«Նոան» տարբերվող ֆուտբոլ է խաղում, ափսոս, առանց հայ ֆուտբոլիստների․ Թիմի տակտիկական գաղտնիքները - VNews
Բաժիններ

«Նոան» տարբերվող ֆուտբոլ է խաղում, ափսոս, առանց հայ ֆուտբոլիստների․ Թիմի տակտիկական գաղտնիքները

«Արցախն» այս մրցաշրջանի մեկնարկից առաջ անվանափոխվեց և դարձավ «Նոա»: Ընդ որում, փոխվեց ամեն ինչ՝ սկսած վարած  քաղաքականությունից և առաջադրված նպատակներից: Բարձրագույն խմբում կայացած 17 տուրի արդյունքում թիմն ապահովել է իր տեղը լավագույն վեցյակում ու կպայքարի եվրագավաթային գոտում հայտնվելու համար: Բացի այդ, մոտ է VBet Հայաստանի գավաթի եզրափակիչ դուրս գալուն: Բայց արդյունքն ամենևին էլ միակ բանը չէ, որ պետք է առանձնացնել այս առումով: «Նոան» տարբերվող ֆուտբոլ է խաղում, կա մարզչական հստակ մոտեցում: Դրանից կարելի է ենթադրել, որ այս թիմը շարունակելու է կատարելագործվել: Ներկայացնենք, թե «Նոան» ինչ հատկանիշների շնորհիվ է առանձնանում առաջնության թիմերի շարքում:

Ակումբն «Արցախ» անվանմամբ նախորդ առաջնությունում 9 թիմի պայքարում գրավեց 8-րդ հորիզոնականը: Գերազանցապես հայ ֆուտբոլիստներով հանդես եկող թիմը համարյա ամբողջապես փոխվեց: Բավական է նշել, որ աշնանային հատվածի ընթացքում միանգամից 15 խաղացողներ իրենց նորամուտը նշեցին թիմում: Նախորդ կազմից մնացին ընդամենը 8 ֆուտբոլիստներ, որոնցից հետագայում բավարար թվով խաղաժամանակ ստացան միայն Ալան Տատաևը, Բենիկ Հովհաննիսյանը, Յուրի Գարեգինյանը և Վարդան Մովսիսյանը:

Բավականին ուշացումով՝ միայն հուլիսի 1-ին հայտարարվեց գլխավոր մարզչի պաշտոնում Իգոր Պիկուշչակի նշանակման մասին: Պաշտոնապես գլխավոր մարզիչը Վադիմ Բորեցն է, սակայն իրականում այդ պարտականությունները կատարում է հենց Պիկուշչակը: Վերջինիս ծանր աշխատանք էր սպասվում, քանի որ պետք է կարճ ժամանակահատվածում թիմ կառուցեր համարյա բացառապես նոր ֆուտբոլիստներով: Այնպես ստացվեց, որ «Նոան» աշնանային հատվածում քայլ առ քայլ, խաղ առ խաղ աճ գրանցեց: Պիկուշչակի գլխավորած թիմն աշնանային հատվածի արդեն երկրորդ մասում թափ հավաքեց՝ վերջին 8 պաշտոնական խաղում տոնելով 6 հաղթանակ, գրանցելով մեկական ոչ-ոքի ու պարտություն:

Առաջին բառը, որ պետք է գործածել «Նոայի» խաղաոճը բնութագրելիս, ագրեսիվությունն է: Այստեղ կան անհատապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ, բայց գլխավոր ուժը թիմային խաղն է ու շարժումը: «Նոան» համարյա միշտ նախընտրում է խաղալ բարձր պրեսինգով, մրցակցի վրա ճնշում գործադրել նրա գրոհների կազմավորման հենց առաջին փուլում: Դա նկատելի էր մրցաշրջանի դեռ ամենասկզբից, բայց հասկանալի է, որ բարձր պրեսինգի՝ լավ մակարդակի հասնելու համար ժամանակ էր հարկավոր: Թիմի հիմնական սխեման աշնանային հատվածում 4-3-3-ն էր: Ինչ վերաբերում է առանց գնդակի խաղին, ապա Պիկուշչակի թիմը սկզբնական շրջանում նախապես դիրքավորվում էր 4-4-2 սխեմայով (առջևում՝ Մաքսիմ Մայրովիչ, Դավիթ Մանոյան), ինչից հետո հարմար պահ գտնում մրցակցի ուղղությամբ ճնշում գործադրելու համար: Մրցակիցներին երբեմն դիմավորում էին նաև կենտրոնից, քանի որ մշտապես բարձր պրեսինգով խաղալու համար հղկելու դեռ շատ բան կար: Այդ ժամանակ առկա էր մեծ ցանկություն, նկատելի էր՝ ինչ է ուզում մարզչական շտաբը, բայց կատարումը դեռ կաղում էր:

Դրվագ «Նոա» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից․ Մայրովիչը պրեսինգի է ենթարկում մրցակցի պաշտպան Գուզին, բայց թիմակիցները չեն աջակցում, ինչի հետևանքով էլ «Արարատ-Արմենիան» հեշտությամբ շարունակում է գրոհը: Առաջնության սկզբնական հատվածում նման դեպքեր հաճախ էին պատահում, ֆուտբոլիստները հստակ չէին հասկանում՝ երբ բարձրից դիմավորել մրցակցին, երբ՝ ոչ:

«Նոայի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով

«Նոան» առաջնության մեկնարկային 4 մրցավեճում տոնեց ընդամենը մեկ հաղթանակ («Երևանի» նկատմամբ), հասցրեց կրել 2 պարտություն («Արարատ-Արմենիայից» ու «Լոռիից»): Թիմն այդ ընթացքում 4 գոլ խփեց, բոլորն էլ՝ ստանդարտների արդյունքում: Խնդիրը հենց այն էր, որ հարձակման գծում քիչ բան էր ստացվում: Ֆուտբոլիստների համագործակցությունը լավը չէր, պաշտպանությունում կային կոպիտ սխալներ: Եվ ամենակարևորն այն էր, որ չէր հաջողվում ստեղծել բավարար քանակի գոլային հնարավորություններ, որպեսզի խնդիրը լիներ գոնե միայն պահերի իրացումը: «Լավ է, որ վերահսկում ենք գնդակը, բայց որևէ օգուտ չկա, երբ վերահսկում ենք ուղղակի վերահսկելու համար: Ամենագեղեցիկ ֆուտբոլն այն է, երբ գոլեր կան: Տուգանային հրապարակում չկար ագրեսիվություն: Հարկավոր է շատ շարժվել առանց գնդակի, փորձել ազատ տարածություն դուրս գալ: Այդ գործոնում պետք է աշխատենք»,- «Լոռիի» դեմ հանդիպումից հետո ասաց Պիկուշչակի օգնական Բորեցը, հենց ով էլ մասնակցում է մամուլի ասուլիսներին:

Այդքան նորեկների առկայությունն էլ բավական չէր, «Նոային» արդեն առաջնության ընթացքում միացան 3 նոր ֆուտբոլիստներ: Ժամանակը ցույց տվեց, որ նրանք բոլորն էլ առանցքային դերակատարներ էին դառնալու: Դարպասապահ Վալերիո Վիմերկատին թիմում առաջին խաղն անցկացրեց միայն օգոստոսի 24-ին, կիսապաշտպան Պավել Դեոբալդն ու եզրային ենթահարձակվող Կիրիլ Բորը՝ էլ ավելի ուշ՝ սեպտեմբերի 15-ին: Մարզչական շտաբը նրանց գալով մի քանի խնդիրներ լուծեց: Վիմերկատին աչքի էր ընկնում հուսալի խաղով, բարդ իրավիճակներում թիմին փրկելով: Բացի այդ, շատ կարևոր էր նաև այն, որ նա Արման Մելիքսեթյանի համեմատ ոտքով շատ ավելի լավ էր խաղում, ու այդ գործոնը թիմին պետք էր գալիս դիրքային գրոհներ կառուցելու ժամանակ: Դիրքային գրոհներում Վիմերկատիի դերի մասին ավելի մանրամասն՝ քիչ անց:

Դրվագ «Փյունիկ» – «Նոա» մրցավեճից․ Վիմերկատին համարյա հենակետային գոտում ստացել է գնդակը և փնտրում է գրոհի շարունակություն: «Փյունիկն» առջևում ներկայացված է 2 ֆուտբոլիստով, ուստի այս դրվագում ստեղծվել է 3-ն ընդդեմ 2-ի իրավիճակ հօգուտ «Նոայի»: Վերջինս դարպասապահի՝ ոտքով լավ խաղալու գործոնի շնորհիվ մյուս հանդիպումներում էլ թվային առավելություն էր ստանում գրոհների առաջին փուլում՝ ավելի հեշտ կազմակերպելով առաջխաղացումները:

Դեոբալդը սկսեց հանդես գալ կիսապաշտպանական եռյակում, նրա գալուց հետո Մանոյանը կորցրեց տեղը մեկնարկային կազմում: Հայ փորձառու կիսապաշտպանը վատ չէր սկսել մրցաշրջանը, «Ուրարտուի» դեմ հաղթական մրցավեճում (2-0) նույնիսկ գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ դարձավ: Բայց դա դեռ բավարար չէր մարզչական շտաբին գոհացնելու համար: Նրանից ակնկալվում էին ավելի արագ խաղ, ավելի սուր գործողություններ, ինչը տեղի չէր ունենում: «Ուզում ենք, որ Դավիթն ավելի արագ գործի խաղադաշտում: Գնդակն ավելի քիչ պահի իր մոտ և ավելի շատ փնտրի թիմակիցներին՝ նրանց դուրս բերելով վտանգավոր դիրքեր: Պետք է խաղա ավելի ագրեսիվ ու թիմակիցների համար, մինչդեռ հիմա կարծես ավելի շատ իր համար է խաղում»,- Մանոյանի վերաբերյալ նման մեկնաբանություն տվեց Բորեցը:

Կիրիլ Բորը նույնպես շատ արագ հարմարվեց թիմին և 9-11-րդ տուրերի ընթացքում իր ակտիվում գրանցեց 2-ական գոլ և արդյունավետ փոխանցում։ Նա իր բարձր արագության հաշվին շատ լավ էր օգտագործում ազատ տարածությունները: Ռուս ֆուտբոլիստի գլխավոր որակներից մեկը գրոհների եզրափակիչ հատվածում ճշգրիտ փոխանցումներ կատարելն էր, որի օգնությամբ թիմակիցներին բազմիցս դուրս էր բերում հարվածային դիրքեր: Մինչ Բորի գալն այդ դիրքում հանդես էին եկել Վիգեն Ավետիսյանը, Ալեքսեյ Տուրիկը, Էդգար Մովսեսյանը, բայց Կիրիլը կարճ ժամանակում տեղ վաստակեց մեկնարկային կազմում:

«Նոայի» համար բեկումնային դարձավ «Փյունիկի» նկատմամբ սեպտեմբերի 22-ին տոնած հաղթանակը (2-1), որից հետո ամեն ինչ կարծես ընկավ իր տեղը: Երևանյան թիմն այդ խաղից հետո մրցաշրջանում կրեց ընդամենը 2 պարտություն («Ալաշկերտից» և «Արարատ-Արմենիայից»), բայց նույնիսկ այդ հանդիպումներում շատ լավ տպավորություն թողեց, հատկապես՝ առաջին խաղակեսերում: Կազմը գնալով ավելի կայունացավ, ֆուտբոլիստները սկսեցին իրար շատ ավելի լավ հասկանալ խաղադաշտում: 2019 թվականի վերջին 5 հանդիպումներից 4-ում («Վանի» դեմ գավաթային մրցավեճում ռոտացիա կիրառվեց) գործել են միևնույն կիսապաշտպանական (Գարեգինյան, Հովհաննիսյան, Դեոբալդ) ու հարձակման (Բոր, Ազարով, Մայրովիչ) գծերը: Թիմը հաղթեց այդ 4 հանդիպումներից 3-ում, գրանցեց մեկ ոչ-ոքի: «Մենք օգոստոսին ընդհանրապես չունեինք փոխհասկացողություն, հիմա ամեն ինչ շատ ավելի լավ է: Բոլորս հասկանում ենք միմյանց»,- հայտարարեց Մայրովիչը: Բորեցը գոհ էր թիմի խաղից, բայց հասկանում էր, որ այն կարող է անել ավելին․ «Մեր ֆուտբոլիստներն իրենց հնարավորությունների ընդամենը 30-40%-ն են դեռ ցուցադրում»:

Եվ ի՞նչ գործոններում այդքան բարելավվեց թիմը: Նախ կրկին խոսենք բարձր պրեսինգի մասին: Դա իսկական գլխացավանք դարձավ մրցակիցների համար: «Նոան» համարձակ ոճով էր գործում բացառապես բոլոր թիմերի դեմ՝ անհատական հսկողություն սահմանելով մրցակիցների խաղացողների նկատմամբ ու նրանց զրկելով տարածություններից: Ինտենսիվ բարձր պրեսինգը դարձավ Պիկուշչակի թիմի այցեքարտերից մեկը:

Այստեղ «Նոայի» մրցակիցը կրկին «Արարատ-Արմենիան» է, բայց սա արդեն երկրորդ խաղաշրջանի հանդիպումն է: Միանգամից աչքի է զարնում՝ ինչքան կազմակերպված էր դարձել թիմի բարձր պրեսինգը, որի պատճառով լուրջ խնդիրներ էր ունենում նույնիսկ նման հզոր մրցակիցը:

Պատահական չէր, որ Վարդան Մինասյանը «Նոայի» դեմ երկրորդ հանդիպումից հետո նման կարծիք հայտնեց․ ««Նոան» շատ լավ թիմ է: Եթե համեմատեմ մեր միջև առաջին մրցավեճի հետ, ապա նրանց խաղում մեծ առաջընթաց կա: Թիմային խաղը շատ լավ մակարդակի վրա է»:

«Նոայի» հզոր զենքերից մյուսը հակապրեսինգն է (Counterpress), այն է՝ թիմի գործադրած ճնշումը գնդակը կորցնելուց անմիջապես հետո: Եվ կապ չունի՝ այդ կորուստը խաղադաշտի որ հատվածում է տեղի ունենում: «Նոայից» սովորաբար հաշված վայրկյաններ են պահանջվում գնդակին կրկին տիրելու համար, քանի որ ֆուտբոլիստներն արագորեն շրջափակման մեջ են առնում մրցակցի խաղացողներին: «Նոան» նման ինտենսիվ ֆուտբոլ է խաղում համարյա ամբողջ 90 րոպեի ընթացքում, ինչը հոգնատանջ է խաղացողների համար: Բայց եթե թիմը դիմանում է դրան ու լավ տպավորություն թողնում, ապա ֆիզիկական պատրաստականությունն էլ բարձր մակարդակի վրա է:

Դրվագ «Փյունիկ» – «Նոա» հանդիպումից․ հյուրերը մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում կորցրին գնդակը: Իսկ դուք արդեն գիտեք, թե «Նոան» ինչպես է գործում նման իրավիճակներում․․․

