Մինասյանը և Բիչախչյանը հետաքրքիր լուծումներ առաջարկեցին միմյանց․ ինչը դարձավ վճռորոշ նրանց թիմերի դիմակայությունում - VNews
Բաժիններ

Մինասյանը և Բիչախչյանը հետաքրքիր լուծումներ առաջարկեցին միմյանց․ ինչը դարձավ վճռորոշ նրանց թիմերի դիմակայությունում

1․ Վարդան Մինասյանն «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմում «Արարատի» դեմ նախորդ խաղի (3-0) համեմատ կատարել էր 2 փոփոխություն: Պաշտպանության կենտրոնում Ալեքսանդր Դամչևսկիին փոխարինել էր թիմի նորեկ Սերգեյ Վակուլենկոն: Միջին գծում Գոռ Մալաքյանի փոխարեն խաղադաշտ էր դուրս եկել Հովհաննես Հարությունյանը: Այս փոփոխությունն ինչ-որ տեղ սպասելի էր՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի չեմպիոնը գարնանային հատվածում սկսել է կիրառել 4-3-3 սխեման, և հատկապես «Շիրակի» պես թիմի պաշտպանությունը ճեղքելու համար խաղադաշտի կենտրոնում հարկավոր էր գնդակի տեղաշարժն ավելի լավ կառավարող ֆուտբոլիստ:

Վարդան Բիչախչյանն էլ 2 փոփոխություն էր կատարել «Նոայի» դեմ հաղթական հանդիպման (3-0) համեմատ: Դրանցից մեկը հարկադրված էր: Վնասվածքի պատճառով բացակայում էր Էդգար Մալաքյանը, նրան փոխարինել էր Ուրոշ Նենադովիչը: Արտեմ Գևորգյանի փոխարեն էլ հանդիպմանը մասնակցում էր Դավիթ Մանոյանը: Բիչախչյանն այս որոշումը հետագայում բացատրեց նրանով, որ հայ կիսապաշտպանը խաղադաշտում կարող էր շատ ավելի մեծ ծավալի աշխատանք կատարել:

«Արարատ-Արմենիա» (4-3-3)․ Դմիտրի Աբակումով – Ալեքս Քրիստիան Ջունիոր, Սերգեյ Վակուլենկո, Անժելո Մենեզես, Արթուր Դանիելյան – Ալֆոնսե Կասե Կոջո, Հովհաննես Հարությունյան, Արմեն Համբարձումյան – Մաիլսոն Լիմա, Ֆուրջել Նարսինգ, Յուսուֆ Օտուբանջո:

«Շիրակ» (4-2-3-1)․ Վսևոլոդ Երմակով – Աղվան Դավոյան, Հրայր Մկոյան, Մարկո Պրլևիչ, Բոգդան Միլիչիչ – Կարեն Մուրադյան, Սոլոմոն Իմե Ուդո – Դավիթ Մանոյան, Ուրոշ Նենադովիչ, Արման Ասլանյան – Մորի Կոնե:

2․ Հանդիպման առաջին 30 րոպեներն անցան հավասար պայքարում: Գնդակին փոքր-ինչ ավելի շատ էր տիրում «Արարատ-Արմենիան», բայց վտանգավոր պահեր առանձնապես չկային: Խաղակեսի վերջնամասում «Շիրակը» 2 անգամ սպառնաց մրցակցի դարպասին, սակայն Կոնեի և Ուդոյի հարվածները դիպուկ չէին:

Երկրորդ խաղակեսում պատկերն առանձնապես չփոխվեց, սակայն ավելացավ գոլային պահերի քանակը: Երկու կողմերն էլ ստեղծեցին բավականին սուր պահեր, որոնցից իրացվեց ընդամենը մեկը: «Շիրակի» ֆուտբոլիստներն իրենց հնարավորությունները չօգտագործեցին:

3․ Առաջին խաղակեսը պարզ արտացոլեց այն, թե ինչու էին այս թիմերն ամենաքիչ թվով գոլերը բաց թողել ընթացիկ առաջնությունում (15-ական): Նրանք պաշտպանությունում շատ օրինակելի էին գործում և տարածություններ համարյա չէին զիջում մեկմեկու:

«Շիրակը», որն առանց գնդակի գործում էր իր համար ավանդական 4-4-1-1 սխեմայով (ժամանակ առ ժամանակ վերածվում էր 4-4-2-ի), հանդիպման սկզբնամասում հաճախ էր դիմում բարձր պրեսինգի: Դա տեղի էր ունենում հատկապես այն ժամանակ, երբ մրցակիցը գնդակը տեղափոխում էր եզր: Կախված իրավիճակից՝ փոխվում էր Մանոյանի խաղային դիրքը: Նա երբեմն հայտնվում էր հարձակվող Կոնեի կողքին և ճնշում գործադրում դաշտի տերերի կենտրոնական պաշտպաններից մեկի ուղղությամբ: Գյումրեցիներն այդ ամենի արդյունքում կա՛մ խլում էին գնդակը մրցակցից, կա՛մ էլ ստիպում էին կատարելու հեռահար փոխանցում, որից հետո վերահսկողությունն անցնում էր իրենց:

Կրկին առանձնահատուկ կերպով ընդգծենք Դավիթ Մանոյանի գործոնը: Նա բարձր պրեսինգին մասնակցում էր հատվածաբար, իսկ գլխավոր առաքելությունը մեկն էր՝ ուշադրությամբ վերահսկել մրցակցի հենակետային Կոջոյի տեղաշարժը: «Շիրակը» պարզ գիտակցում էր, որ հենց Կոջոն է կապող օղակը մրցակցի պաշտպանական և միջին գծերի միջև, ուստի նրան տարածությունից զրկելը մեծ նշանակություն կունենար: Մանոյանին ոչ ամբողջապես, բայց հաջողվեց վնասազերծելու այդ խաղացողին:

4․ Ինչպես և նախորդ մրցավեճում, այս անգամ էլ «Արարատ-Արմենիան» աչքի էր ընկնում բարձր պրեսինգով: «Շիրակը» նման դեպքերում ռիսկի չէր դիմում և նախընտրում էր գնդակը երկար փոխանցումով ուղարկել առաջ:

Ժամանակը ցույց տվեց, որ այդպես գործելը մտնում էր գյումրեցիների խաղային ռազմավարության մեջ: Այսինքն, մրցակցի հետին գիծը պրեսինգի ժամանակ բարձր էր տեղակայվում, ուստի նման դեպքերում փորձ էր արվում օգտագործելու պաշտպանների թիկունքում մնացած տարածությունները: Հաշվի առնելով հիմնականում Մորի Կոնեի, բայց նաև եզրայիններ Նենադովիչի ու Ասլանյանի գործոնը՝ դա կարող էր դառնալ «Շիրակի» հաղթաթուղթը: Բայց դա գործնականում մեծ օգուտ չտվեց Բիչախչյանի թիմին հետևյալ պատճառներով՝ 1․ հարձակման գծի ֆուտբոլիստներին ուղղված փոխանցումները երբեմն թույլ կամ շեղ էին ստացվում և չէին հասնում նպատակին, 2․ իրավիճակը շատ լավ էին վերահսկում «Արարատ-Արմենիայի» պաշտպանները, հատկապես կենտրոնականներ Վակուլենկոն ու Մենեզեսը:

Երբեմն օգտագործվում էին այլ տարբերակներ ևս: Մասնավորապես, երբ եզրային ֆուտբոլիստները՝ Նենադովիչն ու Ասլանյանն ուշադրություն են գրավում մրցակցի եզրային պաշտպանների կողմից՝ այդպիսով տարածություն բացելով թիմակիցների արագացումների համար: Այս մոտեցումն էլ դրվագներով օգնեց «Շիրակին», բայց գրոհների ավարտական փուլում կրկին ինչ-որ բան չէր հերիքում:

Գնդակով Դավոյանն է: Նենադովիչն ապահովում է գրոհի լայնությունը, Դանիելյանն էլ ստիպված է գնալ նրան ընդառաջ: Մուրադյանն էլ, տեսնելով Դանիելյանի թիկունքում մնացած տարածությունը, բացվում է հենց այդ ուղղությամբ:

«Արարատ-Արմենիան» ընթանում է նախորդ տարվա չեմպիոնական գրաֆիկի զգալի գերազանցմամբ

5․ «Շիրակը» հետզհետե սկսեց միջին գոտուց դիմավորել մրցակցին, և «Արարատ-Արմենիայի» դիրքային գրոհներն արդեն ավելի հաճախակի բնույթ էին կրում: Այստեղ Գյումրին ներկայացնող թիմը բախվեց մեծ խնդրի: Պատճառը Մաիլսոն Լիմայի տեղաշարժն էր: Երբ Ալեքսը ձախ եզրով միանում էր գրոհին, Լիման տեղափոխվում էր կենտրոն և այնտեղ թվային առավելություն ապահովում «Արարատ-Արմենիայի» համար: Դաշտի տերերին հենց այդ գործոնն օգտագործելու շնորհիվ հաջողվեց մի քանի անգամ անցնել դաշտի կենտրոնն ու գրոհը զարգացնելու համար պարարտ հող ստեղծել:

«Արարատ-Արմենիան» կենտրոնում ստեղծել է 4-ն ընդդեմ 3-ի իրավիճակ: Մուրադյանը չի կողմնորոշվում՝ փակել Հարությունյանի՞ն, թե՞ գնալ Լիմայի ուղղությամբ:

Այստեղ «Շիրակի» աջ եզրային Ասլանյանի թիկունքում Ալեքսն է, որը կադրում չէ: Մանոյանը, Մուրադյանը և Ուդոն հսկում են մրցակցի 3 կիսապաշտպաններին, սակայն Լիման կրկին ազատ է: Ընդ որում, դատարկ է նաև Մուրադյանի թիկունքում մնացած հատվածը:

Կոջոն նկատեց այդ ամենն ու հաշվենկատ փոխանցում կատարեց Լիմային: «Շիրակի» պաշտպանական և կիսապաշտպանական գծերը «կտրվեցին» միմյանցից, իսկ Մաիլսոնը գնդակի հետ միասին ստացավ նաև տարածություն ու ժամանակ:

Եթե Լիման այլ դրվագներում որոշում էր չգալ կենտրոն, ապա իրավիճակին միջամտում էր Օտուբանջոն: Կենտրոնական հարձակվողի՝ նահանջելու և միջին գծում գնդակ ընդունելու արդյունքում չեմպիոնը շարունակություն էր տալիս իր գրոհներին: «Արարատ-Արմենիայի» գլխավոր խնդիրն այդքանից հետո գրոհների եզրափակիչ հատվածում առանց սրության գործելն էր, թիմն այդպես էլ իրական պահեր չստեղծեց հանդիպման այդ հատվածում:

Բիչախչյանը կարճ ժամանակ անց արձագանքեց և լուծում տվեց այս խնդրին: Ալեքսի հետ մինչև սեփական կիսադաշտ էր իջնում Ասլանյանը, իսկ աջ պաշտպան Միլիչիչը, երբ Լիման առանց հսկողության էր մնում խաղադաշտի կենտրոնում, անմիջապես առաջանում էր և փակում նրա ճանապարհը: «Շիրակի» պաշտպանն իրեն շատ լավ դրսևորեց այդ մենապայքարներում, և Լիմային ոչ միայն այսպիսի իրավիճակներում, այլև առհասարակ թույլ չտվեց ցուցադրելու իր լավագույն խաղը:

6․ Ուշագրավ էր այն ինտենսիվությունը և ագրեսիվությունը, որ թիմերը ցուցադրում էին գնդակը կորցնելուց հետո: Թե՛ «Արարատ-Արմենիայի», թե՛ «Շիրակի» համար անակնկալ չէր այն, որ մրցակիցն առջևի գծում ունի արագաշարժ ֆուտբոլիստների և շատ լավ է օգտագործում ազատ տարածությունները: Հետևաբար, երբ կողմերից մեկը խաղադաշտի հատկապես միջին հատվածի հարևանությամբ թույլ էր տալիս գնդակի կորուստ, տեղում չափազանց ագրեսիվ գործելու կամ էլ վայրկյանների ընթացքում նահանջելու հաշվին կարողանում էր ընդհատել հնարավոր հակագրոհը:

«Արարատ-Արմենիայի»՝ գնդակը կորցնելուց անմիջապես հետո կիրառած հակապրեսինգը

Ի դեպ, նմանատիպ դրվագում, երբ մրցակցից խլում էր գնդակը, վնասվածք ստացավ ու փոխարինվեց «Արարատ-Արմենիայի» առաջատար ֆուտբոլիստներից Կոջոն, որի տեղը հենակետային գոտում զբաղեցրեց Իլյա Անտոնովը:

«Արարատ-Արմենիան» մրցակցի կիսադաշտում կորցրեց գնդակը, բայց․․․

շատ արագ հասցրեց նահանջել՝ թվային բացահայտ առավելություն ստեղծելով մրցակցի նկատմամբ:

«Շիրակը» թույլ տվեց գնդակի կորուստ: Թվում է՝ գործող չեմպիոնը կհասցնի արագորեն օգտագործել հյուրերի պաշտպանության աջ եզրն ու այնտեղով հակագրոհել, սակայն․․․

ֆուտբոլիստներն արագորեն վերադասավորվեցին ու մրցակցին զրկեցին հակագրոհելու բոլոր հնարավորություններից:

7․ Ընդմիջումից հետո խաղի պատկերի առումով շատ բան չփոխվեց: «Շիրակը» հատվածաբար էր դիմում պրեսինգի, պահպանում էր կոմպակտություն, ինչպես նաև ագրեսիվություն՝ եզրերում գնդակի համար պայքարելիս:

«Շիրակի» 4-4-2 սխեման առանց գնդակի գործելիս

Իրավիճակին արձագանքեց Մինասյանը: Լիմայի փոխարեն խաղադաշտ մտավ Զաքարիա Սանոգոն: Նա էլ, դիրքային գրոհների ժամանակ տեղափոխվելով կենտրոն, հանդիպում էր Միլիչիչի դիմադրությանը։

Լա՞վ եք հետևել Բարձրագույն խմբի աշնանային հատվածին․ VNews-ի Quiz-ը

Սակայն Սանոգոն քիչ անց սկսեց կայուն պարբերականությամբ նահանջել մինչև հենակետային գոտի, որտեղ Միլիչիչը պարզապես չէր կարող միշտ հասնել, այլապես դատարկ կթողներ իր դիրքը: Հետևաբար, «Արարատ-Արմենիան» կրկին առավելություն էր ստանում միջին հատվածում: Օտուբանջոն նույնպես նահանջում էր ու իրեն առաջարկում թիմակիցներին: Հենց Սանոգոյի և Օտուբանջոյի համագործակցության արդյունքում չեմպիոնը ստեղծեց շատ վտանգավոր պահ, որն ընդհատեց Մկոյանը: «Շիրակի» կիսապաշտպանությունն այդ դրվագում արդեն «խաղից դուրս» էր մնացել, ուստի պաշտպանի թույլ տված խախտումը փրկություն էր թիմի համար: Նշանակված տուգանայինն իրացրեց Վակուլենկոն, գնդակը դիպավ դարպասաձողին:

Սանոգոն նահանջել է հենակետային գոտի, Միլիչիչն այս անգամ չդիմավորեց նրան:

Փոխանցում կատարվեց նահանջած Օտուբանջոյին, որն էլ առաջ շարժվեց, բայց Մկոյանը խախտեց կանոնները:

8․ «Արարատ-Արմենիայի» հենակետային Անտոնովը գնդակի հետ իր վարվեցողությամբ չի կարող համեմատվել Կոջոյի հետ: «Շիրակի» ֆուտբոլիստները դա լավ էին հասկանում, ուստի միջին հատվածում փորձում էին հենց նրա ուղղությամբ ճնշում գործադրել և խլել գնդակը: Դրվագներից մեկում դա հաջողվեց Մուրադյանին (առաջին խաղակեսում դա արել էր նաև Մանոյանը, որի խլումից ու փոխանցումից հետո Կոնեն թույլ էր հարվածել), նա ուներ տարածություն իր առջև, տեսել էր՝ որտեղով պետք է կատարել փոխանցումը: Այդ ընթացքում արագացում էր ձեռնարկել Կոնեն, սակայն «Շիրակի» կիսապաշտպանը շատ ուժեղ փոխանցեց գնդակը: Սա իդեալական հնարավորություն էր առաջնության լավագույն ռմբարկուի համար, ու 99% վստահությամբ կարելի է ասել, որ եթե գնդակը հասներ նրան, գյումրեցիները բացելու էին մրցավեճի հաշիվը:

9․ Այն, ինչ չարեց «Շիրակը», արեց «Արարատ-Արմենիան»: Շատ արագ հակագրոհ, որն ավարտվեց Նարսինգի դիպուկ հարվածով: Չի կարելի ասել, թե հյուրերը չէին հասցրել նահանջել պաշտպանություն։ Պարզապես Միլիչիչը նախ փորձեց խլել գնդակը Սանոգոյից, բայց չկարողացավ, իսկ երբ ջանաց տակտիկական խախտման միջոցով կանգնեցնել նրան, արդեն ուշ էր: Մկոյանն էլ հասցրել էր դիմավորել Նարսինգին, պարզապես վերջինս անհատական բարձր վարպետության շնորհիվ գրավեց դարպասը:

Ընդ որում, այս հակագրոհի ժամանակ պետք է առանձնացնել նաև Անտոնովի գործոնը: Նա իր՝ Մկոյանի և Պրլևիչի մեջտեղի հատված կատարած արագացման շնորհիվ շեղեց «Շիրակի» սերբ պաշտպանի ուշադրությունը, վերջինս ընդառաջ չգնաց դիմավորելու Սանոգոյին, որն էլ ի վերջո գոլային փոխանցում կատարեց Նարսինգին:

Բիչախչյանը դրանից հետո խաղադաշտ նետեց հնարավոր բոլոր ուժերը, թիմը մեծ ուժեր կենտրոնացրեց հարձակման գծում: Վերջնամասում «Շիրակը» ստեղծեց մի քանի պահեր, որոնք կրկին չիրացրեց: «Արարատ-Արմենիան» էլ այդ ընթացքում 1-2 անգամ սպառնաց մրցակցի դարպասին: «Շիրակի» դեպքում ամենաիրականը երևի թե Կոնեի հնարավորությունն էր, որը մոտ տարածությունից զարմանալիորեն բարձր հարվածեց: «Արարատ-Արմենիան» ի վերջո հաղթեց 1-0 հաշվով:

10․ Ֆուրջել Նարսինգը գարնանային հատվածի մեկնարկային 2 խաղում խփել է 1 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում: Այս ֆուտբոլիստն իր եզրում «տանջահար» է անում ցանկացած պաշտպանի: Նա «Շիրակի» դեմ մրցավեճում, գոլից զատ, մի քանի վտանգավոր անցումներ ձեռնարկեց (դրիբլինգի է դիմել 9 անգամ, 6-ը՝ հաջող), սրող փոխանցումներով շարունակություն տվեց գրոհներին: Դավոյանին այս խաղում հաճախ օգնության էր հասնում նույն եզրում գործող Նենադովիչը, և երբեմն հաջողվում էր կանգնեցնելու Նարսինգին, բայց նա, ընդհանուր առմամբ, փայլուն հանդիպում անցկացրեց:

Մեծամասամբ անթերի գործեց գործող չեմպիոնի պաշտպանության կենտրոնը: Վակուլենկոն մի քանի անգամ ընդհատեց մրցակցի վտանգավոր փոխանցումները: Մասնակցել է 13 մենապայքարի ու հաղթել 9-ում, օդային պայքարներում առհասարակ ցույց է տվել 100%-անոց արդյունք (6 անգամ է հաղթել): Իրեն վստահ է զգում նաև Անժելո Մենեզեսը (մասնակցել է 18 մենապայքարի, հաղթել 12-ում): Ճիշտ է, Կոնեն, ամեն դեպքում, ուներ գոլ խփելու հնարավորություններ, բայց այս պաշտպաններին, ընդհանուր առմամբ, հաջողվեց հնարավորինս վնասազերծել առաջնության լավագույն ռմբարկուին: Պաշտպանության ձախ եզրում իրեն լավ է դրսևորում Ալեքսը, որը վերջին 2 հանդիպումներում եղել է մեկնարկային կազմում ու թողել լավ տպավորություն:

Ինչ-որ տեղ խնդրահարույց է աջ եզրը, որտեղ գործում էր Արթուր Դանիելյանը: «Շիրակը» շատ հաճախ էր սրություն ստեղծում հենց նրա եզրից: 2 դեպքում դեպի տուգանային հրապարակ փոխանցում հետևեց աջ եզրից, բայց այն ֆուտբոլիստների ուղղությամբ, որոնց վերահսկում էր Դանիելյանը: Վերջինս այդ դրվագներում ժամանակին չարձագանքեց: Նենադովիչին մի փոքր չբավականացրեց գնդակին հասնելու համար (մեծ հավանականությամբ կգրավեր դարպասը), իսկ Ավո Լեյբ Ջունիորի հարվածը շեղ ստացվեց: Նույնիսկ «Արարատ-Արմենիայի» գոլային հակագրոհին նախորդած գրոհի ժամանակ «Շիրակը» մրցակցի պաշտպանությունը ճեղքել էր հենց այդ եզրից, սակայն փոխանցումից հետո իրավիճակը փրկել էր Վակուլենկոն: Միաժամանակ չպետք է ժխտել, որ հենց Դանիելյանն այդ հակագրոհի ժամանակ հաշվենկատ փոխանցում կատարեց Սանոգոյին:

«Մեր բախտը փոքր-ինչ չբերեց, որ մեկ խմբում հայտնվեցինք կովկասյան հավաքականների հետ»․ Իլյա Անտոնով

11․ Մինասյանի և Բիչախչյանի միջև տակտիկական հետաքրքիր պայքար ստացվեց: Զգացվեց, որ երկուսն էլ շատ լավ էին հաշվարկել մրցակցի ուժեղ ու թույլ կողմերը: Առաջին խաղակեսը գոլային պահերով հարուստ չէր, սակայն ընթացքը ոչ մի դեպքում չի կարելի ձանձրալի անվանել: Թիմերն ուղղակի հիանալի էին արձագանքում իրավիճակներին ու մրցակցին զրկում իր առավելությունները ցուցադրելուց: Ընդմիջումից հետո պահերն ավելի շատ էին, հաղթեց այն թիմը, որ իրացրեց դրանցից գոնե մեկը։

Մինասյանը նույնպես այդ կարծիքին էր․ «Ինձ թվում է՝ հավասար թիմերի հանդիպում էր: Խաղի որոշակի հատվածում «Շիրակը» փոքր-ինչ առավելություն ուներ, երկրորդ խաղակեսը մենք ավելի լավ սկսեցինք: Ուղղակի մենք մեր պահը կարողացանք օգտագործել, չնայած դրանից հետո էլի պահեր ունեինք, «Շիրակը» նույնպես ուներ: Հավասար հանդիպում էր»:

Նոր՝ 4-3-3 սխեման «Արարատ-Արմենիային» թույլ է տալիս ավելի լավ խաղալու դիրքային ֆուտբոլ, ինչը թիմի խնդիրներից էր աշնանային հատվածում: Օտուբանջոյի պես հարձակվողի ունենալն էլ առավելություն է այս առումով: Կոբյալկոյին և Օգանային հարմար է, երբ նրանց բարձրից փոխանցումներ են կատարում, նրանք էլ ընդունում են գնդակն ու շարունակություն հաղորդում գրոհներին: Իսկ Օտուբանջոն հարձակվող է, որը ցանկացած պահի նահանջում է, օգնում գնդակի տեղաշարժի ավելի լավ կատարմանը և միաժամանակ արդյունավետ է գրոհների եզրափակիչ հատվածում:

Եթե թիմում կա Կոջոյի պես ֆուտբոլիստ, մեկ հենակետայինով խաղալը խնդիր չէ, սակայն նա վնասվածք ստացավ: Դժվար է ասել՝ արդյոք Մինասյանը նաև նրա բացակայության պայմաններում կկիրառի այդ սխեման (Կոջոյի դիրքում՝ Անտոնով կամ Մալաքյան), թե որոշակի զգուշավորություն կդրսևորի: Կոջոն իր մեջ միավորում է Անտոնովի ու Մալաքյանի ուժեղ կողմերը, իսկ նշված 2 ֆուտբոլիստներն ունեն ինչ-ինչ բացթողումներ: Մարզիչը հավելեց․ «Մենք դեռ չենք խաղում մեր խաղը: Մեր ուզած ֆուտբոլը դեռ դրվագներով ենք ցուցադրում: Հուսով եմ՝ հետագայում ավելի լավ կլինի: Դա մի քիչ կապում եմ նոր սխեմայի հետ: Շատ լավ է, որ հաղթել ենք, բնավորություն ենք ցույց տվել, բայց գիտենք, որ դեռ շատ-շատ աշխատելու տեղ կա»:

Բիչախչյանը հավելեց․ «Լարված հանդիպում ստացվեց: Հավասար պայքար էր: 2 թիմերն էլ ունեին գոլային պահեր: Կար այդ զգացողությունը՝ որ թիմն առաջինն իր գոլային պահերից մեկն օգտագործեր, նա էլ հաղթելու էր: Պայքարն էլ ցույց տվեց, որ հավասար թիմեր էին: Այն, ինչ հիշում եմ հանդիպումից, չկար մի տեղ, որ մենք չհասցնեինք կամ խնդիրներ ունենայինք: Եթե կարողացանք նաև գոլային պահեր ստեղծել, ուրեմն գիտեինք նաև մրցակցի թույլ կողմերը»:

«Շիրակն» առնվազն արժանի էր ոչ-ոքիի: Հաճախ չէր հերիքում վերջին՝ որակյալ փոխանցումը, մինչդեռ Էդգար Մալաքյանի ներկայությամբ ամեն ինչ կարող էր այլ լինել: Բիչախչյանին կրկին հաջողվել է եղած ռեսուրսներով մարտունակ թիմ ստեղծել, կոլեկտիվ, որտեղ կարևոր են ոչ թե անհատները, այլ խաղային կարգապահությունը: Նույնիսկ այն ֆուտբոլիստները, որոնք այլ ակումբներում ինչ-ինչ պատճառներով չեն ամրապնդվել, տեղափոխվելով «Շիրակ», ձեռք են բերում նոր հմտություններ ու ֆուտբոլասերին ներկայանում լրիվ այլ լույսի ներքո: Կասեք՝ որոշակի կախում կա Կոնեից: Այո՛, բայց դա լիովին նորմալ է: Խոսքը գրոհները եզրափակող ֆուտբոլիստի մասին է, իսկ այդ դիրքում արդեն անհրաժեշտ է վարպետություն, գոլային հոտառություն և այլն։ Դա գործոն է, որի վրա գլխավոր մարզիչը, ընդհանուր առմամբ, չի կարող ազդել: Եթե «Շիրակն» այս խաղում ընդհանրապես չստեղծեր գոլային պահ կամ դա աներ շատ քիչ, ապա կարելի կլիներ խոսել ընտրված մարտավարության իրավացիության ու մյուս հանգամանքների մասին: Բայց այս դեպքում հարցն ընդամենը դրանք իրացնելու մեջ է: Մարզիչներին սովորաբար դատում են արդյունքներով, սակայն եթե կա խաղի որակ, ապա արդյունքներն իրենց երկար սպասել չեն տա:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Արարատը» հաղթեց 300-րդ անգամ, Իշխանյանի և Բադոյանի հոբելյանական խաղերը

Հաստատվել է Բարձրագույն խմբի մոտակա 3 մրցափուլերի խաղացանկը

Արսեն Պետրոսյան․ «2 թիմերի համար էլ դժվար էր դադարից հետո միանգամից մտնել խաղային ռիթմի մեջ» (տեսանյութ)

«Արարատը» նվազագույն հաշվով հաղթեց «Ուրարտուին» (տեսանյութ)

«Արարատ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ուրարտուն» հանդես կգա ակցիայով «Արարատի» հետ խաղում (լուսանկար)

Անհաշտ պայքար, բազմաթիվ գոլային պահեր, մեկ դիպուկ հարված․ VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտ» – «Նոա» խաղից

«Նոան» Մայրովիչի գոլի շնորհիվ հաղթեց «Ալաշկերտին» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Աշոտ Ավետիսյան․ «Գոլերը մանկական սխալների հետևանք էին»

Մրցավեճի ելքը վճռվեց արդեն առաջին կեսում․ VNews-ի ֆոտոշարքը «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից

Վարդան Մինասյան․ «Ֆուտբոլիստները պետք է կրկին վերականգնեն խաղային ռիթմը» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

«Լոռին» հաղթեց «Շիրակին» արտագնա խաղում (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում