվում է կոմպակտություն, երբ մրցակիցը գրոհ է ձեռնարկում: «Հոֆենհայմի» ուժեղ ճնշումը սկսվում է այն ժամանակ, երբ մրցակիցը հասնում է իր հենակետային գոտուն կամ արդեն կիսադաշտին: Այսպիսի մոտեցման առավելապես հանդիպում ենք Բունդեսլիգայի առաջատար թիմերի դեմ խաղերում:

Հատված «Բավարիա» – «Հոֆենհայմ» հանդիպումից․ հյուրերը գործող չեմպիոնին դիմավորում էին միջին գծից՝ կիրառելով 4-1-4-1 սխեման, որտեղ «առաջին պաշտպանի» պարտականությունը կատարում էր Ադամյանը՝

Թիմի հակագրոհային ֆուտբոլի լավագույն օրինակը «Բավարիայի» դեմ արտագնա հանդիպումն էր, որում Շրյոդերի գլխավորած թիմը հուսալիորեն պաշտպանվեց և օգտագործեց իր հնարավորությունները, Ադամյանն էլ դուբլի հեղինակ դարձավ: Հոլանդացի մասնագետի գլխավորած թիմը միշտ փորձում է հնարավորինս արագ անցնել սեփական կիսադաշտը, հաճախ՝ դիրքային գրոհները սկսել բարձրից երկար փոխանցումներով, ինչի շնորհիվ հաջողվում է բարձր պահել գրոհի տեմպը: Դա առավել լավ է աշխատում այն թիմերի դեմ խաղերում, որոնք բարձր պրեսինգ են կիրառում: Պատահական չէ, որ այն հանդիպումներում, որոնցում «Հոֆենհայմը» հաղթել է (10 մրցավեճ), տոկոսային հարաբերակցությամբ գնդակին տիրելու ամենաբարձր ցուցանիշը եղել է հետնապահ «Պադերբորնի» դեմ խաղը (առավելության է հասել 3-0 հաշվով), որում թիմն ունեցել է գնդակի ընդամենը 59% վերահսկողություն:

Չի կարելի ասել, թե «Հոֆենհայմն» ընդհանրապես չի տիրապետում դիրքային գրոհների արվեստին: Կիսապաշտպանությունում գնդակի տեղաշարժի համար պատասխանատու են հատկապես Դենիս Գայգերը, Ֆլորիան Գրիլիչը և փորձառու Սեբաստիան Ռուդին: Գրոհների կառուցման տաղանդով օժտված է հատկապես Գրիլիչը: Երբ «Հոֆենհայմը» գործում է 2 կենտրոնական պաշտպանով, դիրքային գրոհների ժամանակ հենց այս ֆուտբոլիստն է նահանջում պաշտպանների միջև ու փորձում լավ փոխանցումով ուղղություն տալ առաջխաղացմանը:

Թիմի համար շատ կարևոր էր նաև խորվաթ Անդրեյ Կրամարիչի վերադարձը խաղադաշտ, որը մինչև հոկտեմբեր վնասվածք ուներ: 2018 թվականի աշխարհի փոխչեմպիոնը, թեև նոմինալ հարձակվող է, բայց անընդհատ տեղաշարժվում է միջին գիծ և եզրեր ու մասնակցում գնդակի տեղաշարժին: Ակնհայտ է, որ հենց նա է ներկայիս «Հոֆենհայմի» առաջատարը: Դա ընդգծվում է նաև հոգեբանական առումով: Եթե թիմը դժվարին իրավիճակում է, առաջինը հենց Կրամարիչն է իր փորձի ու լիդերի հատկանիշների շնորհիվ առաջնորդում թիմը: Բացի նշված բոլոր որակներից, Կրամարիչը նաև փայլուն եզրափակող է (11 խաղ, 6 գոլ այս առաջնությունում): «Ցանկացած մարզիչ կուզենար իր թիմում ունենալ նրա նման ֆուտբոլիստի»,- ասել է Շրյոդերը:

Հատված «Հոֆենհայմ» – «Աուգսբուրգ» խաղից․ նոմինալ կենտրոնական հարձակվող Կրամարիչը նահանջում է կիսապաշտպանություն, որպեսզի այնտեղ թվային առավելություն ստեղծի իր թիմի համար և օգնի շարունակելու գրոհը, իսկ Ադամյանը նրա փոխարեն տեղ է զբաղեցնում հարձակման սուր ծայրում՝

Քանի որ հիշատակեցինք Կրամարիչին, առանձնացնենք ևս 2 առանցքային ֆուտբոլիստի: 3-4-2-1 կամ 3-1-4-2 սխեմաների պարագայում եզրային ֆուտբոլիստները, բնականաբար, ավելի մեծ ծավալի աշխատանք պետք է կատարեն՝ փակելով ամբողջ եզրը: Բայց «Հոֆենհայմում» դա էլ ավելի կարևոր է, քանի որ թիմը գրոհների ժամանակ շատ է օգտագործում հենց եզրերը: Երբ ֆուտբոլիստներն անցնում են կիսադաշտը, անմիջապես փոխանցում է հետևում ձախ կամ աջ եզր, որից հետո, երբ տվյալ եզրային խաղացողն արդեն բավականաչափ տարածություն է ունենում իր առջև, մնացածները տեղ են զբաղեցնում տուգանային հրապարակում կամ դրա մատույցներում՝ սպասելով փոխանցման։ Հաճախ է կիրառվում նաև այն տարբերակը, երբ դիրքային գրոհի ժամանակ ծանրաբեռնվում է մի եզրը, և երբ հակառակ եզրը մնում է ազատ, գնդակը վայրկյանների ընթացքում հասցվում է այդտեղ՝ արագորեն բացեր առաջացնելու մրցակցի պաշտպանությունում ու օգտվելու դրանից: Ահա և Ռոբերտ Սկովը (ձախից) ու Պավել Կադերժաբեկը (աջից) հենց այն տղաներն են, որոնք պատասխանատու են գուցե ամենակարևորի՝ վերջին՝ թիմակիցներին հարվածային դիրք դուրս բերող փոխանցումների համար:

Նրա մասին, որ «Հոֆենհայմը» շատ է կախված իր եզրային ֆուտբոլիստներից, վկայում է նաև վիճակագրությունը: Թիմում հենց Սկովն է առաջատար՝ կատարած գոլային փոխանցումների թվով (4), Կադերժաբեկի ակտիվում էլ 3 «ասիստ» է գրանցված: Հենց այս 2 ֆուտբոլիստներն են իրենց թիմակիցներին ամենաշատը դուրս բերում հարվածային դիրքեր (Սկովը յուրաքանչյուր խաղում թիմակիցներին հարվածային դիրք է դուրս բերում միջինը 3,5 անգամ, Կադերժաբեկը՝ 2,5): «Հոֆենհայմի» համար ծայրահեղ կարևոր է նրանց փոխանցումների ժամանակ հնարավորինս շատ ֆուտբոլիստներ ունենալը տուգանային հրապարակում և դրա մատույցներում, որպեսզի գրոհը տրամաբանական ավարտ ստանա: Ի դեպ, Ադամյանն էլ առաջնությունում իր 5 գոլերից 3-ը խփել է եզրերից հետևած փոխանցումներից հետո:

Հատված «Լեյպցիգ» – «Հոֆենհայմ» մրցավեճից․ հյուրերը մրցակցի տուգանային հրապարակում ներկայացված են հնարավորինս շատ ֆուտբոլիստներով, ինչի շնորհիվ մեծանում է հավանականությունը, որ գրոհը կեզրափակվի կա՛մ ուղիղ հարվածով, կա՛մ էլ հետ եկած գնդակին կտիրի «Հոֆենհայմի» խաղացողը՝