Դրվագի շարունակությունը․ «Նոայից» մի քանի վայրկյան պահանջվեց մրցակցին շրջափակելու համար: Գնդակը ստացած ֆուտբոլիստը՝ Ուգոչուկվու Իվուն, պարզապես չունի օպտիմալ շարունակության տարբերակ, իսկ Դեոբալդի ճնշումը հենց նրա նկատմամբ հանգեցրեց այն բանին, որ «Նոան» վերադարձրեց գնդակը:

Նմանատիպ դրվագ «Արարատ-Արմենիա» – «Նոա» խաղից․ հյուրերի հակապրեսինգն այստեղ էլ գերազանց աշխատեց: «Նոան» առհասարակ հենց այսպիսի դիրքերում գնդակը խլելուց հետո հակագրոհելու հոյակապ հնարավորություններ է ստանում, քանի որ մրցակիցների պաշտպանական գծերում շատ բացեր են առաջացած լինում:

Պիկուշչակի գլխավորած թիմը խաղում է ուղղահայաց ֆուտբոլ, փորձ է արվում հնարավորինս քիչ փոխանցումներով, միաժամանակ արագ կոմբինացիաներով հասնելու գրոհների եզրափակիչ փուլ: Այս, ինչպես նաև նշված հակապրեսինգի գործոնով ներկայիս «Նոայի» փիլիսոփայությունը բավականին նման է ընթացիկ մրցաշրջանի ամենամեծ աճ գրանցած թիմերից մեկի՝ գերմանական «Լեյպցիգի» խաղաոճին: Դա գուցե նաև նրանից է գալիս, որ թե՛ Պիկուշչակը, թե՛ Յուլիան Նագելսմանը մարզչական նոր դպրոցի ներկայացուցիչներ են (Պիկուշչակ՝ մարտի 27-ին կդառնա 37 տարեկան, Նագելսման՝ 32 տարեկան) ու նախընտրում են նման գործելակերպը:

«Նոան» ընթացիկ մրցաշրջանում խփել է 27 գոլ, որից 8-ը՝ արագ գրոհների/հակագրոհների արդյունքում: Եթե այս թիմն ունենում է տարածություններ, ապա կարող է պատժել ցանկացածին: Ընդ որում, այստեղ էլ կա կոնկրետ խաղային կառուցվածք: Գնդակը սեփական կիսադաշտում խլելով մի եզրում՝ «Նոան» փորձում է այն արագորեն հասցեագրել հակառակ եզրում արագություն հավաքած իր ֆուտբոլիստին, որը բացվում է մրցակցի պաշտպանների թիկունք: Երբ հարձակման ձախ եզրում Մայրովիչն է, աջում՝ Բորը, դա շատ ավելի բեղմնավոր է ստացվում, քանի որ երկուսն էլ արագ են մտածում և գործում:

Դրվագ «Նոա» – «Ալաշկերտ» մրցավեճից․ Մայրովիչը ձախից գնդակով տեղափոխվեց կենտրոն ու անմիջապես փոխանցում կատարեց աջից արագություն հավաքած Բորին: Վերջինս առաջ պոկվեց մրցակցի պաշտպաններից և դիպուկ հարված կատարեց:

Մինասյանը և Բիչախչյանը հետաքրքիր լուծումներ առաջարկեցին միմյանց․ ինչը դարձավ վճռորոշ նրանց թիմերի դիմակայությունում

Մայրովիչն առաջնության ընթացքում սկսեց ավելի շատ խաղալ հարձակման կենտրոնում՝ իր եզրը թողնելով Վլադիմիր Ազարովին, որը նույնպես ագրեսիվ ու արդյունավետ ֆուտբոլիստ է: Մաքսիմը 8 գոլ է խփել ընթացիկ առաջնությունում, բայց կարող էր հասնել ավելիին: Բանն այն է, որ գոլային պահերի իրացումը լուրջ խնդիր է մնում «Նոայի» համար: Երբ հարձակման կենտրոնում Դմիտրի Լավրիշչևն էր, թիմը կրկին շատ պահեր էր ստեղծում, սակայն այդ հարձակվողը սիրում էր վրիպել անհավանական դիրքերից: Մայրովիչի՝ հարձակման կենտրոն տեղափոխվելով իրավիճակը փոքր-ինչ շտկվեց, սակայն նրան էլ դեռ պակասում է վճռական պահերին ավելի սառնասիրտ գործելու ունակությունը:

«Նոան» ընթացիկ մրցաշրջանում 11 անգամ է հաջողության հասել ստանդարտ խաղարկումների արդյունքում (4-ը՝ 11-մետրանոցներ): Տուգանայիններից և անկյունայիններից նման շատ գոլեր խփելու փաստը վկայում է, որ մարզչական շտաբը մեծ աշխատանքներ է տանում նաև այդ ուղղությամբ: Թիմն աշնանային հատվածից հետո ամենաքիչ գոլ բաց թողած թիմն էր (14): Ճիշտ է, դա առաջին հերթին լավ թիմային պաշտպանության արդյունք էր, բայց պետք է առանձնացնել նաև 2 կենտրոնական պաշտպաններին՝ թիմի ավագ Վլադիսլավ Կրյուչկովին ու Ալան Տատաևին: Երկուսն էլ շատ գրագետ ֆուտբոլ են խաղում և հատկապես մենապայքարներում հազվադեպ են զիջում մրցակիցներին։

