«Չավին թունելում սպասում էր ինձ․ նրա ասածը տպավորվել է իմ մեջ»․ Արթուր Եդիգարյանի ամենաուշագրավ մտքերը - VNews
Բաժիններ

«Չավին թունելում սպասում էր ինձ․ նրա ասածը տպավորվել է իմ մեջ»․ Արթուր Եդիգարյանի ամենաուշագրավ մտքերը

Արթուր Եդիգարյանը հայկական ֆուտբոլի նախորդ տասնամյակի լավագույն կիսապաշտպաններից մեկն է: Նա անցած տարեվերջին 32 տարեկան հասակում ստիպված էր ավարտել կարիերան, թեև կար տպավորություն, որ ևս մի քանի տարի կարող էր անցկացնել բարձր մակարդակով: Նա իր կարիերայի ընթացքում հիմնականում հանդես է եկել հենակետային կիսապաշտպանի դիրքում: Ուներ գնդակ խլելու, խաղային իրավիճակները «կարդալու» գերազանց ունակություն, տիրապետում էր հեռահար թնդանոթային հարվածների: Եվ ամենակարևորն այն է, որ Եդիգարյանը խաղադաշտում երբեք չէր խնայում իր ուժերը՝ ցուցաբերելով անսահման նվիրվածություն ու համառություն:

Եդիգարյանը 2010-ականների առաջին հատվածի Հայաստանի հավաքականի լավագույն ներկայացուցիչներից էր: Ընդհանուր առմամբ, 42 խաղ է անցկացրել երկրի գլխավոր թիմի կազմում: Ֆուտբոլիստների հենց այդ խումբը ստացավ «Ոսկե սերունդ» ոչ պաշտոնական կոչումը: Այդ հավաքականն էր, որ 2012 թվականին շատ մոտ էր Եվրոյի եզրափակիչ փուլ դուրս գալուն, և որն արժանապատիվ ելույթներ ունեցավ նաև Մունդիալ 2014-ի ընտրական մրցաշարում: Հենակետային գոտում Եդիգարյանի և Կառլեն Մկրտչյանի դուետը բավականին բարձր նշաձող սահմանեց այդ դիրքում հետագայում հանդես եկածների համար:

Ակումբային կարիերան էլ լավ ստացվեց: Հայաստանի 7-ակի չեմպիոն է, 2-ական անգամ նվաճել է երկրի գավաթն ու սուպերգավաթը («Փյունիկի» և «Ալաշկերտի» կազմերում): Խաղացել է արտասահմանյան մի շարք ակումբներում՝ «Պաս Համադան» (Իրան), «Խիմկի» (Ռուսաստան), «Գովեռլա» (Ուկրաինա), «Կայրաթ» (Ղազախստան), «Դինամո Մինսկ» (Բելառուս), «Պրոլետեր Նովի Սադ» (Սերբիա): «Կայրաթի» կազմում դարձել է Ղազախստանի գավաթակիր, «Դինամո Մինսկում»՝ Բելառուսի փոխչեմպիոն: «Դինամոյի» կազմում 2015/16թթ․ մրցաշրջանում մասնակցել է Եվրոպա լիգայի խմբային փուլի մեկ հանդիպման՝ ասպարեզ դուրս գալով իսպանական «Վիլյառեալի» դեմ մրցավեճում: Նրա վերջին ակումբն «Ալաշկերտն» էր: Արդեն անցել է մարզչական գործունեության: Զբաղեցնում է Առաջին խմբի առաջնության «Սևան» ակումբի գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանի օգնականի պաշտոնը և պատրաստվում ստանալ մարզչական B կարգի արտոնագիր, հետո անցնել A-ին ու Pro-ին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Եդիգարյանի՝ իր հարցազրույցներում հնչեցրած ամենահետաքրքիր և ամենաուշագրավ մտքերը: Օգտագործվել են հատվածներ VNews․am, «Ֆուտբոլ Պլյուս», «Ֆուտբոլ 365», ArmSport․am, «Հայկական ժամանակ», PanARMENIAN․net, TopSports․am, «Футбольные вести», Tribuna․com, Offside․by պարբերականներին, «Կայրաթի» պաշտոնական կայքին տված հարցազրույցներից, ինչպես նաև մամուլի ասուլիսների ժամանակ հնչեցրած մտքերից:

«Մեր ընտանիքում ֆուտբոլը, կարելի է ասել, ժառանգական է: Պապս՝ Ֆելիքս Վերանյանը, խաղացել է Երևանի «Սպարտակում», մարզել տարբեր թիմեր, կյանքի վերջին տարիներին եղել է Երևանի «Արարատի» մարզիչը: Երբ նա Աբովյանի «Կոտայքի» գլխավոր մարզիչն է եղել, նրա մոտ այդ ժամանակ հանդես են եկել հայրս՝ Գեղամ Եդիգարյանը, և քեռիս՝ Էդուարդ Վերանյանը: Քեռիս 1985-89թթ․ մեծ հաջողությամբ հանդես է եկել «Արարատի» կազմում, 87 խաղում խփել է 10 գոլ: Հորեղբայրս խաղացել է «Արարատում»: Մենք նայում էինք մեծերին ու հասկանում, որ պետք է նույնպես դառնալ ֆուտբոլիստ: Այդպես ես ու եղբայրս՝ Արտակ Եդիգարյանը, նաև քեռուս որդին՝ Խորեն Վերանյանը, սկսեցինք ֆուտբոլով զբաղվել: Դա մեր ճակատագիրն էր»:

«Մեծացել եմ ֆուտբոլային մի այնպիսի ընտանիքում ու մթնոլորտում, որտեղ ֆուտբոլով չհրապուրվել պարզապես անհնար էր: Եվ հետո, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ էինք բնակվում, փոքրուց տարբեր հանդիպումներ էի դիտում, և դա էլ իր ներգործությունն ունեցավ ու կանխորոշեց իմ հետագա ճակատագիրը»:

«Միշտ փորձել եմ օրինակ վերցնել իմ պապիկից, որն ինձ առաջինն է ֆուտբոլ խաղալ սովորեցրել: 5 տարեկան էի, երբ նա ինձ տարավ Կիլիկիայի մարզադաշտ, որը հիմա «Փյունիկի» մարզադպրոցն է»:

«Ես և ապագա կինս՝ Գայանեն, դպրոցում միևնույն դասարանում էինք սովորում և վաղուց էինք ծանոթ: Բայց միայն վերջին տարիներին հասկացանք, որ իրար համար ենք ստեղծված: Նշանվեցինք, հաջորդ տարի ամուսնացանք: Նա ինձ շատ է օգնում, որ պարտություններից հետո արագորեն վերականգնվեմ»:

«2004թ․-ին «Փյունիկ-2»-ի կազմում ես խաղում էի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում: «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը նկատեց ինձ և վերցրեց առաջին թիմ: Ես այդ ժամանակ էլ խաղում էի կիսապաշտպանությունում: Հետո «Փյունիկը» սկսեց մարզել Արմեն Գյուլբուդաղյանցը, և ես հաստատվեցի այդ դիրքում»:

«Հայրս միշտ դիտողություններ է անում խաղերից հետո, նույնիսկ եթե լավ եմ խաղացել»:

«Երբ նոր էի հանդես գալիս «Փյունիկում», ավագ ընկերներից առավել մոտ էի Կարեն Դոխոյանի հետ, որն ինձ շատ է օգնել ֆուտբոլային գործերում իր օգտակար խորհուրդներով»:

«Առաջին մարզչիս՝ Հովհաննես Ղազանչյանի գլխավորությամբ եմ սովորել ֆուտբոլային այբուբենը, իմ կարիերայում մեծ ներդրում ունի Արմեն Գյուլբուդաղյանցը, որն ինձ սովորեցրել է ամեն ինչ: Մեծ առաջընթաց եմ գրանցել Վարդան Մինասյանի գլխավորությամբ, նա ինձ հնարավորություն ընձեռեց հավաքականի լավագույն ժամանակահատվածում լինել այդ թիմում: Շնորհակալ եմ նաև Աբրահամ Խաշմանյանին ու մյուս բոլոր մարզիչներին, ովքեր կարողացել են օգնել ինձ ֆուտբոլում»:

«Որտեղ էլ հանդես եմ եկել՝ լինի հավաքականում, թե ակումբում, խաղացել եմ սրտով, հոգով, նվիրվել եմ, տվել ամեն ինչ: Ես իմ բնավորությամբ աշխատասեր եմ, հաղթող եմ, երբեք չեմ հանձնվում»:

«Իմ մարզիչները՝ Վարդան Մինասյանը, Արմեն Գյուլբուդաղյանցը, Աբրահամ Խաշմանյանը, իմ մեջ սերմանել են այն, որ եթե կայուն ես խաղում, ապա ամեն ինչ էլ կարող է ստացվել»:

«Ֆուտբոլ խաղալու ժամանակ միշտ հետևել եմ իմ ռեժիմին, բացառել եմ ծխելն ու խմելը: Ես գիրանալու հակում ունեմ, ուստի չէի կարող ռեժիմ չպահել»:

«Պատանեկան հասակում միշտ մեծ համակրանքով եմ վերաբերվել Արթուր Պետրոսյանի ցուցադրած խաղին»:

«Երբ հանդես էի գալիս «Փյունիկում», այն ժամանակվա առաջնության ֆուտբոլիստներն ավելի ուժեղ էին ու ավելի փորձառու, քան այն հատվածում, երբ արտերկրում ելույթներից հետո վերադարձա Հայաստան: Երիտասարդները նրանց կողքին ավելի շուտ էին աճում»:

«Ես նախընտրում եմ տիպիկ անգլիական ֆուտբոլը: Կոշտ պայքարով խաղն ինձ դուր է գալիս: Կարծում եմ, որ իմ խաղաոճը որոշ չափով համապատասխանում է անգլիական ակումբների խաղացողների ոճին»:

«Դիտելով «Մանչեսթեր Յունայթեդի» խաղերը՝ ինքս իմ առջև նպատակ եմ դրել հանդես գալու Անգլիայում: Անգլիական ֆուտբոլը հոգեհարազատ է ինձ: Այնտեղ ամեն ինչ կա՝ արագություն, նվիրվածություն, կիրք»:

«Երազում եմ խաղալ Անգլիայում: Եվ կարևոր չէ՝ Պրեմիեր լիգայո՞ւմ, թե՞ Չեմպիոնշիփում: Երկրորդ դիվիզիոնը նույնպես շատ լավն է: Ես չեմ կարծում, թե բարձրագույն խմբում չխաղալը ցածր է իմ արժանապատվությունից: Ես չեմ հասկանում շատ ֆուտբոլիստների, ովքեր չեն ուզում խաղալ այնտեղ: Վերցրեք 2-րդ Բունդեսլիգան․ այն մի քանի անգամ ուժեղ է Բելառուսի ուժեղագույնների մրցաշարից: Ինչո՞ւ չխաղալ այնտեղ, այն ցատկահարթակ է: Եթե քեզ լավ դրսևորես, կնկատվես»:

«Մարզաշապիկների իմ հավաքածուում ես 103 նմուշ ունեմ: Սիրում էի հավաքել շապիկներ թե՛ հավաքականում, թե՛ ակումբներում ելույթների ժամանակ»:

«Ֆուտբոլիստը պետք է երբեք չհանձնվի, չհիասթափվի, լինի աշխատասեր ու նվիրվի ֆուտբոլին: Ամենակարևորը քո գործը սիրելն է: Եթե սիրում ես քո աշխատանքը, ապա անհնար է արդյունքի չհասնելը»:

«Հայաստանի առաջնությունում հանդես եկող հայ ֆուտբոլիստը պետք է ձգտի նախևառաջ առաջարկ ստանալու եվրոպական միջին մակարդակի առաջնությունից: Եթե իրատես լինենք, ոչ մի հայ խաղացող չի կարող միանգամից բարձրակարգ առաջնությունում խաղալ: Շատ կարևոր է միանգամից մեծ քայլեր չանել, այլ աստիճանաբար զարգանալ»:

«Պետք է կատարելագործվես, որպեսզի տեղափոխվես ավելի բարձրակարգ թիմ, բարելավես ֆինանսական վիճակդ և հասնես քո առավելագույն նպատակներին»:

«Ֆուտբոլը վարձահատույց կլինի քեզ, եթե մարզումների ընթացքում շատ աշխատես և առավելագույնս նվիրվես»:

«Իրենց պրոֆեսիոնալ համարող ֆուտբոլիստները պետք է խաղադաշտում ոչ թե 100, այլ 150 տոկոսով նվիրվեն»:

«Թե՛ հաղթանակներից, թե՛ պարտություններից հետո հոգնածություն ես զգում, չես կարողանում քնել, չունես ախորժակ: Կարևոր է վերլուծել խաղը: Ամենակարևոր խաղը հաջորդն է: Կարևոր է նպատակներ դնել ու առաջ շարժվել»:

«Որտեղ էլ փորձաշրջան եմ անցել, կարողացել եմ տպավորություն գործել մարզիչների վրա: Իհարկե, հասկանում եմ, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, բայց չէ՞ որ ամեն ինչ քեզնից է կախված՝ ինչպես մարզվել կամ ինչպես խաղալ: Եթե ամեն ինչ կարգին է, ապա մարզիչը միանգամից նկատում է քեզ և հասկանում, որ դու լավ ֆուտբոլիստ ես ու կարող ես ուժեղացնել թիմը»:

«Խաղացածս թիմերից ամենից շատը տպավորել են Ալմաթիի «Կայրաթը» և Մինսկի «Դինամոն»»:

«Ես շատ էի լսել «Կայրաթի» ղեկավար Սովետաևիչ Բորանբաևի մասին: Ինձ ասում էին, որ նա սիրում է ֆուտբոլն ու ամեն ինչ անում է, որ իր ֆուտբոլիստները միայն ֆուտբոլի մասին մտածեն՝ սկսած գնդակներից, վերջացրած մարզաբազայով: Իսկ ես ուզում էի հենց այնպիսի թիմում հայտնվել, որտեղ կարողանայի մարզվել, աշխատել ու ուրիշ ոչնչի մասին չմտածել»:

«Նախկին սերնդի ֆուտբոլիստները՝ Ռոբերտ Արզումանյանը, Հրայր Մկոյանը, Հենրիխ Մխիթարյանը, Կառլեն Մկրտչյանն ու մյուսները, մարզվել են ցեխերի մեջ, մարզումներից հետո լողանալու համար ջուր չի եղել, ոտքով են պարապմունքներից գնացել տուն: Նման վատ պայմաններում այդ տղաները դարձել են լավ ֆուտբոլիստներ, իսկ ներկայիս սերնդի համար ստեղծված է ամեն պայման, որպեսզի այս պատանիները դառնան այդ տղաների արժանի փոխարինողները»:

«Աբրահամ Խաշմանյանը մաքսիմալիստ է, նա յուրաքանչյուր խաղում մեզնից առավելագույնն է պահանջում: Ամեն պարտություն մեծ ցավով է ընդունում: Մենք նույնպես շատ ծանր ենք տանում, բայց նա ավելի ցավագին է տանում: Միշտ ասում է․ «Պետք է առավելագույնը ներդնես խաղերի ժամանակ, որպեսզի ֆուտբոլն էլ քեզ վարձահատույց լինի ու կարողանաս արդյունքի հասնել»»:

«Վլադիմիր Վայսը լավագույն մարզիչներից է, որի հետ ես բախտ եմ ունեցել աշխատելու: Նա միշտ ասում էր․ «Իմ հերը հայերն անիծեցին»: Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նա 2 անգամ պարտություն է կրել Հայաստանի ընտրանուց: Հիշում եմ, որ նրա ծննդյան 50-ամյակի օրը «Կայրաթով» խաղում էինք Կարագանդայի «Շախտյորի» հետ: Մենք հաղթում էինք 3-0 հաշվով, ես էլ գոլ էի խփել, հետո փոխարինվեցի: «Շախտյորի» կազմում փոխարինման մտավ Գևորգ Ղազարյանն ու 2 գոլային փոխանցում կատարեց: Հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով: Խաղից հետո պետք է նշեինք Վայսի 50-ամյակը: Նա բաժակը վերցրեց ու ասաց․ «Էլի հայերը հարամ արեցին»:

«Վայսը միշտ ասում է, որ ֆուտբոլիստն առաջին հերթին պետք է լավ մարդ լինի: Դա կարևոր է»:

«Չէի ասի, թե Եվրոպա լիգայի խմբային փուլի հանդիպումները հավաքականի խաղերի նման էին, բայց նույնպես շատ կարևոր մրցավեճեր էին: Հավաքականը լրիվ այլ մակարդակ է: Չնայած «Վիլյառեալի» հետ խաղից ստացա նույն տպավորությունը, ինչ Երևանում Իսպանիայի հավաքականի հետ հանդիպումից, երբ պարտվեցինք 1-2 հաշվով»:

«Ֆուտբոլիստը միշտ պետք է պատրաստ լինի խաղալու ցանկացած դիրքում, նույնիսկ դարպասապահի դերում»:

«Ես մեղքն առաջին հերթին միշտ իմ մեջ եմ փնտրում, որովհետև չեմ սիրում անհաջողությունները բարդել մարզիչների կամ ուրիշների վրա»:

«Ֆուտբոլում ամենագլխավորը կայունությունն է»:

«Եթե ֆուտբոլիստ չլինեի, երևի ատամնաբույժ կդառնայի․ շատ եմ սիրում այդ մասնագիտությունը»:

«Լրագրողները ֆուտբոլում մեծ դերակատարում ունեն»:

«Ավարտեցի կարիերաս ոչ այնպես, ինչպես կցանկանայի: «Ալաշկերտը» պատրաստվում էր խզել ինձ հետ պայմանագիրը, բայց նրանց բացատրեցի, որ իրավունք չունեմ մեկ մրցաշրջանում երրորդ թիմում հանդես գալ, և եթե հնարավորություն կա, մնամ այնտեղ: Բագրատ Նավոյանն ինձ առաջարկեց 6 ամիս աշխատել որպես մարզիչ, ինչից հետո պարզ կլիներ ճակատագիրս: Համաձայնեցի ու խզեցի պայմանագիրս: Բայց մի քանի ժամ անց զանգեցին և առաջարկեցին ծիծաղելի գումարով շարունակել խաղալ թիմում: Ասացի, որ նրանք իրենց խոսքի տերը չեն ու անջատեցի հեռախոսը»:

«Նվաճած բոլոր տիտղոսներն էլ առանձնահատուկ են: Երբ ավարտում ես կարիերադ, և մարդիկ ուսումնասիրում են քո անցած ճանապարհը, առաջին հերթին աչքի են անցկացնում այն, թե ինչ տիտղոսներ ես նվաճել»:

«Պետք է անընդհատ աշխատել: Ֆուտբոլում չի կարող այնպես լինել, որ չաշխատես, ամեն օր չմարզվես, ամբողջությամբ չնվիրվես ու օրերից մի օր հայտնվես Մադրիդի «Ռեալում»: Հաջողությունները քրտնաջան աշխատանքի արդյունք են»:

«Հենրիխ Մխիթարյանի հետ միշտ եմ շփվում: Խաղերից հետո զանգահարում ենք իրար, քննարկում: Հայաստանում նրան սիրում են ու հարգում: Շատ հասարակ մարդ է: Երկրորդը, ում երկրում սիրում են, Ռոման Բերեզովսկին է»:

«Լավ է, երբ հասկանում ես, որ թիմում քո դիրքի համար ունես մրցակից: Դա օգնում է, որ որքան հնարավոր է շահագրգռված լինես և մարզումների ժամանակ քրտնաջան աշխատես, որ տեղդ չզիջես մյուսներին»:

«Հայաստանի Բարձրագույն խմբում պետք է լինի լեգեոներների սահմանափակում: Խաղադաշտում պետք է գերիշխեն հայ ֆուտբոլիստները: Առաջին խմբում չպետք է թույլատրվի, որ հանդես գան արտասահմանցի խաղացողներ, այլապես մեր հայ երիտասարդ ֆուտբոլիստները մնում են ստվերում»:

«Հայ ֆուտբոլիստներին Հայաստանում տեղ չեն տալիս: Մենք մեզ այստեղ լեգեոներ ենք զգում: 8 տարի խաղացել եմ արտերկրում, ինձ այնքան լեգեոներ չեմ զգացել, որքան այստեղ՝ վերջին 2 տարում»:

«Հայաստանում շատ թիմեր կան, որտեղ ֆուտբոլիստների պայմանագրերը պրոֆեսիոնալ չեն: Այդ դեպքում ակումբներն ինչ կուզեն՝ կանեն, երբ կուզեն, կխզեն համաձայնագիրը, երբ կուզեն, քեզ կհանեն, կուզեն՝ փողերը չեն տա: Այդ պատճառով դու պաշտպանված չես: Խորհուրդ եմ տալիս բոլոր հայ ֆուտբոլիստներին ու մարզիչներին, որ ունենան պրոֆեսիոնալ պայմանագրեր»:

«7 տարուց ավելի խաղացել եմ արտասահմանում: Բոլոր երկրներում առաջնությունների մակարդակները տարբերվում են Հայաստանի առաջնության մակարդակից: Դրսում խաղալն ավելի դժվար է, ֆուտբոլիստներն ավելի բարձրակարգ են, ուստի չես էլ կարող առաջընթաց չգրանցել: Արտասահմանում այդքան տարի խաղալը մեծ փորձություն է»:

«Փորձն այն է, երբ գրեթե միշտ կայուն խաղ ես ցուցադրում: Չի լինում այնպես, որ մեկ խաղ լավ խաղաս, մեկ խաղ՝ վատ, ինչպես բնորոշ է երիտասարդներին: Միշտ լինում ես բարձր մակարդակի վրա»:

«Ինձ դուր է գալիս թե՛ մեծ, թե՛ սեղանի թենիսը: Երբ միանում եմ Հայաստանի հավաքականի հավաքներին, Ռոման Բերեզովսկու հետ միշտ թենիս եմ խաղում: Չեմ կարող ասել, թե նա պրոֆեսիոնալ է, բայց լավ է խաղում»:

«Արաս Օզբիլիսը մեր Լիոնել Մեսին է»։

«Երիտասարդական հավաքականում ամենահիշարժան և անմոռանալի խաղը եղել է 2008 թվականի օգոստոսի 20-ին Երևանում Թուրքիայի ընտրանու դեմ կայացած հանդիպումը, երբ նրանց նկատմամբ 2-1 հաշվով պատմական հաղթանակ տոնեցինք»:

«Խաղադաշտում ինձ ամենից շատ տպավորած ֆուտբոլիստներն են Չավին, Ինիեստան ու Ֆաբրեգասը: Ես խաղացել եմ Գերմանիայի, Պորտուգալիայի, Իտալիայի հավաքականների դեմ, բայց նման ֆուտբոլիստների չեմ հանդիպել: Կնշեմ նաև Անդրեա Պիռլոյին, նա էլ տիեզերական մակարդակի ֆուտբոլիստ էր»:

(ԵՎՐՈ 2012-ի վիճակահանությունը մեկնաբանելիս) «Սա եզրափակիչ փուլ դուրս գալու եզակի հնարավորություն է: Եթե այս անգամ դա չանենք, մեզ կարող է նման շանս այլևս չընձեռվել»:

«Հայաստան – Իսպանիա խաղի առաջին կեսից հետո խնդրեցի Չավիին հանդիպումից հետո փոխանակվել շապիկներով: Երբ խաղն ավարտվեց, մենք շարժվեցինք երկրպագուների կողմը՝ նրանց աջակցության համար շնորհակալություն հայտնելու, երբ վերադարձանք, Չավին արդեն խաղադաշտում չէր: Գնում էի հանդերձարան ու թունելում տեսա Չավիին, որը սպասում էր ինձ: Դա Չավին էր, աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Այդ ես պետք է գնայի ու սպասեի նրան, ոչ թե նա ինձ, բայց նա սպասեց, հանձնեց իր մարզաշապիկն ու ասաց․ «Հաջողություն եմ մաղթում, դու կարող ես լավ ֆուտբոլիստ դառնալ»: Դա տպավորվել է իմ մեջ: Մենք գրկախառնվեցինք, ու ես շնորհակալություն հայտնեցի»:

«Մարկո Ռոյսին վնասվածք հասցնելու որևէ միտում չեմ ունեցել, դա պարզապես ֆուտբոլային դրվագ էր: Խլում էի գնդակը, իսկ Ռոյսը սխալ դրեց ոտքն ու ընկավ: Հենրիխ Մխիթարյանի միջոցով շփում եղել է Ռոյսի հետ: Նա էլ ասել է, որ ֆուտբոլային դրվագ է եղել ու որևէ միտում իմ արարքում չի տեսել: Նա ըմբռնումով է մոտենում կատարվածին: Ինքս էլ չէի ցանկանում, որ նման բան լիներ, որովհետև հետո Գերմանիայի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն, իսկ Մարկո Ռոյսը՝ ոչ»:

«Հավաքականի այն կազմը բացառիկ էր, որովհետև բոլոր տղաները լավ մարզավիճակում էին, բոլորն ուզում էին լավ խաղալ, հաղթանակներ տոնել, որպեսզի տեղափոխվեին արտերկիր ու իրենց այնտեղ դրսևորեին: Մենք խաղադաշտում մեկ օրգանիզմ էինք, մտածում էինք մի մարդու պես: Վարդան Մինասյանն ու իր մարզչական շտաբը կարողանում էին համախմբել մեզ: Նրանք գտել էին մեր հավաքականի բոլոր ֆուտբոլիստների լավ կողմերը, հաղթանակի բանալին»:

«Հավաքականում հանդես եկած բոլոր ֆուտբոլիստներն էլ ինձ հետ համակարծիք կլինեն, որ ազգային ընտրանու կազմում խաղալը մեծ նշանակություն ունի ակումբային ֆուտբոլում հաջողություններ գրանցելու հարցում: Մեր սերնդին 90 տոկոսով հենց հավաքականն է օգնել, որ առաջ ենք գնացել»:

«Վարդան Մինասյանին հաջողվել էր ստեղծել մրցունակ հավաքական, յուրաքանչյուր դիրքի համար 2 հավասարազոր ֆուտբոլիստ էր պայքարում: Մրցակցություն կար ցանկացած խաղային դիրքում: Օրինակ՝ Յուրա Մովսիսյանին փոխարինում էր Արթուր Սարկիսովը և գոլեր էր խփում: Դրանից խաղի որակը չէր ընկնում»:

«Մինասյանն այն մարզիչն է, որի համար նշանակություն չունի՝ առաջնության խաղ է, գավաթի, թե այլ մրցաշարի․ նա մի ձև է մոտիվացնում ֆուտբոլիստներին ու հոգեբանորեն պատրաստում թիմին: Եվ ամենակարևոր գործոններից է այն, որ նրա բոլոր թիմերը խաղում են հավասարակշռված ֆուտբոլ՝ և՛ պաշտպանությունում, և՛ հարձակման գծում»:

«Այն ժամանակվա հավաքականի բոլոր ֆուտբոլիստներն իրենց ակումբներում կայուն խաղում էին, և դա ամենակարևորն էր: Ներկայիս ընտրանու տղաներն իրենց թիմերում այդքան էլ շատ խաղային պրակտիկա չունեն: Մարզչի համար դա արդեն խնդիր է, քանի որ չի ունենում ընտրության լայն հնարավորություն»:

«Ես ու Կառլեն Մկրտչյանը համապատասխանում էինք Մինասյանի խաղաոճին: Նրան պետք էին նման ֆուտբոլիստներ, որպեսզի մենք «քանդեինք» մրցակցի գրոհները, իսկ Հենրիխը, Արասը, Գևորգն ու Յուրան ստեղծագործեին: Մինասյանը մեզ հանձնարարում էր, որ պետք է խոչընդոտեինք մրցակցի գրոհը և գնդակը փոխանցեինք նրանց»:

«Մեր պաշտպանության ամենահզոր ֆուտբոլիստը Ռոբերտ Արզումանյանն էր»:

«Ազգային հավաքականում անցկացրած խաղերից ամենահիշարժանը Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ տարած 4-1 հաշվով հաղթանակն է: Այդ ժամանակ մենք լավ հնարավորություն ունեինք դուրս գալու Եվրոյի եզրափակիչ փուլ: Նման մթնոլորտ, նման ոգևորություն երբեք չի եղել: Խաղից հետո երկրպագուները շտապել էին հրապարակ, փակել էին փողոցներն ու տոնում էին»:

«Հավաքականն ազգի թիմն է, անհատներինը կամ մի հոգունը չէ: Երբ խաղում ես երկրիդ զինանշանը կրծքիդ, ապա պետք է ամեն ինչ տաս դրա համար: Հավաքականն իմ կյանքն է»:

«Մենք արժանի էինք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելուն»:

«Երբեք չեմ սիրում բավարարվել ձեռք բերածով և երբեք չեմ դադարում կատարելագործվելու մասին մտածել»:

«Երիտասարդներին խորհուրդ կտամ, որ ավելի շատ գնդակով խաղան, քան հեռախոսներով ու պլանշետներով»:

«Ես չհանձնվող մարդկանցից եմ: Դաշտում եղել եմ նվիրվող, աշխատասեր, այդպիսին կլինեմ նաև մարզչական գործունեությանս մեջ»:

Ավելի վաղ ձեր ուշադրությանն էինք ներկայացրել նաև Մարկոս ՊիզելիիՅուրա ՄովսիսյանիԱրաս ՕզբիլիսիՌոբերտ ԱրզումանյանիԳևորգ Ղազարյանի, Կամո Հովհաննիսյանի և Էդգար Մալաքյանի հնչեցրած ամենաուշագրավ մտքերը:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Յուրա Մովսիսյանը հայտարարեց կարիերան ավարտելու մասին

Հայ ֆուտբոլիստներից ո՞վ երբևէ չի խաղացել նշված աստղի դեմ․ VNews-ի Quiz-ը

Ադամյան․ «Հերոսը հիվանդանոցի աշխատողն է ու պատերազմում կռվողը, մենք ընդամենը ֆուտբոլ ենք խաղում»

Սիրելի Ձմեռ Պապ… Ի՞նչ սպասել հայկական ֆուտբոլից 2021 թվականին

Հարցազրույց Էրիկ Ասադուրյանի հետ. նա Հայաստան է ժամանել լուրջ նպատակով (տեսանյութ)

Տարվա խոսք, վերադարձ, անակնկալ, նորարարություն և այլն․ 2020-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով

Մեկական անգամ․ Հայաստանի հավաքականի բոլոր գոլերը 2020 թ. ընթացքում (տեսանյութ)

Մխիթարյանը՝ 10-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու մասին

Հենրիխ Մխիթարյանը 10-րդ անգամ դարձավ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Խոակին Կապառոսը՝ Հայաստանի 2020 թ. լավագույն մարզիչ

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Աշխարհի փոխչեմպիոնների հետ

Այսօր Հայաստանի հավաքականի մասին կարևոր հայտարարություն է լինելու

«Նորից, նորից ու նորից». B/R Football-ն անդրադարձել է նաև Հենրիխ Մխիթարյանին

«Ավելի լավ չէր կարող լինել»․ Արշակ Կորյանը՝ ԱԱ 2022-ի որակավորման փուլի վիճակահանության մասին

Հաստատվել է Հայաստանի հավաքականի խաղացանկը ԱԱ 2022-ի որակավորման փուլում

«Հայաստանի հավաքականին հաղթելը հեշտ առաջադրանք չէ». Ռումինացի նախկին ֆուտբոլիստ