Ադամյանի ֆուտբոլային կուռքը, գոլերի տոնումը ու այլ բացահայտումներ

«Հոֆենհայմի» գլխավոր խնդիրն այս պահին

«Հոֆենհայմն» արդեն 6 գոլ է խփել հակագրոհների արդյունքում, էլ ավելի արդյունավետ է օգտագործել ստանդարտները (9 գոլ): Մրցակիցները նրա դարպասը 6 անգամ գրավել են ստանդարտներից, իսկ ահա 12 անգամ հաջողության են հասել հակագրոհների արդյունքում: Ահա թե որն է «Հոֆենհայմի» գուցե գլխավոր խնդիրն այս պահին: Թիմը շատ վատ է արձագանքում գնդակի կորստին, դեռ չի յուրացրել հակապրեսինգի (Counterpress) արվեստը, առանց որի դժվար էր պատկերացնել Նագելսմանի «Հոֆենհայմը»: Խոսքն այն մասին է, որ թիմը գնդակը կորցնելուց հետո պետք է լինի շատ ավելի ագրեսիվ ու փորձի հնարավորինս քիչ տարածություն տալ մրցակցին հակագրոհելու համար: Իսկ Բունդեսլիգայում, որտեղ բոլոր թիմերը շատ լավ են հակագրոհում, դա չի կարող անհետևանք մնալ: Շրյոդերը նաև այդպիսի գոլերի քանակը նվազեցնելու նպատակով անցավ 3 կենտրոնական պաշտպանով խաղի, որպեսզի թիկունքում թվային առավելություն ունենալու հաշվին խնդիրները փոքր-ինչ պակասեն: Սակայն դա, ընդհանուր առմամբ, չի օգնում: 3 կենտրոնական պաշտպանով սխեման թիմին ավելի շատ տարբերակներ է տալիս հարձակման գծում, սակայն պաշտպանությունում բացերն իրականում շատանում են, մանավանդ՝ վերոնշյալ եզրային հատվածներում: Ի դեպ, «Հոֆենհայմը» մեկն է Բունդեսլիգայի լավագույն տասնյակի այն 2 թիմերից (մյուսը «Վոլֆսբուրգն» է), որ ունի խփած ու բաց թողած գոլերի բացասական հարաբերակցություն (31-32):

Մրցակիցների համար թիրախային են հատկապես եզրերը և կիսաեզրերը: «Հոֆենհայմի»՝ գնդակը կորցնելու ժամանակ եզրային ֆուտբոլիստները սովորաբար բարձր են տեղակայված լինում, ուստի չեն հասցնում ժամանակին փակել այդ հատվածները: Մրցակիցները նշանառության տակ են առնում այդ գոտիները, իսկ եթե, օրինակ՝ կենտրոնական պաշտպաններից մեկը հասցնում է մոտենալ և դիմավորել մրցակցի խաղացողին, բաց է մնում արդեն նրա խաղային դիրքը, որտեղից էլ հակագրոհելու հնարավորություն է ստեղծվում: Սա առայժմ իսկական գլխացավանք է Շրյոդերի համար: Վերջինիս 3 կենտրոնական պաշտպանով գործելու համար ավելի բարձրակարգ պաշտպաններ են հարկավոր: Պահանջներին լիովին բավարարում է այս պահին միայն Բենջամին Հյուբները, Կևին Ակպոգուման աստիճանաբար կարծես հարմարվում է, իսկ Էրմին Բիչակչիչն անկայուն ելույթներով է աչքի ընկնում:

Հատված «Ֆրայբուրգ» – «Հոֆենհայմ» հանդիպումից․ հյուրերը կորցրել են գնդակը, և ունեն ավանդական խնդիրները: 2 եզրայինները չեն հասցրել նահանջել, թիմակիցները նրանց չեն ապահովագրել, ուստի «Ֆրայբուրգն» այդ գոտիներում բավականին շատ ազատ տարածություն է ստացել՝

Հատված «Հոֆենհայմ» – «Բայեր» խաղից․ դաշտի տերերը կենտրոնում կորցրել են գնդակը, կենտրոնական պաշտպաններից մեկն անմիջապես դիմավորում է մրցակցի ֆուտբոլիստին, սակայն քանի որ եզրային Սկովը նոր է նահանջել, արդեն չի հասցնում թիկունքից բացվող Կարիմ Բելարաբիի հետևից: Նա շարժվում է հենց այն հատված, որը պետք է փակեր «Հոֆենհայմի»՝ առաջ շարժված կենտրոնական պաշտպանը: Դրվագն ավարտվեց դարպասի գրավմամբ՝

Կարևոր մի հանգամանք, որ բնորոշ է ներկայիս «Հոֆենհայմին», այն է՝ պայքարել մինչև վերջին վայրկյանը: Թիմը 31 գոլ է խփել այս առաջնությունում, որից 13-ը՝ հանդիպումների 76-րդ րոպեից հետո (այդ հատվածում գոլեր խփելու առումով ավելի բարձր ցուցանիշ ունի միայն «Լեյպցիգը»՝ 16): Իր թիմի նման վիճակագրությունն այսպես է մեկնաբանել Շրյոդերը․ «Տղաներն առողջ են և ֆիզիկապես շատ ուժեղ: Նրանք հավատում են իրենց ուժերին ու մինչև խաղի վերջ գնում իրենց նպատակի հետևից: Մենք այս մրցաշրջանում մի քանի անգամ ապացուցել ենք, որ կարող ենք ցավ պատճառել մրցակցին վերջին րոպեներին: Ամենակարևորն այն է, որ թիմը հավատում է ինքն իրեն»: Ադամյանն այս առումով հավելել է․ «Մենք հաղթողի սուպերմտածելակերպ ունենք: Մենք միշտ ցանկանում ենք հաղթել»:

Որն է Սարգիս Ադամյանի դերը Շրյոդերի մեխանիզմում

Նախ նշենք, որ Ադամյանի նախկին և ներկայիս թիմերի խաղաոճերը բավականին նման են: Թեև «Յան Ռեգենսբուրգն» ավելի շատ խաղում էր 4-4-2 սխեմայով, որտեղ Սարգիսը 2 հարձակվողներից մեկն էր, այդ թիմն էլ շեշտը դնում էր բարձր արագությունների ու հակագրոհների վրա: Նաև դրա շնորհիվ է, որ Ադամյանից հարմարվելու առումով շատ ժամանակ չպահանջվեց: Հայ ֆուտբոլիստն այս առաջնությունում մասնակցել է 15 խաղի և դարձել 5 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ընդ որում, Ադամյանը միայն 6 մրցավեճում է եղել մեկնարկային կազմում՝ մնացած 9 դեպքում դուրս գալով փոխարինման: Մարզչի այդպիսի մոտեցումն էլ պատահական չէ, քանի որ նա, հընթացս ներգրավվելով պայքարի, դրսևորում է իր լավագույն որակները: Բայց այդ մասին՝ քիչ անց:

«Հոֆենհայմը» ներկայացրել է 2019-ի լավագույն պահերը․ Ադամյանը կիզակետում է

Նախ Սարգսի որակների մասին: Նա չի փայլում դրիբլինգով կամ հեռահար հարվածներով, տեխնիկապես հարուստ չէ, նաև չի տիրապետում ոսկերչական ճշգրտության փոխանցումների: Այդ դեպքում ի՞նչն է նրան դարձնում այդքան ուժեղ ֆուտբոլիստ: Նախ, խաղային բարձր ինտելեկտը, դիրք ընտրելու կարողությունը: Դա անչափ կարևոր որակ է ֆուտբոլիստի համար: Ադամյանը միշտ կարողանում է գտնել ազատ տարածություններ: Այդ ամենին գումարում ենք այն, որ նա անչափ արագ է, ունի մեկնարկային շատ բարձր արագություն: Իսկ եթե «Հոֆենհայմին» տալիս ես հակագրոհելու հնարավորություն, ապա Ադամյանը կարող է օգտագործել իր «զենքը»: Ու այստեղ էլ հիշատակենք խաղային ինտելեկտի մասին: Սարգիսը բնատուր տաղանդի, նաև գերմանական ֆուտբոլում թրծվելու արդյունքում ձեռք է բերել վայրկենական որոշումներ կայացնելու հատկանիշ: Ադամյանը մեկ վայրկյանում կնկատի այն բացը, որ առաջացել է մրցակցի պաշտպանությունում:

Դրվագ «Հոֆենհայմ» – «Ֆորտունա» մրցավեճից․ Ադամյանը մրցակցի պաշտպանների շրջապատում է, նրանցից մեկը ստիպված է առաջ ընթանալ և դիմավորել Ռուդիին, իսկ Սարգիսն ուշադրությամբ հետևում է իրավիճակի զարգացմանը՝

Դրվագի շարունակությունը․ Ադամյանը մեկ վայրկյանի ընթացքում նկատեց պաշտպանությունում առաջացած բացը և այնպես դիրքավորվեց, որ Ռուդին հենց նրան հասցեագրեց գնդակը: Սարգսի հարվածից հետո դարպասապահը փրկեց իր թիմին՝

Դրվագ «Քյոլն» – «Հոֆենհայմ» հանդիպումից․ ևս մեկ ապացույց նրա, որ Սարգիսը վարպետ է արագ կողմնորոշվելու և մրցակցի պաշտպանության թիկունք «ներթափանցելու» համար: Այստեղ նրան շատ օգնեց նախապես զբաղեցրած դիրքի ճիշտ ընտրությունը: Դրվագն ավարտվեց նրանով, որ Ադամյանը դարձավ գոլի հեղինակ՝

Ադամյան․ Շրյոդերի պահեստային «զենքը», որը հաճախ է կրակում

Անդրադառնանք նրա խաղային դիրքին Շրյոդերի սխեմաներում: Ինչպես արդեն նշեցինք, «Բավարիայի» դեմ հանրահայտ մրցավեճում Սարգիսը գործում էր հարձակման սուր ծայրում, իսկ «Հոֆենհայմը» մրցակցին դիմավորում էր 4-1-4-1 սխեմայով: Բոլորն են հիշում, թե թիմն ինչպես դիմագրավեց ահեղ մրցակցին, իսկ Ադամյանն էլ դուբլի հեղինակ դարձավ:

Երբ «Հոֆենհայմը» հանդես է գալիս 4-2-3-1 կամ 3-4-2-1 սխեմայով, Ադամյանը դառնում է եզրային ֆուտբոլիստ: Բայց դա պայմանական է: Սարգիսը միայն թիմային պաշտպանության ժամանակ է տեղափոխվում եզր և փակում այդ գոտին: Երբ թիմը գնդակով է, եզրային պաշտպան/կիսապաշտպանը շատ բարձր է տեղակայվում, իսկ Ադամյանը միանգամից շարժվում է կիսաեզր կամ կենտրոն: Այնպես որ, միանշանակ կարելի է պնդել, որ Շրյոդերն Ադամյանին դիտարկում է որպես կենտրոնական հարձակվող, որը կգործի, այսպես ասած, «ինսայդի» դերում: Կարելի է համեմատականներ անցկացնել նրա և, օրինակ՝ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի միջև, որը Միկել Արտետայի օրոք «Արսենալում» նմանատիպ գործառույթներ է իրականացնում:

Սարգիս Ադամյանը՝ «Հոֆենհայմի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Շատ դրական է այն, որ Ադամյանը և Կրամարիչը սկսել են միմյանց լիովին հասկանալ խաղադաշտում: Արդեն ցուցադրեցինք, թե ինչպես է Սարգիսը տեղափոխվում հարձակման կենտրոն, երբ խորվաթը նահանջում է: Բայց այս երկուսի համագործակցության շրջանակը շատ ավելի լայն է: Կարող է այնպես ստացվել, որ հենց Ադամյանը Կրամարիչին դուրս բերի հարվածային դիրք, կամ էլ նրանք փորձեն միասին գրոհել մրցակցի պաշտպանական դիրքերը:

Դրվագ «Հոֆենհայմ» – «Բորուսիա Դորտմունդ» խաղից․ Կրամարիչը տեղ է զբաղեցրել մրցակցի պաշտպանության և կիսապաշտպանության գծերի միջև, իսկ Ադամյանը ոչ թե տեղափոխվել է կենտրոն, այլ մնացել ձախ թևում: Հայ ֆուտբոլիստը ստացավ գնդակը և սպասեց Կրամարիչի գործողություններին՝

Դրվագի շարունակությունը․ Ադամյանը փայլուն փոխանցումով գնդակը վերադարձրեց Կրամարիչին, որը գրավեց դորտմունդցիների դարպասը: Այս դրվագը հերթական անգամ ապացուցում է, որ խորվաթ հարձակվողն այսօր կենսական նշանակություն ունի «Հոֆենհայմի» համար համարյա ցանկացած տեսանկյունից՝

Դրվագ «Հոֆենհայմ» – «Ֆորտունա» մրցավեճից․ Ադամյանը և Կրամարիչը հմտորեն դիրքավորվել են մրցակցի պաշտպանների միջև ու սպասում են դեպի նրանց թիկունք փոխանցման: Նրանց միաժամանակ տեղաշարժերը բթացրին մրցակցի պաշտպանների զգոնությունը: Կրամարիչը շարժվեց առաջ ու դիպուկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝

Իսկ հիմա Supersub Ադամյանի ֆենոմենի մասին: Նա 9 հանդիպումներում մտել է փոխարինման և 6-ում էապես ազդել խաղի ընթացքի վրա: Դա պարզապես խելահեղ ցուցանիշ է, և լիովին արդարացնում է այն, որ Շրյոդերը Սարգսին նախընտրում է տեսնել հենց փոխարինողի, ավելի ճիշտ՝ սուպերփոխարինողի դերում: Եթե ֆուտբոլիստն այդքան արագ, պոռթկուն և շարժունակ է մեկնարկային կազմում խաղալիս, ապա, պատկերացրեք՝ նա ինչ կանի փոխարինման մտնելիս՝ մրցակցի հոգնած ֆոնին:

Ահա այդ 6 մրցավեճերը՝

«Վոլֆսբուրգ» – «Հոֆենհայմ»
Հաշիվն Ադամյանի՝ խաղադաշտ մտնելու պահին՝ 1-1 (ուներ գոլ խփելու գերազանց շանս, երբ անձամբ խլեց գնդակը և հակագրոհ ձեռնարկեց, օգնեց թիմին անառիկ պահելու դարպասը), վերջնական հաշիվը՝ 1-1

«Հերտա» – «Հոֆենհայմ»
Հաշիվն Ադամյանի՝ խաղադաշտ մտնելու պահին՝ 2-2 (զգալիորեն ակտիվացրեց թիմի խաղը, հակագրոհի ժամանակ մեն-մենակ մնաց դարպասապահի դիմաց, սակայն գնդակը դիպավ դարպասաձողին), վերջնական հաշիվը՝ 2-3

«Քյոլն» – «Հոֆենհայմ»
Հաշիվն Ադամյանի՝ խաղադաշտ մտնելու պահին՝ 1-0 (դարձավ գոլի հեղինակ, վաստակեց 11-մետրանոցի իրավունք, որն անվրեպ իրացրեց թիմակիցը), վերջնական հաշիվը՝ 1-2

«Հոֆենհայմ» – «Բորուսիա Դորտմունդ»
Հաշիվն Ադամյանի՝ խաղադաշտ մտնելու պահին՝ 0-1 (դարձավ գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ), վերջնական հաշիվը՝ 2-1

«Հոֆենհայմ» – «Այնթրախտ Ֆրանկֆուրտ»
Հաշիվն Ադամյանի՝ խաղադաշտ մտնելու պահին՝ 1-2 (անկյունայինի խաղարկումից հետո շատ լավ հարված կատարեց, բայց մրցակցի ֆուտբոլիստը գնդակը մեծ դժվարությամբ հանեց դարպասային գծի վրայից), վերջնական հաշիվը՝ 1-2

«Վերդեր» – «Հոֆենհայմ»
Հաշիվն Ադամյանի՝ խաղադաշտ մտնելու պահին՝ 0-0 (կարևոր մասնակցություն ունեցավ երկրորդ գոլային գրոհին, դարձավ իր թիմի երրորդ գոլի հեղինակը), վերջնական հաշիվը՝ 0-3

Բունդեսլիգա. «Սարգիս Ադամյան՝ մեծ ակումբների դահիճը»

«Հոֆենհայմ» – «Բայեր Լևերկուզեն»
Հաշիվն Ադամյանի՝ խաղադաշտ մտնելու պահին՝ 1-1 (հենց նրա՝ արագացումից հետո կատարած հաշվենկատ փոխանցումը հիմք դարձավ «Հոֆենհայմի» հաղթական գոլի համար, ևս մեկ նմանատիպ հակագրոհի ժամանակ գերազանց փոխանցում կատարեց Կրամարիչին, որը զարմանալիորեն վրիպեց), վերջնական հաշիվը՝ 2-1

Շարունակենք խոսել Ադամյանի այն որակների մասին, որոնք առավել շատ են ընդգծվում «Հոֆենհայմում» հանդես գալիս: Շատ կարևոր է այն, որ նա մրցակցի պաշտպանների թիկունք բացվելիս հիմնականում խուսափում է խաղից դուրս վիճակում հայտնվելուց: Եվ քանի որ շատ թիմեր «Հոֆենհայմի» դեմ խաղալիս նրան միջին գոտուց են դիմավորում կամ ավելի բարձր, թիկունքում՝ մրցակցի պաշտպանության գծի և դարպասապահի միջև, մնում է տարածություն, որից էլ օգտվում է Ադամյանը: Նա միշտ պատրաստ է «փախչել» պաշտպաններից, միայն թե նրան ժամանակին փոխանցում կատարեն:

Դրվագ «Վերդեր» – «Հոֆենհայմ» հանդիպումից․ բոլորն իմացան, որ նա գոլ խփեց այս իրավիճակում, սակայն նախապատմությունից գուցե շատերը տեղյակ չեն: «Վերդերն» արդեն պարտվում էր 0-2 հաշվով, պաշտպաններից մեկի փոխարեն խաղը շարունակեց Կլաուդիո Պիսարոն և ցույց տվեց, որ թիմը պետք է գործի արդեն ոչ թե 5, այլ 4 կենտրոնական պաշտպանով: Քանի դեռ թիմակիցները կդասավորվեին, «Հոֆենհայմն» արագորեն կատարեց եզրային նետումը, Ադամյանն էլ հնարամտորեն տեղ զբաղեցրեց պաշտպանների միջև ու, ստանալով փոխանցում, հայտնվեց հարվածային դիրքում: Սա հրաշալի օրինակ է նրա, թե ինչպես է Սարգիսը ակնթարթների ընթացքում հասցնում կշռադատել խաղադաշտում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն՝

Դրվագ «Հոֆենհայմ» – «Բայեր» մրցավեճից․ Սարգսին որոշեցին ազատություն տալ աջ եզրում, իսկ եթե նա ունենում է միաժամանակ և՛ ժամանակ, և՛ տարածություն, մրցակցի համար կյանքը բարդանում է: Հայ ֆուտբոլիստը գնդակը փոխանցեց ձախից միացող Սկովին, որն էլ քիչ անց դարձավ գոլի հեղինակ՝

«Հոֆենհայմի» հարձակման գծի եռյակի միջև հաճախ շատ փոքր տարածություն է պահպանվում: Դա այն ժամանակ, երբ պետք է գնդակը երկար փոխանցումով ուղարկել առաջ, և տվյալ իրավիճակում Ադամյանը կա՛մ պայքարում է գնդակն իրենով անելու համար, կա՛մ էլ գտնվում է մոտակայքում՝ «երկրորդ գնդակին» տիրելու նպատակով: Այսինքն, այդ հեռահար փոխանցումներն ինքնանպատակ չեն, և երբ գնդակի համար պայքարողի շրջակայքում կա թիմակից, նա պետք է փորձի առաջինը հասնել գնդակին: Այդ եռյակին հաճախ միանում է նաև Սեբաստիան Ռուդին, որը վարպետ է այդ հետ եկած գնդակներին տիրելու առումով:

Դրվագ «Հերտա» – «Հոֆենհայմ» հանդիպումից․ Ադամյանի ուղղությամբ հետևում է բարձրից փոխանցում, և նա գնդակն անմիջապես փոխանցում է մոտակայքում գտնվող Կրամարիչին: Ինչպես տեսնում եք, այնտեղ է նաև Իհլաս Բեբուն: Եռյակն այսպիսի կոմպակտության շնորհիվ շատ մեծ շանսեր է ունենում գնդակն իր մոտ պահելու համար՝

Դրվագ «Վերդեր» – «Հոֆենհայմ» խաղից․ այստեղ նույնպես Շրյոդերի գլխավորած թիմի պաշտպանները գնդակն ուղարկեցին մրցակցի կիսադաշտ: «Վերդերն» այդ պահին փորձում էր պրեսինգի դիմել: Ռուդին մոտեցավ ու տիրեց գնդակին այն բանից հետո, երբ Ադամյանը հաղթեց երկրորդ հարկում: Այս գրոհի արդյունքում «Հոֆենհայմը» գրավեց բրեմենցիների դարպասը՝

Ադամյանը հաստատապես ունի ավելի էֆեկտիվ ֆուտբոլիստ դառնալու պոտենցիալ: Նա հաճախ կարող է ամեն ինչ իդեալական անել մինչև եզրափակիչ հարված կատարելը կամ թիմակցին հարվածային դիրք դուրս բերելը, սակայն վերջին պահին սխալ որոշում կայացնել: Իհարկե, նույնիսկ Լիոնել Մեսին չունի 100%-անոց արդյունավետություն, սակայն միշտ էլ պետք է ձգտել ավելիին: Սարգսին չէր խանգարի մի փոքր ավելի շատ «մարդասպանի բնազդը», ինչը շատ է պետք ցանկացած հարձակվողի:

«Հոֆենհայմում» հիմա մեծ մրցակցություն կա հարձակման գծում: Անսասան է միայն Կրամարիչի տեղը, իսկ ահա մյուսները պայքարում են իրենց շանսի համար: Վնասվածքի պատճառով երկար ժամանակ բացակայող Իշակ Բելֆոդիլին փոխարինելու համար «Սևիլիայից» հրավիրվել է Մունաս Դաբուրը: Նա էլ աստիճանաբար հարմարվում է թիմին (դուբլ ձևակերպեց «Բավարիայի» դեմ գավաթային խաղում): «Պայթուցիկ» հարձակվող է Իհլաս Բեբուն, որը նույնպես շատ լավ է խաղում հարձակման եզրում: Բացի այդ, հաշվի առնելով ավելի ու ավելի հաճախ կիրառվող 3-4-2-1 սխեմայի առանձնահատկությունները՝ այդ 2 ենթահարձակվողներից մեկը հաճախ լինում է կիսապաշտպան, որը կոչված է հավասարակշռություն պահպանելու հարձակման և պաշտպանության միջև: Շրյոդերի կողմից վերջին շրջանում մեծ վստահություն է ստանում 20-ամյա ավստրիացի Քրիստոֆ Բաումգարտները, որը գերազանց տպավորություն է թողնում, նույնիսկ հասցրել է 2 գոլ խփել: Հունվարին Դորտմունդի «Բորուսիայից» «Հոֆենհայմ» է տեղափոխվել նաև Յակոբ Բրուն Լարսենը: Տարօրինակ ոչինչ չկա, որ «Հոֆենհայմի» նման ակումբում այսպիսի թեժ մրցակցություն է ծավալվել:

Սա նշանակում է, որ Ադամյանին պետք է շուտափույթ ապաքինում մաղթել, որպեսզի արագորեն վերադառնա խաղադաշտ ու շարունակի ապացուցել, որ շատ է անհրաժեշտ իր թիմին: Սարգիսն աշխատասեր ֆուտբոլիստի մարմնացում է: Աչքի է զարնում այն, որ նա տարեցտարի դառնում է ավելի խելացի, տակտիկապես ավելի հասուն ֆուտբոլիստ: Իհարկե, եթե այդպես չլիներ, նա այսօր չէր լինի «Հոֆենհայմում», որն օրեցօր էլ ավելի բարձր վարկանիշ ձեռք բերող Բունդեսլիգայի ամենաբարձր տեղերի համար է պայքարում: Այո՛, Ադամյանը շատ արագաշարժ ֆուտբոլիստ է, բայց նախևառաջ նրա միտքն է արագ աշխատում, հետո նոր՝ ոտքերը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սարգիս Ադամյան. «Այս մրցաշրջանում այլևս չեմ խաղա»

Սարգիս Ադամյանը բարեհաջող վիրահատվել է (լուսանկար)

Սարգիս Ադամյանը վիրահատության կենթարկվի

«Ոչ ոք չէր հավատում, որ Ֆիրմինոն կկարողանար ֆուտբոլ խաղալ»․ «Հոֆենհայմի» նախկին գլխավոր տնօրեն

«Բորուսիան» հաղթեց, Հալանդը կրկին գոլ խփեց, «Հոֆենհայմը» փրկվեց պարտությունից առանց Ադամյանի (տեսանյութ)

Սարգիս Ադամյանը վերադարձել է «Հոֆենհայմի» ընդհանուր խմբի մարզումներին (ֆոտոշարք)

«Հոֆենհայմը» «կռվեց» մինչև վերջ, բայց, միևնույնն է, ճանապարհը զիջեց «Բավարիային» (տեսանյութ)

«Բավարիա» – «Հոֆենհայմ»․ Մեկնարկային կազմեր

«Բավարիայի» ֆուտբոլիստը վնասվածք է ստացել մարզման ժամանակ

«Բավարիան» ու «Հոֆենհայմը» հաղթանակ տոնեցին, Ադամյանը վնասվածք ստացավ (տեսանյութ)

«Հոֆենհայմի» մեկնարկային կազմը «Բայերի» դեմ խաղում

Սարգիս Ադամյանը՝ «Հոֆենհայմի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Ադամյանը հավակնում է «Հոֆենհայմի»՝ հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

«Հոֆենհայմն» արտագնա հաղթանակ տոնեց, Ադամյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Սարգիս Ադամյանը գոլի հեղինակ դարձավ «Վերդերի» դեմ խաղում (տեսանյութ)

«Հոֆենհայմի» մեկնարկային կազմը՝ «Այնտրախտի» դեմ խաղում