Բայց թիմն այդ ընթացքում ցածր արդյունավետություն էր ցույց տվել (20 գոլ)՝ ավելի շատ գոլ խփելով միայն վերջին 3 հորիզոնականների թիմերից: Եվ խնդիրն այստեղ միայն գոլային պահերի իրացումը չէ: Եկանք այն բաղադրիչին, որում «Նոան» բարելավելու դեռ բավականին տեղ ունի: Խոսքը դիրքային գրոհների մասին է: Երևանյան թիմը գնդակի՝ կարճ տարածության վրա խաղարկումների փոխարեն սովորաբար նախընտրում է այն միանգամից ուղարկել առաջ: Այդ առաջին փոխանցումն իրականացնելու պարտականությունը հիմնականում հանձն էին առնում դարպասապահ Վիմերկատին, պաշտպան Տատաևը և հենակետային Գարեգինյանը: Ընդ որում, «Նոան» հենց ինքն է «շահագրգռում» մրցակցին դիմելու պրեսինգի՝ երբեմն բավականին երկար խաղարկելով գնդակը սեփական կիսադաշտում: Երբ մրցակիցն «ուտում է խայծը» և գալիս առաջ, նրա պաշտպանական գծերի միջև բացվում են տարածություններ, հենց որտեղ էլ նշված 3 ֆուտբոլիստները բարձրից փոխանցումներ են կատարում:

Նշված բարձրից փոխանցումներից «Նոան» օգտվում է հետևյալ եղանակներով՝ 1․ գնդակն ընդունում է մրցակցի պաշտպանության և կիսապաշտպանության գծերի մեջտեղում դիրքավորված խաղացողը, 2․ գնդակը բաժին է հասնում «Նոայի» այն ֆուտբոլիստին, որը բացվում է մրցակցի պաշտպանության թիկունք (դա շատ լավ է կատարում հատկապես Մայրովիչը), քանի որ այնտեղ տարածություններ են բացված լինում, 3․ «Նոայի» ֆուտբոլիստը հաղթում է երկրորդ հարկում, նրան մոտ է կանգնած լինում թիմակիցն ու, տիրելով գնդակին, շարունակում գրոհը․ այդպես, ֆուտբոլային լեզվով ասած, գործի է դրվում «երկրորդ գնդակին» տիրելու սկզբունքը:

Դրվագ «Արարատ-Արմենիա» – «Նոա» հանդիպումից․ «Նոայի» նշված գործողությունների հետևանքով «Արարատ-Արմենիայի» պաշտպանական երկրորդ շերտը բարձր է տեղակայվել, թիկունքում բացվել է տարածություն: Հենց այդտեղ էլ գնդակ է ընդունում Մայրովիչը, ընդ որում, աջից էլ նույն եղանակով ազատ դիրք է դուրս եկել Ազարովը:

Դրվագ «Ուրարտու» – «Նոա» մրցավեճից․ նույնկերպ հետևում է բարձրից փոխանցում, և Դեոբալդն անմիջապես մոտենում է թիմակցին, որպեսզի նրա փոխանցումից հետո տիրի գնդակին: Այդպես էլ տեղի է ունենում, ու գրոհը շարունակվում է:

Դիրքային գրոհների ժամանակ կարևոր է նաև Դեոբալդի գործոնը: Հենց նա է լինում այն ֆուտբոլիստը, որն աջ եզրում լայնակի բացված թիմակցի՝ գնդակ ստանալու ժամանակ արագացում է կատարում մրցակցի եզրային ու կենտրոնական պաշտպանների մեջտեղով և ստանում գնդակը: Այդ տարբերակը բավականին լավ աշխատեց մի քանի հանդիպումներում: Նա անում է մոտավորապես նույնը, ինչ «Մանչեսթեր Սիթիում» Կևին դե Բրույնեն, կամ էլ «Լիվերպուլ» – «Ատլետիկո Մադրիդ» վերջին մրցավեճում Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլենը, որոնք նույնպես ճիշտ ժամանակին միացումներ են կատարում նշված հատվածով, ապա որոշում՝ որ ուղղությամբ փոխանցել գնդակը:

Դրվագ «Նոա» – «Արարատ» գավաթային հանդիպումից․ Դեոբալդը կրկին ճիշտ դիրք է զբաղեցրել, փոխանցում է ստանում նշված հատվածով շարժվելու արդյունքում և կատարում գոլային փոխանցում:

Դրվագ «Նոա» – «Արարատ» արդեն առաջնության խաղից․ Դեոբալդը կրկին գտնում է ազատ տարածություն (թեև տվյալ իրավիճակում նշված հատվածում նաև մրցակցի կիսապաշտպան Խուրցիձեն էր), ստանում գնդակը և այս անգամ էլ «ասիստ» գրանցում իր ակտիվում:

Եթե մրցակիցը շատ խորն է պաշտպանվում, օգնության է հասնում նաև Բենիկ Հովհաննիսյանի ստեղծարարությունը: Հայ կիսապաշտպանը կարողանում է մեկ հիասքանչ փոխանցումով թիմակցին դուրս բերել հարվածային դիրք: Եվ այստեղ էլ գործում է հակագրոհների ժամանակ կիրառվող սկզբունքը։ Հովհաննիսյանը, ստանալով գնդակը ձախ եզրում, անմիջապես անկյունագծային փոխանցումներ է կատարում հակառակ եզրով դեպի մրցակցի պաշտպանության թիկունք ներթափանցող խաղացողի ուղղությամբ: Դա էլ աշխատող տարբերակ է: Մայրովիչն էլ Ֆիրմինոյի ու Բենզեմայի ոճով սիրում է երբեմն բավականին խորք նահանջել և իր թիմի համար թվային առավելություն ապահովել միջին գծում: Դա Մաքսիմն անում է առավելապես այն ժամանակ, երբ խաղում է ձախ եզրում: Դրանից «Նոայի» դիրքային գրոհները համեմատաբար ավելի էֆեկտիվ են դառնում:

Դրվագ «Փյունիկ» – «Նոա» խաղից․ շատ նահանջած և գնդակ ստացած Մայրովիչը զարգացնում է իր թիմի գրոհը:

Բայց այս հարցում «Նոան» դեռ խնդիրներ ունի: Դա է ցույց տալիս նաև վիճակագրությունը: Այն 5 հանդիպումներում, որոնցում «Նոան» առաջինն է գոլ բաց թողել, բոլոր դեպքերում էլ վերջնական արդյունքում պարտվել է, 2 անգամ հաջողվել է միայն կրճատել հաշվի տարբերությունը: Այսինքն, մրցակիցները, հաշիվը բացելով ու համեմատաբար փակ խաղալով, «Նոային» դնում են բարդ կացության մեջ։ «Շատ աշխատանք կա կատարելու դիրքային գրոհների առումով: Երբ պետք է հաղթահարենք բազմամարդ պաշտպանություն, խնդիրներ ենք ունենում»,- այս մասին առաջնության մեկնարկային խաղերից մեկից հետո ասել էր Բորեցը: Մարզիչն այս խնդրին անդրադարձավ նաև այն ժամանակ, երբ թիմը հաղթական ընթացքի մեջ էր․ «Պետք է բարելավենք մեր դիրքային գրոհների որակը»:

Պետք է հասկանալ, որ «Նոան» շատ չի կաղում այս առումով: Մենք ժամանակ առ ժամանակ տեսնում ենք հիանալի կոմբինացիաներ գրոհների ավարտական փուլում, սակայն սա այն բաղադրիչն է, որի վրա աշխատելը ժամանակատար է, և դա այդպես է բոլոր թիմերում: Գլխավոր մարզիչ Պիկուշչակն այսպես բնութագրեց իրավիճակը․ «Կոմբինացիոն, դիրքային գրոհներով ֆուտբոլ ներդնելը շատ ժամանակ է պահանջում: Մենք աշնանային հատվածում շեշտը դրեցինք արագ գրոհների վրա: Համարյա բոլոր խաղերում ավելի շատ հենց այդպիսի գրոհներ էինք ձեռնարկում: Համարյա բոլոր հանդիպումներում այդ առումով գերիշխել ենք, թեև գրոհների վերջնամասում երբեմն չէր հերիքում վերջին ճիշտ փոխանցումը: Դիրքային գրոհներն ավելի քիչ էին, բայց վերջին 5-6 խաղերում մենք այդ առումով էլ բարելավվեցինք: Դրա վրա աշխատելու համար հիմա ավելի շատ ժամանակ ունենք: Բայց, ամեն դեպքում, չենք հրաժարվելու մեր փիլիսոփայությունից, այն է՝ արագ, ագրեսիվ, հարձակողական ֆուտբոլ»:

«Ներկայումս կա հայ որակյալ ֆուտբոլիստների սահմանափակ քանակ»․ Արթուր Սահակյան

Լրիվ հակառակ պատկերն է եղել այն հանդիպումներում, որոնցում «Նոան» է բացել հաշիվը: Այդպես տեղի է ունեցել 13 անգամ, և Պիկուշչակի թիմը 11 դեպքում վերջնական հաղթանակի է հասել, գրանցել մեկական ոչ-ոքի (1-ին տուրում «Գանձասար-Կապանի» հետ՝ 1-1) ու պարտություն («Ալաշկերտ»՝ 1-2): Դրա համար էլ «Նոան» շեշտը դնում է հենց առաջին խաղակեսում մրցակցին առավելագույնս ճնշելու և հաշվի մեջ առաջ անցնելու համար, որպեսզի հետո խաղա իրեն հարմար ոճով: Դա սկսեց ստացվել 2019-ի վերջին հատվածում: Տարվա վերջին 10 մրցավեճից 6-ի առաջին խաղակեսերից հետո թիմը հաշվի մեջ առջևելիս է եղել, որոնցից 5-ում վերջնական արդյունքում հասել առավելության, պարտվել միայն «Ալաշկերտին»: Բայց այդ խաղն էլ կարող էր ավարտվել թիմի օգտին, եթե առաջին խաղակեսի վերջնամասում ու երկրորդի սկզբնամասում իրացվեին ստեղծված գոլային պահերից գոնե մի քանիսը: «Ժամանակ է անցնում, և ֆուտբոլիստներն ավելի լավ են հասկանում, թե ինչ ենք իրենցից պահանջում: Նրանք հիմա ավելի արագ են մտածում ու որոշումներ կայացնում»,- ուրախությամբ արձանագրել էր Բորեցը:

«Նոան» ձմռանն այն թիմերից էր, որ շատ փոփոխություններ չկատարեց (կարիք էլ չկար)՝ իրականացնելով թիրախային սելեկցիա: Եվ քանի որ դիրքային գրոհների և ընդհանրապես հավասարակշռված խաղի համար ամենակարևոր գոտին կիսապաշտպանությունն է, այնտեղ եղան շատ կարևոր համալրումներ: Խոսքը կիսապաշտպաններ Էդուարդս Էմսիսի և Հելիստանո Մանգայի տեղափոխությունների մասին է: Մեծ նշանակություն ունի եզրային պաշտպանների գործոնը: Եթե աջ եզրում Սոսլան Կագերմազովը մրցակցությունից դուրս է, ապա ձախ եզրում աշնանային հատվածում տարբեր քանակի հանդիպումներ անցկացրեցին միանգամից 5 ֆուտբոլիստներ (Զապրուդսկիխ, Կովալենկո, Գրիգորյան, Մովսիսյան, խաղաց նաև Կագերմազովը, վերջին երկուսը՝ աջլիկներ): Մինչ կժամաներ Սանա Գոմեսը, «Շիրակի» դեմ գարնանային հատվածի առաջին մրցավեճում այդ դիրքը փակեց նաև մեկ այլ նորեկ՝ Դանու Սպատարուն: Իսկ Գոմեսը լուծեց միանգամից մի քանի խնդիր: Նախ, նա հուսալի և կարգապահ պաշտպան է: Եվ հետո, նա իր եզրով շատ լավ է միանում գրոհներին, ինչը խնդրահարույց էր աշնանային հատվածում:

«Շիրակից» 0-3 հաշվով պարտությունը սթափեցրեց թիմին: «Փյունիկի» հետ հանդիպմանը պետք է վճռվեր վեցյակում տեղի հարցը, և դրանից առաջ կատարվեց կարևոր փոփոխություն: «Նոան» 4-3-3-ից անցավ 4-2-3-1 խաղային սխեմային, ինչն առավել կարևոր էր պաշտպանությունում հուսալի խաղը վերականգնելու տեսանկյունից:

Դա հանգեցրեց 4-2 հաշվով հաղթանակի: Թիմը խաղաց իրեն հարազատ ոճով: Սկզբից գործադրած ճնշման արդյունքում 2 գոլ խփեց, իսկ հետո հակագրոհներով պատժեց մրցակցին: «Նոայի» համար հեշտ չէր: «Փյունիկը» հատկապես Արաս Օզբիլիսի վարպետության շնորհիվ մեծ քանակությամբ պահեր ստեղծեց, որոնցից իրացրեց միայն 2-ը: Պարզապես այն անփույթ վիճակը, որ տիրում էր «Փյունիկի» պաշտպանությունում, իսկական նվեր էր «Նոայի» պես թիմի համար, որից վերջինս հմտորեն օգտվեց:

«Ուրարտուի» դեմ վերջին գավաթային մրցավեճի (1-0) առաջին կեսում «Նոան» ավելի լավ տպավորություն թողեց դիրքային գրոհների առումով, իսկ ընդմիջումից հետո, երբ արդեն առաջ էր անցել հաշվի մեջ, գերազանց հակագրոհներ էր կազմակերպում: Հենակետային գոտում Էմսիսն ու Մանգան էին, որոնք լավ աշխատանք կատարեցին: Էմսիսը վերջին խաղերում մեկնարկային կազմում է հայտնվում Գարեգինյանի, Մանգան՝ Հովհաննիսյանի փոխարեն: Այստեղ կարևոր է հատկապես Մանգայի գործոնը: Նա իսկական Box to Box կիսապաշտպան է: Մանգան ստեղծագործական խաղի, բարդ փոխանցումներ կատարելու կամ հեռահար հարվածների առումով միանշանակ զիջում է Բենիկ Հովհաննիսյանին, բայց ավելի մոբիլ է, ավելի լավ է գործում առանց գնդակի գործողությունների ժամանակ: Այդուհանդերձ, աներկբա է, որ կլինեն խաղեր, որոնց ժամանակ թիմը կզգա հայ կիսապաշտպանի կարիքը հենց այդ դիրքում, հատկապես, երբ կոնկրետ մրցավեճում մրցակիցը հանդես գա խոր պաշտպանությամբ:

Նորեկներից արդեն մեկական գոլով և արդյունավետ փոխանցումով է աչքի ընկել նաև Դանու Սպատարուն՝ ձախ եզրային ենթահարձակվողը: Նրա շնորհիվ, որ Գոմեսը ձախ եզրով միանում է գրոհներին, Սպատարուն հաճախ տեղափոխվում է նաև կենտրոն: Եզրում ձախլիկ այսպիսի ֆուտբոլիստի հայտնվելն ապահովվում է հաշվենկատ ու սուր փոխանցումներ դեպի տուգանային հրապարակ, ինչը պակասում էր աշնանային հատվածում: Եվ «Նոայի» ելույթներն այսպիսի տպավորություն են թողնում այն պայմաններում, երբ թիմի առաջատարներից Կրյուչկովն ու Բորը վնասվածքների պատճառով չեն մասնակցել վերջին հանդիպումներին:

«Կազմի ուժեղացումը «Նոային» դարձրել է ավելի հավասարակշռված, սոլիդ և ուժեղ: Կարևոր է նաև այն, որ նրանք հիմա գործում են ոչ թե մեկ, այլ 2 հենակետային կիսապաշտպանով: Կարելի է ասել, որ «Նոան» դրական դասեր քաղեց «Շիրակից» կրած պարտությունից: Բացի այդ, թիմում հիմա կան ևս մի քանի որակյալ ֆուտբոլիստներ»,- հանդիպումից հետո նշել էր «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը:

Եթե մի կողմ թողնենք թիմի ցուցադրած խաղը, հայ ֆուտբոլասերներին մտահոգող հարցն այն է, որ «Նոայում» քիչ խաղաժամանակ են ստանում հայ ֆուտբոլիստները: Գարեգինյանը, որն աշնանային հատվածում հիանալի էր հանդես գալիս, հիմա հաճախ է մնում պահեստայինների նստարանին, ձմռանը հեռացան Մանոյանը, Մովսեսյանը և Մելիքսեթյանը, խաղաժամանակից համարյա իսպառ զրկված են երիտասարդական հավաքականի թեկնածուներ Հովհաննես Նազարյանն ու Էդգար Գրիգորյանը: Սա որակյալ թիմ է, որի խաղամակարդակը գնալով բարձրանում է, ուստի տեղացի ֆուտբոլիստներից ավելի մեծ ուժեր են պահանջվում «Նոայում» հաստատուն տեղ ունենալու համար: «Մարզիչը կոնկրետ ուղղվածություն չունի՝ արտասահմանցի, թե տեղացի ֆուտբոլիստներ: Հայ խաղացողներով էլ կարելի է արդյունք ստանալ, սակայն հարցն այն է, թե ինչպիսի՞ հայ ֆուտբոլիստների մասին է խոսքը: Ներկայումս կա հայ որակյալ խաղացողների սահմանափակ քանակ: Ինչ վերաբերում է թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին, ապա թող ապացուցեն, որ արժանի են հիմնական կազմում հանդես գալու, և կստանան խաղաժամանակ»,- այս հարցի առնչությամբ ասել էր ակումբի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը:

«Նոայի» գլխավոր նպատակը եվրագավաթային ուղեգիր նվաճելն է: Թիմը պայքարը շարունակում է 2 ճակատով: Դժվար է ասել՝ առաջնությունում կհաջողվի՞ պայքարել չեմպիոնության համար, թե՞ ոչ: Սա երիտասարդ ակումբ է, երիտասարդ թիմ, երիտասարդ գլխավոր մարզչով, որոնց երևի թե ավելի շատ ժամանակ ու ավելի մեծ փորձ է պետք նման նպատակներ հետապնդելու համար: Ամեն ինչ իր հերթին: Անկախ այդ ամենից, շատ հետաքրքիր է հետևել թիմի մարզչական շտաբի աշխատանքին, որի լուծումները նոր՝ յուրահատուկ ինչ-որ բան են հաղորդել առաջնությանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կայացել է ՀՖՖ Գործկոմի նիստը. Ակումբներին է փոխանցվելու հովանվորչական գումարները

Ովքեր են հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները

Հայաստանի առաջնության վերսկսման մի քանի հավանական սցենար կա

Հայկական ակումբները ստացել են ՈւԵՖԱ-ի «համերաշխության վճարները»

Ովքեր են հայկական ֆուտբոլի տիտղոսակիր մարզիչները

Թվեք Ֆուտբոլի Հայաստանի առաջնության մասնակից բոլոր թիմերը՝ 1992 թվականից սկսած. VNews-ի Quiz-ը

ՀՖՖ աշխատանքային խումբը կապի մեջ կլինի ՈՒԵՖԱ-ի աշխատանքային խմբի հետ՝ ԲԽ հետագա անցկացման ժամկետները և ձևաչափը մշակելու համար

Հայաստանի առաջնությունը ու VBET գավաթի խաղարկությունը հետաձգվեցին

Օգանան ընդամենը 9 ամսական էր, երբ Կասպարովը նորամուտը նշեց ՀՀ գավաթի մրցաշարում

Ալեքսանդր Գրիգորյան․ «Նոան» ամբողջապես արժանի հաղթանակ տոնեց» (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Հանգստություն չպետք է լինի․ երկրորդ խաղն ավելի ծանր է լինելու» (տեսանյութ)

Նվազագույն հաշիվ գրանցվեց նաև VBet Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ մյուս խաղում (տեսանյութ)

VBet Հայաստանի գավաթ. «Ուրարտու» – «Նոա». Ուղիղ հեռարձակում, մեկնարկային կազմեր

Բարձրագույն խմբի 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VBet Հայաստանի գավաթում սկսվում է վճռական փուլը․ Կիսաեզրափակիչ խաղերին ընդառաջ

Մինասյանը և Բիչախչյանը հետաքրքիր լուծումներ առաջարկեցին միմյանց․ ինչը դարձավ վճռորոշ նրանց թիմերի դիմակայությունում