Կապառոսը 9-րդն է․ Ինչ արդյունքներ են գրանցել Հայաստանի հավաքականը գլխավորած այլազգի նախորդ 8 մարզիչները - VNews
Բաժիններ

Կապառոսը 9-րդն է․ Ինչ արդյունքներ են գրանցել Հայաստանի հավաքականը գլխավորած այլազգի նախորդ 8 մարզիչները

Մարտի 26-ին Ուզբեկստանի հավաքականի հետ նախատեսված ընկերական խաղում պետք է կայանար իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի նորամուտը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով այդ խաղը, ինչպես նաև մարտի 30-ին Ղազախստանի ընտրանու հետ նախատեսված ընկերական հանդիպումը, չեղարկվել է: ՖԻՖԱ-ն ազգային հավաքականների ընկերական մրցախաղերի անցկացման համար նոր ժամանակահատված է հատկացրել՝ հունիսի առաջին տասնօրյակը:

Խոակին Կապառոսը Հայաստանի ազգային հավաքականի ղեկը ստանձնած այլազգի 9-րդ մարզիչն է: Մինչ նա սպասում է իր նորամուտին, VNews.am-ն ընթերցողներին առաջարկում է վերհիշել այլազգի նախորդ մարզիչների գործունեությունը ՀՀ հավաքականում:

Խոակին Կապառոս. «Ցանկանում եմ իմ լուման ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում»

Ազգային հավաքականի ղեկն օտարերկրացի մարզչին վստահելու պրակտիկայի հիմքը դրեց 2002թ. հունիսի 6-ին ՀՖՖ արտահերթ ժողովում նախագահի պաշտոնում ընտրված Ռուբեն Հայրապետյանը, որն այդ ժամանակ արդեն «Փյունիկի» սեփականատերն էր: Հենց նրա ջանքերով էլ նոր մրցաշրջանում «Փյունիկը» գլխավորելու համար մարտի սկզբին Հայաստան էր հրավիրվել 64-ամյա արգենտինացի մասնագետ Օսկար Լոպեսը: Վերջինիս օրոք «Փյունիկը» զգալի հաջողությունների էր հասել՝ մայիսին նվաճելով Հայաստանի Սուպերգավաթն ու գավաթը, գլխավորում էր առաջնության աղյուսակը: Բացի այդ, փյունիկցիները հաջողությամբ էին հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը՝ երկու հանդիպումներում էլ մեծ առավելության հասնելով ֆիննական «Տամպերեի» նկատմամբ՝ 4-0, 2-0:

Հաշվի առնելով այս ամենը՝ Ռուբեն Հայրապետյանի առաջարկով հուլիսի 29-ին կայացած ՀՖՖ գործկոմի նիստում Օսկար Լոպեսը հաստատվեց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Նա միաժամանակ շարունակելու էր մարզչական գործունեությունը «Փյունիկում»: Լոպեսը փոխարինեց փետրվարին հավաքականի ղեկը ստանձնած «Շիրակի» գլխավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանին, որի օրոք մեր ընտրանին ընդամենը մեկ խաղ էր անցկացրել՝ հունիսի 7-ին հյուրընկալվելիս 2-0 հաշվով պարտության մատնելով Անդորրայի հավաքականին:

Ցավոք, մինչև ուկրաինացիների հետ սեպտեմբերի 7-ին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային հանդիպումը, Լոպեսը հնարավորություն չունեցավ ընկերական մրցախաղերում ծանոթանալու հավաքականի բոլոր անդամների խաղային ունակություններին, քանի որ օգոստոսի 17-ին Հորդանանի և 21-ին Լատվիայի հավաքականների հետ նախատեսված խաղերը չկայացան:

Հենց դրանով պետք է բացատրել այն փաստը, որ ուկրաինացիների հետ ընտրական մրցախաղում Լոպեսը հավաքականի մեկնարկային կազմում չէր ընդգրկել մեր ընտրանու առանցքային խաղացողներ Ալբերտ Սարգսյանին ու Անդրեյ Մովսիսյանին: Վերջիններս միայն 2-րդ խաղակեսում խաղադաշտ դուրս եկան և իրենց ակտիվ գործողություններով մեծապես նպաստեցին պարտությունից հավաքականին փրկելուն (2-2): Նախ Սարգսյանի ջանքերով Արթուր Պետրոսյանը կրճատեց հաշվի տարբերությունը, ապա ավելացված ժամանակում Ալբերտը հաջող իրացրեց Մովսիսյանին վայր գցելու համար նշանակված 11մ հարվածը:

Հոկտեմբերին Աթենքում ՀՀ հավաքականն ընտրական 2-րդ խաղում 0-2 հաշվով զիջեց հույներին: Նույնիսկ բարձր պարգևավճարների առկայությունը (հաղթանակի դեպքում՝ 6 հազարական, ոչ-ոքիի դեպքում՝ 3 հազարական դոլար) չօգնեց մեր ֆուտբոլիստներին դրական արդյունքի հասնելու: Այդ խաղը վերջինն էր Լոպեսի համար ՀՀ հավաքականի ղեկին: «Փյունիկին» չեմպիոնական բարձունքին հասցնելուց հետո Լոպեսը մեկնեց հայրենիք և այլևս չվերադարձավ Հայաստան:

Ֆեդերացիայի ղեկավարությունը կրկին կանգնեց հավաքականի մարզչի ընտրության առջև: Խնդիր դրվեց հավաքականի ղեկը վստահել արտերկրի այնպիսի մարզչի, որը կհամաձայներ մի քանի տարով գլխավորել այն: Ֆեդերացիան բանակցություններ վարեց ֆրանսիացի Անրի Միշելի, Ուրուգվայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Կուբիլյայի, ռումինացիներ Միխայ Ստոյկիցայի, Մարիուշ Լեկետուշի և Վիկտոր Պիցուրկայի հետ:

«Ֆուտբոլը մարմնավաճառից միանձնուհի կարող է դառնալ 5 րոպեում». Խոակին Կապառոսի ամենահետաքրքիր մտքերը

Ի վերջո, 2003թ. մարտի 24-ին ՀՖՖ-ն 3 տարվա պայմանագիր կնքեց 49-ամյա ռումինացի մասնագետ Միխայ Ստոյկիցայի հետ, որը ստանձնեց նաև «Փյունիկի» ղեկը: Իսկ ընդամենը 5 օր անց նորանշանակ մարզչի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 3-րդ խաղում Արթուր Պետրոսյանի խփած միակ գոլի շնորհիվ «Հանրապետական» մարզադաշտում հաղթեց Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին:

Դա ընտրական մրցախաղերում «Հանրապետական» մարզադաշտում մեր հավաքականի տոնած առաջին հաղթանակն էր: Իսկ մինչ այդ, պաշտոնական մրցումներում մեր ընտրանին վերջին անգամ հաղթել էր գրեթե 3,5 տարի առաջ՝ 1999թ. հոկտեմբերի 9-ին հյուրընկալվելիս 3-0 հաշվով պարտության մատնելով Անդորրայի հավաքականին:

Միխայ Ստոյկիցայի գլխավորությամբ ՀՀ հավաքականն ավարտեց 2004թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը՝ 6-րդ խմբում 5 ընտրանիների մրցավեճում 7 միավորով (+2=1-5, 7-16) զբաղեցնելով 4-րդ տեղը: Նրա օրոք հավաքականն անցկացրած ընտրական 6 հանդիպումներից 2-ում հաղթեց, 4-ում պարտվեց՝ վաստակելով հնարավոր միավորների 33,3 տոկոսը: Դա լավագույն արդյունքն էր մինչ այդ հավաքականը գլխավորած մարզիչների մեջ:

2004թ. հունիսի կեսերին Ստոյկիցան շատերի համար անսպասելի հրաժարական տվեց՝ ելնելով ընտանեկան հանգամանքներից: Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն օգոստոսի սկզբին ստանձնած ֆրանսիացի Բեռնար Կազոնին պարզապես ձախողեց աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկը: Նրա գլխավորությամբ ՀՀ հավաքականը տխուր ռեկորդ սահմանեց՝ մեկնարկային 4 հանդիպումներում էլ զիջելով մրցակիցներին (Մակեդոնիա՝ 0-3, Ֆինլանդիա՝ 0-2, 1-3, Չեխիա՝ 0-3):

Թեև ընտրական հաջորդ երկու խաղերում մեր հավաքականը 4 միավոր վաստակեց (Ռումինիա՝ 1-1, Անդորրա՝ 2-1), սակայն հոլանդացիներից 0-2 հաշվով կրած պարտությունից մի քանի օր անց Կազոնին պաշտոնանկ արվեց: Այդ մասին 2005թ. ապրիլի 5-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, նշելով, որ Կազոնին աշխատանքից ազատվել է մարզական ցածր ցուցանիշների, մարզչական աշխատանքում թույլ տված տակտիկական սխալների, ֆուտբոլիստների ընտրության հարցում սխալ մոտեցումների համար:

Մայիսի 20-ին լրագրողներին ներկայացվեց Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչը՝ 48-ամյա հոլանդացի մասնագետ Հենկ Վիսմանը, որը ֆեդերացիայի հետ մինչև դեկտեմբեր պայմանագիր էր կնքել, որը կարող էր երկարաձգվել 2 տարով: Նա միաժամանակ գլխավորելու էր «Փյունիկը», որի ղեկը Ստոյկիցայի հեռանալուց հետո վստահվել էր Վարդան Մինասյանին:

Վիսմանին չհաջողվեց որոշ չափով շտկել իրավիճակը՝ կրկնելով Կազոնիի տխուր ռեկորդը: Նրա գլխավորությամբ անցկացված ընտրական առաջին 4 խաղերում էլ հավաքականը պարտվեց՝ զիջելով Մակեդոնիայի (1-2), Ռումինիայի (0-3), Հոլանդիայի (0-1) և Չեխիայի (1-4) ընտրանիներին: Դա կանխորոշեց նրա հետագա ճակատագիրը: 2006թ. ապրիլի 5-ին Վիսմանը պաշտոնանկ արվեց: Նրա օրոք անցկացրած 9 հանդիպումներից միայն մեկում էր ՀՀ հավաքականը հաղթել (Անդորրա՝ 3-0), Հորդանանի հավաքականի հետ ընկերական խաղն ավարտել էր գոլազուրկ ոչ-ոքի, մյուսներում պարտվել էր:

Օգոստոսի 15-ին լրագրողներին ներկայացվեց ՀՀ հավաքականի հերթական այլազգի մարզիչը՝ 60-ամյա շոտլանդացի մասնագետ Յան Պորտերֆիլդը: Նա հավաքականը պետք է գլխավորեր մինչև 2007թ. ավարտը: Հետաքրքիր է, որ հենց լրագրողների ներկայությամբ էլ Ռուբեն Հայրապետյանն ու Յան Պորտերֆիլդն իրենց ստորագրությունները դրեցին պայմանագրում, որից հետո ֆեդերացիայի նախագահը մարզչին հավաքականի մարզաշապիկ նվիրեց:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Երևանի ազգային հավաքական. Ինչու Հայաստանի մարզերում ֆուտբոլիստներ չեն ծնվում

Տիտո Ռամալյո. «Կապառոսը կարող է օգուտ տալ Հայաստանի հավաքականին»

«Լոռիի» հիմնադիրը առաջարկում է քննարկման դնել ՀՖՖ արտասահմանցի աշխատակիցների վճարման հարցը

Տիգրան Բարսեղյանի ամենասիրելի 5 ֆիլմերը

Բերեզովսկի. «Եթե բանկիր Սարին դարձել է լավ մարզիչ, ապա դարպասապահը հաստատ կարող է դառնալ»

Մարկոս․ «Հիմա մեր հավաքականի ամենամեծ երկրպագուն եմ»

Թվեք Հայաստանի հավաքականի բոլոր գոլերի հեղինակներին 1992-ից սկսած. VNews-ի Quiz-ը

Մաթյո Եզիկյան. «Հայաստանի հավաքականից հրավեր պետք է ստանայի»

Խոակին Կապարոս՝ Հայաստանի հավաքականի նոր առաջնորդը (տեսանյութ)

Ռումյան Հովսեփյան. «Հուսամ`այս իրավիճակը որքան հնարավոր է շուտ հանգուցալուծում կստանա»

Հովհաննես Համբարձումյան. «Շատ էի կարոտել Հայաստանը և ցանկանում էի գալ հավաքական»

Կարապետյան․ «Առանց ֆուտբոլի շատ ձանձրալի է, բայց հիմա ֆուտբոլի ժամանակը չէ»

Սարգիս Ադամյանը պատմել է Գերմանիայում տիրող վիճակի մասին ու խոսել իր ապաքինումից

Խոակին Կապառոս. «Ցանկանում եմ իմ լուման ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում»

Խոակին Կապառոսը պատմել է Հայաստանում անցկացրած առաջին օրերի մասին

«Չավին թունելում սպասում էր ինձ․ նրա ասածը տպավորվել է իմ մեջ»․ Արթուր Եդիգարյանի ամենաուշագրավ մտքերը